Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ
08.10.2015 | 12:17

Մաս 5

(Մաս 1, Մաս 2, Մաս 3, Մաս 4)


Ռազմական միջամտությունը Սիրիայում մեծ ռիսկեր ունի
Ստիվեն Պայֆեր, Բուկինգսի ինստիտուտին կից՝ Զենքի վերահսկողության և չտարածման նախաձեռնության տնօրեն: 1996-1997-ին եղել է նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու Եվրասիայի հարցերով տնօրեն, 1998-2000-ին՝ ԱՄՆ դեսպան ՈՒկրաինայում

Սիրիայում ռազմական միջամտության՝ Վլադիմիր Պուտինի որոշումը բացատրվում է դրդապատճառների ամբողջ համալիրով: Նա ուզում է ամրապնդել Ասադի վարչակարգը: Ռուսաստանը վաղեմի ու ամուր հարաբերություններ ունի Դամասկոսի հետ, որ Մոսկվայի ոչ շատ դաշնակիցներից մեկն ու հենարանն է Մերձավոր Արևելքում, այդ պատճառով էլ Պուտինը շատ է ցանկանում, որ Ասադի վարչակարգը մնա: Նա նաև ձգտում է ցույց տալ, որ Ռուսաստանը կարևոր խաղացող է համաշխարհային ասպարեզում և ի վիճակի է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին:
Առայժմ պարզ չէ՝ կարո՞ղ են, թե՞ ոչ Վաշինգտոնն ու Մոսկվան համագործակցել Սիրիայում, բայց հաշվի առնելով տարաձայնությունները Ասադի և ոչնչացման նպատակակետերի հարցերում, խնդիրը այլ կերպ պետք է դնել: Կկարողանա՞ն նրանք թույլ չտալ, որ Սիրիան դառնա ավելի լուրջ պրոբլեմ ռուս-ամերիկյան օրակարգում: Վերջապես, Պուտինը ակնհայտորեն համոզված է, որ ուժեղ Ռուսաստանի կերպարը, որ առաջատար դեր է խաղում միջազգային ճգնաժամերի լուծման մեջ, դրական ներգործություն կունենա երկրի ներսում: Գուցե այդպես է, բայց ռազմական միջամտությունը Սիրիայում մեծ ռիսկեր ունի: Ռուսաստանը կարող է խրվել պատերազմի ծանծաղուտը, իսկ վերջերս Լևադա կենտրոնի հարցումը ցույց է տվել, որ ռուսների 69 %-ը դեմ է զորքերը Սիրիա ուղարկելուն:

Դա ավելի նման է ոչ տևական հրապարակային տեսարանի, քան երկարաժամկետ ռազմավարության
Թոմաս դե Վաալ, Կարնեգիի Եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող


Վլադիմիր Պուտինը նույնքան պատճառներ ունի խառնվելու Սիրիայի պատերազմին, որքան Բարաք Օբաման՝ մի կողմ քաշվելու: Ռուսաստանի ներկա վարչակարգը ասադական Սիրիայում տեսնում է ամենահավատարիմ բարեկամի Մերձավոր Արևելքում և սեփական արտացոլումը՝ աշխարհիկ միակուսակցական ավտոկրատիա, որը պայքարում է ներքին այլակարծության ու սուննիական էքստրեմիզմի դեմ: Ասադին ակտիվ աջակցությունն ամրապնդում է Պուտինի հավատի երկու հաստատուն խորհրդանիշները՝ հզոր ու վճռական «պատերազմ մղել ահաբեկչության դեմ» (այս գաղափարը նա փայփայում էր դեռ Ջորջ Բուշից առաջ) և թույլ չտալ վարչակարգի փոփոխություն: Այդ պատճառով սիրիական գործողությունը մեզ հիշեցնում է՝ ինչպես Պուտինը սկսեց իբրև Ռուսաստանի նախագահ իր գործունեությունը՝ վերև բարձրացած 1999-ի պատերազմով Չեչնիայում, և ցույց է տալիս, որ նա վախենում է սեփական անկումից: Պուտինյան Ռուսաստանը «տեղեկատվության վրա հիմնված դիկտատուրա» է: Իր լեգիտիմությունը նա քաղում է հասարակության այն հատվածի աջակցությունից, որ հեռուստացույց է նայում: Քանի որ ներխուժումն ՈՒկրաինա վերածվեց արգահատելի և դժվար լուծելի խառնաշփոթի, «պատերազմը ԻՊ-ի հետ» պետք է դառնա նոր հանրաճանաչ սերիալ, որտեղ Ռուսաստանը նորից արիաբար կռվում է ահաբեկիչների դեմ և մատների վրա խաղացնում է Արևմուտքին: Ինչպես միշտ լինում է Պուտինի հետ, դա ավելի նման է ոչ տևական հրապարակային տեսարանի, քան երկարաժամկետ ռազմավարության:


Հետո ո՞ւր է գնալու Պուտինը: Թերևս, ինքն էլ դեռ չգիտի
Յուջին Ռումեր, Կարնեգի հիմնադրամի ռուս-եվրասիական ծրագրի տնօրեն, 2010- 2014-ին աշխատել է Հետախուզության ազգային խորհրդում՝ զբաղվելով Ռուսաստանով ու Եվրասիայով
Սկսելով Սիրիայի ռմբակոծությունները՝ Պուտինն ապացուցեց, որ Ռուսաստանը կարող է իր ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքի քաոսում: Նա մի քանի նպատակներ ունի, որոնք իրար չեն բացառում: Նախ՝ աջակցությունը Ասադին, նրա թշնամիներին ոչնչացնելու ճանապարհով՝ տարբեր ընդդիմադիր խմբավորումների, գուցե նաև նույնիսկ ԻՊ-ին: Հետո՝ որոշ խմբավորումներում կռվում են զինյալներ Ռուսաստանից, դա Պուտինին կողմնակի օգուտ է տալիս: Նա բավականին հաջող ՈՒկրաինայում իր ագրեսիայի խոսակցության թեման փոխեց՝ դա ևս մեկ կողմնակի օգուտ է Սիրիայի գործերին խառնվելուց: Նա դիրքավորվեց իբրև կարևոր խաղացող ու միջնորդ սիրիական կոնֆլիկտում՝ անձամբ լուծում գտնել նա չի կարող, բայց առանց նրա ոչ ոք չի կարող դա անել: Նա ինքնահաստատվում է ԱՄՆ-ի հաշվին, ինչպես հաճախ տրտնջում են ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը, սակայն ԱՄՆ-ը փաստացի ոչինչ չի կարող անել ռուսական ավիացիայի հետ, որը հարվածներ է հասցնում Ասադի հակառակորդներին, որ վայելում են Վաշինգտոնի աջակցությունը: Պուտինը հերթական անգամ հերքեց վերլուծաբանների ու մեկնաբանների գնահատականները, ովքեր ասում էին, որ արևմտյան պատժամիջոցները և նավթի գնի նվազումը նրան հզոր հարված են հասցրել: Հետո ո՞ւր է գնալու Պուտինը: Թերևս, ինքն էլ դեռ չգիտի: Նա կհարմարեցնի իր մարտավարությունը իրավիճակին՝ ըստ փոփոխությունների: Պարզ չէ՝ կա՞ որևէ ռազմավարություն այս հարցում: Ինչպես ասում էր հանգուցյալ Յոգի Բեռան՝ եթե չգիտես ուր ես գնում, միևնույն է՝ մի տեղ հասնում ես:


"Politico", ԱՄՆ


Հ.Գ. 14 փորձագետների գնահատականները, որ հինգ մասով ներկայացրի, փաստացի հաճախ են միմյանց կրկնում, իսկ դա նշանակում է, որ նրանք խմբովին առաջնորդվում են մտածողության վաղուց ձևավորված կարծրատիպերով ու պարզապես իրավիճակն են իրենց տեսակետներին հարմարեցնում, ոչ թե գնահատում են կատարվողը: Դա փորձագիտական ավանդական աքիլլեսյան գարշապարն է: Թե ինչ կա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտքին ու ինչ է նա ուզում անել Սիրիայում, Ռուսաստանում ու աշխարհում, մեծ առեղծված չէ: Բոլորն էլ իրենց ժամանակ առ ժամանակ տեսնում են Նապոլեոն ու հավատացած են, որ կայծակնային հաղթանակները բոլոր ասպարեզներում հաջողության իրական գրավական են: Իսկ պետությունների ղեկավարները նաև լծակներ ունեն իրենց նպատակին հասնելու համար օգտագործել իրենց և ուրիշների հնարավորությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ