ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ
06.10.2015 | 11:16

Մաս 3

(Մաս 2, Մաս 1)


Ես խիստ կասկածում եմ, որ Պուտինը իր գործողությունները հաշվարկում է երկու-երեք քայլ առաջ
Էնդրյու Վայս, Կարնեգի կենտրոնի փոխնախագահ, 1998- 2001-ին եղել է Ազգային անվտանգության խորհրդի ռուսական, ուկրաինական ու եվրասիական գործերի տնօրեն


Մարդիկ ամբողջ աշխարհում լրջորեն վերագնահատում են Պուտինին՝ նրան անվանելով մեծ ստրատեգ: Նա բարձրակարգ իմպրովիզատոր է ու օպորտունիստ: Իրոք, նա փորձում է Մերձավոր Արևելքում ու Սիրիայում լցնել վակուումի մի մասը, քանի որ ԱՄՆ-ը կրճատում է իր ռազմական ներկայությունը այդ տարածքում: Ես խիստ կասկածում եմ, որ Պուտինը իր գործողությունները հաշվարկում է երկու-երեք քայլ առաջ: Պատերազմը Սիրիայում լրջորեն սրվում է, իսկ նա Ռուսաստանը սուզում է այդ պատերազմի էպիկենտրոն: Շատ ժամանակ չի անցնի և մենք կտեսնենք՝ ինչպես են ջիհադիստները թիրախավորում ռուսներին Սիրիայի ներսում, և, ես վախենում եմ այդ մասին ասել՝ Մոսկվայի փողոցներում: Ռուսաստանի գործողությունները խիզախություն են հաղորդում Ասադի վարչակարգին, միաժամանակ՝ խթանում են համաշխարհային ջիհադիզմի ուժերին: Մենք դա արդեն տեսել ենք: ՈՒկրաինայի դեմ Պուտինի ագրեսիան համընդհանուր գնահատականով աղետ դարձավ: Սիրիական արկածախնդրությունը համանման ողբերգության որակներ ունի և ազգային անվտանգության հարցերում Կրեմլի իմպուլսիվ ու անկանոն որոշումների շատ վկայություններ կան արդեն: Ինձ նաև անհանգստացնում է, որ Պուտինը միանգամից առաջ գնաց և սկսեց գործողությունների ակտիվություն դրսևորել ռազմական շատ բարդ թատերաբեմում, որ իրենից ներկայացնում է Սիրիան՝ առանց կոնֆլիկտի լուծման վերաբերյալ լուրջ խորհրդակցությունների Պենտագոնի և հակաԻՊական կոալիցիայի մյուս անդամների հետ: Կոնֆլիկտի լուծման ջանքերը նոր միայն սկսվում են: Նա կրակի հետ է խաղում, որովհետև Սիրիայում կարող են ծագել չկանխամտածված բախումներ ռազմական և այլ ուժերի միջև:

Պուտինի գլխավոր խնդիրն է ճեղքեր բացել Ռուսաստանի շուրջ բարձրացված տնտեսական ու դիվանագիտական մեկուսացման պատի մեջ
Մարկ Գալեոտի, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, ռուսական անվտանգության և միջազգային կազմակերպված հանցագործության հարցերով փորձագետ
Պուտինը Սիրիայում երեք նպատակ ունի և ԻՊ-ի դեմ պայքարը ամենաանկարևորն է: Ասվածի վառ ապացույցն է, որ նրա առաջին, անվարժ ու դաժան ռազմական գործողությունն ուղղված էր ոչ թե ԻՊ-ի, այլ Սիրիայի ազատ բանակի դեմ, որը անմիջական սպառնալիք էր ստեղծում գործող վարչակարգին: Նա նաև ցանկանում է աջակցել ու ամրապնդել Ասադի վարչակարգը, կամ՝ նվազագույնը շունչ քաշելու ժամանակ տալ, որ նա վերադասավորի ուժերը, որպեսզի Մոսկվան ծանրակշիռ ձայն ունենա, երբ որոշվի երկրի ապագան և հակաասադյան վարչակարգի ճակատագիրը, որը կարող է ի հայտ գալ: Բուն Սիրիան նրա համար նվազ կարևոր է: Պուտինի գլխավոր նպատակը շատ ավելի մեծ է՝ ճեղքեր բացել Ռուսաստանի շուրջ բարձրացված տնտեսական ու դիվանագիտական մեկուսացման պատի մեջ: Իրեն բնորոշ ոճով՝ Պուտինը նախ հզոր քաոս է ստեղծում, հետո առաջարկում է Արևմուտքին ընտրել՝ համագործակցել իր հետ՝ հույսով, որ կօգնի խնդիրը լուծել, կամ էլ՝ հետևել, թե ինչպես է ինքն ավելի խորացնում քաոսը: Իհարկե, դա լավ մարտավարություն է, բայց վատ ռազմավարություն: Հիմա Պուտինը ստիպում է Արևմուտքին խոսել իր հետ, որ մեղմել է իր հայտարությունների տոնը, թե ինչպես ու երբ Ասադը պետք է հեռանա, և հիմնականում հաճույք է ստանում՝ ինչպես իրեն հաջողվեց հերթական անակնկալը մատուցել արևմտյան երկրներին: Բայց Մոսկվան ուղղակի ի վիճակի չէ Սիրիա ուղարկել այնքան ուժեր, որ կկարողանան արմատապես փոխել պատերազմի թվաբանությունը ու կփրկեն վարչակարգին: Դա նաև նշանակում է, որ ռուսները հիմա ծայրաստիճան խոցելի են: Երբ ինչ-որ բան չստացվի, իսկ պատերազմում դա միշտ էլ պատահում է, նրանք կբախվեն սարսափելի ընտրության՝ կամ հեռանալ Սիրիայից ու ի ցույց դնել սեփական թուլությունը, կամ կրկնապատկել ջանքերը և ավելի խոր խրվել միջկրոնական թշնամանքի, բռնությունների, ջիհադի ու հեղափոխությունների այդ արյունալի հորձանուտի մեջ:

Արևմուտքը հազիվ թե բարի դառնա Պուտինի նկատմամբ նրա արկածախնդրական քաղաքականության պատճառով
Անդերս Ասլունդ, Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող, 1991-1994-ին եղել է ՌԴ կառավարության տնտեսական հարցերով խորհրդատու, 1994-1997-ին՝ ՈՒկրաինայի կառավարության
Սիրիայում ռազմական հարձակման մեջ Պուտինը բազում նպատակներ ունի: Ամբողջ տարի նա հնարավորություններ էր որոնում սկսել կարճ, հաղթական պատերազմ, երբ Դոնբասում պատերազմը ոչ կարճ, ոչ հաղթական ստացվեց: Նրան պետք էր ուշադրությունը շեղող մանևր, որպեսզի թաքցնի ՈՒկրաինայի արևելքում պատերազմի ձախողումը, իսկ հետո խլացնի: Բազում փորձերից ու սխալներից հետո Պուտինը կանգ առավ Սիրիայի վրա, քանի որ այստեղ բազում առավելություններ կան: ԱՄՆ-ը հստակ քաղաքականություն չունի, իսկ Եվրոպան քաղաքականության մասին նույնիսկ մտածել չի կարող, երբ հեղեղված է սիրիացի փախստականներով: Ասադը Ռուսաստանի ամենահին ու ամենամերձավոր դաշնակիցն է: Գործելով Իրանի հետ համատեղ՝ Մոսկվան կարող է նրան աջակցել: Իրաքի ու Իրանի հետ ռուսների շիական ալյանսը ԱՄՆ-ին անհարմար դրության մեջ է դնում: Պուտինը կարող է ռմբակոծել այն նվազագույնը 2 500 ռուս քաղաքացիներին, որ կռվում են ԻՊ-ի շարքերում: Այդպիսով՝ նա կարող է ԱՄՆ-ին ու Եվրոպային մղել Ռուսաստանի հետ առավել սերտ փոխգործակցության: Բայց այս մարտավարությունը լուրջ բացթողումներ ունի: Արևմուտքը հազիվ թե բարի դառնա Պուտինի նկատմամբ նրա արկածախնդրական քաղաքականության պատճառով, որը ամերիկյան զորքերի հետ ուղղակի ռազմական առճակատման ռիսկ է պարունակում: Արևմուտքը այդ արկածախնդրության պատճառով ակնհայտորեն կերկարացնի իր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Ժամանակակից զենքի կիառումով պատերազմը Սիրիայում բավականին թանկ գին ունի, իսկ ռուսական ՀՆԱ-ն այս տարի նվազագույնը չորս տոկոսով կրճատվում է: Ղրիմն ու Դոնբասն էլ Մոսկվայի վրա շատ թանկ են նստում: Նավթի գինը և ռուբլու կուրսը մեկ տարում կիսով չափ նվազել են, ինչպես ռուսական ՀՆԱ-ն դոլարով արտահայտված: Ռուսները չեն ցանկանում Մերձավոր Արևելքում կռվել: Այս ողբերգության վերջը չի երևում: Փաստորեն՝ Սիրիայի վերաբերյալ պուտինյան նոր քաղաքականությունը վտանգավոր է և կարող է ապակայունացնել վիճակը Ռուսաստանում:


Պուտինը համադրում է հաճելին և օգտակարը
Քեյթ Գեսեն, ռուսական ծագումով գրող, լրագրող, n+1 ամսագրի համախմբագիր
Պուտինյան Ռուսաստանը արևմտյան քաղաքականության համար նման է վատ հայելու ծիծաղի սենյակում՝ հիմնականում ճիշտ այդպես է աշխատում, բայց առավել կոպիտ և առանց նրբընտիր արդարացումների: Այդ պատճառով՝ պատասխանելու համար ոչ այնքան բարդ հարցին, թե ինչ է ուզում Պուտինը Սիրիայում, նախ արժի մեզ հարցնենք՝ իսկ մենք ի՞նչ ենք ուզում Սիրիայում: Ի՞նչ ենք մտադիր այնտեղ անել: Որպեսզի այնտեղ խաղաղություն տանենք, մենք հազարավոր ռումբեր ենք նետում: Որպեսզի օգնենք սիրիացի ժողովրդին ազատություն ձեռքբերել, մենք զինում ենք նրան, որպեսզի սպանի: Նախորդ կառավարության աղետալից պատերազմերին վերջ տալու խոստումներով իշխանության եկած վարչակարգը մեզ համար հերթական պատերազմը գտավ: Իսկ Պուտինը՝ ինչպես ռուսներն են ասում, համադրում է հաճելին օգտակարի հետ: Հաճելի է խառնել ամերիկյան վատ մտածված ծրագրերը: Օգտակար է կործանումից փրկել Ռուսաստանի սակավ դաշնակիցներից մեկին: Պուտինը, ինչպես և մենք, ռմբակոծում է Սիրիան օդից՝ հույս ունենալով սպանել այնքան մարդ, որ իր բարեկամները կարողանան հետո ապրել: Ի՞նչ է անում Պուտինը Սիրիայում: Լավ՝ ոչինչ: ՈՒ՝ նոր ոչինչ:
"Politico", ԱՄՆ


Հ.Գ. Իսկ ԻՊ-ի զինյալները երկու տաճարները պայթեցնելուց հետո Պալմիրայում պայթեցրին երկու հազար տարի առաջ հռոմեացիների կառուցած հաղթակամարը, և դա արդեն պատասխան է Պուտինին: Պալմիրան այլևս զբոսաշրջության օազիս չէ անապատում, այլ՝ ավերակույտ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս կազմող տաճարներն ու հաղթակամարը այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու բարբարոսության առաջ քաղաքակրթության պարտության պատմություն են:
Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ եթե ՈՒկրաինայի սեպը Պուտինը Սիրիայի սեպով է հանում, Սիրիայի սեպը ի՞նչ սեպով է հանելու: Ո՞վ է հաջորդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ