ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ
04.10.2015 | 18:54

Մաս 1


Անցնող շաբաթը Վլադիմիր Պուտինը սկսեց ՄԱԿ-ում ելույթից, որտեղ լուրջ սխալ անվանեց Արևմուտքի հրաժարվելը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելուց: Մի քանի օր անց, երբ ռուսական ռումբերը Սիրիայում հարվածեցին նպատակակետերին, շատ վերլուծաբաններ սկսեցին զգուշացնել, որ Պուտինն ինքը մեծ սխալ է անում՝ Ռուսաստանը ներքաշելով դժվարին քաղաքացիական պատերազմի ճահիճը: Այլ փորձագետներ Պուտինին անվանում են ռազմավարական գրոսմայստեր, որ սեղմում է շրջանակը իր արևմտյան գործընկերների շուրջ: Թեպետ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի տեսակետները համընկնում են Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հայտարարեց, որ ռուսական հարվածները «հասցվում են այն շրջաններին, որտեղ ԻՊ-ի ջոկատներ կարող են չլինել»: Նա բոլորովին էլ միակ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ անհանգստությամբ նշում է՝ Ռուսաստանը Սիրիայում իր գործողությունների մասին ասում է մի բան, անում է բոլորովին այլ: Ռուսաստանը ավիահարվածները արդարացնում է իբր թե ԻՊ-ի դեմ պայքարով, սակայն իրական նպատակները շատ վիճահարույց են: Իրավիճակը պարզաբանելու համար Politico ամսագիրը դիմել է առավել տեղեկացված կրեմլագետների՝ հասկանալու, թե ինչի՞ է ձգտում Պուտինը Սիրիայում: Նա պարզապես մկաննե՞ր է ցույց տալիս ԱՄՆ-ին: Կամ փորձում է փրկել Ասադի՞ն: Գուցե անկեղծորեն ուզում է ոչնչացնել ԻՊ-ի՞ն: Կամ էլ՝ անկառավարելի ռուս դիկտատորի դրդապատճառները մեր ընկալումներից դո՞ւրս են:

«Պուտինի հայտարարում ինքը հաղթում է, մեր հայտարարում մենք պարտվում ենք»
Էդվարդ Լուկաս. Economist-ի հոդվածների հեղինակ, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի փոխնախագահ

Ռուսաստանը հաղթեց: Նման մռայլ եզրահանգման պետք է գան Եվրոպայի ճակատամերձ պետությունները արևմտյան դիվանագիտության և ամերիկյան առաջատարության համար աղետալից շաբաթից հետո: Շաբաթը սկսվեց Վլադիմիր Պուտինի տրիումֆից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նա ելույթ ունեցավ իբրև ղեկավար, որ ռեալ շահագրգռված է իշխանությամբ: Նա մեղադրեց Արևմուտքին թուլության ու խելազրկության մեջ և ձևացրեց, թե կարեկցում է ԻՊ-ի զոհերին: Բայց իր խոսքերը նա ամրակայեց կանոնները խախտելու ահեղ պատրաստակամությամբ՝ ռիսկի դիմել և ցավին դիմանալ: Նախագահ Բարաք Օբաման իրեն դրսևորեց ամենաթույլ կողմից՝ իբրև ղեկավար, որ ճարտասանությունը համարում է քաղաքականության փոխարինող: Նույն օրը Պուտինին ևս մեկ տրիումֆ բերեց՝ տետ ա տետ հանդիպում Օբամայի հետ: Ռուսական պաշտոնական լրատվամիջոցները շեփորեցին, որ ավարտվեց ՈՒկրաինայի պատերազմի համար իբրև պատիժ սահմանված դիվանագիտական մեկուսացման դարաշրջանը: Հետո Ռուսաստանը սկսեց գործել Սիրիայում: Մոսկվայից այնտեղ ուղարկվող զենքը կոնֆլիկտը հաղթահարելու փորձ չէ, այլ Ասադի վարչակարգի և Ասադի՝ իբրև սկզբնապատճառ, պաշտպանություն: Ավելին՝ ԻՊ-ը ինքնաթիռներ չունի և հակաօդային պաշտպանության ռուսական միջոցները Սիրիայում ծավալվում են այլ նպատակով: Դա հասկանալի էր արդեն չորեքշաբթի, երբ Ամերիկան տեղեկացվեց, որ Կրեմլը մեկ ժամից մտնում է Սիրիա, ըստ էության, անթռիչք գոտի: Այդպիսով ռուսները ոչ միայն մարտահրավեր նետեցին ԱՄՆ-ի հեղինակությանը: Նրանք պատռեցին ռազմական դիվանագիտության վարքականոնները: ԱՄՆ-ը ցնցված էր, բայց պատասխան չհետևեց:
Այս ամենի առաջին թիրախը ռուսական հասարակական կարծիքն է: ՈՒկրաինական սերիալն ավարտվեց: Հերոսական անջատողականները, նրանց չարամիտ ֆաշիստ թշնամիները, արևմտյան ցինիկ միջնորդները պաշտոնազրկվեցին: Հիմա կա նոր ժամանց՝ նյարդերը խտղտող տարաշխարհիկ սիրիական էպիկական թրիլեր, որտեղ Ասադի վարչակարգը խաղում է քաղաքակրթական արժեքների հերոսական պաշտպանի դերը, ռուսները նրանց խիզախ դաշնակիցներն են, իսկ Արևմուտքը բարբարոս ջիհադականների պաշտպանն է դարձել: Ինչպես միշտ լինում է սերիալներում՝ այս սյուժեն համարյա ոչ մի կապ չունի իրականության հետ: Խաղաղ գործարք Սիրիայում հնարավոր է, բայց Ռուսաստանը չի կարող պարտադրել կամ ապահովել: Այդ գործարքի կենտրոնական տարրը նոր համաձայնությունն է արաբ սուննիների հետ, նրա նման, որ վերջ դրեց Իրաքի ապստամբական շարժմանը 2007-ին: Համաձայնության համար պահանջվում են Կատարի ու Սաուդյան Արաբիայի աջակցությունը, թուրքերի գործակցությունը, իրանական ու ռուսական ճնշումը Ասադի վարչակարգի վրա: Միակ երկիրը, որ կարող այդ ամենը ապահովել, ԱՄՆ է: Դա չի լինի, այդ պատճառով Սիրիան արնաքամվում է, Եվրոպան վախից դողում է միգրանտների անհաղթահարելի հորձանքի առաջ, իսկ Պուտինը քմծիծաղում է: Նա իր երկրորդ նպատակին էլ է հասել: Չնայած իր ռազմական, դիվանագիտական, տնտեսական թուլությանը, Ռուսաստանը նորից ձեռք բերեց անփոխարինելի տերության կարգավիճակ, ում հետ Արևմուտքը պետք է պայմանավորվի, ընդ որում՝ ռուսական պայմաններով: Ռեալ հաջողության շանսերը չնչին են և հակվում են զրոյականի: Բայց Արևմուտքի սխալ հաշվարկները Սիրիայում այնքան մեծ են, որ Պուտինը հիմա թվում է պատասխանատու քաղաքական գործիչ, ում հուսահատ օգնության ենք դիմում:
Ամենացնցողը՝ Արևմուտքը չի հասկանում, թե ինչ է կատարվում: Փորձագետները մինչև հիմա կարծում են, որ պուտինյան արկածախնդրությունը սարսափելի սխալ է և երկրորդ Աֆղանստան: Նրանք հավատում են, որ պատժամիջոցները իրենց ցավոտ ներգործությունն ունեն, որ Պուտինը տանուլ է տվել պատերազմը ՈՒկրաինայում, և հիմա միջոցներ է փնտրում սովորական վիճակին վերադառնալու: Այդ տեսակետը բացահայտում է Պուտինի մտածելակերպը չհասկանալը: Նրան չի հետաքրքրում ռուսական տնտեսության երկարաժամկետ վիճակը: Նա քաղաքականության մեջ տեսնում է անխնա անտագոնիստական խաղ, որտեղ հաղթում է ամենաամուր նյարդերով ու արագ արձագանքող խաղացողը: Իր հայտարարում Պուտինը հաղթում է: Մեր հայտարարում մենք պարտվում ենք: Հիմա նա կարող է գին նշանակել: ՈՒ՝ ի՞նչ:

«Ռուսական ներկայությունը Սիրիայում հաղթաթուղթ է առևտրում»
Ալեք Լուն. Politico-ի լրագրող


Պետք է հիշել, որ Կրեմլի համար ՈՒկրաինան մնում է թիվ մեկ խնդիրը: Առաջիկա հեռանկարում Վլադիմիր Պուտինի օդային հարձակումը կօգնի Բաշար Ասադին իշխանության մնալ: Երկարաժամկետ հեռանկարում ռուսական ներկայությունը Սիրիայում առևտրի հաղթաթուղթ է: Պուտինն արդեն վերջ է դրել ՈՒկրաինայի պատճառով Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացմանը և միավորներ է հավաքել՝ Օբամային հանդիպելով: Ի՞նչ են նրանք քննարկել: ՈՒկրաինայում ռուսական շահերի լուռ ճանաչո՞ւմ: Պատժամիջոցների վերջնաժամկե՞տը: Բոլոր այս հարցերը անակնկալ հայտնվեցին օրակարգում:
"Politico", ԱՄՆ


Հ.Գ.
Իսկապես՝ ի՞նչ է կատարվում Սիրիայում: Պատերազմների համարյա բոլոր տարատեսակները գործում են ամբողջ թափով և զուգահեռ: Ռազմականից ոչ պակաս դիրքեր է նվաճում տեղեկատվական պատերազմը: Արևմուտքն ունի իր ճշմարտությունն ու իր արժեքները, Ռուսաստանն ունի իր շահերը: Գործնականում բոլորը մոռացել են Սիրիայի ու սիրիացիների մասին: 14 փորձագետների տեսակետները տարբեր են և բնորոշում են ոչ միայն իրավիճակը, այլև փորձում են կանխատեսումներ անել:

Շարունակելի


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Դիտվել է՝ 1136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ