ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
13.05.2016 | 00:23

(սկիզբը` այստեղ)

Անցած դարի 80-ական թվականներին ԽՍՀՄ-ը վերածվել էր մի երկրի, որի տնտեսությունը դոփում էր տեղում, չէր զարգանում ու արագացված տեմպերով հետընթաց էր ապրում: Խրուշչովի խոստացած կոմունիզմը՝ բոլոր քաղաքացիների համար ենթադրվող երկրային դրախտը, չստացվեց: Կոմունիզմի փոխարեն զարգացած սոցիալիզմի երկիր կառուցելու Բրեժնևի խոստումները ևս մնացին թղթի վրա: Մարդիկ չէին հավատում կոմունիստական իշխանություններին, նրանց խոստումներին, կամաց-կամաց կորցնում էին իրենց հավատն ու վստահությունը վաղվա օրվա ու ապագայի նկատմամբ, գնալով կյանքը ավելի դժգույն ու պրոբլեմային էր դառնում, ներքին ու արտաքին մարտահրավերները միայն անլուծելի խնդիրներ էին առաջ բերում: Արևմուտքի հետ անհավասար ու անզիջում տնտեսական մրցակցություն, երկրի տնտեսությունը արյունաքամ անող սպառազինությունների մրցավազք, սառը պատերազմ, քաղաքացիների կյանքի որակի անկում, ներքին սոցիալական լարվածության ավելացում, կաշառակերության աճ, պրոլետարական ինտերնացիոնալիզմի փոխարեն՝ ազգամիջյան թշնամություն, «Վարշավայի պակտի» դաշնակից երկրների հասարակությունների մեջ կենտրոնախույս տրամադրությունների արմատավորում, անիմաստ պատերազմ Աֆղանստանում, Չեռնոբիլյան աղետ և այլն, և այլն:


Խորհրդային նավը կամաց-կամաց, բայց հիմնավորապես նստում էր տնտեսական ծանծաղուտում, որից խուսանավել ու փրկվել չէր հաջողվում:
Ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել տնտեսական, գաղափարական ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամերը, որոնք միաժամանակ թափվեցին խորհրդային ժողովրդի գլխին: Գորբաչովը պետք է կարողանար այս խնդիրները լուծել՝ իրեն տրված սահմանափակ ժամանակահատվածում, գրեթե ցայտնոտային վիճակում: Նրա նախաձեռնությամբ խորհրդային երկրի իշխանական ու գիտական տարբեր մակարդակներում սկսվեցին «տպՐպրՑՐՏռՍՈ»-ի խնդրին վերաբերող հարցերի բազմաթիվ քննարկումները՝ բաց ու փակ ձևաչափերով: Ինձ հայտնի էին դարձել տնտեսագետների հետ կազմակերպված այդպիսի քննարկումներից մեկի որոշ մանրամասներ:
Գորբաչովը ներկայացնում է խորհրդային տնտեսության դժգույն վիճակն ու հռետորական հարց ուղղում խորհրդային հայտնի տնտեսագետներին.
-Ի՞նչ անել:
Բոլորը լռում են: Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը խոսք է վերցնում ու ասում հետևյալը.


-Ժամանակակից տնտեսության կազմակերպման ամենաօպտիմալ տարբերակը կապիտալիստականն է:
-Եթե անհրաժեշտ լինի, մենք սուպերկապիտալիզմ կկազմակերպենք,- հայտարարում է Գորբաչովը:
Պետք է նշել, որ մինչև Գորբաչովը ԽՍՀՄ-ում տնտեսական բարեփոխումներ կատարելու բազմաթիվ փորձեր արդեն արվել էին: Հայտնի են տնտեսության կազմակերպման նոր մոդելների փորձարկումները Սարատովի մարզում («Саратовская система»), Լվովում («Львовская система»), Էստոնիայի Հանրապետությունում («Эстонский эксперимент»): Ոչ մեկի տված տնտեսական դրական արդյունքները չէին կարող բավարար համարվել ու չընդունվեցին միայն այն պատճառով, որ դրանց հիմքում դրվում էին մարդկանց միջև այնպիսի աշխատանքային հարաբերություններ, որոնք հակասում էին խորհրդային սոցիալիստական գաղափարախոսությանը, ինչը, իր հերթին, բացառում էր մարդու շահագործումը մարդու կողմից: Խորհրդային մարդը կարող էր աշխատել միայն պետական ձեռնարկություններում ու շահագործվել միայն պետության կողմից՝ սոցիալիստական պլանային համակարգի կամ, ինչպես արտասահմանյան տնտեսագետներն էին այն որակում, պետական կապիտալիզմի պայմաններում: Պետական կապիտալիզմն ու պլանային տնտեսությունը ԽՍՀՄ-ում աշխատել ու դրական արդյունքներ են տվել միայն զուտ հայրենասիրության, կոմունիստական մոլեռանդության, ստալինյան դեսպոտիզմի ու երկաթյա վարագույրների պայմաններում:

Խրուշչովյան հալհլոցից հետո երկիրն ընկղմվեց բրեժնևյան այնպիսի լճացման պրոցեսի մեջ, որը ի չիք դարձրեց ստալինյան տարիների բոլոր ձեռքբերումները տնտեսության ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, զարգացան կաշառակերությունը, աչքակապությունն ու ստվերային տնտեսությունը: Գորբաչովը երկրի տնտեսական հետընթացը կասեցնելու ոչ մի շանս չուներ: Իշխանության գալով նա ստիպված էր արագացնել տնտեսական ռեֆորմները, երկիրը դուրս բերել տնտեսական կոլապսից, որին անխուսափելիորեն հետևելու էր քաղաքականը: Նավթի համաշխարհային գների կտրուկ անկման պարագայում (այն նախաձեռնել էին ամերիկացիները) առաջացել էր առաջին անհրաժեշտության ապրանքների այնպիսի դեֆիցիտ, որը հնարավոր չեղավ շտկել նույնիսկ բաշխման կտրոնային համակարգը մտցնելու միջոցով, խորհրդային հեզ ժողովուրդը սկսել էր բարձրաձայնել իր դժգոհությունը, բողոքել, բացահայտորեն մեղադրել ու հայհոյել իշխանություններին, անխուսափելի էր թվում նաև սովը այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը կանգնած էր պարենային ապրանքների գերարտադրության խնդրի առաջ: Մեր ընթերցողների մի մասն այն կարծիքին է, թե ես Գորբաչովին լավ չեմ քննադատում, ոմանք ինձ ուղղակի մեղադրում են, որ ես Գորբաչովին արդարացնում ու պաշտպանում եմ: Իմ ընդդիմախոսներին ու քննադատներին հռետորական հարց եմ տալիս.


-Ի՞նչ կանեիք, եթե գենսեկի պաշտոնում Գորբաչովի փոխարեն դուք լինեիք, ԽՍՀՄ տնտեսական ու քաղաքական ճգնաժամերը հաղթահարելու ի՞նչ տարբերակ կամ տարբերակներ էիք առաջարկելու, որոնք ավելի լավն էին, և ինչո՞ւ ձեզ նման հեռատես-քննադատների բանակը մեկ մարդու նման ոտքի չկանգնեց, որ արգելի երկրի փլուզումը: Բոլորը, բերանները ջուր առած, սպասում էին, թե վերջն ինչ է լինելու: Եղավ այն, ինչ եղավ, Աստված էլ բեթարից ազատի ու փրկի:


Գորբաչովի հասցեին Ռուսաստանում այսօր լուրջ մեղադրանքներ են հնչում, թե նա դիտավորյալ երկիրը չտարավ չինական բարեփոխումների ավելի կենսունակ ճանապարհով՝ նկատի ունենալով Չինաստանի աննախադեպ տնտեսական հաջողությունները: Տնտեսական բարեփոխումների մոտավորապես նույն 20-ամյա ժամանակահատվածում Չինաստանը հիմնովին հաղթահարեց իր տնտեսական հետամնացությունը, սովը (Մաո Ցզե Դունի ժամանակ Չինաստանում իսկական սով էր, որը հաղթահարելու համար երկրի առաջնորդը ձեռքը փրփուրներին էր գցում՝ դիմելով այնպիսի էկզոտիկ ու ծայրահեղ միջոցների, ինչպիսին էր ճնճղուկների վերացման համաչինական գործը: Մաոն հաշվել էր, որ չինական ճնճղուկներն ամեն տարի դաշտերում ուտում են այնքան ցորեն, որը բավարար կլիներ 60 միլիոն մարդ կերակրելու համար): Չինաստանի տնտեսությունը արագ տեմպերով դուրս եկավ խոր ճգնաժամից ու աշխարհում դարձավ երկրորդը, գուցե առաջինը: Այդ նույն ժամանակահատվածում Խորհրդային Միությունը քանդվեց, տրոհվեց ու վերածվեց իրար դեմ պատերազմող, ավելի անհաջող տնտեսություններ ունեցող անգլուխ պետությունների:
Ռուս վերլուծաբանների, քաղաքական ու տնտեսական գործիչների չինական պատրանքներն առհասարակ տեղին չեն: Խորհրդային Միությունը ոչ մի ձևով չէր կարող գնալ չինական բարեփոխումների ճանապարհով, որովհետև չուներ այդ ճանապարհով գնալուն պատրաստ ժողովուրդ՝ ժողովուրդ չինական հավատով, չինական գաղափարախոսությամբ, չինական աշխատասիրությամբ ու չինական կարգապահությամբ: Չինական տնտեսական բարեփոխումների նկատմամբ ռուսական հետաքրքրությունը գալիս է միայն չինացիների ստացած զարմանահրաշ արդյունքների հրապուրանքից: Չինական ճանապարհով գնալու համար պետք է նախ և առաջ օրինապաշտ չինացի քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ ունենալ, որոնք կարողացան դնել ու հաջողությամբ լուծել իրենց երկրի առաջ ծառացած հրատապ տնտեսական խնդիրները՝ այն զատելով գաղափարախոսությունից: Խորհրդային Միության համար իրատեսական եղավ այն իրավիճակը, որը ստեղծվեց Գորբաչովի օրոք. թոկից փախած կաշառակեր կոմունիստական էլիտան այս լավ առիթն էլ ձեռքից բաց չթողեց հարստանալու, իր ունեցած հարստությունները լեգալացնելու և օրինական հիմքերի վրա դնելու համար:


Այս թեմայով շատ հետաքրքիր դիտարկումներ է արել Խոսրով Հարությունյանը («Իրատես», թիվ 26, 22-25.04, 2016 թ.): Առանձնատների հարցը պետք է դիտարկել օրենքի շրջանակում, այսինքն, դրանք կառուցվել են օրենքի կոպիտ խախտմա՞մբ, հարկեր չվճարելո՞վ, թե՞ արդար աշխատանքով: Ի՞նչ տնտեսություն, ի՞նչ երկրի շահ, ի՞նչ արդարություն, ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ «перестройка», եթե բոլոր օրենքները ստեղծվել ու հարմարեցվել են օլիգարխիայի շահերին: Խորհրդային անբարոյական մարդկային մատերիալով հնարավոր չէր կառուցել ու կազմակերպել նորմալ երկիր ու աշխատող տնտեսություն, այն էլ չինական տարբերակով: Հետաքրքիր է իմանալ՝ նախնական ի՞նչ պայմաններով Չինաստանը գնաց իր տնտեսական բարեփոխումներին ու աննախադեպ արդյունքների հասավ:


Չինական միջավայրի առաջին կարևոր առանձնահատկությունն այն է, որ կաշառակերությունը այդ երկրում շատ ցածր մակարդակի վրա էր գտնվում ու մնում է այդպիսին մինչ օրս: Կաշառակերների դեմ մղվող պայքարում չինական իշխանությունները երբեք ձևականությունների հետևից չեն ընկել, դաժանորեն պատժել են բոլոր մեծ ու փոքր կաշառակերներին: Ամեն տարի Չինաստանի կոմկուսը հայտարություններ էր տարածում առ այն, որ բոլոր կաշառակեր պաշտոնյաները կարող են գալ ու հանձնվել իրավապահ մարմիններին: Կամավոր հանձնվելու, իրենց կատարած հանցանքները գիտակցելու և ընդունելու պարագայում մեղավորները կպատժվեն 15 տարվա ազատազրկմամբ, հակառակ պարագայում նրանց մահապատիժ է սպասում: Ի՞նչ արձագանք կստանան նման որոշումները Հայաստանում, Ադրբեջանում, Ղազախստանում ու, մանավանդ, Ռուսաստանում և ՈՒկրաինայում: Կարելի է միայն ենթադրել և վարդագույն երազներում տեսնել, որ անմիջապես մեծ հերթեր կգոյանան, որոնք ամենուր կգլխավորեն երկրների նախագահների հարազատներն ու մտերիմները՝ իրենց եղբայրներով, քույրերով ու գերդաստաններով, իսկ վերջում, չեմ բացառում, կհայտնվի Պանամայի անկոտրում գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:

Իհարկե, մենք Չինաստան չենք, մեզ մոտ այսպիսի բաներ չեն լինի, դա ֆանտազիա է, ճիշտ այնպես, ինչպես ֆանտազիա է այն, որ արդի պայմաններում հետխորհրդային երկրներից որևէ մեկում տնտեսությունը հանկարծ սկսի տեղից պոկվել ու զարգանալ: Հետխորհրդային երկրների տնտեսությունները կշարունակեն անկում ապրել դեռ այնքան ժամանակ, ինչքան անկման համար տեղ դեռևս մնացած լինի: Սա ասվում է չինական երազանքով ապրող ու Գորբաչովին քննադատող ռուս, հայ ու այլազգի քաղաքական և տնտեսական գործիչների ելույթներին ի պատասխան: Չինական ճանապարհով անցնելու համար, մասնավորապես, Ռուսաստանի քաղաքացիները առնվազն պետք է չինացիների նման օրինապաշտ, սկզբունքային, համբերատար ու ազգային գաղափարախոսությանբ տոգորված մարդիկ կամ, պարզապես, չինացիներ լինեին:

Նման պայմանները իսպառ բացակայում են հետխորհրդային բոլոր երկրներում, չկան հստակ գաղափարախոսություն ու ազգային ծրագրեր, ամեն ինչ անուշադրության է մատնված՝ հույսը դնելով միայն շուկայական հարաբերությունների կարգավորիչ մեխանիզմի ավտոնոմ աշխատանքի վրա: Այսօր կարող ենք փաստել, որ անկառավարելի շուկայական հարաբերություններն աշխատեցին հետխորհրդային երկրների տնտեսական պոտենցիալի ոչնչացման օգտին՝ պարարտ հող ստեղծելով միայն սերմ գողացող մկների համար, ամեն ինչ փողի մոլուցքի է վերածվել. փող, փող, փող ցանկացած ձևով ու ցանկացած գնով, միայն թե շատ, ավելի շատ:


Չինաստանի բարեփոխիչները գնացին շուկայական տնտեսություն կազմակերպելու ճանապարհով՝ պահպանելով իրենց մոտ գործող կուսակցական համակարգն ու կոմունիստական գաղափարախոսությունը՝ քաղաքատնտեսական համակարգը շրջելով 90 աստիճանով, ընտրելով դանդաղ ռեֆորմների ճանապարհը, պայքարելով միայն մեկ ճակատով: ԽՍՀՄ-ը անցավ նույն շուկայական տնտեսությանը՝ հրաժարվելով կոմունիստական գաղափարախոսությունից ու կուսակցական դիկտատուրայից՝ փորձելով ժողովրդավարություն հաստատել սափրագլուխների երկիր Ռուսաստանում, բենդերական ՈՒկրաինայում կամ ծերերի գլուխներն ու ականջները կտրող, քնած մարդկանց խոշտանգող ու կացնահարող Ադրբեջանում: Խորհրդային Միությունը շրջվեց 180 աստիճանով՝ փորձելով ակնթարթային անցում կատարել դեպի տրամագծորեն հակադիր քաղաքատնտեսական համակարգը՝ պայքարելով միաժամանակ երկու ճակատով: Թե արդյունքում ինչ ստացվեց, հայտնի է բոլորիս. ատկատա-ստվերային տնտեսություն, փողի ու կաշառակերության վրա հիմնված պսևդոդեմոկրատիա: Այս ամենը պատկերացնելու համար անհրաժեշտ է հասկանալ խորհրդային ավանդական պլանային տնտեսության առանձնահատկությունները:

Տնտեսական բարեփոխումների չինական տարբերակ

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ