ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
17.05.2016 | 22:14

(սկիզբը` այստեղ)



Չինական բարեփոխումների հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար պարտադիր չէ հեռավոր այդ երկիր մեկնել: Հայաստանում գործում են չինական ընկերություններ, որոնցից ևս կարելի է շատ բաներ սովորել ու հասկանալ չինական ֆենոմենի գաղտնիքը:
2001-ի հոկտեմբերի 22-ին ծանոթացա Երևանում գործող չինական ընկերության տնօրեն Վան Լիի կամ ռուսերենով ասած՝ Կոլյայի հետ: Ծանոթությանս վայրը Երևանի «Կենտրոն» հարկային տեսչությունում գոյացած մեծ հերթն էր: Մարդիկ եկել էին իրենց ընկերությունների հերթական եռամսյակային հաշվետվությունները ներկայացնելու, բայց անսպասելիորեն պարզել էին, որ հաշվետվությունների ընդունման վերջին ժամկետը ամսի 25-ից տեղափոխվել է ամսի 15-ը: ՈՒշացողները պետք է ենթարկվեն վարչական տուգանքի՝ 20 հազար դրամի չափով: Առաջին դեպքը չէր, որ ՀՀ հարկային տեսչությունը փոխում էր հաշվետվությունների ընդունման ժամկետներն ու ձևերը: Ես ևս բացել էի մի ՍՊԸ՝ արևային գործերը սկսելու համար, որն այդպես էլ չաշխատեց, սպասում եմ այն օրվան, երբ հարկային բարեփոխումները կավարտվեն, Հայաստանի բիզնես-միջավայրը կկարգավորվի, և հնարավոր կլինի նորմալ բիզնես վարել:


Հարկային բարեփոխումների ճանապարհը բռնած հայկական բիզնես միջավայրում աշխատելն անհնարին է. պայմանները շարունակ փոխվում են, փոխվում են հաշվետվության ներկայացման ժամկետները, հաշվետվության ձևերը և հազար ու մի նման բաներ։ Ասել է՝ պետք է աչալրջորեն հետևել, թե մեր հարկային մարմինները հերթական անգամ ի՛նչ նորամուծություններ կմտցնեն: Վարչական տուգանքի մշտական վտանգը դեռ երկար ժամանակ է կախված մնալու ձեռնարկատիրությամբ զբաղվողների գլխին։ Այս պարագայում օտարերկրյա ներդրողների ու գործարարների շահերի պաշտպանությունից խոսելն անգամ ավելորդ է:


20 հազար դրամի վարչական տուգանքը ես, իհարկե, չվճարեցի՝ պարզելով, որ այդ հերթական հարկային բարեփոխված ժամկետները պետք է գործեին հաջորդ եռամսյակից: Չինացի Կոլյան չդիմադրեց, սուս ու փուս տուգանվեց, մենք ծանոթացանք, ու ինձ հրավիրեց իր արտադրամասը. հետաքրքիր էր իմանալ, թե չինացիները Հայաստանում ի՞նչ բիզնեսով կարող էին զբաղվել: Բիզնեսի գաղափարը հետևյալն էր: Չինացիները հաշվել էին, որ ժամանակին Խորհրդային Միությունում ապրել է 300 միլիոն քաղաքացի, որոնցից յուրաքանչյուրն ամեն օր քնել է: Մեծամասնությունը քնել է այն մահճակալների վրա, որոնք արտադրված են եղել Բուլղարիայում, Ռումինիայում ու տնտեսական փոխօգնության մյուս երկրներում (СЭВ): Այդպիսին էր СЭВ-ի երկրներում աշխատանքի բաժանման կարգը. կահույքը հիմնականում արտադրվում էր Արևելյան Եվրոպայի երկրներում, СЭВ-ի ստանդարտներով ու Մոսկվայի թույլտվությամբ բախշվում և հասնում խորհրդային քաղաքացիների ննջասենյակները: Այն ժամանակներում եվրոպական կահույք ունենալը մեծ պատիվ էր, տեղականը քիչ էր ու անորակ: Կահույք գնելու համար պետք էր արձակուրդ վերցնել, ընտանիքով մեկնել Մոսկվա, Ռիգա կամ Լենինգրադ, հերթեր կանգնել ու, ի վերջո, սպեկուլյատիվ գներով «տակից» գնել բաղձալի կահույքը: Կահույքը մինչև Երևան հասցնելն ավելի դժվար խնդիր էր: Կահույքի խնդիրը Հայաստանում այսօր կարելի է հիմնովին լուծված համարել, միայն Արգավանդի խճուղու վրա կարելի է տեսնել հարյուրավոր խանութներ, որտեղից կարելի է տեղական բարձրորակ կահույք գնել: Սա Գորբաչովի «перестройка»-ի կարևոր ձեռքբերումներից է, որը մենք համառորեն չտեսնելու ենք տալիս: Ամեն դեպքում, չինացիների հաշվարկներով խորհրդային ժամանակներում ձեռք բերված մահճակալների զսպանակավոր «մատրասներն» անցած 30 տարիների ընթացքում պետք է հիմնականում փտած լինեին ու փոխարինման խնդիր առաջանար՝ առաջացնելով նոր «մատրասների» հեռանկարային շուկա: Այդպիսի տնտեսական հաշվարկներից ելնելով, չինացիները «մատրասների» հազարավոր փոքր արտադրություններ էին կազմակերպել հետխորհրդային բոլոր երկրներում՝ Վլադիվոստոկից սկսած, Կալինինգրադով վերջացրած։ Դրանցից մեկն էլ Երևանում էր: Արտադրամասում աշխատում էր հինգ մարդ, տնօրեն Կոլյայից բացի՝ ևս երեք տղամարդ ու մի կին: Բոլոր անհրաժեշտ գործիքները, սարքավորումներն ու հումքը նրանք իրենց հետ բերել էին Չինաստանից, չինացի բանվորները Երևանում աշխատում էին չինացիների նման՝ գործի վրա կենտրոնացած՝ ուշադրություն չդարձնելով ներսուդուրս անողների վրա:

Մեկ «մատրասի» վաճառքի գինը 100 դոլար էր, 300 միլիոն մահճակալ x 100 դոլար=30 միլիարդ դոլար, տեսականորեն դրանք լավ թվեր էին՝ հաջող բիզնես կազմակերպելու համար: Գործնականում հետխորհրդային երկրներում չինացիները կարող էին հավակնել 10 միլիարդ դոլարի սահմաններում «մատրասների» արտադրության ու տեղական շուկաներում իրացման հաջողակ բիզնեսին: ՈՒ այդ պարզունակ բիզնես-գաղափարը չինացիները նախաձեռնել և իրականացնում էին մեր քթի տակ: Եթե բիզնեսի հարցերում մենք չինացիների նման ճկուն լինեինք ու ստիպված չլինեինք մեր ուշադրությունն անընդհատ սևեռած ռեժիմում պահել, որպեսզի կարողանանք խուսափել հայկական հարկային հերթական բարեփոխումներ-թակարդների մեջ հայտնվելուց, ապա մեր գործարարները հաջողությամբ այդ նույն բիզնեսը կարող էին կազմակերպել հակառակ ուղղությամբ՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Եթե չինացիները կարողանային գրավել հետխորհրդային փտած «մատրասների» շուկայի առնվազն կեսը, ապա դրանից ստացվող հասույթի ծավալները կգերազանցեին Հայաստանի արտաքին պետական պարտքը մոտ երկու անգամ: Սա իր հերթին: Բայց ինձ ամենից շատ զարմացրեց չինացիների բիզնեսի կազմակերպման բյուրոկրատական ձևը, որի հետ հնարավորություն ունեցա առերեսվելու, երբ կրկին հանդիպեցի չինացի Կոլյայի հետ՝ իմ խնդրանք-առաջարկի կապակցությամբ: 2002 թվականի ամռանը Երևանում մենք ծրագրել էինք կազմակերպել մի հետաքրքիր միջոցառում՝ երիտասարդական էկոլոգիական արևային խաղեր՝ «ոսկե գդալ» մրցանակի համար ընդհանուր խորագրով: Հելիոֆիկացիայի գաղափարները Հայաստանում ու աշխարհում տարածելու համար կարելի է օգտագործել արևային տեխնիկայի գովազդի ունիկալ տարբերակը՝ հետաքրքրաշարժ խաղերի ձևով: Արևային խաղերի սցենարը այսպիսին էր. դպրոցականներից և ուսանողներից կազմված թիմերը պետք է կարողանան ազգային ճաշատեսակներ պատրաստել՝ օգտագործելով Հայաստանում նախագծված ու արտադրված DVH տիպի արևային սարքերը: Խաղերի հաղթողին որոշելու համար ժյուրին պետք է հաշվի առներ արևով պատրաստված կերակրի որակը, պատրաստման տևողությունը, ճաշատեսակների ձևավորման դիզայնը, մատուցման ձևը և այլն: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրել էինք Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականներից և ուսանողներից կազմված թիմեր: Խաղերի կազմակերպիչներս մտածեցինք, որ շատ հետաքրքիր կլիներ, եթե արևային խաղերին մասնակցեին նաև արտասահմանյան թիմերը: Հիշեցի Կոլյային, կարելի էր մի թիմ էլ ձևավորել չինացի բանվորներից, թող հայկական արևային սարքերով չինական կերակուրներ պատրաստվեն, իսկական էկզոտիկա կլիներ: Իրականում, չինացիների թվաքանակի համեմատ բացարձակ էկզոտիկ ազգը հայերս ենք, բայց ամեն դեպքում:

Դիմեցի Կոլյային: Նա ասաց, որ նման հարցերի լուծումը իր իրավասություններից դուրս է գտնվում, ինքը չի կարող որոշել, պետք է դիմենք իրենց ղեկավարներին: Պայմանավորվեցինք երեկոյան հանդիպել իրենց տանը: Չինացիները Երևանի Շենգավիթ թաղամասում մի երկհարկանի տուն էին գնել կամ վարձել՝ իրենց աշխատողների համար: Մտանք տուն, միջանցքում մի տարեց չինացի նստած ճաշում էր, մի կին էլ մատուցողն էր, նրանց կողքով անցանք ու մտանք Կոլյայի պետի առանձնասենյակը: Խոսեցի մեր խնդրի մասին, Կոլյան իմ թարգմանիչն էր, չինացին լսեց, լսեց ու հայտնեց, որ դա իր որոշելիքը չէ, պետք է դիմել վերադասին: Անցանք հաջորդ, ավելի վերադասի առանձնասենյակը, պատմությունը կրկնվեց. պետք էր վերադասին դիմել: Անցանք ավելի ավելի վերադասի առանձնասենյակը, որտեղ արդեն նստած էր միջանցքում ճաշող չինացին: Վերջինս լսեց ինձ, լսեց Կոլյային ու գլխով, թե աչքերով հազիվ նկատելի բացասական շարժում կատարեց: Ամեն ինչ պարզ էր, երրորդ աստիճանի ղեկավարը մեր առաջարկությանը չհամաձայնեց: Սա արդեն շատ հետաքրքիր նորություն էր ինձ համար ու, համոզված եմ, հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ ռուսաստանցի, ամերիկացի, եվրոպացի և այն երկրների տնտեսագետ մասնագետների համար, որոնց հետաքրքրում են չինական բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները: Չզարմանաք, եթե արտասահմաններում աշխատող չինական բիզնեսմենների կողքին հանդիպեք նրանց, ենթադրում եմ, կոմունիստական հսկիչ-կարգադրիչների խմբերին՝ «մեկը արորով, յոթը գդալով» կազմակերպական տարբերակով:


Միմյանց նկատմամբ պաշտոնական-արտադրական հսկողություն սահմանելու պրակտիկան հատուկ է չինացիներին, դա ես նկատեցի նաև Չինաստանի դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Մինչ մեր զրույցին անցնելը, Հայաստանում Չինաստանի փոխդեսպանը ինձ թեյ հյուրասիրեց, թեյը նա անձամբ պատրաստեց իմ ներկայությամբ ու անձամբ էլ մատուցեց, այս ամենին հեռվից հետևում էր, հավանաբար, դեսպանությունում պրակտիկա անցնող չինացի երիտասարդը: Չինացիներից սովորելու բաներ մենք շատ ունենք և դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ չինացիներին հասնենք:
Վերջերս հայկական դատարանի առաջ էին կանգնել Թուրքիա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամները, ովքեր, բացի հայ մարդուն պատիվ չբերող աշխատանքից, ձեռքի հետ, մեր թշնամի երկրի օգտին լրտեսության գործ էին սկսել: Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ արտագնա աշխատանքի մեկնող Հայաստանի քաղաքացիները զբաղվեն ամենով ինչով, ինչ խելքներին փչի: Չինացիները ճիշտ են անում, որ կատարյալ զգոնություն են ցուցաբերում արտերկրներում աշխատող իրենց քաղաքացիների վարքի նկատմամբ, այլապես նրանց մոտ էլ կստացվի ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ հետխորհրդային երկրներում՝ իրենց անձնական օգուտների համար երկրի շահերի դավաճանում, կաշառակերություն, օրինախախտումներ, տարատեսակ անշնորհքությունների ու այլասերման դրսևորումներ:

Ի տարբերություն Ամերիկայի, որը հսկայական գումարներ է ծախսում հետխորհրդային երկրներում իր ապրելակերպը պրոպագանդելու և դեմոկրատական ավանդույթները տարածելու համար, չինացիներն ընդհանրապես չեն խառնվում ուրիշ երկրների ներքին գործերին, այլ զբաղվում են իրենց բիզնեսով՝ իրենց գաղափարախոսության դաշտում պահելով ու պահպանելով սեփական քաղաքացիներին:


Չինացիների հետ ունեցած այս փոքրիկ էպիզոդից ես իմ մեծ դասերը քաղեցի.
ա) օտար երկրներում բիզնեսով զբաղվող չինացի գործարարներին մշտապես ուղեկցում է չինական եռաստիճան ղեկավար-հսկող կազմը,
բ) տեղերից բխող բոլոր նոր առաջարկությունները (օգտակար լինեն դրանք, թե ոչ) չինացի գործարարները պարտավոր են հայտնել ու ներկայացնել իրենց ղեկավարությանը,
գ) չինացի գործարարները պարտավոր են ձեռնպահ մնալ ինքնագլուխ որոշումներ կայացնելուց,
դ) բոլոր երկրներում, տարբեր մակարդակներում առաջացած խնդիրները կարևոր են չինացիների համար,
ե) չինացիների համար բիզնեսում ու արտաքին հարաբերություններում երկրորդական հարցեր չեն լինում:
Անշուշտ, 20 հազար դրամի անտեղի վարչական տուգանքը չինացի ղեկավարը թույլ էր տվել վճարել, բայց հայկական բիզնես միջավայրի այդ առանձնահատկության մասին նա անպայման տեղյակ պահած կլիներ Չինաստանի համապատասխան ատյաններին, որոնք, հավանաբար, իրենց հերթին հավաքում, համակարգում ու մոդելավորում են արտաքին բիզնես միջավայրը, արտերկրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա համապատասխան ուղղումներ են մտցնում իրենց արտաքին քաղաքականության մեջ նաև բիզնեսի բնագավառում:


Մինչ մենք՝ միամիտ հայերս, մտածում ենք, թե մեր իշխանությունները՝ Արմեն Ալավերդյանի հետ ձեռք ձեռքի տված ամեն օր նոր, ավելի չքնաղ հարկային օրենքներ են նախաձեռնում ու առանց ժամանակ կորցնելու դրանք շրջանառության մեջ են դնում, որպեսզի Հայաստանում ավելի հրապուրիչ ու կազդուրիչ բիզնես միջավայր ձևավորվի ու մեր երկիրը ծայրաստիճան օգտակար ու գրավիչ դառնա օտար ներդրողների համար, չինացիները հեռանում են դեպի Վրաստան:


Կոլյայի երրորդ վերադաս չինացին, հավանաբար, իր կենտրոնին հղում էր կատարել՝ հետևյալ մեկնաբանությամբ. ժուլիկության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է իր հարևան երկրներին, այստեղ բիզնես անել չի հաջողվի, բիզնեսը պետք է տեղափոխել Վրաստան: Հնարավոր չէր, որ հայկական հարկային խորամանկություններն ու որոգայթները չինացիների մոտ հալած յուղի տեղ անցնեին: Համոզված եմ որ չինացիները Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան ու աշխարհի այլ երկրներ են մեկնում իրենց կոմունիստական ղեկավար կազմի հետ՝ վառ պահելով չինական տնտեսավարման կարևոր սկզբունքները: Բացի տեղական շուկաներից, նրանք հետևողականորեն ուսումնասիրում են նաև տարբեր երկրների բիզնես միջավայրը, ազգային բարքերն ու սովորությունները՝ զարգացնելով ու պաշտպանելով իրենց չինական տնտեսական բարեփոխումների ծրագիրը, իրենց չինական «перестройка»-ն՝ նաև արտասահմանում: Համոզված եմ, որ չինական հետևողականության մեջ է թաքնված Չինաստանի տնտեսական աննախադեպ հաջողության բանալին: Չինացիները որտեղ էլ լինեն, աշխարհի տարբեր անկյուններում պաշտպանում են իրենց ազգային շահերն ու պահում չին ժողովրդի ազգային նկարագիրը: Այդպիսին են չինացիները` միշտ իրենց հետ, միշտ իրենց բարոյականության ու սկզբունքների հետ: Գորբաչովի ժամանակ խորհրդային երկրում արդեն չկային բավարար թվով ղեկավար այրեր, որոնց համար բարոյականությունը ինչ-որ արժեք ունենար: Չինացիների հետ ոտք մեկնելուց առաջ ռուս քաղաքական ու տնտեսական գործիչները պետք է իրենց հարց տան, թե ինչ բարոյական իրավունք ունեն նրանք չինացիների ու Չինաստանի հետ համեմատվելու, եթե իր պետական քաղաքականության հիմքում Ռուսաստանը դրել է խուլիգան-մարդասպանների երկիր Ադրբեջանի հետ բարեկամությունը՝ ելնելով սեփական նավթահոտ բիզնես շահերն առաջ տանելու մտահոգությունից:

Ռուսաստանի ու մյուս հետխորհրդային երկրների հաջողության համար անհրաժեշտ է, առաջին հերթին, բարոյականության սկզբունքը դարձնել կյանքի նորմա՝ նաև այլ երկրների հետ տնտեսական ու ռազմական հարցերում ծրագրեր մշակելիս: Չի կարելի անընդհատ խոսել բարձր մատերիաներից, ռուսական բարոյականությունից ու, միաժամանակ, համագործակցել Ադրբեջանի նման անբարոյական երկրի հետ, որի ազգային հերոսը քնած մարդուն կացնահարողն է: Արտաքին քաղաքականության հարցերում Ռուսաստանի բռնազբոսիկ պահվածքը կասկածի ու անորոշության տեղիք է տալիս ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի մյուս երկրներում: Եթե ռուսները իրենց արտաքին ու ներքին քաղաքականության հիմքում դնեն բարոյականության սկզբունքը, եթե ռուսները իրոք մտածեն հոգով ու սրտով, ապա դա նկատելի կլինի ամեն կողմից: Տեղ-տեղ ու դեպքից դեպք բարոյական լինելով, տեղ-տեղ հոգով ու սրտով ղեկավարվելով՝ ռուսները առաջ չեն գնա ու միշտ կգտնվեն տնտեսական և քաղաքական պատժամիջոցների սպառնալիքի տակ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայերը դրսևորեցին իրենց քրիստոնեական բարոյականության բարձր արժեքներն ու ցուցադրած մարդկային արժանապատվության շնորհիվ շահեցին քաղաքակիրթ աշխարհի համակրանքը:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ