ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
20.05.2016 | 00:15

(սկիզբը` այստեղ)

«Перестройка»-ից առաջ ռուսներն ու խորհրդային ողջ ժողովուրդը ապաշխարելու կարիք ունեն, չի կարելի, օրինակի համար, եղեռնից տուժած հայ ժողովրդի նկատմամբ անընդհատ ստորություն անել ու հաջողություններ ակնկալել սեփական տնտեսության բնագավառում, այն էլ չինական որակով ու քայլերով: Այստեղ պետք է մի քիչ շեղվենք բուն թեմայից ու ԽՍՀՄ-Չինաստան երկրները միմյանց հետ համեմատենք բարոյականության հարթության մեջ, փորձենք զուգահեռներ անցկացնել ու այնպիսի ընդհանրություններ գտնել, որոնք կարող են հաստատել կամ բացառել Գորբաչովի «перестройка»-ն չինական տարբերակով զարգացնելու հեռանկարը:


Ցանկացած երկրի հասարակության բարոյական հասունության աստիճանը կարելի է գնահատել՝ չափանիշ ընդունելով երկրի բանակի դրվածքն ու բանակի հիմքը կազմող զինվորի մարդկային կերպարը: 1969-ի մարտի 2-15-ին զինված ընդհարում տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի ու Չինաստանի միջև: Չինացիները զինված հարձակում սկսեցին Խորհրդային Միության դեմ՝ նպատակ հետապնդելով գրավել ՈՒսսուրի գետի Դամանսկի կղզին՝ 0,74 քկմ տարածքով: Մարտերի ընթացքում զոհվեց 58 խորհրդային ու մոտ 3000 չինացի զինվոր, ենթադրվում է, որ այստեղ առաջին անգամ օգտագործվեցին «Սոլնցեպեկ» խորհրդային համակարգերը, բայց սա չէ էականը: Սկզբում չինացիները հաջողության հասան, չինական զինվորական գումարտակին հաջողվեց հաղթահարել խորհրդային առաջապահ սահմանապահ ջոկատի դիմադրությունն ու առաջ շարժվել: Հետագա մարտերի ընթացքում խորհրդային զորքերը բացարձակ հաղթանակ տարան ու հետ շպրտեցին չինացիներին, բայց այստեղ տեղի էր ունեցել աննախադեպ ու անհասկանալի իրադարձություն, որի մասին ժամանակին շատ էր խոսվում: Չինաստանի ռազմա-դաշտային դատարանի վճռով՝ առաջին մարտը շահած չինական հաղթական գումարտակի բոլոր 300 զինվորներն ու սպաները գնդակահարվեցին այն բանի համար, որ առաջ շարժվելուց առաջ ստուգողական կրակոցներ էին արձակել խորհրդայինն սպանված ու վիրավոր զինվորների վրա: Չինաստանի ժողովրդական բանակի կանոնադրությամբ դա նախատեսված չէր: Միջազգային օրենքներով այդպիսի գործողությունները համարվում են ռազմական հանցագործություն. չի կարելի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել, ծաղրել, անարգանքի ենթարկել զոհված, վիրավոր կամ գերի ընկած զինվորների նկատմամբ: Քաղաքակիրթ երկրների բանակները հրոսակախմբեր չեն, նրանց զինվորները ոչ թե մարդասպաններ, այլ սեփական տան ու հայրենիքի շահերի պաշտպաններն են լինում: Մյուս կողմից, չինական զինվորների գործողություններն ընկալվել էին որպես անձնակազմի վախկոտության նշան ու զինամթերքի նկատմամբ ոչ խնայողական վերաբերմունք: Ժամանակին ցարական ու խորհրդային բանակներում ևս մեծ տեղ էր հատկացվում զինվորների մեջ բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի ձևավորմանը, կրոնական, հայրենասիրական դաստիարակությանը, կրթությանը, մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված միջոցառումներին, սրբորեն հետևում էին զինվորական կանոնադրության պահպանմանը, հատկապես քաղաքացիական բնակչության հետ հարաբերվելու հարցերում: Դա հստակորեն երևում էր նույնիսկ պարտված Գերմանիայում՝ խաղաղ բնակչության ու գերմանացի ռազմագերիների նկատմամբ խորհրդային զինվորների ցուցաբերած մարդկային վերաբերմունքից՝ չնայած այն բանին, որ զինվորների մեծ մասի մեջ առկա էր գերմանացիներից վրեժխնդիր լինելու անձնական մոտիվացիան: Ռուսական ու խորհրդային զինվորները միշտ էլ դաստիարակվել են որպես ազատարար, անձնազոհ, արդարացի անհատներ, պատերազմներին նվիրված հուշարձաններում մշտապես պատկերվել են ողջ հասակով կանգնած՝ փրկված փոքրիկ երեխան ձեռքերում: Այդպես է պատկերված նաև խորհրդային զինվոր-փրկարարի հուշարձանը Սպիտակում, որ բացվել էր ավերիչ երկրաշարժի 25-ամյակի առիթով: Երկրաշարժի առաջին իսկ օրերին բազմաթիվ մարդկանց ու երեխաների կյանքերը փրկեցին հենց ռուս-խորհրդային զինվոր փրկարարները:


Գորբաչովի «перестройка»-ից հետո այստեղ էլ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Առաջիններից մեկը բարոյազրկվեց խորհրդային-ռուսական բանակը: 2000 թվականին ռուս գնդապետ Յուրի Բուդանովը բռնաբարեց, պատվազրկեց, սպանեց 18-ամյա չեչեն աղջիկ Էլզա Կունգաևային ու անարգանքի ենթարկեց նրա մարմինը: Սա աննախադեպ սադիզմի դրսևորում էր, որն արդեն կիրառվել էր ադրբեջանցի մարդասպանների կողմից Սումգայիթում՝ հայերի նկատմամբ: 160-րդ գվարդիական տանկային գնդի հրամանատար Բուդանովը ազատազրկվեց, իսկ բանտից դուրս գալուց հետո գնդակահարվեց չեչեն վրիժառուի ձեռքով, որին չէր կարող բավարարել ռուսական դատարանի կայացրած անհամաչափ մեղմ դատավճիռը:


2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանցի մարդասպանները Թալիշում սպանեցին ու դարձյալ անարգեցին տարեց մարդկանց մարմինները, ու ոչինչ. Մեդվեդևի կառավարության, Ռուսաստանի մտավորականության ու, առհասարակ, ռուսական հասարակության վրա դա առանձնակի ազդեցություն չգործեց, որովհետև սպանվածներն ու անարգանքի ենթարկվածներն ընդամենը հայեր էին: Ռուսների և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ժամանակին ոչ մի ձևով չէր ազդել նաև թուրք մարդասպան-ստահակի վարքը, որը քնած տեղը կացնահարեց հայորդի զինվորական Գուրգեն Մարգարյանին:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին կոչ եմ անում, որ նա իր շրջապատում ու Ռուսաստանի ողջ տարածքով մեկ փորձի բարոյական, աստվածահաճո մթնոլորտ ստեղծել ու բարեկամություն չանել Ադրբեջանի նման երկրների հետ, որոնց փառաբանված ազգային հերոսների շարքում տեղ են գտնում մարդկանց գլուխները կտրող մարդասպանները, այլապես Ռուսաստանը կխորտակվի սեփական մեղքերի մեջ, կդառնա հավերժական անեծքի տեղ ու չի կարող հաղթահարել իր տնտեսական, քաղաքական և բարոյական ճգնաժամը: Կարելի է փաստել, որ առայժմ Ռուսաստանի բարոյական անկման համար բոլոր նախադրյալները ստեղծված են, դրանք դրված են կայուն հիմքերի վրա:
Գյումրիում ռուս զինվորը, հենց այնպես, հավեսի համար, գիշերով մտնում ու գնդակահարում է Ավետիսյանների խաղաղ ընտանիքը՝ չխնայելով նույնիսկ օրորոցի մեջ քնած երեխային: Սա՞ է ժամանակակից ռուս զինվորի կերպարը, և ո՞ւր կհասնի Ռուսաստանը նման զինվորներով, որոնք այդ երկրում արդեն որակ են կազմում: Գյումրու դեպքից մեկ տարի անց, փաստորեն, նույնատիպ հանցանք է կրկնվում՝ արդեն Ռուսաստանում: 2016 թվականի ապրիլի 25-ին Ռուսաստանի Սիզրանի Իվաշկևկա գյուղում բութ գործիքով սպանում են փոխգնդապետ Անդրեյ Վիլհելմի Գոշտի ընտանիքը: Սպանում են բութ գործիքով՝ կոտրելով քնած մարդկանց, ծերերի ու երեխաների գլուխները: Սիզրանի դեպքն անմիջապես քննարկման դրվեց ռուսական կենտրոնական հեռուստատեսության «Время покажет» ծրագրով. ինչպե՞ս կարող էր պատահել, որ նման դեպքը տեղի ունենար Ռուսաստանում, ռուսները չեն կարողանում հասկանալ ու բացատրել, մարդիկ շփոթվել, շեղվել ու շվարել են, ինչպե՞ս, հա ինչպե՞ս: Ռուսներին կարող եմ բացատրել, որ այստեղ արտասովոր ու անսպասելի ոչինչ չկա, մի քիչ ուշացումով, բայց այն պետք է տեղ հասներ ու կատարվեր նաև Ռուսաստանում և, հատկապես, Ռուսաստանում, դա դեռ սկիզբն է: Դա սպասելի ու օրինաչափ երևույթ էր, որը մի օր պետք է տեղի ունենար մարդկային խիղճը կորցրած, բարոյականության արժեքներին մատների արանքով նայող, շուկայական կատեգորիաներով շարժվող, ուրիշի ցավը չտեսնելու տվող կառավարիչների երկիր Ռուսաստանում: Անդրեյ Գոշտի դեպքը, ըստ երևույթին, ընդամենը առաջինն էր, որը տեղի ունեցավ մեր դաշնակից Ռուսաստանում ու տարբեր ձևերով դեռևս կշարունակի արտահայտվել այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները չեն եկել իրենց համար շատ կարևոր մի եզրահանգման. ձին ձիու կողքին կապես՝ կամ կծել կսովորի, կամ քացի տալ:


Ես արդեն գրել եմ, թե ինչպես էր ապրիլի 9-ին Բաքվում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խրխնջում՝ իր բարեկամ ու սրտակից ընկեր Ալիևի հետ: Անդրեյ Գոշտի դեպքը ցույց տվեց, որ Մեդվեդևի Ռուսաստանում արդեն քացի տալ էլ են սովորել: Խաղաղ քուն մտած Անդրեյ Գոշտի ընտանիքի դաժան ոչնչացումը բախտի չար հեգնանք կամ պատահականություն չէր, այլ խիստ օրինաչափ ու սպասելի մի երևույթ, որի հետ ռուսները դեռևս շատ ժամանակ ու բազմաթիվ առիթներ կունենան առերեսվելու: Այստեղ տեղին կլինի հիշել անգլիական հայտնի ասացվածքը. ասա ով է քո ընկերը, և ես կասեմ, թե ով ես դու: Ռուսաստանի մեջ մենք մշտապես փորձում ենք փնտրել ու մեր բարեկամ երկիրը գտնել, դա այդպես էլ կա: Սեփական պետության ռազմավարական շահերով առաջնորդվող երկիրը մեր բարեկամ ու հավերժ ռազմավարական գործընկեր պուտինյան Ռուսաստանն է, որն ունի իր ռազմավարական հետաքրքրությունները մեր տարածաշրջանում, որոնք լիովին համընկնում են Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերի հետ: Բայց կա նաև մեդվեդևյան Ռուսաստանը, որն առաջնորդվում է միայն Գորբաչովի «перестройка»-ի արդյունքում ծնված օլիգարխիկ համակարգի շահերով, որի բարեկամների մեջ շատ են մեր երդվյալ թշնամիները: Իմ թշնամու բարեկամը իմ թշնամին է՝ սա Մեդվեդևի Ռուսաստանի մասին է ասված: Կարևորն այն է, թե այս երկու Ռուսաստաններից, ի վերջո, որը կհաղթի, բայց, ամեն դեպքում, մեր ժողովուրդը պետք է զգոն լինի ու մշտապես հիշի՝ շան հետ ընկերություն արա, բայց փայտը մոտդ պահիր: Անդրեյ Գոշտի պատմությունը քննարկելուց առաջ ռուս մտավորականներն ու փորձագետները պետք է իրենց հարց տան, թե իրենց երկրի վարչապետը ինչո՞ւ է այդպես ջերմորեն սիրաշահում, ձեռք տալիս ու սեղան նստում Ադրբեջանի նախագահի հետ, որի ձեռքերն արյունոտ են, որի երկրում մարդու գլուխ կտրելն ու մեռած մարդկանց մարմիններն անարգելը հերոսություն են համարվում, ի՞նչ սպասել նման նախագահներից ու իրենց մարդասպան քաղաքացիներից: Չգիտեմ, թե ինչ ցույց կտա Անդրեյ Գոշտի ընտանիքի գործի հետաքննությունը, բայց մի բանում կասկած չունեմ՝ Սիզրանում ադրբեջանական հետքեր անպայման կգտնվեն, Սիզրանը դարձյալ նավթային կենտրոն է, իսկ մարդասպանների տեխնոլոգիական ձեռագիրը բնորոշ ադրբեջանական է: Դա չէր լինի, եթե ռուսներն ընդգծված անտարբերությամբ չվերաբերվեին քնած մարդու գլուխ կտրող ադրբեջանցի «հերոսին» ու, առհասարակ, իրենց հեռու պահեին Ադրբեջանի նման անբարոյական երկրի հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց: Սրտի խորքում Մեդվեդևը, հավանաբար, հասկանում ու մտովի պատկերացնում է, որ Բաքվի համալսարանի կայքում մի օր էլ իր կամ իր զավակի կտրված գլուխներն են ցուցադրվելու:


Ի միջի այլոց, ես դեմ եմ, որ Ավետիսյանների ընտանիքի մարդասպան զինվորը դատվի մեր հայկական դատարանով, պետք է թույլ տալ, որ ռուսներն իրենց ստեղծած «բարիքը» տանեն իրենց երկիրն ու դատեն կամ հերոսացնեն, որքան իրենց բարոյական արժեքները թույլ կտան, այնտեղ՝ խայտառակվելով ողջ աշխարհի առաջ: Մենք չենք կարող թույլ տալ, որ սկսնակ ռուս մարդասպանը դատվի հայկական դատարանով, այն նույն դատարանով, որով դատվեց ու դատապարտվեց մեր հանճարեղ մտավորական Վարդան Պետրոսյանը: Չար բախտը այդպես կամեցավ, այնպես դասավորեց, որ Վարդան Պետրոսյանի պատճառով երկու հայ պատանի զոհվեց, Աստված նրանց հոգին լուսավորի: Համոզված եմ՝ Վարդանը կցանկանար, որ այդ պատահական ողբերգական իրադրության ժամանակ պատանիների փոխարեն ինքը զոհվեր, բայց, ի՞նչ անես, հայի բախտ է, չարիք էր, որ պատահեց: Ինչպե՞ս կարող ենք համաձայնել, որ նույն հայկական դատարանի առաջ կանգնեն Վարդան Պետրոսյանն ու, հետագայում, նաև Վալերի Պերմյակովը, սա աբսուրդ է, սա աստվածահաճո գործ չէ: Եթե դատական քննությունը պարզի, որ ոճրագործությունը ռուս զինվորը կատարել է սեփական նախաձեռնությամբ, որին ես անձամբ չեմ հավատում կամ չեմ ցանկանում հավատալ, ապա վերջնական դատավճիռ կայացնելու պատիվը առաջարկում եմ թողնել ռուսական դատական ատյաններին, որ տեսնեն ու հասկանան, թե ուր են հասել, ինչ բարոյական անկման են հասել ու հասցրել իրենց զինվորներին, ինչ ճահճի մեջ են թաղվել ու ինչ արյան մեջ են թաթախվել հետխորհրդային Ռուսաստանը, Ադրբեջանն ու մյուսները: Թող հայերից օրինակ վերցնեն ու բարոյագիտության դասեր քաղեն, տեսնեն, որ մարդը պետք է, առաջին հերթին, մարդ մնա, մարդուց մարդահոտ պետք է գա, ոչ թե նավթի կամ փողի: Չնայած իր սոցիալական ծանր վիճակին՝ հայ հասարակությունը «перестройка»-ի տարիներին կարողացավ բարձր պահել իր բարոյական ու մարդկային կերպարը, որից աշխարհի ժողովուրդները կարող են միայն օրինակ վերցնել ու խուսափել ճակատագրի անխուսափելի հարվածներից: Խնդիրը միայն ժամանակակից տեխնիկա կամ զենքեր արտադրելը չէ, խնդիրը բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացիներ դաստիարակելն ու քաղաքակիրթ հասարակություն ունենալն է:


(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ