«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները  իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
03.05.2016 | 11:23

(սկիզբը` այստեղ)

Ինչպե՞ս ստացվեց, որ կոմունիստական գաղափարախոսության հիման վրա ստեղծված օրինակելի խորհրդային հանրապետություններում բրեժնևյան տարիներին ձևավորվեցին բացարձակ մաֆիոզ բնույթի տեղական կոմունիստական բռնապետական իշխանություններ: Այստեղ ես կարող եմ առաջարկել իմ սեփական վարկածը, որը կարող է անհավանական թվալ, բայց ամեն դեպքում, այն առաջացել է իմ անձնական դիտարկումների հիման վրա: Իմ կարծիքով, ամեն ինչ սկսվեց 1963-ից, երբ բանվորները Նովոչերկասկում ցույցի դուրս եկան ու իրենց բողոքի ձայնը բարձրացրին առաջին անհրաժեշտության սննդամթերքների թանկացումների դեմ: Կարելի է ասել, որ Ստալինից հետո այդ թանկացումները խորհրդային տնտեսության գլոբալ հետընթացի առաջին ազդակն էին: Այդ տարիներին Խրուշչովը դեռևս հավատում ու վստահեցնում էր, որ խորհրդային քաղաքացիների ներկայիս սերունդն ապրելու է կոմունիզմի օրոք ու, խնդրեմ, տնտեսության մեջ ճեղքվածք է առաջացել, որը փորձում են փակել աշխատավոր մարդկանց գոտիները հերթական անգամ ձգելու հաշվին: Բանվորները դրա հետ համաձայն չեն: Զայրացած Խրուշչովի հրամանով բանվորների ցույցը գնդակահարվեց ամենադաժան ձևով՝ բանվորա-գյուղացիական խորհրդային զինվորների միջոցով: Ռուսական իմպերիայի սահմաններում նման դաժանություններ մինչ այդ չէին եղել: Խրուշչովին, բնականաբար, դա չներվեց: Նա պաշտոնանկ արվեց, ու նրա փոխարեն իշխանության եկավ Լեոնիդ Բրեժնևը:


1965 թվականին Երևանում տեղի ունեցավ Խորհրդային Միության պատմության մեջ, թերևս, ամենամասշտաբային, չթույլատրված աշխատավորական՝ Եղեռնի 50-ամյակին նվիրված ապրիլի 24-ի ցույցը: Այդ մասին ես արդեն գրել եմ: Նովոչերկասկի դեպքերից հետո Կրեմլը չհամարձակվեց բռնի ուժ կիրառել հայ ցուցարարների նկատմամբ, չցրեց այդ ցույցը, բայց, համենայն դեպս, իր դասերը այստեղից քաղեց ու որոշեց ինչ-որ ձևով ապագայում կասեցնել նմանօրինակ հակաիշխանական աշխատավորական ցույցերն ու ելույթները, հատկապես, ԽՍՀՄ ազգային հանրապետություններում: Ինչպե՞ս: Այստեղ Մոսկվան կարող էր օգտագործել այն քաղաքականությունը, որը Անգլիան օգտագործում էր իր գաղութները պահելու համար: Դրանցից ուսանելի է Ցեյլոնի պատմությունը:


Հայտնի է, որ, մինչև ապագաղութացումը, Անգլիայի գաղութները տարածված էին ողջ աշխարհով մեկ: Անգլիայի միապետերը հպարտանում էին, որ Բրիտանական կայսրությունում արևը երբեք մայր չի մտնում, և, խնդրեմ, գաղութատիրության դեմ իր պայքարն է սկսել Ցեյլոնի (հիմա այն կոչվում է Շրի-Լանկա) ժողովուրդը, ի՞նչ անել: Ցեյլոնի գեներալ-նահանգապետին շտապ հրավիրում են Լոնդոն ու հետաքրքրվում գաղութի հասարակության կյանքի մանրամասներով։ Ի՞նչ մարդիկ են այնտեղ ապրում, ինչպիսի՞ն է նրանց բարոյական նկարագիրը, կաշառակերություն, գողություն, սպեկուլյացիա, մարդասպանություն և նման այլ բաներ կա՞ն արդյոք այդ երկրում:


-Ոչ, չկան, ցեյլոնցիները շատ ազնիվ, աշխատասեր, օրինապաշտ ու ինքնակազմակերպվող քաղաքացիներ են,- հայտնում է գեներալ-նահանգապետը,- նրանց կասեցնելն անհնարին է:
Գեներալ-նահանգապետին հանձնարարում են վերադառնալ Ցեյլոն ու մի քիչ «բարեփոխել» երկրի ներքին կյանքը. թուլացնել հսկողությունը, գողերին ու օրինախախտներին անպատիժ թողնել, խրախուսել սպեկուլյացիան, բոլոր օրինական խնդիրները լուծել միայն կաշառքի միջոցով և այլն: Ցեյլոնում իրավիճակը անմիջապես փոխվեց, քաղաքացիները սկսեցին շրջանցել օրենքները, երկրում արագացված տեմպերով սկսեցին զարգանալ կաշառակերությունը, սպեկուլյացիան, գողությունը և այլն: Քաղաքական իրավիճակը Ցեյլոնում 180 աստիճանով շուռ եկավ, ու մարդիկ իսպառ մոռացան իրենց սկսած ազգային-ազատագրական պայքարի մասին: Ցեյլոնը դարձավ վերջին երկիրը, որն ազատվեց անգլիական գաղութատիրությունից: Կարծում եմ, Մոսկվան էլ կարող էր նման քաղաքականություն վարել՝ կովկասյան ու միջինասիական հանրապետություններում «թույլատրելով» զարգացնել կաշառակերությունն ու ստվերային տնտեսությունը: Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ, Զարոբյանից հետո իշխանության գալով, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը Հայաստանի ներսում սկսեց հատուկ քաղաքականություն վարել՝ խրախուսելով շինանյութերի գողությունը.
-Թող մարդիկ գողանան ու իրենց համար տներ կառուցեն:


Այս «ազգօգուտ» գողության գաղափարին ես մշտապես կտրականապես դեմ եմ եղել, որի մասին արդեն գրել եմ: Կաշառակերությունը, ստվերային տնտեսությունը, ընտրակեղծիքներն ու Հայաստանի կյանքում տեղ գտած բոլոր բացասական երևույթները գալիս են այդտեղից՝ գողության ու կաշառակերության նկատմամբ Անտոն Երվանդիչի տարածած հասարակական ընկալումներից. արտաքինից ազգային-բարոյական, բայց իրականում ապազգային-անբարոյական գողական պլատֆորմ: Այս իրողությունն այնքան խոր արմատներ է գցել Հայաստանի չինովնիկության կյանքում, որ, նրանց նախաձեռնությամբ, ի հիշատակ այդ մարդու կատարած «ազգանվեր» ծառայությունների, Երևանի կենտրոնում նրա անունով փողոց է անվանակոչվել ու կանգնեցվել է նրա կիսանդրին: Քոչինյան կուռքի կերպարը այսօր վատ օրինակ է ծառայում մեր չինովնիկությանը, որի շնորհիվ կաշառակերությամբ ու այլ անօրինական ճանապարհներով հարստանալու մոլուցքը դեռ երկար է ծաղկելու ու բարգավաճելու հայոց աշխարհում՝ խոչընդոտելով տնտեսական զարգացմանն ու թուլացնելով երկիրը ներսից:


Քոչինյանից առաջ արժեր կանգնեցնել նրա նախորդի՝ Յակով Զարոբյանի արձանը, մարդու, որը չտիրապետելով հայերենին ու չունենալով հայկական քյոխվայական մտածելակերպ, կարողացավ ընկալել ժամանակի հրամայականներն ու Հայաստանի տնտեսությունը դնել զարգացման բարձր տեխնոլոգիական ռելսերի վրա՝ Հայաստանում զարգացնելով էլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի, գիտական սարքաշինության, հաստոցաշինության ու մեքենաշինության նոր ոլորտները՝ կազմակերպելով Մերգելյանի ԳՀԻ-ն, Աբովյանի էլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային գործարանների կոմպլեքսը, բազում այլ գործարաններ ու ԳԱՄ-եր Երևանում, Դիլիջանում, Գորիսում, Էջմիածնում, Կիրովականում և այլուր:

Ես հակված եմ այն մտքին, որ Քոչինյանի հակապետական նորամուծությունները միանշանակորեն եկել էին Մոսկվայից: Հաշվի առնելով Խորհրդային Հայաստանի իշխանական օղակներում այն ժամանակ տիրող կոմունիստական-բյուրոկրատական բարքերն ու սովորությունները, դժվար է համաձայնել այն մտքի հետ, որ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարը կարողանար դեմ գնալ պաշտոնական կոմունիստական գաղափարախոսությանն ու սեփական նախաձեռնությամբ հանրապետությունում արմատավորեր պոպուլիստական հակակուսակցական գաղափարախոսություն: Դրա համար նա անմիջապես կհեռացվեր և պաշտոնից, և կուսակցությունից: Հայաստանում ու մյուս խորհրդային հանրապետություններում իշխանությունները տրվում, իսկ իշխանափոխությունները տեղի էին ունենում միայն Մոսկվայի միանձնյա որոշումներով: Հիշենք, թե ինչպես Քոչինյանը հեռացվեց պաշտոնից ու տեղը զիջեց Կարեն Դեմիրճյանին: Այդ մասին ինձ պատմել է Անտոն Քոչինյանի պահպանության պետ Կորյուն Հայրապետի Ասլանյանը:


-1973 թվականին Երևանում տեղի ունեցավ ՀԿԿ կենտկոմի պլենումը, որտեղ դրված էր Անտոն Քոչինյանին աշխատանքից հեռացնելու հարցը: Պլենումի աշխատանքները շարունակվեցին երկու օր, որտեղ մեկը մյուսի հետևից քննադատական ելույթներ ունեցան Հայաստանի պետական ու քաղաքական հիմնական գործիչները՝ մատնանշելով, որ Քոչինյանը հեռացել է կուսակցության լենինյան գծից, երկրում ձևավորել է անբարոյական մթնոլորտ, զարկ է տվել կաշառակերությանը և խորհրդային մարդու համար խորթ այլ երևույթներին: Պլենումի երրորդ օրը քննադատական ելույթով պետք է հանդես գար նաև Կարեն Դեմիրճյանը, որի ելույթը նախօրոք համաձայնեցված էր պլենումի կազմակերպիչների հետ: Պլենումի երկրորդ օրը հանկարծ զանգ է գալիս Մոսկվայից, ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ Միխայիլ Սուսլովը հայտնում է Բրեժնևի վերջնական որոշումը. Քոչինյանը մնում է: Այս որոշումն իմանալով, Կորյուն Ասլանյանը, որը, ի դեպ, Կարեն Դեմիրճյանի ազգականն էր, գալիս է նրա մոտ ու խստորեն հանձնարարում.
-Ելույթ չես ունենալու, պատճառը չեմ ասի:


Դեմիրճյանը միակ բարձրաստիճան քաղաքական գործիչն էր, որն այդ պլենումում Քոչինյանի հասցեին ելույթ չունեցավ: Քոչինյանը մնաց իր պաշտոնում ևս մեկ տարի: Մեկ տարի անց Դեմիրճյանն ու Հայաստանի մյուս բարձրաստիճան ղեկավարները գնում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Մոսկվայից վերադարձող ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին դիմավորելու: Քոչինյանն իջնում է ինքնաթիռից, մոտենում է Կարեն Դեմիրճյանին, շնորհավորում է նրան ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով, ապա շրջվում է, նստում իր մեքենան և հեռանում օդանավակայանից ու քաղաքական ասպարեզից՝ ընդհանրապես:
1974-ից մինչև ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանը գլխավորում էր Կարեն Սերոբի Դեմիրճյանը: Խորհրդային տարիներին ամեն ինչ գալիս էր Մոսկվայից: Շինարարական նորմերի հաստատում, գործարանների կազմակերպում, ինստիտուտների բացում, ղեկավար պաշտոններում մարդկանց նշանակում՝ դրանք Մոսկվայի մենաշնորհն էին: Անկախանալուց հետո էլ մեր կյանքում շատ բան չփոխվեց:


Մոսկվայի թելադրանքից մենք չկարողացանք ազատվել նույնիսկ մեր երկրի ներքին կյանքը կազմակերպելու հարցում: Հիմնականում ամեն ինչ գալիս է Մոսկվայից, մի քիչ էլ Վաշինգտոնից՝ Հայաստանի առաջին դեմքերի միջոցով: Հայաստանի իշխանությունները ձևականորեն ձևավորվում են ընտրությունների միջոցով, որոնք քսանհինգ տարի շարունակ միայն կեղծվում են: Իշխանության ղեկին մնում են այն մարդիկ, ովքեր հարմար են Մոսկվային, նրանց միջոցով էլ իրականացվում է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը բխում է բացառապես Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերից ու ընկալումներից: Որոշ դեպքերում Ռուսաստանի ու Հայաստանի շահերը տարածաշրջանում համընկնում են: Եթե օգտվենք ռուսական «судить не по действиям, а по результатам» հայտնի խոսքից, ապա կարող ենք փաստել հետևյալը. պաշտոնական պայմանագրերով Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն ու կարևոր գործընկերն է: Ռուսաստանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության 100-րդ տարելիցին Պուտինն այցելեց Հայաստան և Թուրքիային ցույց տվեց իր ատամները, Ռուսաստանը մշտապես զինում է հայոց բանակը, օգնում է տնտեսապես, վարկեր է տրամադրում և այլն:

Բայց երբեմն Ռուսաստանը կատարում է այնպիսի քայլեր, որոնք դժվար է բարեկամական համարել: Ռուս մտավորականները շատ են խոսում Հայաստանի նկատմամբ իրենց ունեցած համակրանքից, բայց նրանց շուրթերից երբեք չես լսի մի կարևոր բարեկամական խորհուրդ. հույսներդ մի դրեք Ռուսաստանի վրա, զարգացրեք ձեր տնտեսությունը, զարգացրեք ձեր սեփական ռազմական արդյունաբերությունը, հրաժարվեք ձեր անհեռատես ղեկավարությունից ու ձեր հպարտ քաղաքացիների ու սփյուռքի հետ ապահովեք Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը: Անդրադառնանք 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմին: Գիտե՞ր արդյոք Ռուսաստանը Ադրբեջանի կողմից սպասվող ռազմական ագրեսիայի մասին, թե՞ իր համար էլ էր անակնկալ: Կարծում եմ՝ գիտեր, արբանյակային կապի հզոր համակարգի տեր երկիրը, որը մշտապես օպերատիվ ինֆորմացիա է հավաքում աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող բոլոր իրադարձություններից, չէր կարող չիմանալ: Կասեմ ավելին. առանց Ռուսաստանի հետ նախօրոք համաձայնեցնելու, Ադրբեջանն այդպիսի ագրեսիայի չէր կարող դիմել: Ադրբեջանական ագրեսիան տապալվեց մեր հերոս տղաների և ռուսական զենքի միջոցով, բայց Ռուսաստան-Ադրբեջան տանդեմի հաջորդ քայլերը մենք չգիտենք: Ռուսաստանը երբեք առիթը բաց չի թողել թուրքական գործոնով հայերիս վախեցնելու համար՝ վստահ լինելով, սակայն, որ մենք ևս հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական իր գլխավոր թշնամու դեմ Ռուսաստանը բացարձակ անզոր կլինի ու ոչինչ անել չի կարող առանց հայերի և Հայաստանի: Հայերի գլխից թռչելով ու Մեծ Թուրանը սկուտեղի վրա Նազարբաևին և Էրդողանին մատուցելուց հետո Ռուսաստանի փորը միանգամից կբացվի:

Իր երկրի նկատմամբ ռուսական ղեկավարությունը կգնա՞ արդյոք նման պրոթուրքական դավաճանական քայլի: Կգնա, եթե լավ կաշառք ստանա: Արտաքին հարաբերություններում ևս կաշառքը խաղում է իր ճակատագրական դերը, և այն կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հետխորհրդային երկրներում չեն հաստատվել նորմալ տնտեսական հարաբերություններ: Ցեյլոնի փորձը տարածելով Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Միջին Ասիայի ու Ղազախստանի վրա, ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հաջողվեց ժամանակավորապես մարդկանց ուշադրությունը շեղել առկա տնտեսական դժվարություններից: Սակայն Խորհրդային Միությունում կաշառակերության ալիքը զարգացավ ու հզորացավ այնպիսի տեմպերով, որ շատ շուտով բումերանգի պես վերադարձավ Մոսկվա, ու կատարվեց ամենաանսպասելին. Ռուսական իմպերիան տրոհվեց ու բաժանվեց իրար դեմ պատերազմող և պայքարող սլավոնական երեք երկրների՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի: Այդ երկրներում կաշառակերության մակարդակն այսօր անչափ բարձր է գնահատվում ու ընդգրկում է նրանց ներքին կյանքի և արտաքին քաղաքականության բոլոր կարևոր բնագավառները: «Перестройка»-ի միջոցով Խորհրդային Միությունը (ռուսական իմպերիան) պահպանելու բոլոր փորձերը ձախողվեցին: Ինչպես ասում են. Գորբաչովը գնաց բրդի, վերադարձավ խուզված: Ի՞նչ կլինի հետագայում, չգիտեմ: Կհաջողվի՞ արդյոք Պուտինին վերականգնել Ռուսական կայսրությունը, ցույց կտա ժամանակը:

Հայաստանի շահերից է բխում, որ Ռուսաստանը կարողանա ոտքի կանգնել, նաև Հայաստանի օգնությամբ, հաղթահարել իր տնտեսական ճգնաժամը, բռնել կայուն զարգացման ուղին, հզորանալ: Ինչը շատ կարևոր կլինի Հայաստանի համար: Քանի դեռ Ռուսաստանը չի լուծել իր տնտեսության հզորացման խնդիրները, նրանից սպասելի են ամենաանակնկալ քայլերը. պետք է ուշադիր ու զգույշ լինենք: Առայժմ մենք պարտավոր ենք մտածել մեր երկրի հզորացման մասին այնպես, որպեսզի կարողանանք մեր ուժերով երկրի սահմանները պահել ու պահպանել արևելքից: Արևմտյան մեր սահմանները կշարունակեն փակի տակ մնալ մինչև երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի սկիզբը, որը, հույս ունեմ, որ մեր տարածաշրջանում չի լինի ու, ընդհանրապես, տեղի չի ունենա: Աստված մեր հայերին պահապան, բայց պետք է մշտապես հիշենք ռուսական իմաստուն խոսքերը. «На Бога надейся, но сам не плошай!»։


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3384

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ