«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
12.07.2016 | 08:33

(սկիզբը՝ այստեղ)

ՊԵՏՔ Է ՅՈԹ ԱՆԳԱՄ ՉԱՓԵՆՔ ՈՒ ՆՈՐ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԿՏՐԵՆՔ ԿԱՄ ՉԿՏՐԵՆՔ


Որպես աքսիոմ պետք է ընդունել այն իրողությունը, որ դարերի ընթացքում մարդն իր էությամբ, իր կերպարով, իր ներքին աշխարհով երբեք չի փոխվել՝ անկախ նրանից, թե հասարակական-տնտեսական որ՝ ճի՞շտ, թե՞ սխալ ֆորմացիայի միջավայրում է ապրել ու աշխատել: Հայերը աշխատել ու լավ արդյունքների են հասել աշխարհի տարբեր անկյուններում, հասարակական-տնտեսական բոլոր ֆորմացիաների պայմաններում՝ Հնդկաստանում, Ռուսական կայսրությունում, Ամերիկայում, Պարսկաստանում, ամենուր, որտեղ նրանք հայտվել են բախտի քմահաճույքով կամ ճակատագրի բերումով: Այս ամենը հաշվի առնելով կարելի է ընդունել, որ խորհրդային ստվերային տնտեսության առանձնահատկություններն ուսումնասիրելիս կարիք չկա առանձին քննարկման նյութ դարձնել հայկական ստվերային տնտեսության ղեկավարների կերպարները: Նրանք գործել են որպես անհատներ՝ ելնելով իրադրությունից բխող պայմաններից ու հանգամանքներից՝ լավագույնս օգտագործելով իրենց ընձեռված հնարավորությունները։ Այս պարագայում կարևորը երևույթների գիտական գնահատականները տալն է, երևույթների, այսպես կոչված, ֆենոմենոլոգիայի նկարագրումը:

Ճիշտ է, հասարակական հարաբերությունների ձևավորման հարցում Մարքսը մշտապես կարևորել է նաև աշխատանքային պրոցեսում մարդկանց միջև ձևավորվող հարաբերությունները՝ հաշվի առնելով նրանց զուտ անհատական առանձնահատկությունները (աշխատանքի արդյունավետությունը, մտավոր ունակությունները, նաև սպառողական պահանջների տարբերությունները, առողջական առանձնահատկությունները), բայց խորհրդային տարիներին Մարքսի տնտեսագիտական տեսությունը մեզ մշտապես մատուցվել է մի այլ ռակուրսով՝ հարմարեցնելով Լենինի սեփական գաղափարներին, պատկերացումներին, անձնական դրդումներից ու միայն իրեն հայտնի պատճառներից բխող իրական նպատակներին: Հիշյալ խնդրի նրբությունները լավ հասկանալու համար արժե մեկ անգամ ևս անդրադառնալ սոցիալիստական ու կոմունիստական հասարակարգերի վերաբերյալ Լենինի գաղափարների մանրակրկիտ վերլուծությանն ու համապատասխան օբյեկտիվ գնահատականներին։ Թեկուզ և դրա կարիքը առանձնապես չի էլ զգացվում, որովհետև դրանք հայտնի են։ Այնուամենայնիվ, արժեր դրանք վերանայել ու վերաիմաստավորել՝ հաշվի առնելով գորբաչովյան բարեփոխումների ու Խորհրդային Միության կործանման դառը փորձերի արդյունքները:


Այսօր հետխորհրդային երկրներում անհասկանալի բաներ են կատարվում. ծաղկուն ՈՒկրաինան քաղաքացիական պատերազմի բովում է, երկիրը գնում է դեպի կործանում, իսկ երկրի նախագահն ավելի է հարստանում։ Պորոշենկոյի կապիտալը միայն աճում է յոթմղոնանոց քայլերով, Ադրբեջանը նոր զինատեսակներով պատերազմի է դուրս գալիս վատ զինված հայկական բանակի դեմ ու լավ ծեծ է ուտում երիտասարդ հայ զինվորների կողմից, բայց այդ օրհասական օրերին Ղարաբաղի ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չկա, չի երևում։ Ասում են Հայաստանի հաշվին միլիարդավոր դոլարներ է դիզել։ Այնքան, որ կարելի է և՛ հայկական բանակը նոր զենքով զինել։ Բայց նա աֆրիկաներում սաֆարիներ է անում, հայկական հրատապ խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի:
Ադրբեջանի նախագահի մասին խոսելն անգամ ավելորդ է. յուրայինների մի փոքրիկ խմբով իր բուռն է հավաքել թալիշներին, լեզգիներին, ավարներին, ծախուրներին, թաթերին, ուդիներին, տարածաշրջանում մեր մշտական հարևան ու բարեկամ այլ ժողովուրդների և անում է՝ ինչ սիրտը կամենա, ինչը բխում է միայն իր ու իր ընտանիքի շահերից: Պարզվում է՝ հետխորհրդային երկրների նախագահները նույն կտավից են գործված, որովհետև նրանք բոլորն էլ եկել են Խորհրդային Միությունից, ծնվել են մարդկային առողջ բանականությունից դուրս գործած այդ անհասկանալի երկրում, մտնում են «հոմո սովետիկուս» մեկ ընդհանուր մարդկային ծագումնաբանական խմբի մեջ:


Ինչպե՞ս գնահատել հետխորհրդային կապիտալիստական էլիտայի գործելակերպն ու պահվածքը՝ ելնելով մարքսիզմ-լենինիզմի հանրահայտ դրույթներից, հիմա ո՞վ կարող է նախկին խորհրդային քաղաքացիներին բացատրել, թե նրանք ի՞նչ են անում, ինչպե՞ս են վերաբերվում ու վարվում իրենց վստահված երկրների ու երկրամասերի ճակատագրերին, մի՞թե Կրեմլի ղեկավարները նույնը չէին անում մինչև Գորբաչովի հանդես գալը՝ «չամչի գրավ» դնելով 300- միլիոնանոց խորհրդային ժողովրդի կյանքն ու անծայրածիր երկրի ապագան: Այնպես որ, հարգելի Մարքս ու, առանձնապես, հարգելի Լենին, թույլ տվեք ձեր տեսություններին ու գաղափարներին կասկածանքով վերաբերվել, այնքան էլ չհավատալ ու այլևս երբեք նրանցով չառաջնորդվել, որովհետև դրանք զուտ տեսական, ուտոպիստական, արհեստածին, հորինված գաղափարներ են՝ հեռու մարդկային առողջ բանականությունից ու մարդու մարդկային էությունից: Ժամանակին դպրոցներում, ինստիտուտներում, բանակում ու աշխատավորական կոլեկտիվներում, այդ կեղծ գաղափարները տարբեր ձևերով ու մեթոդներով, անընդհատ լցվում էին խորհրդային մարդկանց ուղեղները՝ նրանց զրկելով իրենց կյանքը սեփական հայեցողությամբ կազմակերպելու, սեփական շահերի համար ծառայեցնելու, իրենց մարդկային իրավունքների համար պայքարելու աստվածատուր պարգևից: Խորհրդային Միության քաղաքացիները պարտավոր էին անվերապահորեն ընդունել լենինյան գաղափարներն ու անվերջ պայքար մղել կյանքում դրանց անշեղ իրագործման համար:

Դատելով Խորհրդային Միության պատմության դառը փորձից ու կրած քաղաքատնտեսական վերջնական ֆիասկոյից` կարելի է փաստել, որ մարքս-լենինյան գաղափարները կյանքում չաշխատեցին, կենսունակ չեղան, համենայն դեպս, Ռուսական կայսրության սահմաններում: Ճիշտ կլիներ, որ նոր ու կեղծ գաղափարների փոխարեն, մարդկանց առաջարկվեր ապրել ու առաջնորդվել խղճի թելադրանքով, այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում, որով արդեն քանի՜ հազարամյակ ապրել, աշխատել ու արարել են մարդիկ: Այս մասին կարելի է երկար խոսել, քննարկել, քննադատել ու վերջնական կարծիքի չգալ, որովհետև այդ թեման շատ բարդ է՝ պատմական փաստերի համադրման ու մանրակրկիտ վերլուծությունների կարիք ունի: Դա թողնենք մեր փիլիսոփաներին, պատմաբաններին ու տնտեսագետներին, որոնք իրենց հետազոտությունների մեջ կարող են կիրառել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընձեռած հսկայական հնարավորությունները։ Պետք է ինչպես հարկն է ուսումնասիրել, մոդելավորել հասարակական պրոցեսների զարգացման դինամիկան և բանական, կյանքից բխող ու խելքին մոտիկ եզրահանգումների գալ՝ ընդգրկելով համաշխարհային պատմության ողջ ընթացքը՝ նախամարդուց սկսած ու մեր օրերով ներառյալ: Փառք Աստծո, որ նման հետազոտությունների համար հիմա այնպիսի հոյակապ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններ են ստեղծվել, որոնց մասին Մարքսն ու Լենինը երազել անգամ չէին կարող, կարելի է ճշգրիտ կանխագուշակումներ անել, հասկանալ, թե ինչ է լինելու մեր վերջը, ավելի ճիշտ կլինի ասել, թե, ի վերջո, մեզ ո՞ւր են քշելով ու քարշ տալով տանում:


Հետաքրքիր է իմանալ ու հասկանալ, թե ինչ են մտածում մեր հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը, ի՞նչ գաղափարներով և օտարածին ծրագրային դրույթներով են նրանք իրենց էշը քշում, ո՞րն է այդ ամենի իմաստը, վերջնական նպատակը, մասնավորապես, ֆինալային հատվածի մասով։ Տեսնես նրանք գիտե՞ն, թե համայն աշխարհում ինչ է կատարվում ու ինչ հանգրվան (հույս ունենանք, որ, ամեն դեպքում, դա բարի կլինի հայ ժողովրդի համար) է նախատեսված մեր ժողովրդի համար՝ գոնե տեսանելի ապագայում։ Ինչո՞ւ են նրանք անընդհատ աշխատում մեր տնտեսությունը հետ գցելու խնդրի վրա, ինչո՞ւ են անընդհատ խրախուսում մեր քաղաքացիների արտագաղթը և այլ ազգադավ գործողություններ ձեռնարկելով դժվարացնում մեր կյանքը: ՈՒզում ենք, որ հայկական հասարակական կյանքում հստակություններ մտցվեն, իմանանք, թե որն է ճիշտը, որն է ելքը եթե ոչ համաշխարհային հանրության, ապա գոնե հայ ժողովրդի համար:


Եթե մարքս-լենինյան գաղափարների խնդրին փորձենք մոտենալ զուտ ինժեներական տեսակետից՝ մի կողմ դնելով բազում բարի ցանկությունները, էմոցիոնալ արտահայտությունները, փիլիսոփայական մտքերը, անվերջ ու ոչնչով չհիմնավորված խորհրդային լավատեսությունը (որոնք անընդհատ, տարբեր ձևերով ու մեթոդներով, մեծ զգուշավորությամբ ներկայացվել են խորհրդային ժողովրդին՝ շրջանցելով հասարակական կյանքի մութ ու կնճռոտ կողմերը, թաքցնելով երկրում ու աշխարհում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունները, հնարավոր ծանծաղուտներն ու սահանկումները), ապա մեր առջև կբացվի այն դառը ճշմարտությունը, որը եղել է մարքս-լենինյան գաղափարների փորձարկման համար ստեղծված ու «Խորհրդային Միություն» անվանումը կրող միջազգային հատուկ պոլիգոնում: Փորձը չստացվեց, փորձը փորձանք դարձավ խորհրդային ժողովրդի գլխին ու մինչ օրս կախված է նրա գլխավերևում, ինչ-որ բան այն չէր, ինչ-որ բան այնպես չստացվեց։ Ո՞րն էր սխալը, որտե՞ղ էր սխալը, մի՞թե ամեն ինչ գալիս էր Գորբաչովից, նրա թույլ տված սխալներից, կապված էր նրա անձի ու անվան հետ: Եթե Խորհրդային Միության տնտեսական անհաջողությունների, ստալինյան ռեպրեսիաների, Բրեժնևի անբացատրելի թափթփվածության բոլոր մեղքերն ու հանցագործությունները փորձենք բարդել միայն Գորբաչովի վրա, ապա դա թույլ կտա հիմնավորել նաև նրանից հետո եկող ազգի (ազգերի) լիդերների անգործությունը։ Ասել է՝ պատասխանատվությունից խուսափելու համար մշտապես նորանոր գորբաչովներ ենք փնտրելու, որպեսզի կարողանանք մեղավորներ գտնել ու փորձելով նրանցով բացատրել հետխորհրդային երկրներում տեղի ունեցող ճակատագրական հանցանքների ու ձախողումների փաստերը: Նման իրադրություններում խորհրդային դաստիարակությամբ մարդը այլ կերպ վարվել չէր էլ կարող. բացի սեփական անձից մեղավոր են բոլորն ու բոլոր հարցերում։


Իհարկե, չի կարելի հընթացս քննադատել աշխարհի հանճարեղ տնտեսագետ-փիլիսոփա-գիտնական Կարլ Մարքսին, դա անհամեստություն կլիներ, բայց, ինչ արած, նրա ստեղծած գիտությունն ու տնտեսագիտությունը կարողացան աշխատել ու դրական արդյունքներ տալ միայն կապիտալիստական երկրներում, Խորհրդային Միության տարածքում Մարքսի գաղափարները չաշխատեցին, կենսունակ չգտնվեցին: Թերևս արդարացի են նրանք, ովքեր սովետական ձախողված տնտեսական էքսպերիմենտի համար մեղադրում են անձամբ Լենինին, ով փորձեց Մարքսի տեսությունը կիրառել սեփական մեկնաբանությամբ՝ ռուսական քաղաքական հասարակության տեսադաշտից հանելով ու խնամքով թաքցնելով այն կարևոր նախապայմանները, որոնք, ըստ Մարքսի տեսության, անհրաժեշտ էր հաշվի առնել՝ մինչև սոցիալիստական ու կոմունիստական հասարակարգերի կառուցման խնդիրներին հասնելը:
Մարքսը համոզված էր, ու սոցիալիստական ու կոմունիստական հասարակարգերի կառուցումը կարող էր լուծվել, իրականություն դառնալ միայն կապիտալիստական հասարակարգի զարգացման վերջին էտապում՝ շատ բարձր մակարդակի հասնելուց հետո (ինչպես դա տեղի է ունեցել Շվեդիայում ու Շվեյցարիայում): Ռուսական կայսրության սահմաններում կապիտալիզմը նոր էր սկսել ձևավորվել, գտնվում էր զարգացման ստորին մակարդակների վրա՝ ֆեոդալական հասարակարգից ոչ այնքան հեռու: Մարքսի այդ կարևոր պայմանի անտեսումը Լենինի կողմից կարելի է դիտավորություն համարել: 1917 թվականին Լենինը խնդիր ուներ ռուսական քաղաքական էլիտային ու մտավորականությանը համոզելու, որ Ռուսաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները սոցիալիստական հեղափոխություն իրագործելու համար, որ դա է աշխատավոր ժողովրդի կյանքը լավացնելու, երկիրը պատերազմից դուրս բերելու և փրկելու միակ ճշմարիտ ուղին, մնացած բոլոր ճիշտ ճանապարհները Ռուսաստանի համար պիտանի չեն։


«Այսօր շուտ է, վաղը ուշ կլինի»,- այս հիմնավորումով Լենինը 1917 թվականի հոկտեմբերի 25-ի գիշերվա ժամը 24-ը նշանակեց, որպես Ռուսաստանում հեղափոխություն (հեղաշրջում) սկսելու պատմական պահ: Դա արվեց այն ժամանակ, երբ երկիրը, մինչև ականջները, խրված էր Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, ու մոտ էր հաղթական ավարտը: Ռուսական քաղաքական շրջանակներում այսօր շատ է խոսվում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության կազմակերպման հարցում Գերմանիայի շահագրգռության մասին: Ըստ որոշ ռուս պատմաբանների, գերմանացիները Լենինին ու մի շարք այլ ռուս-հրեական քաղաքական անհաջողակների, որոնք եվրոպական գրադարաններում ինքնազարգացմամբ էին զբաղված, կազմակերպված ձևով ուղարկեցին Ռուսաստան՝ հեղաշրջում կազմակերպելու և քաղաքացիական պատերազմ հրահրելու նպատակով: Շվեյցարիայից Պետրոգրադ Լենինի տեղափոխումը կազմակերպող գերմանացի գեներալը հետևյալ միտքն է արտահայտել. «Հիշյալ քայլով մենք Ռուսաստանի վրա մի այնպիսի ռումբ կնետենք, որից փրկություն չի լինի»: Համամիտ եմ գեներալին. հենց այդպես էլ կար:


Պատերազմում պարտվող Գերմանիան պետք է որ ձեռքերը փրփուրներին գցեր ու ջախջախիչ պարտությունից խուսափելու տարբերակներ փնտրեր: 1917 թվականի ռուսական հեղափոխությունը գերմանացիներին տալիս էր այդ հնարավորությունը ու, ինչպես ցույց տվեցին 1-ին համաշխարհային պատերազմի հետագա զարգացումները, նման լիարժեք հնարավորությունը Գերմանիան ստացավ Լենինի միջոցով, թեև դա էլ նրան չօգնեց` լիակատար պարտությունից խուսափելու: Գերմանիան վերջնական պարտություն կրեց ու սկսեց նախապատրաստվել հաջորդ համաշխարհային պատերազմին։ Այստեղ էլ Գերմանիան տարածքային, նյութական ու մարդկային մեծ կորուստներ ունեցավ, դարձյալ պարտվեց ու անվերապահ կապիտուլյացիայի ենթարկվելուց հետո վերջապես խելքի եկավ ու հասկացավ, որ աշխարհը այդպես չեն գրավում: Աշխարհը գրավում են ոչ թե ուժով, այլ խելքով, գիտությամբ, տեխնիկայով և տեխնոլոգիաներով: Այսօր Գերմանիան տնտեսական աննախադեպ հաջողությունների է հասել ու հաջողությամբ, երկիր առ երկիր գրավում է աշխարհը՝ տեխնոլոգիական կախվածության մեջ դնելով եվրոպական երկրները, Ռուսաստանը և ում հնարավոր է: Այսօր ցանկացած երկիր պատրաստ է կամավոր հանձնվելու և ենթարկվելու գերմանական կապիտալին, տարածքներ տրամադրելու, արտոնյալ պայմաններ ստեղծելու գերմանացի ներդրողների ու գործարարների համար, թույլ տալու ցածր աշխատավարձով գործի վերցնել ու շահագործել սեփական քաղաքացիներին:

Ի՞նչ է սա, եթե ոչ ուրիշ երկրները գրավելու, նրանց բնական ու աշխատանքային ռեսուրսները ի նպաստ Գերմանիայի օգտագործելու, ժամանակակից տեխնոլոգիական հնարքների միջոցով քաղաքացիներին շահագործելու և փաստորեն ստրկացնելու իրողություն: Գերմանիայի գլոբալ հաղթանակի մասին է վկայում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը: Այդ մասին է խոսում նաև ֆրանսիացի գործատուների նախաձեռնությամբ մարդկանց աշխատանքից ազատելու ընթացակարգը պարզեցնելու վերաբերյալ Ֆրանսիայի կառավարության կայացրած որոշումը, որը սվիններով ու ցույցերով ընդունեցին ֆրանսիացիները: Դրանք ցույց տվեցին, որ, ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի տնտեսությունը հետընթաց է ապրում, որ Ֆրանսիան չի դիմանում տնտեսական մրցակցությանը, փորձում է իր տնտեսական վիճակը կարգավորել քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացման հաշվին՝ ստիպելով ավելի շատ աշխատել, վատ աշխատանքի դեպքում անմիջապես փողոց շպրտվել ու հույսերը շատ չկապել սոցիալական ապահովագրական պետական համակարգի հետ:


Հիշո՞ւմ եք ինչ տեղի ունեցավ Գերմանիայում 2000 թվականների սկզբին, երբ երկիրը հայտնվեց «ավտոմոբիլային» տնտեսական ճգնաժամի մեջ ու ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց քաղաքացիների վրա սոցիալական որոշակի ճնշումներ գործադրել՝ մեկ օրով կրճատելով աշխատանքային շաբաթը: Ո՛չ, գերմանացիները չբողոքեցին, ցույցեր չկազմակերպեցին, այլ որոշեցին այդ մեկ օրն օգտագործել սովորելու, սեփական մասնագիտական մակարդակը բարձրացնելու համար: Մի քանի օրվա ընթացքում գերմանացիները դատարկեցին աշխատանքային գործիքներ վաճառող բոլոր խանութները՝ տներում օգտակար ու ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար համապատասխան աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով: Իսկ նման դեպքերում ի՞նչ կանեին ռուսները, ֆրանսիացիները կամ հույները, եթե իրենց թույլ տային մեկ օրով պակաս աշխատել: Ճիշտ եք, նրանք կորոշեին՝ երկու օրվա փոխարեն պետք է երեք օր հանգստանալ ու պիկնիկների տևողությունը մեկ օրով երկարացնել, երկարաժամկետ հարբեցողությամբ զբաղվել:

Համոզված եմ, Գերմանիային շուտով կհաջողվի առանց դժվարության ստրկացնել ու իր ազգային-տնտեսական շահերի համար ծառայության վերցնել եվրոպական բոլոր ժողովրդներին ու, առաջին հերթին ռուսներին՝ առանց մի կրակոց արձակելու, առանց մի կաթիլ արյուն թափելու: Գերմանացիները անպայման կհասնեն իրենց նպատակին, որովհետև իրենց արյան, իրենց էության մեջ արդեն ունեն զարգացման միասնական ազգային ծրագիրը՝ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները կյանքի կոչելու մոտիվացիա, որը սկզբունքորեն ձևավորվել է դեռևս Հիտլերի ժամանակ (դրանում ես խորապես համոզված եմ), ու ամեն ինչ անում են այն իրագործելու համար, առաջին հերթին խելքով՝ կրթելով ու դաստիարակելով իրենց քաղաքացիներին՝ մանուկ հասակից սկսած օգտագործելով իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորությունները: Տնտեսական հաջողությունները գերմանացիներին թույլ կտան վերադարձնել իրենց հայրենիքի կորցրած տարածքները: Գիտե՞ք, թե ազատ ժամանակ ինչով է զբաղվում Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Նոյերը։ Մտածում եք՝ լրացուցիչ փողե՞ր է աշխատում: Ո՛չ, Նոյերն իր ազատ ժամանակն օգտագործում է դպրոցներում՝ երեխաների համար բարեգործական հիմունքներով ընթերցանության դասեր անցկացնելով՝ նրանց մոտ ուսման նկատմամբ ավելի մեծ սեր առաջացնելու նպատակով՝ օգտագործելով գերմանացի երեխաների մոտ նրա ունեցած բարձր հեղինակության, երեխաների կուռքը լինելու հանգամանքը: Այնպես որ, ամեն ինչ, նմանապես գերմանացիների բարեկեցիկ կյանքը, ստեղծվում է համառ ու նպատակասլաց աշխատանքով:

Սա մեր ականջներին պետք է լավ օղ անենք, խորամանկելով, գողանալով, թալանելով և այս կամ այն երկրների եղած, թե չեղած շահերի վրա հույս դնելով, սրա-նրա վրա «մուննաթ գալով» ոչինչ չի ստացվի, պետք է աշխատել ու աշխատել հանուն սեփական երկրի բարգավաճման, իսկ դրա համար աշխատանքային պայմաններ, ստեղծագործական մթնոլորտ, այսպես կոչված, բիզնես միջավայր է հարկավոր ստեղծել, բայց ոչ այնպես, ինչպես Հայաստանում է դա արվում:


Վերջերս իմացանք, որ Հայաստանի հարկային մարմիններն իրենց ստուգումները կազմակերպելու նոր ձևեր են գտել՝ 52-ի փոխարեն արդեն 78 չափորոշիչ են օգտագործում: Այդքան շատ չափորոշիչներով «կահավորված» բիզնես միջավայրի կողքով ոչ ոք չի համարձակվի անցնել, էլ ուր մնաց ներդրումներ բերի Հայաստան ու ինչ-որ գործեր կազմակերպի: Հայաստանը պետք է մի կողմ թողնի Ռուսաստանի շահերին կուրորեն ծառայելու իր անսահման նվիրվածությունը և փորձի առաջ շարժվել մեկ այլ, գերմանականին մոտ ու ավելի հուսալի ճանապարհով: Ռուսաստանի շահերին երկու դար շարունակ ծառայելու արդյունքը մենք կարող ենք հանրագումարի բերել՝ նայելով մեր ու մեր հարևանների քարտեզներին. Հայաստանը շատ բան է կորցրել տարածքների ու գենոֆոնդի տեսքով, իսկ տնտեսության կարճատև թռիչքային զարգացումը, որը Հայաստանը տեսավ խորհրդային 70 տարիների (դա բացատրվում է ոչ թե Հայաստանի նկատմամբ ունեցած անսահման կոմունիստական սիրով, այլ հայ մասնագետների աշխատանքային ունակություններով, որոնք կարևոր էին ԽՍՀՄ արդյունաբերության զարգացման համար), իր բնույթով հրաշալի բացառություն էր, ճակատագրի աստվածային պարգև, որը, սակայն, կարճ ժամանակահատվածում ի չիք դարձվեց ու զրոյացվեց՝ Ռուսաստանի նշանակած հայկական կառավարիչների կազմակերպված ալան-թալանի ճանապարհով: Հայաստանը պետք է փորձի գնալ Գերմանիայի և Իսրայելի նման երկրների ճանապարհով, այստեղ մենք կարող ենք հաջողություններ ունենալ՝ առանց մարդկային զոհերի ու տարածքային հետագա կորուստների: Պետք է փորձենք առաջնորդվել ռուսական հայտնի ասացվածքով. «Мудрец меняет свое решение, а дурак остается при нем»:


Հայ ժողովուրդը իմաստուն ազգ է, պետք է կարողանա հասկանալ, որ աշխարհում իրադրություն է փոխվել, որ պետք է փոխել, արդիականացնել նախկին որոշումները, ռազմավարությունը, մտածելակերպը, պետք չէ շատ միամիտ մնալ ու վարդագույն երազների տեսլականով ապրել, թեկուզ այդ մոտեցումը շատ հատկանշական է, հատկապես, իմաստուն մարդկանց ու ժողովուրդների համար։ Այստեղ էլ կա ռուսական ուսանելի ասացվածք. «У всякого мудреца довольно простоты» (ամեն իմաստուն ունի միամտություն): Ընթերցողի մեջ թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե այսպիսով Հայաստանում փորձ կարվի դնելու հակառուսական, պրոամերիկյան կողմնորոշման հիմքերը: Հայերիս գերակշիռ մասը ռուսական կողմնորոշում ենք ունեցել ու դեռ երկար ենք ունենալու, բայց ռուսական կողմնորոշումը ազգային նպատակ լինել չի կարող, ռուսական կողմնորոշումը եկել է մեր ազգային խնդիրները, ազգային շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով, բայց հիմա լուրջ խնդիրներ են առաջացել հենց այդ գերակա կողմնորոշման պատճառով: Եթե մեր ազգային շահերը տարածաշրջանում տուժում են մեր բարեկամ երկրի քաղաքականության, քաղաքական հավասարեցման պատճառով, չնայած մեր ցուցաբերած անվերջ նվիրվածությանն ու նեղ օրերին Ռուսաստանին օգնության հասնելու ջանքերին, եթե Ռուսաստանի ազգային շահերը գնում են այլ ուղղություններով, որոնք վտանգավոր են հայ ժողովրդի ազգային կենսական շահերը ապահովելու տեսանկյունից, ապա այստեղ պետք է դադար առնել ու մտածել, պետք է յոթ անգամ չափենք ու նոր մեկ անգամ կտրենք կամ չկտրենք:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ