ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
08.07.2016 | 00:15

(սկիզբը՝ այստեղ)

Էգոիզմը (egoisme - եսասիրություն, սեփական շահի գերադասումը ուրիշների ու հասարակության շահերի նկատմամբ, չափազանցված պատկերացումներ սեփական անձի ու սեփական արժանիքների նկատմամբ) անբուժելի մարդկային հիվանդություն է, որը, ելնելով ստեղծված պայմաններից, կարող է միայն շրջապատից ժամանակավորապես թաքցվել, բայց այն անվերջ մնալու է մարդկանց ու նրանց գեների մեջ, փոխանցվելու է հաջորդ սերունդներին: Հույս ունենալ, որ ապագայում մարդկանց գերակշիռ մասի եսասիրությունը կնվազի՝ իր տեղը զիջելով ալտրուիզմին (այլասիրությանը-altruisme), որի համար, ի տարբերություն էգոիզմի, բնորոշ է ուրիշների հոգսերով ապրելը, ուրիշներին անշահախնդիր օգնություն ցույց տալը՝ զոհաբերելով անձնական շահերը: Ալտրուիստներին հատուկ են մարդկային այնպիսի դրական հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, գթասրտությունը, լավատեսությունը, կամեցողությունը, մեծահոգությունը, ազնվությունը, մարդկանց նեղ օրին հասնելու պատրաստակամությունը, պարկեշտությունը, կոլեկտիվիզմի զգացումը, հոգատարությունը, առատաձեռնությունը, բարեգործությունը, անկեղծությունը, սկզբունքայնությունը և այս ամենի արդյունքում ձևավորվող պետականամետությունը:


Չնայած կոմունիստական պետական քարոզչամեքենայի անդադար աշխատանքին, ազնիվ ու հանրօգուտ կյանքով աշխատելու պրոպագանդիստական խորհուրդներին, հորդորներին, պահանջներին ու պարտադրանքին, Խորհրդային Միությունում հասարակության ալտրուիստական թևը զարգացում չունեցավ, մնաց միայն գիտական հասարակության նեղ շրջանակներում, գնալով պակասեց՝ տեղի տալով ու ասպարեզ բացելով հասարակության մեջ էգոիստական թևի զարգացմանը, որի երկրորդ շնչառությունը բացվեց Ստալինից հետո, լավ հնարավորություն ստացավ գրոհելու և գրավելու իշխանական բոլոր բարձունքները, պետական, կուսակցական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր կարևոր դիրքերը՝ դառնալով իշխող կուսակցական և իշխող կառավարչական համակարգերի հենքը: Էգոիստների համար կարևոր է, որ գրաված պաշտոնները լինեն միայն իշխանական. որտեղ իշխանություն, այնտեղ էլ ազդեցության լծակներ ու, հետևաբար, արդյունքում փողեր, փողեր ու միայն փողեր: Այս ամենի ականատեսը մենք դարձանք մեր օրերում՝ հետևելով ղարաբաղյան շարժման ժամանակ ասպարեզ իջած ու, հետագայում, Հայաստանի Հանրապետության իշխանական աթոռներին բազմած քաղաքական գործիչների շարժին: Մենք տեսանք, որ անկախության պայմաններում, ազգային հողի վրա էգոիստ հայ մարդը իրեն ավելի լավ է զգում՝ ցուցադրելով անհատական բացասական հատկանիշների այն համն ու հոտը, որոնք բնորոշ են եղել աշխարհի բոլոր էգոիստներին, ճիշտ այնպես, ինչպես հարյուր, հազար կամ հարյուր հազար տարի առաջ: Միայն զարմանալ կարելի է, թե խորհրդային պայմաններում իրենց համեստ աշխատանքով ու ողորմելի ռոճիկով մի կերպ գոյությունը քարշ տվող շարքային մտավորականները կամ քաղաքականության մեջ իրենց առաջին քայլերը կատարող դատարկապորտները ինչպե՞ս կարողացան նոր պայմաններում շատ արագ կողմնորոշվել ու առանց ժամանակ կորցնելու առաջ նետվել և իշխանական սանդուղքներով վեր, ավելի վեր բարձրանալ՝ հարստանալով ու իրենց տակը քաշելով համաժողովրդական համարվող ազգային ողջ հարստությունը՝ ազատ-անկախ Հայաստանի տնտեսությունն ու հայ ժողովրդի ազգային անվտանգությունը դնելով փաստի առաջ:


Կապիտալիզմի տնտեսագիտական օրենքը, ըստ Ստալինի, հիմնված է մաքսիմալ շահույթ ստանալու վրա, որն իրականացվում է սեփական երկրի բնակչության մեծամասնության շահագործման, սնանկացման, աղքատացման կամ հետամնաց երկրների ժողովուրդների թալանը կազմակերպելու միջոցով: Սոցիալիզմի հիմնական տնտեսագիտական օրենքը, դարձյալ ըստ Ստալինի, հասարակության բոլոր անդամների աճող նյութական ու կուլտուրական պահանջմունքների լիակատար բավարարումն է, որը կատարվելու է սոցիալիստական արտադրության անշեղ զարգացման ու նորագույն տեխնիկայի կիրառման միջոցով: Ստալինի մեծությունն այն էր, որ նա ժամանակին կարողացել էր հասկանալ ալտրուիստների ու էգոիստների միջև գոյություն ունեցող բնական տարբերությունը՝ մեկը ստեղծող, ստեղծագործող, բարեպաշտ ու պետականամետ, մյուսը՝ քանդող, կործանող, մշտապես խանգարող ու միայն վնասներ տվող դիվերսանտ:


Ալտրուիստ-էգոիստ բնավորությունների տարբերությունը հասարակության մեջ մշտապես վերածվել է ստեղծագործողների ու ավերիչների անզիջում պայքարի, որի արդյունքում էլ մարդկանց միջև ձևավորվել են կոնկրետ հասարակական հարաբերությունները: Համոզված եմ՝ ալտրուիստների ու էգոիստների հակասական կերպարը գալիս է ոչ թե բնավորությունների էական տարբերությունից (սա տարբերությունների արտաքին, մակերեսային ու նկատելի մասն է, որը սուբյեկտիվ բնույթ ունի), այլ կոնկրետ մարդկանց կյանք-ոգի (bios-psyche) ֆիզիոլոգիական տարբերություններից ու առանձնահատկություններից, որոնց հիմքերն օբյեկտիվ են, ծնված օրից են գալիս: Մեկը՝ առողջ, ուժեղ, խելացի, ընդունակ ու աշխատասեր, մյուսը՝ տկար, ծույլ, համեմատաբար թուլամիտ, բայց երկուսն էլ ունեն իրենց սեփական ֆիզիոլոգիական պահանջմունքները նույն չափով, նույն դաշտից, նույն կերակրատաշտից բավարարելու խնդիր, գրեթե հավասար պահանջմունքներ՝ անկախ նյութական բարիքները ստեղծելու մեջ ունեցած անհատական ներդրումներից: Այստեղից էլ առաջանում է այն հակասությունը, որը հետագայում խորանում, դասավորվում, խմբավորվում, համակարգվում ու վերածվում է հակադրության, հակամարտության, դասակարգային պայքարի, խմբակային շահերի պաշտպանության համար ստեղծված կուսակցությունների, մաֆիոզ խմբերի և այլն: Մարքսը, Լենինն ու Ստալինը թերևս այստեղից էլ պետք է սկսեին ու զարգացնեին իրենց քաղաքատնտեսական գաղափարները, եթե իրոք ձգտում էին հասնել արդարության ու արդարացի հասարակության (կոմունիզմի) կառուցմանը, եթե ցանկացել կամ այդպիսի ձգտում երբևէ ունեցել էին, որի համար կասկածելու խիստ հիմքեր ունենք:

Թյուրիմացությունն այն է, որ իր մեթոդաբանության հիմքում մարքսիզմ-լենինիզմը դիտարկում է միայն մատերիալիզմի (materialism-նյութական) գիտական ուղղությունը՝ հետին պլան մղելով, հաճախ նաև բացառելով հասարակական հարաբերությունների զարգացման գործում գիտակցության ունեցած վճռական դերը: Այս ամենը պարզելու ու հասկանալու համար պահանջվեց 70 տարի շարունակ 300-միլիոնանոց խորհրդային ժողովրդին տանջել, ռուսական իմպերիայի փոխարեն՝ Խորհրդային Միություն կառուցել, քանդել ու այդպես էլ, մինչ օրս, ճիշտ հետևությունների չհանգել: Եթե ալտրուիստներին հատուկ է մտավոր ու ֆիզիկական ունակությունների բավարար պաշար՝ իրենց ու իրենց ընտանիքների անդամների նյութական ու մշակութային պահանջմունքները միայն սեփական աշխատանքով ու քրտինքով բավարարելու համար, ապա էգոիստներին դա չի հաջողվում, այստեղ խնդիրներ կան, որոնք լուծելու համար նրանք պետք է ձգտեն ապրել ուրիշների հաշվին, դիմեն անազնիվ քայլերի, խարդախության, գողության, կաշառակերության և այլ միջոցների: Ինչևէ, նրանք ստիպված են լինում այդպես վարվելու: Հասարակական հարաբերությունների հաստատման գործում մարդկային գիտակցության կարևոր դերն ու նշանակությունը լավագույնս ներկայացված են Աստվածաշնչում, որի խոսքին հետևելը չէր խանգարի, այլ լավագույնս կօգներ Կրեմլի ղեկավարներին ու նաև հետխորհրդային երկրների ներկայիս նախագահներին, իշխաններին ու իշխանիկներին ևս: Հայտնի է, որ Գերմանիայի գիտական, արդյունաբերական ու տնտեսական զարգացման հիմնական լոկոմոտիվը դարձել է երկրի հարավային շրջանը, որտեղ բարձր հիմքերի վրա է դրված մարդկանց քրիստոնեական դաստիարակության կազմակերպման գործը: Աստվածավախ, աստվածապաշտ, Աստվածաշնչով ղեկավարվող մարդը կարող է նաև հաջողակ գիտնական, գյուտարար ու արդյունաբերող լինել:

Եթե ուշադրությամբ հետևենք խորհրդային ճանաչված գիտնականների կյանքին ու աշխատանքային գործունեությանը, ապա կտեսնենք, որ նրանց աշխատանքային հիմնական մոտիվացիան կառուցված է եղել գիտակցական, գաղափարական հենքի վրա, նրանց մոտ նյութական, մատերիալիստական բաղադրիչը հիմնովին բացակայել է: Վերցնենք համաշխարհային տիեզերագիտության հիմնադիր Սերգեյ Պավլովիչ Կորոլյովին: Եթե Կորոլյովի կատարած տիտանական աշխատանքները ստանային իրենց նյութական հատուցումը՝ գումարի տեսքով, ապա միլիարդատերերի «Ֆորբսի» ցուցակում նա, անշուշտ, առաջ կանցներ ինժեներ Բիլ Գեյթսից ու կգրավեր առաջին տեղը, որովհետև նրա ստեղծած գիտության վրա են հիմնված ժամանակակից կապի միջոցները, տեղեկատվական տեխնոլոգիաները, ռազմատիեզերական ուժերը և այլն, դրանք անգին են: Իսկ Կորոլյովը ապրում էր համեստ կյանքով, մահացավ 55 տարեկանում՝ Բրեժնևի պաշտոնավարման առաջին տարում: Ի միջի այլոց, ՌԱՀ-ի Մոսկվայի գիտական հասարակության շրջանում խիստ կասկածանքով էին քննարկում իրողությունը, թե Կորոլյովը մահացել է բնական մահով: Նա մահացել էր ոտքի տրոմբի հեռացման հասարակ վիրահատության ժամանակ, որն այն տարիներին կարող էր հաջողությամբ արվել ցանկացած շրջանային հիվանդանոցում, նարկոզից դուրս չէր եկել: Ի դեպ, «Московский комсомолец»-ին և «Собеседник»-ին տված հարցազրույցներում Կորոլյովի դուստրը՝ Նատալյա Կորոլյովան, հստակորեն նշում է, որ Սերգեյ Պավլովիչի մահը, այնուամենայնիվ, կասկածելի էր:


Ալտրուիստ-էգոիստ հակադրության իմաստը, որոշ առումներով, դրված է հայկական «ինչքան որ գետնի վրա է, այնքան էլ գետնի տակ է» հայտնի արտահայտության մեջ: Կարճահասակ մարդկանց սեփական ամբիցիաները շատ են, անիրականանալի չափերի են հասնում, որոնց բավարարման համար սեփական բնական կարողությունները քիչ են, սահմանափակ են, պետք է ձգտել մեծամեծ պաշտոնների ու դիրքերի, հասնել կայուն լծակների՝ մյուսների վրա ազդելու և իրենց շահերին ծառայեցնելու համար, անընդհատ պայքարել անչափ մեծ հարստություն դիզելու համար: Հայտնի է, որ իրենց ֆիզիոլոգիական հնարավորություններից ավելի մեծ արդյունքների հասած մարդկանց մեջ գերակշռել են կարճահասակ ու բնական արատներ ունեցողները (Նապոլեոն, Լենին, Հիտլեր, Ստալին և այլք):


Քաղաքացիների առաջ փակելով արտագաղթի (փախուստի) բոլոր ճանապարհները, մտցնելով երկաթե վարագույրների քաղաքականությունը, ռեպրեսիաների, վախի անտանելի մթնոլորտի ու դաժանությունների այլ ձևերի միջոցով Ստալինին հաջողվեց կարճ ժամանակում լուծել էգոիստների ու ալտրուիստների հակասության խնդիրը, մարդկանց դասակարգելով ու գնահատելով՝ ըստ իրենց կատարած աշխատանքի և օգտակարության աստիճանի: Այս տեսակետից նա գիտության ու արդյունաբերության մեջ առաջին պլան էր մղում կայացած ինժեներներին ևւ գիտնականներին, որոնց գերակշիռ մասը գիտական-գյուտարարական հովերով տարված ալտրուիստներն էին, որոնք կարճ ժամանակում ապահովեցին Խորհրդային Միության ՀՆԱ-ի աննախադեպ աճը՝ 57 անգամ՝ տասը տարում:


Ալտրուիստ-գիտնականների կյանքի բարձր կենսամակարդակը նա պաշտպանում էր 1936 թվականից տարբեր օրենքներով սահմանված արտոնություններով (աշխատավարձային լուրջ հավելումներ՝ թեկնածուի, դոկտորի, դոցենտի, պրոֆեսորի, ակադեմիկոսի գիտական կոչումների ու պաշտոնների համար, կենցաղային լավ պայմաններ, խոշոր գյուտարարների ու թեկնածուներից սկսած-լրացուցիչ մեկ սենյակ մեկուսացված բնակարաններում՝ առանձնասենյակ ունենալու համար, որպեսզի գիտնականները տանն էլ կարողանան օգտակար գործերով զբաղվել և արդյունավետ աշխատանքներ կատարել): Այս ամենը նաև ազդակ էր գիտնական դառնալու համար, որի ճանապարհը սկսվում էր դրպրոցական նստարանից ու ձգվում-հասնում էր մինչև խոր ծերություն: Դա բոռերին մեղուներից առանձնացնելու կադրային ճիշտ քաղաքականություն էր, որը երկրում ներդրվեց դաժան մեթոդներով, բայց և խորհրդային երկրին բերեց տնտեսական զգալի հաջողություններ: Համեմատության համար նշենք, որ, եթե ստալինյան տարիներին գիտնական/դատավոր աշխատավարձային հարաբերությունը հասնում էր 3/1-ի, ապա ներկայիս Հայաստանի պայմաններում այն հասել է 1/10 հարաբերակցության, նույնը վերաբերում է թոշակներին. գիտության դոկտոր/քաղաքի նախկին դատախազի համար սահմանված թոշակները հարաբերվում են 1/15-ի սահմաններում: Այս համեմատությունը հստակորեն ցույց է տալիս, որ Հայաստանում գիտատար արդյունաբերություն զարգացնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձրաձայնած կոչերը իրականանալ չեն կարող, որովհետև դրանք ընդամենը անհիմն կոչեր են, իսկ դա երկրում իրականացված կադրային քաղաքականության բնութագիրն է: ՀՀ նախագահի խոսել-չխոսելով չի պայմանավորված Հայաստանի գիտության, գիտատար արդյունաբերության, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարը: Նախագահը պետք է որոշիչ քայլ կատարի դեպի գիտական հասարակությունը, եթե ոչ նորմալ պայմաններ ստեղծելով, ապա, գոնե, չխանգարելով ու չխոչընդոտելով, եթե, իհարկե, նա հավատում է իր ասածներին:


Բրեժնևի իշխանության տարիներին՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը, ստալինյան արտոնությունները գիտնականների համար ամբողջությամբ պահպանվեցին, Պուտինի շրջանում ևս դրանք հիմնականում պահպանվեցին, մինչդեռ Հայաստանում՝ հիմնականում վերացվեցին: Ստալինի ստեղծած համակարգը հետագայում այլասերվեց՝ հատկապես կադրային սխալ քաղաքականության պատճառով: Խրուշչովի ժամանակ սկսվեց, իսկ Բրեժնևի ժամանակ իր գագաթնակետին հասավ կադրային լիբերալիզմի քաղաքականությունը, երբ մարդկանց աշխատանքային պիտանիության աստիճանը սկսեց գնահատվել ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշներով, այլ Կրեմլի կուրսին ու ղեկավարությանը ցուցաբերած անձնական նվիրվածության, ծանոթության ու սուբյեկտիվ բնույթի այլ հանգամանքներից թելադրված, ԽՍՀՄ վերջին տարիներին նաև կաշառքի միջոցով ու ԽԾԲ սկզբունքներով, որը, ինժեներական լեզվով ասած, բերեց կադրային ռևերսի, երբ լավագույն կադրերը մնացին կամ տեղափոխվեցին տնտեսության ու արտադրական ոլորտների կառավարման ներքին մակարդակներում՝ փոխարենը առաջ տանելով ու վեր բարձրացնելով արդյունաբերության համար ոչ պիտանի, միջին ընդունակությունների տեր մարդկանց, որոնք կամաց-կամաց սկսեցին գրավել հասարակության քաղաքական ու տնտեսության կառավարման համակարգերի հանգուցային դիրքերը: Ինչպես նախկինում արդեն նշել ենք, այս պրոցեսը սկսեց թափ առնել բրեժնևյան կոնստիտուցիայի մեջ 6-րդ կետը մտցնելուց հետո: Այս ամենը բոլորը տեսնում, հասկանում էին, բայց դրանց դեմն առնել կամ պայքարել չէին համարձակվում, չէին կարող, իմաստ էլ չկար, որովհետև հասարակության ալտրուիստ-պետականամետ-երկրաստեղծ ու իշխանական բարձունքներին հասած էգոիստ-երկրակործան թևերի ուժային հարաբերակցությունը բացարձակորեն թեքվել էր էգոիստների կողմը, եթե հաշվի առնենք Բրեժնևի տարիներին նրանց ունեցած նյութական, ֆինանսական, քանակական ու իշխանական ռեսուրսները, որը կողաթեքվածք (կրեն) էր տվել՝ հօգուտ էգոիստ իշխանավորների: Իր սահմանադրության 6-րդ կետով Բրեժնևին, փաստորեն, հաջողվեց անտարբեր-ընդդիմադիր դարձած խորհրդային ժողովրդին պառակտել ու բաժանել երկու բլոկի: Շուրջ 20 միլիոնի հասնող կոմունիստների բլոկը ( մոտ 100 միլիոնի հասնող խորհրդային քաղաքացիների խումբ, եթե հաշվի առնենք կոմունիստների ընտանեկան կազմը) խստագույն մոտիվացիա ուներ՝ պաշտպանելու կոմունիստական վարչակարգի գործող իշխանությունը և ուժերի ստեղծված հարաբերակցությունը՝ հստակ նպատակ հետապնդելով պահպանելու սահմանադրության 6-րդ կետով երաշխավորված համեմատաբար բարեկեցիկ կենսամակարդակն ու արտոնյալ նյութական վիճակը:

Հետագայում դա հնարավորություն տվեց նաև գլխավորելու խորհրդային ստվերային տնտեսությունն ու անչափ հարստանալու՝ հարստահարելով տնտեսական վատ պայմաններում հայտնված ու մինչև վերջին շունչը էգոիստներին կերակրող խորհրդային պետությունը: Մնացած 200 միլիոն քաղաքացիները, զրկված լինելով զարգացման ու բարեկեցիկ կյանքի որևէ հնարավորությունից ու հեռանկարից, դարձել էին անտարբեր դիտորդներ, որոնց քիչ էին մտահոգում երկրի զարգացման հեռանկարները, պատրաստ էին չարախնդությամբ ընկալելու Խորհրդային Միության ներքին ու արտաքին կյանքում տեղի ունեցած բոլոր անհաջողություններն ու պարտությունները՝ անգամ Աֆղանստանում ու Չեռնոբիլում, ոգևորվում էին արտասահմանյան «ձայների» հաղորդումներից ու հույսով սպասում էին նոր, ավելի չարաբաստիկ լուրերի՝ որպես վիրավոր ու դժգոհ սրտի մխիթարանք, սպասում էին երկրի վերջին, կործանման հնարավորությանը՝ առանձնապես չմտածելով ապագայի մասին: Նշենք նաև, որ անկախ վերևից իջեցվող կադրային ու այլ որոշումների ու որակումների, ցանկացած խորհրդային մարդ ի վիճակի էր ինքնուրույնաբար գնահատելու իր սեփական ուժերի չափը, պրոֆեսիոնալ հատկանիշները, սեփական գինն ու արժանիքները, հանրօգուտ աշխատանքի մեջ անձնական մասնակցության չափավորումը, գործին օգուտ տալու ներքին ձգտումը, որը Գորբաչովի տարիներին հավասարվել էր զրոյի: Ի հայտ էին եկել պետությանը վնաս տալու, սաբոտաժի ու դիվերսիայի տարբեր դրսևորումներ, որոնց կանդրադառնանք ԽՍՀՄ մինէլեկտրոնի գործարանների հարցերը քննարկելիս:
Մարդիկ կարող էին օգտակար աշխատանքներ կատարել միայն հսկիչների աչալուրջ հսկողությամբ, բայց ոչ ավելին, քան դա կարող էին անել պաշտոնակարգությամբ (հիերարխիական) իրենցից ավելի բարձր կանգնած ու ավելի լավ վարձատրվող աշխատողները: Իմ աշխատանքային պրակտիկայում մշտապես ձգտել եմ իրականացնել ստալինյան կադրային քաղաքականությունը, որը գալիս էր Նիկոլայ Գորյունովի մոսկովյան «շկոլայից». երբեք չի կարելի պակաս ընդունակության տեր մարդկանց վերցնել ու, ղեկավարի կարգավիճակով, դնել պրոֆեսիոնալ մակարդակով ավելի բարձր արդյունքի հասած ինժեներների գլխին, միայն նրա համար, որ քո ծանոթն է կամ քո դրածո «մեռած հոգին», դա կդառնա սկսված գիտական ծրագրերի տապալման սկիզբը: Հայկական ասացվածքն էլ է դա հուշում. «գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր»: Ցանկացած ինժեներ հաճույքով կարող է աշխատել իրենից ավելի գրագետ ու խելացի ինժեների մոտ՝ խնդիր դնելով սովորել «սովորածից», զարգանալ և կամաց-կամաց, բայց վստահ քայլերով ու կանխատեսելի արահետներով վեր բարձրանալ՝ կազմակերպելով սեփական աշխատանքային կարիերան ու անձնական կյանքը, դա բնական մարդկային ձգտում է, որը տրված է ի վերուստ, դա պետք է հասկանալ, պահպանել, պաշտպանել ու կյանքում իրականացնել, որովհետև մարդը մարդ է մնում, մարդը ոչ գործիք է, ոչ էլ արտադրողական ուժերի բաղկացուցիչ մաս, որը, ըստ Մարքսի, պիտանի էր միայն «արտադրության գործիքների ու միջոցների» սպասարկման համար:

Ի միջի այլոց, մեր հայ օլիգարխները շարունակում են մտածել Մարքսի, Լենինի, Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի ու մյուսների նման՝ ղեկավարվելով նրանց գաղափարներով ու կատեգորիաներով. եթե բանվորին, ինժեներին, սոված գիտնականներին ու մյուս մասնագետ քաղաքացիներին ծնկի բերես, հասցնես աղքատության դուռը, զրկես ապրուստի միջոցներից, պահես մշտական թշվառության, սովի, ահ ու սարսափի մեջ, հետո մի քիչ կերակրես՝ վարձատրելով այնպես, որ գումարներ չկուտակվեն սեփական գործ դնելու համար, ապա ամեն ինչ լավ կլինի, գործը կգնա, մարդիկ կաշխատեն՝ օգուտներ տալով ու փառաբանելով իրենց վզին նստած ու իրենց հաշվին հարստացած ու հարստացող օլիգարխներին: Այդպես չի լինում, այդպես արդյունաբերություն, գյուղատնտեսություն և ընդհանուր տնտեսություն կազմակերպել չի կարելի, վկա մեր գործարանների ու ֆաբրիկաների ներկայիս անմխիթար վիճակը, որոնց դարպասները մշտական փակի տակ են պահվում, որովհետև աշխատողներ չկան, նման պայմաններում աշխատել ցանկացողներ չես գտնի, գտնվածներից էլ շատ օգուտ չես ստանա: Հայկական իրականության համար սա ամենամեծ խնդիրն է, ինչպե՞ս համատեղել օլիգարխների ֆինանսական հսկայական հնարավորություններն ու ստեղծող-ստեղծագործող ազատ, անկախ ու սարսափելի աղքատ վիճակի մեջ հայտնված պրոֆեսիոնալ մարդու կարողությունները, որպեսզի երկրի տնտեսությունը սկսի աշխատել և թափ հավաքել: Հիմա ստացվել է երկուսը մեկում. օլիգարխի դեպքում ճիշտ են «пустить козла в огород» արտահայտությունը կամ «աղվեսին հավապահ կարգել» խոսքը, աշխատող մասնագետի պարագայում հույսերով ապրել, որ կարելի է ստանալ от козла молока:


Անկախություն ստանալուց հետո մեր պետական տնտեսական քաղաքականության հիմքում դրվեց հարուստների և աղքատների խավեր ստեղծելու գաղափարը, ինչպես դրանք կան զարգացած կապիտալիստական երկրներում: Դա օդից վերցրած գաղափար է, որը կյանքում գործել չի կարող, հարուստ կապիտալիստը կլինի, աղքատ մասնագետը կլինի, բայց խելքը գլխին մասնագետը երբեք չի ցանկանա լիարժեք աշխատանք կատարել օլիգարխների համար, այստեղ բարոյահոգեբանական արգելք կա: Ենթադրվում էր, որ այդ պայմաններում աղքատները կսկսեն աշխատել հարուստների համար, իսկ հարուստներն էլ, իրենց հերթին, լուրջ եկամուտներ կստանան ու կզբաղվեն իրենց երազած հաճելի գործերով՝ որսի կգնան, մեկ օրով Բարսելոն կմեկնեն՝ ֆուտբոլի խաղ դիտելու և իսկական գարեջուր խմելու համար, լասվեգասյան կամ հոլիվուդյան խաղատներում իրենց բախտը կփորձեն և այլն: Հայաստանի տնտեսությունը մանրից կսկսի աշխատել, չաշխատի էլ ոչինչ, ապահովության համար օլիգարխիկ կապիտալը կարելի է երկրից դուրս հանել ու ներդնել զարգացած կապիտալիստական երկրներում: Շատ տրամաբանական է ստացվում. էգոիստ հայ օլիգարխ-կապիտալիստը հարստացել է Հայաստանում ու Հայաստանի հաշվին, բայց աշխատում է հարստացնել օտար երկրների տնտեսությունը, նման է այն շանը, որն ուտում է տիրոջ հացը, բայց գերադասում է հաչել հարևանի դռանը: Այս խնդրի լուծումը, հավանաբար, պետք է գտնել՝ օգտագործելով Ամերիկայի փորձը:


Ամերիկայի տնտեսական մեքենայի շարժիչ ուժը, նրա հզորության հիմնական հենասյունը բաղկացած է ստեղծող ու ստեղծագործող մարդկանցից, որոնք աշխատում են ազատ ու անկախ պայմաններում՝ օրենքի, անկաշկանդ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն ուղղված ու բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող բիզնես միջավայրում: Ցավոք, մեզ մոտ այդ հնարավորությունները դեռևս չեն ստեղծվել, դա չկա, այդ պատճառով էլ տնտեսությունը չի կարող զարգանալ, դրսի ու ներսի ներդրումների հույսերով ապրելը քիչ է: Պետք է մշակել ու ստեղծել տնտեսական զարգացման նոր, զուտ հայկական, աշխատող կանոնակարգ՝ երկիրը հեռու պահելով այն գաղափարախոսությունից, որը ժամանակին դրված էր Խորհրդային Միության քաղաքական ու տնտեսական կյանքի կազմակերպման հիմքում ու որը, նախանձելի բծախնդրությամբ, ճիշտ է մի քիչ ձևափոխված ու արդիականացված, թափանցել ու հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության հասարակական հարաբերությունների տիրույթում: Կապիտալիզմի հարցերում ստալինյան գաղափարները հեռու են գիտականորեն հիմնավորված համարվելուց, դրանք կարող էին օգտագործվել միայն պոպուլիստական, պրոպագանդիստական նպատակներով, որպես «ծխաքող»՝ աշխատավորների անխնա ու անարգել շահագործումը հիմնավորելու համար: Կերպարանափոխված ձևերով դրանք բնորոշ են նաև հետխորհրդային երկրներին, մասնավորապես, Հայաստանին: Հայկական իշխանական էլիտան ձգտում է ցանկացած պարագայում մաքսիմալ օգուտներ քաղել՝ սեփական երկրի բնակչությանը շահագործելու, սնանկացնելու, աղքատացնելու, արտագաղթը կազմակերպելու, արտագնա աշխատանքից ստացված տրանսֆերտները յուրացնելու, կոռուպցիայի, կեղծված ընտրությունների, երկրի ազգային ողջ հարստության (ընդերքը, գործարանների ու ֆաբրիկաների ակտիվները) անխնա թալանը կազմակերպելու, արտաքին փոխառությունները ոչ նպատակային օգտագործելու և հազար ու մի այլ սատանայությունների միջոցով: Հետխորհրդային երկրների տնտեսության օբյեկտիվ տնտեսագիտական օրենքը (կասկածից վեր է, որ այստեղ պատահականություններ լինել չեն կարող, որ ամեն ինչ օրինաչափ է, այստեղ գիտական ուսումնասիրությունների, բացատրությունների ու հիմնավորումների լուրջ անհրաժեշտություն կա) առայժմ սպասում է իրեն հայտնագործող գիտնականին, միգուցե մերօրյա Մարքսին, թե չէ ի՞նչ է ստացվում. Գորբաչովից հետո, 25 տարի շարունակ հետխորհրդային երկրներն օբյեկտիվորեն թալանվում, օր օրի սնանկանում են, բայց ամեն ինչ դուրս է գրվում պատահականությունների, կառավարման սխալների, միջազգային ճգնաժամերի ու այլ սուբյեկտիվ գործոնների վրա:


Խորհրդային Միությունում տիրող անորոշությունն ու արդյունաբերա-տնտեսական քաոսն էր պատճառը որ Գորբաչովի բոլոր նորամուծություններն ընկալվեցին ուռաներով ու կեցցեներով՝ ուշադրություն չդարձնելով ու բոլորովին չանհանգստանալով հետևանքների մասին: Այսպիսի անբարոյական ու հոգեբանական դժգույն մթնոլորտի պայմաններում Խորհրդային Միության տնտեսությունը աշխատել չէր կարող, էլ ո՜ւր մնաց մտածեր Ամերիկայի տնտեսության հետ մրցակցային պայքարը շարունակելու մասին, շտապ պետք էր հանձնվել՝ բարձրացնելով Խորհրդային Միության անվերապահ պարտության սպիտակ դրոշը: Գորբաչովի ժամանակ արդեն չէր կարող աշխատել նաև Ստալինի մտացածին սոցիալիզմի հիմնական տնտեսագիտական օրենքը՝ համեմված հասարակության բոլոր անդամների աճող նյութական ու կուլտուրական պահանջմունքների լիակատար բավարարման բարի ցանկություններով, որը գալու էր սոցիալիստական արտադրության անշեղ զարգացման ու նորագույն տեխնիկայի կիրառման ճանապարհով: Նախանշված բոլոր ճանապարհներն արդեն փակ էին:

Սոցիալիստական արտադրության անշեղ զարգացման հեռանկարները մնացին հորիզոնի մյուս կողմում, իսկ նորագույն տեխնիկայի ստեղծման ու զարգացման հեռանկարային գործը թաղվեց ՌԱՀ-ի խորքային լաբիրինթոսներում: Գորբաչովի ժամանակ ՌԱՀ-ի ձեռնարկությունները ևս հասցրել էին անցնել ստվերային տնտեսության ռեժիմին՝ լավագույնս ծառայելով կոմունիստական ղեկավար անձնակազմի անձնական շահերին: Ռազմական արդյունաբերության «Ա» խմբի գործարանների հնարավորությունները այս հարցում ավելի շատ էին, քան լայն սպառման ապրանքների «Բ» խմբի հետամնաց գործարաններինն ու ֆաբրիկաներինը: Այս հարցերով կարելի է շատ խոսել, քննարկել ու քննադատել ստեղծված իրավիճակը, բայց այնտեղից դուրս գալու որևիցե հստակ ճանապարհ չկար, չէինք գտնի, երկիրը կանգնել էր փակուղու առաջ:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ