ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
28.06.2016 | 11:33

(սկիզբը՝ այստեղ)

Ստվերային տնտեսությունը տնտեսավարման հանցավոր ձևերից մեկն է ու լայն տարածում ունի աշխարհի տարբեր երկրներում: Խորհրդային Միությունում այն նույնպես գործում էր օրենքից դուրս, բայց ստացել էր իր զարգացումն ու գոյատևում էր կուսակցական-բյուրոկրատական համակարգի հետ՝ սերտաճած տեսքով: Փորձենք վեր հանել ստվերային տնտեսության առաջացման հնարավոր պատճառներն ու գնահատել նրա ազդեցությունը ԽՍՀՄ տնտեսական ու քաղաքական համակարգի վրա: Բրեժնևի վերջին տարիներին ստվերային տնտեսությունը հասել էր զարգացման այնպիսի բարձր մակարդակի, որ ապրանքների ու ֆինանսների ստվերային շրջանառությունը արդեն մոտեցել էր պետական բյուջեի ծավալներին, որի պատճառով Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ լարվածություն էր առաջացել նույնիսկ ՌԱՀ-ի գիտահետազոտական ինստիտուտներում գիտահետազոտական աշխատանքների կենտրոնացված ֆինանսավորման համար: Եթե մինչ այդ այդպիսի աշխատանքները մշտապես ֆինանսավորվել էին ըստ պահանջի, ապա 80-ականների սկզբին որոշակի սահմանափակումներ մտցվեցին, ֆինանսավորվում էին միայն կառավարական հատուկ որոշումներով իջեցվող ու «գաղտնի» գրիֆի տակ կատարվող հետազոտական աշխատանքները, սեփական նախաձեռնությամբ կատարվող աշխատանքների համար պետք էր գումարներ գտնել՝ օգտագործելով սեփական կանալները, անցնել տնտեսական հաշվարկի և այլն:


Գորբաչովի ժամանակ դրությունն այնքան էր վատացել, որ 1988 թվականին ԽՄԿԿ կենտկոմն ու ԽՍՀՄ կառավարությունը ստիպված էին կայացնելու համատեղ, աննախադեպ համարվող, որոշում՝ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններում որոշակի սահմանափակման մասին, որն ավելի հայտնի դարձավ «ռազմական արդյունաբերության կոնվերսիա» անունով: Որոշակի վերապահումներով կարելի է պնդել, որ «կոնվերսիան» ավետում էր Սովետական Միության ավարտի սկիզբը, նրա նախերգանքն էր, որովհետև այդպիսով ՌԱՀ-ը վերջնականապես կորցրեց արդյունաբերության «Ա» խմբի ձեռնարկությունների երբեմնի փառքն ու վճռական նշանակությունը երկրի տնտեսական կյանքում: Արդյունաբերության ասպարեզում մնացին հիմնականում «Բ» խմբի գործարաններն ու ֆաբրիկաները, որոնց բաժին էր հասնում սովետական ստվերային տնտեսության առյուծի բաժինը: «Ա» խմբի ձեռնարկությունների ֆիասկոն հսկայական սոցիալական խնդիրներ առաջացրեց Խորհրդային Միությունում ու, հատկապես, Հայաստանում, որտեղ ՌԱՀ-ի ձեռնարկություններն ապահովում էին բարձր վճարվող աշխատատեղերի մոտ 70 տոկոսը: Ճիշտ է, այդ որոշմանը զուգահեռաբար ԽՄԿԿ կենտկոմը հանդես եկավ «կոնվերսիայի» հարցերով հատուկ գաղտնի հայտարարությամբ. որ Խորհրդային Միությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, որ եղած աշխատատեղերը էականորեն կրճատվելու են, որ հանձնարարվում է մտածել ռազմական գործարանների վերապրոֆիլավորման, բանվորների ու ինժեներատեխնիկական աշխատողների վերապատրաստման ու հնարավոր սոցիալական լարվածության թուլացման մասին և այլն:
Այդ գաղտնի հայտարարությունը տարածվեց Խորհրդային Միության ողջ տարածքով՝ «ԽՄԿԿ կենտկոմի փակ նամակի» տեսքով, որն ընթերցվեց ու, առանց քննարկման, ի գիտություն ընդունվեց բոլոր սկզբնական կուսակցական կազմակերպությունների փակ ժողովներում, բայց դրա վրա ուշադրություն դարձնող չեղավ, ոչ մեկին այն չէր հետաքրքրում, կոմունիստական կուսակցական ու սովետական տնտեսական գործիչները զբաղված էին այլ խնդիրներով՝ նախապատրաստվում էին գալիք քաղաքական ու տնտեսական փոփոխություններին: Բոլորը վաղուց արդեն գիտեին ու հասկացել էին, որ երկիրը քանդվելու է, որը վաղուց սպասված խնջույք էր կուսակցական մեծապատիվ մուրացկանների ու տնտեսության համաճարակային գողերի (արդյունաբերական մարադյորների) համար: Պետք էր շորթել, գռփել, շատ գողանալ, շատ յուրացնել, խորհրդային տարիներին տարածք քիչ էր եղել, շատ քիչ էր եղել, ժամանակ չէր մնացել մտածելու մարդկանց վաղվա օրվա, ապագայի ու երկրի ընդհանուր ճակատագրի մասին: Այդ օրերից արդեն 25 տարի է անցել, միևնույն է, ժամանակ չկա, թալանելու բան էլ չի մնացել, բայց թալանում են ինչ պատահի, ինչը դեռ չեն թալանել, որովհետև դա սովորություն է դարձել, դա խորհրդային սոցիալիստական հիվանդություն էր:


Խորհրդային սոցիալիստական թալանչիներին շատ նպաստավոր առիթ էլ էր տրվելու... 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11-ն անց 43 րոպեին: Դա 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, աննկարագրելի ծանր հարված ու դժբախտություն բազմաչարչար, ղարաբաղյան ազատամարտը սկսած հայ ժողովրդի համար, բայց, մյուս կողմից, նաև... հրաշքով տրված հնարավորություն, երկնքից թափվող մանանա էր խորհրդային ստվերային տնտեսության զարգացման ու բարգավաճման համար: Շատերի համար դա «ժաժք» էր (երկրաշարժ), ոմանց համար՝ ցանկալի հրաշք. Գյումրիում այսպես բնութագրվեց երկրաշարժից տուժածների համար ուղարկված օգնության ու եղած պետական միջոցների թալանի երևույթը՝ հաշվի առնելով միութենական մակարդակով կազմակերպված պետական ունեցվածքի թալանի իրական մասշտաբը: Սպիտակը դարձել էր համաշխարհային մակարդակի գթասրտության կենտրոն, իսկ խորհրդային սոցիալիստական ալան-թալանի մասնակիցների համար՝ Խորհրդային Միության տնտեսության վերջնական քայքայման ու հոշոտման համար անսպասելիորեն բացված հիանալի հնարավորություն, ինտերնացիոնալ թալանի զարգացման համար պարարտ վայր, որն իրավամբ կարող ենք անվանակոչել որպես ալան-թալանի համամիութենական «բիրիքանոց»:


Երկրաշարժին առնչվող խնդիրներին կանդրադառնանք հետագայում, բայց հիմա կարող ենք խոսել խառնաշփոթ իրավիճակներում պետության ալան-թալանի կազմակերպման ոչ երկրաշարժային մի ձևի մասին: Պատմում էր Սերգեյ Նիկիտովիչ Խազարովը, որը ծագումով Կրասնոդարցի հայ էր՝ օրենքով հայտնի գող Յապոնչիկի շրջապատից: Մեծահարուստ էր դարձել 1988-91 թթ. անցումային շրջանում խորհրդային արդյունաբերության թալանի հարցում կազմակերպչական ծառայություններ մատուցելու համար: Խազարովը Ռուսաստանում հայտնի գործիչ էր, իսկական բարեգործ, Մոսկվայում հասցրել էր կազմակերպել ֆուտբոլի ամենամյա միջազգային մրցաշար՝ մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ, սեփականության իրավունքով ձեռք էր բերել Աշտարակի «Տրանզիստոր» խոշոր գործարանը, որը հանդիսանում էր Հայաստանի ու նաև ԽՍՀՄ ՌԱՀ-ի մասշտաբներով բարձր տեխնոլոգիական հսկաներից մեկը, կառուցվել էր անգլիական նախագծով, անգլիական տեխնիկայով ու տեխնոլոգիաներով, նաև Աշտարակի հին կամուրջը՝ իր շրջակա հողերով: Բարի, հայրենասեր ու հայասեր այդ մարդը Աշտարակում ամեն տարի, բարեգործական հիմունքներով, անցկացնում էր «Աշտարակի պոպոք» ազգագրական փառատոնը, մեծ հետաքրքրություն ուներ մեր հելիոֆիկացիայի ծրագրի նկատմամբ, պատրաստվում էր այն ֆինանսավորելու, բայց Յապոնչիկից ու 15 տարի առաջ Հայաստանում իր հայ ընկերներից մեկի սպանության պատմությունից հետո Երևան չի եկել, նրան այլևս չեմ տեսել: Ինչպե՞ս էր այդ խորապես ինտելիգենտ մարդը խոշոր գումարներ վաստակել:


«90-ական թվականներին Մոսկվայում կազմակերպվել էին Իլֆ-Պետրովի «Եղջյուրների ու սմբակների» («ГОСОБЪЕДИНЕНИЕ РОГА И КОПЫТА») տիպի բազմաթիվ գրասենյակներ, որտեղ մտնելու համար Հայաստանի ու այլ հանրապետությունների տնօրեններից ամեն օր մեծ հերթեր էին գոյանում»,- պատմում էր Սերգեյ Նիկիտովիչը:


Այս առիթով տեղին կլիներ հիշատակել նաև հանրահայտ ստեղծագործողներ Իլֆի ու Պետրովի մյուս ցուցանակները ևս, օրինակ, հետևյալը. ПОГРЕБАЛЬНАЯ КОНТОРА «МИЛОСТИ ПРОСИМ»: Թող ինձ ներեն մեր հարգելի ընթերցողները, որ ստվերային տնտեսության խնդիրները քննարկելիս ես դարձյալ անդրադառնալու եմ մարքսիզմ-լենինիզմի դրույթներին՝ հիմնավորելով Խորհրդային Միության տարածքում դրանց կեղծ ու բացարձակ անկենսունակ լինելու փաստը: Օստապ Բենդերի գաղափարները Խորհրդային Միությունում ավելի կենսունակ գտնվեցին ու դրվեցին սոցիալիստական ունեցվածքի գողության ու ստվերային տնտեսության զարգացման հիմքում, քան Մարքսի, Լենինի ու Ստալինի գաղափարների հիման վրա ստեղծված բոլոր արդյունաբերական ձեռնարկություններն էին՝ միասին վերցրած: Սոցիալիզմի հիմնական բանաձևը, որը խորհրդային հասարակությանը ամեն պատեհ առիթով մատուցվում էր որպես Մեծն Ստալինի կողմից հայտնագործված սոցիալիստական տնտեսագիտության հիմնական օրենքը, որը հռչակում էր, որ սոցիալիստական արտադրության միակ նպատակը մարդկանց աճող պահանջմունքի բավարարումն է: Խազարովի պատմությունները վերլուծելուց հետո ես եկա մի կարևոր մտահանգման. գաղափարական տեսակետից Օստապ Բենդերն ավելի ճիշտ էր ու պրակտիկ, նրա առաջարկած բոլոր գաղափարները Խորհրդային Միությունում իսկապես իրականություն դարձան Ստալինի մահից հետո: Օստապը զգալիորեն առաջ էր անցել իրենից ավելի փառահեղ կենսագրություն ունեցող տնտեսագետ-փիլիսոփա Կարլ Մարքսից, համաշխարհային մակարդակի իսկական կոմբինատոր Վլադիմիր Լենինից և խորհրդային հասարակության կյանքի ու հասարակական հարաբերությունների զարգացման համար ավելի կարևոր լոզունգներ էր ուրվագծել, օրինակ. «ПИЩА-ИСТОЧНИК ЗДОРОВЬЯ»: «ТЩАТЕЛЬНО ПЕРЕЖЕВЫВАЯ ПИЩУ ТЫ ПОМОГАЕШЬ ОБЩЕСТВУ»: МЯСО-ВРЕДНО»: Հիշենք, որ «Проходя мимо кино «Капитолий», Остап заметил, что во всех окнах конторы были видны пишущие машинки и портреты государственных деятелей. В открытые ворота с дощечкой «Базисный склад» въезжали трехтонные грузовики нагруженные доверху кондиционными рогами и копытами. По всему было видно, что детище Остапа свернуло на правиль-ный путь»: Ժողովրդին ճիշտ այդ ճանապարհով էին տանում Կրեմլի մեր բարձրաստիճան ղեկավարները, բայց չգիտես ինչու նրանց թվում էր, որ դա հենց այն ճանապարհն էր, որն ուրվագծված էր Մարքսի «Կապիտալում» ու Լենինի հետագա աշխատություններում: Համոզված եմ, որ Կրեմլի հիմնական բարձրաստիճան գործիչները «Կապիտալ» չէին կարդացել, բայց բոլորն անգիր գիտեին Բենդերի գործերի մասին: Համենայն դեպս Մոսկվայի մեր լաբորատորիայում այդպես էր, բոլորի համար Օստապն իսկական կուռք էր, ու նրա լոզունգներն ավելի գունեղ ու իմաստալից էին, քան կոմունիստականները. «Даешь пятилетку за три года», «Слава ударникам коммунистического труда», «Даешь кукурузу», «Слава коммунистической молодежи», «Слава коммунистической партии» և այլն: Հատկանշական է, որ այդ լոզունգները Կրեմլի ղեկավարների համար ավելի գարշելի էին դարձել:


Ղրիմում եղել եմ ԽՄԿԿ կենտկոմի առողջարաններից մեկում, որի տարածքում հանդիպել եմ միայն մեկ լոզունգի. «В движении жизнь», որը անձնական առողջությանն ուղղված տրամաբանական կոչ էր: Այստեղ էլ խորհրդային լիդերները հետևողական չէին, նույնիսկ լոզունգային քաղաքականությունն էին էգոիզմ ցուցադրում՝ օգտագործելով անձնական առողջական խնդիրները լուծելու համար: Այս մասին մի քիչ հետո, բայց հետաքրքիր էր, թե ինչի համար էին Հայաստանի ու խորհրդային այլ հանրապետությունների տնօրենները հերթ կանգնում՝ Մոսկվայի «Եղջյուրների ու սմբակների» գրասենյակները մտնելու համար: Խնդիրն այսպիսին էր. «Եղջյուրների ու սմբակների» գրասենյակները տնօրեններին տեղեկանք էին տրամադրում առ այն, որ գործարանների ու ֆաբրիկաների եռամսյակային ու տարեկան պետական պլանները ամբողջությամբ, բոլոր ցուցանիշներով կատարվել ու գերակատարվել են, իսկ ստեղծված արտադրանքն առաքվել է խորհրդային անծայրածիր երկրի բազմաթիվ հասցեներով: Այդքանը բավական էր, որ նախատեսված պետական միջոցները գան ու նստեն ձեռնարկությունների բանկային հաշիվների վրա: Առանց աշխատելու, առանց հումք ու էներգիա օգտագործելու, առանց աշխատավարձեր բաժանելու և այլ արտադրական ծախսերի տակ մտնելու հնարավոր էր լինում պլաններ կատարել ու եկամուտներ ստանալ, կապիտալիստները կերազեին նման ձևով փող աշխատելու մասին, որը հնարավոր էր միայն աշխարհի ամենաունիկալ, ամենահանցավոր երկրում, որի անունն էր Խորհրդային Միություն: Ոչինչ անել պետք չէ, արտադրական ծախսերը հավասարեցնում ես զրոյի, ստվերային փողերի մի մասը թողնում ես Մոսկվայի «Եղջյուրների ու սմբակների» գրասենյակներում, և ահա իսկական ստվերային հրաշք. բանկային հաշիվներից հանում ես քո, արդեն սեփական, առասպելական չափերի հասած գումարները: Արտադրության մեջ չօգտագործված հումքը, գործիքներն ու այլ նյութական արժեքները կարելի է վաճառել կամ պահել՝ նեղ օրերի համար: Այդ նյութերն ու գործիքները մենք այսօր կարող ենք տեսնել Երևանի Գնունու շուկայում:
«Ինժեների հիշատակարանից» խորագրի ներքո տպագրվող շարքում ես փորձում եմ վեր հանել մեր տնտեսական ու ներքին քաղաքական խնդիրները, հասկանալ դրանք ծնող պատճառները, ընթերցողների հետ գտնել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները: Իրականում ինչպե՞ս պարզաբանել, հասկանալ ու մոդելավորել խորհրդային իրականության մեջ տեղի ունեցող այն օբյեկտիվ, բայց նաև բավականին բարդ ու անտեսանելի, դեմագոգիայի բոլոր կանոններով քողարկված գործընթացները, որոնք տեղի են ունեցել Խորհրդային Միությունում, եթե բոլոր գլխավոր հերոսներն ընդամենը գողեր կամ գողական աշխարհի հետ համագործակցող «անտեսանելի հերակլեսներ» են եղել՝ անկուշտ ու խարդախամիտ մարդկանց գողախմբեր, որոնք 70 տարի շարունակ ապրել են հասարակության ներսում, թաքցրել են իրենց իրական դեմքն ու մտադրությունները, զբաղվել են հիմնականում գռփելով ու թալանելով այն երկիրը, որը հաղթանակած դուրս եկավ 2-րդ համաշխարհային պատերազմից՝ 27 միլիոն մարդ կորցնելով, բայց դրանից քառորդ դար անց պարտվեց սառը պատերազմում ու գլխիվայր տնկվեց տնտեսական խոր փոսի մեջ: Նույն այդ պատերազմում պարտված Գերմանիան հասել է տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման ամենաբարձր մակարդակի, լուծել է իր քաղաքացիների բոլոր աներևակայելի սոցիալական խնդիրները, կարողանում է ապաստարան տալ ու կերակրել միլիոնավոր փախստականների, լավ կլիներ մեզ մոտ էլ այդպես ստացվեր, բայց ինչպե՞ս:


Գորբաչովի «перестройка»-ն այս հարցի պատասխանը չէր տալիս, խնդիրը չէր դրված, բայց դրա լուծումները կային, որոնց նա բոլորովին ուշադրություն չդարձրեց, այդ մասին մենք կխոսենք հետագայում, թե ինչ հնարավոր տարբերակներ կային, որոնց հետևից Գորբաչովը չգնաց, նույնիսկ մատը մատին չխփեց, որպեսզի հնարավոր լիներ ժամանակին արգելափակել հետխորհրդային անկախ երկրների ներսում նույն խորհրդային սոցիալիստական ստվերային վարակի տարածումը: Ավելին, նա առավել ընդարձակեց մահացու այդ վարակի շրջանակները՝ կեղծ դեմոկրատիայի անվան տակ նպաստավոր պայմաններ ստեղծելով և օրինականացնելով տնտեսավարման հանցավոր ու քայքայիչ տեխնոլոգիաների գործունեությունը հետխորհրդային երկրներում: Հիմա արդեն տնտեսությունների փրկության խնդիրը ավելի է ծանրացել, ավելի լուրջ խնդիրներ են առաջացել, մասսայական քաոսի պայմաններում այն կարող է ավելի աղետալի հետևանքների բերել, քան ԽՍՀՄ փլուզումն էր: Խնդիրն այն չէ, թե ոմանք կարողացան հանցավոր ճանապարհներով հաջողությամբ հարստանալ՝ օգտագործելով նախկինում կուտակած ստվերային կապիտալն ու պետական բարձր պաշտոնները:
Ի միջի այլոց, պետական բարձր պաշտոններ ստանալու համար Ռուսաստանում, Հայաստանում և ամենուր օգտագործվեց հանցավոր ճանապարհներով ձեռք բերված հսկայական մասշտաբների հասնող ստվերային կապիտալը: Խնդիրն այն է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները դուրս են բերվել ու շարունակում են դուրս բերվել հետխորհրդային երկրների տարածքից՝ սեփական արդյունաբերությունը դնելով փակուղու առաջ՝ թողնելով առանց ֆինանսական ներդրումների: Չնայած հսկայական ջանքերին, Պուտինին ևս չհաջողվեց կասեցնել կապիտալի արտահոսքը Ռուսաստանից՝ նույնիսկ պետականորեն ճանաչելով թալանչիների թալանի օրինականությունը՝ նրանց նկատմամբ տարբեր ամնիստիաներ հայտարարելով, եթե կապիտալը հետ բերվի ու ներդրվի երկրի տնտեսության մեջ, չեն օգնել նաև տարբեր վիաբուժական ռեպրեսիվ միջոցներով այդ ամենի դեմն առնելու գործողությունները:


Ենթադրում եմ, որ 120-հազարանոց էլիտար ազգային գվարդիայի ստեղծումը, որն անմիջականորեն ենթարկվելու է Ռուսաստանի նախագահին, Պուտինի կողմից ձեռքերը փրփուրներին գցել է նշանակում: Նա փորձելու է ռուսական կապիտալը Ռուսաստանում պահել ու սեփական օլիգարխների տնտեսական սաբոտաժի դեմն առնել՝ օգտագործելով ուժային մեթոդները, կարծես թե նրանց հետ համագործակցելու ուրիշ տարբերակներ չեն մնացել, բայց այստեղ էլ շանսերը քիչ են: Կա հետխորհրդային երկրների ու, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսական խնդիրները լուծելու, նոր ինդուստրալացման ծրագիրը իրականացնելու մեկ այլ հուսալի իրական ճանապարհ, ինչի վրա Պուտինին, հեռակա կարգով, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել և օգտագործել: Անցած 25 տարիների ընթացքում ՌԱՀ-ի մասնագետները տնտեսական արենաներում չեն երևում, բայց իրենց ասպարեզներից չեն հեռացել, շարունակել են աշխատել ավելի բարձր տեմպերով, կարողացել են ստեղծել ներդրման համար պատրաստ շատ ու շատ գործեր, իսկ ստեղծված գործերը պատրաստ են ներդնելու հետխորհրդային երկրներում, եթե օլիգարխները չխանգարեն, դրանց համար նպաստավոր պայմաններ է պետք ստեղծել՝ նաև ուժային մեթոդներով գիտնականների աշխատանքների ներդրման գործընթացը պաշտպանելու միջոցով: Օրինակ, մեր արևային գործերը, մեր հելիոֆիկացիայի ծրագիրը վաղուց արդեն ավարտին են հասցվել՝ համագործակցելով Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու հետխորհրդային մյուս գիտական կենտրոնների մասնագետների հետ, հելիոտեխնիկական արդյունաբերության նոր ուղղությունները պատրաստ ենք կազմակերպելու Հայաստանում, Ղարաբաղում, Ղրիմում, Ռուսաստանի այլ ռեգիոններում, Վրաստանում, Թուրքմենստանում և այլուր: Անլուծելի գիտական ու տեխնիկական խնդիրներ չեն մնացել, արևային տեխնիկայի արտադրությունը հնարավոր է առանց ձգձգելու դնել հոսքագծերի վրա, բայց չի ստացվում, որովհետև ամենուր խանգարողներ կան, նրանք շատ են, նրանք հզոր ու մեր պայմաններում անհաղթահարելի են: Առաջին հայացքից թվում է, թե գիտնականներին խանգարելու, նրանց մշակումների ներդրման գործընթացը կասեցնելու համար հիմնավոր պատճառներ պետք է որ չլինեն, բայց այդպես չէ, պատճառներ կան, դրանք զուտ քաղաքական են: Հետխորհրդային տնտեսական բոլոր հարթակները պահվում են ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական ստվերային տնտեսությունների միասնական, աչալուրջ հսկողության տակ: 25 տարում ազգային օլիգարխները հասել են հսկայական ֆինանսական հաջողությունների, ամբողջությամբ գրավել են երկրների տնտեսական ու քաղաքական բարձունքները և հոգեբանորեն պատրաստ չեն զիջումների, ասպարեզներից մի թիզ անգամ զիջելու պրոֆեսիոնալ մասնագետներին և առաջին հերթին, նախկին ՌԱՀ-ի գիտնականներին, ովքեր կան, ովքեր գործում ու օգտակար գործեր են նախապատրաստել: Նոր գյուտերի, նոր արտադրատեսակների ներդրման ու կոմերցիալիզացիայի գործը զուտ տեխնիկականից ու տնտեսականից վերածվել են բոլորովին անլուծելի թվացող քաղաքական խնդրի: Եթե մեր իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն ու պետական որոշումներով, համապատասխան օրենքով զսպեն տնտեսական էլիտայի ախորժակն ու ամբիցիաները, ապա մեր պրոֆեսիոնալ մասնագետները, օրինակ, Հայաստանի նման փոքրիկ երկրների տնտեսության վերականգնման խնդիրները կարող են լուծել շատ կարճ ժամանակահատվածում՝ 2-3 տարում, հիմնականում ներքին ռեսուրսների հաշվին: Ռուսաստանի և այլ երկրների օլիգարխների համար շատ դժվար է լինելու համաձայնել ու զիջել տնտեսական ասպարեզը, որովհետև դրան անմիջապես հետևելու է երկրների տնտեսական իրավիճակի բարելավման գործընթացն ու շատ արագ պարզ կդառնա, որ ներկայիս օլիգարխները երկրում անելիք չունեն, նույնիսկ իրենց գողացած ու հետագայում առևտրի միջոցով բազմապատկած միջոցները ոչ ոքի պետք չեն գալու: Օլիգարխների քաղաքական ակտիվության նվազեցման խնդիրները Ռուսաստանում և այլուր պետք է լուծվեն առաջին հերթին, այլապես տնտեսական ճգնաժամը, արտաքին ճնշումներն ու քաղաքական և տնտեսական պատժամիջոցները միայն ու միայն աճելու են:
Եթե ուշադրությամբ հետևենք խորհրդային պլանային տնտեսության զարգացման պատմությանը, ապա կտեսնենք, որ այդ պայմաններում ստվերային տնտեսության առաջացումը միանգամայն սպասելի երևույթ էր, որը հետևանք էր երկրում ձևավորված յուրահատուկ քաղաքատնտեսական մթնոլորտի: Դա այն բացառիկ դեպքն էր, երբ նպաստավոր պայմաններ էին ստեղծվել մարդու ներքին էության ամբողջովին դրսևորվելու համար, որտեղ իր առանձնահատուկ տեղն ու դերակատարումն ունի մարդկային այնպիսի անխուսափելի բնական հատկանիշ, ինչպիսին է էգոիզմը, որի ներսում թաքնված են մարդկային շատ ու շատ բացասական հատկանիշներ, ինչպիսիք են նախանձը, ագահությունը, անհագությունը, աչքածակությունը, ժլատությունը, բոլորից լավը երևալու ձգտումը, հարստություն դիզելու, անվերջ կուտակելու անհագուրդ մոլուցքը և այլն, որոնք հասարակության մեջ մշտապես դասվել են դատապարտելի երևույթների շարքին, բայց որոնք կան մարդու մեջ, գործում են նրա ծննդյան փուչ օրից ու կազմում են յուրաքանչյուր անհատի ներքին բովանդակությունը, նրա ներքին աշխարհը, հանդիսանում են նրա կյանքի մշտական ուղեկիցը:


Հասարակական հարաբերությունների ձևավորման հարցերը քննարկելիս Մարքսը, հավանաբար, այս կարևոր հանգամանքը հեռատեսորեն բաց էր թողել՝ հույս ունենալով որ ապագա հասարակական-տնտեսական ֆորմացիաների ժամանակ մարդկային այդ երևույթները կվերանան ու հասարակական հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն գործել չեն կարող, որովհետև սոցիալիզմի, առավել ևս կոմունիզմի ժամանակ մարդիկ կունենան անձնական ապահովվածության այնպիսի բարձր աստիճան (կուշտ ու առողջ կլինեն, իրար շատ կսիրեն, միմյանց կզիջեն ու մշտապես հոգատար կլինեն, պատերազմներ չեն վարի, մի խոսքով` ամենուր կլինեն առատություն, բերք ու բարիք, համաժողովրդական երջանկություն ու երկնային փառավորություն բոլորի համար), որ այլևս անիմաստ կլինի մտածել երկրորդական կարևորության նման խնդիրների մասին՝ զսպելով իրենց ներսից եկող բացասական մղումները: Հնարավոր է՝ որոշակի պայմաններում դրանք թուլանան ու նվազեն, բայց վերանալ չեն կարող՝ կսպասեն մինչև դրանց դրսևորման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն այնպես, ինչպես ստեղծվեց Խորհրդային Միությունում՝ լենինյան կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ