«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
15.07.2016 | 11:47

(սկիզբը՝ այստեղ)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՎԱՐԵԼ Է ԽՃՃՎԱԾ «ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ռուսական կողմնորոշում ունենալը կարևոր քաղաքական գիծ է եղել հայերի մեծ մասի համար. այդպես էր Հայաստանում, այդպես էր Ղարաբաղում, այդպես էր նույնիսկ սփյուռքում: Ռուսաստանի նման դաշնակից ու գործընկեր ունենալը միանշանակորեն դիտարկվել է որպես կարևոր պայման՝ թշնամի հարևանների պայմաններում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու տեսակետից: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ եղել է փոխադարձ. բարեկամություն՝ բարեկամության դիմաց, օգնություն՝ օգնության դիմաց: Հայերը օգտակար են եղել Ռուսաստանին և՛ տարածաշրջանային խնդիրներում, և՛ այլուր, որտեղ դրա անհրաժեշտությունն առաջացել է, մեծ ներդրում են ունեցել Ռուսաստանի տնտեսության ու գիտության զարգացման գործում, ռուսների հետ կողք կողքի կռվել են ռուս-պարսկական, բազում ռուս-թուրքական, 1-ին ու 2-րդ համաշխարհային պատերազմների ժամանակ՝ մնալով, թերևս, տարածաշրջանում ու աշխարհում ռուսական շահերի միակ վստահելի պաշտպանը (ավելի վստահելի ու ավելի նվիրված, քան ռուսներն են վերաբերվել իրենց Ռուսաստանի նկատմամբ):


Ժամանակները, սակայն, փոխվել են, Գորբաչովից հետո Ռուսաստանը բոլոր պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում է, որ այսուհետ առաջնորդվելու է միայն իր երկրի շահերից բխող, գործնական բնույթի, պրագմատիկ քաղաքական կուրսով՝ մի կողմ թողնելով Հայաստանի ու մյուս երկրների պետական շահերի սպասարկման հարցում իր վրա վերցրած պարտավորություններն ու տարածաշրջանում փոխհամաձայնեցված քաղաքականություն վարելու պարտականությունը: Նման դիրքորոշումը Ռուսաստանին թույլ է տալիս խաղալ մի քանի լարի վրա, որը հեռանկար ունենալ չի կարող, որովհետև այդ մի քանի լարի տեղը մյուսները ևս գիտեն ու գործելու են նույն սկզբունքներից ելնելով՝ անտեսելով Ռուսաստանի տարածաշրջանային շահերն ու առաջ մղելով սեփականը: Ոչ սկզբունքային, երկակի ստանդարտային «խաղերի» արդյունքում էր, որ Ռուսաստանը կորցրեց Վրաստանը (որը շուտով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ) և ՈՒկրաինան։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական կաթսայի մեջ միասին եփվել չեն կարող: Ռուսաստանի ու հետխորհրդային մյուս երկրների արտաքին ու ներքին հարցերում վարվող պետական քաղաքականությունը իշխանական էլիտաների մենաշնորհն է, իսկ թե ինչպես են մտածում հետխորհրդային մտավորականությունն ու հասարակ ժողովուրդը, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ, նրանց լսող չկա:
Հայ-ռուսական հարաբերությունների հարցերում մեր իշխանական էլիտան խուսափում է հստակությունից ու ամեն ինչ ներկայացնում է աղավաղված, լղոզված ձևով, շարունակում է սպասարկել հիմնականում Ռուսաստանի ազգային-պետական շահերը:

Շարքային քաղաքացիներիս համար այսպիսի մոտեցումը ինչ-որ տեղ անբնական, անհասկանալի ու անբացատրելի է մնում, հավանաբար այն գալիս է տարածաշրջանում ուրիշ հուսալի ու հավատարիմ բարեկամներ չունենալու մտավախությունից կամ այն կապված է, դեռևս ցարական ժամանակներից եկող, հայերի նկատմամբ ցուցաբերված հատուկ վերաբերմունքի իներցիոն ընկալումից, դժվար է ասել: Ռուսական կողմնորոշում ունենալու համար առավել հիմնավոր են իմ անձնական մոտիվացիաները, Ռուսաստանը իմ անմոռանալի ուսուցիչ Նիկոլայ Գորյունովի հայրենիքն է, նաև իմ հայրենիքն է, որտեղ ես սովորել ու աշխատել եմ բարեկամաբար տրամադրված, բարի ու կամեցող մարդկանց շրջապատում, ովքեր մշտապես օգնել և օժանդակել են ինձ: Քիչ բան չեմ արել նաև ես՝ Խորհրդային Միության տնտեսության ու ռազմական արդյունաբերության զարգացման համար՝ մեր ընդհանուր երկրի շահերին ծառայեցնելով իմ ողջ գիտական գործունեությունը՝ Մոսկվայում, Լենինգրադում ու Խորհրդային Հայաստանում աշխատածս տարիներին ու այսօր էլ պատրաստ եմ շատ բան անելու, որպեսզի Հայաստանի ու ԵԱՏՄ մյուս երկրների միջև զարգանան գիտական և արտադրական կապերը, երկու ձեռքով կողմ եմ ու պատրաստ եմ մասնակցելու Ռուսաստանի գիտության և տնտեսության զարգացմանը, ռուսական նոր ինդուստրալիզացիայի ծրագրի իրականացմանը, բայց ես կտրականապես դեմ եմ ու բոլորովին ցանկություն չունեմ մի կողմ դնելու կամ զոհաբերելու Հայաստանի պետական շահերը, հայ ժողովրդի գոյատևման համար անհրաժեշտ կենսական խնդիրները՝ հանուն Ռուսաստանի պետական կամ տարածաշրջանային շահերի սպասարկման՝ անկախ նրանից, թե դրանք ինչ ձևակերպումներով են առաջ քաշվում և ինչ մակարդակներով են մատուցվում, միևնույն է, դրանք մշտապես առաջացնելու են կասկածամտության, ներքին խռովության ու անթաքույց բողոքի ալիքներ:


Հիշենք ու ևս մեկ անգամ հիշեցնենք բոլորին, որ 1918-23 թթ. բոլշևիկյան Ռուսաստանը (հայ բոլշևիկների լուռ համաձայնությամբ) մեր ազգային շահերը զոհաբերեց ցեղասպան Թուրքիան կործանումից փրկելու համար: Բոլշևիկյան Ռուսաստանը ոչ միայն Թուրքիան փրկեց մասնատումից, այլև նպաստեց, որպեսզի այդ ցեղասպան երկիրն ընդարձակվի ու տարածվի Արևմտյան Հայաստանի պատմական հողերի վրա, Շիրվանի բնիկ ժողովուրդների տարածքներում, մի բուռ կովկասյան թաթար-թուրքերի, թե թուրք-թաթարների համար (դա էլ է դժվար ասել) ստեղծեց Ադրբեջան կոչվող թուրքական երկրորդ պետությունը՝ դարձյալ հայկական պատմական տարածքների՝ Նախիջևանի ու Ղարաբաղի հաշվին, որի մայրաքաղաք հռչակեց հայ-ռուսական նավթարդյունաբերության կենտրոն Բաքուն ու, պարզվում է, ինչպես դա հետագայում հիմնավորեցին ռուս քաղաքական գործիչները, այդ ամենն արվում էր բարի նպատակներով՝ հանուն Արևելքի ճնշված ժողովուրդների ազատագրման, հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի», այն «համաշխարհային ռևոլյուցիայի», որն իսկական չարիք դարձավ մարդկության ու, հատկապես, ռուս ժողովրդի համար (այս առիթով արժե կարդալ պատմաբան Նիկոլայ Կարապետյանի հիանալի վերլուծական հոդվածը, որը «Իրատեսի» 2016 թ., 41-46-րդ համարներում տպագրվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ):
Հայերի հաշվին այդքան լուրջ բարեգործական զիջումներից հետո էլ Թուրքիան չկարողացավ դուրս գալ իր քոչվոր-դավաճան էությունից, 20 տարի անց, հայրենական պատերազմի ծանր տարիներին, նա մարաղ մտած հարմար պահի էր սպասում, որպեսզի մտնի Խորհրդային Միություն, ու կմտներ, եթե Գերմանիայի հաղթանակի հեռանկարը մի քիչ ավելի հուսադրող դառնար: Թուրքերը պատրաստ էին օգնելու Գերմանիային, որպեսզի նա իրականացներ ռուսների ու սլավոնական մյուս ժողովուրդների բնաջնջման հիտլերյան ծրագիրը, որից հետո ճանապարհ կբացվեր իրենց երազած Մեծ Թուրանը կառուցելու համար:


Ի միջի այլոց, Մեծ Թուրանի հիմնական ջատագովներից ամենակոմունիստ Նուրսուլթան Նազարբաևը տառապում է բրեժնևյան հիվանդությամբ, բոլոր խաղերը խաղալուց հետո սկսել է զբաղվել սեփական կերպարի փառաբանման խնդիրներով՝ առաջ անցնելով ու իրենից անհասանելի հեռավորության վրա թողնելով Լեոնիդ Բրեժնևին: Այս օրերին «ԾՌՐ» հեռուստաալիքով սկսել են ցուցադրել ղազախական մի մեծ կինոէպոպեա մանուկ Նուրսուլթանի փառավոր ծննդյան, նրա դյուցազներգության, հերոսապատումի, մեծագործությունների մասին: Դա, հավանաբար, Թուրանի ապագա սուլթանի փառավոր անցյալի, ներկայի ու հավերժության պատմության սկիզբն է միայն:
Այս հոդվածաշարի բուն նպատակն է եղել հասկանալ ԽՍՀՄ կործանման պատճառներն ու կոլեկտիվ մտածողության միջոցով փորձել մի ելք գտնել տնտեսական, քաղաքական, սոցիալական, հումանիտար ճգնաժամերից, տաք ու սառը պատերազմներից դուրս գալու համար: Չհասցրինք, դարձյալ ուշացել ենք, Նազարբաևը իր ու իրեն նմանների համար հարմար ելքը արդեն գտել է: Մասնավորապես, ապագա մեծ սուլթանատ ստեղծելու համար Նազարբաևին անհրաժեշտ է Թուրքիայն ներս խցկել ԵԱՏՄ մեր միասնական ընտանիքի մեջ, մի անգամ էլ Խորհրդային Միությանը փոխարինող այս կառույցը ներսից կպայթեցնեն ու ամեն ինչ կգնա իր բնականոն հունով. Մեծ Թուրանը՝ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորությամբ, կստացվի նաև Ռուսաստանի, Հայաստանի ու Ղարաբաղի տարածքների հաշվին: Այ, թե որտեղից է գալիս Ղազախստանի նախագահի հայրական սերն ու հոգատարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս հարցերում Նազարբաևի ախորժակին ախորժակ չի հասնի: Մի անգամ Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը մեր հյուրն էր՝ Աբովյանի հելիոպոլիգոնում: Մեր զրույցի ժամանակ ես միամիտ մի միտք արտահայտեցի, թե՝ Ղազախստանի բախտը բերել է, Ստալինն իրենց համար այնպիսի մեծ տարածքներ է նկարել, որ ողջ Եվրոպան կարող է տեղավորվել:


-Ի՞նչ եք ասում, իրականում Ղազախստանը շատ ավելի մեծ է եղել, ժամանակին Մոսկվան մեր սահմանային քաղաքներից մեկն էր:
Այս հանգամանքը անպայման հաշվի կառնվի՝ ապագա Թուրանի քարտեզը կազմելիս: Մեծ Թուրանի կառուցման քաղաքական ծրագրի համար առանցքային է մնում ռուս-թուրքական գլոբալ հակասությունները մեղմելու խնդիրը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խաթարելու հաշվին, դա մեծ գայթակղություն է, որը դեռ երկար է թևածելու մեր քաղաքական երկնակամարում ու մնալու է որպես հայ-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների խաթարման հիմնական պատճառն ու փորձաքարը: Այդ մասին է խոսում ռուս-թուրքական հերթական հաշտեցման ու բարեկամական նոր հարաբերությունների հաստատման փորձը, որն անմիջապես ի հայտ եկավ 2016 թվականի հունիսի 26-ին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած ուխտագնացությունից հետո:


Հռոմի պապի ուխտագնացությունը թուրքերին ամենալուրջ ձևով վախեցրեց, որովհետև նա պարզ՝ ժեստերի լեզվով, դեպի Արարատ բաց թողած երկու աղավնու միջոցով բացատրեց, թե որտեղից որտեղ եկել ու բնակալել եք համաշխարհային քրիստոնեության օրրանում, սուրբ լեռան սուրբ երկրում, բայց ձեզ հյուրի պես չեք պահում, ցեղասպանություններ եք արել, կոտորել եք աստվածատուր հայ ժողովրդին ու քրիստոնյա մյուս տեղաբնակներին և փորձում եք շարունակել ձեր հանցագործությունները համայն մարդկության հանդեպ՝ մի բուռ հողի համար անմեղ քրիստոնյաների արյուն եք թափում Ղարաբաղում, բավական է, հայերին մենակ չենք թողնի, հայերի թիկունքում միլիարդանոց քրիստոնյա աշխարհն է կանգնած, դա մեր ամենաբարձրյալի կամքն է:


Հռոմի պապի ուխտագնացությունը շատ կարևոր մեսիջներ տվեց համայն աշխարհին, համաշխարհային հանրության և՛ քրիստոնյա, և՛ մուսուլման հատվածներին: Քրիստոնյա աշխարհի սրտովը չէ, երբ թուրքերը մուսուլմանների անունից շարունակում են իրենց ցեղասպան գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ, այսուհետ Հայաստանը ստանալու է քրիստոնյա աշխարհի գործուն աջակցությունը՝ որպես առաջին քրիստոնյա երկրի, բարեկիրթ քրիստոնյա աշխարհի ու մարդկային արժեքների դրոշակակրի:
Եթե մի քիչ շեղվենք այս թեմայից ու վերադառնանք Հերունի-Համազասպյան արևային թեմաներին, ապա մեկ անգամ ևս կարող ենք հաստատել Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման պատմական նշանակությունը՝ որպես համաշխարհային հանրության մոտ հայ ժողովրդի քաղաքական կշիռը, դերն ու նշանակությունը բարձրացնելու ևս մեկ նպաստավոր բրենդ, որը հույժ կարևոր է Հայ դատի խնդիրները լուծելու համար: Մեր անկախության տարիներն անցան մեկը մյուսի հետևից, բայց ինձ այդպես էլ չհաջողվեց մեր նախագահներին, վարչապետերին ու այլ պետական մեծամեծների բացատրել, որ հելիոֆիկացիայի ծրագիրը ձեր բիզնեսներին չի խանգարելու, այստեղ հոսանք, տաք ջուր ստանալու կամ, պարզապես, համով խորոված պատրաստելու խնդիրներ չեն լուծվում: Հելիոֆիկացիայի ծրագրի հիմքում (ամբողջական անվանումն է՝ երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագիր) դրված է մարդկության առջև ծառացած էներգետիկ ու էկոլոգիական գլոբալ խնդիրների համար լուծում գտնելու գաղափարը, որը մենք արդեն գտել ենք, պետք է առաջ շարժվել ու կիրառել: Ի՞նչ վատ կլիներ, եթե Հռոմի պապը նաև նշեր, որ, առաջին քրիստոնյա երկրից բացի, ինքը եկել է նաև աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը, որ չնայած ցեղասպանության ժամանակ տեսած Քրիստոսի չարչարանքներին, հայ ժողովուրդը իր մեջ ուժ է գտել լուծելու համաշխարհային նշանակության այսպիսի խնդիրները, որոնք հավասարապես օգտակար են և՛ քրիստոնյաներին, և՛ մուսուլմաններին, և՛ բուդդայականներին, և՛ եբրայեցիներին, և՛ երկրի վրա ապրող բոլոր ազգերի ու հավատի մարդկանց համար: Ահա թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում մեր հելիոֆիկացիայի ծրագիրը, որը Հայաստանի տնտեսական օրակարգից անընդհատ դուրս է մղվում՝ գազի բիզնեսի ու էներգետիկ ոլորտի գլխին քար չգցելու մտավախությունից ելնելով, խելքի՜ աշեցեք: Աշխարհում այդքան կարևոր գործը կարող են տապալել միայն Հայաստանի իշխանավորները՝ մանկամիտ խելքի տեր մարդիկ, որոնց համար երկիրը միայն իրենց, միայն իրենց գրպանի համար է։ Նրանց չի հետաքրքրում այն հանգամանքը, որ հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել 800 հազար լավ վճարվող աշխատատեղ, Սպիտակի աղետի գոտում՝ 25 տարվա ուշացումով լուծել աշխատատեղերի հարցը, աշխատել 8 տրիլիոն դոլարի հասնող հելիոտեխնիկայի միջազգային շուկայում, պայմաններ ստեղծել 6 միլիարդի հասած արտաքին պարտքը փակելու համար, բարելավել մարդկանց սոցիալական վիճակը, կասեցնել արտագաղթը, արտադրա-տնտեսական հարցերում ակտիվացնել համագործակցությունը սփյուռքի հետ, բարձրացնել Ղարաբաղի ու Հայաստանի պաշտպանունակությունը, լուծել էներգետիկ ու էկոլոգիական անվտանգության հրատապ խնդիրները և այլն:

Այսքան դրականը, որքան որ կարևոր է մեր ժողովրդի համար, նույնքան էլ խորթ է մեր իշխանությունների ու նրանց գլխին նստած աշխարհաքաղաքական խաղացողների համար։ Այստեղ է մեր թույլ տեղը, մեր հիմնական խոչընդոտը, որը պետք է հաղթահարել սեփական ուժերով՝ հրաժարվելով Ռուսաստանի, Եվրոպայի ու Ամերիկայի հետևից կուրորեն վազելու պրակտիկայից: Աշխարհաքաղաքական մեծ հորձանուտներում չտուժելու ու չխեղդվելու համար մեզ անհրաժեշտ կլինի ապավինել միայն մեր ուժերին՝ որոշակի տարածության վրա պահելով մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք մերթ ընդ մերթ խիստ վտանգավոր են դառնում հայ ժողովրդի գոյատևման համար: Այդ մասին է խոսում Թուրքիայի արագ արձագանքը պապին, նրա արտաքին քաղաքականության 180-աստիճանանոց տեղապտույտը Ռուսաստանի ուղղությամբ, որը, մասնավորապես, պայմանավորված է այդ երկրում ստեղծված անհուսալի ծանր տնտեսական ու քաղաքական իրավիճակով: Դժվար չէ կռահել, որ Թուրքիա պետությունը կանգնած է տրոհման հերթական փաստի առաջ, որը, վստահաբար կարելի է ասել, այս անգամ ևս այդքան էլ սարերի հետևում չէ: Թուրքիան կարող էր տրոհվել արդեն 1918 թվականին՝ Լենինը չթողեց, Թուրքիան կարող էր տրոհվել 1945 թվականին՝ Ամերիկայի նախագահ Տրումենը չթողեց, իսկ Ստալինը վճռականություն չցուցաբերեց՝ զգուշանալով Ճապոնիայի Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա նետած առաջին ատոմային ռումբերի պատմությունից: Պետք է հուսալ, որ մոտակա ժամանակներում, արդեն երրորդ փորձից Թուրքիան կարող է տրոհվել ու մասերի բաժանվել՝ ազատություն ու անկախություն տալով բնիկ ժողովուրդներին: Թուրքիայի ներքին հակասությունների պատճառները ավելի հիմնավոր են, քան արտաքին աշխարհի հետ ունեցած հակասություններն են, եթե հաշվի առնենք բնակչության ազգային կազմի ու ընդհանուր դեմոգրաֆիայի խնդիրները: Իրականության մեջ այն պետք է որ խստորեն տարբերվի աղավաղված պետական պաշտոնական տվյալներից: Դատեցեք ինքներդ, ակ և կարա կոյունլուները Փոքր Ասիա են ներխուժել 2500 ձիավորով՝ Օսմանի գլխավորությամբ, ընդունել են իսլամն ու բռնի ուժով իսլամացրել ու թուրքացրել են տեղաբնակ քրիստոնյա ժողովուրդներին՝ հիմնականում օգտագործելով քրիստոնյա ենիչերի-զինվորներից կազմված զորքերը:


Եթե խնդրին մոտենանք զուտ ինժեներական տեսակետից, ապա դժվար է հաշտվել այն մտքի հետ, թե մի քանի հազար հոգով հնարավոր էր գալ աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներն ու ասիմիլյացիայի ենթարկել, ձուլել, թուրքացնել տեղաբնակ ժողովուրդներին: Ճշմարտությունն այն է, որ եկվորները իրենք են ձուլվել ու ասիմիլյացիայի ենթարկվել տեղաբնակների մեջ՝ թուրքերենը հաստատելով որպես հիմնական, հետագայում նաև պետական լեզու: Սա շատ նման է քիմիայի մեջ հանդիպող դեպքին, երբ ջուրը խառնում են սպիրտի հետ՝ ստանալով մի նոր լուծույթ, ի՞նչ անուն տալ այդ նոր լուծույթին: 50։50 տոկոսի ժամանակ այն կարելի է անվանել ջրի սպիրտային լուծույթ կամ սպիրտի ջրային լուծույթ, երկուսն էլ ճիշտ են: Մյուս դեպքերում՝ անվանումը գալիս է լուծույթի մեջ գերակշիռ քանակ ունեցող հեղուկից: Նույն սկզբունքը կիրառելի է նաև Թուրքիայի բնակչության իրական (ֆիզիկական) էթնիկ կազմը որոշելու համար: Թուրքիայում այսօր շատ են քրդերը, նաև ծպտյալ հույները, ասորիները, հայերը, պարսիկները և տեղաբնակ այլ ազգերը: Ծպտյալ հայերը, որոնց թիվը Թուրքիայում կարող է գերազանցել 10 միլիոնը, կամաց-կամաց սկսել են վերադառնալ իրենց հայկական արմատներին՝ ընդունելով քրիստոնեությունը և հիմնականում մկրտվելով Հայաստանում:
Մի այսպիսի պատմություն: Մոտ 40 տարեկան մի թուրքահայ մկրտվել էր Էջմիածինում ու որոշել էր այդ կարևոր իրադարձությունը նշել ռեստորանում: Հրավիրվածների մեջ էին հինգ թուրք ու մի քանի երևանցի: Մերոնցից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է նա իմացել, որ ինքը հայ է:


-Մեր տանն ընդունված էր, որ հացի խմորի վրա վերջում խաչ են անում: Սեղանի մոտ նստած թուրքերից երեքի ձեռքերը անսպասելիորեն սկսեցին դողալ ու պատառաքաղները վայր ընկան: Հավանաբար նրանց տանն էլ էր նույնը արվում:
Խմորի վրա ձեռքով խաչ քաշելը պարտադիր էր նաև մեր տանը: Ամեն անգամ հունցելուց հետո իմ տատը բացված դաստակի կողային հարվածներով խմորի վրա խաչ էր պատկերում, այդ խաչից էր գալիս նաև հացը գետնին չգցելու, այն չտրորելու, աղբի հետ չխառնելու մոտեցումը, որովհետև խաչը դնելուց հետո այն սրբություն էր դառնում: Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կատարելու մարդկանց գենետիկ (ծագումնաբանական) հետազոտություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի պարզել Թուրքիայի բնակչության ստույգ էթնիկ կազմն ու ապացուցել, որ կլասիկ առումով Թուրքիայում թուրքերը կարող են միայն աննշան թիվ կազմել ու շատ հեռու են 80 միլիոնի հասնող պաշտոնական թվերից: Հայտնի է, որ անգլիական մի պրոֆեսիոնալ կազմակերպություն առաջարկել էր Թուրքիայի բնակչության շրջանում գենետիկ հետազոտություններ անցկացնել, իշխանությունները դեմ եղան: Թուրքիայում կա միայն միասնական թուրքական լեզու, որի շուրջ էլ փորձ է արվելու զարգացնելու Մեծ Թուրանի գաղափարը, պետություն, որի մեջ ենթադրվում է միավորել բոլոր ժողովուրդներին, որոնք խոսում են թուրքերեն, ու փորձել մեկ ավելորդ անգամ էլ նրանց ասիմիլյացիայի ենթարկել ու ասիմիլյացվել, թերևս մարդանման ինչ-որ բան ստացվի: Գուցե և, բայց մեզ կտրականապես չի կարող բավարարել այն հանգամանքը, որ այդ փորձի ճանապարհը կամրջակվելու է Հայաստանի վրայով: Տարածաշրջանային այս հարցերում Ռուսաստանը մշտապես տվել է երկդիմի, հակասական խաղեր՝ թուրքական ցեղասպանություններով մշտապես վախեցնելով մեզ ու ստիպելով ենթարկվել իր կամքին ու անվերապահորեն սպասարկել միայն իր տարածաշրջանում ստրատեգիական շահերը, հայկական շահերը կարող են նաև սպասել: Ճիշտը աղա աղվեսի ու կկվի պատմությունն է.


-Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա, ճիշտ է, մենք օգնության կգանք, բայց կհասնենք մի քանի օր ուշացումով, երբ հայերի կեսը չի լինի։
Սրանք Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերն են: Ժիրինովսկուն, ԿԳԲ-ի նախկին կապիտանին, այժմ՝ գնդապետ, իրավամբ կարելի է համարել Ռուսաստանի ստրատեգիական պլանների ոչ պաշտոնական բարձրաձայնման համար նախատեսված Կրեմլի «ռուպորի» (ուրիշի խոսափող): Նույն ձևով էր արտահայտվում նաև ԽՍՀՄ պրեզիդենտ (նաև Հայաստանի պրեզիդենտ) Գորբաչովը՝ արդեն Բաքվի հայկական ջարդերը կազմակերպելուց հետո.
-Մենք ընդամենը 30 րոպե էինք ուշացել:


Գորբաչովը 30 րոպե էր ուշացել, Ժիրինովսկին խոստանում է մի քանի օր ուշանալ, մեկ ուրիշը, գուցե, ավելի շատ կուշանա, բայց անպայման կուշանա, սա գործ չէ, մեր գոյատևման, մեր ազգային անվտանգության խնդիրները չի կարելի թողնել ուրիշների՝ ռուսների, ամերիկացիների կամ եվրոպացիների հույսին կամ, ավելի տեղին կլինի ասել, բախտի քմահաճույքին, որովհետև դրանք բացարձակապես մեր կենսական, մեր գոյատևման ու մեր լուծելի խնդիրներն են, որոնց համար պետք է կարողանանք հզորանալ տնտեսապես, բարձրացնել մեր պաշտպանունակությունը, քաղաքական ու տնտեսական բոլոր բնագավառներում միավորվել սփյուռքի հետ ու մեկ միասնական բռունցք դառնալով առաջ շարժվել և դիմակայել ճակատագրի հերթական ելևէջներին: Հայկական հարցում Ռուսաստանը մշտապես վարել է անհասկանալի ձևով խճճված «կոմպլեմենտար» քաղաքականություն՝ այն թաքցնելով կոմպլիմենտային (հաճոյախոսությունների վրա հիմնված) քաղաքականության քողի տակ: Ռուսաստանը կարող է հայկական շահերն անտեսել՝ ստորադասելով ավելի շահավետ թուրքական առաջարկություններին (կասկած չկա, որ այս հարցում թուրքերը, ադրբեջանցիները, ղազախներն ու այլք, խիստ առատաձեռն կգտնվեն) ու այդ ամենը ներկայացնել որպես իրենց պետական շահերից բխող: Հայ ժողովրդի անվտանգության հարցերում Հայաստանի իշխանությունները չեն կարող զիջումների գնալ, որովհետև դա կլինի ուղղակի դավաճանություն ազգային-պետական շահերի նկատմամբ, պետք է ուշադիր լինել ու զգուշանալ ռուս քաղաքական լիդերների առաջարկած տարածաշրջանային նախաձեռնություններից: Այստեղ հատուկ ուշադրություն է պետք դարձնել հայ քաղաքական էլիտայի կողմից տարվող տարածաշրջանային քաղաքականությանը, որը, ինչպես մյուս կարևոր դեպքերում, հարմարեցված է լինելու սեփական շահերին, սեփական գրպաններին, 25 տարին բավական էր այդ ամենը հասկանալու համար, հայ ժողովրդի պատմության մեջ նման բաներ շատ են եղել:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ