ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարուստ ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
22.03.2016 | 11:36

(սկիզբը` այստեղ)

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՋԵՔՍՈՆ-ՎԻՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ՝ ԽՍՀՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Այս օրենքով Ամերիկան իր տեխնոլոգիապես զարգացած սատելիտ երկրներին պարտադրում էր տեխնոլոգիական բլոկադայի ենթարկել Խորհրդային Միության արդյունաբերությունը՝ զրկելով արևմտյան ժամանակակից տեխնոլոգիաներ ու նորագույն տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունից: Ջեքսոն-Վինիկի ուղղումը, որն առավել հայտնի է որպես Ջեքսոն-Վինիկի կամ Ջեքսոնի օրենք, արևմտյան ֆիրմաներին ուղղակիորեն արգելում էր Խորհրդային Միությանը վաճառել բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, ճշգրիտ հաստոցներ ու նոր տեխնոլոգիաներ: Այս նախաձեռնության հեղինակները ցանկանում էին, առաջին հերթին, ուղղակիորեն կասեցնել Խորհրդային Միության ռազմարդյունաբերության համալիրի (ՌԱՀ) գործարանների տեխնոլոգիական վերազինումը ժամանակակից տեխնիկայով ու տեխնոլոգիաներով, ու այդպիսով խոչընդոտ դառնալ ռազմական տեխնիկայի արտադրության ու տիեզերագնացության մեջ ունեցած մեր փայլուն հաջողություններին: Ջեքսոնի օրենքը կողմնակի հարված էր հասցնում նաև ԽՍՀՄ-ի ընդհանուր տնտեսությանը, որովհետև առաջացնում էր ստեղծված ճեղքվածքը ամեն գնով փակելու, չափից դուրս ծախսերի գնալու խնդիրը: Պատերազմից հետո խորհրդային ՌԱՀ-ի գործարաններում, սեփական մշակման եզակի տեխնոլոգիական սարքավորումների ու տեխնոլոգիաների հետ, մշտապես օգտագործվել են Գերմանիայից դուրս բերված ռազմավարային տեխնիկան ու տեխնոլոգիաները և արտասահմանյան մշակման առաջնակարգ տեխնիկան, որոնք ձեռք էին բերվում հիմնականում երրորդ երկրներից ու միջազգային ցուցահանդեսներից՝ ոսկու դիմաց: 1986 թվականին Ամերիկան մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Գերմանիան ԽՍՀՄ-ին վաճառեց 1000 հատ «Մախո» ու «Միկրո» տիպի ճշգրիտ խառատային ու ֆրեզերային հաստոցներ՝ շրջանցելով Ջեքսոնի սահմանափակումները: Ի միջի այլոց, այդ գերճշգրիտ հաստոցների («Միկրո» անունը արդեն խոսում է հաստոցների միկրոնանոց ճշտությունների մասին, բոլոր հաստոցներն ունեին ժամանակակից կոմպյուտերային համակարգեր ու թվային սենսորներ) մի մեծ խմբաքանակ՝ թվով հարյուր, տրվեց Հայաստանում գործող ՌԱՀ-ի գործարաններին: Հայաստանում դրանց թիվը հիմա մատների վրա կարելի է հաշվել: Նորաթուխ մեր հայ գործարանատերերն այդ գերճշգրիտ հաստոցները վաճառեցին Իրանի ուղղությամբ՝ հետևյալ պայմաններով. պաշտոնական ձևակերպումների համար՝ գները նախնական գերմանական, «վերխը»՝ 5000 դոլար: Իրանի արդյունաբերողների մոտ գերմանական տեխնիկան շատ հարգված է ու մեծ հեղինակություն է վայելում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս մեր հանրությանը հիշեցրեց, որ գերմանական տեխնիկան իր որակական բարձր հատկանիշներով աշխարհում լավագույնն է: Ցավոք, նրա ելույթն ուշացած ծաղիկներ էր հիշեցնում, մեր գործարաններն արդեն զրկել ենք ժամանակակից տեխնիկայից ու տեխնոլոգիական հաստոցակազմից: Խորհրդային տարիներին Հայաստանի ՌԱՀ-ի շատ գործարաններ հագեցած էին բարձր ճշտությամբ գերմանական, ավելի բարձր ճշտությամբ ճապոնական ու անհամեմատ ավելի բարձր ճշտությամբ շվեյցարական հաստոցներով, միկրոսկոպներով, ֆոտոշտամպներով և այսօր մեզ շատ անհրաժեշտ լավագույն տեխնիկայով, տեխնոլոգիական սարքավորումներով ու հոսքագծերով: Մի անգամ Կարեն Դեմիրճյանը մտնում է Աբովյանի «Սիրիուս» գործարանի կոորդինատային արտադրամասն ու աննկատ կանգնում է շվեյցարական հաստոցի վրա աշխատող վարպետ Հենրիկի մոտ, սպասում է, որ բանվորը վերջացնի իր գործը: Այդ հաստոցի վրա աշխատող բանվոր-օպերատորը հատուկ ականջակալներ է կրում ու չի լսում, թե շուրջն ինչ է կատարվում:
Պատմում է Հենրիկը.
-Գործը վերջացրի ու տեսնեմ՝ Դեմիրճյանը կողքիս կանգնած է։ Նա մոտեցավ ինձ, գրկեց ու համբուրեց. ապրես, միշտ այդպես:
Դեմիրճյանը շատ էր գնահատում աշխատող բանվորին, ինժեներին ու գիտնականին, ամեն ինչ անում էր, որ Հայաստանի արդյունաբերությունը զարգանա աշխարհի լավագույն տեխնիկան ստանալու ճանապարհով՝ շրջանցելով նաև Ջեքսոնի ամերիկյան արգելքը: Այդպիսի շրջանցման փայլուն օրինակ է Երևանում «Մարս» գործարանի ստեղծման պատմությունը: «Մարսը» հագեցած էր անգլիական հաստոցներով, իտալական ու շվեդական հոսքագծերով, ամեն ինչ միայն լավագույնը՝ հակառակ Ջեքսոնի արգելքի:
Այդպիսին էր մեր Կարեն Սերոբի Դեմիրճյանը, որին ես համարում եմ Հայաստանի ժամանակակից արդյունաբերության հայրը: Իսկ ի՞նչ անուն տանք նրանց, ովքեր վաճառքի հանեցին մեր գիտատար արդյունաբերության ողջ պոտենցիալը, ովքեր մեր տնտեսության «փորը թափեցին» այն ժամանակ, երբ առավել քան երբեք պետք էր ունենալ ժամանակակից արդյունաբերություն և տնտեսություն, որ սեփական ուժերով կարողանայինք դիմակայել արտաքին ու ներքին մարտահրավերներին: Ասեմ, որ շվեյցարական կոորդինատային հաստոցների համար պահանջվող հատուկ մետաղական համաձուլվածքները տասնյակ տարիների ընթացքում անցնում են բնական հնեցման տեխնոլոգիական պրոցես՝ տասնյակ տարիների ընթացքում պահվելով Ժնևի մոտ գտնվող լճի հատակում: Հետաքրքիր է, այդ հաստոցների փողով քանի՜ տարի մարդիկ կարող են իրենց հանգիստն անցկացնել անթալիաներում ու սաֆարիներում:
Մի հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ, երբ թուրքական պատվիրակությանն առիթ ունեցա ծանոթացնելու «Մարս» գործարանի հետ՝ 1998-ին կայացած հայ-թուրքական տնտեսական համաժողովի շրջանակներում: «Մարսն» ուղղակի ապշեցրեց թուրքերին: Թուրքական խմբի ղեկավարը կին էր, դարձյալ թուրք, նա մոտեցավ թերմոպլաստ ավտոմատին, վերցրեց ու թաքուն պայուսակի մեջ դրեց պլաստամասսե մի դետալ, հավանաբար մեր տեխնոլոգիական մակարդակը հետագայում գնահատելու համար: Նման դեպքերում մենք՝ հայերս կամ ռուսներս, թույլտվություն ենք խնդրում ու թուրքի նման չենք գողանում: Եթե թուրքը խնդրեր, մենք այդ դետալը, անշուշտ, նրան կտայինք, դա ոչ մի նշանակություն չուներ: Թուրքական խմբի ղեկավարը հետո մոտեցավ ինձ ու հետաքրքրվեց, թե քանի՞ նման գործարան կա Հայաստանում:
-Թիվը չեմ կարող ասել, գաղտնիք է։ Շատ են,- եղավ պատասխանս: Այսօրվա Հայաստանի, թերևս, ամենամեծ պետական գաղտնիքն այն է, թե մենք ինչ ենք վաճառել ու ինչ չունենք: Դրսում այդ ինֆորմացիան ունեն: Մեր իշխանություններն այդ «պետական գաղտիքը» գաղտնի են պահում, առաջին հերթին, մեր հասարակությունից: Իսկ մեր հասարակությունը ամեն ինչ լավ էլ գիտի ու դատապարտում է իր ազգադավ ու երկրակործան իշխանություններին:
Բայց, ինչպես ասում են, գնացքը վաղուց արդեն գնացել է, ու հիմա ստիպված ենք մեր նոր ինդուստրացման ծրագրերը սկսել գրեթե տեխնիկական ու տեխնոլոգիական զրոյական կետից: Ջեքսոնի օրենքը շատ մեծ վնաս հասցրեց Խորհրդային Միությանը՝ տարբեր պատճառներով: Նշեմ դրանցից մի քանիսը: ԽՍՀՄ ռազմական ու ոչ այնքան ռազմական գործարանները մասսայաբար զրկվելով ժամանակակից տեխնիկա ու տեխնոլոգիաներ ստանալու հնարավորությունից, խորհրդային արդյունաբերությունը ստիպված էր իր վրա վերցնել նորագույն տեխնոլոգիաներ մշակելու և ժամանակակից տեխնիկական միջոցներ ստեղծելու խիստ ծախսատար գործը: Եթե ամերիկյան կամ եվրոպական ֆիրմաներն իրենց համար անհրաժեշտ տեխնիկան ու տեխնոլոգիաները ձեռք էին բերում ամերիկյան, եվրոպական կամ ճապոնական խիստ մասնագիտացված ընկերություններից՝ սերիական արտադրություններին հատուկ ցածր գներով, ապա խորհրդային ձեռնարկությունները ստիպված էին այդ բացը լրացնել սեփական ուժերով՝ կից հիմնելով հատուկ կոնստրուկտորական բյուրոներ, ինստիտուտներ ու փորձնական գործարաններ, որոնց վերջնական արտադրանքը սովորաբար սահմանափակվում էր արտադրված մեկ-երկու նմուշով՝ սեփական արտադրական կարիքների համար: Միությունում արտադրական կոոպերացիան գտնվում էր շատ ցածր մակարդակի վրա, հիմա ավելի է իջել: Յուրաքանչյուր ձեռնարկություն ստիպված էր իր խնդիրները լուծել ինքնուրույնաբար, մեծ ծախսերի գնով, շատ ժամանակ կորցնելով ու արդյունքում ստանալով անկատար ու անհուսալի տեխնիկա՝ մեծ ինքնարժեքով: Պլանային տնտեսության համակարգում աշխատող խիստ մասնագիտացված խորհրդային գործարաններում հնարավոր չէր տալ սերիական արտադրանք և, միաժամանակ, նույն գործարանում զարգացնել մասնագիտացման արտադրություններ, նախագծել ու արտադրել բարդ ու ճշգրիտ հաստոցներ, հատուկ տեխնոլոգիական սարքավորումներ, շտամպեր, կաղապարներ, ստեղծել ֆիրմային տեխնոլոգիաներ և այլն: Դա հավասարազոր էր մեկ ձեռքով տասը ձմերուկ բռնելուն: Ամերիկյան, եվրոպական ու ճապոնական ընկերություններում արտադրական կոոպերացիան միշտ էլ դրված է եղել շատ բարձր մակարդակի վրա: Բոլոր գործարանների զարգացման հիմքում դրված է նեղ մասնագիտացումը: Նեղ մասնագիտացումն ու կոոպերացիայի բարձր աստիճանը հատուկ են աշխարհի տեխնոլոգիապես զարգացած բոլոր երկրներին: Օրինակ, ինձ հայտնի հոլանդական ֆիրմաներից մեկը մասնագիտացված է միայն փոքր տրամագծի խողովակներ արտադրելու գործում: Գնում է խողովակներ, դրանք կտրատում, մշակում ու պատվերով առաքում է աշխարհի տարբեր երկրներում գործող ձեռնարկություններին: ԽՍՀՄ-ում արտադրական կոոպերացիան գտնվում էր շատ ցածր մակարդակի վրա նույնիսկ միևնույն նախարարության սահմաններում: Կային նաև իրավական սահմանափակումներ, որոնք բխում էին հաստատված գործարանային ու ճյուղային ստանդարտներից: Վերջիններս կազմվում էին՝ ելնելով միևնույն պետական ստանդարտներից: Խորհրդային գործարաններում հարյուրավոր տեխնոլոգիական ստանդարտ օպերացիաներ կատարելու համար ստեղծվում էին սեփական արտադրության գործիքներ ու հաստոցներ, որոնք հեռու էին կատարյալ լինելուց: Սեփական յուղի մեջ տապակվելու, սեփական ուժերով արտադրական խնդիրները լուծելու, ցանկացած ձևով պլան կատարելու խորհրդային դոգմատիկ դարձած աշխատաոճը դրական արդյունքներ տալ չէր կարող: Այդպիսի պայմաններում ժամանակակից մրցունակ արտադրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ յուրաքանչյուր գործարան պետք է ունենար պրոֆեսիոնալ մասնագետներից, գիտնականներից, բարձրակարգ ինժեներներից, տեխնոլոգներից ու բանվորներից կազմված կոլեկտիվ, որը իրատեսական չէր: Խորհրդային պլանային համակարգը մասնագետներին զրկել էր ազատ գործելու, սեփական գործը դնելու, սեփական ունակությունները իր հայեցողությամբ ազատ օգտագործելու հնարավորությունից: Ոչ մասնագիտացված գործարաններում ստեղծված տեխնիկան իր մակարդակով չէր կարող բավարարել ժամանակակից արդյունաբերության պահանջները: Բարձր տեխնոլոգիական սարքավորումներ ստեղծելու գործը հասանելի չէր խորհրդային գործարաններին: Արևմտյան երկրներում պրոֆեսիոնալ մասնագետները հավաքագրվում ու գործում էին միայն որոշակի, խիստ մասնագիտացված ձեռնարկություններում, որտեղ ստեղծում էին ժամանակակից տեխնիկական միջոցներ ու տեխնոլոգիաներ, որոնք այնուհետ տրամադրվում էին հարյուրավոր սերիական գործարանների: Նոր տեխնոլոգիաների խնդիրը չլուծվեց նաև գիտաարտադրական միավորումներ ստեղծելու միջոցով: Աբովյանի «Պոզիստր», Երևանի «Էրեբունի», Կամոյի «Դիպոլ» և Հայաստանում գործող այլ ԳԱՄ-ներ ստեղծելու նպատակը մեկն էր՝ կազմակերպել փակ ցիկլով աշխատող արտադրություններ: Դա չօգնեց: Չէր էլ օգնի: Չօգնեց նաև ԽՍՀՄ էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային ու միութենական այլ նախարարությունների կազմերում հատուկ վարչություններ ստեղծելու նախաձեռնությունը: Իրականում դրանք ենթանախարարություններ էին, որոնք կոչված էին լուծելու հատուկ նշանակությամբ տեխնոլոգիաների ու տեխնիկայի ստեղծման հարցը: Այդպես, ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության համար ստեղծվեցին էլեկտրոնային մեքենաշինության հատուկ ԳԱՄ-եր ու գործարաններ, որոնց կադրային խնդիրները լուծելու համար բացվեցին հատուկ նշանակության փակ ուսումնական ինստիտուտներ, ինչպիսին էր Մոսկվայի էլեկտրոնային մեքենաշինության ինստիտուտը: Քաղբյուրոյի «դաբրոյով» կատարվող այս և, առանց բացառության, մյուս բոլոր գործնական քայլերը միայն կազմալուծում էին խորհրդային արդյունաբերությունը՝ տրոհելով ողջ տնտեսական, տեխնիկական ու կադրային պոտենցիալը, այն բաժանելով իրարից առանձնացված, իրարից կտրված հատվածների: Եթե ամերիկյան ինժեները հնարավորություն ուներ իր նոր գաղափարները փորձարկելու և կյանքի կոչելու մի քանի ամսում ՝ աշխատանքի մեխանիկական, ժամանակ խլող գործերը թողնելով մասնագիտացված ֆիրմաներին, ապա, օրինակ, Արտաշատի ինստիտուտում ստեղծված լազերային միկրոսկոպի գյուտը փորձարկելու համար հայ ինժեներները ստիպված էին մի քանի տարի անիմաստ ժամանակ կորցնել երկրորդական աշխատանքների վրա՝ նախագծելով ու պատրաստելով բոլոր անհրաժեշտ մեխանիկական ու էլեկտրոնային բլոկները՝ համակարգչից սկսած, մոնիտորով վերջացրած: Նման դրվածքը որքան բացասական էր մեր ինժեներների ու գիտնականների համար, նույնքան էլ օգտակար էր մեր մասնագետների համար՝ ընդհանուր ինժեներական մակարդակի բարձրացման տեսակետից: Մեր ինժեներներն ու գիտնականները գտնում էին դրված տեխնիկական խնդիրների այնպիսի օրիգինալ լուծումները, որոնք հասանելի չէին ամերիկացիներին: Մեր մասնագետներն աշխատում էին հնարամտորեն, արտաժամ ու շատ դեպքերում փոխհատուցում էին այն վնասը, որն իր հետ բերում էր Ջեքսոնի օրենքը: Խորհրդային աշխատավորների աշխատավարձը լիմիտավորվում էր վերևից ու նյութապես շատ չէր խրախուսում որակյալ բանվորների ու ինժեներների հնարամիտ աշխատանքն ու գյուտարարությունը: Դա ավելի արդյունավետ էր դարձնում Ջեքսոնի օրենքի բացասական ազդեցությունը խորհրդային արդյունաբերության ու տնտեսության վրա: Այստեղ մեծ անարդարություն կար, որը խորհրդային համակարգի մեծագույն բացթողումներից էր:
ԽՍՀՄ գիտության ու արդյունաբերության զարգացումը կասեցնելու համար ամերիկացիները ստեղծել էին բազմաթիվ այլ ջեքսոնյան խոչընդոտներ: Դա բնական պրոցես էր, որը տեղավորվում էր ԱՄՆ-ԽՍՀՄ մրցակցային լարված հարաբերությունների տրամաբանության մեջ. ամեն գնով ու ճանապարհներով թուլացնել իրենց ստրատեգիական հակառակորդի տնտեսական ու ռազմական պոտենցիալը: Ասեմ, որ ամերիկացիների օրենքներն ու պատժամիջոցները բոլորովին էլ նրա դաշնակիցների սրտով չէին: Գերմանիան ամեն կերպ ոչ միայն շրջանցում էր Ջեքսոնի օրենքը, այլև առիթը բաց չէր թողնում Խորհրդային Միության հետ գիտական տարբեր ծրագրեր իրագործելու համար: 1985 թվականից ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության գիտխորհրդում մշտապես քննարկվում էր եվրոպական զարգացած երկրների հետ գիտատեխնիկական համագործակցություն ծավալելու հարցը՝ որպես Ջեքսոնի օրենքին հակազդելու միջոց: Այդպիսի ծրագրեր կազմվեցին, մասնավորապես, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ: Թվում էր, ամեն ինչ արդեն ստացվում է, Գորբաչովի «перестройка»-ն, «ускорение»-ն ու «демократия»-ն արդեն տվել են առաջին պտուղները: Օրինակ, 1987 թ. Մոսկվայում կայացած էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում իմ ուշադրությունը գրավեց գերմանական բարձրակարգ Օժե-միկրոսկոպը, որը ֆանտաստիկ նորույթ էր նյութաբանության բնագավառում: Օժե-միկրոսկոպը կոմպլեկտավորված էր ժամանակակից համակարգչով ու, ի զարմանս ինձ, նաև Աբովյանի «Սիրիուս» գործարանի արտադրության ջերմային պրինտերով: Պրինտերը ներկված էր տհաճ գորշ գույնով, ներկի մի մասն էլ պոկված, թափված էր: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ էին ցուցադրում գերմանացիները: Ստենդիստ գերմանացուն հարցնում եմ, թե այդ պրինտերը ինչո՞ւ եք մտցրել միկրոսկոպի կոմպլեկտի մեջ, մանավանդ որ միացված չէ: Պատասխանը այսպիսին էր. դա արված է համաձայն խորհրդա-գերմանական գիտատեխնիկական համագործակցության ծրագրի: Այդ ծրագրով նախատեսված էր համատեղ նախագծեր իրականացնել տեխնոլոգիական կարևոր բնագավառներում: Խորհրդային պրինտերը այնտեղ, իհարկե, ավելորդ էր, բացարձակ պետք չէր, Օժե-միկրոսկոպը ուներ իր երկրորդ բարձրակարգ պրինտերը, որը միացված էր HP համակարգչին: Խորհրդային պրինտերի օգտագործումն այս դեպքում արհեստական էր, ուներ զուտ հակագովազդային նշանակություն. ցույց տալ խորհրդային տեխնիկայի անչափ ցածր մակարդակը, մի կողմից, ու գերմանական տեխնիկայի անչափ բարձր մակարդակը՝ մյուս կողմից: Օժե-միկրոսկոպը մշակվում էր նաև Խորհրդային Միությունում: Ես այն մտցրել էի Ռյազանի կոնստրուկտորական բյուրոյի աշխատանքային պլանում, որը, սակայն, տապալվեց ու չիրականացավ: Օժե-միկրոսկոպի խորհրդա-գերմանական կեղծ նախագիծը լավագույնս օգտագործվեց պրոպագանդիստական նպատակներով: Նախարարության բարձր չինովնիկներն ամենուր խոսում էին «перестройка»-ի դրական արդյունքների մասին. չնայած խորհրդային ու գերմանական տեխնիկայի մակարդակների հսկայական տարբերությանը, գերմանացիները կամ Արևմուտքը արդեն համագործակցում էին Խորհրդային Միության հետ: Տարիներ անց միայն հասկացա, որ դա խորհրդային մարդկանց աչքերին թոզ փչելու հերթական փորձ էր: Իրականում գերմանացիները մեկ գնդակով երկու նապաստակ էին փորձում խփել Գորբաչովի համար: Ցույց տալ, որ մենք անհուսալի հետ ենք ժամանակակից տեխնիկայի բնագավառում ու, չնայած դրան, գերմանացիները պատրաստ են օգնելու մեզ: Իմ կարծիքով՝ դա առիթ էր խորհրդային արդյունաբերությունը աշխարհի մասնագետների աչքում, մեկ անգամ ևս, վարկաբեկելու և հեղինակազրկելու: Նման դեպքերը Գորբաչովին պետք էին, որպեսզի կարողանար ճնշել «перестройка»-ի իր հակառակորդներին: Այս պատմությունից ինձ համար անհասկանալի մնաց՝ ինչո՞ւ էին «Սիրիուսի» մեր մասնագետներն ու ղեկավարները այդքան անշուք պրինտեր ընտրել ու Գերմանիա ուղարկել: Ինչ, ինչ, բայց Հայաստանի գործարանների ղեկավարներն առանձնակի բծախնդրությամբ էին ընտրում արտահանվող արտադրանքը: Այդպիսի ցուցադրական խոտան «Սիրիուսի» գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանը չէր կարող թույլ տալ: Հակված եմ մտածելու, որ դա Կրեմլի հատուկ ցուցումով էր արված, գուցե այդ «միամիտ» գերմանացիները այստեղ ոչ մի կապ չունեին:
Բերեմ նման մի դեպք: «Գարուն» ԱՄ գլխավոր տնօրեն Գոհար Ենոքյանի մոտ եմ: Գոհարը, որպես իսկական գոհար, իր առանձնասենյակում քանդում ու դարձյալ մեկ առ մեկ փաթեթավորում էր իր միավորումում արտադրված հագուստը:
-Ի՞նչ ես անում,- իմ հարցին Գոհարը տվեց հետևյալ պատասխանը.
-Մեր արտադրանքը Հոլանդիա ենք ուղարկում, ստուգում եմ, որ հանկարծ բանվորները սխալ բան արած չլինեն:
Պատասխանատվության զգացումը միշտ էլ բարձր է եղել Հայաստանի տնօրենական կորպուսի մոտ՝ անկախ աշխատանքի տեղից ու ժամանակից: Չնայած սառը պատերազմի հայտարարված ավարտին, Ամերիկան չի դադարել ու, հնարավոր է, երբեք էլ չի դադարելու վարել իր ջեքսոնյան ճնշիչ-քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Ամերիկացիները շարունակում են հայտարարել, որ Ռուսաստանի նկատմամբ Ջեքսոնի խտրական օրենքը ուժի մեջ է մնում: Կարևոր է իմանալ, թե մեր ու հետխորհրդային անկախ երկրների վրա տարածվո՞ւմ է արդյոք այդ օրենքը: Այս ինֆորմացիան կարող է օգտակար լինել հաշվարկելու և կանխատեսելու Ամերիկայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում:
(շարունակելի)

Վահան
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Դիտվել է՝ 2682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել