Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
25.03.2016 | 00:20

(սկիզբը` այստեղ)

ԳՈՐԲԱՉՈՎՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ


Գորբաչովը կոմունիստ, խոշոր քաղաքական գործիչ, մեծ մտածող, մեծ հումանի՞ստ, թե՞ պարզապես ավանտյուրիստ ու դավաճան էր: Այստեղ կարծիքները բաժանվում են: Կարելի է տարբեր խոսակցություններ տանել, անվերջ վիճել ու վիճաբանել: Իմ կարծիքով, Գորբաչովը նախ և առաջ տաղանդավոր քաղաքական դերասան էր, ում միջոցով հնարավոր եղավ դարակազմիկ շրջադարձային փոփոխություններ կատարել Խորհրդային Միության պատմության մեջ: Հոկտեմբերյան հեղափոխությունից ու Հայրենական մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ի փլուզումը հաջորդ կարևոր իրադարձությունն էր, որը աշխարհաքաղաքական նոր իրադրություն ստեղծեց Երկիր մոլորակում: Շրջադարձային փոփոխությունները՝ շրջադարձային փոփոխություններ, բայց կարևորն այն է, թե այդ շրջադարձային փոփոխություններից ինչ ստացվեց, ո՞վ շահեց և ո՞վ տուժեց: Խորհրդային Միության շարքային քաղաքացիները, ի դեմս բանվոր դասակարգի ու մտավորականության, ցանկացած հարցում առայժմ տուժած են դուրս եկել. չունեն աշխատանք ու ապրուստի միջոց, ամեն քայլափոխի ճնշվում ու կեղեքվում են ազգային չինովնիկների ձեռամբ: Այդ է պատճառը, որ մարդիկ մերթ ընդ մերթ ընկնում են «նոստալգիկ» հիշողությունների գիրկը՝ դատապարտելով Գորբաչովին ու ափսոսանք արտահայտելով խորհրդային երկրի կործանման համար: Հուսով եմ, որ մեր կյանքի դժվարություններն ու անցյալի նկատմամբ կարոտը ժամանակավոր երևույթներ են:
Հետգորբաչովյան համակարգը, իր թերություններով հանդերձ, բազմաթիվ առավելություններ ունի նախկին խորհրդային համակարգի համեմատությամբ: Մարդիկ ապրելու և աշխատելու ավելի ազատ պայմաններ ունեն, ավելի ազատ են, կարող են տեղաշարժվել ըստ անհրաժեշտի, աշխատել որտեղ ցանկանում են, աշխատել իրենց համար ու, թող զարմանալի չթվա, նաև գործազուրկ լինել: Խորհրդային հասարակարգում մարդը զրկված էր գործազուրկ լինելու իրավունքից: Խորհրդային Միությունում աշխատանքից խուսափող քաղաքացիները համարվում էին պորտաբույծներ և օրենքով ենթակա էին քրեական պատասխանատվության: Իսկ քաղաքային ու գյուղական մեր այսօրվա խանութները... ամեն ինչ կա, նույնիսկ օձի ձու կարող ես գտնել: Մարդիկ, ովքեր խանութների մոտ գիշերային հերթեր էին պահում, որ առավոտյան կողմ մեկ կգ միս գնեն, այսօր գերադասում են ջայլամի ու կոկորդիլոսի միս օգտագործել. ասում են` խոլեստերին չեն պարունակում: Ամեն ինչ հիանալի է, բացառությամբ աշխատատեղերի խնդրի:
Հայաստանի արդյունաբերությունը փոշիացվել է, չի աշխատում, մարդիկ աշխատանք չունեն: Խորհրդային տարիներին կար աշխատանք, կար աշխատավարձ. խանութներն էին դատարկ: Այսօր հակառակն է. ամեն ինչ կա, բացի փողից: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ինչո՞ւ են մարդիկ այսքան «անշնորհակալ»: Ազատություն և անկախություն էինք պահանջում, Գորբաչովը այն տվեց: Մնում է ազգովին թևներս քշտած աշխատենք, բերք ու բարիք, ապրուստի միջոցներ ստեղծենք, բայց դա չենք անում, որովհետև մեզ առանց գործարանների ու արտադրության միջոցների են թողել: Գորբաչովը չի արել, այլ մեր նորաթուխ իշխանավորները: Իշխանություններն ու իշխանավորները, որոնց մենք պարբերաբար վստահության քվեներ ենք տալիս և թույլատրում, որ շարունակեն իրենց բնավեր գործը ազատ, անկախ Հայաստանի տարածքում: Ճիշտ չեմ համարում, երբ բոլոր կարևոր խնդիրներում Գորբաչովին են մեղադրում: Մինչ Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերից «ուշացած» Գորբաչովին տարբեր մեղադրանքներ առաջադրելը պարտավոր ենք ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել, պարզել և անհրաժեշտ գնահատականը տալ Հայաստանի սպիտակ գենոցիդի կազմակերպիչների՝ ծագումով հայ, բայց արդյունքների տեսակետից հակահայ գործիչների գործողություններին: Գորբաչովի իրականացրած ծրագիրը, առաջին հերթին, բխում էր ռուս ժողովրդի աշխարհաքաղաքական շահերից: Որոշակի իրավիճակներում երկրի ղեկին կանգնած լիդերները ոչ թե էմոցիաներով են ղեկավարվում, այլ գործում են խիստ հաշվենկատ՝ առաջնորդվելով միայն և միայն իրենց երկրների անվտանգության շահերով:
Հաջողությամբ պսակված սիրիական արշավանքով Վլադիմիր Պուտինն ապացուցեց, որ Գորբաչովի բարեփոխումներն արդեն տվել են դրական արդյունքներ... Ռուսաստանի ու, համոզված եմ, նաև Հայաստանի՝ ռուսական միջուկային հովանոցի տակ գտնվող երկրի համար: Եթե «перестройка»-ի խնդրին մոտենանք Սիրիայում ռուսական թևավոր հրթիռների փորձարկումների արդյունքների տեսանկյունից, ապա մեծ հարց է, թե ով ում խաբեց ու մատների վրա խաղացրեց. Ամերիկա՞ն Ռուսաստանին, թե՞ հակառակը: Տեխնիկական առումով սիրիական պատերազմը Ռուսաստանին հնարավորություն տվեց ընդամենը կատարելու ռուսական նոր տիպի զենքի՝ թևավոր հրթիռների փորձարկումներ՝ ռեալ պատերազմական իրավիճակում, որն առաջին անգամ էր կատարվում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ամերիկացիների համար նման փորձարկումները թերևս շատ տհաճ անակնկալ էին:
Թևավոր հրթիռների խնդիրների հետ ես առնչվել եմ Լենինգրադում դեռևս 1985-86 թվականներին: Մենք զենքի այդ տեսակը չունեինք։ Ավելին, չունեինք դրանցից պաշտպանվելու տարբերակը: Ժամանակին այս ինֆորմացիան համարվում էր պետական գաղտնիք, որն իր ուժը կորցրեց այն բանից հետո, երբ 1987-ին այդ մասին հրապակայնորեն հայտարարեց երկրի ղեկավար Միխայիլ Գորբաչովը: Թևավորները, ի տարբերություն ստրատեգիական նշանակության հրթիռների, թռչում են ցածր բարձրությունների վրա, ունեն բարդ ու անկանխատեսելի ուղեգծեր, հնարավորություն ունեն կրելու մինչև ութ մարտագլխիկ, որոնք նպատակակետին հասնելուց հետո կարող են ուղղվել տարբեր հասցեներով, տարբեր նշանակետերի:
Պուտինի սիրիական երկրորդ հաջողությունը, նրա երկաթյա երկրորդ փաստարկն այն էր, որ ռուսական թևավոր հրթիռներն արձակվել են Կասպից ծովի տարածքից՝ առայժմ ծովի վրայից, հետագայում կարող են նաև ջրի տակից՝ սուզանավերից:
Եթե նախկինում ռուսական ատոմային նավատորմը՝ հիմնված ատոմային սուզանավերի վրա, ստիպված էր հեռավոր ռեյդերի դուրս գալ ու տարիներով հեռու մնալ սպասարկման բազաներից, ապա Կասպից ծովի տարածքն ավելի հեշտ ու հարմար է բոլոր տեսանկյուններից ու, որ, ամենակարևորն է, հասանելի չէ ամերիկյան ստորջրյա նավատորմիղին: Այստեղ, անշուշտ, Ռուսաստանը ստիպված է լինելու լավ հարաբերություններ պահպանել Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի ու մեր անհաշտ հարևան Ադրբեջանի հետ: Սա պետք է հաշվի առնել:
Ես հավանություն չեմ տալիս այն պարապ զրույցներին, թե Գորբաչովը դավաճան էր, թե նրան ու տիկնոջը՝ Ռաիսա Մաքսիմովնային, հավաքագրել էին օտարերկրյա հետախուզությունները, թե նրանք գործում էին օտար երկրների գաղտնի ծառայությունների թելադրանքով: Սա շատ անհավանական վարկած է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ խորհրդային Խթը-ն պարզապես թույլ չէր տա նման բան: Մինչև Կրեմլ հասնելը պետական բարձրաստիճան պաշտոնյաների կենսագրությունը ուսումնասիրում, հազար ու մի ձևերով ստուգում էին: Ինչ-ինչ, բայց Խթը-ն միշտ աշխատել է, եղել է խորհրդային այն միակ կազմակերպությունը, որը մշտապես գործել է՝ ելնելով երկրի ազգային շահերից: Որպես կանոն, իր առջև դրված առաջադրանքներն այդ կազմակերպությունը կատարել է բարձր արդյունավետությամբ՝ ֆանատիկ նվիրվածության, հաճախ նաև դեսպոտիզմի ու ըստ պահանջի ծախսած պետական միջոցների հաշվին: Խորհրդային չեկիստների անուններն ու նրանց կատարած գործերը հասարակությունից հիմնականում գաղտնի են պահվել: Նրանց մեջ շատ էին նաև մեր փառապանծ հայորդիները, որոնց միջոցով, օրինակ, հաջողվեց Ամերիկայից բերել ատոմային ռումբի պատրաստման գերգաղտնի տեխնոլոգիաներն ու շատ արագ ստեղծել խորհրդային ատոմային, ապա նաև ջրածնային ռումբը: Արդյունքում ԽՍՀՄ-ը վերածվեց ատոմային հզոր գերտերության, դարձավ աշխարհի ահն ու սարսափը ու մնում է այդպիսին մինչ օրս: Ի դեպ, Թեհրանում էր գործում հայտնի չեկիստ Գևորգ Վարդանյանը, որի հիշատակը ծնկաչոք հարգեց մեկ այլ կարկառուն չեկիստ՝ Վլադիմիր Պուտինը:
Գորբաչովին դավաճան, հակապետական գործիչ, պետական մակարդակի վնասարար համարողների մեջ շատ են հին ու նոր այն քաղաքական գործիչները, պատգամավորներն ու պետական չինովնիկները, ովքեր շահեկան վիճակում են հայտնվել միայն Գորբաչովի «դավաճանության» շնորհիվ, ձեռք են գցել եկամտաբեր պաշտոններ ու, ռուսի ասածով, հայտնվել են «из грязи в князи» վիճակում, դարձել են իշխաններ ու իշխանիկներ: Գորբաչովին քննադատելու կամ դավաճան անվանելու համար նման գործիչները ոչ միայն արժանահավատ փաստեր ու բացատրություններ չունեն, այլև դրա բարոյական իրավունքը չունեն: Նրանց արարքներն են իսկապես դավաճանական, որովհետև, հեշտությամբ ստանալով բացարձակ իշխանությունը, նրանք, ըստ էության, շարունակում են մնալ Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Հայաստանի և հետխորհրդային մյուս հանրապետությունների գերեզմանափորները՝ ամեն կերպ առաջ են տանում ԽՍՀՄ արդյունաբերության, առաջին հերթին, ԽՍՀՄ ռազմարդյունաբերության ոչնչացման գործընթացը: Երկրի ու ժողովրդի շահերից խոսող, Գորբաչովին դավաճան անվանող պետական ու քաղաքական գործիչների շարքերում կարելի է փնտրել ու գտնել արտասահմանյան բազմաթիվ գործակալների, ովքեր օգտակար գործ անելու, երկրի մատից մի փուշ հանելու փոխարեն արգելափակում են ներքևից եկող բոլոր օգտակար նախաձեռնությունները: Հիմա ո՞վ է դավաճանը: Նա՞, ով մատը մատին չի տալիս երկրի գործերը կարգավորելու, աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական առաջընթացը ապահովելու համար, թե՞ Գորբաչովը, որի «դավաճանության» պատճառով Հայաստանը ստացավ իր անկախությունը, իր Ղարաբաղն ու դարձավ մոնոէթնիկ հրաշք երկիր համայն հայության համար՝ զարգացման ու հզորացման իր փայլուն, թեև չօգտագործված, հնարավորություններով: Գորբաչովին պախարակելու փոխարեն պետք է փա՜ռք տալ Աստծուն ու խնդրել, որ գոնե Պուտինի մակարդակի մի ղեկավար էլ մեզ համար գտնի, որ մեր ազգն այսքան չտառապի: Եթե հավատանք Խորհրդային Հայաստանի որոշ պետական ու կուսակցական գործիչների խոսքերին, ապա պետք է ընդունենք, որ Սպիտակի երկրաշարժը ևս Գորբաչովի ձեռքի գործն էր: Այդ խելացնոր գաղափարը շարունակում է թափառել հայկական «նեղ շրջանակներում», նույնիսկ տարբեր գիտնականների ու սեյսմոլոգների եզրակացություններն են մեջտեղ բերվում: Երկրաշարժի հետ Գորբաչովի հնարավոր կապի լուրը կայծակի պես տարածվեց աղետի գոտում ու ողջ Հայաստանով մեկ նաև այն բանից հետո, երբ Լենինականում նա փլատակից վերցրեց բետոնի մի բեկոր, ձեռքերով փշրեց ու Հայաստանի ղեկավարությանը հռետորական հարց տվեց.
-Ո՞Ւր է ցեմենտը, ի՞նչ իրավունք ունի բետոնն այսքան հեշտությամբ փշրվելու:
Պատասխանատուների համար Խորհրդային Միության ղեկավարի շուրթերից հնչած շատ վտանգավոր հարցադրում էր։
Հիշեցնենք՝ այն ժամանակներն էին, երբ Թելման Գդլյանն Իվանովի հետ մեծ կոռուպցիոն գործարքներ էին բացահայտել ՈՒզբեկստանում, Մոսկվայի Լեֆորտովյան բանտում էին հայտնվել Ադիլովն ու մյուս կաշառակերները: Եթե Սպիտակի երկրաշարժի գոտում սկսվեին քրեական հետաքննությունները, ապա շատ ու շատ պաշտոնյա մարդկանց գլուխներ կարող էին թռչել: Պաշտոնյաներ, որոնց խղճի վրա էին ծանրացել հազարավոր անմեղ մահեր։

Երկրաշարժից հետո Սպիտակի մարզադաշտի տեղում կառուցվեց 14 հազար քմ ընդհանուր մակերեսով այս արտադրական մասնաշենքը՝ վերելակների քանդված գործարանի համար. ներսը մամռակալած ու ճահճացած է: Գորբաչովի հիմնադրամի միջոցներով այստեղ փորձում էինք կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի գործարան՝ 5 հազար աշխատատեղով, բայց, ինչպես ասում են, այստեղ էլ է դեռ շունը դեզի վրա նստած:

Պաշտոնյաներ, ովքեր մեծ գումարներ էին շորթել՝ ցեմենտ ու այլ շինանյութեր գողանալու ճանապարհով: Ցեմենտի գողության բացահայտումը տեխնիկական դժվարություն չի ներկայացնում: Գոյություն ունի Կալաշնիկովի հայտնի մեթոդը, որի սկզբունքը հետևյալն է. հատուկ գործիքի միջոցով բետոնի վրա կրակում են երկաթե գնդիկով: Գնդիկի թողած հետքը շրջան է, որի տրամագիծը ցույց է տալիս բետոնի ամրությունն ու ցեմենտի պարունակությունը: Եթե Գորբաչովը հանձնարարեր, ապա մասնագետները մի քանի օրվա ընթացքում կարող էին ստույգ թվերով ներկայացնել, թե ո՛ր շենքի շինարարության ժամանակ ինչպիսի չարաշահումներ են եղել, և ովքեր են դատի առաջ կանգնելու:
Սպիտակում կատարած չափումներիս ժամանակ գնդիկը, ի զարմանս մեզ, ամբողջությամբ մխրճվեց բետոնի մեջ: Հենց նման բետոնով կառուցված անորակ շենքերը դարձան զոհերի մեծ թվի պատճառը:
-Գիտե՞ս ինչ, Վահան ջան,- 1988-ի դեկտեմբերին լաց լինելով պատմում էր մանկությանս ընկեր Հենրիկ Խաչատրյանը,- շենքի պանելը դրված է եղել գաջի վրա, միանգամից ընկել էր Ալիկիս վրա:
Այդպիսի դժբախտ դեպքերն աղետի գոտում շա՜տ-շատ էին: Ի՞նչ անեին մեր հազարավոր որդեկորույս հայրերն ու մայրերը, ովքեր, ի դժբախտություն իրենց, դատապարտված էին ապրելու զարգացած սոցիալիզմի երկրում, որտեղ ամեն ինչ հանձնված էր կոմունիստական կուսակցության տնօրինությանը, գտնվում էր իշխանավորների բռում: Անձնական մեքենա, բնակարան, իսկ 1988-ի դեկտեմբերի 8-10-ն ընկած ժամանակահատվածում նաև դագաղ բաժանելը կուսակցության մենաշնորհն էր: Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը որևէ հնարավորություն չէր թողել մարդկանց հավաքվելու, բռունցք դառնալու և իրենց տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Միջոց չէր թողել պայքարելու և խորհրդային հանցավոր էլիտայից ազատվելու համար:
Մինչ օրս չեմ կարողանում հասկացնել մարդկանց, որ Գորբաչովին մեղադրելով` ոչնչի չենք հասնի: Եթե մեղավորներ ենք փնտրում, ապա հեռուներում չորոնենք, քանի որ մեղավորները մեր մեջ են, բոլորին էլ անձամբ ճանաչում ենք, գիտենք, որ ագահությունը սահմաններ չի ճանաչում: Ինչո՞ւ եք գողացել ցեմենտն ու փողի վերածել: Ձեր անձնական շենքերը կառուցելու ժամանակ ցեմենտը, իհարկե, չեք խնայել միայն նրա համար, որ դա անձնական էր, որ ձեր գլխին չքանդվեր, իսկ որ ուրիշների տները կարող էին քանդվել, ձեզ չի՛ էլ հուզել: Այդ հարցում հանդիպել եմ այնպիսի համոզված ընդդիմախոսների, ովքեր մեղքը գցում էին Մոսկվայի վրա. Հայաստանում շենքերի նորմաները տալիս էր Մոսկվան՝ 7 բալի սահմաններում, շինարարները ցեմենտը գողանում էին, դառնում էր 5 բալ: Մոսկվան պարտավոր էր նորմաները տալ 9 բալի սահմաններում, որ ցեմենտը գողանալուց հետո նոր շենքը հասնի 7 բալի: Շատ լավ դատողություն է, իսկական հայկական խորհրդային դատողություն: Վերջում, իհարկե, կպարզվի, որ Գորբաչովն է մեղավոր, որովհետև մենք չենք կարող մեղավոր լինել, մենք միշտ ճիշտ ենք, քանի որ մենք ենք:
Հայաստանի անկախանալուց հետո պատկերը բոլորովին չի փոխվել: Շատերը մինչև հիմա համոզված են, որ շինարարությունից ցեմենտ գողանալը գողություն չէ, որովհետև... ժողովրդի համար է կառուցվում: Համաձայն իմ կատարած հարցումների, նման մոտեցումը գերակշռում է 40-ից բարձր տարիքի հայ քաղաքացիների շրջանում: Խորհրդային դաստիարակություն ստացած հայերն իրենց գաղափարները փորձեցին տարածել Ամերիկայում: Սակայն թերակշռելով միս վաճառելու, բենզալցակայաններում պակաս բենզին բաց թողնելու ժիր պրակտիկան Ամերիկայում չանցավ, շուկան հայկական հումորը չհասկացավ:
ՈՒրախությամբ պետք է փաստեմ, որ մինչև 35 տարեկանների շրջանում կատարած իմ հարցումները տվեցին տրամագծորեն հակառակ պատկերը: Երիտասարդների գերակշիռ մասը համոզված է, որ շինարարությունից ցեմենտ գողանալը անբարոյական արարք է, որովհետև ցեմենտի գողերն իրենց հարմարությունները կառուցում են ուրիշների դժբախտության հաշվին: Նման առողջ դատողության արմատավորումը մեր երիտասարդների շրջանում ես համարում եմ Գորբաչովի «перестройка»-ի հերթական հաջողությունը:
Լենինականի ցեմենտի պատմությունը Գորբաչովը հիշեց նաև Մոսկվայում, երբ մենք քննարկում էինք Սպիտակում հելիոտեխնիկական գործարան կառուցելու հարցը.
-Հայերը բնատուր շինարարներ են եղել, մեր թվարկությունից առաջ հիասքանչ տաճարներ ու եկեղեցիներ են կառուցել, քանի՜-քանի երկրաշարժեր տեսած կլինեն ու ոչինչ, դեռ կանգուն են:
Գորբաչովի բետոնի պատմությունը շատ խորհրդանշական ստացվեց Խորհրդային Միության համար: Անորակ բետոնի կտորը Խորհրդային Միության իրական պատկերն էր. արտաքինից հզոր, բայց իրականում երերուն, իրենից ոչինչ չներկայացնող մի հիվանդ երկիր, որի վիճակը գնալով վատանում էր, փլվելու էր մի օր աղետի գոտու շենքերի նման՝ հսկայական ավերածությունների ու զոհերի պատճառ դառնալով: Ի՞նչ անել: Հնարավոր է Գորբաչովը Լենինականում մտովի ձեռքում պահել էր խորհրդային լայնածավալ երկիրն ու Շեքսպիրի Համլետի հանգով խորհում էր ՝ լինե՞լ, թե՞ չլինել... Տարբերությունն այն էր, որ Դանիայի արքայազնի ձեռքում հանգուցյալ Յորիկի գանգն էր, Գորբաչովի ձեռքում քանդված քաղաքի փլատակներից վերցրած անորակ բետոնի մի կտոր:

Быть иль не быть Советскому Союзу,
вот в чем вопрос.
Смириться под ударами судьбы
Иль надо оказать сопротивленье
И в смертной схватке с целым
морем бед
Покончить с ними?

Գուցե և հենց Լենինականում, տեսնելով երկրաշարժի արհավիրքը, Գորբաչովն ընդունեց իր կյանքի ամենադժվար որոշումը. այլ ելք չկա, Խորհրդային Միությանը պետք է վերջ դրվի, դիմադրելն ավելորդ է:
Գորբաչովի որոշմանը լիովին համաձայն եմ: Լենինականում Միխայիլ Սերգեևիչը տեսավ իսկական, մարդկային ողբերգություն, տեսավ ու հասկացավ, որ ողբերգությունն այդ գալիս է խորհրդային համակարգից, այն համակարգից, որը հիմնված է մարդկանց սոցիալական ու ազգային արժանիքների ոտնահարման վրա, նա տեսավ, բայց այդպես էլ մինչև վերջ չհասկացավ, թե երկրաշարժի փլատակներից դուրս բերված, մահն իր աչքերով տեսած հայ մարդն ինչպե՞ս կարող է իր երկրի առաջին դեմքին ուղղված հարցը ձևակերպել այսպես.
-Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու:
-Լսիր, դու հազիվ փրկվել ես, քո փոխարեն Ղարաբաղի մասի՞ն ես մտածում:
Որտեղի՞ց իմանար Գորբաչովը, որ հայոց վիշտը անհուն ծով է: Ցավով եմ փաստում. Աստծո կամքով ընտրված ոսկի ազգ ենք, բայց կյանքում շատ աններելի սխալներ ենք գործում: Այդ սխալների պատճառով է, որ այսպիսի թշվառ վիճակներում ենք հայտնվում՝ ունենալով զարգացման անսահման հնարավորություններ:


(շարունակելի)

Վահան
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ