«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Իսկ հետևությունը թողնում եմ ընթերցողին...

Իսկ հետևությունը թողնում եմ ընթերցողին...
04.10.2016 | 15:57

Կարծում էի, թե Օձունի տաճարի վերականգնողական աշխատանքներին, նրա շուրջ արծարծվող մեկնաբանություններին այլևս չեմ անդրադառնա, քանզի տաճարի վերականգնողական աշխատանքների ու վերջինիս շուրջ տարածված բազմաթիվ ապատեղեկատվություններին իմ կողմից վերջին` 06.10.2015 թ., 08.10.2015 թ. ARMLUR.am-ում «Օձունի եկեղեցու ճարտարապետը վերջ է դնում Գյուլնազ տատի հեքիաթներին» երկմասանոց հոդվածաշարը պատասխանն էր թե մշակույթի նախարարության և թե «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին:

Անցել է մոտ մեկ տարի ժամանակահատված, ոչ մի արձագանք, կատարյալ քար լռություն: Այդպես էլ պետք է լիներ, քանզի հոդվածաշարում ներկայացված իմ մեկնաբանություններն այնքան առարկայական ու փաստացի էին, որ ուղղակի վերջիններիս ոչ մի հնարավորություն չէին կարող տալ մանևրելու ու նոր «մեկնաբանություններ» տալու, հերթական անգամ հանրությանը ապատեղեկացնելու: Բայց արի ու տես, որ ստիպված եմ Օձունի տաճարի վերականգնողական աշխատանքներին կրկին անդրադառնալ, ինչի առիթ հանդիսացավ բարեգործական հիմնադրամի նախագահ ու բարերար Մ. Ձավարյանի տված հարցազրույցի տեսանյութը ռուսական REGNUM գործակալությանը www.aravot.am (2016/08/18/727326), որի մասին ուշացումով տեղեկացա: Կարծում եմ, որ այս հեռուստազրույցը լավ կլիներ, որ ընդհանրապես չլուսաբանվեր, գոնե Հայաստանում: Որ պիտի արձագանքեի այդ հարցազրույցին, դա միանշանակ է, քանի որ այն աչքի էր ընկնում ոչ միայն «ինքնատիպ» ու տարօրինակ «մեկնաբանություններով», այլև ապատեղեկատվություններով, ինչն անպակաս էր: Իսկ ընդհանրապես այս հարցազրույցը ինձ շատ նմանեցնում էր ռուսական «Как это было» հաղորդաշարին: Եվ այսպես բարերարի հարցազրույցը սկսվում է. «Օձունի վանքի վերականգնումը նոր զարկ տվեց Հայաստանով մեկ կործանվող վանքերի վերականգնման գործին»: Էնպիսի տպավորություն է, որ կարծես մինչև Օձունի տաճարի վերականգնումը Հայաստանում շատ դանդաղ էին ընթանում վերականգնողական աշխատանքները, այլ կերպ ասած, չկար արագացուցիչ (катализатор) և որի ներշնչանքը, պարզվում է, Օձունի տաճարի վերականգնումն է: Իհարկե սա PR է, իրականացված առաջին հերթին ռուսական լրատվական դաշտում, քանզի բարերարն ապրում և տնտեսական գործունեությունն իրականացնում է Մոսկվայում և դա շատ բնական է:

Ընդհանրապես որևէ գործունեություն PR անելը նորմալ եմ համարում, մանավանդ երբ գործունեության տեսակը բարեգործությունն է, սակայն մի վերապահումով, երբ անհատը կամ ինչ- որ մի կազմակերպություն բարեգործություն կատարելու ցանկությամբ իր ստանձնած պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակով և ամբողջականությամբ, ինչը չես ասի Օձունի համալիրի վերականգնողական աշխատանքների կատարման օրինակում, որը ստանձնել էր իրականացնել Մ. Ձավարյանը: Այդ ամենի մասին մանրամասն կանդրադառնանք քիչ ավելի ուշ: Եվ այսպես, հարցազրույցի սկզբնամասում բարերարը շատ հանգամանալից ներկայացնում է, թե ինչպես առաջացավ այն միտքը, որ հետագայում ինքը պիտի ստանձներ անմխիթար վիճակում գտնվող Օձունի տաճարի վերականգնման ֆինանսավորումը և որ սկզբում որոշել էր գումարը տրամադրել եկեղեցուն, սակայն հրաժարվել է այս տարբերակից, չվստահելով ոչ մեկին, ուստի համախմբելով իր ընկերներին և համախոհներին, որոշում է ինքնուրույն իրականացնել այս ծրագիրը, «վերահսկելով» նախագծային, շինարարական և վերականգնողական աշխատանքները, իհարկե մշակույթի նախարարության և եկեղեցու հովանու տակ:


Սա, իհարկե, բարերարի կողմից վերը մեկնաբանված «մտքերը» զուտ իրեն նոր ձևավորող հիմնադրամի գործունեությանը հնչեղություն տալն է, իսկ իրականում բացառված է, որ այդ աշխատանքների «վերահսկողությունը» գտնվեր իրենց լիազորությունների դաշտում և հատկապես նախագծային ու վերականգնողական աշխատանքները: Ինչո՞ւ, դե որովհետև հիմնադրամի աշխատակազմը, սկսած իր գործադիր տնօրենից մասնագետներ չեն և հեռու են պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտից: 2011-ին հաստատված նախագիծը տրված է եղել հիմնադրամին վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար և հիմա բարերարի ասած այն արտահայտությունը, թե իրենք պետք է վերահսկեն «նախագծային աշխատանքները», ուղղակի լուրջ չեմ համարում: Իսկ ընդհանրապես բարեգործական հիմնադրամը և հատկապես իր գործադիր տնօրեն Վ. Շարմազանյանն ավելի շատ խոչընդոտներ ստեղծեցին վերականգնողական աշխատանքների գործընթացին, քան օգուտ տվեցին, քանզի վերջինս այդ տարիներին ուղղակի զբաղված էր մամուլում ապատեղեկատվությունների տարածմամբ և անհեթեթ մտքերի արտահայտմամբ: Իհարկե, այդ ամենին իմ կողմից տարբեր լրատվականներում համարժեք պատասխանը չէր ուշանում: Այնուհետև բարերարը ևս մի տարօրինակ միտք է արտահայտում. նշում է, թե շատ ուրախացած է, որ շատերը նայելով եկեղեցուն, իրեն հարցնում են, իսկ ի՞նչ է արվել որ: Բարերարն էլ այդ հարցադրումներին պատասխանում է. «...ես ուրախանում եմ, որ ինչպես նրանք, այնպես էլ ես այս գործում «дилетант» ենք, որովհետև մենք մեր առջև չենք դրել հուշարձանը «ремонт» անելը, այլ որոշել ենք «реставрация» անել»: Դե արի ու մի արձագանքիր, վերջապես հուշարձանի վրա ինչ անել-չանելը հիմնադրամի լիազորությունների մեջ չի մտնում ու չի էլ կարող, այն նախօրոք ծրագրված էր մշակույթի նախարարությունում համաձայն առաջադրանքի, վերականգնողական աշխատանքներն արտահայտված լինելով հաստատված նախագծում:


Այն, որ բարերարը ինքնախոստովանությամբ մեկ անգամ ևս մատնանշում է իր հեռու լինելը այն ոլորտից, որը վերաբերում է պատմամշակութային հուշարձանների վերականգնմանը, դա փաստ է, բայց հարց տվողներինը` կասկածում եմ և շատ տեղին եմ համարում, որովհետև վերականգնողական աշխատանքների ամբողջ ծավալի 80 %-ը` վերաբերում էր տաճարի տանիքածածկի, ծածկասալերի նոր տաշ ու շարին: Դե իսկ տաճարի շրջակայքը, խոսքը վերաբերում է սրահներին` ոնց եղել, այնպես էլ մնացել են կիսավեր վիճակում: Տեսանելիության առումով հարցադրումները շատ դիպուկ և տեղին են: Եվ այստեղ ես բարերարին խորհուրդ կտայի այդ հարցադրումների առումով ոչ թե ուրախանալ, այլ խորհել և հետևություններ անել:


Շարունակելով, բարերարը ձևակերպում է ևս մի ուշագրավ արտահայտություն. «Մենք պետք է այնպիսի վերականգնողական աշխատանքներ կատարենք, որ հուշարձանի արտաքին կոնտուրների փոփոխումը լինի մինիմալ միջամտությամբ»: Տպավորությունս այն է, որ բարերարը բառիս բուն իմաստով իրական կյանքով չի ապրում, քանի որ պատկերացում ընդհանրապես չունի թե ինչպիսի վերականգնողական աշխատանքներ են կատարվել տաճարի վրա: Բարերարի այս մեկնաբանությունը հակադարձեմ և բերեմ մի համապատասխան օրինակ, որ հաստատում է ասածները` տաճարի արևմտյան ճակատի ճակտոնը շինարարության ընթացքում այնպես է բարբարոսաբար ապականվել ու խաթարվել, որ որպես VI դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու նախնական արևմտյան ճակատի ճակտոն այլևս գոյություն չունի: Այդ մասին, ինչպես նաև այլ խախտումների վերաբերյալ արձագանքել եմ դեռևս 12.12.2014 թ. irates.am-ում «Օձունի տաճարի լույսն ու ստվերը», այնուհետև 13.08.2015 թ. 168 ԺԱՄ. am-ում «Օձունի սբ Հովհաննես եկեղեցու թնջուկը բացվում է. Վերականգնող ճարտարապետը աղաղակող փաստերով խախտում է լռությունը» և վերջապես, 06.10.2015 թ. ARMLUR.am-ում «Օձունի եկեղեցու վերականգնող ճարտարապետը վերջ է դնում Գյուլնազ տատի հեքիաթներին» հոդվածաշարերում: Այս և մնացած բոլոր թերություններն արձանագրված են շինվարման մատյանում: Ավելին, ՀՀ մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանին տրվեց 2012-2014 թթ. տաճարում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ մանրամասն շարադրված էին թույլ տրված խախտումներն ու թերությունները, կցված լինելով համապատասխան գծագրերով ու լուսանկարներով, որոնք ցույց էին տալիս կատարված վերականգնողական աշխատանքների իրական պատկերը: Փոխնախարարն ուղղակի պարտակեց շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր թերությունները, ինչն էլ ավելի է հիմնավորվում մի քանի անգամ «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող մասնագիտական հանձնաժողովի ստեղծմանը մշակույթի նախարարության խուսափողական դիրք բռնելը: Իսկ հանձնաժողովը պետք է ունենար միայն մեկ նպատակ, ուսումնասիրել իրավիճակը տեղում, պարտավորեցնելով շինարարին վերացնել առկա բոլոր թերությունները, ինչը վերջինս համառորեն չէր կատարում և այդպես էլ չկատարեց:


Որպեսզի չընդարձակվեմ, ընթերցողն ավելի մանրամասն կարող է ծանոթանալ վերը մատնանշված կայքերում տպագրված իմ հոդվածաշարերին, ինչը, կարծում եմ, էլ առավել պատկերացում կտա տաճարի վերականգնողական աշխատանքների իրական պատկերին: Շարունակեմ ու բերեմ ևս մի օրինակ, որը կրկին հավաստիացնում է բարերարի անտեղյակությունը հուշարձանում կատարված ու չկատարված վերականգնողական աշխատանքների կապակցությամբ: Իր տված հարցազրույցում հիշեցնում է. «... որ հայտնի երկրաշարժից հետո հուշարձանը ցանկացած պահին կարող էր ավերվել, այնտեղ կային շատ մեծ ճաքեր և մենք այդ պրոբլեմը հանեցինք, տաճարը երկար ժամանակ կհարատևի»: Տեղեկացնեմ, որ նմանատիպ մտքեր բարերարն արտահայտել էր դեռևս 13.07.2015 թ. «Առավոտին» տված հարցազրույցում: Իհարկե այս մեկնաբանությունը զգացմունքային է և ոչ մի առնչություն չունի իրական վիճակի հետ: Ի՞նչ ասել է «հուշարձանը երկար ժամանակ կպահպանվի», երբ տաճարի թմբուկի վրա ոչ մի վերականգնման ու ամրակայման աշխատանքներ չեն կատարվել: Այդ առթիվ 13.08.2015 թ. 168 ԺԱՄ.am-ում «Օձունի Սբ Հովհաննես եկեղեցու թնջուկը բացվում է. վերականգնող ճարտարապետը աղաղակող փաստերով խախտում է լռությունը» հոդվածում հակադարձել էի ու պարզաբանել, որ եթե նույնիսկ գմբեթարդի ամրակայման աշխատանքները կատարված են համապատասխան նախագծի (չնայած ոչ տեխհսկիչն է տեղյակ, ոչ էլ հեղինակը), ապա վերջինս չի ապահովում թմբուկ-գմբեթ միասնական ամրության հասկացությունը, քանի որ թմբուկը հենարան է գմբեթի համար, թմբուկի քարերը արտաքուստ և հատկապես ներքուստ քայքայված և տեղաշարժված են: Իսկ թե ինչու թմբուկի ամրակայման աշխատանքները չկատարվեցին, կրկին պարզաբանում եմ. համոզված եմ, որ շինարարը իր ուժերի վրա վստահ չի եղել: Իսկ որ պրոբլեմը կար ու էլի մնաց նույն վիճակում, փաստ է, քանզի ցանկացած միջին ուժգնությամբ երկրաշարժի ժամանակ վտանգն անխուսափելի է լինելու:


Այնուհետև բարերարը մատնանշում է, թե ինչ-որ նախատեսված է եղել տաճարի վերականգնողական աշխատանքների կատարելուն, ավարտված է և մնում է ընդամենը ջրահեռացման հարցը լուծեն, ինչի համար դիմել են մշակույթի նախարարություն իրենց ջրահեռացման նախագիծը տրամադրելուն: Ընթերցողին տեղեկացնեմ, որ նույն մտքերը վերջինս նույնությամբ արտահայտել էր դեռևս 10.04.2015 թ. «Հետք»-ի հետ հարցազրույցում, այսինքն՝ մնալով իր «հաստատակամ համոզմունքին»: Դե իսկ իրենից առաջ 01.12.2014 թ. «Հետք»-ում «Ավարտվել է Օձունի տաճարի վերականգնումը» հոդվածում, հիմնադրամի «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Ա. Դավթյանն ասել էր. «...մնացել է ջրահեռացումը արտաքին գավիթներում և մեր առաքելությունը կարելի է համարել ավարտված»: Նշեմ, որ սալահատակի նախագիծը առկա է 2011թ. հաստատված նախագծում, իսկ ջրահեռացման նախագիծը ես արել եմ եղել դեռևս 1986-ին: Այս մեկնաբանությունները իհարկե իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և սա բարերարի ու նրա թիմակիցների հերթական ու շարունակական ապատեղեկատվության տարածելն է: Եթե ընթերցողը ծանոթանա միայն 06.10.2015 թ, 08.10.2016 թ. ARMLUR.am-ում «Օձունի եկեղեցու վերականգնող ճարտարապետը վերջ է դնում Գյուլնազ տատի հեքիաթներին» երկմասանոց հոդվածաշարին, ապա կտեսնի, որ իմ ներկայացրած առարկայական փաստերը (գծագրեր, լուսանկարներ և նախահաշիվ) ցույց են տալիս, որ համալիրում նախագծով նախատեսված տասնյոթ անվանացանկով աշխատանքներ բացարձակապես չեն կատարվել: Նշեմ դրանցից միայն երկուսը. սա առաջին հերթին վերաբերում է սրահներին, որտեղ հյուսիսային սրահ հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: Էլ չեմ ասում, որ հիմնադրամի բուն պարտականությունների մեջ էր մտնում նաև կոթող-մահարձանի վերականգնողական աշխատանքների կատարումը, ինչին բարերարը երբևիցե չի անդրադարձել, կարծես իրենց ստանձնած պարտականությունների մեջ չի մտնում (շինարարը միայն որոշակի ամրացման աշխատանքներ կատարել է կոթողի վերին հատվածներում): Այստեղ բարերարին մի քիչ լուսավորեմ ու տեղեկացնեմ, որ ինչքան Օձունի տաճարն է հռչակավոր ու հանդիսանում է որպես Հայաստանի վաղ միջնադարյան լավագույն պաշտամունքային կառույցներից մեկը, այնքան էլ կոթող-մահարձանն է, իր ժամանակի մեջ լինելով եզակի, որպես կոթողային հուշաձան:


Բարերարի ուշագրավ մեկնաբանություններից բերեմ ևս մի օրինակ, ուր հորդորում է Օձունի և տարածաշրջանի բնակչությանը, որպեսզի նրանք էլ վերցնեն իրենց վրա համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումը: Իբր նախագծով նախատեսված եկեղեցու վերականգնման բոլոր աշխատանքները ամբողջական ավարտվել են, հիմա մտահոգված է տարածքի բարեկարգման խնդրով: Հարցս կուզեի ուղղել բարերարին. այդ դեպքում կոթողի հարևանությամբ սփռված 250-ից ավելի, իմ համարակալած ու չափագրված ճարտարապետական բեկորներն ի՞նչ են անելու, բեկորներ, որոնք բացառապես պատկանում են հյուսիսային սրահին, որտեղ այդպես էլ ոչ մի վերականգնողական աշխատանք չկատարեց: Եվ նորից կրկնեմ ու հաստատակամ ասեմ, որ ապրելով Մոսկվայում բարերարը բացարձակապես իրական կյանքով չի ապրում և կարևորը՝ չի տիրապետում ու չի էլ տիրապետել այս տարիներին (2012-2014 թթ.) տաճարի վրա կատարվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, իրավիճակին ու որակին, էլ չեմ ասում ստանձնած պարտականությունների ամբողջական կատարման ձախողման մասին:


Իսկ այժմ անդրադառնանք բարերարի այն մեկնաբանությանը, որն առնչվում է վերականգնման աշխատանքներն իրականացնող շինարարին, որտեղ վերջինս կախհանգերով «գովերգում» ու ներկայացնում է, թե ինչպիսի «նվիրվածությամբ տիտանական աշխատանք է կատարել» շինարարը: Ավելին, տեսանյութեր են նկարահանել շինարարական աշխատանքների կատարման ընթացքի մեկնաբանմամբ: ՈՒրեմն, եթե շինարարն անորակ վերականգնողական աշխատանքներ է կատարում, ինչպես նաև հուշարձանի առանձին հատվածներում անդարձելի ապականում ու խաթարում է հուշարձանի կերպարը, դա դիտարկվում է որպես «տիտանական աշխատանք»:


Եթե բարերարը ընթերցած լիներ նախարարությանը տրված 2012-2014 թթ. Օձունի տաճարի վերականգնողական աշխատանքների հաշվետվությունը, եթե ծանոթացած լիներ իմ կողմից հեղինակային հսկողություն իրականացված ու շինվարման մատյանում ֆիքսած գրառումներին, ծանոթ լիներ իմ բոլոր ահազանգերի մեկնաբանություններին, որոնք հոդվածաշարերով արտահայտված էին վերը նշված լրատվականներում, ապա այսպիսի անտրամաբանական ու անհեթեթ գնահատականի չէր արժանացնի կատարված վերականգնողական աշխատանքները:


Այս ամենն ինձ հիշեցրեց ևս մի ռուսական հաղորդաշար` «Сам себе режиссер», ուր սցենարն էլ, դերակատարումներն էլ և վերջապես նկարահանումներն էլ կատարվում են մեկի կողմից, բայց մի վերապահումով` գնահատական տվողը հանձնաժողովն է: Մեր տարբերակում ամեն ինչ նույնն է, բացառությամբ գնահատական տվողի, ինչը ստանձնել է բարերարը, չլինելով մասնագետ, նամանավանդ իր հարցազրույցում անկեղծորեն ասում է, թե ինքը «дилетант» է այս ոլորտում: Իսկ ընդհանրապես գնահատական տվողը այս ոլորտի մասնագետներն են (առավել ևս ես, որպես հեղինակ), որոնց մասնագիտական կարծիքը և տպավորությունները (թեկուզ մի քանիսի), եթե հնչած լինեին տեսանյութում, ապա իրական գնահատական տալը կլիներ օբյեկտիվ և հանրությանը կհավաստիացներ իր «տեսակետը»: Տեղեկացնեմ, որ 2012-2014 թթ. ընկած ժամանակահատվածում ոչ մի լրատվականում չես գտնի այս ոլորտի մի մասնագետի, որ անդրադարձած կամ որոշակի գնահատական տված լինի տաճարի վերականգնողական աշխատանքներին: Ինչո՞ւ, դե որովհետև այդ տարիներին կատարված աշխատանքների առթիվ ահազանգող իմ հոդվածաշարերը տարբեր լրատվականներում լուսաբանված ու ծանոթացած ցանկացած իրեն հարգող մասնագետ թույլ չէր տա որևէ կերպ արձագանքել, առավել ևս դրական գնահատական տալ: Այս էժանագին ինքնագովազդով առաջնորդված տեսահոլովակների (ուր մեկնաբանված են հուշարձանի առանձին հատվածների «վերանորոգման աշխատանքները») վրա ծախսված գումարները լավ կլիներ ներդնել համալիրում նախագծով նախատեսված, սակայն բազմաթիվ չիրականացված աշխատանքներից որևիցէ մեկի իրականացմանը:


Այժմ անդրադառնանք մշակույթի նախարարության տված գնահատականին: Դեռևս 12.12.2014 թ. irates.am-ում «Օձունի տաճարի լույսն ու ստվերը» հոդվածի վերջնամասում գրել էի, որ «չեմ զարմանա, որ մշակույթի նախարարությունը կատարված աշխատանքներին «գերազանց» գնահատական տա: Իմ կանխագուշակումն իրականություն դարձավ, քանզի մշակույթի նախարարի գնահատականը` պատշաճ մակարդակն էր, իսկ փոխնախարարինը` բարձր մակարդակը, իհարկե բացահայտ ու կանխամտածված պատկերելով այն ամենը, ինչը կատարվել էր տաճարի վերականգնողական աշխատանքների ժամանակ, ինչի մասին իմ կողմից այն ներկայացվեց: Էլ չեմ ասում թերի կատարված աշխատանքների անժխտելի փաստը: Եվ այս ամենից հետո մշակույթի նախարարությունը հայտարարում է, թե ինչ-որ նախագծով նախատեսված է եղել, բոլոր աշխատանքները կատարված են: Բացառում եմ, որ ավարտական ակտ ընդհանրապես գոյություն ունի: Հիշեցնեմ ընթերցողին, որ վերականգնողական աշխատանքների ավարտը փաստագրում և վավերացնում են համաձայն «քաղաքաշինության կանոնակարգի», իրականացնում են մշակույթի նախարարության կողմից համապատասխան հանձնաժողովի ակտի համաձայն, տվյալ շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետա-շինարարական նախագծային փաստաթղթերի նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելուց հետո: Տեղեկացնեմ նաև, որ ընդունող հանձնաժողովի կազմում պարտադիր պիտի լիներ իմ ներկայությունը, որպես հեղինակի, ինչը չի ապահովված, իսկ հանձնաժողովի ակտի մեջ պարտադիր պետք է լինեին փակ ծածկված աշխատանքների ակտերը (ինչը գոյություն չունի) և շինարարության վարման մատյանը, ուր ֆիքսված են իմ կատարած աշխատանքների գրառումները, որը պատկերավոր ներկայացնում է այն թերությունները, որոնք իրականացրել է շինարարը և ինչի մասին 2013-ից ահազանգում եմ: Իսկ շինվարման մատյանը շինարարը տվեց ինձ, հասկանալի է «հետքերը» թաքցնելու նպատակով և իհարկե մշակույթի նախարարության հետ փոխհամաձայնությամբ: Իսկ մշակույթի նախարարության և բարերարի արձանագրումներն ու բանավոր հայտարարությունները վերականգնողական աշխատանքների ավարտի մասին, իրականության հետ ոչ մի կապ չունենալով, մեկնաբանված են «տնավարի», բառիս բուն իմաստով:


Եվ վերջապես անդրադառնանք բարերարի հարցազրույցի այն հատվածին, ուր ասվում է, որ իր ստանձնած ու կատարված պարտականությունները հաշվարկված ԱՄՆ դոլարով կազմել է մոտ մեկ միլիոն: Իհարկե շարունակելով ավելի պարզաբանմամբ մատնանշում է, որ այդ գումարի մեջ մտնում են հիմնականում տաճարի վերականգնման աշխատանքները, հիմնադրամի աշխատակազմի աշխատավարձը, զանազան միջոցառումներ և համապատասխան կատարվող PR-ը, չմոռանալով նաև ընդգծել, որ այդ տարիներին դոլարի փոխարժեքը միշտ տատանվում էր: Թե ինչ հաշվարկներով է ստացել այդ ֆանտաստիկ մեկ միլիոն ԱՄՆ դոլարով գումարը, չեմ կարող ասել, բայց կներկայացնեմ իմ հաշվարկած գումարը, որը զուտ կվերաբերվի տաճարի վերականգնողական աշխատանքների կատարմանը: Ընթերցողին տեղեկացնեմ, որ 2012-2014 թթ. կատարված փաստացի աշխատանքների մոտ 80 %-ը տանիքածածկի ծածկասալերի նոր տաշ ու շարի աշխատանքներն են: Եվ այսպես, համաձայն 2011 թ. հաստատված նախահաշվի, Օձունի տաճարի և կոթող-մահարձանի վերականգնողական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմել է 291106200 դրամ (արտահայտված դոլարով կազմել է 614148 ԱՄՆ դոլար): Շինարարության ընթացքում դոլարի փոխարժեքը ՀՀ-ում տատանվել է 472-ից 474 դրամ: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ բարերարը երբ ներկայացնում էր, որ ավարտվել է տաճարի վերականգնողական աշխատանքները և մնացել է, որ ջրահեռացման խնդիրը լուծվի, իրազեկեց, որ կատարվել են 271 մլն դրամի վերականգնողական աշխատանքներ, ԱՄՆ դոլարով արտահայտված ստացվում է 571730 դոլար, այսինքն՝ այստեղ ունենում ենք հաստատված նախահաշվային արժեքից ավելի քիչ գումար:

Շարունակելով, նշեմ, որ իմ կողմից նախագծի վերանայում է եղել և նախահաշվից հանվել է 263,4 քմ հարթ երեսպատի քանդման վերաշարման աշխատանքները, որը նախատեսված էր իրականացնել տաճարի և կոթող-մահարձանի արտաքին պատերում և որը կազմում է 22 մլն դրամ: Համալիրում` տաճար, սրահներ և կոթող-մահարձան, 17 անվանացանկով չկատարված աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է մոտ 60 մլն դրամից ավելի և վերջապես բարերարը երբևիցե չի մատնանշել, որ մշակույթի նախարարության միջնորդությամբ կառավարությունը շինարարական աշխատանքների կատարման ավելացված արժեքի 20 % հարկից ազատել է: Եվ հիմա, ինչպես բարերարը նշում է, որ կատարել է 271 մլն դրամի աշխատանքներ ու սրանից հանում ենք 20 %-ը, որը կազմում է 54,2 մլն դրամ, նաև իմ կողմից նախատեսված, սակայն հետագայում հանված 22 մլն դրամի կատարվելիք աշխատանքները և վերջապես նախագծում նախատեսված, բայց չկատարված 60 մլն դրամի աշխատանքները, ապա ունենում ենք այն վերջնական գումարը, որը պատկերացում է տալիս, թե ինչքան գումար է ծախսվել համալիրում վերականգնողական աշխատանքների իրականացման համար.
271 մլն - (22 մլն + 60 մլն + 54,2 մլն) = 134,8 մլն դրամ,
արտահայտված դոլարով` 284,388 դոլար:


Այսինքն ստացվում է, որ եթե բարերարի մատնանշած 1 մլն ԱՄՆ դոլարից 284.388-ը ներդրվել է վերականգնողական աշխատանքների իրագործման մեջ, ապա ստացվում է, որ մնացած 715.612 դոլարը հատկացվել է իր մատնանշած զանազան միջոցառումների, աշխատավարձի և PR-ի համար: Ստացվում է բարերարի արտահայտած այն տեսակետը, թե մեկ միլիոն դոլարի գերակշռող մասը ծախսվել է համալիրի, ավելի ճիշտ՝ տաճարի վերականգնողական աշխատանքների վրա, չի համապատասխանում իրականությանը: Ասեմ նաև, որ բարերարը կարող էր մատնանշել ուրիշ թվեր, ասենք 1,5 կամ 2 մլն ԱՄՆ դոլար: Դա մեզ բացարձակապես չի հետաքրքրում և վերը նշված հաշվարկը զուտ ավելի առարկայական ցույց տալն է, թե որքան գումար է ներդրվել 2012-2014 թթ. Օձունի տաճարի վերականգնողական աշխատանքների կատարման համար: Ինչ վերաբերում է բարերարի այն պարզաբանմանը, թե 1 մլն դոլարը ստացվել է նաև վերջինիս փոխարժեքի անկայուն և հաճախակի փոփոխման արդյունքում, եթե բարերարը նկատի ունի, որ 2012-2014 թթ. տաճարի վերականգնողական աշխատանքների ժամանակահատվածում եղել է դոլար-ռուբլի փոխարժեքի կտրուկ փոփոխություն, ապա պիտի ասեմ, որ այդ տարիներին նման բան տեղի չի ունեցել: Այն տեղի է ունեցել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամանակ` առաջին փաթեթը կիրառվել է 2014 թ. հուլիսի 18-ին, երկրորդը` սեպտեմբերի 16-ին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ իրենց իրականացած, այսպես ասած, ծրագրված «բոլոր աշխատանքներն» համարյա ավարտված էին:


2014 թ. ապրիլի 18-ին խաչը օծվեց, դե իսկ հոկտեմբերի 15-ից շինարարական աշխատանքները ընդհանրապես դադարեցվեցին: Սա, իհարկե, ի միջի այլոց: Ավարտելուց առաջ ուզում եմ կրկին վերակոչել 29.08.2015 թ. 168 ԺԱՄ.am-ում «ՈՒմ է հիմարի տեղ դնում մշակույթի նախարարությունը. Օձունի Սբ Հովհաննես եկեղեցու վերականգնման աշխատանքները կասկածի տակ» լրագրող Ն. Մանվելյանի հոդվածը, որտեղ վերջինիս ձեռք բերած և տպագրած նախահաշիվը (23.05.2013 թ. թիվ 1-4 պայմանագիր) վավերացված «Սբ Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վ. Շերմազանյանի և «ԼԵՎԳՈՒԳ» ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ղուկասյանի համապատասխան կնիքներով և ստորագրություններով, իսկ նախահաշվային արժեքը կազմում է` 320864260 դրամ: Հաստատված և փորձաքննությունով անցած նախահաշվի (19.02.2011 թ.) արժեքը կազմել է 291106220 դրամ, այսինքն՝ տպագրված նախահաշիվը մոտ 30 մլն դրամով ավելի է: Աշխատանքների անվանատեսակը երկու նախահաշիվներում էլ նույնն է, սակայն այս վերջին նախահաշվում (նախահաշիվը հաստատված չէ ոչ «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի, ոչ էլ մշակույթի նախարարության կողմից) գներն ուռճացված են 5-ից 10 անգամ: Այս ամենի մասին ես անդրադարձել եմ 08.10.2015 թ. ARMLUR.am-ում «Օձունի եկեղեցու ճարտարապետը վերջ է դնում Գյուլնազ տատի հեքիաթներին» երկմասանոց հոդվածաշարի երկրորդ մասում: Անցել է մոտ մեկ տարի, սակայն այս ամենի վերաբերյալ ոչ մի արձագանք ու հերքում չեղավ: Անկեղծ ասած, առաջնահերթ սպասում էի բարեգործական հիմնադրամի և հատկապես բարերարի վերոհիշյալի վերաբերյալ հստակ մեկնաբանություններ ու հերքում, սակայն ինչպես ասում են, կրկին քար լռություն: Մեկնաբանություններ սպասում էի նաև մշակույթի նախարարությունից (քանի որ շինարարական ակտերը վերջնական վավերացնում էր փոխնախարարը), սակայն նույն անդորրությունը տիրում է այստեղ:
Դե իսկ հետևությունը թողնում եմ ընթերցողին:


Միշա ՀԱԿՈԲՅԱՆ
Օձունի տաճարի վերականգնող ճարտարապետ

Դիտվել է՝ 4323

Մեկնաբանություններ