«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Օձունի եկեղեցու վերականգնման լույսն ու ստվերը

Օձունի եկեղեցու վերականգնման լույսն ու ստվերը
22.12.2014 | 22:31

Կարդալով «Հետք»-ի 03.11. 2014 թ. «Օձունի եկեղեցին վերականգնվել է, սակայն խնդիրներ կան» թղթակից Լարիսա Փարեմուզյանի հարցազրույցը տաճարի վերականգնման աշխատանքներն իրականացնող «ԼևԳուկ» ՓԲԸ տնօրեն Լևիկ Ղուկասյանի հետ, չէի կարող չարձագանքել վերջինիս մեկնաբանություններին, որը լի է բազում ապատեղեկատվություններով: Ակնհայտ է, որ հոդվածաշարը ունի որոշակի ուղղվածություն: Զգացվում է Լ. Փարեմուզյանի պրոֆեսիոնալիզմի բացակայությունը տվյալ ոլորտի աշխատանքների լուսաբանմանը, այն է` Օձունի տաճարի վերականգնողական աշխատանքներին գնահատական տալու վերաբերյալ ներգրավել է միայն շինարարին: Իրականության մեջ նմանատիպ նախադեպ չկա, որ շինարարը ինքը գովերգի և գնահատական տա իր կատարած աշխատանքներին, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից արտահայտի մտքեր` «ես լինեի», «կարծում եմ` ավելի ճիշտ է», «ինձնով որ լիներ, ես այսպես կանեի», «մենք որոշեցինք»: Շինարարը մնում է շինարար և իրավունք չունի իր կաղապարից դուրս գալու, քանզի նրա բուն պարտականությունն է նախագծի համաձայն վերականգնողական աշխատանքներ իրականացնելը: Տաճարի կատարված վերականգնողական աշխատանքների վերաբերյալ իրականում գնահատական տվողները տվյալ ոլորտի մասնագետներն են, գլխավորապես նախագծի հեղինակը: Շինարարն իր հարցազրույցում «խոհեմաբար» անտեսում է, որ տաճարի և կոթողի վերականգնողական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերն իրականացրել է «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ն (տնօրեն` Ս. Պողոսյան) և որ հեղինակային հսկողությունը իրականացրել է նախագծի հեղինակ Մ. Հակոբյանը:


***
Հուշարձանով զբաղվում եմ 1985 թվականից: Լրագրողի այն հարցին, թե ինչպես եք գնահատում վերականգնողական աշխատանքները, շինարարը մեկնաբանում է, որ վերականգնել ենք 19-րդ դարի տեսքը: Իրականում եկեղեցին երբեք 19-րդ դարի տեսք չի ունեցել, որպես գմբեթավոր բազիլիկ եկեղեցի ներկայացնում է 6-րդ դարը: Այլ բան է, որ տանիքածածկը ըստ նախագծի նախատեսել եմ վերականգնել 19-րդ դարում վերակառուցածին համաշունչ: Սակայն շարադրելով կատարված աշխատանքների հաջորդականությունը, շինարարը մատնանշում է. «Որոշեցինք կատարել ներքին միջամտություններ: Սկսեցինք վեղարից: Վեղարի և գմբեթարդի ամրացման լուրջ աշխատանքներ են կատարվել»: Ցանկացած տրամաբանող ընթերցող վերը շարադրվածից կարող է եզրակացություն անել, որ աշխատանքները կատարված են ինքնագլուխ, քանզի չի մեկնաբանվում, թե ինչի հիման վրա են կատարվել այդ աշխատանքները: Այ հենց այստեղ արձանագրենք առաջին ապատեղեկատվությունը, որի մասին առաջաբանում մատնանշել եմ: Սկսենք նրանից, որ կար «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից 15.09.2011 թ. Օձունի տաճարի և կոթողի վերականգնման նախագծա-նախահաշվային փորձաքննությամբ հաստատված փաթեթը (որին որպես հիմք հանդիսացավ իմ խմբի երեք աշխատակիցների հետ 1986 թ. կատարված նախագծի վերանայումը), որի հիման վրա էլ 2012 թ. օգոստոսին սկսվեցին շինարարական աշխատանքները: Բնականաբար, առաջնահերթ կատարվում էին եկեղեցու լանջերի և վեղարի հին ծածկասալերի քանդում- հեռացումը: Վեղարի ծածկասալերի հեռացումից հետո պարզվեց, որ գմբեթարդի վրա առկա են տարբեր ուղղություններով ճաքեր: Այս փաստի առիթով տեղում շուտափույտ կայացավ գիտա-մեթոդական խորհրդի նիստ (2012 թ. սեպտեմբերի 9-ին), որտեղ ինձ հանձնարարվեց 15-օրյա ժամկետում կատարել թմբուկի և գմբեթի ամրակայման լրացուցիչ նախագիծ: Գործող օրենքների տեսանկյունից մատնանշեմ, որ տրված առաջադրանքը նոր գործ էր, բնականաբար ՀՀ մշակույթի նախարարությունը նոր պատվեր պետք է իջեցներ «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ին: Քանի որ հուշարձանի վերականգնումը իրականացվում էր բարեգործական հիմունքներով, «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սերվետ Պողոսյանը նպատակահարմար գտավ վերը նշված աշխատանքները (այն է` լրացուցիչ նախագիծը), կատարել բարեգործական հիմունքներով: «Հայսեյսմշին» և ԿՊ ԳՀԻ-ին տրված առաջադրանքի հիման վրա տրվեց թմբուկի և գմբեթի տեխնիկական վիճակի եզրակացություն, որի հիման վրա էլ կազմվեց լրացուցիչ նախագծա-նախահաշվային փաթեթ, որը 2012 թ. հոկտեմբերի 16-ին հանձվեց մշակույթի նախարարությանը` հաստատման: Այս լրացուցիչ նախագիծը բովանդակային առումով առավել ընդգրկուն է, քանի որ այստեղ, բացի գմբեթարդի, թմբուկի ամրակայումից, ներառվեցին նաև տաճարի ավանդատների կրկնահարկի ծածկերի վերափոխման ու ամրացման, հատակների սալահատակման, հյուսիսային ավանդատան սալահատակման, խնձորակի և խաչի իրականացումով նախագծային աշխատանքները: Մշակույթի նախարարության իրազեկմամբ մինչ լրացուցիչ նախագծի ավարտվելը, շինարարին տրվեց թմբուկի և գմբեթարդի ամրակայման նախագծային մասը, հաշվի առնելով, որ վեղարի ծածկերը հեռացվել են և վերահաս անձրևները կարող են ավելի թուլացնել գմբեթարդի սեյսմակայունությունը, այն պայմանով, որ նախագծա-նախահաշվային փաթեթը շուտափույթ կտրվի փորձաքննության և կհաստատվի: Առաջ գնալով ասեմ, որ մինչ օրս այդ լրացուցիչ նախագիծը չի հաստատվել: Ասեմ նաև, որ մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանը 2012-ի հոկտեմբերին և 2013-ի ապրիլին ինձ անձամբ տեղեկացրեց, որ փաթեթը հաստատվել է վաղուց, ինչն իրականության հետ որևէ կապ չունի, պարզվեց, որ մշակույթի նախարարությունը գումար չունի փաթեթը փորձաքննության տալու համար: Հերթական ապատեղեկատվությունը վերաբերում է թղթակցի այն հարցին, որ արևելյան պատը հաջողված է եղել և շինարարը այդ առումով մատնանշում է, որ նախագծով արևելյան պատի վրա ոչինչ չէր նախատեսված (բացարձակ կեղծիք 2011-ին հաստատված, ինչպես նաև 2012-ի լրացուցիչ նախագծում այդ ամենի մասին ամենայն մանրամասնությամբ զետեղված է կատարվող աշխատանքների սահմաններում): Հաջորդ ապատեղեկատվությունն առնչվում է տաճարի ավանդատների երկրորդ հարկաբաժինների փլված ծածկերի և վեղարի ամրացումներին, որոնք իբր նախատեսված չէին, բայց ինքը այդ ամենը կատարել է (ստացվում է, որ կատարել է ինքնագլուխ): Իրականում ավանդատների ծածկերը փլված չէին, այլ կոնստրուկտիվ առումով թույլ էին, հաշվի առնելով սեյսմիկ եզրակացության առաջարկությունները, իմ կողմից լրացուցիչ նախագծում նախատեսված էին ինչպես ավանդատան ծածկերի վերականգնման, այնպես էլ վեղարի ամրակայման աշխատանքները: Թղթակցի այն հարցին, թե ինչ է լինելու դեռ անցյալ դարի 70-ական թվականներին թափված համարակալված քարերի ճակատագիրը, շինարարը, կասեի միտումնավոր, չի ուղղում թղթակցի այդ հարցադրումը ու չի մատնանշում, որ այդ քարերը ոչ թե 70-ականներին են համարակալվել, այլ 2013-ին` հեղինակի կողմից: Ինչ վերաբերում է տաճարի հյուսիսային սրահի վերականգնման կամ սրահների ամբողջական վերականգնմանը, որի շրջանակներում շինարարը դուրս գալով իր գործունեության սահմաններից, իրեն չվերաբերող հարցերում ինչ- որ փայլուն «մտքեր» է արտահայտում, հիշեցնեմ, որ հաստատված նախագծում հյուսիսային սրահը վերականգնված է հարավային սրահին համահունչ: Ինչ վերաբերում է տաճարի սրահների ամբողջականացմանը, ապա նշեմ, որ 2012 թ. գիտա-մեթոդական խորհրդում իմ ներկայացրած էսքիզ-առաջարկը վերոհիշյալի կապակցությամբ, հավանության արժանացավ` 14 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Սակայն խորհրդում նախագահողը` փոխնախարար Ա. Սամուելյանը, խախտեց գործող կանոնակարգը և իրեն վերապահեց մեկ անգամ էլ արտագնա նիստ վարել հուշարձանի տարածքում: Արտագնա նիստը կայացավ (ներկա էր խորհրդի ընդամենը 5 անդամ), արդյունքում, ըմբռնումով մոտեցան սրահները ամբողջականացնելու անհրաժեշտությանը, սակայն վերջնական որոշում չկայացվեց և այդ հարցը թաղվեց անորոշության մեջ:
Այժմ ներկայացնեմ այն կոպիտ խախտումները, որոնք կատարվել են 2012-2014 թթ. վերականգնողական աշխատանքների ընթացքում, ինչը շինարարը ներկայացնում է վարդագույն գույներով: Առաջ ընկնելով նշեմ, որ կատարված աշխատանքները, որոնք վերաբերում են թմբուկի, գմբեթարդի վեղարի ամրակայմանը, ավանդատների ծածկերի վերաշարման ու սալահատակման, տաճարի խնձորակի ու նոր խաչի տեղադրմանը, իրավական տեսակետից անօրինական են կատարված, քանի որ վերը նշված աշխատանքները ընդգրկված էին «ՍԵՐՎԵՏ» ՍՊԸ-ի կողմից տրված, սակայն մինչ օրս փորձաքննություն չանցած ու չհաստատված լրացուցիչ նախագծում: Մշակույթի նախարարության ու գործակալության թողտվությամբ այդ նախագծի առանձին թերթեր պատճենահանվում և տրվում էր շինարարին, որն էլ իրականացնում էր այդ աշխատանքները:
2012-ին կատարված աշխատանքներում առկա խախտումները.
1. Թմբուկի վրա կատարված նորատաշ շարի աշխատանքներում քարի երանգի ընտրությունը չի համապատասխանում պահպանված թմբուկի քարերի գույնին, արդյունքում ունեցանք կարկատանային հարթություններ (մինչ աշխատանքներ իրականացումը շինարարին վերոհիշյալի մասին զգուշացվել էր) (լուսանկար 1):


2. Թմբուկի արևելյան պատուհանի վեր շարված պատի ուղղաձիգ հարթությունը հարակից շարքերի նկատմամբ ունի 2-7,5 սմ խզում (լուսանկար 1):
3. Թմբուկի հարավային պատուհանի վերին հատվածում նոր քարերի իրականացմանը զուգընթաց հատվել է կոր պսակի վերին հատվածը, որն անթույլատրելի է: Ավելին, պատուհանին վերաբերող վերանորոգման աշխատանքները չեն համադրվում նախագծով նախատեսված աշխատանքներին: Շինարարը այդպես էլ ոչ միայն չուղղեց այս կոպիտ սխալը, այլև գտավ իր մտածելակերպին հարիր յուրովի լուծում, այն է, կոր պսակի իմիտացիա ստեղծեց հատված մասում… ներկով կոր գիծ քաշելով, չփոխելով քարը (լուսանկար 2):

Այսքանից հետո, շինարարը կատարվող աշխատանքները մեկնաբանում է` «կամ լավը, կամ չանել»: Ճիշտը չանելն էր:
4. 2013-ին հարավային զանգաշտարակի ծածկասալերի վերափոխման ժամանակ վեղարի բարձրությունը 30 սմ ցածր էր իրականացված, ծածկասալերի կախվածությունը, ինչպես նաև նոր իրականացված խնձորակը չէին համապատասխանում նախագծին, վերաշարված քիվերը շարված էին բավականին անփույթ: Այս սխալները կարողացա ճշգրտել, սակայն խնձորակն այդպես էլ չուղղվեց:
5. Նախագծից դուրս կատարվել էր տաճարի հյուսիս-արևմտյան պսակի փոխարինում նորով (երբ ոչ մի անհրաժեշտություն դրա համար չկար), որ կատարվել է ոչ համահունչ առկա պատուհաններին (յոթ ամիս հետո միայն այն ուղղվեց):
6. Արևելյան ճակատի քիվերի տաշվածքը արված է դարձյալ անփույթ և անընդունելի (այդպես էլ չշտկվեց) (լուսանկար 3):

7. Չի կատարվել հյուսիսային սրահի բաց խորանի կամարի և գմբեթարդի քարերի քանդում- վերաշարումը, որոնք կախված են ու շուտափույթ քանդման-վերաշարման կարիք ունեն: Ավելին, նրա վրա շարված պատը ավարտված է ծածկասալով, անտեսելով քիվը, որը բացարձակապես անընդունելի է: Հավելեմ, որ ծածկասալերը շարված են նույն ուղղաձիգ պատի հարթությամբ: Այն մինչ օրս ուղղված չէ (լուսանկար 4):


***
2014 թ. ապրիլի 4-ին, իմ հերթական այցելության ժամանակ պարզվեց, որ շինարարը անընդունելի ինքնագործունեություն է ծավալել տաճարի արևմտյան ճակատում կատարված աշխատանքների ժամանակ: Խոսքը վերաբերում է թաղի վերին նիշի տեղավորմանը տանիքածածկի տակ: Չմանրամասնելով նշեմ, որ դա իմ լուծելու խնդիրն էր, որի վերաբերյալ ես նախօրոք տվել էի լուծման առաջարկ: Ինչը սակայն անտեսվել է:

Բացի սա, 20 սմ-ով կտրվել -հեռացվել են ճակտոնի անկյունային հորիզոնական քիվերը (45սմ) (լուսանկար 6), արհեստականորեն բարձրացվել է քիվատակ շարքի ուղղաձիգ նիշը, հին քարերը փոխարինելով նորերով (լուսանկար 7), որի արդյունքում խախտվել է ճակտոնի բարձրությունը և փոփոխվել ճակտոնի լանջերի թեքությունը: Արդյունքում անդառնալի խաթարվել է տաճարի որպես առնվազն VI դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու ճակտոնի սկզբնական կերպարը: Այս ամենի վերաբերյալ տեղեկացրել եմ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին և գործակալության պետ Ա. Աբրոյանին: Ոչ մի էական արձագանք: Ավելին, պարզվեց, որ նախարարը ամբողջ ուշադրությունը սևեռել է ապրիլի 18-ին եկեղեցու խաչի վերաօծման միջոցառմանը: Առաջ ընկնելով ասեմ, որ շինարարի ներկայացրած խաչը, որը օծեց Լոռու թեմի առաջնորդ Սուլջյանը, կատարյալ թյուրիմացություն էր: Այն պետք է կրկներ պահպանված խաչի կերպարը, բայց արի ու տես, որ բացակայում էին խաչին բնորոշ հիմնական որոշ մանրամասներ (լուսանկար 5):

Օծումից հետո, նոր տեղում իմ հորդորների արդյունքում ավելացվեցին խաչի առանձին բացակայող մանրամասները (լուսանկար 5): Ասեմ նաև, որ այդ ժամանակ ես մշակույթի նախարարությանը տվեցի հուշարձանում 2012-2014 թթ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ զետեղված էին վերը նշված բոլոր մեծ ու փոքր խախտումները, դարձյալ ձայն բարբառոյ յանապատի: ՈՒղիղ 2,5 ամիս կապ չէի կարողանում հաստատել տիկին Սամուելյանի հետ, նրա հեռախոսները անջատված էին կամ նա տեղում չէր: Այսպիսի անտարբերությունը հնարավորություն տվեց շինարարին արևմտյան ճակատում առանց կոպիտ սխալները վերացնելու տանիքի ծածկսալերը տեղադրել: Վերջին անգամ գործակալության պետի հետ միասին մշակույթի նախարարությունում փոխնախարար Արև Սամուելյանի «տագնապը» տաճարի կատարված աշխատանքների վերաբերյալ եղավ. «Հիմա ի՞նչ ենք անելու դարակազմիկ հարցը»: Իսկ գնացքը վաղուց էր գնացել: Անշուշտ, հուշարձանի վրա կատարված աշխատանքները, ներառյալ այն կոպիտ սխալները, որոնք մինչ այժմ չեն շտկվել, արտահայտված է շինվարման մատյանում, զավեշտալին այն էր, որ շինարարը մատյանը հանձնեց ինձ, պնդելով, որ այն իրեն այլևս պետք չէ: Հասկանալի է այս քայլը, քանի որ այսպիսի մեկնաբանություններով շինվարման մատյանը չի տալիս կանաչ ճանապարհ կատարված աշխատանքների փաստագրման վավերացմանը և ավարտական ակտ հանելուն: Ավելին, պարտադիր ներկայացվող փաստաթղթերից են բացակայող փակ ծածկված աշխատանքների կատարման ակտերը (թմբուկի, գմբեթարդի, ավանդատների ծածկեր), որից անտեղյակ են և տեխհսկիչը և հեղինակը: Ոչ ոք չգիտի, թե շինարարը այդ ամրակայման աշխատանքները ինչպես է կատարել: Ինչպես վերը նշել էի, հուշարձանի վրա կատարված, սակայն այդպես էլ չհաստատված լրացուցիչ նախագծում նախատեսված բոլոր աշխատանքները իրավական տեսանկյունից կրում են ինքնակամ բնույթ: «Սերվետ» ՍՊԸ-ի կողմից մշակույթի փոխնախարար Ա. Սամուելյանին մի քանի անգամ գրավոր առաջարկ է արվել ստեղծել հանձնաժողով Օձունի տաճարում տիրող իրավիճակի քննության վերաբերյալ` շինարարի կողմից կատարված կոպիտ սխալների չվերացման կապակցությամբ: Սակայն փոխնախարարի մոտեցումը խուսափողական էր: Այսքանից հետո կարելի է հանգել մի եզրակացության, որ մշակույթի նախարարությունը ուղղակի պարտակեց իմ մատնանշած այն բոլոր կոպիտ սխալները, որոնք ի հայտ էին եկել 2012-2014 թթ. վերականգնողական աշխատանքներում: Հետևությունը թողնում եմ ընթերցողին:
***
Վերջում կցանկանայի նշել, որ Օձունի տաճարում վերականգնողական աշխատանքների իրավիճակի մասին դեռևս 2013 թ. տեղեկացրել եմ Հուշարձանների վերականգնման ասոցիացիային, դարձյալ ոչ մի արձագանք: Կարծում եմ, որ ասոցիացիայի անդամները նախ լինելով պրոֆեսիոնալ, այնուհետև իրենց գործունեության մեջ ունենալով մոտեցումների ու պարզաբանումների այլընտրանք, պարտավոր էին արձագանքել և գնահատական տալ Օձունի տաճարում վերականգնողական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած կոպիտ վրիպումներին (ակամա տպավորություն է ստեղծվում, որ ասսոցիացիան հանդիսանում է նախարարության մի ենթակառույց): Նույն անտարբերությունն է իշխում (իրազեկել եմ ասոցիացիային 2011-ից) նաև Նորատուսի IX դարի եկեղեցու (որի հեղինակը ես եմ) վերականգնողական աշխատանքներում առկա կոպիտ սխալների հանդեպ, որը վերաբերում է թմբուկի վերականգնմանը (մանրամասնելուց առայժմ զերծ եմ մնում): Վերջինիս վերականգնողական աշխատանքներն իրականացնողը նույն «ԼևԳուկ» ՓԲԸ-ն է (տնօրեն Լ. Ղուկասյան): Եվ վերջապես անտարբերություն դրսևորվեց նաև 2009 թ. իմ կողմից ասսոցիացիային իրազեկված Հնեվանքի VII-XIV դդ. համալիրում (որի հեղինակը դարձյալ ես եմ) կատարված խայտառակ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական կարծիք չհայտնելով: 2009 թ. վերոհիշյալի կապակցությամբ երկու անգամ գրավոր մանրամասն իրազեկել եմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Պատասխանը ստացել եմ փոխնախարարից 2010 թվականին, որտեղ տեղեկացնում էին, որ կստեղծվի հանձնաժողով, որում կընդգրկեն նաև ինձ: Հանձնաժողովը այդպես էլ չկազմավորվեց: Այս վերջին երկու հուշարձաններում կատարված վերականգնողական աշխատանքների լուսաբանումը հանրությանը կներկայացնեմ մոտակա ժամանակահատվածում: Շարունակելով նշեմ, որ 2000 թ. Աշտարակի Կարմրավոր եկեղեցու երեք ճակտոնների լանջերի կղմինդրյա նոր տանիքածածկերի ու եկեղեցու մասնակի վերանորոգման աշխատանքները (նախագծի հեղինակը ես եմ և Գ. Նալբանդյանը, շինարարը` նույն «ԼևԳուկ» ՓԲԸ տնօրեն Լ. Ղուկասյանը) կատարվեցին անբարեխղճորեն: Խոսքը հատկապես վերաբերում է ծածկասալերին: Առանձին դիտողություններ շինարարը մինչ այժմ չի շտկել, դա առաջին հերթին վերաբերում է արևմտյան ճակատի առաջին գետնախարսխի (իմ կողմից բացված) շարունակմանը հյուսիս և հարավ, որտեղ 7-րդ դարի գետնախարսխի վերին նիշը հավասարվել է 1975-ին եկեղեցու շրջակա տարածքի սալահատակված նիշին, տպավորություն ստեղծելով, որ դրանք միաժամանակ են ստեղծվել:
Ընդհանրապես այս ամենը կամենում էի ներկայացնել հաջորդ տարի տպագրվելիք Օձունի մասին իմ գրքում զետեղված հուշարձանի վերականգնողական բաժնում: Չէի ավարտել, երբ 01.12.2014 թ. նույն «Հետք»-ում զետեղվեց «Ավարտվել է Օձունի տաճարի վերականգնումը» հերթական ապատեղեկատվություններով անանուն հոդվածը, որտեղ շինարարը մեջբերում է. «Մենք ավելի շատ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ»: Այդպես չէ, կատարվել է մեծածավալ նոր տաշ ու շարի, ինչպես նաև քանդման-վերաշարման աշխատանքներ, էլ չեմ ասում ամբողջ հուշարձանի հին տանիքածածկը փոխարինվել է նորով, ինչը նախատեսված էր նախագծով, ուրիշ բան է, թե ինչպիսի գնահատական կարելի է տալ իրականացված այդ աշխատանքների որոշակի հատվածներին, որի մասին ես արդեն մանրամասն շարադրել էի:
Այնուհետև շինարարը նշում է, որ ներքին ամրացման ինքնատիպ մեթոդներ են մշակվել: Իրականում դա նորույթ չէ և վաղուց կիրառվում է բնակելի և հասարակական շենքերում, հատկապես ամրակայման աշխատանքների ժամանակ: Իսկ որ այդ մշակմանը մասնակցել են հայ լավագույն ճարտարագետները և Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները, ուղղակի անհեթեթություն է և չի համապատասխանում իրականությանը, որովհետև հեղինակ-ճարտարագետը Ս. Սիմավորյանն է, որը «Սերվետ» ՍՊԸ-ի կողմից կատարված լրացուցիչ նախագծի կոնստրուկտորական մասում ամենայն մանրամասնությամբ մշակել է այդ ամրակայման աշխատանքները, որը վերաբերում է նաև գմբեթարդին, թմբուկին և վեղարին, տալով վերը նշված աշխատանքներում օգտագործվող նյութերի տեսակը և իրականացման հաջորդականությունը: Այն օգտագործված նյութերը, որը մատնանշում է շինարարը, զետեղված է նախագծում և ավելին` Ս. Սիմավորյանը նույնիսկ ուղղորդել է շինարարին, թե որ վաճառատնից կարող է ձեռք բերել վերոհիշյալ նյութերը: Իսկ իտալացի մասնագետների մասնակցությունը տվյալ հարցում (վերջիններս այդ ժամանակ հուշարձանի սեփական ուսումնասիրություններն էին կատարում) հետևյալն է. նրանք ծանոթանալով մեր մշակած լուծումներին, համակարծիք էին նշյալ լուծումներին: Եվ վերջապես, անդրադառնալով «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Ա. Դավթյանի այն ամպագոռգոռ արտահայտությանը, որ «նման վերականգնում իր ծավալներով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել», հաստատում է նրա անտեղյակությունը հուշարձանների վերականգնման ոլորտին, քանի որ այս տասնամյակների ընթացքում իրականացված է անհամեմատ ավելի ծավալուն և ավելի բարդ հուշարձանների վերականգնում: Իսկ տվյալ փուլում տաճարի վերականգնման աշխատանքների իրականացման տեսանկյունից վերջինս առանձնակի բարդություն չի ներկայացնում: Իսկ ինչ վերաբերում է պատմաճարտարապետական գլուխգործոցի «փրկությանը», ապա բարեգործական լինելով, այս ծրագրի ֆինանսավորողը լավ կլիներ շինարարության ընթացքում գոնե մեկ անգամ բարի լիներ բացել շինվարման մատյանը, որտեղ նշված էին այն աղաղակող թերությունները, որոնք այդպես էլ չուղղվեցին: Այսքանից հետո զավեշտալի չէ խոսել հուշարձանի «փրկության» մասին ու «առաքելությունը» համարել ավարտված:
Եթե բարեգործականը համարում է, որ աշխատանքներն ավարտված են, ապա պետք է նշել, որ այս փուլում նախագծով դեռևս կան մի շարք չկատարված աշխատանքներ, որոնք վերաբերում են ոչ միայն տաճարին, այլև կոթողին: Հիշեցնեմ, որ վերականգնողական աշխատանքների ավարտման փաստագրումը և վավերացումը իրականացվում են մշակույթի նախարարության կողմից համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտի համաձայն, տվյալ շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետա-շինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված բոլոր աշխատանքների իրականացումից հետո: Բայց քանի որ վերը նշել էի, որ նախարարությունը և գործակալությունը շինարարության ամբողջ ընթացքում իմ մատնանշած բոլոր կոպիտ սխալները ուղղակի պարտակել էին, ապա բնավ զարմանալի չի լինի, որ կատարված աշխատանքները գնահատվեն գերազանց, բնականաբար շրջանցելով գործող կանոնակարգը:


Նախագծի գլխավոր ճարտարապետ` Միշա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5220

Մեկնաբանություններ