«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր  կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
19.07.2016 | 00:24

(սկիզբը՝ այստեղ)

«Էլեկտրոստանդարտ» ԳՀԻ-ի լաբորատորիայի վարիչի պաշտոնում էր աշխատում տաղանդավոր կոնստրուկտոր Ռուբեն Հայկի Հովսեփյանը, որ պատմել է հետևյալը.
-1945 թվականի ամռան մի գեղեցիկ օր հայրս՝ գնդապետ Հայկ Հովսեփյանը, ոգևորված տուն եկավ. «Վաղը գնում ենք Կարս, ինձ նշանակել են Կարսի զինվորական պարետ»: Բոլորս ուրախացել էինք, ամբողջ օրը զբաղված էինք մեր իրերը հավաքելու գործով, երեկոյան հայրս տուն եկավ մռայլադեմ ու անտրամադիր. «Կարսը չի լինում, Մոսկվայից հրաման եկավ, Թուրքիա մտնելը չեղյալ է հայտարարվել»,- ասաց ու սկսեց լաց լինել:


Գերմանիայի դեմ հակահարձակման պլաններից մեկը, որը Ստալինի հանձնարարությամբ 1942 թվականին կազմել էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը, անցնում էր Թուրքիայի տարածքով՝ դեպի Ռումինիա ու Գերմանիայի հարավ, դա ևս չեղավ, այդ պլանի հետ չհամաձայնեց ՈՒինստոն Չերչիլը: Հիմա Թուրքիայի գլխին դարձյալ մութ ամպեր են կուտակվել. Ամերիկան ռազմական օգնություն է ցույց տալիս քրդերին ու աջակցում քրդական պետության ստեղծմանը։ Քրդստանի անկախ պետության հեռանկարն էլ սարերի հետևում չէ, եթե հաշվի առնենք, որ այս հարցում Ամերիկան է գործի անցել:


Վերջին հարյուրամյակում Թուրքիան մի քանի անգամ կանգնել է տրոհման ու, որպես ինքնուրույն պետություն, վերացման փաստի առաջ: Վերջին հարյուրամյակում Թուրքիա պետության ճակատագիրը մշտապես կախված է եղել մազից ու այդպես էլ, մազից կախված վիճակում, ճոճանակի նման, Թուրքիան անընդհատ ճոճվել է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ փորձելով հարմարվել գերտերությունների տարածաշրջանային շահերին, ընդհանուր եզրեր գտնել՝ նրանց քաղաքականությունը սպասարկելու համար ու այդպես մի կերպ պահել, պահպանել սեփական գոյությունը՝ շալակին կրելով Հայոց ցեղասպանության ծանր բեռը: Դժվար է ասել, թե աշխարհում քաղաքական ու տնտեսական ինչ նոր գործընթացներ կսկսվեն (կասկածից վեր է, որ դրանք անպայման կսկսվեն, որովհետև աշխարհում տեխնոլոգիական հեղափոխական զարգացումներ են սպասվում, որոնք ի վիճակի կլինեն իրավիճակ փոխելու)։ Հարց է` առաջիկայում Թուրքիային կհաջողվի՞ գտնել գերտերությունների շահերի բախման նոր մեռյալ կետեր և, անվերջ այս ու այն կողմ թռչելով ու թռչկոտելով, սրա-նրա գրկում ժամանակավորապես հանգրվանելով, գտնել իր փրկության բանալին։ Ժամանակը ցույց կտա: Ֆորմալ առումով մեր տարածաշրջանում ու համայն աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի պետական ռազմավարական շահերը, ռուս և հայ ժողովուրդների ազգային անվտանգության շահերը մշտապես համընկել են: Կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական կարևոր հարցերում կարծես թե Հայաստանն ու Ռուսաստանը հակասություններ չպետք է ունենային, բայց մեկ-մեկ դա լինում է, հատկապես պատմական այն պահերին, երբ Ռուսաստանը կառավարել են օտարների կազմած ծրագրերով՝ սպասարկելով երրորդ երկրների ռազմավարական շահերը: Նման դեպքերում հայ ժողովրդի գոյատևման, ազգային-պետական շահերը մշտապես անտեսվել, զրոյացվել ու հետին պլան են մղվել՝ հայ հասարակությանը դնելով ծանր դրության մեջ ու ծանր դրությունից դուրս գալու և փրկության համար ելքեր գտնելու պատմական անհրաժեշտության առաջ:


Դա մենք տեսանք Լենինի ժամանակ, երբ Գարեգին Նժդեհը ստիպված էր 1920 թվին կռիվ տալ միաժամանակ երկու ճակատով՝ արևելքից Ռուսական 11-րդ բանակի, իսկ արևմուտքից՝ թուրքական բանակի դեմ (1918 թվից թուրքական բանակը զինված էր ռուսական ոսկով ձեռք բերված զենքով ու հանդերձանքով, իր հուշերում մարշալ Բաղրամյանը գրել էր, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ թուրքերին դժվար էր տարբերել ռուսներից, որովհետև նրանք ռուսական բանակի հագուստ էին կրում)։ Տեսանք Ստալինի ու Բերիայի ժամանակ, նաև Բրեժնևի ու Գորբաչովի ժամանակ: Այս տեսակետից իմ պատմությունների մեջ Լենինի անձի ներառումը, լենինյան թեմաներով լիրիկական շեղումները հիմնավորված են նրանով, որ Գորբաչովի ձախողումներն ու ԽՍՀՄ վերջնական փլուզման պատմությունը որոշակիորեն սկսվել են Լենինից, երբ նրա նախաձեռնությամբ ողջ Ռուսաստանի, իսկ 1917-23 թվականներին նաև հայ ժողովրդի գոյության խնդիրը դրվեց գերմանա-թուրքական շահերի սպասարկման զոհասեղանին:


70 տարի շարունակ Խորհրդային Միության քաղաքացիներին Լենինը ներկայացվել է որպես կարևոր համաշխարհային դեմք, աշխատավորների մասին մտածող, աշխատավորների շահերի պաշտպան, խղճի, հույսի ու հավատի ապավեն, իսկական կուռք, բայց այդպես էր միայն արտաքին ներկայացման և բանվոր դասակարգի ընկալման համար։ Այդպես էր արվում խորհրդային հանցագործ ղեկավար կազմի իրական դեմքը թաքցնելու, հակամարդկային էությունը քողարկելու անհրաժեշտությունից դրդված: Կյանքում Լենինը շատ դաժան է եղել։ Այդ իրողությունը բացահայտելու համար անհրաժեշտ է հեռանալ մարքսիստական, պրոլետարական կամ մատերիալիստական ընկալումների դաշտերից և դիտարկել Լենինի զուտ մարդկային էությունը: Դրա համար բավարար են մեր հաջորդ երկու պատմությունները՝ նրա կյանքի ու աշխատանքային գործունեության մասին։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Իշխանության գալով, Լենինը դաժան հաշվեհարդար տեսավ Նիկոլայ 2-րդ ցարի, նրա ընտանիքի անդամների ու բոլոր ազգականների (թվով 297) նկատմամբ: Նրա հրամանով ցարի ազգականներին գնդակահարեցին, իսկ ցարին՝ իր կնոջ, երեք դուստրերի ու անչափահաս որդու հետ (որդին ի ծնե հաշմանդամ էր) գնդակահարելուց հետո, կարգադրեց բոլորին լուծել ծծմբական թթվի մեջ: Նման դաժանություններ անգամ Հիտլերը չէր անում։ Գնդակահարելուց առաջ գերմանացիները գերիներին կուշտ կերակրում էին, որպեսզի Աստծո առաջ շատ մեղք գործած չլինեին, ապա սպանում ու թաղում կամ վառում էին: Լենինյան անմարդկային դաժանություններին համարժեք են միայն թուրքերի ու թուրք-ադրբեջանցիների ճիվաղային արարքները՝ քնած մարդկանց գլուխները կտրելը, կտրված գլուխներով ֆուտբոլ խաղալը, կտրված գլուխները ինտերնետով ցուցադրելն ու այլ գազանություններ:


Մասնագիտությամբ լինելով փաստաբան (մինչև հեղափոխությունը Լենինը ընդամենը մեկ օր է աշխատել Ռուսաստանում՝ փաստաբանական մեկ գործ վարելով դատարանում), Լենինը, հավանաբար, գիտեր, որ ողջ Եվրոպան խառնելուց ու, ի վերջո պարտվելուց ու գահընկեց արվելուց հետո, Նապոլեոնին չսպանեցին, այլ միայն աքսորեցին ու կայսրին հարիր պայմաններում պահեցին սուրբ Հեղինե կղզում։ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 1-ինի ցանկությամբ էր այդպես կատարվել՝ համաձայն իշխանական էթիկայի չգրված կանոնների: Իսկ Լենինի արածը ծանր հանցանք ու մեղք էր Աստծո առաջ։ Բայց Լենինի ու նրա հեղափոխական զինակիցների համար ի՞նչ Աստված, ի՞նչ սրբություն, երբ նրանք ի սկզբանե խնդիր էին դրել ոչնչացնել Ռուսաստանում գոյություն ունեցող ողջ կրոնական համակարգը՝ քրիստոնեական, մահմեդական ու մնացյալներով հանդերձ, բնաջնջել կրոն քարոզող մարդկանց, իրենց դեմ գնացող մտավորականությանը, մահվան սպառնալիքի տակ ժողովրդին պարտադրել ապրելու իրենց կանոնը, գոյատևման իրենց բանաձևը, կրոնը, ուսմունքը. նվիրվածություն կոմունիզմի սին գաղափարին, Իլիչին ու Իլյիչի հիմնադրած կոմունիստական կուսակցությանը: Սակայն տրամաբանական մի հարց՝ Լենինի այդօրինակ դաժանությունները ինչո՞ւ են 70 տարի շարունակ թաքցրել խորհրդային ժողովրդից, ինչո՞ւ այդ մասին խորհրդային գրքերում ու դասագրքերում ոչինչ չեն գրել։ Նաև երկրորդ տրամաբանական հարցը. նման դաժան վարքի տեր մարդն ինչո՞ւ պետք է ցանկանար, ի՞նչ մոտիվացիա պետք է ունենար մտածելու հասարակ, աշխատավոր մարդկանց մասին, նրանց ինչո՞ւ պետք է պայծառ ապագա մաղթեր ու երազեր երանելի երկիր ստեղծելու մասին, որտեղ մարդիկ կարողանային երջանիկ լինել: Մարդկային տրամաբանությունն ի զորու չէ պատասխանելու նման հարցերի։ Միայն ԽՍՀՄ փլուզումից հետո պարզ դարձավ, որ խորհրդային մարդիկ երջանիկ են եղել, որ Լենինի մասին շատ բան չեն իմացել, ծանոթ չեն եղել նրա չարագործություններին ու մարդկային էությանը, նրան դրել են սրբի տեղ, կուրորեն հավատացել ու գնացել են լենինյան ստերի հետևից: Եթե Լենինի վարքը ռուս պատմաբանները կապում են Գերմանիայի հանձնարարությամբ Ռուսաստանում հեղափոխական խժդժություններ կազմակերպելու առաջադրանքի հետ (նման խժդժոցները հետխորհրդային շատ երկրներում այսօր հրահրվում են վարդերի, նարնջագույն, թավշյա ու տարատեսակ այլ հեղափոխությունների անվան տակ, որովհետև միջուկային գերտերություն Ռուսաստանին միայն այս ճանապարհով է հնարավոր տապալել՝ սեփական երկրները փրկելով գլոբալ կործանումից), ապա բժշկական հոգեբանների կարծիքով՝ ամեն ինչ գալիս էր նրա սիֆիլիս հիվանդությունից, որը նա ստացել էր Շվեյցարիայում: Լենինի գաղափարները չարամիտ, նենգ մարդու գաղափարներ էին, այդպիսի կերպարի տեր քաղաքական գործիչը ի վիճակի չէր լինի փոխելու երկրում գործող տնտեսական համակարգը, չէր կարող մի այնպիսի պետություն ստեղծել, որի կյանքը երկար լիներ: Լենինի տնտեսական մոդելը՝ նէպի տեսքով, չաշխատեց ու միանգամից տապալվեց արդեն նրա կենդանության օրոք: Ի սկզբանե Խորհրդային Միությունը սխալ տնտեսական ու գաղափարական հիմքերի վրա էր կառուցվել, դրա համար էլ այն կործանվեց, Գորբաչովի մեղքերն այստեղ քիչ են:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Լենինի մարդկային էությունը բացահայտող այս պատմությունը հիմնականում մեզ հայտնի դարձավ միայն 1965 թվականին, երբ նշվում էր հայոց Մեծ եղեռնի 50-ամյակը, մինչ այդ եղեռնի թեմայով խոսելն անգամ ծանր հանցանք էր համարվում ու դաժանորեն պատժվում էր խորհրդային իրավապահ մարմինների ու, առաջին հերթին, Խթը-ի կողմից: Այսօր Շվեյցարիայում ու Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մերժումը արդեն քրեական հանցանք է համարվում, իսկ Խորհրդային Միության ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հիշատակումն էր համարվում քրեական-քաղաքական հանցանք ու պատժվում էր խստագույնս: 1965-ին եղեռնի 50-րդ տարելիցին նվիրված ցույցի կազմակերպիչներիս դա հայտնի էր, բայց մեզ չկանգնեցրեց, որովհետև եղեռնը հիշելը, զոհերի հիշատակը հարգելը պետք էր, եղեռնի 100-րդ տարելիցին մենք դա ավելի լավ հասկացանք։
Ինչպիսի՞ն էր Լենինի անձնական վերաբերմունքը հայկական հարցի նկատմամբ: Նշենք, որ Լենինը մշտապես եղել է թուրքամետ, ոչ մի տեղ չես հանդիպի այնպիսի հրապարակումների կամ գրառումների, որտեղ նա ինչ-որ կերպ արտահայտված լինի 1915 թվականի հայերի ցեղասպանության մասին: 1912 թվականին գրած իր հոդվածում նա միանշանակորեն պաշտպանել էր Օսմանյան կայսրությանը, որը Լիբիայում պատերազմ էր վարում «իտալական իմպերիալիստների դեմ»: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինը անձնական մեծ ներդրում ունեցավ Հայոց ցեղասպանությունը շարունակելու գործում՝ նպաստելով ու խրախուսելով Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը նաև Կովկասում, այդ մասին շատ է խոսվել, բայց երևույթները ճիշտ գնահատելու համար պետք է բացահայտել Լենինի, ապա նաև Ստալինի հակահայկական քաղաքականության բուն էությունը, որի պատճառով էլ այսօր քաղաքական թատերաբեմում է «ղարաբաղյան հակամարտություն» անունը կրող կոնֆլիկտը: Համաշխարհային հանրությանը այն ներկայացվում է երկու հակադիր մեկնաբանություններով.
ա) Ղարաբաղի ժողովրդի պայքարը՝ հանուն անկախության ու ինքնորոշման,
բ) Ադրբեջան պետության պայքարը՝ սեփական տարածքային ամբողջականության պահպանման համար:
Երկու մեկնաբանություններն էլ սխալ են ու անընդունելի, այն պետք է դիտարկվի Հայոց ցեղասպանության շարունակվող պրոցեսի, պանթուրքիզմի ու լենինիզմի գաղափարական դրույթների համատեքստում: Ղարաբաղյան խնդրին օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է երևան բերել պատմական բոլոր փաստերն ու փաստաթղթերը, որոնք պահվում են խորհրդային, հատկապես գերմանական, թուրքական (թեև շատ զարմանալի կլիներ, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր կարևոր փաստերն ու փաստաթղթերը թուրքերը ոչնչացրած կամ սրբագրած չլինեին), ամերիկյան ու այլ երկրների արխիվներում: Մինչև պետությունների արխիվներին անցնելը իմաստ ունի ծանոթանալու մեր անձնական, ժողովրդական արխիվ-հիշողություններին, այն պատմություններին, որոնք եղել են մեր ծնողների ու մեր ծնողների ծնողների կյանքում՝ ազգապահպանության ու սերնդե սերունդ շարունակվող գոյատևման համար մղվող պայքարի ճանապարհներին: Նրանք ավելի քան արժանահավատ են: Նման պատմություններ շատ կան ցանկացած հայ մարդու կյանքում: Պատմում էր պապս՝ Երեմ Համազասպի Ասլանյանը, որի Կարո պապը 1827 թվականին Մշո Բուլանլղ գյուղից գերդաստանով տեղափոխվել է Արևելյան Հայաստան՝ հաստատվելով Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում: 1914 թվականի դեկտեմբերին՝ մի խումբ սառնաղբյուրցիների հետ, 18-ամյա Երեմ Ասլանյանը հայ կամավորականների 4-րդ գնդի կազմում մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին:


-Խրամատների մեջ դիրքեր էինք բռնել ու սպասում էինք թուրքերի հարձակմանը։ Երեկո էր։ Թուրքերը թաքնվել էին Սարիղամիշի խիտ անտառներում ու սպասում էին լուսաբացին, մութ ժամանակ նրանք կռիվ չէին անում: Լույսը բացվեց, սպասում ենք հարձակմանը, թուրքերը չկան ու չկան, մեր խումբն ուղարկեցին անտառ՝ հետախուզելու, տեսնենք, թե թուրքերը ի՞նչ եղան: Մտանք անտառ ու ի՞նչ տեսնենք. թուրք զինվորները սառել ու մեռած կանգնած էին մնացել՝ ծառերին հենված վիճակում, որին ձեռք էինք տալիս՝ գլորվում ու ընկնում էր գետնին: Սարիղամիշում այդ գիշեր սաստիկ սառնամանիք էր եղել, թուրք զինվորների մեծ մասը սառել, մեռել ու մնացել էր տեղում:


-Տղերք, տեսա՞ք, որ Աստված մեր կողմից է, մեռնեմ մեր Աստծուն, հաղթելու ենք,- ասաց Հովսեփը՝ 40 տարեկան մի աժդահա սառնաղբյուրցի, որի կռիվ տալը ահ ու սարսափ էր տարածել ոչ միայն թուրք զինվորների շրջանում, այլև ազդել էր պատանի հայ զինվորների վրա: Հովսեփը թուրքերին խփում, սվինով վեր էր բարձրացնում ու դեն շպրտում՝ կարծես եղանով խոտ էր փռում: Թուրքերը մեր խումբը տեսնելիս այնպես էին փախչում, որ մեր կրակելուց գնդակները նրանց հետևից չէին հասնում: Ռուս ռազմական պատմաբանների կարծիքով՝ Սարիղամիշի ճակատամարտը 1-ին համաշխարհային պատերազմի միակ դեպքն է եղել, երբ ռուսական զորքերը լիակատար հաղթանակ են տոնել: Դա բացատրվում է կամավորական հայ զինվորների կամքի, հերոսության դրսևորմամբ ու մարտական գործողությունները խիստ մոտիվացված ձևով վարելու կարողությամբ: Ռուսական բանակի կազմում քրդեր կամ տեղաբնակ այլ կամավորականներ չեն եղել: Օսմանյան կայսրության կովկասյան արշավանքը կատարվում էր Գերմանիայի ծրագրով, թուրքերը կռվում էին գերմանական զենքով, անհրաժեշտ ռեսուրսներով ու գերմանացի խորհրդականների հսկողության տակ: Սարիղամիշում պարտվելու դեպքում ռուսները ստիպված էին լինելու իրենց զորքերը դուրս բերել Լեհաստանից, Գալիցիայից և ուղարկել կովկասյան ռազմաճակատ: Կովկասում Ռուսաստանի համար այլ վտանգներ էլ կային: Թուրքական զորքերի հաղթարշավի ու Կովկասի մուսուլմանների ապստամբության միջոցով Գերմանիան կարող էր Կովկասը կտրել ռուսներից ու տիրանալ կասպյան նավթային պաշարներին։ Այդ իրողությունը ստրատեգիական նշանակություն ուներ գերմանացիների համար. առանց նավթի Գերմանիան չէր կարող մարտական բարձր վիճակում պահել իր նավատորմն ու մեքենայացված զորախմբերը։ Հատկանշական է, որ 1918 թվականին Լենինի կարգադրությամբ Ստեփան Շահումյանը պետք է Բաքվի նավթի 10 տոկոսը մատակարարեր Գերմանիային: Սարիղամիշում կրած պարտությունից հետո գերմանացիները ժամանակավորապես կորցրին Բաքվից նավթ ստանալու հեռանկարը: Հիշենք նաև, որ Բաքվի նավթահորերի զգալի մասը պատկանում էր հայ նավթարդյունաբերողներին:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ