ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
01.04.2016 | 00:38

(սկիզբը` այստեղ)

Ցեմենտի գողության երևույթը ոմանք ընդունում էին որպես ժողովրդին մատուցվող բարի ծառայություն. թող գողանան, տներ կառուցեն, ծախեն ու ապրեն, դա ազգին օգուտ է: Հավանաբար այդպես մտածողներն այն բարի գողերն էին, ովքեր խորհրդային երկիրը տարան դեպի կործանում: Այդ ազգօգուտ գողության հետևանքը եղավ նաև այն, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ հազարավոր անմեղ երեխաներ զոհվեցին: Այդ ազգօգուտ գողության պատճառով էր, որ փլուզվեց Արփա-Սևան թունելի զգալի հատվածը՝ փոխարենը շրջակա գյուղերում բուռն տնաշինություն ծավալվեց. կառուցվեցին բազմաթիվ նոր տներ ու առանձնատներ: Իզուր էր Խորհրդային Հայաստանի վարչապետ Ֆադեյ Սարգսյանը մարդկանց բացատրում, որ թունելի փլուզումը պայմանավորված է երկրակեղևի տեկտոնական տեղաշարժերով: Ոչ, այդտեղ երկրակեղևի ոչ մի տեղաշարժ էլ չէր եղել, ընդամենը թունելի համար նախատեսված ցեմենտն էր քչություն արել՝ պետական հովանավորչությամբ իրականացված շինանյութերի լայնամասշտաբ գողության պատճառով, որը հսկայական օգուտներ էր բերում խորհրդային իշխանական վերնախավին: Այսպիսի սիմվոլիկ ու ոչ այնքան սիմվոլիկ դեպքերի Գորբաչովը կարող էր հանդիպել Խորհրդային Միության ողջ տարածքում՝ իրականացված ավելի մեծ մասշտաբներով ու հնարամտությամբ:
-Երեկ, գործի վերջում մեր լաբորատորիա եկավ ինստիտուտի տնօրեն Ֆադեյ Տաճատիչը ու կարգադրեց, որ նոր մշակվող հաշվիչ տեխնիկայի բոլոր բլոկները հավաքենք և տանենք փաթեթավորման տեղամաս,- պատմում էր Մերգելյանի ինստիտուտի գիտաշխատող, իմ լավ ընկեր Համլետ Եդիգարյանը:
-Ինչպե՞ս,- առարկել էր գիտաշխատողը,- դեռ կես տարվա գործ կա անելու:
-Ոչինչ, ոչինչ,- ասել էր Ֆադեյ Տաճատիչը,- կգնաք ու տեղում կվերջացնեք:
Այդ գիշեր Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի փաթեթավորման տեղամասում բախտի բերմամբ, թե պատահմամբ հրդեհ բռնկվեց, որի ժամանակ այրվեց ԽՍՀՄ հակահրթիռային համակարգի համար նախագծված հաշվողական տեխնիկան: Նախագծման աշխատանքները երկարաձգվեցին ու ավարտվեցին մեկ տարի ուշացումով։ Ֆադեյ Սարգսյանն արդեն դարձել էր Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ: Նրա մոտ, տեղակալի պաշտոնում էր աշխատում մեծ հայրենասեր, հայասեր ու պետական մտածողությամբ գործիչ Ալեքսան Կիրակոսյանը: Պետական մտածողությամբ գործիչները ԽՍՀՄ-ին բոլորովին պետք չէին: Դա էր պատճառը, որ Ալեքսան Մատվեյիչին շատ արագ հեռացրին պաշտոնից: Սակայն նա ասպարեզից չհեռացավ ու մինչև վերջին շունչը ծառայեց Հայաստանին ու հայությանը՝ ազգանվեր ոգով դաստիարակելով շատ ու շատ հայորդիների, որոնցից մի քանիսը դեռևս գործում են մեր երկրի իշխանական համակարգում: Հելիոֆիկացիայի իմ ծրագիրը հայտնվել էր Ալեքսան Կիրակոսյանի ուշադրության կենտրոնում: Ամիսը մի քանի անգամ ինձ իր տուն էր հրավիրում։ Քննարկում էինք Հայաստանի արդյունաբերությանն ու տնտեսությանն առնչվող հարցեր, հելիոֆիկացիայի ծրագիրը, աշխարհաքաղաքական զարգացումներն ու այլ խնդիրներ: Վերջում նա ինձ միշտ հորդորում էր չհուսահատվել, ավելի հաստատակամորեն առաջ տանել արևային գործերը, ձգտել, որ Հայաստանը դառնա աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը և, իր տնտեսական խնդիրներից բացի, հելիոֆիկացիայի գործոնն օգտագործի արտաքին քաղաքականության մեջ:
-Իշխանություններից մի նեղացիր, նրանցից շատ բան մի սպասիր, գլուխները խառն են, շատ բան էլ չեն հասկանում,- մեր հանդիպումը եզրափակում էր նա:
Նման պատմությունները հատուկ էին խորհրդային երկրին. մեկ ազնիվ քաղաքացու կողքին մի քանի մեծապատիվ գող-ավազակներ էին հաշվառված, այնքան շատ էին, որ սատանան անգամ գլուխ չէր հանի։ Գորբաչովն ի՞նչ աներ, գլուխը ո՞ր պատով տար. եկել էր աղետի գոտի մարդկանց ցավակցելու, օգնություն ցույց տալու, և խնդրեմ, այստեղ էլ անմեղ քաղաքացիներն ու երեխաներն են տուժում կուսակցական բյուրոկրատիայի ընչաքաղցության, ցեմենտի գողերի պատճառով: Մասշտաբային գողությունը, մասսայական թալանը, պետական վնասարարությունը, աչքակապությունը, խարդախությունը հատուկ էին նաև Խորհրդային Միության մյուս հանրապետություններին, տեսանելի էին յուրաքանչյուր քայլափոխի. գործարաններում, կոլխոզներում, սպասարկման օբյեկտներում, խանութներում: Նման պայմաններում խորհրդային պլանային տնտեսությունը բացարձակորեն չէր կարող դիմանալ ու գոյատևել: Ասեմ ավելին. խորհրդային չինովնիկների ախորժակին չէին դիմանա նույնիսկ ամենակարող ճապոնական, ամերիկյան, գերմանական ու այլ երկրների տնտեսությունները՝ թեկուզ և միայն թողարկված արտադրանքի չափից ավելի բարձր ինքնարժեքի պատճառով:
Գորբաչովն ուներ հետագա քայլերի ընտրության հնարավորություն. ա) առանց կտրուկ գործողությունների շարունակել վայելել գենսեկի պաշտոնը: Ելույթներից մեկում նա այդպես էլ նշեց. «Կարող էի շարունակել աշխատանքս՝ նստած մնալով երկու աթոռի, կարծում եմ՝ լավ էլ կստացվեր»: բ) Անել այն, ինչը արեց. փոխել հասարակարգը, տրոհել Խորհրդային Միությունը առանձին ազգային պետությունների՝ հույսով, որ մասշտաբային փոփոխություններն իրենց հետ կբերեն հիմնականում դրական արդյունքներ, առաջին հերթին տնտեսության բնագավառում: Հետագայում ազգային պետությունները կմիավորվեն մեկ այլ հարկի տակ, որովհետև տնտեսական ու քաղաքական առումով դա շահավետ կլիներ բոլորին՝ Եվրամիության նման մի բան: Իմ կարծիքով, ընտանիքի ու մարդկային գթասիրության առումով Գորբաչովն անթերի էր: Կնոջը կորցնելուց հետո նա այդպես էլ չամուսնացավ, չդավաճանեց իր սիրելի Ռաիսայի հիշատակին: Ավելին, Ռաիսա Մաքսիմովնայի հիշատակը հավերժացնելու համար Սանկտ Պետերբուրգում կառուցեց կնոջ հիվանդության՝ սպիտակարյունության բուժման մասնագիտացված կլինիկական հիվանդանոց: Ազնվության էլեմենտներն առկա էին, երբ նա բարեկամաբար ընդունեց Սպիտակի ներկայացուցիչներին: 2011 թվականի հունիսին էր, հանդիպեցինք Գորբաչովի հիմնադրամի Մոսկվայի գրասենյակում: Մենք դիմել էինք Գորբաչովին, որ նրա «Կանաչ խաչ» միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ Սպիտակում կազմակերպենք հելիոտեխնիկական սարքերի խոշոր գործարան՝ հինգ հազար աշխատատեղով, երկրաշարժից տուժած քաղաքացիների (հիմնականում հաշմանդամների) համար: Մեր խնդիրը նրան հրապուրեց, ափսոսանք հայտնեց, որ մինչ օրս մարդիկ աշխատանք չունեն, կայացավ երկարատև գործնական քննարկում, որից հետո մեր դիմումը նա մակագրեց իր կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Լիխոտալի անունով՝ գրասենյակը Ժնև, Շվեյցարիա: Մի քանի օր անց զանգահարում եմ Լիխոտալին ու հարցնում.
-Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, ստացե՞լ եք Սպիտակի հարցով Գորբաչովին հասցեագրած մեր նամակը:
-Ոչ միայն ստացել եմ, այլև Միխայիլ Սերգեևիչը անձամբ է զանգահարել ու խնդրել, որ ձեզ օգնենք, տվեք ձեր բիզնես առաջարկը:
Գործը, սակայն, բիզնես առաջարկին չհասավ, քանի որ անձամբ հրաժարվեցի Գորբաչովի ֆինանսավորմամբ Սպիտակում հելիոտեխնիկական գործարան կազմակերպելու գաղափարից:
-Ինչո՞ւ հրաժարվեցիր,- արդարացիորեն կհարցադրի ընթերցողը։ Պատմեմ։ Արծարծվող հարցով հանդիպեցի Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի հետ, 2012-ի գարունն էր: Մեր հանդիպման նախաձեռնողը Նիկոլայ Գրիգորյանն էր, որն ինձ հետ ցանկանում էր քննարկել Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը: Նման քննարկումների առիթը ես երբեք բաց չեմ թողնում, պատրաստ եմ հանդիպելու ցանկացած քաղաքացու, առավել ևս, պետական պաշտոնյայի հետ ու տարբեր տեսանկյուններից վերլուծելու իմ փայփայած ծրագիրը, որի իրականացումը հայրենիքում ինձ համար դարձել է կյանքի նպատակ:
Նիկոլայ Գրիգորյանի հետ հանդիպումը սկսեցինք Գորբաչովի հետ հանդիպման տեսագրությունը դիտելով:
-Գորբաչովին որտեղի՞ց եք գտել, որքա՞ն գումար է պատրաստ տրամադրելու,- ինքնաբերաբար հարցրեց Կոլյան, հետո ասաց,- ոչինչ չի ստացվի, նախագահականից թույլ չեն տա, որ Գորբաչովի փողերը մտնեն Հայաստան, որովհետև ձեզ չեն լսելու, նախագահականից մեր կարծիքն են հարցնելու, իսկ մենք Ձեզ դրական կարծիք երբեք չենք տա, որովհետև... դու ինձ վիրավորել ես, բայց մեր այսօրվա հանդիպման նպատակը դա չէ, դու վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատել ես, հիմա խնդրում եմ, որ մամուլում պաշտոնական հերքում տաս:
-Լսի՛ր, Կոլյա, դուք Հայաստանի ջրերը պղտորում եք, որ փո՞ղ աշխատեք,- նրա «դու»-ին ավելի կոպիտ արձագանքեցի ես,- իմ ճամփան ավելի հեռվից է գալիս, ես մշեցի եմ, մեղա եկողը չեմ, լավ իմացեք. գումեշը կիդամ, բայց մղա չըմ ըսի, Ղարաբաղն ազատագրեցինք, հերթը հասել է Մուշին, մենք գործ ունենք անելու, մենք շատ գործ ունենք անելու, մենք շատ անհետաձգելի գործեր ունենք անելու. երկիրը պետք է հզորացնել ու միջազգային ասպարեզ հանել որպես ինքնաբավ երկիր, արդյունաբերությունն է պետք վերագործարկել, ռազմական արդյունաբերություն է պետք ստեղծել: Ես հիմա այդ գործին եմ, իսկ դու, սիրելի Կոլյա, քո սիրելի վարչապետով թույլ չեք տալիս, ինչո՞ւ: Ձեր ուզածն ի՞նչ է: Հասկանալի է. փող չունեք, երկիրը պարտքերի մեջ եք թաղել, բայց ես ձեզնից փող չեմ ուզում: Գորբաչովից, Շվեդիայից, թե Ֆրանսիայից կբերեմ՝ ձեր ի՞նչ գործն է: Ի՞նչ խոսակցություն ենք մենք հիմա տանում, ինչպես թե դուք ոչ մի պարագայում թույլ չեք տա, որ Գորբաչովի փողերը մտնեն Հայաստան: Դուք ո՞վ եղաք, որ արգելք դնեք Գորբաչովի փողերով Սպիտակում գործարան կառուցելու վրա։ Չհասկացա՝ սա ի՞նչ մոտեցում է: Հավանաբար աղետի գոտու վերականգնման համար Գորբաչովի տրամադրած միլիարդավոր գումարները, ուղարկված գույքը կերել, մարսել ու կշտացել եք... Չնայած հավատալս չի գալիս, դժվար թե դուք հագենաք ու կշտանաք, կյանքիս փորձն այդ է ցույց տալիս:

Թող ինձ ներեն իմ հարազատ սպիտակցիները, բայց այդ խնդիրը ես որոշեցի բաց թողնել մինչև լավ ժամանակների գալուստը։ Հուսով եմ՝ շուտով կգան այդ ժամանակները։ Կգան մեր երիտասարդության ուսերին թիկնած: Գորբաչովի հիմնադրամի տնօրենությանը ես չէի կարող բացահայտել մեր իշխանական օղակների անշնորհակալ ու մերժողական վերաբերմունքը։ Մեղքս ինչ թաքցնեմ, ինքս էլ մինչ օրս չեմ պատկերացնում, թե ներկայիս Հայաստանում ինչ ճակատագրի կարժանանար Գորբաչովի մեզ հատկացրած 8-10 միլիոն դոլարը, եթե մտներ Հայաստան:
Իմ ականջներում դեռևս զրնգում են Սումգայիթից հետո Երևանի Ազատության հրապարակում հնչող վանկարկումները` «Լենին, պարտիա, Գորբաչով», «Լենին, պարտիա, Գորբաչով»։ Նաև չեմ հասկանում, թե հիմա ինչ է փոխվել: Հավատում էինք Լենինին ու պարտիայի՞ն, իհարկե ոչ: Հավատում էինք Գորբաչովի՞ն, որոշ վերապահումներով՝ այո: Հիմա ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չենք ցանկանում այդ պաշտոնաթող ծերուկի ձեռքից օգնություն վերցնել և ուղղել երկրաշարժից տուժած սպիտակցիների համար աշխատատեղեր ստեղծելու գործին: Իմ տպավորությամբ Գորբաչովը համեստ, կամեցող ու բարի մարդ է, ափսոսում էր, որ Խորհրդային Միության փլուզումը թույլ չտվեց Հայաստանում ավարտին հասցնել վերականգնողական աշխատանքները, ինչպես ժամանակին Տաշքենդի ու Աշխաբադի երկրաշարժերից հետո: Աղետի գոտու վերականգնման աշխատանքները փաստորեն սառեցվեցին 1991 թվականից՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտնի հայտարարությունից հետո, թե ռուսները թող հեռանան, ինքներս կկառուցենք մեր հայրենիքը: Լևոն Տեր-Պետրոսյանը իհարկե ոչինչ չկառուցեց, զբաղված էր աչքակապությամբ: 1988-91 թվականներին կառուցված շատ շինություններ վերաձևակերպվեցին որպես նոր կառուցված օբյեկտներ ու հսկայական պետական միջոցների թալան գնաց: Խորհրդային ժամանակներից եկող բոլոր բացասական երևույթները ամենայն բծախնդրությամբ մտան մեր իշխանությունների պաշտոնական գործառության զինանոցը: Իշխանությունները դարձան չափից ավելի անկաշկանդ գործող, գռեհիկ ու խաբեբա, ինչի պտուղները մեր բազմաչարչար ժողովուրդը դեռ երկար է վայելելու:
1990-ին միայն Սպիտակի շրջանում աշխատում էր չորս հազար վերամբարձ կռունկ, ընթանում էր գործարանների ու բնակարանների ինտենսիվ շինարարություն: Երկաթգծից բացի, երկաթե ամրաններն ու ցեմենտը Հայաստան էին բերվում օդային ճանապարհներով: Եթե աշխատանքները շարունակվեին նման տեմպերով, ապա «աղետի» գոտի հասկացությունը վերացած կլիներ արդեն 1992-93 թվականներին: Սպիտակի աղետի գոտին դարձել է քրոնիկական աղետի գոտի՝ առանց աշխատատեղերի, մարդկանց համար առանց ապրուստի միջոցների, իսկ Գորբաչովի օգնությունը մեր իշխանությունների սրտով չէր, նպատակներն են տարբեր ու անհասկանալի:
Ասեմ, որ Գորբաչովի հիմնադրած միջազգային «Կանաչ խաչը» շատ հարուստ կազմակերպություն է, որն իր ֆինանսական հնարավորություններով չի զիջում անգամ «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպությանը: Եթե ինձ հարց տան, թե Գորբաչովը որտեղի՞ց է գտել այդպիսի հսկայածավալ ֆինանսներ իր հիմնադրամի համար, ապա պատասխանը ես չունեմ, կարող եմ միայն ենթադրել, որ Գորբաչովի, Ալիևի, Նազարբաևի, Քոչարյանի, նախկին ու ներկայիս մյուս նախագահների ու երևելի օլիգարխական համաստեղության ֆինանսները միևնույն ծագումնաբանական հիմքերն ունեն:
Կոլյայի հետ մեր խոսակցությունն ու վեճը մոտ մեկ ժամ տևեցին: Հինգ րոպեն մեկ նրան զանգահարում էր նրա անմիջական պետ Ռոբերտ Նազարյանը։
-Հը, ի՞նչ եղավ, համաձայնո՞ւմ է հերքում տալ:
-Հլա չէ,- նրան ու իրեն հույսեր էր տալիս պետական չինովնիկը:
Հետաքրքիր է, մտածում եմ, ի՞նչ նոր իշխանական-չինովնիկական-օլիգարխական ինտերնացիոնալ ու անանցանելի պատնեշ է ձևավորվել մեր երկրում, որը ճեղքել կամ շրջանցել չենք կարող: Ռոբերտ Նազարյանն ո՞վ, Տիգրան Սարգսյանն ո՞վ, ես մամուլում քննադատել եմ Տիգրան Սարգսյանին, Ռոբերտ Նազարյանն ինչո՞ւ է խոր թախիծ ապրում: Դուրս եկա Կոլյայի մոտից ու զանգահարեցի Ռոբերտ Նազարյանին:
-Ռոբերտ Նիկոլաևիչ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք այդքան անհանգստացել:
-Չէ, չէ,- շփոթմունքը չկարողացավ թաքցնել Նազարյանը,- ուզում էի իմանալ, թե մեր գիտնականն ինչի՞ց է դժգոհ:
Մեր խոսակցությունն այսքանով ավարտվեց: Նրա հարցը գրեթե հռետորական էր հնչում՝ ինչի՞ց է դժգոհ մեր գիտնականը: Հարց է, թե ինչից կարող է գոհ լինել հայ գիտնականը, որին թույլ չեն տալիս մասնակցել սեփական հայրենիքի գործերի կարգավորմանը, երկիրը ձեռքից գնում է, ամեն ինչ հնարավոր է կարգավորել, երկրին վրա հասած տնտեսական հիվանդությունը բուժել, բայց գրիգորյաններին, նազարյաններին ու սարգսյաններին դրանք պետք չեն, թող մարդիկ շարունակեն արտագաղթել, թող գնան, հեռանան, բողոքողները կպակասեն: Սա ի՞նչ տրամաբանություն ու տրամադրություն է: Ըստ Նազարյանի, հայ գիտնականները դժգոհելու առիթ չպետք է ունենան: Եթե նախկին շարքային քաղաքացի Ռոբերտ Նազարյանն այսօր իրեն լավ է զգում ու, փա՜ռք Աստծո, դժգոհելու տեղ չունի, ապա հայ գիտնականը ինչո՞ւ է դժգոհում, դժգոհելու ի՞նչ պատճառ կարող է ունենալ: Իհարկե, կուշտը սովածին միշտ էլ մանր է բրդում: Իսկապես, ինչի՞ց կարող են դժգոհել ինձ նման հայ գիտնականը, մեր մյուս հայ գիտնականները, ովքեր կենաց-մահու կռիվ են տալիս հայրենիքում, ինչի՞ց կարող են դժգոհել աշխարհասփյուռ հայ գիտնականները օտար երկրներում: Հայ գիտնականներն այսօր ունեն դժգոհելու մեկ հիմնական պատճառ. նրանց արհեստականորեն մեկուսացրել են երկրի գործերից: Երկիրը հայտնվել է սոցիալ-տնտեսական անասելի ծանր վիճակում, որից կարող է հեշտությամբ դուրս գալ, եթե կարողանա օգտագործել իր ծանր հրետանին՝ ի դեմս հայոց գիտական ներուժի: Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են դրան, ինչո՞ւ: Կարելի է նշել հիմնավոր, անհիմն ու բազմաթիվ այլ սուբյեկտիվ և սուտումուտ պատճառներ այդ ամենի համար, որոնք բոլորն էլ ժառանգաբար գալիս են հնից՝ Խորհրդային Միության փլուզման ու ոչնչացման շարունակական ծրագրից կամ ծրագրերից: Ինչ մնում է Տիգրան Սարգսյանի քննադատությանը, ապա դա ևս բնորոշ է մեր հայկական իրականությանը: Իմ քննադատությունը տեղին էր, իհարկե, բայց դա գործնական նշանակություն չունեցավ: Իմ քննադատությունից ժամեր անց, իրար հերթ չտալով, տուն են զանգում վարչապետի խորհրդականն ու վարչապետի օգնականը:
-Մենք Ձեզ դատի ենք տալու, փաստեր ունե՞ք վարչապետի դեմ:
-Որքան ուզես, գնացեք «Զվարթնոց» օդանավակայան ու հաշվեք, թե օրը քանի՞ մարդ է հեռանում հայրենիքից, բազմապատկեք վարչապետության օրերի հետ, կստանաք 200 հազար մարդ-փաստ, դրան գումարեք իր օրոք կուտակված 3 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, ու հետո կխոսենք:
Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ հայտնվելու օբյեկտիվ պատճառներ չուներ: Հայաստանի արդյունաբերության հնարավորությունները, գիտական, ինժեներական ու բանվորական ներուժը այսօր էլ բավարար են, որպեսզի, չնայած հսկայական կորուստներին, հնարավոր լինի կազմակերպել ժամանակակից արդյունաբերություն ու գյուղատնտեսություն, Հայաստանը դուրս բերել ճգնաժամից ու դարձնել Իսրայելի կարգի երկիր՝ հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող ՀՆԱ-ով: Իմ պատմությունը լավ չի ստացվում, սկսեցինք Գորբաչովից ու Ռաիսա Մաքսիմովնայից, հասանք այսօրվա խնդիրներին: Ամեն դեպքում, Գորբաչովը Խորհրդային Միությունը քանդելու և լուծարելու իր պատճառներն ուներ: Եթե դրանց գումարենք նաև միայն ինձ հայտնի փաստարկները, որոնք շատ բան տեսած ու լսած Գորբաչովի մտքով անգամ անցած չէին կարող լինել, ապա...
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ