ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայրս ասում էր...

Հայրս ասում էր...
11.02.2022 | 10:50

(շարունակություն)

Սկիզբը՝ այստեղ


Ինստիտուտն ավարտելուց հետո հորս աշխատանքի են հրավիրում Հայաստանի կոմկուսի կենտկոմ, որպես կուլտուրայի բաժնի մամուլի սեկտորի հրահանգիչ: Այնուհետև 1958-1962 թթ. նա նշանակվում է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, իսկ այնտեղից՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր, մինչև 1970թ., մինչև Պարույր Սևակի «Եղիցի լույսի» (որի խմբագիրն էր նաև) հրատարակման հետ կապված հայտնի բախումները երկրի կուսղեկավարներից մեկի հետ: Այս պաշտոնում նրա դերակատարությունը կարող են ուսումնասիրել համապատասխան մասնագետները և ըստ արժանվույն գնահատական տալ նրա պաշտոնավարման տարիներին լույս ընծայված գրականության նշանակությանը ոչ միայն գրահրատարակչական գործում, այլև մեր գիտական, կրթական, մշակութային, գրականության ոլորտներում, հատկապես, երբ ողջամիտ մտավորականությունը նախապատրաստում էր Ցեղասպանության 50-ամյակի համաժողովրդական ընդվզումը: Նշեմ միայն, որ 60-ական թվականների Հայպետհրատը մի հսկա կառույց էր, որից հետագայում առանձնացող ամեն մի բաժնի հենքի վրա կազմավորվեցին ինքնուրույն հրատարակչություններ: Հորս աշխատանքային վերջին հանգրվանը Գրողների միությունն էր, որպես վարչության քարտուղար: Իսկ այդ ընթացքում մեկը մյուսի հետևից հրատարակվում էին նրա գրքերը՝ բանաստեղծությունների ժողովածուներ, «Կյանքը կրակի տակ», «Ճակատագրով դատապարտվածներ», «Սերժանտ Կարոն», «Բարև, բարև արև» վեպերը, հետագայում՝ «Քեռի Սիմոնը», «Քաջ Նազար», «Շահմարի առեղծվածը», «Զինվորներ և սիրահարներ», «Խաղաղություն պատերազմից առաջ», «Գրիգոր Նարեկացի», «Դարավերջի հայը», վեպեր և պատմվածքների ժողովածուներ, ավելի քան քառասուն անուն գիրք: Գրականագետները նրան համարում են պատերազմական գրող, որին ես ամենևին համաձայն չեմ: Գուցեև նրա ստեղծագործության մեջ գերակշռում է պատերազմական թեման, որը միանգամայն օրինաչափ է այդ բովով անցած գրողի համար, բայց կենտրոնում մարդն է, ժամանակը՝ իր իրական դեմքով: Այս պարագայում միջավայրը, որտեղ ինքնադրսևորվում է մարդը, ըստ իս, զուտ միջոց է մարդու հոգեբանության գեղարվեստական պատկերման և ժամանակի, իրադարձությունների ու երևույթների ճշմարիտ ի ցույց դրման և հեղինակային գնահատման համար: Ինչևէ:


Հայրս աշխատանքի խնդիր երբևէ չի ունեցել, թեև ունեցել է պաշտոնի իջեցում, որպես պատիժ, և Հայպետհրատում, 1970-1975թթ. պաշտոնավարել որպես ավագ խմբագիր, այնուհետև ընտրվել ՀԳՄ քարտուղար: Դա պատժի այն տեսակն է, երբ դու հաղթել ես հակառակորդիդ, և նա այդկերպ ընդունում է իր թշվառությունը՝ պատժել կարող ես, հաղթել՝ ոչ: Նա երբեք չի դիմել այս կամ այն պաշտոնի նշանակման խնդրանքով: Նրան հրավիրել և առաջարկել են աշխատանք, որը վկայում է նրա սկզբունքայնության, մասնագիտական հմտությունների և մարդկային առաքինությունների մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա երկարատև հիվանդության պատճառով բացակայում էր աշխատանքից, ի պատիվ Հայատանի գրողների միության այն տարիների բոլոր ղեկավարների, երբեք հարց չի բարձրացվել նրան աշխատանքից ազատելու վերաբերյալ, քանզի իր բնույթի և հեղինակության շնորհիվ կարողանում էր հավասարակշռել գրողական ընտանիքում առկա տարբեր խմբերի կրքերը և հանդարտեցնել անհանդուրժողականության պոռթկումները: Դա միանշանակ խոսում է անձի և գրողի արժևորման մասին: Հիվանդությունից մեկ տարի անց միայն նրան ՀԳՄ-ում առաջարկվում է գրական խորհրդատուի աշխատանք, որը կատարում է 1986-1991թթ.:

Նա աշխատասեր մարդ էր: Ցերեկային աշխատանքին հաջորդում էր անքուն գիշերների ստեղծագործական կյանքը: Բնավորությամբ լինելով համբերատար և բարի, հաճախ հանդես գալով որպես հաշտարար անզիջում և անհանդուրժող գրողների միջև, նա մարտունակ էր. նրա պայքարի նետերը միանգամայն այլ ուղղվածություն և թիրախ ունեին, այն է՝ ազգային մշակույթի, գիտության և գրականության համապարփակ և բնականոն զարգացումը՝ հայ գրականության ամենաընդարձակ ընդգրկմամբ: Ո՛չ, նա երբեք ղեկավարի պատմուճան չգցեց ուսերին, այլ մեկն էր այն կոլեկտիվի անդամներից, որտեղ աշխատում էր, նա ծառայում էր իր գործին, նույնն է թե՝ գաղափարին: Ղեկավարումը նա տեսնում էր ոչ թե հրամաններ արձակելու կամ վերադասի հրամանները հլու հնազանդ կատարելու, այլ ճշմարտությանը ծառայելու մեջ, հաճախ էր հակադրվում ապազգային և հակամշակութային որոշումների: Չեմ կարծում, թե կգտնվի մեկը, որը հորս կողմից անտեղի նախատինքի արժանացած լինի: Եթե եղել են այդպիսիք, ուրեմն, վաստակել են նրա այդ վերաբերմունքը, իսկ սյդպիսիք ժամանակին քիչ չէին, այսպես կոչված, հին բոլշևիկները, որոնք անմիջապես բողոքներ էին գրում Կրեմլ և, նույնիսկ, Լենինի դամբարանին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու «պենտագոնի ագենտ», «նացիոնալիստ», «դաշնակցական» Մկրտիչ Սարգսյանին բացահայտելու և սանձելու համար, որոնց հետևում էին քաղբյուրի հանձնարարականները՝ «ստուգել և զեկուցել» մակագրությամբ, և ամեն անգամ հանրապետության ղեկավարությունը, հաճախ ճարահատյալ, նախշում էր հորս անձնական գործը՝ հերթական կուսակցական խիստ նկատողություն կարելով: Առիթ ունեցել եմ տեսնելու դրանցից մի քանիսին, նաև մերժելու արտաշես ոսկերչյան անվամբ զրպարտչի գրքի հրատարակումը՝ ներքին գրախոսություն գրելով, քանզի 80-ականններին նա դեռևս շարունակում էր իր թույնը լցնել և պիտակավորել հայոց ազգային մտածողություն կրող քաղաքական-հասարայկական, գիտա-մշակութային գործիչների վրա, ինչպիսիք մեծն Կոմիտասն ու Գ. Հարությունյանն են: Հորս, ասես, վիճակված էր ամբողջ կյանքում կռվել սրիկաների դեմ և՛ զենքով, և՛ գրչով՝ քայքայելով առանց այն էլ փուխր առողջությունը: Բայց նա նաև ներել գիտեր մարդկանց, վստահ եմ, որ դա նրա լայնախոհության և բարության արդյունք էր: Տանել չէր կարող մանրախնդիր ու ճղճիմ երևույթներն ու արարածներին:
Լարված կյանքն իր անմիջական ներգործությունն ունեցավ նրա առողջության վրա: 1985 թվականին հորս հոգնությունը ծայրակետին հասավ: Հոգնել էր, աշխարհի բարքերը վերջնականապես հոգնեցրել և հյուծել էին նրան: Արդյունքը ուղեղի կաթվածն էր, որը հաջորդեց տարիներ առաջ պատուհասած սրտի տագնապին, և որից հրաշքով կարողացավ դուրս գալ: Չեմ կարող շրջանցել արժանահիշատակ մի դրվագ այդ օրերից: Հայրս պառկած էր Լեչկոմիսիայի հիվանդանոցում՝ ներկայիս «Նաիրի» բժշկական կենտրոնում: Հիվանդապահի իմ հերթն էր: Նա մի քանի օր շարունակ հրաժարվում էր սննդից: Նրան համոզելու բոլոր փորձերս զուր էին: Ձմեռային երեկո էր, երբ անսպասելի ցանկություն հայտնեց. «Ես իմ ծննդավայրի, իմ մանկության, մեր սարերի ջուրն եմ ուզում»,- ասաց դժվությամբ շարժվող շուրթերի արանքից:

«Վերջապես, մի բան ցանկացավ»,- ուրախացա ես և առանց հապաղելու, վերցնելով ջրի տարաները ճամփա բռնեցի դեպի Ախալքալաք: Երկու հարյուր կիլոմետր գնալ և նույնքան վերադառնալ էր պետք մինչև առավոտ: Եվ հանկարծ ճանապարհին միտք առկայծեց՝ ջուր տանել Թալինի Կաթնաղբյուր գյուղից, որի որակն անքննելի էր, անհամեմատ համեղ, քան Ախալքալաքինը, և հայրս բազմիցս էր գովաբանել գյուղամիջի աղբյուրի սառնահամ ջուրը: Մանավանդ, ճանապարհին բուք էր, ժամանակը՝ սուղ: Անհրաժեշտ էր մշտապես հիվանդի մոտ լինել, թեև բուժքրոջը նախապես զգուշացրել էի ուշադիր լինել: Այդպես էլ վարվեցի: Աննկարագրելի էր իմ հոգեվիճակը, երբ հասկացա, թե ինչ հիմարություն էր արածս: Նա սիրով խմեց իրեն մեկնած ջրով լի բաժակը և վերադարձնելով, ասաց. «Շատ լավ ջուր է, բայց իմ մանկության ջուրը չէ»: Իմ ներսում ինչ-որ բան փլուզվեց, փշրվեց, ինչ-որ բան ալեկոծվեց և տակնուվրա եղավ: Փաստորեն, ես անգիտակցաբար խաբել էի իմ ծանր հիվանդ հորը՝ չկատարելով նրա ցանկությունը, որը կարող էր և, Աստված մի արասցե, վերջինը լինել: Ես խոստովանեցի, որ Կաթնաղբյուրի ջուրն է, փորձեցի համոզել (չգիտեմ արդեն՝ իրե՞ն, թե ինձ), որ ավելի որակյալ ջուր է: Նա ոչինչ չասաց, ուղղակի մտահոգ, թե անօգնական իր չհասկացվածության համար, լռեց: Մեղքս քավելու միակ միջոցը հորս ցանկությունը շուտափույթ ի կատար ածելն էր: Լուսադեմին Ախալքալաքի «Սրբի աղբրի» ջրով լի բաժակը պարզեցի նրան: Հայրս կարոտով և ագահաբար կլանեց ջուրը: «Սա է իմ մանկության ջուրը,-ասաց:-Եթե ապրեմ, ապա միայն սրա շնորհիվ»: Հետո միայն ես հասկացա, թե ինչ գերբնական ուժ է թաքնված ջրի և նրա հիշողության մեջ, և բնավ անկարելի չէ, որ հայրս ճիշտ էր… Ապաքինվելուց հետո նա շարունակեց ստեղծագործել և՝ բավական արդյունավետ: Ձախ ձեռքով էր գրում: Այդպես գրել էր ուսանողական տարիներին, երբ աջ ձեռքը տակավին վիրակապի մեջ էր: Նա շարունակեց անխոնջ ստեղծագործել ևս տասնյոթ տարի, մինչև հիվանդության երկրորդ և մահաբեր հարվածը: Չարաբաստիկ 2002 թվականի ամռանն էր՝ հունիսի 23-ին հորս սիրտն այլևս չդիմացավ և կանգ առավ, թեև ես հաճախ այնպիսի զգացողություն ունեմ, թե հորս սիրտն այն աշխարհում, ինչ-որ մի տեղ շարունակում է բաբախել: Ի՞նչ իմանամ, բայց ես հաճախ եմ լսում նրա զարկերակի ձայնը, զգում հաճախականությունը…

Ծնվեց 1924 թվականի մարտի 21-ին՝ յոթ ամսական, բայց, հավանաբար, փոքր քաղաքում հնարավոր բամբասանքից խուսափելու համար, ծննդականում արձանագրվեց մայիսի 2-ը, վախճանվեց 2002 թվականին՝ ականատես լինելով այդ ժամանակաշրջանին բնորոշ թոհ ու բոհին, դրականին ու բացասականին, կորուստներին ու նվաճումներին, թողեց ծանրակշիռ գրական ժառանգություն, անշահախնդրորեն արարեց ուժերի ներածի գերագույն չափով, մնաց իր ժամանակակիցների հուշերում որպես մեծատառով Մարդ, իր կյանքով ու գործունեությամբ, ասես, վերահաստատելով թումանյանական ասույթի ճշմարտացիությունը. «Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ»: Չէ՞ որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ոչ այնքան արտաքին, որքան բովանդակային իմաստավորմամբ: Մարդը պարտավոր է հնարավորինս հարազատ մնալ իր կոչմանը:
Նա մինչ ի մահ չկորցրեց կապը ակունքների հետ, ավելին, գեղարվեստական գրականություն բերեց Ջավախքն իր մարդկանցով և բնաշխարհով, իր բառուբանով, և դա թե՛ արձակում, թե՛ պոեզիայում (ասում էր. «Արձակը իմ կինն է, չափածոն՝ սիրուհիս: Երբ հոգնում եմ կնոջիցս, գնում եմ սիրուհուս մոտ»): Նա անբաժան էր Ջավախքից, միգուցե մաս էր կազմում այն ամբողջության, որի մեջ մտնում էին իր հայրենակից հայտնի մեծամեծերը, նույնիսկ, կոմային մղձավանջի մեջ, խոսեց իր եզերքի բարբառով: Ահավասիկ, ախալքալաքին և ախալքալաքցիներին ձոնված բանաստեղծական մեկ նմուշ՝ գրված հայրենի բարբառով.


***


Ջավախք աշխարհ, քովդ կուքամ, որդուդ առջև քու գիրկդ բաց,
Ջահիլ էի, էխտիար եմ, դունա հետս խնդա ու լաց:
Ըռնտիկ ես դու, իմ Ջավախք, թող Աբուլը ըլլա վկա,
Ախր, քեզ պես անուշ աշխարհք սաղ աշխարքում փնտրես՝ չկա…
Կարոտցել եմ մաքուր օդիդ, աղբըրներուդ ծարվըցել եմ,
Հին սերերս չեն թազանա, չունքի քիչըմ պառվցել եմ…
Տարինե՜րը, տարինե՜րը չուչո՛ւստ, չուչո՛ւստ կուքան-կերթան.
Հըմը մտքես հե՛չ չեն էլլե աղջիկները մեր ծռկթան…
Աղջիկներուն սիրահարված մինչև իրենց ականջները,
Աղջիկներու մեծ սիրով են գուսան դառնում մեր մանչերը.
Չալե՛ք, տղաք, երգե՛ք ղայդին, բացե՛ք սեղան ճոխ ու կարգին,
Երգով պիտի ուրախանանք, երգով պիտի հաղթենք դարդին…


***


Քու կարոտդ, Ախալքալա՛ք, սրտիս վրա դրեց յարա,
Ըսե՛, ո՞ւր է Դալի Պալթան, Մատան Արշակը մասխարա,
Ո՞Ւր է Սերգոն Պապլոյենց ու Շալվրենց Խորենն ո՞ւր է,
Տպարանենց Հայկն էլ չկա, փնտրտելը, ըսե, զո՜ւր է…
Չկա Շավարշը Ցըփըռենց՝ հայհոյանքով իր դասական,
Որը այս մեծ ասպարեզում հանճարներուն էր հավասար,
Ո՜չ Չալղճի Աշոտը կա, ո՜չ էլ Արութը սամսրցի,
Գինին մենակ ներս չի էրթա, ալ մարդ ո՞ւմ հետ նստի զրցի…
Ոչ դերասան Հնձարը կա, ոչ Հավասին կա մեր գուսան,
Էրեվնու ճամփով կերթան մեր Ջավախքի երգն ու մուսան…
Չալե՜ք, տղա՜ք, երգե՜ք ղայդին, սեղան բացեք ճոխ ու կարգին,
Երգով պիտի ուրախանանք, երգով պիտի հաղթենք դարդին…


***


Դու մեծնաս կը, Ախալքալաք, դու մեծնաս կը ափալ-թափալ,
Քու ոտքերդ Բերդ են հասել, իսկ գլուխդ՝ Տաշվանթափա:
Եվ փոխվել է քու կենցաղդ, ջավախեցին նորացել է,
Ինչը՞ղ հավտամ, թե աղուհաց, պատիվ, հարգանք մոռացել է…
Բոշա մայլան էշ չի զռռա, ըսե՜ք, սիրտս ի՞նչըղ լռի,
Ժիգուլին է տեղը բռնե, մարդը ի՞նչըղ չխելռի…
Ա՜խ, թոփ էղե՛ք, ընկե՜ր տղաք, թայնա տեղըմ նստինք ասօր,
Անցավորաց օղորմի տանք, հիշենք գինու լիքը թասով:
Ջահիլներուն արև ցանկանք, ապրեն երկար՝ պապերուն պես,
ՈՒ մտեհան չէնեն երբեք պապենական ադաթ ու ծես…
Չալե՜ք, տղա՜ք, ղայդին երգե՜ք, սեղան բացե՜ք ճոխ ու կարգին,
Երգով սիրենք, ուրախանանք և երգերով հաղթենք դարդին:


Դավիթ Մկր Սարգսյան
(շարունակելի)

Դիտվել է՝ 5291

Մեկնաբանություններ