«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայրս ասում էր... (շարունակություն)

Հայրս ասում էր... (շարունակություն)
12.02.2022 | 12:43

Սկիզբը՝ այստեղ

Կարելի էր մի ամբողջ գրախոսություն գրել այս գործի մեջ ապրող ցավի, կարոտի և կենսասիրության, ընդհանրապես, ներքին էներգետիկայի մասին, մի ամբողջ փիլիսոփայություն պեղել և վերհանել տողատակերից, եթե հեղինակը հայրս չլիներ, և ինքս ինձ չմեղադրեի կողմնակալ մոտեցումների մեջ: Ինչևէ:

Հորս կյանքն իր ամբողջության մեջ, իր նիստ ու կացով, իր վարք ու բարքով, իր խոսք ու զրույցով, իր մտածողությամբ և գաղափարների ու արժեքների գնահատման սկզբունքներով, իր դիրքորոշումներով լավագույն դպրոց հանդիսացավ ինձ համար: Կյանքով լի էր հայրս: Սիրում էր կյանքը: Ասես, կատարյալ ապրելու կարոտներ ու տենչ ուներ ամբարած իր ներսում: Սիրում էր վայելել իր քրտնաթոր վաստակի պտուղները: Սիրում էր նստել Գրողների տան նկուղային հարկում գտնվող սրճարանում, հատկապես՝ երիտասարդ գրողների ընկերակցությամբ, ավելի ճիշտ, երիտասարդներն էին շրջապատում նրան, հավաքվում նրա սեղանի շուրջ: Ջահելների զրույցի թեման հիմնականում կյանքն էր, գրական-հասարակական իրադարձությունները, գրական նորույթներն ու գրողական, ազգային տարաբնույթ խնդիրներ: «Իմ հասակակիցներն ու տարեցները մի թեմա ունեն միայն՝ տրտնջալ իրենց ցավերից և հիվանդություններից, իսկ ջահելների հետ ես ինձ լավ եմ զգում, թարմանում, երիտասարդանում եմ»,- ասում էր հայրս:

Նա անզուգական սեղանապետ էր, սիրում էր ուրախանալ, քեֆ անել: Իսկ այդ հավաքները, ընկերական խնջույքներից ամեն մեկը մշակութային մի ամբողջ տոնակատարություն էր, լեցուն երկարաշունչ և խորախորհուրդ կենացներով, կյանքի իմացությամբ, հոգևոր-մշակութային լիցքերով, ամենայն լրջությամբ ու կատակներով, երգով ու ասմունքով, հաճախ նաև՝ բանավեճերով ամենատարբեր հարցերի շուրջ: Սիլվա Կապուտիկյան, Անահիտ Սահինյան, Համո Սահյան, Պարույր Սևակ, Վիգեն Խեչումյան, Սերո Խանզադյան, Հրաչյա Հովհաննիսյան, Հրանտ Թամրազյան, Էդվարդ Ջրբաշյան, Վարազդատ Հարությունյան, Սևակ Արզումանյան, Բաբկեն Ներսիսյան, Էդգար Էլբակյան, Սոս Սարգսյան, Շահում Ղազարյան, Վլադիմիր Աբաջյան, Սուրեն Սաֆարյան, Սարգիս Մուրադյան, Լևոն Ներսիսյան և իր ժամանակի շատ ու շատ ավագ, նաև միջին և երիտասարդ սերնդի գրական-մշակութային, գիտական դեմքեր, գրեթե ամբողջ փաղանգը մի մեծ ընտանիք էր՝ փոխադարձ հարգանքով և սիրով ձևավորված: Նրանց վեճերն անգամ մարդու հոգի էին ջերմացնում, որովհետև սկզբունքային ու վերանձնական էին, զերծ չարության որևէ նշույլից: Ասես, բնությունը նրանց ներաշխարհում տիեզերական խորհուրդ էր ներդրել: Երբեմն, երբ հայրս գինովցած էր լինում, մորս հետ ծայրեծայր երգում էին «Անուշ» օպերան. մայրս՝ Անուշի, հայրս՝ Սարոյի, ըստ անհրաժեշտության՝ նաև Մոսիի դերում: Արարումի, ստեղծագործ և մշակութային մթնոլորտ էր տիրում շատերի հոգիներում: Հիմա նայում եմ շուրջս և չեմ տեսնում հորս տեսակը, չեմ գտնում քիչ թե շատ նրա շրջապատը հիշեցնող միջավայր, այն մթնոլորտը, որ նախանձելիորեն հոգևոր էր: Գուցե և կան, և հասու չեն ինձ: Տա Աստված, որ այդպես լինի, տա Աստված, որ անհույս աղքատացած չլինենք, չաղավաղվի մեր ազգային նկարագիրը… Նրանք օրվա, տարվա, նույնիսկ դարի մարդիկ չէին: Նրանց շունչը պատմության խորքերից էր գալիս և ձգվում էր հավիտենականություն… Չորբանա՛նք: Չցնցոտիավորվե՛նք: Չանէանա՛նք:

Չինքնասպանվե՛նք: Հայրս աշխարհներ էր տեսել և այդ աշխարհները կրում էր իր մեջ: Հայրս կյանքեր էր ապրել և դրանց դասերով էր ապրում: Որոշ բաներ հասցրեց իրագործել իր ապրած յոթանասունութ տարիների ընթացքում, որոնց հետպատերազմական մասը համարում էր հավելյալ կյանք, երկնային պարգև, բախտի ու ճակատագրի բարեհաճություն: Հավատացած եմ՝ նա իր անելիքն այս կյանքում չսպառեց և երբեք չէր սպառի, որովհետև անհատակ էր նրա իմացական, ստեղծագործական աշխարհը: Ժամանակը երբեք չի բավականացնում այդ տեսակի, այդ տրամաչափի անհատականություններին: Գուցե և չցանկացավ հրապարակել որոշ բաներ, որ կրում էր իր մեջ: Հարմար չգտավ: Երևի դա իր բաժինն էր, լոկ իրենը, խիստ անձնական գաղտնիք: Այն սերը, որ հայրս տածում էր իր ընտանիքի, իր հարազատների նկատմամբ և ձեռք մեկնում օգնության կարիք ունեցողներին, նույնպես բացառիկ և անկրկնելի էր: Նա հոր հաճույքը չէր վայելել, կարոտ էր հայրական գորովի և, ըստ իս, ամեն բան անում էր, որ մենք լիարժեքորեն առնենք ծնողական գրկի տաք շունչն ու ջերմությունը, մեզ զգանք հորով-մորով երջանիկ: Ասես, այդպիսով վրեժ էր լուծում կյանքից՝ իր որբության, անհայր մեծանալու, խորթության և սոված ու տառապալի տարիների դիմաց: Նրա տածած սերը մերկապարանոց զգացմունք չէր, այլ ամբողջական պատասխանատվություն սիրեցյալ(ներ)ի հանդեպ: Իմ մանկապատանեկան, ինչու ոչ, նաև երիտասարդական շրջանի անկարգություններն ու չարությունները դույզն ինչ չէին զայրացնում նրան:

«Տղան հեզիկ-մեզիկ չպետք է լինի, այլ աշխույժ, ըմբոստ: Պիտի քոթակի ու քոթակվի: Պիտի անհրաժեշտության դեպքում կարողանա կռվով պաշտպանել իրեն, իր արժանապատվությունը, իր տունուտեղը, իր հայրենիքը»: Շուշան տատս պատմում էր, որ հայրս այդ տարիքում ավելի աշխույժ տղա է եղել՝ ՙՓոփոլական կրակ էր (կարծում եմ, Բաբելական կրակը նկատի ուներ): Սոֆիկ մեծ մամի հետ, ամեն կիրակի ձեռքը բռնած, մի քանի շրջան պտտվել են եկեղեցու շուրջը և Աստծուց խնդրել, որ «խելք ու շնորհք» պարգևի այդ «քեմալիստին», որն անվերջ կռվի մեջ էր Ասպինձայի կողմից եկող թուրք գյուղացի առևտրականների հետ: Ինձ թվում է, հայրս ամենազայրացած պահին անգամ բարի էր, հատկապես, մեր նկատմամբ: Երբեք ձեռք չբարձրացրեց իր երեխաների վրա, իսկ եթե ձայնը բարձրացրեց, ապա միանշանակ ես չափն անցած եմ եղել: Նա, նույնիսկ, իր վիրավոր ձեռքով էր շոյում մեզ, և ինձ թվում է, թե ոսկրացած ու չոր այդ ձեռքից ավելի առողջ և դրական լիցքեր հաղորդող սիրելի ձեռք աշխարհում ոչ մի ծնող չունի, նույնիսկ, աշխարհի բոլոր փաղաքշող ձեռքերը միասին վերցրած: Բոլոր ընտանեկան նախաձեռնություններում վերջին խոսքը, բնականաբար, հորս էր պատկանում: Իսկ նա ընտանեկան բազմաթիվ թնջուկների լուծում էր տալիս իր նուրբ ու բացառիկ հումորով, երբեմն քմծիծաղով հարթում կնճռոտ թվացող խնդիրները:

Ես սիրում էի սպորտը: Պարապել եմ մի քանի սպորտաձև, բայց հաջողություն ունեցել եմ ֆուտբոլում: Հորս նշանաբանն էր. «Ինչ մասնագիտություն ցանկանում ես, ընտրիր, աշխարհում գոյություն չունի անկարելի ոչինչ, հետևաբար միայն թույլ ու կամազուրկ մարդը կարող է արտասանել «ես չեմ կարող» բառակույտը, միայն թե ընտրածդ մասնագիտության բնագավառում պետք է լինես լավագույնը, ձգտես հասարակությանը պիտանի քաղաքացի դառնալ: ՙԵթե քո ապագան տեսնում ես մկաններիդ զարգացման մեջ, ընտրությունը քոնն է, գոյություն չունի վատ մասնագիտություն, ես ոչինչ չեմ ստիպում, բայց շատ կցանկանայի, որ շարունակես կրթությունդ, գիտելիքին ուղղես եռանդդ ու բոլոր ընդունակություններդ, մտավոր լույս կրես քո մեջ և աշխատես այդ լույսից բաժին հանել շրջապատիդ»: Նրա այս հորդորը ավարտական դասարանի աշակերտիս համար բեկումնային եղավ մասնագիտական կողմնորոշման հարցում, մանավանդ, որ հրաշսլի տիրսպետում էի օտար լեզվի (սովորում էի անգլիական թեքումով դպրոցում), գերազանց գիտեի ռուսերեն և անչափ շատ էի սիրում հայերենը, հատկապես, գրականությունը: Հայրս զարմանալիորեն համատեղեց արձակն ու չափածոն: Տարված լինելով նրա արձակով՝ ես մի տեսակ երկրորդական էի համարում նրա բանաստեղծական արվեստը, երևի իրականում երկրորդաբար էի վերաբերում՝ որպես հորս սիրուհու: Այն խորությամբ ըմբռնեցի, երբ աշխատանքի բերումով «Սովետական գրող» (ներկայումս՝ «Նաիրի») հրատարակչության ժամանակակից գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ Լյուդվիգ Դուրյանը 1983 թվականին հանձնարարեց ինձ հորս «Աստղաբույլ» բանաստեղծությունների ժողովածուի հրատարակչական խմբագիրը լինել, որը հատընտիր էր:

Այդ ժամանակ ես լրջորեն ծանոթացա հորս պոեզիային և վստահ կարող եմ ասել, որ հայտնաբերեցի… Չխախտեմ պարկեշտությանս սահմանը, այդ մասին թող իր գրչակիցները և գրականություն ուսումնասիրող գիտնականները կարծիք հայտնեն: Շատերն են վկայակոչում Մկրտիչ Սարգսյան մարդու, Մկրտիչ Սարգսյան գրողի և Մկրտիչ Սարգսյան գրահրատարակչական-մշակութային գործչի նմանության, իրար մերված լինելու մասին: Այդ ամենից զատ, նա իր երկրի նվիրյալ քաղաքացին էր: Ոգևորվում էր Հայաստան աշխարհի մեծ ու փոքր հաջողություններով և նվաճումներով: Բայց, ըստ իս, նրա կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը, երբ աչքերից երջանկության արցունքի կաթիլներ գլորվեցին, նորանկախ Հայաստանի հանրապետության Բանակի առաջին զինվորական շքերթի օրն էր, երբ Վազգեն Սարգսյանն ընդունեց զորահանդեսը: Հայրս ցնծության մեջ էր: Ընդամենը մի քանի տարի առաջ ազգային պետական բանակ ունենալու մասին երազելն անգամ աներևակայելի էր: «Երանի ջահել լինեի ու երջանկություն ունենայի ծառայելու իմ երկրի ազգային բանակում»,- կրկնում էր հայրս:

Նրա ցանկությունն ի կատար ածեցին թոռները, ի թիվս նրանց՝ իր անվանակից Մկրտիչ Սարգսյան թոռը: Վստահ և համոզված էր, որ Հայկական բանակում մեծ նվիրումով ծառայելու են իր տոհմածառի շառավիղները՝ ավագ թոռան՝ դեռ չծնված Մկրտիչ Սարգսյան անվանակիր թոռը, ծոռները և այդպես շարունակ. ա՛յս հողի վրա, հայոց բազմաչարչա՛ր ու սրբագործվա՛ծ հողի վրա՝ ամո՛ւր և հզո՛ր, աննահա՛նջ և հաստատո՛ւն, ի կատարումն իր Մեծ Երազանքի… Բարեբախտաբար, նա չտեսավ հայոց մերօրյա քաղաքական վերնախավի դավադրությունը, հայոց պետականության երերումը, հասարակության պառակտումը, հայի իր պատկերացրած տեսակի անկումն ու Արցախի գերեվարումը: Գնաց Հույսով և Հավատով լի մեծ հաղթանակների սերունդների ծննդյան և վստահ՝ նրանց հրաշագործությունների և փառքի հանդեպ: Շատերն են ժողովրդական, սակայն քչերն են ժողովրդի մարդ: Հայրս այն քչերի մեջ էր, ովքեր ժողովրդից ստացածը վերադարձնում են ժողովրդին հավելումով, որովհետև երբեք չեն տարանջատում իրենց ժողովրդի հոգսերից, նպատակներից և իղձերից: Նրանց առաքելությունը ժողովրդի հոգևոր-սոցիալական բարօրությունն ու զարգացումն է, պետության և պետականության հզորացումը: Դրանով են առանձնանում ընտրյալները, որոնք մինչև վերջ արժանապատվորեն կրում են իրենց Խաչը: Հայրս այդ Ուխտի խաչակիրներից էր:

Դավիթ Մկր Սարգսյան

Դիտվել է՝ 5630

Մեկնաբանություններ