«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան  բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
17.01.2017 | 11:55

(սկիզբը՝ այստեղ)

Սննդի հարցում մեր օգնությունը սահմանափակվում էր Սպիտակ կատարված կիրակնօրյա այցերով. բնակիչներին բաժանում էինք մեր ինստիտուտի աշխատողների հավաքած ուտելիքը՝ մրգեր, մուրաբաներ, խմորեղեն, դոշաբ, ղավուրմա և այլն, ով ինչ կարող էր: Նոր տարվա նախօրյակին այցելեցինք նաև Սարատովից ու Թբիլիսիից եկած փրկարարներին ու շինարարներին: Սննդի հարցում նրանք էլ պրոբլեմներ ունեին: Վրացիները մեր խմբին այնպիսի ճոխ ընդունելության արժանացրին, որ ընկանք անհարմար դրության մեջ:


Մի օր մեր ինժեներներից մեկը բողոքեց.
-Մենք սխալ բան ենք անում: Սպիտակցիների համար մայրս էլ չի ուզում գաթա թխել: Ասում է՝ ձեզ հիմարի տեղ են դրել, տալոններով առած կարագով մենք խմորեղեն ենք պատրաստում, երեխաներին չենք տալիս, իսկ մեր հարևանները Սպիտակի օգնության կարագով տասը տարվա յուղ են հալել՝ լցրել իրենց կճուճները, օգնության կարագը ազատ ձևով վաճառվում է Արտաշատի մթերային խանութներում:
-Հնարավոր չէ,- առարկեցի ես:
-Չեք հավատում, մտեք Արտաշատի միլիցիայի բաժնի դիմացի մթերային խանութը, կտեսնեք:
Գնացի այդ խանութը, մեծ հերթ էր գոյացել, մարդիկ 20-կիլոգրամանոց տուփերով կարագ էին գնում (հիշեցնեմ, որ այդ ժամանակ կարագը միայն կտրոններով էր վաճառվում՝ անձին 400 գրամ¤, երեք միլիցիոներ էլ հերթ էին պաշտպանում: Կարագ առնողներից մեկին կանգնեցրի, կարագի տուփը վայր գցեցի ու դիմեցի միլիցիոներներին.
-Տղաներ, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում, երկրաշարժի կարագն են այստեղ վաճառում, անամոթ հանցագործություն է կատարվում, իսկ դուք կանգնած նայում եք:
Միլիցիոներներից մեկը բռնեց կարագի տիրոջ ձեռքն ու միասին գնացինք Արտաշատի միլիցիայի բաժին: Առանց գրանցելու ու գործ բացելու քաղաքացուն տարան միլպետի առանձնասենյակը, ես էլ նրանց հետ:
-Հիմա գլուխդ կջարդեմ, կասե՛ս, թե ովքեր են քո հանցակիցները, պատմիր, թե ինչպես ես կարագը գողացել,- քաղաքացուն սպառնալով և ձեռքն այս ու այն կողմ թափահարելով գոռգոռում էր պետը:
-Ընկեր գնդապետ, այդ ինչե՞ր եք ասում,- միջամտեցի ես:- Այս մարդն ընդհանրապես մեղք չունի, նա իր փողով կարագ է գնել, գող-մեղավորները խանութում են, այդ նրանցից է պետք հարցնել, թե Սպիտակի երկրաշարժի հասցեով եկած օգնության կարագն ինչպես է հայտնվել Արտաշատի մթերային խանութում, այնտեղից է պետք սկսել ու իրական հանցագործներին գտնել:
Գնդապետը դիմեց ինձ.
-Դուք կարող եք գնալ:
-Առանց այս քաղաքացու ես ոչ մի տեղ չեմ գնա, նա պետք է ինձ հետ գա:


Կարագի տիրոջը բաց թողեցին, դուրս եկանք փողոց:
-Ձեր արածը անբարոյականություն է, Սպիտակի ժողովուրդը հայտնվել է մեծ դժբախտության մեջ, մարդիկ կորցրել են իրենց հարազատներին, հոգեկան խանգարումներ են ստացել, շատ երեխաներ մնացել են առանց ծնողների, կարիքի ու անելանելի դրության մեջ, սոված են, ցուրտ է, ողջ աշխարհն է նրանց օգնում, իսկ Դուք, առիթից օգտվելով, նրանց դժբախտության հաշվին Ձեր անձնական հարցերն եք կարգավորում: Ես Ձեզ միլիցիայից հանեցի, մեծ խնդիր կունենայիք, հիմա վարվեք այնպես, ինչպես Ձեր խիղճն է թելադրում, տարեք այդ կարագը Ձեր տուն, կերեք, ուրախացեք, Ձեզ բարի ախորժակ, բայց ուտելուց առաջ աղոթեք ու հիշեք, որ, տաք սենյակում նստած, երբ ձեր երեխաների հետ մեղր ու կարագ եք ուտում, նույն պահին սովից ու ցրտից իրենց ծնողներին կորցրած երեխաների ատամներն են չխկչխկում: Ճիշտ կլիներ, որ այդ կարագը ուղարկեիք Սպիտակ, հարևանների համար էլ օրինակ կծառայեիք, կամքը Ձերն է:
Կարագի տիրոջ վրա խոսքս այնքան էր ազդել, որ անկեղծացավ.
-Դուք ամեն ինչ ճիշտ եք ասում, շնորհակալ եմ, որ ինձ միլիցիայից հանեցիք, չթողեցիք, որ բռնեն: Ձեր մասին Արտաշատում բոլորը գիտեն, բայց մի երկու ճիշտ բան էլ ես եմ ուզում ասել, լսեք ու միանգամից մոռացեք, Ձեր կյանքը չվտանգեք, դեռ պետք կգա: Խանութում ինձ բռնող միլիցիոները քեռուս տղան էր, Ձեզնից հետո միլպետն ինձ անպայման բաց էր թողնելու, երեք միլիցիոներները խանութում հերթապահում էին, որ կարագի վաճառքին ոչ ոք չխանգարի, ամեն ինչ կազմակերպված էր «վերևներից». տասն օր շարունակ այդ խանութում Սպիտակի օգնության կարագն է վաճառվում՝ օրը հինգ տոննա, դա շրջկոմի առաջին քարտուղարի բիզնեսն է (խոսքը դարձյալ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի մասին էր, որն այս դեպքում իր կեղտոտ ձեռքերը տաքացնում էր երկրաշարժից տուժածների համար ուղարկված օգնության հաշվին), իսկ Դուք ասում եք, թե Գորբաչովը մեր երկիրը քանդեց: Համոզված եմ. եթե տվյալ երկրում կա գեթ մեկ ղեկավար այր, որը կարող է իրեն թույլ տալ հարստանալ նման դեպքերում, ապա, վաղ, թե ուշ, բայց անպայմանորեն այդ երկիրը քանդվելու է, նման դեպքերում Աստված չի ներում (ցավոք, մեր երկիրն այսօր էլ բավականին հարուստ է նման այրերով), երկրաշարժի կարագը, Արտաշատից բացի, վաճառվում է նաև Արարատի, Հոկտեմբերյանի, Էջմիածնի խանութներում:


Ի՞նչ անես, մարդու տված ինֆորմացիան իրականությանը համապատասխանում էր: Հիշեցի, որ այդ օրերին Սպիտակում բացվել էր Արտաշատի վրանային բարեգործական ճաշարանը, որը չէր գործում, մարդիկ այնտեղ չէին մտնում, ամենայն հավանականությամբ բուտաֆորիա ճաշարան էր, որը ստեղծվել էր հատուկ նպատակով. Արտաշատ ուղարկվող կարագն ու մյուս սննդատեսակներն այստեղ կարող էին ստանալ իրենց իրավական ձևակերպումները, Հայաստանում օգնության սննդի բիզնես ծավալած կոմունիստական կուսակցական բոսերը ծայրաստիճան շահագրգռված էին, որ այստեղ ամեն ինչ արվի օրենքի սահմաններում, որովհետև խորհրդային ու, մանավանդ, միջազգային բարեգործական կազմակերպությունների ուղարկած օգնության յուրացումը սովորական ու դյուրին գործ չէր, ուներ իր առանձնահատկություններն ու նրբությունները, կարող էր միջազգային սկանդալների պատճառ դառնալ, ու երկրաշարժի օգնությունը ցամաքեր, հետո հարց էր, թե ինչպես կերակրել ժողովրդին, թալանի մասին խոսելն էլ անիմաստ կլիներ: Առաջին քարտուղարի համար կարևոր էր, որ երկրաշարժի թալանը դրվեր կոմունիստական «օրինական» հիմքերի վրա, կազմակերպվեր մուտքերի ու ելքերի փաստաթղթավորում, պատրաստվեին կեղծ հաշվետվություններ, որոնք հետագայում կարող էին ծառայել որպես ալիբի, այդ խառն օրերին դա կարևոր էր, ով գիտեր, թե ինչ կստացվի, գողությունը գողություն էր, բայց ոչ սովորական, փորձի պակաս կար: Ծանոթանալով երկրաշարժի օգնության թալանի նրբություններին՝ հասկացա, որ կարագի իմ այս աղմկահարույց պատմությունը (այն հայտնի դարձավ ոչ միայն Արտաշատում, այլև Հայաստանով մեկ) կարող էր լրջորեն փոխել կոմունիստական երկրաշարժային թալանի կազմակերպիչների գործողությունները՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թալանի ճակատում լուրջ մրցակցություն էր ծավալվել կադրային կուսակցական թալանչիների ու նորաթուխ ՀՀՇ-ական ավազակների միջև: Աղետի գոտու բոլոր պահեստների վրա ՀՀՇ-ական էմիսարները հատուկ հսկողություն էին սահմանել, հատուկ պոստեր էին կարգել, գիտեին, թե որտեղ ինչ կա, ինչը փակի տակ չէ և այլն: Երկրաշարժի օգնությունը Հայաստան բերելը ինքնին ծանր գործ էր, տրանսպորտային լուրջ խնդիրներ կային, օգնությունը բաժանելը ևս դժվարամարս գործ էր. հազար աչք կար նայող, բոլորը զգոն: 1989 թվականից երկրաշարժի օգնության թալանի սխեման լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվեց ու տրամագծորեն փոխվեց: Պարզվեց, որ օգնությունը կարելի է ստանալ ու բաժանել անառարկա ու անկանխիկ գործարքների միջոցով՝ օգնության հասցեատերերին դուրս թողնելով մարդասիրական օգնության ընթացակարգից՝ թողնելով միայն մեծ փողի ծարավի ու կուսակցության բոսերի վստահությունը վայելող յուրայիններին: Սա գորբաչովյան «տպՐպրՑՐՏռՍՈ»-ի կարևոր նոու-հաուներից էր. Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն հասցնել «թղթի» վրա, օգնության առարկա ապրանքը դուրս գրել գործարաններից, բանկային ու տրանսպորտային կեղծ փաստաթղթեր կազմել ու, վերջում, օգնություն ստացած մարդկանց շինծու ցուցակներ կազմակերպել, դրանց հիման վրա ակտավորել ու մարդասիրական միջոցառումները համարել փակված ու մարսած: Դա թույլ տվեց մեծացնել կոմունիստական կուսակցական թալանի իրական մասշտաբները՝ հանցավոր գործարքների մասնակից դարձնելով խորհրդային երկրի բազմաթիվ գործարանների ու տնտեսությունների տնօրեններին ու կուսակցական բոսերին: Սրանք վերաբերում էին երկրաշարժի ներքին (ներխորհրդային) օգնությանը, բայց կար նաև Սպիտակի երկրաշարժի հասցեով եկող միջազգային մարդասիրական օգնությունը, որի մասշտաբները ավելի մեծ էին, չափվում էին միայն դոլարներով: Դրության տերն այստեղ միայն ու միայն ՀՀՇ-ն էր՝ իր անփոփոխ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:


2016 թվականի դեկտեմբերին կայացած ՀԱԿ համագումարում ԼՏՊ-ն հանդես եկավ այնպիսի դատապարտելի ելույթով, որ ակամայից հարց առաջացավ. ո՞ր իրավունքով է այդ պարոնը երկրի շահերը ներկայացնում և ի՞նչ է պետք անել նրանից վերջնականապես ազատվելու և հայ ժողովրդին ազատագրելու համար, ո՞վ է նրան իրավունք տվել (նաև իմ ու իմ ընտանիքի անունից), խոսելու Ղարաբաղի տարածքները ադրբեջանցիներին զիջելու կամ Թուրքիայի հետ բարյացակամության ու փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին, որը, ըստ նրա, բխում է «Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից»: Մի՞թե այդ տրամաչափի քաղաքական գործիչը այն աստիճանի կույր ու տհաս է, որ չի հասկանում պարզ ճշմարտությունը. թշնամու հետ խոսելուց առաջ պետք է, առաջին հերթին, ամրապնդել սեփական դիրքերն ու երբեք զիջումների չգնալ, մանավանդ եթե խոսքը վերաբերում է թուրքերին: Հետաքրքիր է՝ քանի՞ 1915 թիվ է մեզ պետք, որ այդ ամենը կարողանանք հասկանալ: Հայկական կողմի զիջումներին թուրք թշնամին երբեք զիջումներով չի պատասխանելու, դա աքսիոմ է: Ի՞նչ է, ԼՏՊ-ն այդքան միամի՞տ է, թե՞ չի հասկանում, որ մեր խեղճ վիճակը տեսնելը բավական է, որ թշնամին ոգևորվի ու փորձի տրորել, ոչնչացնել մեզ: Մեր խղճուկ վիճակը գնահատելով, մեր խեղճ դրության մեջ մտնելով, «եղբայրաբար» մեզ խղճալով ու խղճահարելով չէ, որ թուրքը կգնա զիջումների, նրանց զիջումների կարելի է տանել միայն ուժով, մեր երկրի հզորացման գործոնի ազդեցությամբ: Այստեղ հաջողության հասնելու համար պետք է հզորացնել սեփական երկիրը, ինչը ԼՏՊ-ն ոչ միայն չարեց, այլև ընդհակառակը, ամեն ինչ արեց (դրսերում գրված սցենարների ոգուն համապատասխան), որ մեր արդյունաբերական պոտենցիալը զրոյանա, ու երկիրը կորցնի իր սեփական ուժերին ապավինելու կարողությունը, որ պարոն Լևոնի նենգամիտ խելքի տեսադաշտում պահվի Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու միայն մեկ տարբերակ, մեկ ելք մնա, որը կկոչվի Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա:

Լավ կլիներ, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից խոսողը հիշեր, թե ինչ իրական վնասներ է հասցրել Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերին, որոնցից մեկը կապված է ԼՏՊ-ի ամենադատապարտելի, դավաճան ու անպատասխանատու հայտնի հայտարարության հետ. «Ռուսները թող գնան, մենք ինքներս կկառուցենք մեր հայրենիքը»: Ռուսները գնացին, իսկ ո՞ւր մնացին հայրենիքը ինքնուրույն կառուցողի խոստումները:
Սպիտակի ընկերս այսպես է բնութագրել ԼՏՊ-ի հայրենասիրական կոչը. «Մեծ-մեծ խոսաց, բայց սկի մի ուբոռնի (զուգարան) չկառուցեց հայրենիքի համար, 2012 թվին եկել էր Սպիտակ՝ քարոզարշավի, նորից պաշտոն էր ուզում, սկի մի մարդ չգտավ, որ ուզենա իրեն լսի, քաղաքի լույսերն անջատեցինք, որ շառը քաշի, Սպիտակից շուտ հեռանա»:
ԼՏՊ-ի օրոք, պատերազմի թեժ օրերին հիմնահատակ ոչնչացվեց Հայաստանի զարգացած ու կայացած ռազմական արդյունաբերությունը: Կատարվածը դաշույնի դավադիր հարված էր մեր թիկունքին: Ոչ, պարոն Լևոն, մեր ազգի շահերը Դուք չէ, որ պետք է որոշեք, պահեք ու պահպանեք, Դուք մեր ազգային շահերին դեմ գնացիք այն ժամանակ, երբ աղետի գոտին անտեր թողեցիք ու 7 հազար անուն շինարարական տեխնիկան հանեցիք աննախադեպ վաճառքի՝ դժվարացնելով շինարարական աշխատանքների ընթացքը: Ձեր օրոք թալանվեցին ու իրենց գործունեությունը դադարեցրին 1500 հայկական լրջագույն գործարաններ ու գիտահետազոտական ինստիտուտներ: Դուք հիմա էլ եք զբաղված մեր երկրի ներսում խառնակություններ հրահրելու գործերով՝ հուրախություն մեր թշնամիների ու, ամենայն հավանականությամբ, Ձեր բարեկամների ու հովանավորների, այլապես հնարավոր չէ, որ հայ մարդու մեջ այդպիսի միտք առաջանա՝ մեր երիտասարդ զինվորների արյունով ներծծված հայրենի հողերը վերցնել ու սկուտեղի վրա նվիրել թշնամիներին: Այդ ամենի անհեթեթությունը Դուք, հնարավոր է, կարողանայիք հասկանալ այն ժամանակ, եթե Ձեր թոռնիկին ուղարկեիք կռվի դաշտ և ոչ թե տարբեր միջոցառումների քարշ տայիք: Մենք առանց այդ էլ Ձեզ լավ ենք հասկանում: Ձեր բոլոր ելույթների բովանդակությունը հանգում է նույն գաղափարին՝ մեր սուրբ հողերը պետք է հանձնել ու հանձնվել թուրքերին, ստեղծված իրադրությունում ուրիշ տարբերակ չեք տեսնում: Ի տարբերություն Ձեզ ու Ձեզ նմանների, ես ու ինձ նմանները ավելի հաջող ու իրատեսական, մեր ազգին հաղթանակ ու մեծ պատիվ բերող տասնյակ տարբերակներ ենք տեսնում, ուղղակի Դուք ու Ձեզ նմանները կարողացել եք գրավել ու սեփական ազդեցության տակ պահել Հայաստանի քաղաքական դաշտի մի մասը՝ սահմանափակելով մյուսների վճռական խոսքի իրավունքը: Որքան իմաստուն է ժողովուրդը՝ կուզիկին միայն գերեզմանը կուղղի:


Գորբաչովն իր «перестройка»-ով հսկայական խորհրդային երկիրը տարավ գերեզման, բայց խորհրդային կուզիկներից ազատվել չկարողացավ, սապատավորների վրա նորերն են աճել, ու այդ կրկնակի սապատավորները կրկնակի դաժանությամբ շարունակում են կեղեքել հետխորհրդային ժողովուրդներին, նրանցից ազատվելը ավելի դժվարին, բայց լուծելի խնդիր է: ԼՏՊ-ն ու նրա մյուս սապատավոր համախոհներն իրենց հանցանքները թաքցնելու համար շատ են սիրում ամեն անգամ ռուսների կողմը ցույց տալ՝ մարդկանց խաբելով, թե մեր բոլոր անհաջողությունների պատճառը նրանց մեջ է պետք փնտրել: Այդպես չէ, հայապահպանության հարցում ռուսներն ավելի շահագրգիռ ու մարդկային են գտնվել, քան մեզնից շատերը: 25-ամյա անկախության մեր պատմությունն է ապացուցում այդ ճշմարտությունը: Մի անգամ Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի տնօրեն Վլադիմիր Ստեպանովը ինձ ցույց տվեց Հայաստանի կենտկոմի երկրորդ քարտուղար Օլեգ Լոբովից ստացած հեռագիրը. «Моя родина находится в беде, помоги»: Հետագայում իմացա, որ Լոբովը հազարավոր նման հեռագրեր է ուղարկել տարբեր հասցեներով՝ իր ընկերներին, բարեկամներին, ծանոթ-անծանոթ քաղաքացիներին, տնտեսական ու քաղաքական գործիչներին, կոլեգաներին: Համոզված եմ, որ Օլեգ Լոբովն ավելի շատ էր մտահոգված անկախ Հայաստանի գործերով, քան մեր հայ իշխանավորները, իր մտահոգությունը նա արտահայտել է, մասնավորապես «Мы за гелиофикацию Армении» վերտառությամբ հոդվածում, որը, Ռուսաստանի առաջին վարչապետ Իվան Սիլաևի համահեղինակությամբ, թարգմանաբար տպագրվել է «Ազգ»-ում (11.03.2009): Լոբովն ու Սիլաևը ուշի ուշով շարունակում են հետևել իմ արևային գործերին, պատրաստ են աջակցելու այդ աշխատանքների ներդրմանը Հայաստանում: Իմ արխիվում դեռևս պահվում են Սիլաևի ստորագրությամբ ու կնիքով հաստատված դատարկ բլանկները, որոնք Իվան Ստեպանովիչը տվել էր, որպեսզի կարողանամ օպերատիվ կարգով կապեր հաստատել ու աշխարհի տարբեր ֆիրմաների հետ տեխնիկական ու ֆինանսական բնույթի տարբեր հարցեր լուծել՝ օգտագործելով իր միջազգային բարձր հեղինակությունը: Ռուսները մեզ շատ են օգնել, հատկապես երկրաշարժի տարիներին, ուրանալ չի կարելի: Յուրաքանչյուրն իր տեղում, յուրաքանչյուրն իր չափով անշահախնդրորեն օգնել է դժվարին կացության մեջ հայտնված հայ ժողովրդին:

«Էլեկտրոնստանդարտի» գլխավոր հաշվապահ, լենինգրադցի բլոկադնիկ Կապիտոլինա Նեկրասովան 1988-89-ի ձմռան ամիսներին իր ձեռքով շարունակ բրդե գուլպաներ էր գործում ու խնդրում, որ տանեմ Սպիտակ՝ նվիրեմ իր տարիքի կանանց: Այն ուշադրությունը, որին արժանացել էին երկրաշարժից տուժած հայ երեխաները Մոսկվայի կենտրոնական մանկական հիվանդանոցում, ուղղակի աննկարագրելի էր: Հայտնի են ԽՍՀՄ վարչապետ Նիկոլայ Ռիժկովի կատարած մասշտաբային միջոցառումները՝ ուղղված աղետի գոտու արդյունաբերության վերականգնման, ավելի ճիշտ կլինի ասել, ժամանակակից արդյունաբերության ստեղծման աշխատանքներին, դրանց կանդրադառնանք հետագայում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ