«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
20.01.2017 | 00:15

(սկիզբը՝ այստեղ)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին քննադատական ելույթներից մեկը նվիրված էր խորհրդային տարիներին կառուցված շենքերի ցածր սեյսմակայունությանը, որոնց պատճառով (և միայն դրա պատճառով, այս մտքին ես լիովին համաձայն եմ) Սպիտակի երկրաշարժի ժամանակ այդպիսի ավերածություններ ու այդքան մարդկային զոհեր եղան: Այս գաղափարը ավելի հասկանալի ու հասանելի դարձնելու համար ԼՏՊ-ն բարձրաձայնեց հետևյալ սպառնացող միտքը.
-Աստված մի արասցե, եթե Սպիտակի նման մի երկրաշարժ էլ Երևանում տեղի ունենա, ոչինչ չի մնա:


Շարքային քաղաքացիներս դա ընկալեցինք որպես անկախ Հայաստանի նոր իշխանությունների խոր մտահոգության բնականոն դրսևորում սեփական ժողովրդի կյանքի ու անվտանգության նկատմամբ: Կարծում էինք, թե հայ մարդու կյանքի, առողջության ու բարգավաճ ապրելու հրամայականը այսուհետ դառնալու է ԼՏՊ-ի ու հաջորդ իշխանական համաստեղությունների գլխավոր ուղեցույցը: Այն ժամանակ շատերս էինք հավատում դրան, համոզված էինք, որ դա շատ բնական է, որովհետև իշխանությունը մերն է, զուտ հայկական է: Տրամաբանական կլիներ նաև, որ, իր քննադատական ելույթից հետո, ԼՏՊ-ն հայ հանրությանը ներկայացներ Երևանի ու Հայաստանի մյուս քաղաքների շենքերի և շինությունների ամրացման, սեյսմակայունության բարձրացման պետական համալիր ծրագիր, որի իրականացումը թույլ կտար ավելացնել մեր քաղաքացիների կյանքի անվտանգության աստիճանը՝ հնարավոր երկրաշարժերի ու պատերազմների ժամանակ: Չէ՞ որ ամեն ինչ սպասելի է, պետք է մշտապես պատրաստ լինենք, որովհետև ապրում ենք վտանգավոր տարածաշրջանում ու աշխարհի ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկում:
ՀՀ առաջին նախագահը նման ծրագրեր չառաջարկեց, այդ հարցում ևս հետևողականություն չցուցաբերեց, նրա խոսքը մնաց օդ արձակված մի հերթական դեմագոգիա, որը հատուկ էր հետգորբաչովյան կլասիկ ամբոխավարության կարկառուն քաղաքական գործիչներին: Նախորդների արածն ու դրածը քննադատելը, նախորդների քրտինքով ստեղծածը քանդելը դարձել էին դյուրին գործ՝ կոմունիստական փլատակի տակից դուրս եկած մեր անփորձ ու կարիերիստ իշխանավորների համար:


90-ականներին ՀՀ կառավարությունը մշակել էր շենքերի ու շինությունների ամրացման, սեյսմակայունության բարձրացման համալիր ծրագիր, նման աշխատանքների համար կային հասարակական պահանջարկ, տեխնիկական ու ֆինանսական բավարար հնարավորություններ: 88-91 թվականներին աղետի գոտի էր բերվել հսկայական քանակի շինարարական տեխնիկա (միայն Սպիտակի շրջանում աշխատում էին չորս հազար աշտարակային ամբարձիչներ), յոթ հազար շինարարական մեխանիզմներ և այլն, ամերիկացի մասնագետները զարմացել էին՝ Սպիտակում ու շրջանի գյուղերում տեսնելով աշտարակային ամբարձիչների այդ թավ անտառները: ԼՏՊ-ի օրոք դրանք իսպառ վերացան, հօդս ցնդեցին, իզն ու թոզն անգամ չմնաց, ի՞նչ եղան, ո՞ւր գնացին, ո՞ւմ միջոցով, ո՞ր ճանապարհներով դրանք Հայաստանից դուրս եկան՝ օտարվեցին, ո՞ւմ վաճառվեցին, երկրաշարժից տուժած ժողովրդին պատկանող գույքի դիմաց ստացված փողերն ո՞ւմ գրպանները լցվեցին ու ի՞նչ եղան՝ անհայտ է մինչ օրս, մինչ օրս շատ բան է անհայտ մնացել, որովհետև հետաքրքրվողներ չեղան, բայց կլինեն, անպայման կլինեն իշխանափոխությունից ու Հայաստանում համակարգային բարեփոխումներ կատարելուց հետո: Այլապես սխալ հիմքերի վրա կառուցված երկիրը կփլվի ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը Գորբաչովի օրոք:
Նոր, ավելի խորամանկ ու պաճուճավոր օրինագծեր «մոգոնելուց» առաջ արժեր, որ ՀՀ արդարադատության նախարարը հետազոտեր, գոնե իր կանացի կամ մասնագիտական հետաքրքրասիրությունը բավարարելու համար ուսումնասիրեր, թե ինչ ճակատագրի արժանացան Հայաստան բերված շինարարական տեխնիկան, բազմաթիվ գործարաններն ու ֆինանսական միջոցները, հաշվարկներով ճշտեր, թե քանի միլիարդ դոլար և ո՞ւմ հաշիվներին գրանցվեցին, առաջարկեր մեկ այլ, ավելի կարևոր ու խորիմաստ օրինագիծ, որի միջոցով հնարավոր կլիներ օրենքի ուժով բռնագրավել ու պետբյուջե ուղարկել ապօրինաբար հարստացողների գումարները, պետականացնել գողացված գույքը հօգուտ հայ ժողովրդի ու այն պետական հիմնադրամների, որոնք հետագայում կկազմակերպվեն տնտեսության մեջ ներքին ներդրումներ կատարելու համար (եթե կուլակաթափության արդարացի գաղափարը չի անցնում, որը կլիներ տեղին ու պահանջված):


1988 թվականին Հայաստան էին բերվել նաև բեռնատար մեքենաների շարասյուներ, երկաթբետոնե կոնստրուկցիաների բազմաթիվ գործարաններ, ամերիկյան գերժամանակակից «Հանթսման» և տնաշինական այլ կոմբինատներ, որոնք գործարկվել էին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և Երևանում: Խորհրդային վերջին տարիներին Հայաստանում իրականացվում էր շենքերի սեյսմակայունության բարձրացման համալիր պետական ծրագիր, որը նպատակ էր հետապնդում զանգվածաբար հետազոտել շենքերի ու շինությունների սեյսմակայունության աստիճանը, կատարել համապատասխան ինժեներական աշխատանքներ և այն բարձրացնել՝ հասցնելով մինչև 8-9 բալին համապատասխանող կարգավիճակի: 1989-ին Արտաշատի մեր ԳՀԻ-ի շենքը ևս մտել էր ամրացվող շինությունների պետական ցանկի մեջ: Հեռակա կարգով այսօր սադրիչ մի հարց ուղղենք ԼՏՊ-ին՝ ի՞նչ կլիներ, եթե, Աստված մի արասցե, Սպիտակի նման մի երկրաշարժ էլ Երևանում տեղի ունենար: Նոր աղետներից ու մարդկային զոհերից զերծ մնալու համար ԼՏՊ-ն պետք է որ հետամուտ լիներ իր իսկ բարձրաձայնած հարցերին ու, առանց ժամանակ կորցնելու, Երևանի և հանրապետության մյուս քաղաքներում շարունակեր տրամաբանական ավարտին հասցնել կոմունիստական իշխանությունների սկսած գործը՝ պրոֆիլակտիկ աշխատանքների միջոցով բարձրացնել մեր շենքերի սեյսմակայունության աստիճանը՝ դրանք համարելով անհետաձգելի և պետական կարևորության գործ: Չեղավ, ԼՏՊ-ն այն մարդը չէր, որ իրեն թույլ տար ժամանակ ծախսել ազգօգուտ կամ հանրօգուտ գործերի վրա, ամեն ինչ լեզվին տալով ու ականջի հետև գցելով նա այդպես էլ չկարողացավ հասկանալ պետության ղեկավարի վրա դրված պարտականությունների կատարման հույժ կարևորությունը, քաղաքացիների կյանքի ու առողջության հանդեպ ունեցած իր նախագահական-սահմանադրական պարտականությունների կատարման պարտադիր լինելն ու կոնկրետ արդյունքների հասնելը:

Նախագահական պոռոտախոսության ժամանակ հերթական քննադատական խոսք էր պետք ասել՝ ուղղված Մոսկվային ու Խորհրդային Հայաստանի ղեկավարությանը, ասաց ու անցավ առաջ, առջևում ավելի կարևոր, հեռանկարային գործեր էին բացվում. երկրի թալանն էր դուռը թակում, պետք էր կազմակերպել, պետք էր ոչնչացնել մեր անկախ երկրի տնտեսական պոտենցիալը, լիկվիդացնել գործող գործարաններն ու ֆաբրիկաները, ասպարեզից դուրս շպրտել երկրի «կարմիր» տնօրեններին՝ որպես ՀՀՇ-ականների կաշին դաբախանից ճանաչող, համառ, անզիջում ու ազգի նվիրյալների: Երկիրը քանդելու գործում նա մնաց անգերազանցելի բարբարոս, նախանձելի հետևողականություն ցուցաբերեց ու մեր տնտեսության զրոյացման գործն իրականացրեց մեծ հաճույքով ու վարպետությամբ, առանց աչքը թարթելու և բծախնդրորեն՝ հավատարիմ մնալով օտարների կողմից նախագահական սեղանին դրված քանդման ու քայքայման ազգակործան ծրագրերին:


Ազգային խնդիրների ընկալումն ու ազգային գաղափարախոսությունը ԼՏՊ-ի մեջ ընդհանրապես բացակայում էին, ազգի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության զգացումը նրա մեջ եղել է ոչինչ, այդպիսի մարդկանց չէր կարելի իշխանություն վստահել, այն էլ անցումային ծայրաստիճան բարդ ժամանակաշրջանում:


Փորձենք հասկանալ, թե անկախ Հայաստանում, մասնավորապես Երևանի իշխանությունները ինչպես ընկալեցին մեր քաղաքների շենք-շինությունների սեյսմակայունության բարձրացման խնդիրները: Այստեղ, ինչպես նաև անկախ Հայաստանի մյուս քաղաքներում, նման խնդիրներն առանձնապես չէին կարևորվում, ամենուր առաջնային էր համարվում փող աշխատելու գործը, որը մեծ հաջողությամբ իրականացվում էր տարբեր ձևերով ու մեթոդներով: Կյանքը ցույց տվեց, որ բավականին շատ փող կարելի է աշխատել նույնիսկ մայրաքաղաքի շենք-շինությունների սեյսմակայունության իջեցման հաշվին. սկզբում փողը, հետո սեյսմակայունության հիմնախնդիրները, որոնք այդքան էլ ակտուալ չեն համարվել. ի՞նչ իմանաս, թե մեր կողմերում հաջորդ կործանարար երկրաշարժը երբ կլինի, մինչ այդ «կամ էշը կսատկի, կամ իշատերը»: Սրանք զարհուրելի, բայց, միաժամանակ, հայ մարդու կյանքի, առողջության ու բարեկեցության հաշվին փող աշխատող չինովնիկության համար սովորական տրամաբանական երևույթներ են: Ասվածը կփորձեմ հիմնավորել կոնկրետ փաստերով՝ որոշ մանրամասներ բերելով մեր իրական կյանքից, մեր բազմաբնակարանային շենքի պատմությունից ու, միաժամանակ, ցույց տալ, թե Երևանի բնակիչներս, տարիներ շարունակ, իրականում ինչպիսի մարդկանց կողմից ու ինչպես ենք կառավարվել, ո՞ւմ ենք մենք, ի վերջո, ընտրակաշառքներով մեր գլխին նստեցրել ու ևս մի «սրոկ» ման տվել: Իմ հաջորդ պատմություններից մեր ընթերցողները թող անեն իրենց հետևությունները, և միասին մտածենք, որ, ամեն դեպքում, մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, ընտրությունը մերն է. կամ ձայն ենք տալիս մեր ծակ գրպանները մերթ ընդ մերթ, ընտրությունից ընտրություն, 10-հազարական դրամներ դնող իշխանական բլոկի թեկնածուների օգտին (նման դեպքերում Սասունում ասում էին` «Ձըր մուր՝ ձըր վիզը»), կամ ազգովին ձայն ենք տալիս մարդու կերպարին վայել, ազնիվ, ազգանվեր, անձնուրաց հայ գործիչներին, որոնք կան, կլինեն ու քաղաքական ասպարեզ կիջնեն մեր օգնությամբ, մեր ազնիվ մարդկանց քվեները ստանալու միջոցով: Այս հարցադրում-պատգամը ես ուղղում եմ մեր միլիոնավոր քաղաքացիներին, որոնց ճիշտ կողմնորոշումից են կախված հայ ազգի հաջողությունն ու ապագան, մեր երեխաների, թոռների ու հաջորդ սերունդների ապագան՝ առանց ավելորդ քաղաքացիական պատերազմների ու արյունահեղությունների, առանց «Սասնա ծռերի» ու հերոսական հայորդիների անձնազոհ պայքարի: Ընտրությունից ընտրություն մենք պետք է մեզ հաշիվ տանք, առաջին հերթին, մեր խղճի առաջ, թե, վերջապես, երբ ենք խելքի գալու ու խելքով առաջ շարժվելու՝ ղեկավարվելով ոչ թե փողային-անասնական բնազդներով, այլ հայրենիքը սրբությամբ պահելու և պահպանելու մայրական բնազդով, այդ դեպքում մենք շատ արագ կտեսնենք, որ մեր գործերը միանգամից կսկսեն բարելավվել, դեպի աջ գնալ:


Հայրենասեր, հայ ժողովրդի կամքով ընտրված մեր իրական առաջնորդների հետ մենք ի վիճակի կլինենք հաղթահարելու մեր տնտեսական դժվարությունները, որոնք ժամանակավոր են, կարգավորելու մեր գործերը երկրի ներսում, սահմաններում ու սփյուռքում՝ վերագործարկելով մեր հայկական գործարաններն ու ֆաբրիկաները, բավարար աշխատատեղեր ստեղծելով մեր քաղաքացիների համար, խնայելով մեր երիտասարդ զինվորների կյանքը, նեցուկ կանգնելով մեր աշխարհասփյուռ հայությանը՝ հատկապես Սիրիայում, մեր խելքով ու հունարով երաշխավորելու մեր իրական անկախությունն ու բոլոր հաղթանակները: Բայց այստեղ շատ «բայցեր» կան, որոնք չեն կարող լուծվել ներկայիս իշխանությունների մտածկոտ հայացքի ներքո, որովհետև, մեր աչքերի առջև, մեր ժողովրդի ապագան ու անվտանգությունը ոտի տակ տալով, նրանք կարողացան փողեր աշխատել ու մեծահարուստներ դառնալ՝ քանդելով ու հողին հավասարեցնելով մեր տնտեսությունը, դատարկելով մեր դյուրահավատ մարդկանց գրպանները, նրանց աղքատ ու չքավոր դարձնելով: Մեր օլիգարխներն ու իշխանավորները վաղուց արդեն պոկվել են իրենց սնող արմատներից, կտրվել են իրենց ժողովրդից ու ատում են մեզ ճիշտ այնպես, ինչպես մենք ենք նրանց ատում: Պարզ ու հասկանալի է, որ երկկողմանի ատելության մթնոլորտում ոչինչ չի ստացվի, ոչ մի տնտեսություն էլ չի կարող կազմակերպվել ու զարգանալ: Դա է պատճառը, որ մենք ազգովին դեռևս շարունակում ենք գահավիժել ու սլանալ դեպի փակուղի՝ ստեղծելով պատային բարդ, անելանելի ու անտանելի մի իրավիճակ, որը գերազանց նվեր կլինի մեր ոխերիմ թշնամիներին: Մեր ժամանակավոր անհաջողությունները (այդպես է, մեր անհաջողությունները կրում են ժամանակավոր բնույթ ու, իշխանափոխությունից հետո, երբ ասպարեզ կիջնեն մեր ազգի ու երկրի մասին մտածող քաղաքական ու տնտեսական գործիչները, անմիջապես կվերանան) սին հույս են ներշնչում Իլհամ Ալիևին, որ կարելի է առանց կրակոցի, «դհոլ-զուռնայով մտնել Երևան»: Իշտահիդ քացախ, պարոն Իլհամ Հեյդարովիչ, մենք մեր գործերը կկարգավորենք ու դեռ կօգնենք թալիշ, լեզգի և Աղվանքի մյուս կեղեքված ու հալածված ժողովուրդներին՝ ազատվելու իրենց ավելի կեղտոտ ու առավել հանցավոր իշխանավորներից: Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի ու թոթափի մեր աճպարարների իշխանական լուծը, վերջ տա ընտրակեղծիքային անբարոյական խաղերին ու, իր քվեի զորությամբ, տեր կանգնի իր երկրի ճակատագրին: Վստահ եմ, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանության պարագայում մենք կկարողանանք շատ արագ կարգավորել մեր գործերը, այստեղ մեր շանսերը հսկայական են, որովհետև հայրենասեր, աշխատասեր ու գրագետ ժողովուրդ ենք: Այս ցանկությունները թող իրականություն դառնան մեր երկրում: Իմ համեստ ընկերական-քաղաքական-քաղաքացիական կոչն է՝ հեղափոխական 2017 թվականին սպասվող հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ սխալվելու իրավունք մենք չունենք, այլևս չունենք, որովհետև առջևում մեզ փորձություններ են սպասում, իսկ նահանջելու տեղ մենք այլևս չունենք. հետևում հայրենիքի ապագան է:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ