38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
17.03.2017 | 01:09

(սկիզբը`այստեղ)

(Դմիտրի Վոլկոգոնովի «Յոթ առաջնորդներ» գիրքն ընթերցելիս)

Լենինիզմը հսկա և բարդ աշխարհ է: Ծնվելով մարքսիզմի՝ 19-րդ դարի սոցիալական-տնտեսական տեսություններից մեկի ծոցում, այն խիստ ռուսականացված և ապամարդկային, ապաբարոյական դրսևորումներով դարձավ բոլշևիկների հեղափոխական մտածողության ու գործողությունների ուղենիշ և մեթոդոլոգիա, որոնք արդարացնում են խռովության համաշխարհային հրդեհի բռնկումը հանուն անիրական, ցնորամիտ նպատակի՝ այդ ճանապարհին ոչնչացնելով ոչ միայն դասակարգեր, այլև սոցիալական որոշակի շերտեր, հատկապես էլիտար և կրթված, իսկ հանուն սեփական իշխանության պահպանման նրանք պատրաստ են ցանկացած ստորության և ազգային շահերի արհամարհման:


Լենին-Մունդռիկի հոգեխախտ ուղեղը չէր հանդարտվում: Բրեստի խայտառակ դավաճանական համաձայնագրով 1 միլիոն քառ. կմ զիջելով Գերմանիային և հսկայական ռազմատուգանք վճարելով, նա շարունակում էր նույն թեթևամտությամբ առուծախի առարկա դարձնել կամ նվիրաբերել ռուսական կայսրության հողերն ու տարածքները: Այդ մոլագարն ի վիճակի չէր ճանաչելու և գնահատելու իրականությունը, «ձեռք քաշելու» համաշխարհային հեղափոխության զառանցագին գաղափարից, գոնե երբեմն մտածելու ժողովրդի, գոյատևելու համար նրան նվազագույն կենսապայմաններով ապահովելու մասին:
Հենց Մունդռիկի կամակոր և անզիջում պահանջով որոշվեց «սովետականացնել» Լեհաստանը, նպատակադրվելով հեղափոխական իմպուլս հաղորդել Գերմանիային: Այդ արկածախնդրությունը ավարտվեց մեծագույն խայտառակությամբ. տասնյակ հազարավոր զոհեր, ռազմատուգանք` երեսուն միլիոն ռուբլի ոսկով, 30 հազար գերեվարված կարմիրբանակայիններ, ամբողջ Եվրոպայի բարոյական դատապարտումը:


Մունդռիկը կարողանում էր բոլշևիկյան ցանկացած խայտառակություն վերափոխել հաղթահանդեսի: Նա ոչ մի բարոյական անհարմարություն չէր զգում ոչ միայն լեհական արկածախնդրության խայտառակ ձախողումից, այլև դրանից առաջ և դրանից հետո իր գործած անհաշիվ հակամարդկային ու ստոր արարքներից:
Տասնամյակների ընթացքում լենինիզմը հենվում էր նախ և առաջ սովետական կայսերապետության ռազմական հզորության վրա: Դրա հետ մեկտեղ չարժե մոռանալ, որ այդ լենինիզմը ուներ մարդկանց մոլորեցնելու, շատ տարածված, մի ուրիշ խոսքով՝ «քյոլելու», անուրանալի ձիրք՝ շնորհիվ դեմագոգիայի հմտացած ու կատարելագործված դպրոցի, մշտապես սպասվելիք բարիքներն անորոշ, մշուշոտ ապագա տեղափոխելու խոստումներով: Իսկ հավատալը միշտ էլ բնորոշ է մարդկանց, մանավանդ եթե մտածողությունը միաչափ է, դոգմատիկ, սովոր է քարոզչական առասպելներն իրականության տեղ ընդունելուն:


Լենինիզմը և այն դավանող կուսակցությունները անցյալի ուրվականներ են: Լենինիզմի վերածնունդ չի լինի ոչ հիմա, ոչ ապագայում: Լենինիզմը գարշահոտ դիակ է, բայց թաղված չէ, ճիշտ և ճիշտ իր դժոխային ծնունդ ստեղծողի պես: Եվ անցյալի ու ներկայի լենինյանների երբեմն-երբեմն դրսևորվող անողոք արմատականությունը նորից է հաստատում, որ նրանք եղել և մնում են ստի և բռնության կրողներ: Իսկ այդ հիմքով չես կարող բարության և ճշմարտության տաճար կառուցել, որը և հաստատում է բոլշևիկյան երկրորդ առաջնորդի, 20-րդ դարի ամենահավատարիմ լենինյան Իոսիֆ Ստալինի ճակատագիրը: Հենց այդ առաջնորդը, ճզմելով Լենինին դամբարանով և մենաշնորհելով նրա ժառանգությունը, երկար տարիներ դարձավ անխոցելի:


Երկրորդ առաջնորդը՝ Ստալինը, ներկայացուցիչն էր Ռուսաստանի ոչ մեծաքանակ ապադասակարգային աշխարհի: Մասնագիտություն չունեցող և երբևիցե որևէ տեղ չաշխատած այդ մարդը երկիրը գիտեր որպես իշխանության զավթիչ, անողոք բռնապետ, բոլշևիկյան խուժադուժի պարագլուխ:
Ստալինի մասին կա հսկայական գրականություն: Իհարկե, նկատի չունեմ մինչև 1956 թ. ԽՍՀՄ-ում նրա մասին լույս տեսած, այդ մարդակերին գովաբանող, աստվածացնող միլիոնավոր գրքերն ու հոդվածները: Այնտեղ դուք չեք գտնի գոնե մեկ տող ճշմարտություն: Իմ խոսքը 1985-ից հետո լույս տեսած գրականության մասին է:


Այդ դաժան բռնապետի գործած բոլոր ոճիրների միայն թվարկումը սարսափեցնում է մարդկանց: Վայրենի մեթոդներով իրականացրած կուլակաթափության և կոլեկտիվացման տարիներին պետականորեն կազմակերպված սովը միայն Մերձվոլգայում և ՈՒկրաինայում 10-12 միլիոն մարդու կյանք խլեց, որին հաջորդեց 1935-1938 թթ. ահաբեկչությունը՝ ուղղված ստեղծագործական և գիտական մտավորականության, բանակի սպայական կազմի դեմ: Հաջորդեցին Ֆինլանդիայի դեմ սանձազերծված ագրեսիան, Կատինի բարբարոսությունը, Գերմանիայի դեմ պատերազմի առաջին տարվա խայտառակ ձախողումները՝ միլիոնավոր զոհերով և հսկայական տարածքային կորուստներով, ի վերջո պյուռոսյան հաղթանակը պատերազմում՝ 27 միլիոն զոհերով (շատ վիճակագիրներ և պատմաբաններ պնդում են, որ այդ թիվը 30 միլիոնից ավելի է), «դավաճան» ժողովուրդների աքսորումը 1943-1944 թթ., մեծամասշտաբ աքսորը 1949 թ. հունիսի 14-15-ին, պայքարն ընդդեմ կոսմոպոլիտիզմի, բժիշկների գործը, գրողների և կոմպոզիտորների կազմակերպված հալածանքը (ժդանովշչինան), ԳՈՒԼԱԳ արշիպելագի անթիվ-անհամար «կղզիներում» 4-5 միլիոնից ոչ պակաս «բնակիչների» առկայությունը և այլն, և այլն:


Սովետական բռնապետի հետքերն արյունալի են, և այդ արյունը երբեք չի ջնջվի: Իր իշխանության երեք տասնամյակում Լենինի ստեղծած և նրա գործարկած պետությունը կյանքից զրկել է տասնյակ միլիոնավոր հայրենակիցների: ԽՍՀՄ-ում կոլեկտիվացման սկզբից մինչև Պախանի մահը, այսինքն` 1929 թվականից մինչև 1953 թվականը, նրա «հանճարեղ ղեկավարությամբ» բռնադատվել է 21,5 միլիոն սովետական քաղաքացի: Ոչ ոք երբեք, բացի Ստալինից, սեփական ժողովրդի դեմ այդպիսի երկարատև ու դաժան պատերազմ չի սանձազերծել:


Որ ասվածը մերկապարանոց չհնչի, բերենք մի քանի անվիճելի փաստեր և տվյալներ:
1934 թ. կայացած կուսակցության XVII (հաղթողների) համագումարի 1966 պատվիրակներից հաջորդ երկու տարիներին գնդակահարվեցին 1108-ը (289-ը դեմ էին քվեարկել Ստալինին):
1936-1938 թթ. մահապատժի ենթարկվեցին 5 մարշալներից 3-ը, բանակի 1-ին կարգի 5 հրամանատարներից 3-ը, 2-րդ կարգի 10-ից 10-ը, կորպուսի 57-ից 50-ը, դիվիզիայի 186-ից 154-ը, բանակի 16 կոմիսարներից 16-ը, կորպուսի 26-ից 25-ը, դիվիզիայի 64-ից 58-ը, գնդի 456-ից 401-ը:
Ռազմական խորհրդի 40 անդամներից գնդակահարվեցին 35-ը:
Եվ, ինչպես գրում է մարշալ Վասիլևսկին, եթե չլիներ այս կոտորածը, Հիտլերը, հավանաբար, չէր համարձակվի սկսել պատերազմը ԽՍՀՄ-ի դեմ:


Երկրորդ առաջնորդի արյունալի գործերի և գազանությունների մասին կան ոչ միայն հսկայական թվով վկայություններ՝ ստալինյան ԳՈՒԼԱԳ-ի «բնակիչների» պատմածներն ու գրառումները, այդ ճամբարներին և մերձավորների ողբերգություններին իրենց լավագույն տարիները նվիրած մարդկանց հիշողությունները, ինչպես նաև հսկայական թվով հենց «մեծ առաջնորդի» թղթերը, որոնք պահպանվել են կուսակցական արխիվներում: Այդ թվում` գնդակահարվածների ցուցակները, որոնց տակ իր ստորագրության հետ, որպես կանոն, դրվում էր քաղբյուրոյի 5-6 անդամի ստորագրություն ևս, և ոչ ոք չէր կարող խուսափել մեղսակցությունից:
Բնական է, որ «ժողովուրդների հանճարեղ առաջնորդի» մահից հետո նրան փառաբանելու սահմաններ չճանաչող մոլուցքը դանդաղորեն նվազեց, իսկ 1956 թ. փետրվարի 25-ին ԽՄԿԿ 20-րդ համագումարի փակ նիստում Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի «Անհատի պաշտամունքի և նրա հետևանքների մասին» զեկուցումով «մեծ առաջնորդը» գահընկեց արվեց և պսակազերծվեց: Այդ զեկուցումը, որը ԽՍՀՄ-ում հրապարակվեց միայն 30 տարի հետո, շատ մեծ արձագանք ունեցավ և հիմնականում դրականորեն ընդունվեց ժողովրդի կողմից: Զեկուցման տեքստին կուսակցականները և կոմերիտականները ծանոթացան դռնփակ ժողովներում, իսկ նրանց պատմածներով՝ նաև ամբողջ ժողովուրդը:


Բայց Ստալինի կատարած հանցագործությունները դատապարտվեցին որպես կոմունիստական կուսակցության հանդեպ, այլ ոչ թե սեփական երկրի ու ժողովրդի, մարդկության և մարդկայնության դեմ գործած ոճիրներ: Նրան ներկայացվող հիմնական մեղադրանքներն էին ղեկավարման լենինյան նորմերը խախտելն ու լենինյան ուղուց շեղվելը: Երբեք կոնկրետ չէր նշվում, թե որոնք են այդ խախտումները և շեղումները: Իրականում նա ոչ մի էական շեղում լենինյան ուղուց թույլ չէր տվել, նա իրոք Լենինի հավատարիմ աշակերտն էր, նրա գործի հանճարեղ շարունակողը կամ, ինչպես ընդունված էր ասել, «Ստալինը Լենինն է այսօր»: Ստալինը, գրեթե երեք տասնամյակ տևած իր առաջնորդության տարիներին, անշեղորեն կենսագործում էր լենինյան բոլոր պատգամներն ու պոստուլատները: Եվ Խրուշչովի զեկուցման մեջ փաստերով չհիմնավորված ու պատմականորեն չարդարացված տեսակետով ստացվում էր, որ բոլոր դժբախտությունների մեղավորը հավատարիմ աշակերտն է, այլ ոչ անձամբ այս ամենի նախահիմքը հանդիսացող նրա ուսուցիչ Լենինը: ԽՍՀՄ-ում գործող գրված և չգրված օրենքներով այս տեսակետը ոչ թե մարդ-անհատ Նիկիտա Խրուշչովի տեսակետն էր, այլ ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի, որն «օրենքի» ուժ ուներ: Եվ դա ոչ միայն թույլ չտվեց հրաժարվել լենինիզմի ու բոլշևիզմի անմարդկային գաղափարախոսությունից և հենց Լենինի անմիջական ղեկավարությամբ ստեղծված պետական կառավարման հակամարդկային գործելակերպից, այլև ընդհակառակը՝ սկսվեց Լենին-Մունդռիկի աստվածացման նոր, ամենակուլ շրջանը. անծայրածիր երկրում չկար մի գյուղ, ավան, քաղաք, որտեղ չլիներ նրա անունով փողոց, հրապարակ, որևէ կարևոր հիմնարկ կամ ձեռնարկություն, չլիներ նրա արձանը կամ կիսանդրին (դրանց թիվը հասնում էր 5-6 միլիոնի): Դեռ «էն գլխից» նրա «սֆաթը» անպակաս էր սովետական թղթադրամների վրայից: Եվ այս խելագարությունն ու խեղկատակությունը տևեց 70 տարի: (Նրա անունով էին կոչվում մեր հանրապետության երկրորդ քաղաքը, Երևանի կենտրոնական հրապարակը, ուր խոյանում էր նրա մոնումենտալ արձանը (հեղ.` Ս. Դ. Մերկուրով) իր հոյակապ ու գեղեցկազարդ պատվանդանով, երևանցիների ամենասիրած փողոցներից մեկը):


Ստալինին մեղադրում են նաև նշանավոր բոլշևիկներին, հավատարիմ լենինյաններին (Կամենև, Զինովև, Ռիկով, Ռադեկ, Բուխարին և ուրիշ թափթփուկներ) ոչնչացնելու համար: Ստալինը, անշուշտ, բոլորից լավ գիտեր նրանց իրական ու իսկական արժեքը, և լավ էր, որ գոնե այդպես նրանք ստացան իրենց արժանի պատիժը:


Ստալինն իր իշխանության 30 տարիներին շատ ավելի մարդկանց ոչնչացրեց, քան Լենինը՝ իր 5 տարիներին: Բայց այստեղից չի հետևում, որ նա ավելի վատն էր, քան իր ուսուցիչը: Իհարկե, շատ դժվար է, ինչ-որ տեղ նաև անիմաստ, զբաղվել երկու չարագործ մարդակերների համեմատությամբ: Բայց հանուն «արդարության» կարելի է ասել, որ Կոբա-Պախան-Ստալինը, լինելով երեք զավակների հայր, հոգևոր ճեմարանի նախկին սան, գրականության, արվեստի ու երաժշտության նկատմամբ ոչ անտարբեր և իր ազգությունը չուրացած մարդ, ինֆեռնալությամբ (դժոխայնությամբ) մի փոքր «զիջում էր» բոլոր ժամանակների մեծագույն ոճրագործ իր «հանճարեղ» ուսուցչին՝ Լենին-Մունդռիկին:


Ստալինի արածներն անցնում էին նորմալ մարդուն բնորոշող արարքների թույլատրելի սահմանները, դրանք ուղղակի պարանոիկի դրսևորումներ էին: Չնայած կամային ուժեղ հատկանիշների առկայությանը, նա նաև շատ վախկոտ էր: Անկեղծության պահին մի անգամ մարշալ Ժուկովին խոստովանել էր, որ վախենում է նույնիսկ սեփական ստվերից: Մահացու վախենում էր ինքնաթիռ նստելուց և ամբողջ կյանքում միայն մեկ դեպքում է օգտվել ինքնաթիռից, այն էլ ուրիշ ելք չլինելու պատճառով. դա Բաքու-Թեհրան և Թեհրան-Բաքու թռիչքներն էին 1943 թ. նոյեմբեր-դեկտեմբերին: Իսկ Պոտսդամի կոնֆերանսին նրա մասնակցության անվտանգությունն ապահովում էին 7 զինվորական գունդ և 1500-ից ավելի օպերատիվ աշխատակից:


Ստալինը զուտ կաբինետային (գրասենյակային) ղեկավար էր: Եվ շատ հաճախ կարևոր, ճակատագրական որոշումներ էր կայացնում միայն բազմաթիվ թղթերի, փաստագրական կինոխրոնիկայի, սահմանափակ թվով մարդկանց անձնական զեկույցների հիման վրա: Իշխանության գլուխ լինելու 30 տարիների ընթացքում ընդամենը 5-6 ուղևորություն է կատարել (Թեհրան, Յալթա, Պոտսդամ, մեկ թե երկու անգամ Լենինգրադ և Բելոմորկանալ: Շատ հաճախ Պուտինը նույնիսկ մեկ շաբաթում ավելի շատ է ուղևորվում): Այստեղ չենք նշել գրեթե ամենամյա ուղևորությունները Կովկասի սևծովյան ափի առողջարաններ, որոնք իրականացվում էին նրա անվտանգությունն ապահովող 10000-ից ոչ պակաս զինծառայողների մոբիլիզացիայի և 4-5 լիարժեք վագոնակազմով գնացքների օգտագործումով:
Տարիներ շարունակ երևանցիների մեջ տարածված էր մի անհեթեթ պատմություն. Ստալինը ինքնաթիռով (!) հատուկ եկել է Երևան և երկնքից դիտել իր սեփական հսկա արձանը՝ Հաղթանակի զբոսայգում: Առհասարակ, նրա անվան հետ կապվում էին հազար ու մի տեսակի առասպելներ, բոլորն էլ նրան գովաբանող, նրան չգիտես ինչ-ինչ բարեմասնություններ և ծառայություններ վերագրելով, հաճախ չգիտես որտեղից վերցրած ասույթ կամ միտք՝ իբր թե ասված նրա մասին որևէ նշանավոր մարդու կողմից: «Նա երկիրն ընդունեց արորով և հանձնեց ատոմային ռումբով»: Ստալինականների կողմից շատ հաճախ շահարկվող այս նախադասությունը, որը կրկնում էր նույնիսկ Է. Շևարդնաձեն, ինչ-որ մեկի «թեթև ձեռքով» վերագրվում է Չերչիլին: Իրականում Չերչիլը երբեք նման բան չի ասել և չէր էլ կարող ասել: Պատերազմի ժամանակ լինելով դաշնակից պետությունների ղեկավարներ և ունենալով բավականին ինտենսիվ նամակագրություն, նրանք շատ հաճախ էին փոխանակում հաճոյախոսություններ և փոխադարձ գովեստներ, բայց վերը բերված նախադասությունը Չերչիլին վերագրելն ակնհայտորեն հնարած սուտ է և իրականության հետ աղերս չունի:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 11101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ