ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
14.03.2017 | 00:35

(սկիզբը` այստեղ)

Այս ամենի ակունքներում կանգնած էր Լենին կոչվող Մունդռիկը, որը ճԽ-ին հարգում էր ոչ քիչ, քան իր կուսակցությանը, որը, ըստ նրա, «մեր դարաշրջանի խելքն է, պատիվը և խիղճը»: Բոլորին, իհարկե, կզարմացնեն «պատվի ու խղճի» մասին Մունդռիկի տարօրինակ պատկերացումները: Այդ ինչպե՞ս, բարոյականության ո՞ր օրենքներով, մարդասպանների, քանդող-ավերողների, ապաբարոյական, ապահասարակական տարրերի «բոլշևիկներ» կոչվող այդ խուժադուժը կարող է հավակնել նման գնահատականի: Ինձ ավելի շատ զարմացրել ու զայրացրել էր լկտի գրագողության և նենգափոխության փաստը: Չէ՞ որ դեռ վաղուց էր բոլորին հայտնի «Ազնվականությունը Ռուսաստանի խելքն է, պատիվը և խիղճը» ասույթը: Սա, ինչպես ասում են, ուրիշ «օպերայից» է և բոլորովին էլ հեռու չէր ճշմարտությունից: Իսկ Մունդռիկը խելքից դուրս հեռու էր և՛ պատվից, և՛ խղճից, և՛ ազնվությունից ու ազնվականությունից:


Ի միջի այլոց, կուզեի այստեղ հիշել մի բացառիկ տաղանդավոր կնոջ՝ Նադեժդա Մանդելշտամի (Օսիպ Մանդելշտամի այրու) պարադոքսալ դիտարկման մասին: Նա իր «Հիշողություններ» շատ հետաքրքիր գրքում բազմաթիվ օրիգինալ դիտարկումների թվում նշում է նաև հետևյալը. «շպիոնների»-գործակալների այդ 11-միլիոնանոց բանակը շահագրգռված էր ստեղծված անմարդկային ու այլանդակ համակարգի գոյատևմամբ, քանզի նրա փլուզումը անխուսափելիորեն պետք է հանգեցներ այդ գործակալական ցանցի և հենց իրենց՝ մատնիչների ստոր արարքների և գործունեության բացահայտմանը, որը, ցավոք, ոչ Ռուսաստանում, ոչ էլ Հայաստանում այդպես էլ չկայացավ:
Ոչ ոք, բացի Մունդռիկից, ներքին ահաբեկչության, ասել կուզի սեփական ժողովրդի դեմ, այդ քանակությամբ ինտերնացիոնալ «լյումպեն» չի օգտագործել. գերմանական, չեխական, ավստրա- հունգարական, թուրքական բանակների ռազմագերիներից, լատիշ հրաձիգներից, չին կամավորներից, ինտերնացիոնալ հեղափոխականներից կազմավորվում էին հարվածային, արգելափակիչ, պատժիչ և պահակային ջոկատներ, որոնք առանձնանում էին սոսկալի դաժանությամբ և ցինիզմով:


Աննախադեպ էր նաև այդ ստոր ծնունդի գործած մյուս ոճիրը, երբ նրա ցուցումով, առանց դատ ու դատաստանի, սպանվեցին կայսերական ընտանիքի բոլոր անդամները, ներառյալ երեխաները, ինչպես նաև շատ ազգականներ ու սպասավորներ՝ ավելի քան 40 մարդ: Պետության գահընկեց ղեկավարի և նրա ընտանիքի նկատմամբ այդպիսի արյունալի հաշվեհարդարի դեպք ես չեմ հիշում պատմության մեր դասագրքերից, և հայտնի է, որ այդ մարդակեր հրեշից հետո ոչ մի բռնատեր ու դիկտատոր նման քայլի չի դիմել:
1918 թ. օգոստոսի 30-ին էսէռ Ֆանի Կապլանը վճռական փորձ կատարեց այդ վիժվածքին գրողի ծոցն ուղարկելու, բայց, ցավոք, շատ վատ տեսողության պատճառով վրիպեց, և Մունդռիկն ընդամենը թեթև վիրավորվեց: Դժվար է նույնիսկ պատկերացնել թե քանի միլիոն մարդու կյանք կփրկվեր, եթե Կապլանը չվրիպեր: Էլ չենք ասում, թե ինչ կշահեր Հայաստանը, քանզի չէր կայանա Մունդռիկ Լենին-Քեմալ Աթաթուրք պիղծ դաշինքը:
Մունդռիկը չուներ հոգևոր հայրենիք, չուներ ոչ մի կապվածություն ռուսական հող ու ջրին, լեզվին ու մշակույթին, արվեստին ու գրականությանը: Նրա համար գոյություն չունեին խիղճ, պատիվ, ազնվություն, ամոթ, առաքինություն հասկացությունները: Տարիներ շարունակ պարազիտային կյանք վարելով ցյուրիխներում ու փարիզ-լոնդոններում, Մունդռիկը երբեք չէր հետաքրքրվում, թե իրեն ուղարկված փողերն ինչ ծագում ունեն և ինչպես են ձեռք բերվել, այդ թվում` ավանտյուրիստ Սիմոն Տեր-Պետրոսյանի (ավելի շատ հայտնի է Կամո մականունով) Թիֆլիսի կենտրոնում իրականացրած դաժան ահաբեկչությամբ (5 զոհ և 20-ից ավելի վիրավոր): Ձերբակալվելով ու գիժ ձևանալով, նա ապշեցրեց գերմանացի հոգեբույժներին ոչ միայն նրանց շատ դաժան էքսպերիմենտներին դիմանալով, այլև, հազար ներողություն... քաքակերությամբ: Այս վերջինը արձանագրված փաստ է:
Մի զարմանալի պատմություն ևս: Ինչպես գրում է Նարինե Թուխիկյանը իր «Խոստովանություն» վերտառությամբ հիանալի էսսեների ժողովածուում, այդ Մունդռիկը չի խորշել նույնիսկ մեր դասական գրող Մուրացանի ընտանիքին պատկանող փողերը յուրացնելուց:


Բայց, ինչքան էլ տարօրինակ է, Մունդռիկը բավականին կողմնակիցներ ուներ: Ավելի զարմանալին այն էր, որ նրանց մեջ կային նաև կրթված և մտավոր բարձր կարողություններով օժտվածները (հիշենք թեկուզ «մերոնց», հայազգիներին՝ Շահումյան, Սպանդարյան, Մյասնիկյան, Միկոյան, Գայ (Հայկ Բժշկյան) և ուրիշներ): Այնուամենայնիվ, նրա հենարանը հասարակության ստորին խավերն էին, անապահով և կրթական ցածր ցենզով սոցիալական շերտերը: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, տարիներ առաջ Նադեժդա Տեֆֆիի մոտ էի կարդացել ինչ-որ միտինգում Մունդռիկի ելույթից նրա ստացած տպավորության մասին: Ինչպես վկայում էր Տեֆֆին, այդ Մունդռիկին հաջողվում էր ամբոխի մեջ արթնացնել, բորբոքել և թեժացնել ամենաստորին կրքերն ու չար բնազդները, դրանք ուղղորդելով քանդելու, ավերելու, կոտորելու և սպանելու իր նվիրական գաղափարներին:
Հետաքրքիր գրառում կա նաև Ի. Բունինի մոտ.
«Съезд советов. Речь Ленина. О какое это животное!» (И. Бунин. Окаянные дни, 2 марта, 1918 г.)
Այդ մոլագարի անմարդկային և բացարձակ ապօրինի գործողությունների պատճառով հսկայական կորուստներ կրեց հայ ժողովուրդը: Հենց նրա հանցավոր հրամանով ռուսական կանոնավոր զորքերը դուրս բերվեցին Կովկասյան ռազմաճակատից, փաստորեն, Արևմտյան Հայաստանից, և «ծննդյան օրից բարոյական այլանդակ» (ռուս մեծ գրող Իվան Բունինի գնահատականն է) այդ վիժվածք Մունդռիկը Թուրքիային նվիրաբերեց հայկական հազարամյա տարածքները, քաղաքները և նահանգները, և ոչ միայն արդեն ազատագրված Վանն ու Մուշը, Սասունն ու Ալաշկերտը, այլև Կարսն ու Անին, Իգդիրն ու Արդահանը, մեր սրբազան լյառն Արարատը, իսկ արհեստածին Ադրբեջանին բռնակցվեցին Ղարաբաղն ու Նախիջևանը: «Այդպես էլ Ղարաբաղը կցեցին Ադրբեջանին, ի՞նչ տարբերություն` ում, այդ ժամանակ պետք էր հաճոյանալ սրտակից բարեկամին՝ Թուրքիային»,- տարիներ հետո գրեց ռուս գրող և հանճարեղ մտածող Ալեքսանդր Սոլժենիցինը:


Այդ Լենին կոչվող վիժվածքը գործը հասցրել էր ոչ միայն Թուրքիային հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք, այլև փթերով ոսկի և նույնիսկ հսկայական քանակությամբ հաց ու հացահատիկ նվիրելուն և դա այն դեպքում, երբ Ռուսաստանում համատարած սով էր, և ամեն օր հազարավոր մարդիկ էին սովամահ լինում:
Արժե մեր հարգելի ընթերցողներին հիշեցնել Մունդռիկի «համեստ» նվիրատվությունների քանակն ու բովանդակությունը: Ահա այն. 39 000 հրացան, 327 գնդացիր, 54 հրանոթ, 63 միլիոն փամփուշտ, 147 000 արկ, 1500 թուր, 20 000 հակագազ, երկու ծովային կործանիչ նավ` «Ժիվոյը» և «Ժուտկին»:
Խորհրդային մասնագետները Անկարայում կառուցեցին վառոդի երկու ֆաբրիկա և հանձնեցին սարքավորում փամփուշտի գործարանի համար` հումքի հետ մեկտեղ: Բայց դա դեռ բոլորը չէ։ Շուտով հանձնվեցին 200,6 կգ ոսկու ձուլակտորներ, իսկ հետո մաս-մաս ևս 10 միլիոն ռուբլի ոսկով, իսկ «լեգենդար կոմանդարմ» Ֆրունզեն Տրապիզոն այցելելիս նվիրեց 100 000 ռուբլի ոսկով՝ որբանոց կառուցելու համար: Թուրք ավազակապետությունն այդ ամենն օգտագործում էր արյունաքամ եղած հայ ժողովրդի դեմ ու մյուս բնիկ քրիստոնյա ժողովուրդներին տեղահանելու և բնաջնջելու համար:


Այստեղ ես կուզեի հարգելի ընթերցողիս ներկայացնել իմ հարազատ քեռու` Սարդարապատի ազգափրկիչ ճակատամարտի հերոս, կապիտան Կլիչի գումարտակի գնդացրորդ Բենիամին Դեղոյանի պատմածը:
Նա ռուսական բանակ էր զորակոչվել 1916 թ. Նոր Բայազետի (Գավառի) Սարուխան գյուղից և այն շատ քչերից էր, որ ուղարկվել էր Կովկասյան ռազմաճակատ: (Ռուսական ռազմավարական մտքի «նվաճումներից էր նաև այդ, մեղմ ասած, տարօրինակ որոշումը՝ զորակոչված 100 հայորդիներից առնվազն 90-95-ը մեկնում էին արևմտյան ռազմաճակատ):1917 թ. աշնանը նրանց զորամասը Վանում էր և, ինչպես պատմում էր լուսահոգի քեռիս, նրանք ապահովված էին զենքով, զինամթերքով, հագուկապով, սննդամթերքով, նույնիսկ զանազան պահածոների պաշարներով, որոնց մասին մինչ այդ չէին էլ լսել: Եվ հանկարծ այդ նողկալի հրամանը՝ ռազմի դաշտը լքելու և տուն վերադառնալու մասին: Հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել այդ անասելի ստորության հետևանքները: Հայորդի զինվորականների բացարձակ մեծամասնությունը արևմտյան ճակատում էր, իսկ Կովկասյան ռազմաճակատում ռուսների անկազմակերպ հեռանալուց հետո տիրում էր կատարյալ քաոս և անիշխանություն: Սակավաթիվ հայազգի զինվորները համախմբվեցին հայրենասեր սպաների շուրջը, ստեղծեցին ռազմական ստորաբաժանումներ, իսկ նրանց մի մասն էլ միացավ կամավորական ջոկատներին, որոնք շատ մեծ դեր խաղացին և Սարդարապատում, և հայրենիքի փրկության ու պաշտպանության համար մղված մյուս ճակատամարտերում:


Շուրջ մեկ դար է, որ նույնիսկ քաղաքագետներին ու պատմաբաններին զարմացնում է, թե ինչպես պատերազմի մոտալուտ հաղթական ավարտի նախօրեին սեփական երկրի և ժողովրդի պարտությունը քարոզելով, ոչ մի բարեմասնությամբ չփայլող, խարիզմատիկ առաջնորդի որևէ տվյալով չօժտված այդ աղետաբեր Մունդռիկին հաջողվեց զավթել իշխանությունը հսկայական երկրում: Խորհելով այդ մասին, շատ հաճախ գալիս ես տխուր և տարօրինակ եզրահանգման, թե որոշակի օրինաչափությունների հունով ընթացող մարդկային պատմությունը ինչպիսի զիգզագներ կարող է թույլ տալ և որքան մեծ կարող է լինել պատահականությունների դերը նրանում: Հենց այդ ժամանակ էր, որ Չերչիլը գրել է. «Ճակատագիրն անողոք վարվեց Ռուսաստանի հետ. նրա նավը խորտակվեց, երբ մինչև նավահանգիստը կես մղոնից էլ պակաս էր մնացել»:
Ռուսաստանում 1917 թ. աշնանը ռազմական, քաղաքական, սոցիալական և անհատական գործոնների համակցությունը ստեղծեց մի իրավիճակ, երբ պետք էր միայն ճշտորեն որոշել պատմական պահը. որ օրը և որ ժամին պետք էր զավթել Պետրոգրադի սալահատակներին փաստացի թավալված իշխանությունը: Եվ այդ պահը անսխալ որոշեց այդ Լենին կոչվող ոճրագործը: Չլիներ ոճրագործի այդ խորաթափանցությունը, հեղաշրջումը կարող էր և չլինել:
Եթե չլիներ պատահականությունների անհավական զուգադիպությունների այդ շղթան, ապա Վլադիմիր Իլյիչ ՈՒլյանով-Լենին հորջորջվող այդ ստահակի անունը տեղ չէր ունենա պատմության էջերում, և նրան երբեք չէր հաջողվի այդքան խոր և այլանդակ սպի թողնել 20-րդ դարի պատմության դեմքին:


Նա իշխեց վեց տարուց մի քիչ ավելի, որից վերջին երկու տարին հիվանդ էր, և նրա մասնակցությունը քաղաքական կյանքին շատ սահմանափակ ու սիմվոլիկ էր, իսկ կյանքի վերջին տարում նա պարզապես «զակոնով գիժ» էր և հենց այդ կարգավիճակով էլ ավարտեց մարդկության պատմության մեջ մեծագույն չարագործի իր եղկելի գոյությունը:
Հիմա, երբ տարիների հեռվից փորձում ես հասկանալ այդ խառնակ ժամանակների բարդ, հակասական, շատ հաճախ ուղղակի աներևակայելի և անմարդկային արարքները, նորից ու նորից ապշում ես, թե ինչպես մարդկային ուղեղը կարող է ընդունակ լինել այսպիսի «գլուխգործոցների».
-Մեզ բավական է ռուս ժողովրդի 10 %-ը, որ ընթանանք համաշխարհային հեղափոխության ճանապարհով:
Այո, հարգելի իմ ընթերցող, հենց այդպես՝ ոչ ավելի, ոչ պակաս: Այդ մոլագարը առանց մի վայրկյան իսկ տատանվելու պատրաստ է զոհաբերելու ռուս ժողովրդի 90 %-ը (100 միլիոնից ավելի մարդու) հանուն իր զառանցագին գաղափարի իրականացման: Ընդ որում` ռուս ժողովրդի բացարձակ մեծամասնությունը գաղափար իսկ չուներ այդ օտարածին ուսմունքի մասին:
Մեկ ուրիշ օրինակ. մեկ միլիոն գերի կազակների մասին Ձերժինսկուն ուղղված նամակի մակագրությունը. «Գնդակահարել մինչև վերջին մարդը»:


Կազակությունը ռուս ժողովրդի առողջ, ավանդապահ և իր հող ու ջրին նվիրված այն խավն էր, որը վճռականորեն դեմ էր բոլշևիկների ցնորամիտ ծրագրերին և բոլորովին մտադիր չէր հլու- հնազանդ ենթարկվելու այդ անօրենների այլանդակ կամայականություններին: Չարագործ Մունդռիկը իր բոլշևիկ «կազակական շրջաններում աշխատող բոլոր պատասխանատու ընկերներին» հրահանգում էր. «Անհրաժեշտ է միակ ճիշտը համարել ամենաանխնա պայքարն ընդդեմ կազակության ամբողջ վերնախավի՝ նրանց գլխովին ոչնչացնելու միջոցով... Անխնա զանգվածային տեռոր իրականացնել առհասարակ այն բոլոր կազակների նկատմամբ, ովքեր որևէ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել սովետական իշխանության դեմ պայքարին»:
Արդեն լավ կարգավորված և 1918 թ. 2-րդ կեսից գործարկված ահաբեկչության արյունալի մեքենան ապահովեց բոլշևիկների կողմից մարդկանց հսկայական զանգվածների հնազանդեցումը, գյուղացիության, բուրժուազիայի, սպիտակ սպայակազմի դիմադրության ցանկացած դրսևորման անողոք ճնշումը:
Վերևում բերված երկու օրինակները սովորական բաներ են Մունդռիկի 1918-1922 թթ. ամենօրյա գործունեությունից, երբ նա դեռ «օրենքով գիժ» չէր ճանաչվել գերմանացի նշանավոր հոգեբույժների կողմից:


Հիմա խնդրում եմ ասեք, հարգելի ընթերցող, կարո՞ղ են արդյոք որևէ բանական մարդու մտքով նման բաներ անցնել (ոչ մի կերպ չեմ կարողանում հարմար բառ-գնահատական գտնել):
Պարզից էլ պարզ է, որ «նորմալ» Լենինը, ի տարբերություն «օրենքով գժի» թուղթ հանելուց հետո եկող օրերի, սարսափելի վտանգ էր ներկայացնում և օր առաջ նրան մեկուսացնելը դարձել էր հրամայական պահանջ: Եվ օգնության հասան Բարձրյալն ու բնությունը: Բայց խախտվեցին արդարության և պատժի անխուսափելիության մասին բոլոր օրենքները: Նա և նրա գործի հանճարեղ շարունակողը լիուլի վաստակել էին իրենց համեմատությամբ անմեղ գառներ Սադամ Հուսեյնի կամ Մուհամար Քադաֆիի պես ժողովրդական դատ ու դատաստանին արժանանալու «իրավունքն ու պատիվը»: Եվ ոչ միայն նա, այլև նրա ամբողջ շրջապատը՝ Տրոցկի, Սվերդլով, Կամենև, Զինովև, Ստալին, Մոլոտով և մնացած բոլոր թափթփուկներն էլ հետը:


Ամբողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ գրվում էր պատմության ամենաողբերգական էջերից մեկը, և մինչ օրս շատ դժվար է պատկերացնել ու հասկանալ, թե այդ ինչպես կարող էր և կարողացավ անկիրթ, չարանենգ ստահակների ոչ մեծաթիվ մի խումբ զավթել իշխանությունը հսկայական երկրում, աներևակայելի լկտիությամբ ու խաբեությամբ պահել այն, աննկարագրելի դաժանություններով, զանգվածային սպանություններով ահաբեկել և ստրկացնել ամբողջ բնակչությանը, այնպիսի խորության ու մասշտաբների հասցնել ժողովրդական լայն զանգվածների յոթ տասնամյակից ավելի տևած զոմբիացման պրոցեսը, որ մինչ օրս էլ բավականին մեծ թիվ են կազմում «համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի»՝ Լենին հորջորջվող այդ ստահակի մասին սխալ, անհեթեթ, նրա իրական կերպարի հետ ոչ մի առնչություն չունեցող պատկերացումների տեր մարդիկ:
Դեռ շատ պատմաբաններ, փիլիսոփաներ, սոցիոլոգ-հասարակագետներ կփորձեն, կաշխատեն լուծել այդ հանելուկը, թե ինչպես քաղաքակիրթ աշխարհում իր գրականությամբ, երաժշտությամբ, կերպարվեստով, փիլիսոփայական մտքի ակնառու նվաճումներով իր պատվավոր տեղը նվաճած, տնտեսական բարձր ցուցանիշներով, հասարակական-քաղաքական-հոգևոր ոլորտներում բազմաթիվ վառ անհատականություններով հարուստ այդ երկիրը հայտնվեց ոչ մի բանով ուշադրության արժանի, Ռուսաստանի և ամեն ռուսականության հետ հոգևոր որևէ կապ չունեցող, մարդկային բարոյականության բոլոր օրենքները ոտնահարող եղկելի մի արարածի ձեռքում և կճղակների տակ:
Քաղաքացիականության զարգացած զգացողությամբ ոչ մի երկրում չէր կարող լինել այն, ինչ եղավ Ռուսաստանում:


Ռուսաստանի համար սա մի իսկական ողբերգություն էր և է, աղետ, որի սարսափելի հետևանքների բուժումը հնարավոր չէ նույնիսկ 150-200 տարվա ընթացքում:
70 տարի շարունակ մեզ սովորեցրել են, թե ինչպես է «հերոսական» Կարմիր բանակը պարտության մատնում Անտանտի ինտերվենցիոն զորամիավորումներին, ազատելով երկիրը անկոչ հյուրերից, ապահովելով նրա հետագա «առաջընթացը» լենինյան ուղիով: Մինչդեռ իրականում ամեն ինչ պարզից էլ պարզ էր. ո՛չ Ամերիկային, ո՛չ Անգլիային կամ Ֆրանսիային, ո՛չ էլ Ճապոնիային երբեք չէր կարող ոգևորել Ռուսաստանի ավելի հզորացման որևէ հեռանկար: Եվ այդ երկրների ղեկավարները սովորական խոտակերներ հո չէին, որ չօգտվեին ճակատագրի մատուցած այդպիսի շռայլ ընծայից՝ բոլշևիկները այնպես կքանդեին ու կավերեին հսկա Ռուսաստանը, ինչը դժվար թե իրենց հաջողվեր նույնիսկ մեծ ջանքերի շնորհիվ: Հետագայում, տեսնելով, թե ինչպիսի չարորակ ուռուցք է գոյացել Երկիր մոլորակի վրա և թե ինչպիսի սարսափելի վտանգ են ներկայացնում այդ ուռուցքի մետաստազներն ու բոլշևիկների անհագ ծավալապաշտական նկրտումները, ՈՒինսթոն Չերչիլը 1949 թ. դառնությամբ պիտի գրեր «...կգա օրը, երբ բոլորին վերջնականապես պարզ կլինի, որ բոլշևիզմը օրորոցում խեղդելը կլիներ մեծագույն բարիք համայն մարդկության համար»: Եվ միակ լավ բանը, որ բոլշևիկներն ու լենինիզմը մատուցեցին մարդկությանը, թերևս այն ուսանելի «դասը», այն տրագիկոմեդիան էր, որ նրանք ցուցադրեցին աշխարհին:
20-րդ դարում աշխարհը հսկայական չափով փոխվեց պատմության բնականոն ընթացքից Լենինի միջամտության արդյունքում: Եղան նաև Մունդռիկի մի քանի հետևորդներ, որոնք փորձեցին երջանկացնել հարազատ ժողովուրդներին` իրենց երկրներում ստեղծելով «դրախտ» Լենինի դեղատոմսով: Ամենուր նույն տխուր, ավելի ճիշտ` ողբերգական արդյունքն էր՝ անթիվ-անհամար զոհեր, հսկայական նյութական և բարոյական կորուստներ, ավեր ու զրկանքներ: Այդ «դեղատոմսից» չկարողացան խուսափել բոլոր այն երկրները, որոնք «ազատագրվեցին» սովետական քաջարի զորամիավորների տանկերով և որոնց «դրախտային» կյանքը շարունակվեց մինչև ԽՍՀՄ անփառունակ վախճանը։


Մարդկության մյուս մասը, տեսնելով Ռուսաստանում կատարվածը, ահով և սարսափով ընկրկեց սեփական երկրում բոլշևիկյան խելացնոր և կործանարար էքսպերիմենտը կրկնելու հնարավորությունից: Սեփական «հոկտեմբերից» խուսափելու ցանկությունը ստիպում էր շատ երկրների քաղաքական ուժերին փնտրել, գտնել և իրականացնել արդյունավետ բարեփոխումներ, ներդնել իրենց տնտեսական համակարգերի աճին և բարելավմանը նպաստող սոցիալական ծրագրեր, ընդլայնել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Սա, թերևս, միակ օգուտն էր, որ լենինիզմը և բոլշևիկները տվեցին մարդկությանը:
Կարծես հենց այս չարագուշակ մտքերն են դրդել ռուս փիլիսոփա, ինքնատիպ մտածող Պյոտր Չաադաևին գրելու. «Ռուսաստանն ունի կարևոր պատմական առաքելություն՝ ցույց տալ ուրիշ ժողովուրդներին, թե ինչպես չի կարելի ապրել: Ռուսաստանը հենց դրա համար էլ գոյություն ունի, որ սարսափելի դաս տա մյուսներին»:


Լենինյան համակարգը ծնվելուց հետո չէր կարող յոլա գնալ առանց արտակարգության, պետականորեն կազմակերպված կամպանիաների և նոր «հեղափոխությունների». արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, մշակույթում, սոցիալական ոլորտում, գաղափարախոսության մեջ: Սոցիալական ռասիզմ արտահայտող դասակարգային դոգմաները արդարացնում էին ցանկացած բռնություն հասարակության, բարոյականության, մարդու հանդեպ: Այդ իսկ պատճառով իր ստեղծման հենց սկզբից այդ համակարգը դատապարտված էր: Բայց նա գոյատևեց յոթ տասնամյակ շնորհիվ կոշտ ավտորիտարիզմի, ուժային մեթոդների, հանրային գիտակցության մանիպուլյացիաների, միլիոնների դիրեկտիվ մտածողության: Կրիտիկական ժամանակներում (պատերազմ) նա նույնիսկ ինչ-որ արդյունավետություն ցուցաբերեց, որը, սակայն, չէր կարող թաքցնել աճող, անհաղթահարելի հակասությունները այդ համակարգի և մարդու միջև: Լենինյան պետական ֆենոմենի կործանումը կանխորոշված էր:


Երևի ճիշտ էր Պլուտարքոսը, որը նշել էր Կեսարի կործանման մասին. «Այն, ինչ նախանշված է ճակատագրով, լինում է ոչ այնքան անսպասելի, որքան անխուսափելի»:

(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ