ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
22.07.2016 | 00:32

(սկիզբը՝ այստեղ)

1914-15 թվականներին հայերը Սարիղամիշում ռուսներին փրկեցին պարտությունից՝ պաշտպանելով ռուսական կայսրության աշխարհաքաղաքական շահերը հարավից ու հենց դրա համար էլ հատուցում ստացան՝ ցեղասպանության տեսքով: Սարիղամիշի ճակատամարտի հետագա վերլուծությունների ընթացքում գերմանացիները պետք է գնահատեին հայերի ունեցած դերը թուրք-գերմանական ուժերի պարտության մեջ, պետք է մտածեին նաև հայկական գործոնի դեմն առնելու մասին: Ի՞նչ էր պետք գերմանացիներին, որ կարողանային հաջողությամբ առաջ մղել իրենց ռազմական պլանները Թուրքական ու Արևելյան ռազմաճակատներում: Գերմանիան պետք է կարողանար լուծել երկու կարևոր խնդիր, իրականացնել երկու մասշտաբային միջոցառում.
ա) վերացնել հայկական գործոնը՝ հայերի զանգվածային ոչնչացման (ցեղասպանության) միջոցով, որի փորձը հետագայում գերմանացիները հաջողությամբ օգտագործեցին հրեաների ու սլավոնական ժողովուրդների ցեղասպանության մեջ։
բ) Ռուսաստանը պայթեցնել ներսից՝ սոցիալիստական հեղափոխություն հրահրելու միջոցով, որը արվեց Վլադիմիր Իլյիչ Լենինի միջոցով, և որը, ինչպես կյանքը ցույց տվեց, դարձավ Ռուսական կայսրության փլուզման ու ռուս ժողովրդի ցեղասպանության պատճառ: Հայերի ցեղասպանությունը գերմանացիները կատարեցին թուրքերի, ռուսների ու, առավել քողարկված մնալու համար, քրդերի ձեռքով:


Պապիս պատմությունը այստեղ շարունակվում է.
-1920 թվականին խրամատներում դիրքավորված սպասում էինք թուրքերի հարձակմանը, հանկարծ ամեն ինչ փոխվեց, եկավ կապիտան Սարգիս Մուսայելյանն ու այսպիսի հրաման տվեց.
-Շարքի, հավսա՛ր, զգա՛ստ, ա՛ջ դարձ, քայլով մա՛րշ:
Մեզ տարան ու փակեցին զորանոցներում, զինաթափեցին ու հաջորդ օրը բոլորին ուղարկեցին իրենց տները: Թուրքիան գրավեց ու որոշ ժամանակով օկուպացիայի տակ պահեց Ալեքսանդրապոլ քաղաքը:
Այստեղ կա նաև իմ տատի՝ Մաջանի պատմած պատմությունը.
-Սրապ պապը գյուղի բոլոր հարսներիս ու աղջիկներիս հանձնարարեց, որ վերցնենք մեր ձեռքի գյուղատնտեսական գործիքները (փոցխ, եղան, գերանդի, ինչ պատահի), բարձրանանք մեր կտուրների վրա ու թուրքերի հայտնվելուն պես գործիքները թափահարենք և գոռուն-գոչյուններով նրանց վախեցնենք:


Դա 1918 թվականի մայիսի 26-ն էր, Սառնաղբյուրի հերոսական ճակատամարտի օրը, երբ գյուղացիները Սրապի, Սահակի ու մյուս քաջարի հայորդիների գլխավորությամբ՝ գյուղի Վանքի ձոր կոչված հատվածում կտրեցին բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակած թուրքական զորքերի ճանապարհը, որոնք շտապում էին Սարդարապատ՝ միավորվելու թուրքական մյուս ուժերի հետ: Սառնաղբյուրցիները, շրջակա գյուղերի բնակիչները, գաղթականները միավորվեցին՝ մոռանալով մահվան սպառնալիքի մասին ու Կարմիր վանքի շրջակայքում կոտորեցին թուրքերին, թույլ չտվեցին հասնել Սարդարապատ՝ հավատալով, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Սրապ պապը Երեմ Ասլանյանի հորեղբայրն էր, որի հերոսական կերպարը մտած է մեր մեջ: Սրապ պապի թոռներից էր նաև իմ եղբայրը՝ Կառլոս Հարությունյանը, որ կամավոր գնաց Ղարաբաղ՝ շարունակելու հայ-թուրքական դարավոր կռիվը, 1992 թվականին վիրավորվեց, բուժվում էր Երևանի ռազմական հոսպիտալում, պատրաստվում էր ապաքինվելուն պես վերադառնալ Ղարաբաղ:
-Կառլոս ջան, բավական է, էլ մի գնա, դու քո բաժին կռիվն արդեն տվել ես, հիմա էլ թող սեղանիկների առջև կանգնած ջահելները գնան կռվելու,- նրան հորդորում էր հայրս՝ Նորայր Համազասպյանը:
-Չի լինի, հոպար ջան, իմ հայրենիքը ո՞նց թողնեմ այդ խուժանների հույսին:
Կառլոսը գնաց Ղարաբաղ, կռվեց, զոհվեց Քելբաջարում, թաղված է Թալինի գերեզմանոցի պանթեոնում: Մենք ազգովին հպարտանում ենք Կառլոսով, Սրապ ու Երեմ պապերով: Մի փոքրիկ պատմություն էլ բերեմ 2-րդ համաշխարհային պատերազմից, որը պատմել է հայրս.
-Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի 25 ուսանողներիս 1944 թվականին զորակոչեցին բանակ (Նորայր Համազասպյանը ԵՊՀ գերազանցիկ ուսանող էր, Ստալինյան թոշակառու- Վ. Հ.), երկու ամիս Փոթիի ռազմաբազայում հայ ու վրացի զինակոչիկներին վարժեցնելուց հետո մեզ հայտնեցին, որ վաղը մեկնելու ենք ռազմաճակատ: Հաջորդ օրը վրացիներից մարդ չէր մնացել, բոլորը հեռացել էին (վրացիները արտոնյալ կարգավիճակ ունեին ու նրանց հիմնականում գործող ճակատ չէին ուղարկում, կռվի տարիներին վրացական ազգային դիվիզիան զբաղված էր Հայաստանի ճանապարհների շինարարությամբ- Վ. Հ.), մնացել էինք միայն հայերս, երեկոյան զենքերը բաժանեցին՝ երեք հոգուն միայն մեկ հրացան էր հասնում։ «Բա մե՞զ,- հարցրինք ռուս հրամանատարին»։
«Չկա՛, զոհվածներից կվերցնեք»: Նավով տարան Ղրիմ, միանգամից ռազմի դաշտ, գերմանական «Պանտերա» տանկերը որ գալիս էին՝ մի սարսափելի դղրդոց էր ընկնում, դա դեռ ոչինչ, անտանելի շոգ էր, խմելու ջուր չկար, ծարավը տանջում էր մեր զինվորներին, մի տեղ ցեխոտ ջրափոս տեսա՝ մեջը սատկած ձի, բռով մի քիչ ջուր վերցրի, աչքերս փակեցի ու խմեցի, հետո տղաները ասացին, որ մեր զորամասից քիչ հեռու թաթարական գյուղ կա, գնանք ջուր խմելու, տղաներից 8-ը գնացին, մեր հրամանատարը ինձ նկատեց ու հետ կանչեց, թույլ չտվեց գնալ տղաների հետևից։ Ջրի գնացածները վերադարձան, պառկեցին ու մի քանի ժամվա ընթացքում հերթով մեռան։ Ղրիմի թաթարները նրանց թունավորված ջուր էին տվել:
25 ուսանողներից վերադարձան միայն 2-ը՝ հաշմանդամ դարձած, 23-ը մնացին կռվի դաշտում՝ 2-րդ համաշխարհային պատերազմում զոհված 300 հազար հայ զինվորների հետ։

Հարց՝ ինչո՞ւ էին Ղրիմ ուղարկել անզեն հայ զինվորներին, ի՞նչ կարող էին նրանք անել գերմանական տանկային դիվիզիաների դեմ։ Բայց արեցին, ազատագրեցին Ղրիմը, Ղրիմը ազատագրել են մեր հայրերը՝ իրենց արյամբ ու հերոսական կռիվ տալով: Այս առիթով Վլադիմիր Պուտինին բաց նամակ էի գրել՝ հիշեցնելով, որ Ղրիմը մեր ընդհանուր հայրենիքն է: Նամակիս նա արձագանքեց՝ 2014 թվականին՝ իր տարեկան «պրեսկոնֆերանսի» ժամանակ, հետևյալ կերպ. «Некоторые граждане других стран Крым считают своей общей родиной»:


Վլադիմիր Վլադիմիրովիչին ուզում եմ ասել, որ, Ղրիմից բացի, մեր ընդհանուր հայրենիքն են կազմում նաև ՈՒկրաինան, Բելառուսը, նաև ողջ Ռուսաստանը, որովհետև նրանց ազատագրման համար բոլորից շատ հայերի արյունն է թափվել:
Դատեք ինքներդ, Հայրենական պատերազմին մասնակցել է 600 հազար հայ զինվոր, որոնց ուղիղ կեսը զոհվել է, ինչը նոր դեմոգրաֆիական աղետ էր երեք տասնամյակ առաջ ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի համար: Ի՞նչ էր սա, եթե ոչ հայերի ցեղասպանության շարունակություն։ Ինչո՞ւ էր Ստալինը ազգերի մեջ ջոկողություն դրել, ինչո՞ւ էին հայ զինվորներին Ղրիմում և այլուր գցել իսկական մսաղացի մեջ, իսկ ուրիշ ազգի (վրացի, ադրբեջանցի) զինվորների կյանքը խնայել, պահել ու պահպանել: Կասկածից վեր է, որ 2-րդ համաշխարհային պատերազմի դաշտերում էլ է հայերի ցեղասպանության մեքենան աշխատել, դա անհերքելի փաստ է: Մեր պատմաբանները հաճախ են նշում հայ գեներալների, մարշալների ու Խորհրդային Միության հերոսների անհամեմատ մեծ տոկոսը՝ մոռանալով զոհվածների հաշվին հայ ժողովրդի դեմոգրաֆիկ հսկայածավալ կորուստների մասին:
Հռոմի պապը նշեց, որ աշխարհում երեք ցեղասպանություն է եղել. հայերի, հրեաների ու ստալինյան: Դա այդպես է, ասածին կարող ենք հավելել, որ հայերի ցեղասպանությունը 1915-23 թվերով չի ավարտվել, այն շարունակվել է Խորհրդային Միության պատմության ողջ ընթացքում. վկա` հորս արած պատմությունը, վկա` Գորբաչովի գիտությամբ Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերի պատմությունը, վկա` մերօրյա ղարաբաղյան պատմությունը, որը շարունակում է մատուցվել Ռուսաստանին հարմար ձևակերպումներով: Հայոց ցեղասպանության, հայկական հարցի շուրջ խորհրդային տարիներին տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ Լենինի հիմնած պետությունը չէր կարող 70 տարուց ավելի գոյություն ունենալ ու, քանդվելուց հետո, մի այդքան էլ քարշ չգալ՝ համաշխարհային տնտեսական «բոմժի» կարգավիճակով, որովհետև դա ռեակցիոն, հակաքրիստոս, սատանա մարդու հիմնած ու նրա ավանդույթներով շարժվող երկիր էր ու այդպիսին է մնում մինչ օրս: Լենինը չէր էլ թաքցնում իր սատանա լինելու հանգամանքը, որը հաստատվում էր ոչ միայն եկեղեցիների ավերման, հավատացյալների հալածման ու նվաստացման, ընդդիմախոսներին արյան մեջ խեղդելու, դաժանորեն լռեցնելու, կարմիր տեռորի ու այլ հակամարդկային արարքներով, այլև սեփական խոստովանությամբ.
-Եթե հեղափոխության համար անհրաժեշտ լինի, ապա սատանայի հետ էլ է պետք համագործակցել:


Լենինյան ուղու հակամարդկային էությունը ամբողջովին դրսևորվեց ու պարզ դարձավ հայկական հարցի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից, նրա հակահայկական, թուրքամետ դիրքորոշումից, այստեղ նա համագործակցության գնաց չար ուժերի, սատանաների հետ: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Լենինը բարոյական ու անբարոյական արժեքների միջև ընտրություն կատարելու փայլուն հնարավորություն ուներ. օգնել ցեղասպանությունից մի կերպ փրկված մի բուռ մնացած հայերին (1920 թվականին Հայաստանում ապրում էր ընդամենը 600 հազար մարդ, ամենուր գաղթականներ, սով, համաճարակ, թշվառություն էր տիրում)՝ դատապարտելով ու պատժելով ցեղասպան Թուրքիային: Սակայն Լենինը գնաց իր անբարոյական ճանապարհով՝ հավատարիմ մնալով իր տերերի՝ գերմանացիների կազմած ծրագրերին, գնաց սատանայի ճանապարհով՝ ցեղասպան Թուրքիան փրկելով կործանումից ու, դարձյալ հայերի ու հայկական տարածքների հաշվին, զարգացնելով Թուրքիայի ներկայությունը Կովկասում:


Հիշենք, որ 1-ին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, Սարիղամիշում կրած պարտությունից երեք ամիս հետո, Օսմանյան կայսրությունում սկսվեց հայերի ցեղասպանությունը, որը կազմակերպված ձևով անցկացվեց գերմանա-թրքական դահիճների կազմած ծրագրով ու անմիջական մասնակցությամբ (այո, ոչ թե թուրքական, այլ գերմանա-թրքական ցեղասպանություն, որովհետև 1915-ին այն էականորեն տարբերվում էր 1896 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած սուլթանհամիդյան ջարդերից): 1915 թվականի ցեղասպանության մեջ հստակորեն երևում էր գերմանական պեդանտիզմի ու կարգապահության հատուկ ձեռագիրը՝ ցեղասպանական միջոցառումների նախապես կազմված պլանների առկայություն, կազմակերպվածության բարձր աստիճան, գաղտնիության խստագույն միջոցառումներ, պետական մակարդակով ապատեղեկատվություն և այլն: Տեղահանված հայերին զանգվածաբար կոտորելուց առաջ, գերմանացիները նրանց օգտագործեցին իրենց Բեռլին-Բաղդադ ստրատեգիական նշանակության երկաթգծի շինարարության մեջ՝ որպես որակյալ ու անվճար բանվորական ուժի, հայերի դիմադրությունը կոտրելու համար սկզբում զորահավաք կազմակերպվեց՝ հավաքելով, զինաթափելով ու սպանելով մարտունակ հայ տղամարդկանց: Սպանելու հարցում թուրքերի ու գերմանացիների մեջ մեծ տարբերություն կար, որը գալիս էր այդ ժողովուրդների քաղաքակրթական մակարդակների տարբերությունից: Թուրքերը անպաշտպան մարդկանց սպանում էին մեծ խանդավառությամբ, գերմանացի զինվորները, չնայած նացիստների երկարատև դաստիարակչական աշխատանքներին, հոգեբանորեն չէին կարողանում հարմարվել անզեն մարդկանց, կանանց ու երեխաների սպանության գործին, չէին դիմանում, ընկնում էին հոգեկան ապրումների մեջ: Այդ դրությունից դուրս գալու համար մարդ սպանելու գործը գերմանացիները դրեցին գազային խցերի վրա: Հետագայում ես կբերեմ մի պատմություն, թե գերմանացիները ինչպես վարվեցին 100 հազար մանկահասակ հայ երեխաների հետ: Հոլոքոստը ևս գերմանացիներն անցկացրին կազմակերպվածության ամենաբարձր մակարդակով՝ մաքսիմում օգուտներ քաղելով նաև այստեղ. կազմակերպված ձևով կատարվում էին մասնագետների հաշվառումը, հավաքագրումն ու տեղաբախշումը գերմանական համապատասխան գործարաններում, հիվանդներին սպանում էին միանգամից, մարդկանց օգտագործում էին նաև որպես փորձակենդանիների՝ բժշկական ու դեղագործական տարբեր հետազոտությունների ժամանակ: Մի պատմություն այս թեմայով:


Երևանում գերմանացի դեղագործը գովազդում է գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված գերմանական թունաքիմիկատների չափազանց բարձր որակը, հայ գործարար Աշոտը գերմանացուն բացատրում է նրանց դեղերի իսկապես բարձր որակի գաղտնիքը.
-Իհարկե, պատերազմի տարիներին հրեաների վրա այնքան փորձեր եք կատարել, որ դրանցից հետո ձեր դեղերն ու թունաքիմիկատները չէին կարող աշխարհում ամենալավը չլինել:
Գերմանացին այդ միտքն ընկալեց, բայց գերադասեց լռել, խոսքը տեղին էր, ճշմարտությունը հիմնավոր էր: Հիմնավոր է նաև Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի անմիջական մասնակցության վարկածը, այստեղ կարելի է տրամաբանական խոր կապ գտնել, առաջին հերթին գնահատելով գերմանա-թուրքական ռազմավարական ծրագրերի միասնության գաղափարը: Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ցույց է տալիս, որ գերմանացիների զղջում են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային աջակցելու համար, պատրաստ են այսուհետ վարելու հայերին ու Հայաստանին աջակցելու քաղաքականություն: Գերմանացիները որոշակի դիստանցիա կպահեն ցեղասպան Թուրքիայից ու ամեն ինչ անելու են հայերի առաջ իրենց մեղքերը քավելու և ապաշխարելու համար:
Մի այսպիսի պատմություն: Աբովյանի արևային պոլիգոնում իմ հյուրն էին մի խումբ գերմանացիներ, որոնց հյուրասիրելու համար արևային սարքերով խոզի լավ խորոված էինք պատրաստել: Խորովածը բերելիս ես միամիտ մի հարց տվեցի գերմանացի Հանսին.
-Կներեք, Ձեզ չէի հարցրել, Դուք խոզի միս ուտո՞ւմ եք:
-Իհարկե, չէ՞ որ մենք գերմանացիներ ենք։
-Գիտեմ, բայց մեզ հայտնի չէ, թե թուրքերը գերմանացիներին հիմա ի՞նչ են թույլ տալիս անել, գիտենք, որ թուրքերը խոզի միս չեն ուտում, կարող է ձեզ էլ են արդեն արգելել:
Հանսը մռայլվեց, դեմքն այլայլվեց ու լռեց, հետո իմացանք, որ նրա դուստրը սովորել է թուրք երեխաների հետ ու փորձանքի եկել, թուրքերի մասին լսել, երեսները տեսնել չէր ուզում, նա հայտնեց գերմանացի գործարարների ներքին որոշումը. թուրքերի համար ոչինչ չանել, հայերին պետք է օգնել:


Հայոց ցեղասպանության հարցի պատճառահետևանքային կապի բացահայտումը հույժ կարևոր է ժամանակակից Հայաստանի համար, որովհետև մեր պատմության մեջ ամեն ինչ կրկնվում է, պատմական կարևոր իրադարձությունները գնում են նույն հունով, ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել մեկ դար առաջ: Եթե մի կողմ դնենք ռուս-թուրքական ներքին հակասությունների խնդիրը, ընդհանուր ու դիֆերենցված տնտեսական ու ռազմաքաղաքական շահերը, ապա կտեսնենք, որ հայկական էթնոսի թուլացման ու տարածաշրջանից դուրս մղելու հարցերում նրանց միասնական մոտեցումը դեռևս ուժի մեջ է:
1917-23 թվականների Գերմանիա-բոլշևիկյան Ռուսաստան, Գերմանիա-Թուրքիա, բոլշևիկյան Ռուսաստան-Թուրքիա ռազմաքաղաքական համագործակցության մանրամասները համառորեն գաղտնի են պահվում հայ ու համաշխարհային հանրությունից: Ցավոք, հայ պատմաբանները ևս, ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, խիստ կարևոր այս հարցերը անուշադրության են մատնել, որովհետև մինչև ականջների ծայրը սիրահարված են մեր տարածաշրջանում երկակի խաղեր տվող Ռուսաստանին: Կարող եմ խոստովանել, որ չնայած ցարական Ռուսաստանի թույլ տված ցավալի վրիպումներին, դրականորեն եմ գնահատում Ռուսաստանի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ մինչև 1915 թվականը, բայց հետո մենք տեսանք մեկ ուրիշ Ռուսաստան, որը մեծ օգուտներ տվեց ու ճակատագրական պահին փրկեց ցեղասպան Թուրքիային՝ անչափ մեծ վնասներ հասցնելով ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդին: Դժվար է համաձայնել այն հայ գործիչների հետ, որոնց կարծիքով՝ այսօրվա Հայաստանը գոյություն ունի միայն Ռուսաստանի շնորհիվ: Այո, հայկական տարածքների մեծ մասը նվիրելով 1-ին համաշխարհայինում պարտություն կրած ու 1915 թվականի հայկական եղեռնն իրագործած Թուրքիային, Ռուսաստանը թույլ տվեց, որ խղճուկ ինչ-որ տարածքների վրա Հայաստանը պահպանվի, բայց ինչո՞ւ դա արվեց, պետք է հասկանալ: Հիմա ի՞նչ խաղեր են խաղում մեր գլխին, Ղարաբաղում ի՞նչ խնդիրներ է լուծում ռուս-թուրքական տանդեմը, ի՞նչ նենգություն կա այստեղ թաքնված, պետք է հասկանալ ու բացատրել համաշխարհային հանրությանը, որը, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունք ունի հայ ժողովրդի նկատմամբ: Եթե մի կողմ թողնենք ղարաբաղյան խնդրի վերաբերյալ տարբեր երկրների պաշտոնական դիրքորոշումները, բանակցային փաստաթղթերը, դիվանագիտական հայտարարությունները և բոլորի աչքերին թոզ փչող այլ գործողությունները, ապա կտեսնենք, որ Ղարաբաղում, դարձյալ համաշխարհային հանրության աչքի առաջ, ընդամենը հայերի ցեղասպանությունն է շարունակվում: Սրա դեմը պետք է առնել՝ սկսելով Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումից: Այսօր Ղարաբաղի խնդիրը խցկել են ազգերի ինքնորոշման ու պետությունների տարածքային ամբողջականության միջազգային իրարամերժ իրավունքների արանքում, որի լուծման գործնական ձևը լայնածավալ պատերազմն է: Համաշխարհային հանրությանը ու, առաջին հերթին, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին Ղարաբաղի խնդիրը պետք է հասանելի ձևով ներկայացվի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման միջոցառումների համատեքստում, որը խնդրի միակ ճիշտ բնորոշումն է: Սկզբում պետք է ճանաչվի Ղարաբաղի, հետո Նախիջևանի, ապա Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքների անվերապահ վերադարձի իրավունքը, որտեղ 1915 թվականից սկսած, Գորբաչովի ղեկավարած ժամանակահատվածով վերջացրած, հայաթափում և հայերի ցեղասպանություն են իրականացվել:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ