ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
26.07.2016 | 08:37

(սկիզբը՝ այստեղ)

ՀԻՄԱ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԷՐ


Այս հոդվածաշարը մեզ օգնեց գտնելու համախոհների մի մեծ բանակ, որոնց հետ խորհրդակցելով ու համագործակցելով կփորձենք համատեղ ուժերով ուղիներ փնտրել՝ Հայաստանը տնտեսական ու քաղաքական այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար: Պետք է հասկանալ, թե ինչ անել, ինչպես անել, որ մեր երկիրը կարողանա հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաղթահարել ստեղծված ճգնաժամերը, ժամանակը չի ներում, աշխարհաքաղաքական պրոցեսները մեր տարածաշրջանում ու ողջ աշխարհում զարգանում են այնպիսի սրընթաց տեմպերով, որ հապաղելը մահվան է հավասար, մեր իշխանությունները այս ամենը կամ չեն տեսնում, կամ հուսահատ, հուսալքված վիճակում են հայտնվել, որովհետև լուծումները չեն տեսնում, նրանց պետք է օգնել դուրս գալու իշխանական լեթարգիական քնից, հետո ուշ կլինի: Մեր ժողովրդի միասնական պայքարի արդյունավետությունը կախված կլինի նաև նրանից, թե որքան են մոտ մեր տեսակետներն ու պատկերացումները գորբաչովյան «перестройка»-ի, ԽՍՀՄ փլուզման, Հայաստանի ներկայիս տնտեսական անմխիթար վիճակի առաջացման պատճառների ընկալման հարցերում: Որքան ստույգ լինեն մեր գնահատականները այդ պրոցեսների օբյեկտիվ, խորքային պատճառների նկատմամբ, այնքան հեշտ կլինի մշակել մեր ճշգրիտ ռազմավարությունը, աշխատել այդ ուղղությամբ ու հաղթանակած դուրս գալ այս ծանր վիճակից՝ մի կողմ թողնելով համաշխարհային պրոբլեմների տրվելու, ուրիշների փոխարեն մտածելու, ուրիշների խնդիրները լուծելու, անցած-գնացած բաներից խոսելու, մերի փոխարեն ուրիշների դարդը լացելու մեր հին ազգային սովորությունները:


Որպես աքսիոմ, պետք է ընդունել, որ առաջնահերթության կարգով մենք պետք է լուծենք մեր ներքին խնդիրները, վերականգնենք մեր տնտեսությունը, սեփական ուժերով ու միջոցներով զինենք մեր բանակը, վարենք հայանպաստ ներքին ու արտաքին քաղաքականություն և այլն: Դրանց հասնելու համար անհրաժեշտ է միասին մտածել, մշակել գործողությունների միասնական ծրագիր, պլատֆորմ ու միասին աշխատել, այլապես ոչ մի լավ բան չի ստացվի, եթե, մանավանդ, պետության համար կարևոր նշանակություն ունեցող այս խնդիրների լուծման գործը թողնենք սահմանադրությամբ այդ նպատակների համար ստեղծված հատուկ կառույցի հույսին, որի անունն է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Մենք արդեն տեսել ենք մեր իշխանությունների աշխատաոճը, որը հիմնված է մի կերպ յոլա տանելու, սրա-նրա տված օգնությամբ կամ պարտքերով ապրելու ձգտման վրա, ու հասկացել ենք, որ նախագահների ու վարչապետերի հետ հույսեր կապել չի կարելի, նրանք շարվեշարան գալիս են ու գնում, բայց մեր սայլը տեղից այդպես էլ չի շարժվում, իշխանավորներն ընդամենը հասցնում են լուծել իրենց անձնական խնդիրներն ու անպատիժ հեռանալ, մեր խոսքը նրանց ականջներին չի հասնում, մեզ չեն լսում, չեն արձագանքում. ասես, չասես՝ նրանց համար մի հաշիվ է:


Հուսադրող է, որ, հոդվածաշարի յուրաքանչյուր հրապարակումից հետո մենք նորանոր համախոհներ ենք ձեռք բերում, որոնց խորհուրդները անպայման հաշվի են առնվում մեր հետագա հրապարակումներում: Ցավոք, պետք է արձանագրել, որ քիչ չեն նաև մեր ընդդիմախոսները, կան մարդիկ, որոնք սկզբունքորեն դեմ են կարևոր հարցերի վերաբերյալ սեփական, ազատ ու անկաշկանդ մեկնաբանություններին, կասկածում են ներկայացված տեսակետների ճշմարտացիությանը՝ քննադատելով, մասնավորապես, պատմական դեմքերի ու երևույթների սխալ ներկայացման ու մեկնաբանությունների համար, որոշ դեպքերում նաև ուղղակիորեն մեղադրելով անշնորհակալ գտնվելու համար:
Մեր հարգարժան ընթերցողներից շատերին զայրացրել են հատկապես Լենինի անձին տրված իմ գնահատականները, մասնավորապես, հայկական հարցում Լենինի ունեցած բացասական դերի վերաբերյալ, նշում են, որ հայկական հարցում Լենինի ունեցած պատմական դերը մենք ներկայացրել ենք շուռ տված վիճակում ու շնորհակալ լինելու, նրա պայծառ հիշատակը հարգելու փոխարեն մենք նրա հասցեին անհիմն մեղադրանքներ ենք ներկայացրել, ավելին՝ վարկաբեկել ենք Լենինի գաղափարները՝ սխալ կարծիք ձևավորելով հանրության շրջանում: Նման մեղադրանքների մեջ, կարմիր թելի նման, անցնում է հետևյալ գաղափարը. եթե չլիներ Լենինը, ապա չէր լինի նաև Հայաստանը, չէին լինի գիտության ու արդյունաբերության բնագավառի այն կարևոր ձեռքբերումները, որոնց մենք հասել էինք խորհրդային 70 տարիների ընթացքում՝ Լենինի ու լենինյան կոմունիստական կուսակցության շնորհիվ, ձեռքբերումներ, որոնցով մենք իրավամբ հպարտանում ենք մինչ օրս: Լենինի կերպարը մեր բարձրացրած հարցերի շուրջ ծավալված քննարկումների ամենաառարկահարույցն է: Թվում է, թե Խորհրդային Միությունում ամեն ինչ շատ լավ էր ընթանում ու այդպես էլ կշարունակվեր մինչև մարդկության պայծառ ապագան, եթե հանկարծ Գորբաչովը չհայտնվեր ու երկիրը կանխամտածված ձևով չշեղեր լենինյան կուրսից: Այս հարցում կարծիքները տրամագծորեն բաժանվում են, դրանք պարզաբանման, ու խոր վերլուծության կարիք ունեն, սրանք սկզբունքային հարցեր են, բայց ճիշտ կլիներ, որ այս հարցերը մենք բաց թողնեինք, չշեղվեինք մեր բուն թեմայից ու անիմաստ բանավեճերի մեջ չմտնեինք: Մեր հասարակությունը պետք է կարողանա հաշտվել այն մտքի հետ, որ պատմական երևույթներին կարող են տարբեր գնահատականներ տրվել՝ չսահմանափակվելով դրանց դոգմատիկ տեսակետներով, որպեսզի կարողանանք զերծ մնալ ջուր ծեծելու սովորական պրակտիկայից ու առաջ շարժվենք միայն Հայ դատի խնդիրները լուծելու ճանապարհով: Հենց այս հարցում մենք 70 տարի շարունակ աններելի սխալներ ենք թույլ տվել, հետևողական չենք եղել, գնացել ենք Լենինի ու լենինիզմի հետևից՝ ծառայելով Կրեմլի իշխանություններին՝ հույսեր փայփայելով, որ այդպիսով մենք կկարողանանք ապահովել մեր ազգային անվտանգությունն ու մեր քաղաքացիների բարգավաճ կյանքը, դա չեղավ, հիմա մեզ այլ ճանապարհներ են սպասում: Քանի դեռ այս հարցերը ամբողջությամբ չեն պարզվել ու պարզաբանվել, մենք չենք կարող հավակնել ազգային խնդիրների լուծման համար պատրաստ միասնական թիմի կարգավիճակի, որտեղ կարող են իրենց կարևոր դերակատարությունն ունենալ հատկապես մեզ քննադատող լենինիստները, ստալինիստները և ուրիշները, ովքեր հիմնականում ճիշտ են իրենց գնահատականներում՝ խորհրդային տարիներին ավելի լավ էր, քան հիմա: Այս մտքի հետ ես լիովին համաձայն եմ, բայց մեկ այլ ձևակերպմամբ. հիմա ավելի վատ է, քան խորհրդային տարիներին էր:


Պետք է պարզել ու հասկանալ խորհրդային պատմական, քաղաքական, տնտեսական կարևոր երևույթների ընկալման հարցում մեր քաղաքացիների մեջ տարընթերցվածք առաջանալու գաղտնիքը, առանց որի անարդյունավետ կլինեն մեր հետագա քննարկումները: Ճիշտ է ասված. правда глаза колет, բայց ճշմարտությունը պետք է, պետք է՝ դրական արդյունքների հասնելու համար, մարդկանց հետ պետք է խոսել բացեիբաց՝ դարձյալ նկատի ունենալով, որ правда превыше всего: Մեր խորհրդային իրականության հիմնական թերություններից մեկն այն էր, որ գրեթե ամենուր, բոլոր կարևոր հարցերի վերաբերյալ քննարկումներն ընթացել են կիսաճշմարտության, ճշմարտությունը կոծկելու, ճշմարտությունը թաքցնելու ճանապարհով, հենց ինչն էլ դարձավ մեր հարազատ Խորհրդային Միության կործանման հիմնական պատճառներից մեկը: Պետք է ձգտել, որ մեր պատմության մեջ տեղի ունեցած բոլոր կարևոր իրադարձությունները պարզ ու ընկալելի լինեն հայ հասարակության համար, դա բխում է մեր ընդհանուր ազգային շահերից ու նպատակներից: Սկսենք Լենինի կերպարի հարցում առաջացած հակասական ընկալումներից ու իրարամերժ գնահատականներից:
Ոմանք, հիմա նաև ես, համոզված են, որ 1917-ին Գերմանիայի օգնությամբ Լենինը վերադարձավ Ռուսաստան՝ ունենալով հստակ հանձնարարություն՝ զինված ապստամբության միջոցով տապալել երկրի գործող իշխանություններին, Ռուսաստանը դուրս բերել Անտանտի դեմ, բարելավել Գերմանիայի ու նրա դաշնակից Թուրքիայի դիրքերը 1-ին համաշխարհային պատերազմի թատերաբեմում, ու այդ ամենը կատարվել է քողարկված ձևով՝ Ռուսաստանում արդարացի հասարակարգ ստեղծելու, ճնշված դասակարգերին ազատագրելու նպատակներից ելնելով՝ Արևելքի ճնշված ժողովուրդներին փրկելու, բոլոր աշխատավորների համար նոր կյանք ու կոմունիզմ կառուցելու գաղափարի անվան տակ:


Պատմաբան Նիկոլայ Կարապետյանը համոզված էր, որ կոմունիզմը միֆ էր: Ես համաձայն չեմ, կոմունիզմը միֆ չէր, կոմունիզմի գաղափարը, որը Լենինը գցեց պատերազմից հոգնած ու հիասթափված զինվորների ու սովի առաջ կանգնած չքավորության առաջ՝ խոր թաքնված դիվերսիա ու հաջողված բլեֆ էր, որին անմիջապես արձագանքեց Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը, ու որը Լենինին աննախադեպ հաջողություններ ապահովեց քաղաքական ասպարեզում:
Կոմունիզմի գաղափարը Ռուսաստան բերվեց Եվրոպայից ու դրվեց հեղափոխական շարժման հիմքում՝ պատերազմում նեղ դրության մեջ հայտնված Գերմանիայի պատվերով, Գերմանիայի շահերը շուտափույթ սպասարկելու խնդիրներից թելադրված, ինչը, ի վերջո, շատ թանկ նստեց բազմազգ խորհրդային ժողովրդի վրա, Խորհրդային Միության (Ռուսական կայսրության) կործանումը սկսվեց ոչ թե Գորբաչովի «перестройка»-ից, այլ Լենինի առաջին դեկրետներից՝ «Декрет о мире» և «Декрет о земле»: Առաջին դեկրետը կարելի է համարել պետական դավաճանության փայլուն օրինակ, որը հիմք ծառայեց, որպեսզի ռուս-գերմանական ռազմաճակատում սկսվեին մասսայական անպատիժ դասալքությունն ու եղբայրացումը՝ երբեմնի թշնամի բանակների զինվորների միջև, թուրքական ռազմաճակատում եղբայրացումը չեղավ, զինվորները բավարարվեցին միայն մասսայական դասալքությամբ:


Երկրորդ դեկրետը ևս նույն նպատակին էր ծառայում. պետք է արագացնել ռուսական բանակի քայքայման ու պատերազմի դաշտից ռուս զինվորների հեռացման գործընթացը: Հողի մասին դեկրետը թույլ տվեց կատարել հողի նկատմամբ սեփականատիրական իրավունքի փոփոխության՝ կալվածատիրական ու վանքապատկան բոլոր հողերն անցան հողերի գավառային կոմիտեների տրամադրության տակ՝ նրանց իրավունք վերապահելով այն բաժանել ռազմաճակատից վերադարձող զինվորներին: Բարի ցանկությունների այս դեկրետը նպաստեց, որ արագացվի ռուսական բանակի քայքայման պրոցեսը: Պատկերացրեք, ռուսական բանակի շարքային զինվորների մեծ մասը գյուղացիներ էին, ովքեր հոգնել էին երկարամյա պատերազմից, ցեխից, ցրտից, ամեն օր մահը սեփական աչքերով տեսնելու հաճույքից ու, խնդրեմ, նրանց առաջարկում են անպատիժ դասալքվել ու մի բան էլ ավելի՝ վերադառնալ իրենց գյուղերը, ձրի հողակտորներ ստանալ, աշխատել ու ապրել իրենց խաղաղ կյանքով, կարելի է նաև, դարձյալ անպատիժ, թալանել հարուստներին: Սրանից լավ ի՞նչ կարող էր լինել դժվարին պայմաններում կռվող զինվորի համար, հրաշք առաջարկ էր, որին արձագանքեցին բոլորը: Ո՞րն է ավելի ճիշտ՝ կռվել ու մեռնե՞լ, թե՞ վերադառնալ տուն, հողի վրա աշխատելով ապրել ու սպասել ավելի լավ կյանքի՝ կոմունիզմի: Այս հեռանկարների գայթակղությունը ստիպեց, որ զինվորները զանգվածաբար լքեն գերմանական ռազմաճակատն ու վերադառնան իրենց գյուղերը՝ հույս ունենալով օգտվելու հողի մասին դեկրետի տված հնարավորություններից։ Այդպես եղավ նաև ռուս-թուրքական ռազմաճակատում կռվող զինվորների պարագայում. ռուս զինվորները ռազմաճակատում մենակ թողեցին իրենց հետ կողք կողքի կռվող հայ կամավորականներին, թուրքերին թողեցին Վանի ու Արևմտյան Հայաստանի մյուս ազատագրված տարածքներն ու հեռացան: Դասալիք բոլոր զինվորները իրենց հողերը ստացան, թե ոչ, պատմությանը քիչ է հայտնի, հայտնի է միայն, որ զինվորներին տրված բոլոր հողերը հետագայում զոռով ու զենքով հետ վերցրին ու բոլորին կոլխոզ տարան, ահա և Լենինի հանրահայտ «Декрет о земле»-ի վերջնական նպատակն ու ճակատագիրը: Այստեղ էլ կարելի է փաստեր նշել ու, փաստարկներ բերելով, հիմնավորել, որ կոլխոզներն ավելի լավն էին, ավելի կոլեկտիվ էին, ավելի ճիշտ էին, ավելի հեռանկարային էին, բայց այդ ամենը միայն 1-ին համաշխարհային պատերազմից պարտված դուրս գալուց, արյունահեղ քաղաքացիական պատերազմի, գոլոդոմորի, Պովոլժիեի ու այլ շրջաններում դիտավորյալ առաջացրած արհեստական սովերի բովով անցնելուց, 20 միլիոն մարդ կորցնելուց հետո:


Հետո արդեն Լենինը չկար, եկավ Ստալինն ու ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց՝ Լենինին դարձնելով կենդանի դրոշակ, որը թույլ տվեց ստանալ իշխանությունն ու երկար ժամանակ կարողանալ այն պահել ու պահպանել, առաջ տանել սեփական քաղաքականությունը՝ խնամքով թաքցնելով հանցավոր գործունեության մութ կողմերն ու թմբկահարելով իր հաջողություններն ու լուսավոր կողմերը: Մարդկանց խաբելու, մարդկանց շահագործելու ու ձրի աշխատեցնելու գործը Խորհրդային Միության բոլոր ժամանակներում դրված է եղել կայուն հիմքերի վրա, դա էլ դարձավ երկրում ոչ մի բանի չհավատացող, անհավատ ու անտարբեր աշխատավորական մասսաներ ձևավորելու, երկրի գործերից մարդկանց օտարացման հիմնական պատճառը: Խորհրդային գաղափարների մեջ դժվար էր գտնել մի ճիշտ խոսք, մի հիմնավորված գաղափար, ամեն ինչ դրված էր ստի ու կեղծիքի վրա: Այս ցավալի իրադրությունը բոլորն էին տեսնում, տեսնում, բայց լռում էին, որովհետև, հակառակ պարագայում, անխուսափելիորեն գալու էին սովորական խորհրդային պատիժները՝ աքսորի, բանտարկումների, հոգեբուժարանների, ձայնազրկումների ու այլ ճանապարհներով՝ դրանց մեջ ընդգրկելով ընտանիքի մեղավոր-անմեղ բոլոր անդամներին: Պատիժներն անխուսափելի էին ու հսկայական մասշտաբների էին հասել Ստալինի օրոք, հատկապես երկրում մատնիչների (стукач) ինստիտուտ հիմնելուց հետո: Մարդկանց կարելի էր դատել կամ ընտանիքով աքսորել առանց պատճառի, մեկ անբարոյական մարդու կեղծ վկայության հիման վրա: Այս երևույթն այնքան էր տարածված, որ մարդուն բանտ նստեցնելը համարվում էր և լավություն, և չար կատակ. раньше сядешь, раньше выйдешь, если, конечно, выйдешь!
Իմ հոդվածներից մեկում ես Լենինին ներկայացրել եմ դահճի կերպարով՝ Ռուսաստանի Նիկոլայ 2-րդ ցարի ընտանիքի նկատմամբ անմարդկային դաժանություններ կիրառելու փաստից ելնելով ու ցեղասպանությունից մի կերպ դուրս պրծած հայ ժողովրդի նկատմամբ, ռևոլյուցիայի կարիքների համար ցեղասպանությունը շարունակելու պատճառով: Իմ ընդդիմախոսները կարծում են, որ Հայաստանի այս հատվածը մնաց ու հետագայում սկսեց լիաթոք շնչել միայն Լենինի շնորհիվ: Այստեղ մի անճշտություն, ամեն դեպքում, կա. Լենինը ոչ թե ստեղծեց Հայաստանը՝ 29,8 հազար կմ քառակուսի տարածքի վրա՝ առանց Ղարաբաղի, առանց Նախիջևանի ու Արաքսի արևմտյան հատվածի, այլ նա չկարողացավ լիովին ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին, որովհետև նրա վարած հակահայկական քաղաքականությանը դեմ գնացին Ռուսաստանի ապագայի հարցերով մտահոգված, պետականամետ առողջ ուժերը, որոնց մասն էր կազմում արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինը: Լենինին գրած նամակում (Լենինի հանձնարարությամբ այն ուղարկվել է պետական արխիվ) Չիչերինը հիմնավորել է Հայաստանի կարևորությունը Ռուսաստանի համար՝ ... որպես տարածաշրջանային հավասարակշռող ուժի: Լենինին ստիպեցին հրաժարվել հայերին մինչև վերջ ճնշելու իր խելակորույս մտքից (հանուն համաշխարհային հեղափոխության լիակատար հաղթանակի հայ ժողովուրդը կարող է նաև չլինել) ու հաշտվել հայերի գոյության մտքի հետ միայն այն պայմանով, որ Հայաստանը դառնա տարածաշրջանում հավասարակշռություն պահպանող ուժ՝ ընդամենը և միայն դրա համար:


Եթե տարածաշրջանային վտանգավոր ուժերը (նկատի է առնվում Թուրքիան) վերանան կամ դառնան Ռուսաստանի դաշնակիցը (դա կարող է իրականություն դառնալ ԵԱՏՄ միության մեջ Թուրքիայի անդամակցության դեպքում, որի համար շատ է պայքարում Նուրսուլթան Նազարբաևը), կամ լուծվի Ռուսաստանի չլինելու խնդիրը (դա կարող էր իրականություն դառնալ 1942-43 թվականներին), ապա հայ ժողովուրդն ու Հայաստանը կորցնում են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, Ռուսաստանին այլևս պետք չեն գալու: Եթե ճիշտ ենք հասկացել Լենինին, ապա նա որոշել էր կոմունիզմը կառուցել առանց հայերի, միայն թուրքերի նման ընտրյալ ու արժանի ազգերի համար, հայերի նման փոքր ազգերը պետք էր վերացնել, թուրքերը դրան միշտ պատրաստ էին:
Հարց՝ հետխորհրդային լենինիստների՝ ազգերի ճակատագրերը կամայականորեն տնօրինելու հարցերում ի՞նչ տարբերություն են նրանք տեսնում լենինյան ու հիտլերյան ֆաշիստական գաղափարախոսությունների միջև: Մեկ տարբերություն, ամեն դեպքում, կա. Լենինը համոզված էր, որ հայերը խանգարում են իր գաղափարները շռնդալից, մինչև վերջ հասցնելուն, իսկ Հիտլերը կարծում էր, որ հայերը, ընդհակառակը, աշխարհին պիտանի արիացիներ են և միայն սեմական (հրեաներ, գնչուներ) ու սլավոնական (լեհեր, ռուսներ և այլն) ժողովուրդներն են խանգարում մարդկության նորմալ զարգացմանը, նրանք էլ ենթակա են պարտադիր ոչնչացման՝ որպես ոչ պիտանի, աշխարհին ու մարդկությանը օգուտ չտվող զանգված:


Ի միջի այլոց, թուրքերը շատ ջանք թափեցին, որպեսզի Հիտլերի ցեղասպանության ցուցակի մեջ տեղ գտնի նաև հայերի անունը, 1940-ական թվականներին հայ բնակչությունը Եվրոպայում հասել էր 600 հազարի: Թուրքերի մտադրության մասին իմացել էր Մանուկ Աբեղյանը, որն այդ հարցով դիմեց Իտալիայի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի օգնությանը: Դուչեն (իտալերեն՝ առաջնորդ) դիմեց Հիտլերին՝ հիմնավորելով, որ հայերը Բյուզանդիայի տեղաբնակ, օգտակար ու կարևոր ազգերից են: Թուրքիայի երազանքը, որ մի անգամ էլ գերմանացիների ձեռքով հայերի հարցը արանքից հանվի, չստացվեց: Ավելին, հիմնավորելով իր ցեղասպանական ծրագրերը՝ հրեաների, ռուսների, գնչուների ու, իր կարծիքով, այլ անհուսալի ազգերի նկատմամբ, Հիտլերն ասել է հետևյալը. «Իսկ ով է այսօր հիշում հայերին (սա մենք լավ գիտենք, տարբեր առիթներով բազմիցս ենք այդ խոսքերը մեջբերել) ու շարունակել (Հիտլերի հաջորդ խոսքերը, չգիտես ինչու, մենք չենք արտասանում, դրանք ավելի կարևոր են, դրանք հայերի ցեղասպանության փաստի դատապարտման խոսքեր են՝ ուղղված համաշխարհային հանրությանը, հրեաներին, ռուսներին ու, առաջին հերթին թուրքերին), այ դուք՝ օսլայաշատ օձիքավորներ, ի՞նչ էիք անում, երբ հայերին էին սպանում»: Այս խոսքերը կարելի է վերլուծել ու հետո միայն կարելի է դատել Հիտլերի մարդկային կերպարի մասին: Նա, փաստորեն, դեմ է եղել երկակի ստանդարտների կիրառմանը. եթե կարելի էր ցեղասպանել առաջադեմ հայ ժողովրդին, ապա ի՞նչն է խանգարում այժմ ցեղասպանելու հրեաներին, լեհերին կամ ռուսներին: Ցանկացած ազգության մարդ պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայերին չի վերաբերում, այն բոլորի խնդիրն է՝ ոչ թե հումանիստական գաղափարներից ելնելով, այլ պետք է հաշվի առնել, որպեսզի ապագայում սեփական ազգը նման փորձանքներից հեռու մնա: Կգա ժամանակը, երբ երկսապատավոր ուղտը իրենց դռանն էլ կչոքի: Մարդկության պատմությունը շատ ելևէջներ ունի. այսօր հզոր գերտերություն ես, վաղը կթուլանաս ու կմնաս ուրիշների հույսին:


Ո՞վ կմտածեր, որ ծովից ծով Հայաստանը, որը տարածաշրջանում Հռոմի ու Պարսկաստանի հարցերն էր գեղական կարգով լուծում՝ լինելով աշխարհի գերհզորներից մեկը, կարող է այսօր այնպիսի թշվառ վիճակի մեջ հատնվել, որ իր գոյության հարցերը թողնի Լենինի, Ստալինի, Գորբաչովի կամ պուտինների հույսին: Մի օր էլ կգա, երբ արդեն ռուս ազգի լինել-չլինելու հարցը կախված կլինի աշխարհի գերհզոր երկրների տրամադրություններից ու, որպես, շարժառիթ հիմնավորում կընդունեն պատմական այն փաստը, թե ինչ ճակատագրի արժանացավ Հայաստանը ռուս «փրկարարների» օգնությամբ:
Հիմա ռուսները մեզ ստիպում են մեր արյան գնով հետ բերած հայրենիքը վերադարձնել թուրքերին, վերցնել ու հանձնել թուրքերին, ինչո՞ւ, որտե՞ղ է դա գրված: Իր մարդկային արժանիքներով Լենինը զգալիորեն զիջում է Հիտլերին, նա ավելի վատն էր ու շատ անտրամաբանական կլինի, եթե մենք, մեր դարդ ու ցավը թողած, շարունակենք պաշտել ու գովերգել Լենինին:


Հիտլերն ընդհուպ մոտեցել էր ռուսների ցեղասպանական ծրագրերի իրականացմանը, բայց չստացվեց, դարձյալ հայերը խանգարեցին՝ ռուսների ու հրեաների փրկության համար 300 հազար զոհեր տալու գնով: 300 հազար հայ զինվորները մեր դեմոգրաֆիկ հաշվեկշռի համար կապահովեին ևս 4-5 միլիոն հայի գոյություն, բա՞յց... Այդպես չեղավ, որովհետև կռվում էինք Ռուսաստանը ստրկացնելուց ու ռուս ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, այն Ռուսաստանի, որը 70 տարի անց, նրբորեն քողարկված ձևով, Ղարաբաղում շարունակում է առաջ տանել հայերի ցեղասպանության թուրքական ծրագիրը, որը ժամանակին սկսել էր Լենինը: Իսկ ոմանք ասում են՝ Լենինին պետք է գնահատել ու սիրել թեկուզ և նրա համար, որ ԼՏՊ-ից, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից ավելի շատ բաներ է արել հայ ժողովրդի համար։


Դժվար է պատկերացնել, որ Լենինի քաջագործությունների մասին չգիտեն, տեղյակ չեն հայ լենինիստներն ու ստալինիստները: Իհարկե գիտեն, տեղյակ են, բայց շարունակում են հավատարիմ մնալ իրենց լենինյան գաղափարներին, որովհետև ժամանակին կոփվել, թրծվել ու իսկական լենինյան դաստիարակություն են ստացել: Մեղքներս ինչ թաքցնենք, մեզնից շատերն են հիմնավոր լենինյան դաստիարակություն ստացել ու, երկար ժամանակ, եղել ենք այդ դաստիարակության պատանդը: Առաջին ոտանավորը, որը ես արտասանել եմ իմ կյանքում՝ երեք տարեկան հասակում, սկսվում էր այսպիսի տողերով.
-Լենին պապին էլ մանուկ է եղել, մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ:
Լենինի ֆետիշացումը սկսվեց Լենինի մահից հետո՝ Ստալինի նախաձեռնությամբ, թեև 1922 թվականից հետո, փաստորեն, Լենինը գտնվում էր տնային կալանքի տակ ու պետության գործերին չէր խառնվում: Այն ժամանակ Ստալինը պետք է կարողանար աշխատավորների հեղափոխական պոռթկումը պահել իր հունի մեջ, որովհետև մարդկանց տված լենինյան խոստումները պետք էր կատարել, բայց պարզ էր, որ Լենինի տված բոլոր խոստումները կյանքում չեն կարող իրականանալ, դրանց իրականանալու համար անհրաժեշտ պայմանները չկային, առաջին հերթին չկար իրականացնողների բանակը, բոլորը սպասող էին, ինչպես մեր օրերում է: Հարուստ գործարանատերերին ու կալվածատերերին տապալելու գործը հեշտությամբ ստացվեց, այստեղ աշխատեց պատերազմից հոգնած, սովից չարացած, չքավոր մարդկանց ներսում կուտակված էներգիան՝ հարուստների նկատմամբ ունեցած ատելությունը: Լենինի մեծարումը ժամանակի պահանջն էր, բոլորս էլ եղել ենք լենինյան պիոներներ, լենինյան կոմերիտականներ, լենինյան կոմունիստներ, դպրոցներում և ինստիտուտներում ուսումնասիրել ենք ԽՄԿԿ պատմությունը՝ հիմնականում քննությունները հանձնելու համար ու, քննությունից հետո, կարդացածը արագ մոռանալու հեռանկարով, ասպիրանտուրաների համար՝ դարձյալ ԽՄԿԿ պատմության առարկայի պարտադիր քննություններ, որպես կարևոր կողմնորոշիչ առարկա և այլն: Ամենուր Լենին կար, Լենինի նկարներ, Լենինի անվան փողոցներ, լենինյան ստուգարքներ, լենինյան շաբաթօրյակներ, Լենինի անվան գործարաններ, Լենինի անվան դպրոցներ, Լենինի անվան կոլխոզներ, Լենինի անվան ցեխեր ու ֆաբրիկաներ, Լենինգրադ, Լենինաբադ, Լենինական... այնքա՜ն Լենին կար մեր կյանքում, որ արդեն հոգնել էինք:


-Լավ էլի, այնքան Լենին ասացիք՝ դարձրիք Պելե,- իր մտահոգությունն է արտահայտում Լենինից հոգնած խորհրդային շարքային քաղաքացին:
Այդքան հիմնավոր լենինյան դաստիարակություն ստանալուց հետո, դժվար է խոստովանել ու ընդունել, որ Լենինի վերաբերյալ բացահայտված ու նախկինում անհայտ փաստերը վկայում են, որ այն ամենը, ինչը կապված էր նրա անվան ու գործունեության հետ, սուտ է եղել, դրված է եղել մարդկանց մեջ հնազանդություն, հեզություն, խոնարհություն քարոզող ու անտրտունջ, անատամ կյանքով ապրելու կոչեր անող խորհրդային ագիտացիոն ու պրոպագանդիստական մեքենայի աշխատանքի հիմքում: Այստեղ կարելի է մտածել ու անընդհատ կրկնել հայտնի խոսքերը.
-Հբը կյանքս իզուր ընչի՞ անցավ...
Անցավ, որովհետև մենք իսկապես հավատացել ու հետևել ենք Լենինի անունից հայտարարված գաղափարներին՝ դրանք համարելով միակ ճիշտը ու հավատացել ենք, որ ճիշտ մոտեցման դեպքում դրանք կլինեն օգտակար ու իրատեսական: Բայց ոչինչ չստացվեց, երկիրը փուլ եկավ, որովհետև Խորհրդային Միության տնտեսական շինարարության հիմքում դրված էին լենինյան ուտոպիստական գաղափարները, որոնք սխալ էին ի սկզբանե ու ըստ սահմանման: Նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ չեն ընդունելու Լենինի մեղքերը, հավատում են, որ ԽՍՀՄ փլուզումը պատահականություն էր և Գորբաչովի դավաճանության հետևանք:


Չեմ կարող չընդհատել մեր թեման ու չանդրադառնալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած դեպքերին, երբ զինված հարձակում տեղի ունեցավ ոստիկանական բաժանմունքի վրա: Սա մեր չփլախ ջանին կատու շալակելու աննախադեպ մի դեպք էր անկախ Հայաստանի պատմության մեջ, որը հայ հասարակությանը բաժանեց երկու մասի. մի մասն արդարացնում ու պաշտպանում է հարձակվողներին՝ նրանց համարելով հայրենասեր ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խումբ՝ ցավելով հայ ոստիկանի մահվան առիթով, մյուսն էլ այն համոզմանն է, որ հարձակվողները ահաբեկիչներ են, վատ բան են արել, որ մեզ համար դա ճանապարհ չէր, դա հանցագործություն ու դավաճանություն էր:
Հարց բոլորին՝ իսկ ո՞րն է ճիշտը, ի՞նչ անել, երբ երկիրը հալվում ու մաշվում է, երբ ռուս «բարեկամները» մեզ պարտադրում են արյան գնով հետ բերած մեր հայրենիքը մեր ձեռքով, մեր կամքով վերադարձնել թուրքերին, երբ իշխանությունները շարունակում են իրենց թալանը ու հիմա վախից թաքնվել են. ասում են մի մկան ծակի համար հանրապետականները պատրաստ են հինգ թուման վճարելու: Այնպես որ այստեղ մեղավորներ փնտրելը տեղին չէ, նրանք հայտնի են, հայտնի են իրենց կեղծված ընտրություններով, իրենց կազմակերպած արտագաղթով, իրենց վարած անպտուղ ներքին ու արտաքին քաղաքականությամբ: Հայաստանի փրկության տարբերակները շատ են. տարբերակներից մեկը, որը, իմ կարծիքով, ավելի իրատեսական է, և որի ջատագովն եմ, անցնում է Հայաստանի արդյունաբերության, հատկապես ռազմական արդյունաբերության վերականգնման ճանապարհով։ Սա հայությանը միավորող երկարատև ու ծանր, բայց արդյունավետ ճանապարհ է, որը մեր իշխանությունները մշտապես անտեսել ու արհամարհել են: Զինված տղաների ընտրած ճանապարհը անհասկանալի է, փշոտ ու վտանգավոր է։ Լենինյան «սպիտակ» ու «կարմիր» տեռորների ժամանակները անցել են, միևնույն է, դրանց օգնությամբ դրական արդյունքի հասնել չի կարելի, պետք է զինյալներին բաց թողնել, բա՞յց...

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 6480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ