Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը` ըստ Լոուրենս Արաբացու (մաս 3-րդ)

Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը` ըստ Լոուրենս Արաբացու (մաս 3-րդ)
01.07.2014 | 12:00

(սկիզբը` այստեղ)

Հաջորդ օրինակի վերլուծությունը բացահայտում է մի մերկապարանոց ճշմարտություն` հայերի հետ կապված Լոուրենսի անբացատրելի կարեկցանքը, թե փորձը նրան թույլ էր տալիս հասկանալ թուրքին, և ոչ միայն թուրքին, այլև հայերի մյուս հարևաններին, որոնք հավերժ փորձեր էին անում աշխարհի երեսից իսպառ ջնջելու այդ որբ ու անտեր ցեղը:
8.….he had some inexpressible sympathy or-let me rather say-some knowledge or experience of the Armenians that gave him a human understanding for the Turks (and all the other near neighbors of the Armenians), who are forever trying to kill off this orphan race.
Օգտագործելով orphan որբ, անտեր մակդիրը` Լոուրենսը բացահայտում է համաշխարհային հանրության դաժան անտարբերությունը հայերի նկատմամբ, ավելին, race գոյականը նվաստացուցիչ է հնչում, երբ գործածվում է հայ երևույթի փոխարեն: Այդպիսի հարուստ մշակութային ժառանգության կրող ազգը նսեմանում, հասնում է ցեղի մակարդակի: Գործածելով orphan race արտահայտությունը, ամենայն հավանականությամբ, Լոուրենսը ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ազգ մտահոգված չէր հայի ճակատագրով, իսկ հայերն էլ, ամենայն հավանականությամբ, իրենք էլ էին անտարբեր սեփական ճակատագրի հանդեպ:
Եվ այսպես, հայկական հարցի միակ ճիշտ լուծումը, ինչպես հարցազրույցից իր համար պարզում է Ստեֆենսը, հայերի բնաջնջումն է, իսպառ բնաջնջումը… և... Լոուրենսի համար ցանկալի էր, որ դա իրագործվեր ամերիկացու ձեռքով։
9.So he did not say that the Armenians should be killed off. He only gave me the impression, at the time, that that was the sole solution of the Armenian problem; and that that was his reason for desiring us Americans to take on the job.
Հետևյալ sole solution (հիմնավոր, միակ ճիշտ լուծումը) գոյական+գոյական բառակապակցական շարույթում վերոբերյալ նախադասության մեջ ասես լինի ամենակարևոր գաղափարի կրողը: Այն հնչում է իբրև անթաքույց որոշում, անելանելի փակուղի, ու հավերժ ճակատագիր մի ամբողջ ազգի համար, որի մեղքը իր ազգային ինքնությունն է` հայ լինելը:
Այս որբ ու անտեր ցեղը orphan race աշխարհի երեսից ջնջելու գաղափարը դեռ ամենասարսափելին չէ: Ամենասարսափելին այն է, որ հարցազրույցից պարզում ենք, որ, ըստ Լոուրենսի արտահայտած «մտահոգության», մնացած բոլոր հակառակորդ ցեղերը երբեք չէին կարողանում գործը մինչև վերջ հասցնել, որովհետև նրանք հենց բավարարում էին «հային վերացնելու» իրենց «գեղագիտական հաճույքը», գործը կիսատ թողնում, հեռանում էին, մինչդեռ գործը պետք էր ավարտին հասցնել, այսինքն` ոչ մի հայ չպետք է կենդանի մնար... Ստեֆենսի համար պարզ է, որ Լոուրենսն ինքը չի ցանկանում, որ նման պատասխանատու գործը կատարվի թուրքի ձեռքով, որովհետև թուրքը կոպիտ է ու տարօրինակ պատրաստակամություն է ցուցաբերում այդ հարցում, նաև քրիստոնյա չէ: Լոուրենսն այդ գործի համար հարմար չի համարում նաև հույնին, որովհետև հույները հայերի հարցում չափից դուրս շատ են հաճույք վայելել և արդյունավետ էլ չեն գործել, նրանք ընդհանրապես ոչ մի գործ ավարտին չեն հասցնում. միշտ հեռացել են հային սպանելու հաճույքը բավարարելուց անմիջապես հետո` հոգ չտանելով, որ վերջին հային մահացած տեսնեն:
Լոուրենսը անկեղծորեն, միգուցե և ափսոսանքով նկատում է, որ հայը միշտ վայելում է Աստծո օրհնանքը, որի պատճառով էլ չի վերանում, չի ոչնչանում աշխարհի երեսից: Լոուրենսն ընդգծված դժգոհ է, երբ ասում է, որ հայերը վերահսկում և կազմակերպվածություն են ցուցաբերում մանկածնության հարցում (they produce offsprings in a controlled and organized way): Այդ դժգոհությունն առավելապես դրսևորվում է to breed բայի ոճական կրկնության միջոցով գործածված Past Indefinite ժամանակային ձևում` bred and bred and bred, բազմացան ու բազմացան ու բազմացան, այս կերպ ցույց տալով հայի բազմացման անցանկալի ու շարունակական լինելը, և, ապա, to spread բայի Participle I ձևի կրկնության միջոցով- spreading and spreading, նկատի ունի տարածվում ու տարածվում են աշխարհով մեկ` առանց դադար առնելու: Նա դժգոհում է, որ միլիոնավոր հայեր կան ամենուրեք, որ հայերը բարի են, ենթարկվող, չըմբոստացող, հաճելի, գրավիչ արտաքինով։
10. Even when they all went at the task together they invariably left a couple here and a couple there: Adams and Eves who, the moment one՚s back was turned, bred and bred and bred so that the next time one visited Armenia there were the Armenians as before, millions of them, all meek and lovely, but busy by day at business and at night secretly breeding and slyly spreading and spreading….
Օրինակի վերլուծությունից պարզվում է, որ նախադասության վերջնահատվածում s, p, b հնչյունները բաղաձայնույթ կազմելով՝ ստեղծում են գաղտնիության մթնոլորտ, որը չափազանց նպաստավոր է բազմանալու և աշխարհով մեկ սփռվելու համար (breeding and spreading). Լոուրենսը slyly մակբայի միջոցով, որն այս պարագայում ավելի շուտ լռելյայն իմաստն ունի, քան խորամանկ, փորձում է ցույց տալ, որ հայերը չեն աղաղակում իրենց համար էական նշանակություն ունեցող հարցերի մասին, այլ լռում են ու գործում: Հաջորդ պարբերությունից տեղեկանում ենք, որ գործարար անգլիացին մտածում է մեծ, կարևոր բաների մասին, ինչպիսիք են նավթը, հանքանյութը, ծովը, և անգլիացին հարմար չէ հայերին տեղը տեղին բնաջնջելու համար (they are not fit for a perfect massacre of the Armenians), և բացի այդ, անգլիացին երազանք ունի դեռ իրականացնելու, նա դեռ պետք է համաշխարհային կառավարություն ստեղծի (they still have a dream- a world government must be founded …):
Լոուրենսը համոզված է, որ հայը տնտեսելու պակաս չի զգում, որ հային, հաջողության հասնելու համար, անգլիացին ու ամերիկացին պետք է տքնաջան աշխատել սովորեցնեն: Հայը դառնում է բժիշկ, իրավաբան... բայց, դժբախտաբար, բոլոր այդ հին, պատմություն ունեցող ազգերը, որ մի ժամանակ քաղաքակիրթ են եղել և տիրել են աշխարհին ու աշխատեցրել, կորցրել են աշխարհը վերահսկելու հնարավորությունը: Նրանք առաջ են անցել բոլորից տրամաբանությամբ, հոգեբանությամբ, ֆիզիոլոգիապես: Անգլերեն տարբերակը հնչում է հետևյալ կերպ` They have gone forward logically, psychologically, physiologically. Այստեղ logically արմատը կրկնվում է երեք անգամ ` երեք տարբեր բառերի մեջ որոշակի` խոսքին որոշակի կարևորություն, տրամաբանականություն և հանդիսավորություն հաղորդելու համար: Լոուրենսը կարծում է, որ հայը անտարբեր է ծանր աշխատանքի նկատմամբ, բայց հայը պետք է աշխատի Հայաստանի համար, և ոչ թե Հայաստանը` հայի (The Armenians should work for Armenia and not Armenia for the Armenians.): Հայերի նման հին քաղաքակրթություն ունեցող ազգերը ծույլ չեն: Բայց միևնույն ժամանակ հայերը չափազանց խելացի են, որպեսզի ուրիշների համար աշխատեն (They are too intelligent to work for others.): Լոուրենսը ոչ մի պահ չի վարանում ասելուց, որ հայերը բնույթով շահագործողներ են (They are exploiters themselves. ): Նա համոզված է, որ քաղաքակրթության առումով հայերը ամենախելացին են, ամենաընտրյալն են, զարգացածության ամենաբարձր աստիճանն ունեցող ժողովուրդն են աշխարհում (The Armenians, Lawrence is sure, are the most intelligent, the most perfectly selected, the most highly developed race in the world-from the civilized point of view): Ածականների գործածությունը գերադրական աստիճանով հատուկ կարևորություն է հաղորդում հայի այն ազգային հատկանիշներին, որոնք օտարերկրացուն շատ էական են թվում: Շարունակելով իր միտքը, Լոուրենսը հետաքրքրական բացահայտումներ է անում` հրեաները հայերի նկատմամբ տածում են նույն զգացումները, ինչ հակասեմիտիստ եվրոպացին զգում է հրեայի նկատմամբ, նույնը և մյուսները... Ըստ Լոուրենսի՝ բոլոր ազգերն էլ զգում են, որ հայը, անկասկած, իրենց բոլորին էլ անպայման ստիպելու է աշխատել... Եվ ահա այստեղ Լոուրենսը ակամայից խոստովանում է, որ հայերը ունեն այն բոլոր հատկանիշները, որ հրեաներն ունեն, դրան ավելացրած այն բոլորը, որ մնացած ժողովուրդներին է հատուկ, և, ամենակարևորը, հայերը նաև քրիստոնյա են (The Armenians are all that the Jews are, plus all that all the other races are-and they are Christians besides! ): Ազգին ավելի հրաշալի ու իդեալական բնութագրել հնարավոր չէ: Բայց և միևնույն ժամանակ հայը չպետք է Հայաստան ունենա, որովհետև նա ցանկանում է ապրել ծովափին, մեծ քաղաքներում, վարձով տալով, շահույթ ստանալով, ակցիաների վաճառքից ստացած եկամտով, կապիտալից և ուրիշի ծանր աշխատանքից ստացված գումարներով: Հայն իր բնույթով անվնաս է (They are harmless.), նա ցանկանում է ծախսել` ոչինչ չանելով: Հայերը կարող են ոչինչ չանել ու չծախսել: Նրանք ձեռք են բերում ու կուտակում են, եթե բան են վաճառում, ապա այդ գումարով մի ուրիշ բան գնելու համար միայն: Լոուրենսը համոզված է, որ բնական էվոլյուցիոն զարգացումը մեծ «չարչարանքներ» է կրել այդ աստիճանի կատարյալ առևտրական ոգի ունեցող հայ ազգի զարգացումն ապահովելու համար, իսկ հայի մոտ այդ աստիճանը ձգտում է անսահմանության (And the Armenians are the nth degree.): Եթե հային հնարավորություն ընձեռվի, նա ողջ մոլորակի բնակչությանը կստիպի աշխատել, և, հենց սա էլ, ըստ Լոուրենսի, հայտնի է թուրքին, ով սարսափում է այս մտքից, հույներին էլ, մյուս ազգերին էլ է այս միտքը ահաբեկում: Եվ հենց այս պահին է, որ Լոուրենսն արտահայտում է հայի նկատմամբ իր հստակ դիրքորոշումը` այս համարյա ամենակատարյալ ազգը պետք է ամենակատարյալ կերպով բնաջնջվի (perfect massacre): Այս ածական+գոյական բառակապակցական շարույթը հեղինակի մտադրության կրողն է: Լոուրենսը համոզված է, որ այսպիսի ազգը պետք է վերանա, բնաջնջվի, միայն որովհետև ամենադրական մարդկային հատկանիշների կրողն է, քանզի այդպիսի կատարյալ ազգը համայն մարդկության համար սոսկալի վտանգ է ներկայացնում: Ահա Լոուրենսի սահմռկեցուցիչ դատավճիռը այն ազգի համար, որն արարող է, անվնաս, տնտեսող, խելացի, կատարյալ արտաքինով, որն առաջ է անցել մնացած բոլոր ազգերից… և հենց այս հատկանիշների պատճառով հայն իրավունք չունի ապրելու:
Եզրափակելով ասենք, որ Լոուրենսը ոչ միայն հաջողակ հետախույզ էր և բրիտանական լրտես, ով Մուստաֆա Քեմալին հավաքագրել էր լրտեսության` Բրիտանական կայսրության օգտին, այլև արևելյան մշակույթների հրաշալի գիտակ էր, որի անձնական դիտարկումները մշակութաբանության և ռազմական ոլորտներում յուրահատուկ արժեք են ներկայացնում: Հայերի նկատմամբ իր բացասական դիրքորոշումով հանդերձ` Լոուրենսը հրաշալի հասկացել է, որ հայը երբեք չի վերանա, չի ենթարկվի բնաջնջման, որովհետև գիտի, թե ինչպես կարելի է լռելյայն բազմանալ ու շատանալ:

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բ.գ.թ., ԵՊՀ

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ