Ալֆան և օմեգան
07.04.2020 | 01:05
Այն ժամանակ, երբ ավտոքարավանը, աղբյուրի նման մեղմ կարկաչելով, հասավ գյուղ: Էս ի՛նչ վիճակ է տիրում գյուղում: Էս ի՛նչ է սրանց հալ-հարաքյաթը: Անբան, անգործ: Գոմերը՝ կեղտոտ: Կաթը՝ թրիքոտ: Իրենք՝ վավաշոտ: Ռետինե կոշիկներով անասնապահներ, փնթի այգեգործներ, կթվորուհիներ՝ առանց խալաթների ու ձեռնոցների, քիչ էր մնում ասեի՝ կթվորուհիներ առանց սահմանների: Հի՜, հի՜, հի՜… Ձեռքերդ տաք ջրով լվացեք: Կովի պտուկները մաժմժելիս սեր ու ջերմություն փոխանցեք նրան, որ կաթի սերը շատ լինի: Էդ կովերի նկատմամբ ոնց որ խափանման միջոցը կալանք եք կիրառե՞լ: Կոխել եք էդ մութ ու շոգ պուճախները, երկու կովին հասանելիք տարածքում կրկնակի և ավելի խցկել, որտեղ շնչելու օդ չկա: Վերացնելու եմ ձեր անասնագոմերը, դրանք անցյալի անփառունակ մնացորդներ են, այսպես կոչված ավանդույթներ, սովորույթի ուժ, ազգագրություն… Թե էդ ազգագրությունն ի՞նչ մեղքս էր: Այսինքն, որոշ գիտնականների և ակադեմիական շրջանակների կողմից գործադրվող ճնշումների տակ հնի պահպանություն և քարոզչություն: Եսիմ, ազգային տարազ, ազգային խոհանոց, ազգային ճախարակ ու իլիկ, ազգային երգ ու պար, սովորույթներ, ադաթներ, կենցաղ ու լիքը սենց ավելորդ զըրթուզիբիլ: Արա, ու՞մ են պետք էդ դարն ապրած ու մեռած երևույթները: Ամոթ էլ է մեր ժամանակներում դրանց մասին հիշատակելն անգամ: Լա՛վ: Օքե՜յ, երևի մի քիչ շեղվեցի, բայց ոնց որ թե թեմայի մեջ էր: Հի՜, հի՜, հի՜… Հա, էդ խեղճ անասունները որ լեզու ունենային, սաղիդ մաման կլացացնեին: ՈՒ ճիշտ կանեին: Կովը իրա կով հալով ավելի խելոք ու աշխատասեր է, քան դուք: Առավոտ կանուխ գնում է արոտ՝ աշխատանքի, երեկոյան հոգնած-ջարդված, վաստակած, իրա ոտով ուղիղ գալիս տուն: Իսկ ձեզանից շատերը պարապությունից հաճախ շեղվում են դեպի հարևանի տուն, անկողիններն ու բարձը փոխում, բավարարում իրենց վավաշոտ կրքերը: Հարբեցողությամբ ու ղումարբազությամբ եք զբաղվում: Ես էդ խայտառակ անասնագոմերը քանդելու եմ: Սա կոռուպցիոն հանցագործություն է մանր ու խոշոր ընտանի կենդանիների հանդեպ, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարում, ավելին՝ ներկայումս աշխարհի լավագույն մասնագետների հետ մշակում ենք ընտանի կենդանիների պահպանության և սպանդանոցային արժանապատիվ մորթի մեթոդաբանություն, որը շուտով օրենքի ուժով կյանքի կկոչվի: Կովերը սառնամանիքին ավելի առատ ու որակյալ կաթ են տալիս, քան շոգին: Մաքուր օդի էկոլոգիական նշանակության մասին էլ չեմ ասում: Ինչքան ցուրտ, էդքան շատ կաթ: Դրա համար ռուսականները արոտից վերադառնում են՝ ամեն մեկի կուրծի մեջ ձեր մի նախրի չափ կաթով: Ընդհանրապես, ցուրտը շահեկան է նաև մարդկանց համար: Ցրտին մարդ ու կնիկ իրար ճիտ են անում ամուր ու մեկ էլ տեսար, հո՛պ, ինն ամիս հետո ծնվեց նոր մարդ: Հի՜, հի՜, հի՜… Այսինքն, ցուրտն ու մաքուր օդը խթանում են կաթնատվությանը և ծնելությունը: Էնպես որ, վերջ տվեք էդ գող ավազակի հոգեբանությանը՝ ձեր տան վառարանի համար անտառահատումներին:
Ասել եմ, հիսուն միլիոնի ենք հասցնելու մեր քաղաքացիների քանակը, ապահովելու ենք բնակչության աճ տիեզերական չափումներով: Մորթն էլ անելու ենք սպանդանոցներում: Վերահսկողությունը կիրականացնեն իմ վստահելի մարդիկ: Սննդի անվտանգությունը պահանջում է առանձնակի պետական հոգածություն:
Ահա և այն տունը, որի պատին, փողոցի կողմից, տարիներ անց, չնայած կարող են և այսօրվա գործը վաղվան չթողնել, կփակցվի հուշաքար այն մասին, թե ով է ծնվել ու մանկության տարիներին ապրել այստեղ: Դա մեծ պատիվ է մեր գյուղի համար: Եթե ֆայմեն, հիմիկվանից կսկսեն տուն-թանգարանի շինարարական աշխատանքները, միայն թե նոր նախագծով՝ հազարաշեն հյուսվածքով, կղմինդրապատ երդիկով, լամինատե հատակ ունեցող թոնրատնով, սաունայով ու կամինով, բակում լողավազանով, մի խոսքով, կառավարական բարձր մակարդակով: Բայց տատիցս հուշտ են լինում: Դռանը նստած, նա իսկի բարևիս էլ չպատասխանեց, միայն մի պահ անտարբեր չափեց-ձևեց ու շարունակեց դռան առաջի քարին նստած անթարթ նայել հեռավոր մի կետի: Հավանաբար խռովել է, որ երկար տարիներ չեմ այցելել իրեն: Չնայած չեմ կարծում, թե դա էական նշանակություն ունի: Նույն դժգոհ, իր բախտն անտրտունջ հայհոյող ջադու պառավն է մնացել… Էլի, իր ադաթին հավատարիմ, հացը բռով հավաքելիս երկու հավասար մասերի է բաժանում՝ կեսն էլ ճնճղուկներին է բաժին հանում: Իսկ տան բակի ամբողջ երկարությամբ օրեր առաջ երազիս եկած փնթի լվացքի նույն անկանոն ու խայտաբղետ շարանն էր: Ասես, երազիս իրականության մեջ էի: Միայն մայրս էր բացակայում:
-Նվեր եմ բերել, տատ ջան, մեր բարեգործական հիմնադրամի կողմից՝ սրանից հետո լվացքդ պարունակելու է շաբաթվա ամեն մի օրվա անունով մայկա-տրուսիկ ու նույնը՝ խորհրդանշող տարվա բոլոր եղանակներն ու ամիսները՝ իրենց բրենդային ապրանքանշաններով: Լվացքի ավտոմատ մեքենա է՝ վսյո վ ադնոմ (ամեն ինչ մեկում)… Քո լվացքի պարանը ներկայացնելու ենք նախագահի մրցանակին: Բա ո՞նց: «Ամենագեղարվեստական լվացք» անվանակարգով:
Տատս իր ավանդական հայհոյանքների տոպրակը բացեց, ապա շրջվեց իմ կողմը.
-Կուբին դնեմ քեզ: Երկու կորեկ չես կարող բաժանել, երկու կոպեկի խելք չունես, տո աֆերիստ: Լրիվ քո կողմն ես քաշում: Դու իսկի մի կոլխոզ ղեկավարելու բան չես: Էդ ո՞ւմ ես խաբել ու ապրանքը ձեռիցն առել, հողեմ գլուխդ: Երեխա վախտից սաղ օրը սուտ խոսելով ման ես գալիս: Սաղ կյանքդ տատիդ համար մի քոռ կոպեկ ծախսած կա՞ս քո գրպանից: Էնա անջախ սուտ խոսելով ման գաս: Մի օր գլխիդ տի գա. ստի ոտները կարճ են, գողինն ու բոզինը քառասուն օր ա…Բարեգործակա՜ն… Հիմնադրա՜մ… Չէ-չէ մի, պոզե՜ր…
Ես նախընտրեցի չզայրացնել նրան և խաղաղությամբ հեռանալ: Նրա վարքագիծը ինձ ամենևին չէր զարմացնում ու զայրացնում, ավելին, ես նրան սիրում եմ իր հախուռն ու խենթ պահերին, ասես ինչ-ինչ նմանություններ տեսնելով իմ և նրա միջև: Միգուցե հենց դա է իմ անչափ հանդուրժողականության պատճառը նրա նկատմամբ: Իսկ նա վհուկի նման անիծեց, չանչեց՝ չռելով ջղուտ մատները և հետևիցս մի խորխախառն գունդ թքեց, ոնց որ պաժառնի շլանգից հորդացող փրփուր:
- Թյու, քո նամուսին, անդաստիարակ խելառ անտեր…
Ներում եմ, մեծ կնիկ է: Չնայած ջահել վախտն էլ մի բան չէր, բայց հիմա լրիվ է ցնդել: Տղամարդուց բեշբեթար անամոթ քֆուրներ է տալիս, մարդ որ չեղավ, հասցեատերը ալամ աշխարհի բնակչությունն է՝ մեր ու մանուկ, մեծից փոքր՝ անցնում է թամամ աշխարհի վրայով՝ հաշվի չառնելով ոչ ազգային, ոչ կրոնական ու ռասայական խտրականություն, ընդ որում, տիրապետում է հայհոյանքների և անեծքների աշխարհի տարբեր, հատկապես կովկասյան ընտանիքի լեզուներով: Պատրաստ է ամենաբիրտ բռնություններ գործադրել տղամարդկանց հանդեպ… Տեսնես ի՞նչ եղավ Սուրենյանցի Սալոմեն ու երկաթգծի կայարանի հրապարակի էն թուրը ձեռին ձիավորի արձանը մեր դպրոցի ֆիզկուլտ դահլիճում ցուցադրելու գործընթացը…
Պաղ-պաղ մեգի հետ փչում էր քամին, քշում էր տանում տերևը դեղին…
Եկող տարի տասը միլիոն ծառ ենք տնկելու: Եվ քանի որ բնակլիմայական տեղաշարժերը հաճախ առանց վաղօրոք իրազեկման անսպասելիորեն խախտում են պետությունների ֆիզիկական սահմանները, հի՜, հի՜, հի՜, մենք նախատեսում ենք ծառատունկ կազմակերպել նաև տարածաշրջանի մյուս երկրներում, որպեսզի պատշաճորեն ապահովվի ընդհանուր մթնոլորտային ջերմաստիճանի բարձրացման դեմ համաշխարհային պայքարի բուսաբանական հատվածի ընդգրկումը: Ծառատունկը` մեզանից, խնամքը` ձեզանից: Այժմ փոխըմբռնման պայմաններում ընթանում են բանակցություններ: Իմ ու քոնը սահմանազատելու ժամանակներն անցյալում են, բնության բոլոր պարգևները համամարդկային են, առանց վիզայի՝ բաց սահմանների տրամաբանությամբ: Մոլորակին պատուհասած հրդեհների պատճառով հրո ճարակ են դարձել միլիոնավոր ծառեր, ցունամիների պատճառով ջրի տակ են մնացել անտառներ, և մենք կարմիր խաչի, կարմիր մահիկի, կարմիր դրոշի, նաև բնապահպան կամավորականների ուժերը միավորելով խաղաղարար ուժեր կուղարկենք նաև մեր մայր ցամաքի բոլոր թեժ կետերը: Մեր երկրում նախատեսում ենք ամեն ծառի վրա տեղադրել մեկական թռչնաբույն՝ «Թռչնոց բույն» ծրագրի շրջանակներում, որը հավանության է արժանացել, թեև առանձնապես աչքիս լույսը չի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից, իսկ «ֆորբսի» սոցհարցումների համաձայն այդ մտահղացումը առաջին տեղն է գրավում աշխարհում: Մի դիտողություն ունեն միայն, տնկիները ջրել և արգելել, որ հոտած կկուն բույնը փոխելու պատրվակով աչք տնկի խեղճ ճնճղուկների տների վրա: Այդ նպատակով անտառապահներին անվճար կտրամադրվեն պարսատիկներ՝ իրենց համաչափ քարապաշարով: Սրանով մենք զարկ կտանք մեր երկրում տնկիների տնտեսության զարգացմանը և կարող ենք հավակնել ամբողջ տարածաշրջանում՝ Մերձավորից մինչև Հեռավոր Արևելք այդ ոլորտում գլխավոր ներդրողի դերակատարությանը: Ինչևէ: Ինքնագործունեությունը խստիվ արգելված է՝ ստեղծվել են նախագծա-նախահաշվային ծառայություններ, չափագրման և գնագոյացման կառույցներ, կբացվեն նաև նոր աշխատատեղեր, յուրաքանչյուր մարզում համապատասխանաբար կլինեն մեկ և ավելի սենյականոց բների պատրաստման և տեղադրման արհեստանոցներ, որոնց հասցեները առաջիկայում մատչելի կլինեն մեր կայքէջում: Սրանով մենք զարկ կտանք ժողովրդական արհեստների զարգացմանը՝ բրուտագործություն, թաղիքագործություն, դարբնություն և այլն, կազդարարենք բնակարանաշինությանը և բնապահպանությանը վերաբերող մեր նախընտրական խոստումների կատարման լիակատար և վերջնական ավարտը:
«Ժողովուրդը մտածում է, թե սատանաների խմբավորում է երկնքից իջել ու կործանում է ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չստեղծելով, - ներքին ձայնս դարձյալ գլուխ բարձրացրեց: - Դուք ձեզ երևակայում եք որպես ամենափրկիչ երկնային պարգև, որը մեծ առաքելություն է իրականացնում երկրի վրա, մինչդեռ մեծ մասդ տառապում է անլիարժեքության բարդույթով, որից ծնունդ են առնում անհարկի ինքնավստահությունը, ներքին չարությունն ու վրեժխնդրությունը, բայց ու՛մ նկատմամբ: Իհարկե, բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց մտքերն ու գաղափարները: Այսինքն, ժողովրդի գիտակից խավի»:
«Դու ոնց որ թե լրիվ շեղվել ես կյանքի խոսքից ու ճշմարիտ ուղուց: Տեղը չես բերու՞մ, սատանի ճուտ: Քանի՞ անգամ զգուշացնեմ, որ քիթդ չխոթես քեզ չվերաբերող հարցերի մեջ… Էնպես ես անելու, որ գցեմ ոտքերիս տակ ու էնքան կատոկեմ, որ վրադ սաղ տեղ չմնա…»:
«Որովհետև տգետ ու հավակնոտ ես… Միշտ էն երրորդ աչքիդ առաջ ունեցիր պատմության փորձը: Երբ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին և թագուհի Անտուանետին, ժողովուրդը հիացած ծափահարում և ողջունում էր նրան: Իսկ հետո, երբ Ռոբեսպիերը կորցրեց իշխանական լծակները, նրան գլխատեցին: Նույն ամբոխն իր երեկվա պաշտելի հերոսին հայհոյանքով և նզովքով ուղեկցեց դեպի գիլիոտին»:
«Չքվիր և այլևս աչքիս չերևաս, թե չէ կգործուղեմ ԱԱԾ նկուղի ճաղերի հետևում ցմահ անցկացնելու չվաստակած հանգիստդ…»:
Ի՜նչ դժվար է էս սուտ ու փուչ ճշմարտախոսների հետ: Սրանց թվում է, թե մենք տխմար ենք, իսկ իրենք` բանիմաց, իրենք մարդասեր՝ մենք մարդատյաց, իրենք բարի՝ մենք չար, իրենք գիտուն՝ մենք տգետ, իրենք հայրենապաշտ՝ մենք անհայրենիք ու ազգադավ ենք, իրենք փորձառու՝ մենք անփորձ, իրենք ծրագիր ունեն, մենք անհեթեթ ենք… Հողերս ձեր միամիտ գլխին: Ի՛նչ եք ուզում էս աշխարհից ձեր աշխարհ գալով՝ ոչ մեկդ ոչինչ չգիտի: Այդպիսիների նկատմամբ հարկավոր է խիստ հսկողություն սահմանել: Այն, ինչ ես եմ հանձնարարում, ուրեմն, օրենքը դա է, ջարդեք, փշրեք, ահաբեկեք, մի ընկրկեք ոչ մեկի և ոչնչի առաջ: Ւնչի՞ մասին է խոսքը, ես եմ օրենքը: Ես և Սկիզբն եմ, և Վախճանը: Տեր եմ բոլոր խնդիրներին, գործի անցեք և անվերապահորեն կատարեք ձեր գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությունները… Եթե հասարակական, նույնիսկ ֆիզիկական բախումները քաղաքացիական հասարակության կամարտահայտությունն են, ապա ինչու ոչ, համարձակորեն ընդառաջ գնացեք դրանց: Չէ՞ որ հենց այդ ժամանակ են ծնվում առաջընթացի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող նոր գաղափարները:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ