Ալֆան և օմեգան
25.02.2020 | 01:50
Մենք կայուն հետևողականությամբ մեր երկիրը կդարձնենք բազմազգ, ազատ ու անկախ ինքնիշխան պետություն, և ոչ մի ազգայնամոլական նկրտում անպատիժ չենք թողնելու, նույնիսկ, եթե դա վերաբերի ազգային եկեղեցի եզրույթին: Դրա համար մենք ունենք բավարար ներդրումային միջոցներ և ներքին ռեսուրսներ: Կեցցե՜ այն հայրենիքը, որը վաղն է գալու, իսկ մենք արդեն ուշացել ենք, համաշխարհային օրացույցով արդեն վաղը չէ մյուս օրն է, բայց մենք շոշափելի արդյունքներ չենք արձանագրել: Տակավին առկա են նախկին ստահոդ պետության մնացուկները, որոնք պետական կառույցների տաքուկ անկյուններում պահ մտած դավադրաբար խոչընդոտում են մեր նախաձեռնություններին, որոնց դիմադրությունից և հենց իրենց անձերից պետք է շուտափույթ ձերբազատվել՝ կիրառելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները, հանուն մեր նոր հայրենիքի պետական շինարարության: Հիմա «ինչքան ուզենք էդքան կխփենք»-ի հերթը մերն է, և մենք ենք մեր երկրի միակ տղամարդիկ: Խոսքս նաև կանանց է վերաբերում: Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ:
Ես իմ խոսքի տերն եմ և հետևողական եմ լինելու մինչև վերջ, որ մեր հայրենակիցները վերջապես կարողանան լիաթոք շնչել ազատության օդը և ապրել բարեկեցիկ կյանքով: Ժամանակն է խոսքից գործի անցնելու, դիմելու կտրուկ և վճռական քայլերի: Ես հորդորում եմ նախկիններին. տղա եք, փախեք, քանի ուշ չէ, կամ թալանված գումարները, թեկուզ գրավի կիրառմամբ, վերադարձրեք ժողովրդական տնտեսություն, եկել է հաշվեհարդարի և արդար դատաստանի ժամը: Պատասխան եք տալու… Իհարկե, սա վենդետա չէ, իհարկե, մեզ կքննադատեն, բայց ամեն քննադատություն չէ, որ ընդդիմություն է: Հակահեղափոխականները, մեր դեմ ցցվողները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, որպես պետական դավաճան ու ժողովրդի թշնամի՝ իրենց հակապետական գործունեության համար: Մի մասին պարզապես կոչնչացնենք, աչք կփակենք երկիրը լքողների առաջ, մյուսներին թուլափայ կշպրտենք, որ ձենները կտրեն, մանր-մունր պաշտոններ կտանք ու կթողնենք, որ լափեն պետության կերակրատաշտից ու գետնաքարշորեն կատարեն մեր պահանջները՝ խափանման միջոց կալանքը կիրառելու ահ ու սարսափի տակ:
ՈՒզում եք ձվածեղ ուտեք ու թավայի տակը պաչիկ չանե՞ք, չլպստե՞ք, համ հաճույք ստանաք, համ կույս մնա՞ք: Հա, կուսաթաղանթների նոր պարտիան լռվել է Լարսի անցակետում, բայց շուտով կմաքսազերծվի, միայն թե դրանց ու ալիգատորի ձվերի կոդը չի գտնվում: Կոկորդիլոսն էլ ոչ սողուն է, ոչ ձուկ, ոչ թռչուն: Ոչ ոք չի հասկանում, ու ապրանքը մաքսային պահեստում արդեն վարի է գնում… Կույսի պիտույքը շատերի վրայով չի: Իրավիճակի փոփոխության արդյունքում էդ բիզնեսի հերն անիծվել է: Ինձ զեկուցել են, որ գիշերային թիթեռնիկների արհմիութենական կազմակերպության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը գործադուլ և բողոքի ակցիաներ է նախապատրաստում ընդդեմ այդ ներդրումների, բայց լավ իմացեք, կրկնում եմ, ամեն բողոք ու քննադատություն չի, որ ընդդիմություն է, հիշեք, գյոռս չեմ տանելու: ՈՒրեմն, ինքնավստահ քայլ անենք՝ մերժենք անցյալը, քայլ անենք առաջ, առանց մեկ վայրկյան անգամ մտածելու ու հետ նայելու: Առաջ նայեք, առա՛ջ:
Մենք նոր մտածողություն ենք բերում, նոր փիլիսոփայություն ու մշակույթ, որը կհեղաշրջի աշխարհը: Հիմա քաղաքացիական հասարակության որոշ ուժեր ջանադրաբար տքնում են մի օրենքի նախագծի վրա, որ տասնյոթ տարեկանն անց կուսաթաղանթավորները ենթարկվեն հասարակական պարսավանքի և տուգանվեն, ներառյալ անձնական գույքի բռնագրավմամբ՝ առանց դատարանի որոշման: Գործառույթները կիրականացնեն մեր ակտիվիստները: Ի դեպ, սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ սահմանափակ պատասխանատվությամբ մի շարք գործիչներ և գործարարներ գաղտնի հավաք են կազմակերպել՝ մեզ գահընկեց անելու դավադիր ծրագրի քննարկման նպատակով: Նախապես ասեմ, որ ինձ չեն գոհացնում որոշ ուժայինների երկչոտ քայլերը, իսկ հակահեղափոխական տարրերի վերաբերյալ ակնկալում եմ նրանց զեկույցը անվտանգության խորհրդի առաջիկա նիստում: Շեշտեմ, որ բացարձակապես դժգոհ եմ մի շարք նախարարների, մասնավորապես առողջապահական գերատեսչության պատասխանատուի անպատասխանատու գործունեությունից: Արդ, երբ աշխարհաքաղաքական զարգացումների սա ծիրին մեջ, առավել քան երբևէ, վերաձևվում է աշխարհի ֆիզիկաբարոյական քարտեզը և աշխարհի տերերը նոր հագուստներ են պատվիրում մսյո վերսաչներին, ու պարտնիխաները կլիենտներին պրիմերկաների են կանչում զօր ու գիշեր, առավոտյան աղջամուղջին կանացի մի ազդր հաճելիորեն սահում է իմ լանջակապով ու զգուշացնում առողջապահության նախարարությունում տիրող բարդակի մասին: Հարվածը չի ուշանում, տիար նախարարը գերագույն նիստի ընթացքում ելույթ է ունենում, որպես խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ, հնացած սննդի, հատկապես աղցանի հետամանորյա պայթյունավտանգ ազդեցությունների մասին, նաև զգուշացնում առողջապահության նախարարության անունից, որ ծխախոտ փստացնելը կարող է բնապահպանական աղետի վերածվել շրջակա միջավայրի համար և հասարակական ու արտահասարակական վայրերում ծխողները կպատժվեն աշխատավարձի առավելագույն չափի աստղաբաշխական չափերի գումարով, իսկ ղուլաբ տվողներին խոստանում է ուռուցքաբանական անվճար ծառայություններ՝ հետմահու: Որոշումը ուժի մեջ կմտնի հանրապետության նախագահի ստորագրման պահից: ՈՒ վայ նրան, ով կանցնի կարմիր գիծը: Բոլոր հնարավոր ռիսկերը կկանխվեն անհամաչափ ուժի կիրառմամբ: Խիստ: Խստագույնս: Անվերադարձ: Վեր ելար ծառին, վար ընկար քարին, վայ, Կիկոս ջան, վա՜յ…
«Բա ո՞նց է լինելու նարգիլեների ճակատագիրը: Գիտե՞ս, թե ինչ բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության զարգացման վրա»,- դարձյալ ներքին ձայնս է քիթը խոթում գործերիս մեջ:
«Իհարկե, կլինեն նաև բացառություններ»:
«Բա մարիխուանա՞ն, ձերդ պայծառափայլություն»:
«Շատ չե՞ս խառնվում քեզ չվերաբերող պետական կառավարման գործերին: Չկա անլուծելի խնդիր: Ոչ միայն մարիխուանան, այլև կոկաինը, ափիոնը և այլ թմրանյութեր, որոնց չափավոր օգտագործումը նպաստում է օրգանիզմի մի շարք ֆունկցիաների կարգավորմանը, կթույլատրենք օրենսդրական կարգավորումներով, եթե տվյալ հաստատությունը օրինականորեն ձեռք բերի դրանք որպես դեղամիջոց՝ պահպանելով գնումների մասին օրենքը»:
«Հասկացա, ամեն ինչ թույլատրելի է, եթե օրենք ընդունենք այդ մասին: Վաղը, եթե օրինականացվի ձեզ հաճո որևէ լկտի հանցանք, այլևս կդադարի հանցանք լինելուց…», - ներքին ձայնս, անշուշտ, կռահեց, որ դժվարությամբ եմ զսպում բարկությունս, և ես տեսա, թե ինչպես երկու ոտք ուներ, երկուսն էլ փոխ առավ ու, չափ ընկած, կատաղած ցլի պես, հեռացավ: Նա գիտի, որ հեղափոխության հաղթանակից հետո իր ներկայությունն իմ կյանքում այլևս ցանկալի չէ և օրերից մի օր իրեն ուղարկելու եմ գրողի ծոցը:
Ընդհանրապես, պետք է նշեմ, որ հեղափոխականությունը մասնագիտություն է, արհեստների և արվեստների համաձուլվածք: Իմ թեզիսների հռետորաբանությունն ու փիլիսոփայությունը հիմնված են անձնական կենսափորձիս վրա, որից զուրկ է թիմակիցներիս ճնշող մեծամասնությունը: Մենք նախընտրել ենք մերկանդամ թափանցիկությունը և անշեղ հետևողականությամբ քայլելու ենք դեպի մեր ապագան, որը, հուսԶանք ու Զանգ, գալու է: Ես արդեն լսում եմ մեր հաղթական զանգերի ղողանջը, մեր շարքերի համահավասար ոտնահարվածների ձայները՝ որպես տարածաշրջանի ամենամարտունակ և անպարտելի բանակ… Մենք աշխարհը կշրջենք հետ ի ոռ ու զրո կետից կսովորեցնենք, թե ինչ է համաշխարհային ժողովրդավարությունը:
Ե՜ս… Ես, որ ասում եմ Ես, ժողովուրդս հետս է: Երբ լեփ-լեցուն դահլիճ եմ մտնում, բոլորը հատիկ-հատիկ, տոտիկ-տոտիկ, մեկիկ-մեկիկ ոտքի են կանգնում: Հարգանքի նշան է: Ես անմիջապես մի հայացք եմ ձգում մեր պետական խորհրդանիշների կողմը՝ հանկարծ թեքված, ճմռթված, պատառոտված չլինեն: Անհարգալից վերաբերմունքը էդ անշունչ առարկաների նկատմամբ մեծ հավանականությամբ կարող է փոխանցվել նաև փշալարերի ու բարիկադների վրա իրենց կյանքը վտանգած շնչավորներիս: Ես մեծահոգաբար ողջունում եմ նրանց, բարևում եմ գլխով, մի քանիսին՝ ձեռքով, տարեցներին ու փոքրերին, նույնիսկ, գրկախառնվում եմ: Չեմ մերժում, սիրով համաձայնում եմ սելֆիներին: Դե, մեր ժողովուրդն է, ուզում է անմահանալ իմ կողքին, էստեղ-էնտեղ պարծենալ, թե՝ տեսեք ո՛ւմ հետ ենք նստում-վեր կենում: Գլուխը քարը: Մի խոսքով, ժողովրդավարության բոլոր պահանջներին հավատարիմ եմ, չնայած որոշ ընդհատակյա կառույցներ իմ ազնվությունն ու թափանցիկությունը համարում են պոպուլիստական տրյուկ՝ մանիպուլյացիա: Բայց դիմավորողների շարքերից մշտապես շշուկներ են ականջիս հասնում՝ մեր ամենափրկիչն եկավ, նրա համար կյանքս էլ չեմ խնայի, թագավոր ունենք՝ աշխարհը չունի, ոտները լվանամ՝ ջուրը խմեմ, մեկն էլ դիմագրքում գրել էր, ամոթ էլ է ասելը, թե պատրաստ է էն բանս ուտի: Շան տղի էշը քիչ մնաց տանը կռիվ գցեր: Ես, իհարկե, համեստաբար չլսելու եմ դնում, հո չե՞մ արտահայտելու գոհունակությունս:
Մեր ժողովուրդն իրավամբ գնահատել գիտի իր իսկական մեծություններին: Հետո դահլիճը վանկարկում է իմ անունը, հետևում են բուռն, երկարատև ծափահարությունները, կեցցեները, ոնց որ բրեժնևյան երանելի ժամանակներում, դեռ մի բան էլ ավելի, հինգ ց-անոց կեցցցցցե՜… Անկեղծ ասած, ինձ դուր է գալիս, որ իմ ժողովրդի դեմքին ուրախություն ու ժպիտ է հայտնվել, որ իրենք հպարտ են իրենց առաջնորդով: Այսինքն, սկսել են լավ ապրել: Բա չէ, նախկին խանությունների ժամանակ՝ լուն քաղաքացու երեսից ընկներ՝ կսատկեր: Բայց դա ուրիշ թեմա է:
Կարևորն այն է, որ կյանքի բոլոր ոլորտներում առաջընթաց ենք գրանցել: Բոլոր խոստումներս կարճ ժամկետում իրականացրել եմ՝ ի զարմանս չկամ և բանսարկու դավադիրների, հակահեղափոխական ներքին ուժերի, որ հիմա ջղաձգվում ու հոգեվարքի մեջ անօգուտ փորձեր են անում միավորվելու իմ դեմ… Նախանձից ու ներքին չարությունից պայթում են: Չգիտեն, որ ճզմելու, քամելու-մզելու եմ լիմոնի նման ու արյունները խմելու եմ ցմրուր: Թող փորձեն: Հլա մի փորձեն բախտները… Հետևողականորեն վերացնելու եմ կոռուպցիան, որ մոլախոտի պես տարածվել է ամենուր, ինչպես չարորակ ուռուցքն իր մետաստազները, միայն թե էդ մոլախոտը նախկինները ժամանակին ջրել ու խնամքով պարարտացրել են:
Անցնենք առաջ: Պիտի խոստովանեմ, որ մեր շարքեր են թափանցել պատանիներ և երիտասարդներ, որոնք չգիտեն, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, էդ փիչխուլները չեն տիրապետում մեր երթևեկին համաշխարհային ընթացքի մեջ, հետևաբար բացարձակապես չգիտեն ժողովրդի սիրտը շահելու, նրան հաճոյանալու ձևերը, էդ դասընթացը լավ չեն սերտել կամ դասից փախել են, իսկ ասում էին, յանիմ ընդունակ են ամենանենգ գյուրզա օձին անգամ բնից խաթրով հանելու: Եթե անվերջ բարձրաձայնվի, թե ամեն բան լավ է, ժողովուրդը կհավատա, իսկ ինչ վատ բան նկատի՝ վերագրելու ենք նախկիններին: Բայց շատերի մեջ ես էդ ջիղը չեմ տեսնում: Լավ, ինչ որ է: Ի՞նչ էի ասում: Ադիկը… Իր թերթում տպել էր հեղափոխության կոչը, որ իր ազգը պիտի աշխարհակալ լինի: ՈՒ ազգը հավատացել էր, թե իրենք ամենաազնիվ մետաղից են ձուլված: Հա՛, մեզ նման գոռոզ ու ինքնահավան են, դրա համար դեմ գնացին հոսանքին՝ համաշխարհային ազգի ու պետության գաղափարին և տուրը տվին հեղափոխությունը: Մենք էլ ենք մեծամիտ, դրսում թասիբի ենք ընկնում, թե մենք շինարար ազգ, արարող ժողովուրը ենք՝ ու կայանում, ներսում հեչ բան ենք՝ ծույլ ու անբան: Իբր թե մենք ենք համաշխարհային մշակույթի ստեղծողը, քաղաքակրթության ծնողն ու պահպանողը, նույնիսկ ամենաառաջին գարեջրատունն ու սրճարանը հայերն են բացել, բավարացիները հայ են: Չէ մի չէ: Ես էլ Ալֆան ու Օմեգան, Սկիզբը և Վախճանն եմ…
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ