Ալֆան և օմեգան
28.02.2020 | 12:06
Մի քիչ շեղվեմ: Տրամադրությունս, որ տեղը եղավ, էս գիշեր լայվ եմ մտնելու ու սաղի պորտը տեղը դնեմ: Ակնարկել եմ, որ էսօրվա խորհրդակցության կոֆեբռեյքին խաշ տան, իրենք չեն ֆայմում, բայց, չթաքցնեմ, սիրտս տավարի քյալլա էլ է ուզում: Դրա վրա յոթնահամ միս կա: Մեր կողմերում մի օբյեկտի տեղ գիտեմ, որ անտառում բրախած խոզի խորոված են տալիս՝ մատներդ հետը կուտես, բա մեր ծմակների տանձի ու հյունի արաղը: Բա մարզերի համահավասարաչափ զարգացման ծրագիրը ո՞նց եք պատկերացնում, եթե ոչ արտագնա միջոցառումներով, շարքային քաղաքացիների հետ շփումներով, նրանց դարդ ու ցավին դարման անելով: Հը՞… Իրիկունն էլ էն ջեբկիր դիջեյի հետ բուկի-բուկի կանենք ու տնական գինով կտժժանք: Շա՜տ բիջ գյադա է, ժամանակին վայեննոգրուզինսկի տրասի բենզինի կալոնկեքում մատնոց էր ֆռռացնում: Ես քո աֆերիստ, ժուլիկ… Դրա համար եմ յուղոտ պաշտոն տվել: Դրա հնարամտությունը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ի շահ մեր հեղափոխության: Իմ նկատմամբ դրա պարտավորությունները չափից ավելի են: Ասենք, ո՞ր մեկին լավություն չեմ արել: Կարող են՝ թող տակից դուրս գան: Հիշեցի հին գաղափարակից ընկերներիս ու համախոհներիս, մյունխենյան գարեջրատունը… Ճիշտ որ, հին ընկերները չեն դավաճանում: Ափսոս, նրանցից ոչ մեկը չկա, մենակ ես եմ պահպանվել, նրանք պատմության փոշու տակ են, իսկ ես սավառնում եմ մուսայական պեգասի վրա՝ պահպանվում եմ պետության և իմ ժողովրդի կողմից։ Չէ՛, կազմակերպելու եմ համախոհներիս պայծառ հիշատակին նվիրված գարեջրի մեծ փառատոն, որ աննախադեպ ու անգերազանցելի լինի, որ նոր էջ բացի համաշխարհային գարեջրագործության պատմության մատյանում ու առաջին գրառումն էլ խոստանում եմ ինքս անձամբ անել՝ երկու հարևան ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող էն ադամանդակուռ գրչով, որ ասուլիսի ժամանակ նվեր ստացա մի զարմանալիորեն քաղաքակիրթ ու համարձակ լրագրողից, ու ստորագրելու եմ հայրենական հանքարդյունաբերության շնորհած ոսկեծոր մելանով:
Դիըր ֆրենդզ էնդ քոլլեգզ, մայ ֆամիլի իզ մայ օջախ (Հարգելի ընկերներ և գործընկերներ, իմ ընտանիքը իմ օջախն է): Մեր տունը ձեր տունն է: Մեր օջախը՝ ձերն է: Իմ ընտանիքը մեր ժողովուրդն է: Մենք ժողովրդի մեջ արդեն պետք է կոտրած ու ջարդուփշուր արած լինեինք բոլոր անմիտ ու չարդարացված, այսպես կոչված, ավանդական կարծրատիպերը, բայց դիմադրողականությունը հաղթահարել դուք չեք կարողանում: Արա, հասկացեք, ազգային արժեհամակարգ, ավանդույթներ, մայրենի ու հայրենի, պապենի ու հորքուրենի և այլն, էդ տոհմացեղային քառակուսի մտածողությունից հետամնացության մգլահոտ է փչում: Նախ՝ ձեր դատարկ ուղեղները մտցրեք հեղափոխությունը, հետո տարածեք հասարակության մեջ՝ կուզեք նարկոշների ու տրանսգենդերների, կուզեք պոռնիկների ու ղումարբազների, ում միջոցով կուզեք: Պետք եղավ՝ հաստակող ընդդիմադիրների գլուխները փշրեք: Ես տեր եմ: Մենք ենք տերը մեր երկրի: Մենք ունենք մեր ժողովրդի անվերապահ քվեն, ու քանի դեռ դրա երաշխիքային ժամկետը չի սպառվել, պարտավոր ենք թեկուզ դանդաղ, բայց շտապել: Համենայն դեպս, իմ պառավ յարը լավն է, լա՜վ… Է՜խ, Սոֆուշկա, Սոֆիա Պավլովնա, ու՞ր ես հիմա… Հիմա տեսեք, թե խոսքս ուր է գնում քաջ որսկանի գյուլլի պես և դա ոնց է լինում:
Ես հիմա հայտարարություն եմ տալիս հանցագործության մասին առ այն, որ հիմք ընդունելով մ.թ.ա. Վաչագան Բարեպաշտի սահմանադրության և Մխիթարյան Գոշի քրեական դատաստանագրքի համապատասխան հոդվածները, հենվելով Ֆրանսիական հեղափոխության ժամանակ հնչած ժողովրդավարական մի շարք կոչերի և ելույթների սղագրության վրա, տարեթվերը կարևոր չեն, վկաները նույնպես, քանզի նրանց գերեզմաններին յոթ անգամ յոթ, գումարած ու բազմապատկած ձեր աշխատավարձին հավելյալ անաշխատ եկամտի ու պարգևավճարների չափով յոնջա է աճել, բայց պահպանվել են շատ վկայագրեր և վիմագիր արձանագրություններ, նաև հիշատակություններ հարևան երկրի մատենագիրների երկերում, որոնցից մեկը վերջերս տպագրեց մեր բարեկիրթ ու քաղաքակիրթ հարևանի «Ազինֆո» կայքը, հղում կատարելով նույն սկզբնաղբյուրին, ըստ որի 17-րդ դարի մեջտեղներին Մարս մոլորակի վրա վայրէջք կատարած առաջին տիեզերանավի ղեկին նստած է եղել աստղաֆիզիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ մի ենիչերի, որը տեղում հայտնաբերել է մեր երկրում կոռուպցիոն մեծ սկանդալի հետ կապվող քրեական գործի հատորներ և այլն: Այսու, հայտարարում եմ, կեղծ տեղեկատվության տարածման մասին, որը նաև որպես ֆեյք, սփռված է համաշխարհային գրավոր, բանավոր և թվանշանային մամուլի էջերում, որ Համաշխարհային բանկի, Եվրոպական հեղինակավոր դատարանի և օրըստօրե հեղինակազրկվող ՄԱԿ-ի, Եվրախորհրդի և միջազգային այլ հասարակական կազմակերպությունների աչքի առաջ տեղի է ունենում կոռուպցիայի դեմ մեր սանձազերծած անողոք պայքարի նենգափոխում և առկա է ճչացող արհամարհական վերաբերմունք: Միջազգային խաղաղ-արար-ապահ-ասերների ուշադրությունն եմ հրավիրում այն անվիճելի փաստի վրա, որ քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին ի հայտ են գալիս խոչընդոտներ, որոնք հարուցում են անկախ դիտորդները և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են կոռուպցիայով շահագրգիռ նախկին բոլոր կոալիցիոն ուժերը, և իրենց հանցավոր գործունեությունը քողարկում են մանր-մունր ձկնիկներ որսալով, իսկ խոշորները, որոնց գլխից բռնելու կեղծ կոչեր ու հայտարարություններ էր անում ամենաբարձր մակարդակով տխրահռչակ, միահեծան գոռոզ մի ցար, որ անմահ էր իրեն կարծում, իսկ ես բերեցի նրա մահը, երբ նիրհում էր ամրոցում, իրականում շարունակում են կողոպտել ու անձնական շահադիտական նպատակներով մսխել իմ անձնական վերահսկողության տակ վերցված համամարդկային արժեքները, նաև պետական բյուջեն, հարկ եղած դեպքում ներկայացնում կեղծ վիճակագրական տվյալներ, առ այն, որ տեղ-տեղ վերացվել է կոռուպցիան, մինչդեռ այն շարունակում է զարգանալ նոր թափով, ընդունելով ավելի մեծ չափեր, կիրառելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած անսպառ հնարավորությունները, երբեմն նաև օրենքի ուժով պաշտոնականացնելով թալանը: Ես արդեն իսկ ամենաբարձր ամբիոններից հայտարարել եմ, որ մեր երկրում իսպառ վերացված է կոռուպցիան: Ելնելով իրավիճակի այս փոփոխությունից, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն և համապատասխան քննչական-հետախուզական մարմինները պարտավոր են խուզարկություններ անցկացնել հանրապետության բոլոր տներում ու բնակարաններում, վիքինգ կիրառել յուրաքանչյուրի նկատմամբ, անկախ այն բանից, մեղավոր է, կասկածյալ թե շարքային անմեղ քաղաքացի, կանխարգելել հնարավոր բռնկումների հավանական բոլոր օջախները: Օրենքի առաջ հավասար են բոլորը: Մենք օրենքի գերակայության երկիր ենք կառուցում, և այդ ճանապարհին նպատակն արդարացնում է ամենածայրահեղ միջոցառումների անցկացումը, միջոցների կիրառումը, նույնիսկ գաղտնալսումները, մատնությունները, կեղծ վկայությունները: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն գույքի և դրամական միջոցների մասին բոլոր հայտարարագրերը, նույնիսկ պապերից մնացած ժառանգության մասին տվյալները համեմատվեն տեղի ծխամատյանների, սոցիալական հարցումների ամփոփագրերի հետ, վերլուծության ենթարկվեն տեղի և օտար հիշատակարանները, ժայռապատկերները և այլն՝ այդ ամենը հանուն մեր ժողովրդի բարօրության և բարեկեցության… Մեկ րոպե, ներեցեք, բջջայինս է:
- Այո, շե՛ֆ: Գիտեմ, որ գաղտնալսում եք: Նաև գաղտնադիտու՞մ եք: Հրաշալի է: Ախ, լա՞յվ եմ մտել: Դե, սովորության համաձայն, ամեն բան թափանցիկ է արվում, հանուն ժողովրդի: Ի՞նչ գորշ գայլեր: Առաջին անգամ եմ լսում: Շնորհակալություն: Կաշխատեմ: Չեմ հիասթափեցնի: Ցտեսություն:
Շեֆը փնթփնթան է դարձել, բայց դաբրո տվեց իմ գործունեությանը, ողջույններ հաղորդեց: Մալադեց (կեցցես), ասաց, օքեյ (շատ բարի): ՁՈՍ ՊպՐՋՈՑՖ (այդպես շարունակել): Բայց ես ներքուստ դեռևս դժգոհ եմ մեր աշխատանքից: Լավ, անցնենք առաջ:
Այսու, հայտարարում եմ եղբայրական չինմաչին, հնդիկ, ռուս, բարեկամ՝ անգլո, գերման, իտալ, ազգակից՝ բրիտ, բավար, բասկ և մի շարք այլ կովկասյան ծագումնաբանություն ունեցող ազգերի, ժողովուրդների և ցեղախմբերի ալյանսի անունից իմ ցասումն ու ընդվզումն այսօրինակ գործելաոճի և գործիքակազմի դեմ: Ես լիազորված եմ անվստահությունս հայտնելու աշխարհի բոլոր օրենսդիր մարմիններին՝ կոնգրես, դումա, ռադա, մեջլիս, կնեսետ և մյուս պառլամենտներին ու ազգային ժողովներին, և պահանջելու հետ կանչել իրենց ազգընտիր բոլոր պատգամավորներին ու երեսփոխաններին: Նրանք առաջնորդվում են հին աշխարհի երկակի ստանդարտներով, այսպես ասած, առայսօր խփում են և՛ սալին, և՛ նալին: Հայտարարում եմ համաշխարհային հեղափոխության նոր շրջափուլի մեկնարկի մասին և կոչ անում բոլոր դավադիր և հակահեղափոխական ուժերին վայր դնել զենքերը՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով, և բարի կամք դրսևորելով միանալ մեր խաղաղ ու մարդասիրական գործընթացին: Հակառակ դեպքում, մեր հեղափոխական կոմիտեն պատրաստ է մինչև վերջ գնալու և հողին հավասարեցնելու մեզ խոչընդոտող և արգելք հանդիսացող ամեն մի դրսևորում: Մտքներովդ չանցնի, թե կանգ կառնենք: Հետո ստիպված եք լինելու կապիտուլյացիայի փաստաթղթի տակ ձեր ստորգիրը դնել: Մենք դեմ ենք փուլ առ փուլին և կողմնակից՝ ինչ լինում է, թող որ լինի միանգամից մոտեցմանը: Մենք հիմնվում ենք մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման, պետությունների տարածքային ամբողջականության, խոսքի և մամուլի ազատությունների, զանգվածային ցույցերի, բողոքի գործողությունների մասին եվրոպական և միջազգային մարդասիրական, ժողովրդավարական սկզբունքների վրա: Վա՜յ նրան, ով քաղաքացիական հասարակության պայմաններում կհակառակվի մեզ՝ կճզմեմ տանկերի թրթուրների տակ: Ես պատրաստ եմ իմ մոտեցումները շարադրելու ցանկացած բարձր ամբիոնից, որը կտրամադրվի ինձ, հակառակ դեպքում դա կարվի ուժի իրավունքի կիրառմամբ: Պատրաստ եմ ներողամտություն և հանդուրժողականություն դրսևորելու նաև նրանց նկատմամբ, ովքեր կամավոր դուրս կգան բարիկադներից, երեք քայլ հետ կգնան, վայր կդնեն զենքը և գերի կհանձնվեն: Խոստանում եմ խնայել նրանց մերձավորներին:
Հարգելի և սիրելի լեյդիզ էնդ ջենթըլմեն և ուրիշներ, լե քամաղադ, մադամ է մուսյո, իմ անվախ ու վճռական քաղաքացիներ, երբեք չկորցնեք ձեր հզոր կամքն ու չընկրկեք որևէ սպառնալիքի առաջ, թեկուզ և զոհեր լինեն մեր պայքարում: Արվեստը զոհեր է պահանջում: Ոչնչի առաջ չխեղճանաք, համաշխարհային առաջադեմ մարդկությունը, արևմտյան արժեհամակարգի կրողները, համայն աշխարհը շունչը պահած հետևում են մեր դարակազմիկ գործողություններին: Բայց միշտ նկատի ունեցեք, որ թշնամին քնած չէ: Նա ևս հետևում է մեզ, սակայն դարանակալ, մարաղ մտած, սպասելով մեր սայթաքումներին: Նույնիսկ օգտվում է էքստրասենսների, բախտագուշակների, միջնադարյան հմայիլների ծառայություններից: Բայց նա վաղ թե ուշ կհասկանա, որ իր գնացքն արդեն գնացել է՝ չու՜կ-չա՜կ, չուկի՜-չուկի՜, եթե ոչ իր կամքով, ապա մենք կպարտադրենք նրան իրականությունը գնահատել սթափ և սառը տրամաբանությամբ, չէ՞ որ ես ցանկացած պահի կարող եմ գործ հարուցել նրանց նկատմամբ: Մեր ձեռքին հսկայական կոմպրոմատներ կան…
Նախկին վերահսկողական ծառայությունները բոլոր պետական կառույցներում արձանագրել են վիթխարի թալանի փաստեր, սակայն գործեր չեն հարուցել, հավանաբար առաջնորդվելով հոգին ի բուռ պահելու սկզբունքով: Մեզ է փոխանցվել այդ արձանագրությունների բազմահատորյակը, որով կզբաղվեմ ես անձամբ, ինչպես նաև համապատասխան մարմինները: Սա շարունակական գործընթաց է, որի ընթացքում ի ցույց կդրվեն մեր հակառակորդներն ու ընդդիմադիրները, ոչ մի դիմադրություն չենք հանդուրժելու մեր ժողովրդի առաջընթացի ճանապարհին: Ամեն հակառակ դրսևորում դիտարկվելու է որպես պետական հեղաշրջման հակապետական փորձ և դավաճանություն մեր որդեգրած ժողովրդավարական սկզբունքներին: Էս ղժղժան ընդդիմությունը հերոսաբար ինքնաբացահայտվել է և իրենից առանձնապես լուրջ վտանգ չի ներկայացնում, ընդամենը կարող է ճոխացնել խորհրդավոր կորուստների ցանկը, իսկ ընդհատակյա ծպտյալների մասին ասքը կշարունակվի Վովա փղի և Աբդուլլա ուղտի իրավունքների պաշտպանությամբ… Անուրանալի փաստ է, որ բոլոր մանկագիրների ոչ հեռավոր անցյալում կռվեցրած ընտանի կենդանիները, նույնիսկ հայտնի շունն ու կատուն, հաշտություն են կնքել մեր հեղափոխությունից հետո, և խոսակցություններ կան, որ հնարավոր է առաջիկայում ականատես լինենք նրանց, ասել է թե՝ դարիս, ամուսնությանը: Պատասխան են տալու բոլորը՝ ողջ թե մեռած, ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի: Նույնիսկ անհատի պաշտամունք հորջորջվող ստալինյան բռնությունների տարիներին ապրածները, ովքեր աշխատել են այդ սրիկաների ժամանակներում, այսինքն, նպաստել են իշխող վերնախավի առաջընթացին, արդյունաբերության, գիտության և մշակույթի զարգացմանը:
Քեֆս հազար է, ծիրան ծիրան, յոթը ծիրան: ՈՒ հարբեցումի այս թմբիրի միջից, որ նիրվանայի կայֆեր է տալիս, դիմում եմ ազգիս՝ օ՜վ, իմ ժողովուրդ, վերոհիշատակյալ հասկացություններն այլևս իրենց դարն ապրել են, և ամենևին այլևս հետաքրքիր չեն սոված ու աղքատ ազգություններին, երբ կոռուպցիան սողոսկել է մեր ընտանիքները, ուղեկցում է մեզ ամենուր՝ լինի ինքնաթիռում, գործուղման ընթացքում, հյուրանոցում թե աշխատավայրում, նույնիսկ հարազատ օջախում: Այն մտել է մեր անկողինները, դարձել կտաս-կտամի մտածողություն և հոգեբանություն, մարմնավորվել զուգընկերոջ կերպարով: Ես խոստանում եմ արմատախիլ անել այն հաշված օրերի ընթացքում, եթե դուք չկորցնեք ձեր տոկունությունը… Հակառակ դեպքում, մի օղ էլ ավելացրեք ձեր ականջներին՝ ես եմ մարդամեջ բերել, ես էլ կվերացնեմ…
Երկիր հայրենիս, երկիր հնամյա, այսօր օղի կխմենք, վաղն էլ՝ բջնի:
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ