ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր  կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները  իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
22.04.2016 | 00:20

(սկիզբը` այստեղ)

Մինչ Գորբաչովի երևան գալը Խորհրդային Միությունն արդեն մեռած էր, նրան թաղել էր պետք: Այդ պատմական առաքելությունը նա կատարեց հաճույքով ու մեծ հնարամտությամբ: Գորբաչովի հայ ընդդիմախոսները պնդում են, թե խորհրդային երկիրն ավելի լավն էր. ամեն մարդ գողանալու և ապրելու հնարավորություն ուներ, կարող էր կրթվել, բուժվել, ընտանիքով հանգստանալ և այլն: Իհարկե, կան մարդիկ, ովքեր կարողանում են ապրել նաև նման ձևերով՝ հույսը դնելով ստի, գողության, աճպարարության ու կաշառակերության միջոցով փող աշխատելու վրա: Որոշ դեպքերում դրանք նույնիսկ ավելի արդյունավետ էին լինում, քան կարող էր հաջողվել ազնիվ, օրինապաշտ, հանրօգուտ աշխատանքով զբաղվողներին: Բայց դա ապագա չէր կարող խոստանալ մարդկանց ու, ինչպես Խորհրդային Միության պատմությունը ցույց տվեց, նաև երկրի համար. ստի ոտքերը միշտ էլ կարճ են լինում, հեռուն գնալ չես կարող:

Աստվածաշնչում ուղղակի է ասվում. մի՛ գողացիր: Մի՛ գողացիր, որովհետև այդ է ճշմարիտ ուղին: Մյուս կողմից, պետության անվտանգության ու դինամիկ զարգացման տեսակետից օրակարգում մշտապես պետք է պահվի ոչ թե ծույլ ու անբան մարդկանց կերակրելու, նրանց համար ուրախ և անհոգ կյանքի կազմակերպման, նրանց գոյատևման, այլ Հայաստան երկրի հարատևման խնդիր-գաղափարը: Երկիրը կարող է հարատևել, եթե իրենից արժեք է ներկայացնում, ունի հզոր տնտեսություն, հզոր բանակ, անկախ, հպարտ ու անկաշառ քաղաքացիներ, ովքեր հայրենիքը պաշտպանելու համար պատրաստ լինեն միավորվելու, իսկ անհրաժեշտության դեպքում թշնամու դեմ միասնական բռունցք դառնալու: Խնդիրն այն չէ, թե ազնվության, օրինապաշտության, աշխատասիրության ու հայրենասիրության թեմաները խորթ են մեր աշխատավորական լայն զանգվածներին, մտավորականության կամ իշխանական վերնախավին: Տեսականորեն այն ընդունելի է բոլորի համար, բայց պրակտիկ գործերում քչերն են առաջնորդվում այդ գեղեցիկ գաղափարներով՝ մտածելով, որ կոնկրետ իր անձի վրա դրանք կարող են նաև չտարածվել ու դրանից համազգային խնդիրները բացարձակորեն չեն տուժի, եթե միայն ինքը գողանա, եթե միայն ինքը կաշառքը վերցնի, իսկ մյուսները աշխատեն ու աշխատեն, ապա ամեն ինչ լավ կլինի: Այս մոտեցումը զուտ հայկական է, որը խորհրդային տարիներին ավելի խորացավ:

Այս հարցերում Հայաստանում մշտապես արհեստական խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով մարդիկ կորցնում են իրենց հավատը Հայաստանի ապագայի նկատմամբ, լքում ու հեռանում են հայրենիքից այն ժամանակ, երբ նրանց կարիքն այսօր առավել է զգացվում: Պետք է մի բան մտածել, մի հնար գտնել ու վերջ տալ ազգին վնաս բերող երևույթներին, այդ թվում՝ կաշառակերությանն ու կոռուպցիային:
Ասեմ, որ ինձ դատի տվող քարտուղարի պատմությունը դեռևս չի ավարտվել: 2015 թվականին ես առիթ ունեցա մասնակցելու մի միջոցառման, որտեղ, ի թիվս խորհրդային ժամանակների քաղաքական ու տնտեսական ղեկավար գործիչների, ներկա էին նաև ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Գուրգենի Հարությունյանն ու ինձ դատի տվող Արտաշատի շրջկոմի քարտուղարը: Խոսում էին անցած-գնացած օրերից, դեպքերից, իրենց կյանքի կարևոր դրվագներից. յուրաքանչյուրն անում էր իր պատմությունը:

Ինձ ամենից շատ հետաքրքրեց Արտաշատի նախկին շրջկոմի առաջին քարտուղար Զավեն Գևորգյանի պատմությունը, որը բացահայտում էր որոշ ուսանելի մանրամասներ Խորհրդային Հայաստանում կաշառակերության դեմ մղված պայքարի պատմությունից: Կարծում եմ, որ այդ պատմությունը ավելի լայն կբացի խորհրդային կարոտախտով տառապող հայերի աչքերը:
-Մի անգամ,- իր պատմությունն այդպես սկսեց նախկին կոմունիստը,- ինձ մոտ եկավ մի դասատու (ասեմ, որ կուսակցական էլիտայի համար «դասատուն» ուսուցչի արհամարհական հոմանիշն է, նրանց բառապաշարում կար նաև «գիտնական» արհամարհական արտահայտությունը- Վ. Հ.) ու ասաց, թե հենց նոր գործկոմի նախագահ Սամվել Մելքոնյանին կաշառք եմ տվել, 500 ռուբլի, գնացեք բռնեք:
-Հնարավոր չէ, Սամվել Սեմյոնովիչը շատ ազնիվ կոմունիստ է, նա կաշառք չէր կարող վերցնել, ինչ-որ բան շփոթել ես (խոսքը Արագածի շրջանային խորհրդի գործկոմի նախկին նախագահ Սամվել Սեմյոնի Մելքոնյանի մասին է, որը, ի դեպ, ՀԿԿ կենտկոմի նախկին քարտուղար Մհեր Մելքոնյանի եղբայրն ու «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանի հորեղբայրն էր- Վ. Հ.):
-Ճիշտ եմ ասում, փողերը սեյֆի մեջ դրեց, ահա համարները:
-Լավ, դու գնա շենքի մոտ կանգնիր, որ չփախչի, ես հիմա գալիս եմ:
Դասատուն դուրս եկավ, զանգահարում եմ Սամվելին՝ ա՛յ տղա, սեյֆի միջի 500 ռուբլին հանի, գրպանդ գցիր, հիմա գալիս եմ: Դատախազին վերցրի ու գնացինք Սամվելի մոտ, գույնը գցել էր:
-Սեյֆդ բացիր, տեսնենք, մեջն ի՞նչ կա, հո կանանց համար օծանելիք, բան չես պահում:
Սեյֆը բացեց, մեջը՝ դատարկ:
-Այ տղա,- ասում եմ դասատուին,- բա ասում ես սեյֆի մեջ փո՞ղ կա դրած, որ կաշառք ես տվել, ո՞ւր է, դու գիտե՞ս, թե ազնիվ կոմունիստին զրպարտելու համար քեզ քանի տարի է հասնում:- Դասատուի ձեռքերը սկսեցին դողդողալ: Այդպես ես փրկեցի Սամվել Սեմյոնովիչին,- խոսքն ավարտեց շրջկոմի քարտուղարը:
Այս պատմությունն անելով՝ շրջկոմի նախկին քարտուղարը ցանկանում էր ցույց տալ, թե որքան ընկերասեր, նեղ օրերին հասնող ու կյանքում վեհանձն է եղել նա:


Կարծիք կա, թե այնքան էլ գեղեցիկ չէ, երբ ինտիմ միջավայրում լսած պատմությունը հրապարակվում է բաց մամուլում: Ես այդպես չեմ մտածում: Ղարաբաղի ազատագրման համար զոհված հազարավոր ազնվագույն ու քաջ հայորդիների, այդ թվում՝ զոհված եղբորս՝ Կառլոսի, հոգիներն են ինձ մշտապես հուշում, որ պետք է խոսել, պետք է գրել ու մշտապես պայքարել մեր կյանքը թունավորող, մեր երկիրը թուլացնող բոլոր վնասակար երևույթների դեմ, նաև այս անտեսանելի կաշառակերության ճակատում: Դա պետք է արվի, որպեսզի հայրենիքը ազատագրվի նաև ներսից, ներքին ոսոխից, դրա կարիքը այսօր շատ խիստ է զգացվում: Երկիրը պետք է կայանա, աճի ու զարգանա: Բոլորը թող իրենց ականջներին լավ օղ անեն, որ մեր երիտասարդ հայորդիների արյունը իզուր չի թափվել, որ իրենց կյանքը նրանք իզուր չեն տվել, այլ տվել են հանուն մեր երկրի ազատագրման, հանուն մեր սերունդների, հանուն աշխարհասփյուռ հայության միասնական Հայաստան հայրենիքի:
Կաշառակերության դեմ պայքարող Արագածի շրջանի ուսուցիչն էլ թող իմանա, թե ում հետ էին ինքն ու Լեոնիդ Բրեժնևը փորձում պայքարել կաշառակերության դեմ և ինչու իրենց միասնական պայքարն արդյունք չտվեց: Խորհրդային Միությունը իր հիմնական պարտությունը կրեց սոցիալիստական կաշառակերության հարթությունում: Այստեղ էր թաղված սովետական շան գլուխը: Հույս ունեմ, որ սույն հրապարակումից հետո Արտաշատի կոմունիստ ղեկավարը կհիշի նաև «Էլեկտրոնստանդարտի» երիտասարդ մասնագետների բնակարանների վաճառքի պատմությունն ու կյանքի մնացած հատվածի համար որոշակի եզրահանգումներ կանի, կփորձի օգտակար գործեր կատարել երկրի համար ու դրանով իսկ քավել իր կոմունիստական մեղքերը: Իսկ ես կարող եմ միայն խորհուրդ տալ, որ իր ունեցած փողերով նա գնի իսրայելական արտադրության մի քանի անօդաչու թռչող սարք՝ հայկական բանակի համար ու ֆինանսապես օգնի վերականգնելու 2016 թվականի ապրիլի սկզբին ռմբակոծված Ղարաբաղի Թալիշ գյուղը: Կարելի է, օրինակ, գյուղնախարար եղած ժամանակ ստացած ճապոնական 16 միլիոն դոլարի (այդ գրանտը տրված էր Նոյեմբերյանի դեղձի այգիները վերականգնելու համար) գրանտից ստացած անձնական օգուտների մի մասը օգտագործել Թալիշի այգիները վերականգնելու համար:
Կուսակցական էլիտայի ու ազատ, անկախ Հայաստանի չինովնիկների անաշխատ փողերը անաշխատ ու կեղտոտ են, երբ գտնվում են գողացողների գրպաններում կամ արտասահմանյան բանկերում՝ անձնական հաշիվների վրա: Բայց երբ դրանք օգտագործվում են ազգօգուտ գործերի, օրինակ, բանակի հզորացման համար, ապա դառնում են մաքուր փողեր, փողեր ժողովրդի, փողեր երիտասարդ սերնդի համար: Ժողովրդի քրտինքով աշխատած փողերը միշտ մաքուր են եղել, նրանք դառնում են կեղտոտ, երբ մտնում են մասնավորների գրպանները: Առավել ևս հիմա, երբ մեր երկիրը ներքաշվել է կենաց ու մահ երկարատև ծանր պատերազմի մեջ:


«Եւ մտած՝ Երիքովի միջովն անցնում էր: Եվ ահա մի մարդ՝ անունով Զաքէոս կոչուած, որ նա մաքսապետ էր, և ինքը հարուստ էր: Եվ ուզում էր Յիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում. որովհետև հասակով կարճ էր: Եւ առաջ վազեց՝ վեր ելավ մի ժանտաթզենի, որ տեսնէ նորան, որովհետև այնտեղովը պիտի անցնէր: Եւ երբոր այն տեղն եկաւ, Յիսուսը վեր նայեց և նորան ասաց. «Զաքէ, շուտ արա իջիր. որովհետև ինձ այսօր պետք է քո տանը կենալ»: Նա էլ շտապելով իջավ և ուրախութիւնով ընդունեց նորան: Եւ բոլոր տեսնողները տրտնջում էին և ասում, թէ Մեղաւոր մարդի մօտ մտաւ հանգիստ առնելու: Զաքէոսն էլ կանգնեց և Տիրոջն ասաց. «Տեր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կտամ. Եւ եթե մեկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կվճարեմ»: Յիսուսն էլ նորան ասաց, թէ այսօր փրկութիւն եղավ այս տանը. որովհետև սա էլ Աբրահամի որդի է. որովհետև մարդի Որդին եկաւ, որ որոնէ և ապրեցնէ կորածին» (Ղուկաս 19, 1-10): Նոր կտակարանային այս տողերը պետք է ընկալենք ամենայն խորությամբ, իրար հետ համագործակցենք ու հաղթահարենք դժվարությունները ու միասին դուրս գանք ստեղծված իրավիճակից:


Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղարը ժամանակին իմ արյունը շատ է պղտորել, բայց ես այդ ամենը կմոռանամ ու կներեմ, եթե նա իր մեջ ուժ գտնի ու իր հավաքած փողերը ներդնի, օրինակ, հայ գիտնականների հետ անօդաչու թռչող սարքերի դեմ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր տեղծելու ծրագրում: Դա հնարավոր է, դա կարևոր է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար, դա մեզ մեծ պատիվ կբերի աշխարհում: Այստեղ կա նաև խոշոր բիզնեսի հնարավորություն: Հակաօդային պաշտպանության համակարգերը մեծ պահանջարկ ունեն աշխարհում: Այս էտապում լուրջ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է, որ մեր օլիգարխիկ կապիտալը սկսի աշխատել երկրի ներսում, երկրի խնդիրները լուծելու, մասնավորապես, ցամաքային ու օդային արդյունավետ ինքնապաշտպանական համակարգեր ստեղծելու համար: Ճիշտ կլինի, որ հայկական կոմունիստական էլիտան, կամավորության սկզբունքով, իր վրա որոշակի պարտավորություն վերցնի ու նպաստի, որ կուտակված անաշխատ միջոցները հավաքվեն ու ներդրվեն Հայաստանի արդյունաբերության, գյուղատնտեսության ու բանակաշինության մեջ: Ես դեմ եմ հասարակության մեջ մերթընդմերթ հնչեցվող այն գաղափարին, թե պետք է որոշ մարդկանց կուլակաթափ անել, գողությամբ, կաշառակերությամբ, անօրինական ու հանցավոր ճանապարհներով ձեռք բերված հարստությունները հետ վերցնել ու օգտագործել երկրի հրատապ խնդիրները լուծելու համար: Թեև դա արդարացի կլինի, բայց իրականում օգուտ չբերող, անիրականանալի գաղափար է. օլիգարխիկ կապիտալը վաղուց արդեն դուրս է բերվել հետխորհրդային բոլոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: Փողերը հետ բերելու ու երկրի տնտեսության և ռազմական նպատակների վրա ծախսելու խնդիրն օլիգարխները կարող են լուծել միայն մի դեպքում. եթե կարողանան հաղթահարել իրենց որդի-օլիգարխների դիմադրությունը: Այստեղ լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ են առաջացել: Օլիգարխների որդյակների գերակշիռ մասը ցանկություն չունի ու թույլ չի տա, որ իրենց գրպանի հաճույք պատճառող կապիտալը դուրս գա իրենց տրամադրության տակից և ուղղվի դեպի Հայաստան ու Ղարաբաղ: Նրանք արդեն հասցրել են դառնալ ցոփ կյանքի սիրահար կոսմոպոլիտներ ու ավելի կարևոր են համարում մի քանի հազար դոլարով շամպայն գինի խմել, տասնյակ հազար դոլարներով իտալիաներում էլիտար ներկայացումներ դիտել կամ աֆրիկյան էկզոտիկ երկրներում երկարաժամկետ սաֆարիներ անցկացնել: Նման ապրելակերպը որդի-օլիգարխների համար դարձել է կյանքի նորմ: Գիտե՞ն արդյոք օլիգարխիկները, թե ինչ առյուծի սիրտ ունեն իրենց հասակակից հայ երիտասարդները ու ինչի մասին են, առաջին հերթին, երազում հոսպիտալներում ապաքինվող մեր վիրավոր զինվորները: Ոչ, պատերազմի դաշտում վիրավորված զինվորները թանկագին շամպայնների ու այլ ճոխությունների մասին մտածելու ժամանակ չունեն. նրանք մեկ մարդու նման սպասում են, թե ինչպես ապաքինվեն ու հասնեն իրենց մարտական ընկերներին, պահեն ու պահպանեն դիրքերն ու հայրենիքի սահմանները, սա էլ նրանց կյանքի նորմն է: Մեր հերոս տղաներին ժամանակակից մարտական զենք է պետք, հատկապես անօդաչու թռչող սարքերի ու նորագույն այլ զինատեսակների ոչնչացման համար: Դրա համար նոր գաղափարներ ու միջոցներ են պետք այդ նոր գաղափարները կյանքի կոչելու, մետաղի վերածելու համար: Որտեղի՞ց վերցնել այդ գումարները: Կարծում եմ՝ տեղին կլինի շարունակել բարոյականության ու հայրենասիրության կոչեր հղել կոմունիստական էլիտայի մեր կարկառուն գործիչներին, ովքեր խորապես նպաստեցին Խորհրդային Միության ու կոմունիստական հասարակարգի փլուզմանը: Ձեռքի տակ եղած միջոցները կտրամադրե՞ն հայրենիքի հզորացմանը, շատ լավ, փառք ու պատիվ նրանց, չե՞ն տրամադրի՝ իրենց մուրը իրենց վիզը, թող մնան հեռուներում ու միշտ հիշեն, որ ժամանակին իրենք հայ են եղել, ու շարունակեն իրենց խրախճանքը հայրենիքից հեռու: Նրանցով աշխարհը չի ավարտվում: Մենք ունենք Ռուբեն Վարդանյան ու նրա նման մտածող բազմաթիվ հայրենասեր հայ մեծահարուստներ, ովքեր իրենց զավակներին հայկական բանակ են ուղարկում՝ ծառայելու ամենաթեժ կետերում:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ