«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները  իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
26.04.2016 | 09:52

(սկիզբը` այստեղ)

ՀԱՑԸ ՏՈՒՐ ՀԱՑԹՈՒԽԻՆ, ՄԻ ՀԱՏ ԷԼ ԱՎԵԼԻ

Քանի որ շեղվեցինք բուն թեմայից, ապա կփորձեմ մի քիչ էլ շեղվել ու որոշ դիտարկումներ անել Ղարաբաղի երկնքում խփված իսրայելական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ: Բոլոր այդ սարքերը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն՝ տեխնիկական կարևոր բնութագրեը պարզելու ու դրանց թույլ տեղերը հասկանալու համար, այդ ինֆորմացիան հույժ կարևոր է մեր զինված ուժերի համար, հետագայում պետք կգա: Հայկական ԶԼՄ-ներից իմացանք, որ Ղարաբաղի երկնքում խոցված իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մի մասը փոխանցվել է Իրանին՝ համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Քաղաքական ու զուտ տեխնիկական տեսակետից սա նրբագույն որոշում է: Մենք գիտենք, որ Իսրայելը Իրանի երդվյալ թշնամին է, ու նաև Իրանը Իսրայելի առաջին թշնամին է, որը չի թաքցնում Իսրայելը ոչնչացնելու իր միջուկային պլանների մասին: Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր միջազգային պատժամիջոցները ծնունդ են առնում իրանական միջուկային ծրագիրը տապալելու խնդրից: Իր պլաններն իրագործելու համար Իրանը պարտավոր է հետևել ու մշտապես ստույգ ինֆորմացիա ստանալ Իսրայելի ռազմական, տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների ու մակարդակի վերաբերյալ: Այդ ինֆորմացիան, կործանված իսրայելական ինքնաթիռի տեսքով, մենք պատրաստվում ենք տրամադրելու Իրանին, և դրա բարոյական իրավունքն ունենք: Մենք այն ստացել ենք անմիջապես Իսրայելից ու այն օրից, երբ իր նորագույն ռազմական տեխնիկան նա տրամադրեց մեր թշնամուն՝ համոզված լինելով, սակայն, որ այն օգտագործվելու է Ադրբեջանի կողմից հայ զինվորներին ու քաղաքացիական խաղաղ բնակչությանը սպանելու համար: Հրեա ու հայ ժողովուրդների ճակատագրերի պատմական ընդհանրությունը, հայոց եղեռնն ու հոլոքոստը այստեղ դեր խաղալ չեն կարող. մեր դեմ մի զինեք մեր թշնամուն, մենք էլ չենք աջակցի ձեր թշնամուն: Սա իր հերթին:


Ավարի տեսքով ձեռք բերված բոլոր զինատեսակները, լինեն դրանք աշխատանքային, թե խոցված վիճակում, պետք է սկզբում մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն Հայաստանում, մեր հայ մասնագետների կողմից, որից հետո միայն կարող են տրամադրվել իրանական կամ ռուս-ամերիկյան հետազոտողներին: Հայաստանում կան բավականին փորձառու պրոֆեսիոնալ մասնագետներ ու, խորհրդային տարիներից, «Էլեկտրոնստանդարտ» անունով հատուկ գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ այդ սարքերի ուսումնասիրությունը կարող է կատարվել մասնագիտական բարձր մակարդակով: Լեզուս անգամ չի պտտվի ասելու, որ այստեղ էլ թերևս հնարավոր կոռուպցիոն գործարքի հոտ կա, բայց, տեսնելով մեր որդեկորույս մայրերի ողբը, լսելով մեր քաջարի վիրավոր զինվորների խոսքը, ուզում եմ կոչ անել մեր քաղաքական ու զինվորական չինովնիկությանը՝ ինքնագլուխ բաներ մի՛ արեք: Խփված ինքնաթիռը «ուտիլ» չէ, որ այդպես հեշտությամբ տրվի մեր, թեկուզ և, բարեկամ, երկրի մասնագետներին: Նոր տիպի ցանկացած խոցված ռազմական տեխնիկան ինքնին ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան կարող են ունենալ գործող զինատեսակները: Խորհրդային տարիներին թռիչքային փորձարկումների ժամանակ վթարի ենթարկված ինքնաթիռների նստեցումը համարվում էր ծայրագույն հերոսական արարք, որովհետև թույլ էր տալիս հետազոտել ու հասկանալ վթարի իրական պատճառը՝ հետագայում սխալներն ուղղելու համար:


Զենք նախագծողների ու արտադրողների համար կարևոր է հասկանալ իրենց արտադրանքի թույլ տեղերը: Հատկանշանական է, որ արտադրող գործարանները պարտադիր կարգով կատարում են, այսպես կոչված, սահմանային փորձարկումները, որոնց նպատակն է ստուգել տեխնիկայի աշխատունակության ֆիզիկական սահմանները՝ մինչև նրա վերջնական կործանումը, դրա համար թույլատրելի է գործող սարքերի զոհաբերումը: Հակառակորդի կողմից օգտագործվող ռազմական տեխնիկայի թույլ կողմերը հասկանալը շատ կարևոր է, հատկապես պաշտպանվող կողմի համար: Պետք է հասկանալ, օրինակ, անօդաչու թռչող սարքի ամենախոցելի տեղերը, հակամիջոցներ գտնել, նախապատրաստել և հաջորդ անգամ աշխատել այդ թույլ կետերի վրա:


Որքան էլ զարմանալի, սակայն փաստ է, որ ունենալով տասնյակ տարիների փորձ ու խոր գիտելիքներ տեխնիկական միջոցների հուսալիության ու կայունության հարցերում, առայսօր ինձ ոչ ոք չի առաջարկել զբաղվել թշնամու օգտագործած զինատեսակների, այդ թվում՝ խփված անօդաչու սարքերի ուսումնասիրության խնդիրներով: Իմ մասնագիտական ծառայությունները առաջարկելով «Իրատեսի» միջոցով, ցանկանում եմ Հայաստանի ռազմաարդյունաբերության ղեկավար կազմին հիշեցնել, որ Արտաշատի «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ն խորհրդային տարիներին ղեկավարել է Ստավրոպոլի երկրամասի, Կրասնոդարի երկրամասի, Հյուսիսային Կովկասի ավտոնոմ հանրապետությունների, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մոտ 500 ռազմական գործարանների արտադրած տեխնիկական միջոցների հետազոտական աշխատանքները: Եկեք մեր կարևոր խնդիրների լուծման գործը հանձնարարենք մեր պրոֆեսիոնալ մասնագետներին. հացը տուր հացթուխին, մի հատ էլ ավելի: Եթե օրակարգում դրված է Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերության վերականգնման խնդիրը, ապա այն պետք է սկսել նախկին ԽՍՀՄ ՌԱՀ ձեռնարկությունների, տեխնիկայի ու տեխնոլոգիաների գույքագրումից ու Հայաստանում մնացած մասնագետների հաշվառումից: Մասնագետներ շատ չեն մնացել, բայց բավարար են հայկական խնդիրները լուծելու համար: Չի կարելի իշխանական օղակներից վերցրած անփորձ կադրերից մեկին նշանակել, օրինակ, Մերգելյանի ինստիտուտի ղեկավար ու համարել, որ ՌԱՀ-ն արդեն գործում է ու պատրաստ է Ռուսաստանի ՌԱՀ-ի հետ համատեղ հրատապ խնդիրներ լուծելու: Այս առիթով ցանկանում եմ մի դեպք պատմել վիետնամական պատերազմից:


1972 թվականին ամերիկացիները աշխարհում առաջին անգամ Վիետնամի պատերազմում սկսեցին փորձարկել իրենց նոր մոդելի «Ֆանտոմ-4» ռազմական ինքնաթիռը: Փորձարկման պոլիգոնը Վիետնամի երկինքն էր: Մոսկվայի մեր լաբորատորիային անհրաժեշտ էր ստանալ այդ ինքնաթիռը՝ թեկուզ և խոցված վիճակում, այնտեղ ամեն ինչ ուներ իր հետաքրքրությունը՝ նավիգացիոն համակարգերից սկսած, կոնստրուկտիվ նյութերով վերջացրած: Մի քանի ամիս շարունակ ամերիկյան ինքնաթիռը չէր հաջողվում կործանել, թռչում էին շատ ցածր բարձրությունների վրա, թռիչքի ընթացքում անտեսանելի էին մնում ռադարների համար, իսկ զենիթային կրակոցներին հանդիպելուն պես անմիջապես հետ էին շրջվում ու հեռանում: Պետք էր ստիպել, որ ամերիկյան ինքնաթիռը խորանար Հյուսիսային Վիետնամի օդային տարածք, որպեսզի կարողանային խոցել ու տեսնել՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Վիետնամի իշխանությունները դեմ էին խորհրդային ծրագրի իրականացմանը, համառում ու դիմադրում էին, չէին ցանկանում, որ ինքնաթիռը մտնի իրենց երկրի տարածքն ու ավերածություններ պատճառի: Բանը հասել էր այնտեղ, որ Վիետնամի ղեկավար Հո Շի Մինը հանձնարարել էր պաշտոնական նոտա հղել ու, պատերազմի թեժ պահին, խզել դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության հետ: Երկարատև պայքարից հետո, ի վերջո, ԽՍՀՄ-ը կարողացավ ստիպել, որ ամերիկյան ինքնաթիռին անարգել թույլ տան մտնել երկրի խորքերն ու խոցել այն: Այդ ինքնաթիռի էլեկտրոնային ու օպտիկական բլոկները հանգրվանեցին Մոսկվայի մեր լաբորատորիայում, այդ մասին ես կասեմ իմ հետագա պատմություններում, բայց նշեմ, որ Պուտինն այսօր հասկացել է ԽՍՀՄ-ի հիմնական սխալներից ևս մեկը, որը վերաբերում է համաշխարհային շուկայում մրցակցային առավելություն ստանալու միջոցներին. արդյունաբերության մեջ չի կարելի անվերջ կրկնել ուրիշի արածը, պետք է մեկ քայլով առաջ ընկնել ու աշխատել՝ ստեղծելով նաև ապագայի արտադրատեսակը: Դա առաջին հերթին վերաբերում է ռազմական տեխնիկայի արտադրությանը:


Զենքի համաշխարհային շուկան կարող է ընդունել միայն նոր ու կատարյալ տեխնիկա, այն տեխնիկան, որը լավագույնն է օդում, տիեզերքում, ցամաքում, ջրի վրա, ջրի տակ: Լավագույն ռազմական տեխնիկան ստեղծելու համար պետք է ունենալ համարձակ գաղափարներ, փորձառու պրոֆեսիոնալ մասնագետներ, ժամանակակից գիտական լաբորատորիաներ, նոր արտադրություններ, նոր հաստոցներ ու նոր տեխնոլոգիաներ ու, այս ամենին գումարած, ֆինանսական հսկայածավալ ներդրումներ: ՈՒնի՞ այս ամենը Ռուսաստանը, իհարկե ոչ, բայց կարողանում է իր հարցերը լուծել՝ հմտորեն օգտագործելով ուրիշներին, այդ թվում՝ հայ ինժեներներին ու գիտնականներին: Քիչ չեն դեպքերը, երբ ռուսական նորագույն ռազմական տեխնիկայի հիմքում դրվել են հայ գիտնականների համարձակ առաջարկությունները: Ռուսներն այսօր էլ մեծ ցանկություն ունեն համագործակցելու և լիարժեքորեն օգտագործելու Հայաստանի և սփյուռքի հայ գիտնականների ներուժը, բայց ամեն անգամ գալիս են Հայաստան, դեմ են առնում մեր կաշառակեր չինովնիկներին, տեսնում են ՌԱՀ-ի ոլորտի մեր գործարանների ու լաբորատորիաների թալանված վիճակն ու հետ են վերադառնում՝ գերադասելով հավաքագրել հայ գիտնականներին ու տանել իրենց մոտ՝ աշխատելու: Բանը հասել է այնտեղ, որ ՌԱՀ-ի իրենց գործարանների համար ռուսները Հայաստանում փնտրում, գտնում ու իրենց հետ տանում են նույնիսկ ապակեգործների ու զոդողների, երբ մեր չինովնիկները միայն ականջներն են թափ տալիս ու շարունակում են լափել մեր ՌԱՀ գործարանների ներուժը: Ցանկության դեպքում Հայաստանը կարող է հսկայական հաջողությունների հասնել և քաղաքացիական, և ռազմական արդյունաբերության ոլորտներում՝ օգտագործելով Հայաստանի ու սփյուռքի տեխնիկական, տեխնոլոգիական, գիտական ու ֆինանսական մեծ ներուժը՝ համագործակցելով Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի ու Ամերիկայի հետ: Հայկական սփյուռքի գիտատեխնիկական ներուժի օգտագործման հարցում Պուտինը մեզնից շատ առաջ է ընկել: Բավական է նշել, որ Պուտինի նախաձեռնությամբ ստեղծվել է ռուսախոս գիտնականների միջազգային կազմակերպությունը, որը միավորում է արտասահմանում աշխատող հարյուր հազարից ավելի խորհրդային գիտնականների: Այն գլխավորում է Սաֆարովը: Ոչ, դա այն ստահակը չէ, որին Հայաստանում բոլորն են ճանաչում: Սա մեծանուն գիտնական ու հայորդի Սլավա Սաֆարովն է, որին Հայաստանում քչերն են ճանաչում և իզուր: Իր կազմակերպությունով նա այսօր թիկունք է կանգնել Ռուսաստանին, բայց մեծ ցանկություն ունի օգնելու նաև մայր Հայաստանին, եթե մայր Հայաստանը ցանկանա, ու մայր Հայաստանի իշխանությունները թույլ տան:
Զենքի համաշխարհային շուկայում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գերխնդիր լուծել. արտադրել ու արտահանել կատարյալ տեխնիկա, կատարյալ իր տեխնիկական պարամետրերով, կատարյալ իր հուսալիությամբ ու, այդ ամենից զատ, նաև ընդունելի ցածր գներով: Ռուսաստանը հանդիսանում է աշխարհում ամենաշատ զենք արտադրող ու արտահանող երկրորդ երկիրը: Ռուսական զենքին միշտ էլ հատուկ է եղել բարձր հուսալիությունը, սա ես որպես ոլորտին տեղյակ մասնագետ եմ ասում: Հուսալի զենք արտադրելու համար պետք է կարողանալ կազմակերպել ու հաջողությամբ անցկացնել բոլոր տիպային փորձարկումները. լաբորատոր փորձարկումները՝ ստենդի վրա, փորձարկումներ՝ սեփական ռազմական պոլիգոններում և, վերջապես, զինատեսակների բնական փորձարկումները աշխատանքային ռեժիմներում կամ, լրագրողական լեքսիկոնով ասած, պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում:


Համոզված եմ՝ 2016 թվականի ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի նպատակներից մեկը կարող էր լինել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրած ռուսական զենքի փորձարկումը՝ իսրայելական, հարավաֆրիկյան ու այլ երկրներից գնված զենքի կիրառության պայմաններում: Ռուսաստանի ՌԱՀ-ի նախագահ, ոչ բարով հայի վաստակ Դմիտրի Ռոգոզինի ակտիվ ներկայությունը Բաքվում միայն այդ մասին է խոսում: Ռազմական արդյունաբերությունում ընդունված կարգ կա, որը գալիս է դեռևս ցարական Ռուսաստանից ու Խորհրդային Միությունից. ռազմական տեխնիկայի փորձարկումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, զինատեսակների գլխավոր կոնստրուկտորներն ու բարձրաստիճան զինվորականությունը պարտավոր են անձամբ մասնակցելու այդ փորձարկումներին: Չգիտեմ, թե քառօրյա պատերազմի թեժ պահերին որտեղ էր գտնվում անձամբ Ռոգոզինը, բայց վստահ եմ, որ Բաքվից նա իր հետ շատ կարևոր ինֆորմացիա տարավ Մոսկվա, նախ և առաջ՝ ռուսական զենքեր նախագծող մասնագետների համար:


Առաջին կարևոր մասնագիտական ինֆորմացիան, իմ կարծիքով, այսպիսին է. հայերը կարողացան խոցել (այստեղ չի կարելի ուրանալ, դա հնարավոր եղավ իրականացնել ռուսական զենքի միջոցով) վերջին մոդելի իսրայելական անօդաչու թռչող սարքերը, որոնք մինչ այդ գովազդվում էին որպես լավագույնը աշխարհում: Պարզվեց, որ դրանք այն աստիճանի զիբիլ են, որ հայերը, իրենց հնարամտությամբ ու մտքի ուժով, կարողացան դրանցից տասնչորսը խոցել: Երկրորդ կարևոր ինֆորմացիան այսպիսին է. հայերը չվախեցան, մարտի դաշտից չփախան (հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսներին խորհրդային զինվորները միլիոններով գերի էին հանձնվում), հմուտ ձևով կարողացան ցուցադրել ռուսական զենքի ուժը: Ավելին, քառօրյա պատերազմն առիթ դարձավ հայերին միավորելու ընդհանուր թշնամու դեմ ու Ղարաբաղ-Հայաստան-Սփյուռք մեկ միասնական բռունցք կազմելու համար: Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ հայերին միացան նաև ասորիները, քրդերը, եզդիները և ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջադեմ հասարակությունը: Իրենց վարքով, նիստ ու կացով թուրքերն այսօր զզվեցրել են եվրոպացիներին: Փորձելով միավորել մուսուլմանական երկրներն ու հաջողության հասնել ղարաբաղյան ճակատում, թուրքերը լրջագույն ծեծ են ուտելու Եվրոպայում: Շվեդիայում հետաքննություն է սկսվել Շվեդիայի կառավարության նախարար, ազգությամբ թուրք Mehmet Kaplan-ի նկատմամբ, որը բազմիցս այցելել է Թուրքիա, հանդիպել է Էրդողանի հետ ու շվեդական իշխանություններից գաղտնի գործունեություն է ծավալել: Եթե մենք կարողանանք ճիշտ քայլերով առաջ գնալ՝ զարգացնելով ու հելիոֆիկացնելով մեր երկիրը, շահել քրիստոնեական աշխարհի համակրանքը, ապա Էրդողան-Նազարբաև պանթուրքական ծրագիրը կարող ենք ձևափոխել ու վերափոխել «Ծովից ծով Հայաստան» ծրագրի: Աշխարհաքաղաքական ներկայիս բուռն զարգացումների ֆոնին դա ավելի քան իրատեսական է: Իսկ Վիետնամի, Աֆղանստանի, Իրաքի ու Սիրիայի նման Ղարաբաղ-Հայաստան ռազմական պոլիգոն կազմակերպելու Պուտինի ծրագիրը նրան պատիվ չի բերում: Պուտինին ես շատ բարձր եմ գնահատում՝ որպես Ռուսաստանի արժանավոր լիդերի, բայց կցանկանայի նրա մեջ տեսնել նաև հայ ժողովրդի իսկական բարեկամի: Եթե Պուտինը ցանկանում է Հայաստանն ու ողջ հայությանը տեսնել իր գործընկերների ու վստահելի ռազմավարական դաշնակիցների շարքերում, ապա պետք է վերջ դնի իր հարավկովկասյան կոմպլեմենտար խաղերին ու իր ռազմավարական փորձարկումները կատարի ուրիշ երկրներում: Եթե նրա համար մեկ է, թե իր փորձերը քանի հարյուր հայի, ադրբեջանցու, արաբի կամ աֆղանցու կյանք կխլեն, ապա մեզ համար մեկ հայի մի կաթիլ արյունն անգամ թանկ է, մենք 1915 թվի եղեռն ենք տեսել ու մինչև կոկորդներս կուշտ ենք գերտերությունների դավադիր խաղերից, հեռու մնացեք մեզնից, եթե մեր մեջ բարեկամ ժողովուրդ եք տեսնում: Եթե Հայաստանը շատ խառնեք, ապա միջուկային աշխարհակործան պատերազմի կհանդիպեք, որից չոր դուրս կգան միայն հայերը՝ ի դեմս իրենց սփյուռքի: Մեր քառօրյա պատերազմի ժամանակ ռուսները ստուգեցին իրենց արբանյակային կապի ու երկրի վրա աշխատող ռադիոկառավարող համակարգերի աշխատանքները: Արդյունքները մենք տեսանք մեր քաջարի զինվորների կատարած աշխատանքի միջոցով: Եթե ռուսները (ամերիկացիները) իրենց լավ պահեն, ապա մենք նրանց կսովորեցնենք ամերիկյան (ռուսական) արբանյակային պաշտպանական կառավարման համակարգերը շարքից դուրս բերելու ձևերը: Կարևորն այն է, թե մենք ինչ դասեր քաղեցինք մեր վերջին ղարաբաղյան պատերազմից: Պետք է փաստենք, որ կոռումպացված, ռազմական արդյունաբերությունն ու, ընդհանրապես, հայկական գիտությունն ու արդյունաբերությունը մսխած մեր չինովնիկության հետ միասին Հայաստանը մի ծանր փորձություն էլ անցավ՝ մեր նահատակված զավակների կյանքի գնով: Այսպես շարունակել չի կարելի, այս օրերը չպետք է կրկնվեն, մեր հիմնական թշնամին շարունակում է մնալ երկրի ներսում. դա մեր կաշառակեր չինովնիկությունն է: Եթե նրանց հարցը մենք չկարողանանք արագ կարգավորել, ապա շատ դժվար է լինելու մեր երկրի համար: Դարեր շարունակ մեր ժողովրդի գլխին եկած բոլոր փորձանքներն ու փորձությունները եղել են միայն մեր ապաշնորհ ու եսասեր իշխանավորների ձեռքերով: Մի հռետորական հարց տամ մեր ժողովրդին: Ո՞րն է կարևոր. ունենալ մեկ ավելորդ դղյակ Երևանո՞ւմ, թե՞ ամենաժամանակակից զենքը հայ զինվորի ձեռքում... Կարող եք չպատասխանել:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ