(սկիզբը` այստեղ)
ԱՄԵՐԻԿԱՆ ՈՒ ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՈՒՄԸ
Իհարկե, ԽՍՀՄ-ի փլուզումը բոլորից շատ Ամերիկային էր հարկավոր, ու նա ամեն ինչ արեց դրան հասնելու համար: Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Ամերիկան առանց ընդմիջումների պայքարել է Խորհրդային Միության դեմ՝ իր տնտեսության շահերից ու, առաջին հերթին, աշխարհում իր հեգեմոն դիրքը մշտապես պահպանելու նկատառումներից ելնելով: Ամերիկայի վարած քաղաքականությունը սպասելի էր նաև գորբաչովյան «պերեստրոյկայի» հարցում: Աշխարհը թևակոխում էր պատմական մի նոր դարաշրջան, որի ժամանակ որակական նոր փոփոխություններ էին տեղի ունենալու: Այդ փոփոխությունները 1951 թվականին Իոսիֆ Ստալինը բնութագրեց հետևյալ խոսքերով. «Նոր տարածքների համար մղվող բոլոր պատերազմներն աշխարհում ավարտվել են, այսուհետ պատերազմները լինելու են միայն ռեսուրսների համար»: Ցարական Ռուսաստանի մինիստրների խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինի հաշվարկներով` աշխարհի բնական ռեսուրսների ամենամեծ բաժինը գտնվում է Սիբիրում, ապագայում բոլորը գալու են դեպի Սիբիր, գնալու ուրիշ տեղ չի լինելու: Այս ամենը գիտեն նաև ամերիկացիները, որոնք ամեն կերպ պետք է ձգտեն ու առիթը երբեք ձեռքից բաց չեն թողնի Ռուսաստանի հսկայական ռեսուրսներին տիրելու համար: «Перестройка»-ի անվան տակ, փաստորեն, Գորբաչովը պաշտոնապես ընդունեց Խորհրդային Միության պարտությունը Ամերիկայի հետ ունեցած սառը պատերազմում: Ավելին, Գորբաչովն անսպասելիորեն ստորագրեց Խորհրդային Միության անվերապահ կապիտուլյացիայի ակտի տակ՝ ցանկանալով վերջ դնել կեսդարյա դիմակայությանը, որն արյունաքամ արեց Խորհրդային Միության տնտեսությունը: ԽՍՀՄ կապիտուլյացիան որքան անսպասելի, նույնքան էլ անտրամաբանական ու անհասկանալի մնաց խորհրդային ժողովրդի ու համայն մարդկության համար: Համոզված եմ, որ ԽՍՀՄ պատմությունը բոլորովին այլ ընթացք կունենար, եթե Գորբաչովը ճիշտ գնահատեր իրադրությունը, ճիշտ հաշվեր իր ներքին ռեսուրսներն ու հնարավորությունները, ակտիվորեն օգտագործեր միջուկային շանտաժի իր ռեալ հնարավորությունները: Ամերիկացիները ԽՍՀՄ-ի հետ իրենց մրցակցային հարցերում երբեք մաքսիմալիստներ չեն եղել, այլ նախընտրել են վարել դանդաղ ու համբերատար ճնշման քաղաքականություն: ԽՍՀՄ-ի նման միջուկային գերտերության հետ Ամերիկայի նման նյութապաշտ երկիրը երբեք ուղղակի առճակատման չէր գնա: Համոզված եմ, որ Ռեյկյավիկում ստորագրված Գորբաչով-Ռեյգան գլոբալ գործարքն իր մեջ շատ ու շատ գաղտնիքներ է պարունակում, որոնց մենք տեղյակ չենք: Ի միջի այլոց, Գորբաչով-Ռեյգան կարևոր հանդիպումը պետք է տեղի ունենար 1986 թվականին Մալթայում՝ նավի վրա: Այդ հանդիպումը երկու ամսով հետաձգվեց ու շարունակվեց Ռեյկյավիկում: Հանդիպման տեղի ու ժամանակի փոփոխության վերսիաներից մեկը այսպիսին է. խորհրդային հետախուզությունը հայտնաբերել էր, որ ամերիկյան պատվիրակության անդամներից մեկը նախօրոք հավաքագրված էր եղել թուրքական հետախուզության կողմից: Թուրքերը մտահոգված էին, որ երկու գերտերությունների ղեկավարների վճռական հանդիպման ժամանակ կարող են քննարկվել նաև Թուրքիայի ճակատագրին վերաբերող հարցեր: Թուրքերը վախենալու բան, իհարկե, ունեն. գող, սիրտը դող: Մերձբալթյան երկրների դիմաց ԽՍՀՄ-ը կարող էր նաև փոխհատուցում պահանջել այլ տարածաշրջաններում, կապրենք՝ կտեսնենք: Սիրիական պատերազմի մեջ մտնելով` Պուտինը ցույց տվեց, որ, չնայած ֆինանսատնտեսական խոր ճգնաժամին, Ռուսաստանը կարող է իր շահերը պաշտպանել աշխարհի ցանկացած կետում, ռազմական ոլորտում ի վիճակի է հակադրվելու, բայց և համագործակցելու Ամերիկայի հետ որպես ուժեղ գործընկերով: Հուսով եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները մոտ ապագայում կարող են բարելավվել ու զարգանալ նաև մեր օգնությամբ՝ Հայաստանի միջնորդությամբ:
Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ի կործանման գործում Ամերիկայի ունեցած դերին, ապա կարելի է նշել, որ այն բավականին ծանրակշիռ է եղել: Տասնյակ տարիներ Ամերիկան հսկայական գումարներ էր ծախսում իր հիմնական ստրատեգիական հակառակորդին տապալելու համար: Միջոցների ընտրության հարցում Ամերիկան երբեք իրեն կաշկանդված չի զգացել, աշխատել է բոլոր հնարավոր ուղղություններով: Փորձենք մանրամասնել դրանցից երկուսը: Մեկը վերաբերում է ԽՍՀՄ-ի դեմ մղվող տեղեկատվական պատերազմին, որտեղ իրենց ուրույն տեղն ունեին Ամերիկայից տրվող ռադիոհաղորդումները: «Ազատություն», «Գերմանական ալիք», «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների հեռարձակած հաղորդումները մշտական պրոբլեմներ են ստեղծել ու իսկական պատուհաս էին դարձել խորհրդային իշխանությունների համար, որոնց դեմ պայքարելու միջոցներ այդպես էլ չգտնվեցին: Հատուկ նշանակությամբ ամերիկյան լրատվությունը տրվում էր ռուսերեն, ուկրաիներեն, ադրբեջաներեն, հայերեն ու խորհրդային բազմազգ ժողովրդի այլ լեզուներով: Այդ հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը հիմնված էր երկրում տեղի ունեցող դեպքերի ու փաստերի օպերատիվ ներկայացման, երկրում տիրող բացասական երևույթների մանրամասն վերլուծության, իշխանական վերնախավի առօրյայից վերցրած քննադատական նյութերի վրա: Սովորական լրատվական բնույթի հաղորդումներից դրանք տարբերվում էին նրանով, որ նյութերը նախօրոք վերամշակվում ու տրվում էին՝ հաշվի առնելով խորհրդային ռադիոլսարանի ազգային ու սոցիալական առանձնահատկությունները: Դա անզիջում ինֆորմացիոն պատերազմ էր Խորհրդային Միության դեմ՝ առանց խաղի կանոնների: Ամերիկան իր հակախորհրդային պրոպագանդիստական ելույթներով անընդհատ կրակի վրա յուղ էր լցնում՝ սիստեմատիկաբար մթագնելով մարդկանց մտքերն ու գայթակղելով արևմտյան երանելի կյանքի արժեքներով: Խորհրդային քաղաքացիները իրենց հետաքրքրող ինֆորմացիան հիմնականում վերցնում էին այդ ռադիոալիքներից՝ կամաց-կամաց կորցնելով հետաքրքրությունը խորհրդային պաշտոնական ու կուսակցական լրատվության նկատմամբ: Ավելին, խորհրդային լրատվությունը մարդկանց մեջ միայն դժգոհության նոր առիթ էր տալիս, զայրացնում ու նյարդայնացնում էր խորհրդային քաղաքացիներին: Չնայած ԽՍՀՄ իշխանությունների բազմաթիվ արգելքներին, ռադիոխլացումներին ու լսողների նկատմամբ կիրառվող կուսակցական պատժամիջոցներին և այլն, այդ «ձայները» շատ բան արեցին խորհրդային պրոպագանդիստական մեքենան անարդյունավետ դարձնելու ու տապալելու գործում: ԽՍՀՄ-ում տեղի ունեցող կարևոր անցուդարձերը նույն օրը հասանելի էին դառնում բոլոր քաղաքացիներին: Մարդիկ լսում ու հավատում էին այդ ռադիոալիքներին, ընդունում էին որպես վերջին ատյանի ճշմարտություն: Խորհրդային պաշտոնական հաղորդագրությունները, Բրեժնևի հերոսի հերթական ոսկե աստղերը, Գալինա Բրեժնևայի ադամանդների, գողացած սև խավիարի ու հետաքրքրաշարժ սիրային պատմությունները հաջորդ իսկ օրը քննարկվում էին աշխատավորական կոլեկտիվներում, նույնիսկ սկզբնական կուսակցական կազմակերպություններում, դառնում անեկդոտային սերիաների նյութ: Ահա դրանցից մեկը:
Պետական կարևորությամբ ինֆորմացիաների արտահոսքը բացառելու համար ԽՄԿԿ կենտկոմը որոշում է, որ քաղբյուրոյի բոլոր նիստերը այսուհետ պետք է անցկացվեն միայն փակ դռների հետևում՝ հետևյալ խստագույն պայմանով. մինչև նիստի ավարտը ոչ ոք իրավունք չի ունենալու դուրս գալու սենյակից: Առաջին նիստի միջնամասում Կոսիգինը խնդրում է, որ իրեն թույլ տան զուգարան գնալ, Բրեժնևը թույլ չի տալիս: Այդ ժամանակ դուռը անսպասելիորեն բացվում է ու ներս է մտնում Կոսիգինի համհարզը՝ միզամանը ձեռքին:
-Ի՞նչ կա,- հարցնում է Բրեժնևը:
-«Ամերիկայի ձայնը» հայտնեց, որ Կոսիգինը ցանկանում է զուգարան գնալ, թույլ չեն տալիս, ես միզամանն եմ բերել,- պատասխանում է Կոսիգինի համհարզը:
Անեկդոտը՝ անեկդոտ, բայց պարզվում է` խորհրդային գաղտնի ինֆորմացիայի արտահոսքի հիմնական աղբյուրները գտնվում էին Կրեմլում: 1980 թվականի դեկտեմբերի 18-ին «Ամերիկայի ձայնը» հայտնեց, որ մահացել է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը, եղան ցավակցական ելույթներ, ամերիկացիները բարձր գնահատական էին տալիս Կոսիգինի աշխատանքային գործունեությանը, ընդգծված ձևով բերում էին նրա համեստ կյանքի պատմությունը: Ասեմ, որ Կոսիգինը քաղբյուրոյի այն եզակի անդամներից մեկն էր, որին իսկապես հարգում ու գնահատում էր ժողովուրդը: Կոսիգինի մահվան լուրը խորհրդային ԶԼՄ-ները տվեցին մեկ շաբաթ ուշացումով: Ինչո՞ւ: Պատճառն այն էր, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 19-ը, Բրեժնևի ծնունդն էր, նրա 72-ամյակը, որը, ըստ քաղբյուրոյի անդամների պատկերացումների, մեծ տոն էր կոմունիստական կուսակցության ու խորհրդային ողջ ժողովրդի համար: Ավանդույթ էր դարձել, որ իր ծննդյան օրերին Բրեժնևը պետք է ստանար Խորհրդային Միության հերոսի հերթական ոսկե աստղը: Պետության 2-րդ դեմքի անժամանակ մահը կարող էր փչացնել մարդկանց տոնական տրամադրությունը, դրա համար էլ այն ժամանակավորապես թաքցվեց ժողովրդից:
Ասեմ, որ, իրականում, Բրեժնևի ծննդյան օրը շատ ուրախ ստացվեց, մարդիկ նոր անեկդոտներ լսեցին: Ահա դրանցից երկուսը. «Շատ բան էինք տեսել, բայց մեդալի տողադարձ չէինք տեսել» (հորինվել է Լենինականում, Բրեժնևի հերոսի աստղերն այնքան շատ էին, որ մեկ շարքով չէին տեղավորվում, մեդալներից երկուսը տեղափոխեցին հաջորդ շարք՝ հաշվի առնելով տողադարձի ընդունված կանոնները)։
-Լսե՞լ եք, Բրեժնևին օպերացիա են արել կրծքավանդակը լայնացնելու համար:
-Ինչո՞ւ,- հետաքրքրվում են մոսկվացիները։
-Որպեսզի բոլոր ոսկե աստղերը տեղավորվեն:
Նույնիսկ բարձրաստիճան ղեկավարի մահը «Ամերիկայի ձայնը» կարողացավ նրբագույնս օգտագործել իր հակախորհրդային պրոպագանդայի համար: Նման առիթները օգտագործվում էին ոչ միայն ռադիոհաղորդումների համար, այլև դրվում էին Խորհրդային Միության դեմ ուղղված քաղաքական ու տնտեսական բնույթի քայքայիչ ծրագրերի հիմքում:
Եթե սպառազինությունների մրցավազքը Ամերիկայի կողմից օգտագործվում էր ԽՍՀՄ տնտեսությունը քայքայելու համար, ապա ինֆորմացիոն պատերազմի նպատակները ավելի հստակ ու ազդեցիկ էին: Ամերիկացիներին հաջողվեց խորհրդային շարքային քաղաքացիներին ու մտավորականությանը տրամադրել պետական գաղափարախոսության դեմ՝ համոզելով ու հաստատելով, որ կոմունիստական իդեալներն ընդամենը ֆարս են, դրանք ընդամենը զենք են կոմունիստական ղեկավարության ձեռքում, որոնց միջոցով ճնշվում ու կեղեքվում են խորհրդային շարքային քաղաքացին ու մտավորականությունը: ԽՍՀՄ-ում մարդիկ զրկվել են բարգավաճ կյանքով ապրելու իրենց աստվածատուր իրավունքից: Խորհրդային ագիտացիայի ու պրոպագանդայի կոմունիստական հանրահայտ մեքենան այլևս չէր աշխատում, խորհրդային քաղաքացիների մեծամասնությունը պաշտոնական թերթեր ընդհանրապես չէր կարդում: Այս հարցում ևս մարդիկ բռնության էին ենթարկվում խորհրդային վոլյունտարիզմի բոլոր կանոններով: Մենք դեռ երկար կհիշենք այն օրերը, երբ հիմնարկ-ձեռնարկություններում ու կոլխոզներում սկսվում էին խորհրդային թերթերի բաժանորդագրությունները: Ամենածանրը «Պրավդա», «Իզվեստիա» ու պաշտոնական այլ թերթերի բաժանորդագրության կազմակերպումն էր, այստեղ էլ էր պլան դրված: Բաժանորդագրության պատասխանատվությունը դրվում էր սկզբնական կուսակցական կազմակերպությունների ու կուսակցության շրջանային կոմիտեների վրա: Իշխանությունները մարդկանց զոռով ստիպում էին կարդալ իրենց պաշտոնական թերթերը, մարդիկ դա չէին ուզում: Խորհրդային ամեն բան դարձել էր սուտ ու անտանելի: «Լիտերատուրնայա գազետայի» նման շատ, թե քիչ այլախոհ թերթերի ու հանդեսների տարածումը լիմիտավորված էր, տրվում էր միայն մեծ ծանոթությամբ: Խորհրդային իշխանությունները կորցրել էին իրենց ռեալ ազդեցությունը մարդկանց վրա, մարդիկ դարձել էին անկառավարելի ու անհամբերությամբ սպասում էին իրադրության հանգուցալուծմանը՝ նաև ԽՍՀՄ հասարակական կարգի փոփոխության ճանապարհով: Ինչ-որ բան պետք է փոխվեր, այդ գաղջ մթնոլորտում ապրելն այլևս անհնարին էր, մարդիկ հոգեպես ու բարոյապես շնչահեղձ էին լինում: Ամերիկացիների նպատակասլաց ու ճկուն հակախորհրդային պրոպագանդան տվեց իր արդյունքները: Նրանց օգնությամբ դաստիարակվեց ու ձևավորվեց խորհրդային նոր մարդու կերպարը, որը սկսեց իր անկազմակերպ պայքարը հանուն մարդավայել կյանքի՝ իր ու իր սերունդների համար: Սեփական իշխանություններից ազատվելու համար մարդիկ չէին կարող դիմել բռնի ուժի կիրառմանը, Խորհրդային Միությունում դա բացառվում էր: Պաշտոնական իշխանությունների հետ անհամաձայնության ու այլախոհության բոլոր դրսևորումները դաժան ձևով պատժվում էին: Դրա վառ օրինակներից մեկը 1963 թվականի նովոչերկասկյան դեպքերն էին, երբ բանվորները խաղաղ ցույցի էին դուրս եկել ու բողոքում էին կաթի և մսի թանկացումների դեմ: Կոմունիստական իշխանություններն այդ ցույցը չցրեցին, այլ պարզապես դաժանորեն գնդակահարեցին՝ օգտագործելով բանակը: Ինչ-ինչ, բայց իրադարձությունների նման հանգուցալուծմանը խորհրդային ժողովուրդը բոլորովին չէր սպասում: Նովոչերկասկը մի փակ քաղաք էր Ռոստովի մարզում, որտեղ հիմնականում ռազմական գործարաններ էին աշխատում: 1980 թվականին ես եղել եմ այդ քաղաքում՝ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր կոնստրուկտորների հանդիպման առիթով: Դեպքերից 20 տարի անց մարդկանց մեջ դեռևս մնացել էր վախի այն աստիճանի խոր զգացումը, որ տեղացիները խուսափում էին այդ թեման նույնիսկ շոշափելուց: Բանվորական խաղաղ ցույցի դաժան գնդակահարությունն ընդամենը ցուցարարներին ցրելու միջոց չէր, այլ պետական բիրտ ուժի ցուցադրումն էր բոլոր նրանց համար, ում մտքով անգամ կանցներ տրտնջալ, դժգոհել կամ չհամաձայնել կոմունիստական կուսակցության ու խորհրդային իշխանությունների վարած միշտ «ճիշտ ու ճշմարիտ» քաղաքականության հետ: Կարծում եմ, որ դա խիստ զգուշացում էր՝ ուղղված, առաջին հերթին, խորհրդային բազմազգ ժողովրդին ու համայն մարդկությանը՝ հաստատելով ռուսական հետևյալ մոտեցումը` «Бей своих, чтобы чужие боялись»։ Նովոչերկասկի բռնությունը կիրառվեց հատկապես ռուսների դեմ: 1965 թվականին Երևանում եղեռնի ցույցը կազմակերպելիս մենք հաշվի էինք առել նովոչերկասկյան դեպքերի կրկնության հնարավորությունը, բայց գործը գնդակահարության չհասավ: Եղեռնի ցույցը պետք է սկսվեր ապրիլի 24-ին ժամը 10.00-ին Երևանի Լենինի հրապարակում: Առավոտյան ուսանողների խմբերը առանձին-առանձին հավաքվել ու փորձում էին մտնել հրապարակ: Քաղաքացիական հագուստներով ոստիկանները թույլ չէին տալիս: Ցույցը տապալվելու վրա էր: Դրությունը փրկեց պետհամալսարանի քիմիական ֆակուլտետի ուսանող, բոլնիսցի հայ Վիկտոր Պոպովը, որի առաջարկով բոլորս հետ քաշվեցինք դեպի «Մոսկվա» կինոթատրոն, չորսհոգանոց շարքեր կազմեցինք ու սկսեցինք մեր խաղաղ երթը՝ հրապարակի ուղղությամբ: Հենց հասանք «Արարատ» ռեստորանի մոտ, բոլորս միասին ձախ դարձանք ու վազքով մտանք հրապարակ: Ցույցը սկսվեց: Բազմությունը գնալով շատացավ, բայց ցուցարարների նկատմամբ խորհրդային բիրտ ուժը չկիրառվեց: Դա շատ անսպասելի էր այդ թվերի համար: Խորհրդային իշխանությունները, ամեն դեպքում, կազմ ու պատրաստ էին կրկնելու նովոչերկասկյան դեպքերը նաև Երևանում: Դա պարզորոշ երևաց այն բանից հետո, երբ մեր բազմամարդ երթը պտտվեց Երևանի կենտրոնով ու վերադարձավ Լենինի հրապարակ: Հնչեց Երևանի պարետի խրոխտ հրամանը.
-Даю техническое слово, не остановиться.
Բոլորս հասկացանք, որ կանգնելու դեպքում մեզ վրա արդեն կրակելու են: Երթը շարժվեց դեպի Կոմիտասի այգի: Ամերիկյան ռադիոկայանները Երևանի ապրիլյան ցույցերը լավ չլուսաբանեցին, համենայն դեպս այն հնչեղությունը չտրվեց, ինչը մինչ օրս տրվում է նովոչերկասկյան իրադարձություններին: Բացատրությունս այսպիսին է. երևանյան ցույցերն ազգային հողի վրա էին առաջացել, որը ամերիկացիներին հետաքրքիր չէր: Նովոչերկասկյան դեպքերն ունեին սոցիալական, հակակառավարական, հակապետական բնույթ, որը ամերիկացիների համար ավելի կարևոր էր: Սեփական ժողովրդի դեմ տեռորի քայլը 1991-ին կրկնեց Բորիս Ելցինը, երբ տանկերով կրակում էր սեփական պառլամենտի վրա: Աշխարհում թող բոլորը վախենան ռուսներից, նրանք ամեն ինչի ընդունակ են, կպայթեցնեն ողջ աշխարհը, լավ իմացեք:
2008 թ. մարտի 1-ի դեպքերը Երևանում, ըստ էության, ոչնչով չէին տարբերվում Նովոչերկասկի դեպքերից՝ բացառությամբ կայացման տեղի ու ժամանակի: Նպատակները համենայն դեպս նույնն էին. վախ ու սարսափ տարածելու միջոցով մարդկանց կամազուրկ դարձնել, իրենց տեղը նստեցնել ու հասկացնել, որ իշխանությունների դեմ խաղ չկա: Թե չէ ի՞նչ էր եղել. Ազատության հրապարակում նստած ցուցարարները կնստեին, կնստեին, կհոգնեին ու կամաց-կամաց կհեռանային, առաջին անգամ չէր: Վախի ու սարսափի միջոցով հարցերը լուծելու տարբերակը շատ է տարածված գյուղացիների մեջ: Հայտնի է, որ շարքային հավերը սիրում են մտնել ցանքսի մեջ՝ քուջուջ անելու համար: Գյուղացին գիտի, որ դեմոկրատիայի ճանապարհով, քնքուշ ձևերով հավերին քշա-քշա անելով հարցը երբեք չես լուծի, հավերը ժամանակավորապես դուրս կգան ու մի քիչ հետո դարձյալ կվերադառնան նույն գործին՝ վտանգի տակ դնելով ապագա բերքը: Պետք են ավելի ռադիկալ մեթոդներ: Դրանցից մեկը սա է: Պետք է վերցնել ավելն ու թաքնվել դաշտում, սպասել մինչև հավերի գալը, ընտրել պահն ու ավելը թափահարելով կտրուկ վեր թռչել: Մի քանի նման պրոցեդուրաներից հետո հավերը գերադասում են այդ դաշտը այլևս չմտնել: Այստեղ ևս չափից ավելի ռադիկալիզմը վտանգավոր է, որովհետև հավերին չի կարելի շատ վախեցնել, նրանք կարող են զրկվել ձվատվությունից: Սա չափազանց սիմվոլիկ, բայց բավականին ճշգրիտ ձևով է ներկայացնում խորհրդային իրականության բուն էությունը: Իշխանությունների համար մարդը լոկ գործիք է կոմունիստական իմպերիալիստական նկրտումներն առաջ տանելու համար: Որքան խեղճ ու թշվառ, այնքան հնազանդ ու կառավարելի կլինի ժողովուրդը: Իսկը հավերի նման: Պատմություն կա, որ իր ճնշման քաղաքականության կենսունակությունն ապացուցելու համար Ստալինը սկզբում այն փորձել է հավերի վրա: Ի՞նչ կանեն սոված հավերը, եթե նրանց փետրահան անես ու ձմռան ցրտին բաց թողնես: Այդ դեպքում հավերը հավաքվում են մի անկյունում, կպչում մեկմեկու, որ տաքանան: Ստալինյան հավային մոտեցումը մարդկանց հանդեպ աշխատեց բավական երկար ժամանակ, նույնիսկ լավ արդյունքներ տվեց: Դա ռազմական կոմունիզմի ժամանակ էր: Իշխանության գալով, Ստալինին հաջողվեց տասը տարվա ընթացքում ԽՍՀՄ ՀՆԱ-ն ավելացնել 62 անգամ: Մարդկանցից պահանջվում էր միայն լավ աշխատել, ապրել համեստ կյանքով, դիմանալ ու հավատալ «մեծ» Ստալինին: Ստալինի գործին չհավատացող 20 միլիոն մարդ պարզապես ոչնչացվեց:
Նովոչերկասկյան դեպքերի լուսաբանումը դարձավ ամերիկյան պրոպագանդայի բեստսելլերը: Իմ կարծիքով, ամերիկյան «ձայներին» հաջողվեց Խորհրդային Միության ներսում ստեղծել այնպիսի անբարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, որը սկիզբ դրեց իշխանությունների ու կեղծ գաղափարախոսության դեմ պայքարի նոր, անհամեմատ ավելի արդյունավետ ձևի առաջացմանը: Աշխատավորական լայն մասսաների մեջ առաջ եկան երկրի օգտին չաշխատելու, իշխանություններին չծառայելու, նրանց ծաղրելու և անհնազանդության բազմաթիվ այլ դրսևորումներ: Դրանք անկազմակերպ, բայց իրականում միասնական հզոր ժողովրդական շարժումներ էին, որոնք, ի վերջո, Խորհրդային Միության տնտեսությունը դրեցին շատ ծանր վիճակի մեջ: Յուրաքանչյուրն իր տեղում աշխատում էր առանց խանդավառության, գլուխ պահելով, բանվորների ու ինժեներների աշխատանքի արդյունավետության մասին խոսելն անգամ ավելորդ է:
«Իշխանությունները ձևացնում են, թե իրենք վճարում են, մենք էլ ձևացնում ենք, թե աշխատում ենք»,- սա էր շարքային քաղաքացու աշխատել-չաշխատելու հիմնական բանաձևը: Մուրճ ու մանգաղի խորհրդային երկրում աշխատելու իմաստին ռուսներն ավելի կոլորիտային ձևակերպում են տվել.
-Вот тебе серп, вот тебе молот. Хочешь жни. хочешь куй. все равно получишь...
Այն համատարած բնույթ էր կրում Խորհրդային Միության ողջ տարածքում ու, մասամբ, հետևանք էր ամերիկյան պրոպագանդիստական մեքենայի արդյունավետ աշխատանքի: Ամերիկացիների մոտ այն ստացավ «պասիվ դիմադրության սինդրոմ» անվանունը: ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամները, հատկապես Լեոնիդ Բրեժնևը՝ իրենց անիմաստ ու անտրամաբանական քայլերով, տկարությամբ, իրենց տեսքով, վարքուբարքով, իրենց որոշիչ, կողմնորոշիչ ու վճռորոշիչ համագումարներով, խրոխտ զեկույցներով, կոմունիստական ու կոմերիտական շաբաթօրյակներով, միամսյակներով ու շքերթներով, իրենց սուտ-սուտ խոստումներով ժողովրդի մեջ միայն զզվանք էին առաջացնում ու շատ պարարտ հող էին ստեղծում ամերիկյան հակախորհրդային պրոպագանդայի հաջողության համար: Գորբաչովը ասպարեզ ելավ այն ժամանակ, երբ մարդիկ հոգնել էին ստերից, վատ կյանքից, աշխատանքից, հերթերից ու այն ամենից, ինչը խորհրդային էր:
Բրեժնևից հետո իշխանության եկած Յուրի Անդրոպովը ավելի հեշտացրեց Ամերիկայի հակախորհրդային պրոպագանդայի գործը՝ մարդկանց աշխատեցնելու համար փորձելով վերականգնել ստալինյան մեթոդները: Անդրոպովի հրամանով մարդկանց վրա խիստ հսկողություն էին սահմանել, աշխատանքային ժամերին արգելված էր փողոց դուրս գալ, խանութ մտնել, անձնական այլ հարցերով զբաղվել: Այդ խստությունից ինձ էլ բաժին հասավ: Մեկ անգամ հատուկ պարեկային ծառայությունը Մոսկվայի կենտրոնում ինձ կանգնեցրեց, ստուգեց իմ փաստաթղթերն ու, համոզվելով, որ գնում եմ նախարարություն, բաց թողեց: Անդրոպովյան ստալինիզմը երկար չտևեց, մարդիկ շատ էին բորբոքված ու պատրաստ էին գնալու ցանկացած հանդուգն քայլի: Ստալինյան մեթոդները աշխատել են անգրագետ, դյուրահավատ, չտեղեկացված մարդկանց միջավայրում ու երկաթյա վարագույրի պայմաններում: Խորհրդային քաղաքացին այլևս նախկինը չէր, դարձել էր աշխարհի ամենակրթված ու մտածող մարդը, որը վերապրել էր ստալինյան ռեպրեսիաները, հաղթանակել էր Հայրենական մեծ պատերազմում, անցել էր ստի ու կեղծիքի խրուշչովաբրեժնևյան դպրոցը և իր կյանքի գնով պատրաստ էր գնալու մինչև վերջ, մինչև նորմալ երկրում աշխատելու և ապրելու իր մարդկային իրավունքների վերականգնումը: Խորհրդային մարդն այլևս այն խոնարհ ածան հավը չէր, որը իշխող վերնախավի համար միշտ պատրաստ էր ձվեր ածելու և ոչինչ չպահանջելու: Մարդն ուզում էր մարդավայել ապրել ու դրա համար պատրաստ էր կռիվ տալու։ Այդ գաղափարին մարդիկ հանգել էին իրարից անկախ՝ օգտագործելով վստահություն ներշնչող այն ինֆորմացիան, որը օպերատիվ ձևով մշտապես տալիս էին ամերիկյան ռադիոկայանները: Գորբաչովի համար առանձնակի վտանգ էին ներկայացնում սոցիալական հարցերում Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների կուռ միասնությունն ու վճռականությունը: Դա մեծ վտանգ էր պարունակում ու կարող էր առաջ բերել բազմաթիվ անհաղթահարելի խնդիրներ՝ տնտեսության վերագործարկման ու քաղաքական բարեփոխումների ճանապարհին: Այդ միասնությունը կոտրելու համար Գորբաչովը գնաց աննախադեպ քայլի՝ վերջ դնելով խորհրդային ինտերնացիոնալիզմի հիմնարար գաղափարին: Նա իրար դեմ հանեց Խորհրդային Միության մեջ ապրող ազգերին ու ազգային փոքրամասնություններին՝ ազգամիջյան խժդժություններ, գենոցիդ և ուղղակի զինված բախումներ հրահրելով Սումգայիթում, Բաքվում, Ֆերգանայում, Վիլնյուսում, Մոլդավիայում, Վրաստանում, այլուր, որտեղ դա հնարավոր էր, որտեղ դրանց համար պարարտ հողը կար՝ չլուծված ազգային խնդիրների տեսքով:
Խորհրդային Միության պարտությունը գաղափարական ոլորտում բերեց այնպիսի վնասաբեր երևույթների, ինչպիսիք էին բացարձակ այլախոհությունն ու ազգային դավաճանությունը: Բանը հասել էր նրան, որ մեր արդյունաբերական ձեռնարկությունների վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան ամերիկացիները կարողանում էին ստանալ ոչ միայն իրենց հետախուզության, այլև խորհրդային այլախոհության ալիքներով: Ինձ համար հատկապես անսպասելի էր իմանալ, որ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության երկու կարևորագույն պաշտոնյաները երկար տարիներ բուռն լրտեսական գործունեություն են ծավալել: Մեկը նախարարությունում իմ անմիջական վերադաս, գիտության ու տեխնիկայի վարչության պետ Վալենտին Միխայլովիչ Պրոլեյկոն էր, որը պետական վնասարարության ու ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար ձերբակալվեց 1985 թ., մյուսը նախարարության հատուկ բաժնի պետ գեներալ Կուլագինն էր, որը հավաքել էր իր ձեռքի տակ գտնվող պետական գաղտնի ինֆորմացիան ու փախել Անգլիա: Նրանց դավաճանությունը շատ թանկ նստեց Խորհրդային Միության վրա։ Ոչ մեկը վստահություն չէր ներշնչում, բոլորը հասկանում էին, որ երկրի վերջը եկել է, այսպես երկար շարունակվել չի կարող, փլվելու է մեր ու ողջ աշխարհի գլխին: 3-րդ համաշխարհային ու կործանարար ատոմային պատերազմը կարող էր ամեն պահ տեղի ունենալ: Ամերիկան կարողացավ այնպես անել, որ Խորհրդային Միությունը թուլանա ու աշխարհի քարտեզից վերանա առանց բռնի ուժ կիրառելու, ինչպես դա փորձում էր անել Հիտլերը: Իր նպատակներին Ամերիկան հասավ ավելի անվտանգ ճանապարհով, ներքին ուժերի հաշվին, տեղեկատվական պատերազմի միջոցով: Մյուս ճանապարհները վտանգավոր էին աշխարհի ու, առաջին հերթին, Ամերիկայի համար:
Վահան
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ