ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան, ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան, ինչո՞ւ
15.03.2016 | 11:22

«УСКОРЕНИЕ-ГЛАСНОСТЬ-ПЕРЕСТРОЙКА»

ԽՍՀՄ-ի փլուզումից արդեն քառորդ դար է անցել, սակայն այս իրողությունը շարունակում է մնալ հասարակական բուռն քննարկումների առարկա: Այն լայնորեն քննարկվում է Ռուսաստանում, Հայաստանում և խորհրդային նախկին հանրապետություններում, որտեղ Գորբաչովի «перестройка»-ից մարդկանց ակնկալիքները, մեղմ ասած, չարդարացան: Նոր, բարգավաճ կյանքով ապրելու, հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում սուտ դուրս եկան: 90-ական թվականների անցումային շրջանի «ժամանակավոր դժվարությունները» վերապրած խորհրդային քաղաքացիները թևակոխեցին ներկայիս դժվարին պայմաններում գոյատևելու շրջանը: Առջևում անհայտություն է. վերջը ի՞նչ է լինելու: Կենսական նշանակությամբ այս հարցին հետևում է շատ տրամաբանական մեկ այլ հարց` մեր ինչի՞ն էր պետք այդ «ускорение-гласность-перестройка»-ն, մեր ինչի՞ն էր պետք ԽՍՀՄ-ի փլուզումը, եթե ամեն ինչ այդքան վատ էր լինելու, եթե լավ թե վատ պայմաններում հարատևելու փոխարեն մարդկանց առջև դրվում է գոյատևելու օրհասական ու անորոշ հեռանկարը: Այո, «ускорение-гласность-перестройка»-ն մեզ՝ հայերիս, թույլ տվեց ստանալ անկախություն, դառնալ միջազգային հանրության լիիրավ անդամ, դա շատ լավ է, բայց ի՞նչն էր մեզ խանգարում կատարելու հաջորդ կարևոր քայլը. օգտվելու մեզ տրված պատմական հնարավորությունից և զարգացնելու մեր տնտեսությունը, բարելավելու հայ մարդու կյանքը, դառնալու հզոր և Իսրայելի նման անսասան երկիր, որն ի զորու լինի ինքնուրույնաբար լուծելու Հայ դատի բոլոր խնդիրները:
ԽՍՀՄ հանրապետությունների շարքում Հայաստանը միակ երկիրը չէ, որը տուժել է: Տնտեսական ու քաղաքական բնույթի դժվարին խնդիրներ են առաջացել Վրաստանում, ՈՒկրաինայում, Ռուսաստանում ու նախկին խորհրդային բոլոր հանրապետություններում, ամենուր տնտեսական ճգնաժամ է, բոլորը փնտրտուքների մեջ են. ինչպե՞ս հաղթահարել ստեղծված տնտեսական ճգնաժամերը, ինչպե՞ս դիմակայել նոր մարտահրավերներին:
ԽՍՀՄ-ի անսպասելի փլուզման փաստը ժամանակին շատերն ընկալում էին որպես խորհրդային ղեկավարության ազատ կամքով (ոմանց կարծիքով` պետական դավաճանության պատճառով) Արևմուտքին կատարված միակողմանի խոշոր զոհաբերություն, որի արդյունքում երկիրը պետք է համարժեք փոխհատուցում ստանար միջազգային լարվածության թուլացման, Արևմուտքի հետ լիարժեք տեխնոլոգիական համագործակցության, սառը պատերազմի ավարտի, հյուծիչ ռազմական մրցավազքի դադարեցման, ազատված ռեսուրսների հաշվին երկրի տնտեսության շեշտակի աճի, մարդկանց սոցիալական վիճակի բարելավման, միջուկային պատերազմի սպառնալիքի նվազեցման ու մի շարք այլ դրական սպասելիքների տեսքով: Անցած 25 տարիները ցույց տվեցին, որ նախանշված բոլոր սպասելիքներն ընդամենը բարի ցանկություններ էին, որոնք իրականություն չդարձան ու չէին էլ կարող դառնալ: Միջազգային լարվածությունը չթուլացավ, այլ, հակառակը, ավելի սաստկացավ՝ աշխարհը կանգնեցնելով միջուկային պատերազմի վտանգի առաջ, Արևմուտքի հետ լիարժեք տեխնոլոգիական համագործակցությունը տեղի չունեցավ, փոխարենը երկիրը մտավ արևմտյան նոր պատժամիջոցների տակ, տնտեսության շեշտակի աճի փոխարեն երկրի տնտեսական ճգնաժամն ավելի խորացավ, արդյունաբերական պոտենցիալի աննախադեպ անկման պատճառով երկրի զարգացման հեռանկարներն ավելի մշուշոտ դարձան, մարդկանց սոցիալական վիճակը չբարելավվեց ու շատ վատացավ, հասարակության մեջ առաջացավ սոցիալական ծայրաստիճան բևեռացում: Գորբաչովի բարեփոխումների արդյունքում Խորհրդային Միությունը, ընդհանրապես, ու խորհրդային քաղաքացիները, մասնավորապես, ոչ մի լավ արդյունքի չհասան, համենայն դեպս մինչ օրս չեն հասել: Ասվածը չի վերաբերում միայն մարդկանց նյութական բարեկեցության խնդրին: Մարտի 1-ի դեպքերը Երևանում, խաբված ավանդատուների ցույցերը Ռուսաստանում, ընտրակեղծիքներով անցկացվող «ազատ կամքի արտահայտման» միջոցառումները Հայաստանում, Ադրբեջանում և այլուր ցույց տվեցին, որ մարդիկ խաբված են նաև դեմոկրատիայի հարցերում: Բնակչության մեծամասնության համար Գորբաչովի «перестройка»-ի արդյունքները կարելի է ամփոփել հետևյալ հայկական ասացվածքով` «մրից ելանք, մրջուրն ընկանք», կամ այս դեպքում ավելի տեղին կլինի օգտագործել ռուսական հայտնի ասացվածքը` «за что боролись, на то и напоролись»: «Перестройка»-ի նման ամփոփագրին, անշուշտ, համամիտ չի լինի բնակչության չնչին փոքրամասնությունը, ի դեմս հայկական, ռուսական, ադրբեջանական, ուկրաինական, ուզբեկական, թուրքմենական և նախկին եղբայրական հանրապետությունների ներկա բարձրագույն չինովնիկության և օլիգարխիայի, որը նախնական զրոյական վիճակից դուրս եկավ, ստացավ ամեն ինչ ու ցոփ կյանք վարելու անսպասելի հնարավորություն: Բնակչության այս հատվածի համար հայկական ժողովրդական իմաստնությունը հորինել է հետևյալ ասացվածքը` «Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ»: Թե ինչ թշվառության հասան նախկինում լավ թե վատ, բայց արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացիները, հայտնի է բոլորիս: Այդ թշվառների կյանքի մասին կարելի է անթիվ գրքեր ու հոդվածներ գրել, որոնք, սակայն, չեն կարող ունենալ գեղարվեստական այն հարուստ գունագեղությունը, ինչը կարող են ունենալ առօրյա պատմությունները մեր հետխորհրդային մեծահարուստների կյանքից: Որպես օրինակ կարելի է բերել մի դրվագ իմ կոլեգայի, խորհրդային խոշոր գործարանի նախկին գլխավոր տնօրենի, ներկայումս Ռուսաստանի շարքային օլիգարխ Բ.Ն.-ի անձնական կյանքից որն իր դստեր հարսանիքը կազմակերպել էր Հունաստանի Կրետե կղզում: Հարսանեկան միջոցառումների շարքում ընդգրկված էր եղել հետևյալ գործողությունը. հյուրանոցի ու ռեստորանի միջև ընկած մեկկիլոմետրանոց հատվածը հարսն ու փեսան պետք է անցնեին ոտքով՝ դասական սպիտակ շրջազգեստներ հագած ջահակիր հույն աղջիկներից կազմված սյունաշարքի միջով: Հարսանիքի այդպիսի սկզբի համար օլիգարխը վճարել էր երկու միլիոն դոլար, որը կազմում էր հարսանիքի վրա կատարած ընդհանուր ծախսերի չնչին տոկոսը միայն:

Այս պատմությունը լսելուց հետո ես ռուս օլիգարխին առաջարկեցի իր հնարավորություններից ելնելով ներդրումներ կատարել մեր արևային գործերի մեջ: Հարսանիքի միջոցառման միայն մեկ արարողամասի վրա ծախսած գումարներով կարելի է կազմակերպել, օրինակ, միջին մեծության հելիոտեխնիկական մեկ գործարան կամ պահածոյի արևային երկու գործարան Հայաստանում կամ Ռուսաստանում: Դա կարող էր շահավետ բիզնես դառնալ նաև նրա համար: Օլիգարխ Բ.Ն.-ն արևային բիզնես կազմակերպելու իմ առաջարկը բարեկամաբար մերժեց հետևյալ պատճառաբանությամբ. ցանկանում է ապրել, աշխատանքի մասին չի ուզում մտածել, որքա՞ն է մնացել մեզ ապրելու համար, ինքդ դատիր: Ռուս օլիգարխի անմիջականությունն ու անկեղծ խոստովանությունը ինձ թույլ տվեցին հասկանալ գորբաչովյան «перестройка»-ի անհաջողության պատճառներից մեկը, թերևս, ամենակարևորը. Խորհրդային Միության բոլոր ակտիվները անցան մի խումբ մարդկանց ձեռքը, ովքեր հոգեբանորեն պատրաստ չէին, ովքեր շահագրգռված չէին իրենց ուսերի վրա վերցնելու երկրում բարեփոխումներ կատարելու, առավել արդյունավետ տնտեսություն կազմակերպելու պատասխանատվությունը: Արտասահմանյան հարսանիքների, մի քանի միլիարդ դոլար արժեցող վիլլաների, միլիոնավոր դոլարներ արժեցող կորպորատիվների վրա օլիգարխները ծախսեցին ու շարունակում են ծախսել խորհրդային երկրի իրենց ձեռքն ընկած ազգային հարստության մի չնչին մասը միայն: Խորհրդային Միության ազգային կապիտալի հիմնական մասը տարբեր ճանապարհներով դուրս գնաց ու հանգրվանեց արևմտյան բանկերում՝ ֆինանսապես սնանկացնելով խորհրդային երկիրն ու մեր հետխորհրդային անկախ երկրների տնտեսությունները:
Ըստ «перестройка»-ի գաղափարախոսների` ԽՍՀՄ-ում տնտեսությունը վատ էր աշխատում, որովհետև արտադրությունների հետ կապված ամեն ինչ, մինչև վերջին մանրուքը, կառավարվում էր մեկ կենտրոնից, որը ճիշտ ու էֆեկտիվ չէր: Եթե արդյունաբերությունը ապակենտրոնացվի ու կառավարվի շահագրգիռ մարդկանց կողմից, ապա արդյունաբերության բոլոր խնդիրները, նաև ազատ շուկայի օգնությամբ, ինքնըստինքյան կլուծվեն: Խորհրդային արդյունաբերության ու տնտեսության խնդիրները ինքնըստինքյան չլուծվեցին, որովհետև կառավարման ղեկը վերևից փոխանցվեց նույն համակարգի ստորին օղակներին ու ընկավ ճիշտ այն մարդկանց ձեռքը, ովքեր էլ մեղավոր էին խորհրդային տնտեսության քայքայման գործում: Այդ մասին ես կասեմ իմ հետագա պատմություններում: Ըստ էության ճիշտ էր ամերիկյան հայտնի քաղաքական գործիչ Զբիգնև Բժեզինսկու հետևյալ հայտնի գնահատականը, որը վերաբերում էր հետխորհրդային երկրների կապիտալիստներին. «Նրանք ձերը չեն, նրանք մե՛ր կապիտալիստներն են»: Հավանաբար հենց այդպես էլ էր: Անբան ու ծանրաշարժ կուսակցական վերնախավի փոխարեն, որպես պատիժ, խորհրդային բազմաչարչար քաղաքացիները ստացան ավելի անբան, բայց հավերժ անհագ ու ընչաքաղց օլիգարխիկ մի վերնախավ, որն իր անաշխատ կապիտալը պահում է դրսում, ներդրումները կատարում է դրսում, եկամուտները ստանում է դրսում, որոնք դարձյալ պահվում են արտասահմանյան բանկերում կամ դարձյալ ներդրվում են արտասահմանյան երկրների տնտեսությունների մեջ՝ ավելի ծաղկուն ու բարգավաճ դարձնելով օտարերկրյա քաղաքացիների կյանքը: Իսկ մեր քաղաքացիներին մնում է նստել և հույսերով ապրել ու սպասել, որ կյանքը վաղ, թե ուշ կլավանա, լավը կլինի: Վստահաբար կարող եմ ասել, որ մեր երկրներում ստեղծված պայմաններում տնտեսությունները չեն կարող աշխատել ոչ միայն դրսի կապիտալ ներդրումների սղության, այլև արտաքին արգելանքների պատճառով: Դրանք շատ են, անտեսանելի ու անբացատրելի են մեզ նման շարքային քաղաքացիների համար: Հետխորհրդային երկրները շարունակում են մնալ արևմտյան երկրների անմիջական ազդեցության տակ: Այդ ազդեցությունը մեր երկրները բերեց նախկին խորհրդային տրակտորիստ, ԽՍՀՄ առաջին ու վերջին պրեզիդենտ Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը՝ «перестройка» ծածկանվամբ արևմտականացման նախագծի շրջանակներում: Զուտ տնտեսական առումով «перестройка»-ն Հայաստանին տվեց սեփական ձեռքերով 70 տարում ստեղծված արդյունաբերական պոտենցիալի ոչնչացում, 6 միլիարդ դոլարի արտաքին պարտքի կուտակում, 10-20 միլիարդ դոլարի արտահոսք: Երկրի արդյունաբերությունն ու տնտեսությունը տասնյակ տարիներով հետ շպրտվեցին: Տնտեսական ճգնաժամը, արտագաղթը, դեպի արտասահման պոռնկության գնացող հայ կանայք այն գինն էին, որը պետք է վճարեր բազմաչարչար հայ ժողովուրդը իր երկրում նման օլիգարխիկ համակարգ հաստատելու և «ատկատային» տնտեսություն ստեղծելու դիմաց:
Ինչո՞ւ այսպես ստացվեց: Այս շատ կարևոր հարցի պատասխանը մենք ստիպված ենք գտնել ոչ թե զուտ մեր անձնական հետաքրքրասիրությունը բավարարելու, այլ ստեղծված աշխարհաքաղաքատնտեսական նոր ծուղակից շուտափույթ դուրս գալու համար: Առաջին հարցը, որը պարզաբանման կարիք ունի, հետևյալն է. որքա՞ն էին արդարացված ԽՍՀՄ-ում անցկացված քաղաքական ու տնտեսական կտրուկ բարեփոխումները, նրա տրոհումը առանձին պետությունների, կա՞ր արդյոք դրա ներքին, հասարակական պահանջարկը կամ, եթե խնդիրը ներկայացնենք ավելի ընդհանրացված ձևով. ո՞րն էր գորբաչովյան «перестройка»-ի պատմական անհրաժեշտությունը, նախընտրելի չէ՞ր արդյոք ժամանակակից տնտեսություն ստեղծելու և խորհրդային երկրի բարգավաճման համար օգտագործել ռեֆորմների ճանապարհը, դանդաղ, կամաց-կամաց, քայլ քայլի հետևից, ինչպես դա հաջողությամբ իրականացվեց Չինաստանում, ո՞րն էր շտապելու ու այս աննախադեպ կոլլապսը ստեղծելու բուն տրամաբանությունը: Ո՞վ կամ ովքե՞ր էին շահագրգռված, որ Գորբաչովն այդքան շտապի իր «ускорение»-ով ու դժվար բարեփոխումները սկսի միաժամանակ երկու ճակատով՝ ընդգրկելով շատ դժվարամարս տնտեսական ոլորտն ու անհավանական հարձակումներ նախաձեռնելով կուսակցական բյուրակրատիայի վրա, որի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էլ Գորբաչովն էր: Հարցերն այստեղ շատ են, հստակ պատասխաններ չկան: Հասարակության լայն շրջանակներում շատ է շրջանառվում այն միտքը, որ Գորբաչովն ուղղակի հանցավոր գործարքի գնաց Ամերիկայի հետ, ու այս ամենը Ամերիկայի արածն էր: Այս բացատրությանը ես համաձայն չեմ, որովհետև այն խիստ պարզունակ ու ակնհայտ է: Բացի այդ, այն հատուկ չէ ռուսական քաղաքական մտածողությանը: Հավատում եմ, որ մենք առայժմ տեսնում ենք միայն «перестройка» կոչված այսբերգի գագաթը, իրականում Ռուսաստանի հոգին ավելի խոր է, ամենաանսպասելին դեռևս առջևում է:
(շարունակելի)

Վահան
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Դիտվել է՝ 3746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ