Ալֆան և օմեգան
03.03.2020 | 01:39
Բայց չշեղվեմ: Վերադառնամ բացահայտումների հարցում մեր անխտրական կեցվածքին: Կարևոր ասելիք ունեմ այս առումով, քանզի դարակազմիկ բացահայտում եմ կատարել: Երկար ուսումնասիրություններից, այսպես կոչված, լրագրողական հետաքննություն կատարելուց հետո, որոշեցի հայցադիմում ներկայացնել գլխավոր դատախազություն ընդդեմ Մեսրոպի և նրա բանդիտական հանցախմբի: Էս միտքն ինձ վաղուց էր տանջում, դեռևս աշակերտական նստարանից, կասկածը կրծում ու հանգիստ չէր տալիս: Վերջապես, մի օր պե՞տք է մեկը համարձակություն ունենար և բացահայտեր ճշմարտությունն ի լուր աշխարհի: Թեև խախտում եմ հետաքննության գաղտնիությունն ու կասկածյալների անմեղության կանխավարկածը, բայց ճշմարտությունը վեր է ամեն բանից: Էն դեբիլ գյադեն՝ վկա… Երբ պապիկս ցախ էր կոտորում, իսկ կովերը թռչում և թրքում էին երկնքից մեր շենի բնակչության քյալլին, և քաղմասն ինձ էր որոնում շամշյանական մոտիվներով, իսկ ես, խելոք նստած ծառի տակ, ինքզինքս, նկարում էի նապաստակ, միաժամանակ մտորելով փաստական ապացույցների մասին, տեղի ունեցավ վերևներից հրահրված ահեղ երկրաշարժ, որի էպիկենտրոնը ես էի և պայթեց ուղիղ ինձ վրա՝ կայծակնային արագությամբ ներխուժելով ուղեղիս մեջ: Նույնիսկ չհասցրի փախչել: Եվ հետևաբար, այսու հայտնում եմ, որ մեսրոպածինների, նրա և իր իսկ համախոհների գործած հանցանքները ապակողմնորոշել են մեզ մեր պատմության ողջ ընթացքում, դարեր ի վեր՝ սկսած վաղ միջնադարից, ապատեղեկատվություն սփռել՝ ուժի կիրառմամբ ոտնահարելով մարդու ազատությունները, նրա անկաշկանդ տեղաշարժվելու և խոսքի ազատ արտահայտման իրավունքը, հարկադրել Կորյունին դիմելու կեղծիքի, զանազան հակափաստարկների, բռնությամբ սուտ ցուցմունք և վկայություն կորզելու մեղադրանքով:
Այդ հանցագործությունները, որպես մարդկության դեմ գործած մեղք, չունեն վաղեմություն: Մաշտոցի բանդան, որի պարագլուխներն էին իրեն թագավոր հռչակած ոմն Վռամշապուհ և ինքնակոչ կաթողիկոս Տրդատ, ներկայացվել է որպես աշակերտների խումբ, իրականում եղել է փոխկապակցված հանցակազմ պարունակող գործակալների ջոկատ, որը մաքսանենգորեն հատել է երկրի պետական սահմանը, անցել Մերձավոր Արևելք, հանդիպումներ ունեցել կասկած հարուցող և միջազգային հետախուզման մեջ գտնվող օտարազգի ոմն Դանիել եպիսկոպոսի հետ, որը քողարկվել է հոգևորականի անվան տակ և ավազակախմբի անդամներին տրամադրել ծածկագրված առերևույթ նշանագրեր, որի փաստական ապացույցը առկա է որպես այբուբեն, այնուհետև քրեական ենթամշակույթ կրող անձանց և թաղային հեղինակությունների ուղեկցությամբ հասել մինչև Բյուզանդիա, ապա վերադարձել տուն՝ նույն մաքսանենգ ճանապարհով: Հայտնի է, որ տասնհինգ դար առաջ Ամարասում կազմակերպվել է ահաբեկիչների բանակում, եթե հիշողությունս չի դավաճանում ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի անվան տակ:
Հարց՝ ի՞նչ միջոցներով և ու՞մ դաբրոյով են գործուղման նպատակով մսխվել պետական բյուջեի ահռելի միջոցները: Ենթադրաբար, այդ խումբը զենքի և թմրադեղերի անօրինական շրջանառությամբ ու առևտրով զբաղվող միջազգային մի կազմակերպություն է, որը օֆշորային գոտի է տեղափոխել նյութական մեծ միջոցներ, և դարեր ի վեր որոնվում է ինտերպոլի կողմից: Համագործակցել է սիցիլական և մեքսիկական մաֆիաների հետ, տիրապետել խոշոր չափերի գույքի, իր տրամադրության տակ ունեցել գերձայնային զրահապատ ուղղաթիռներ, սուզանավ, օգտվել «Կիլիկիա» նավի անձնակազմի հանցավոր ծառայություններից: Առանձնատներ է գնել Միջերկրական ծովի ափին և մի ամբողջ կղզի Հնդկական օվկիանոսում: Նրանք անհաշտ պայքար են մղել ժամանակի առաջավոր և լուսադեմ աղանդներից մեկի՝ բորբորիտների դեմ, որոնք մասնագիտական դասընթացներ էին անցել Կոլումբիայի համալսարանում, անձամբ հակասովետական հայացքներով հայտնի պարոն Թրումենի ղեկավարությամբ:
Համարձակվել են իրենց վերագրել նաև վրաց խուցուրի ու ասորական գրերի գյուտերը, դրանով իսկ ազգամիջյան հակամարտություների սկիզբ դնելով Հայոսի և Քարթլոսի եղբայրական ազգերի բարիդրացիական հարաբերությունների միջև: Նրանք քրեական հեղինակություն են վայելել արտերկրում և նրա սահմաններից դուրս, ապակողմնորոշելով հարևան ազգերին, իբր թե նրանց այբուբենները նույնպես իրենք են հորինել և պահանջել են համապատասխան պարգևավճար՝ խոշոր չափերի կաշառքի տեսքով: Նրանց գործողություններում առկա են նաև բռնության և ահաբեկչության զարհուրելի դրվագներ: Առկա հանցակազմը և արբանյակային նկարահանումները վկայում են պարագլխի ծննդավայր Տարոնի Հացեկաց գյուղում դիտավորությամբ հողին հավասարեցված պապենական և ազգակիցների տները, ավերակված պատմամշակութային հուշարձանները, կանեփի և մարիխուանայի այրված պլանտացիաները, որը կանխամտածված հանցագործության հետքերը դիտավորությամբ քողարկելու և վերացնելու բացահայտ իրողություն է: Հետաքննությունը պետք է պարզի գործի բոլոր հանգամանքները, նաև, թե ինչպես նրանց մոտ հայտնվեց Աստվածաշունչը, ու՞մ պատվերով էին այն թարգմանում, ի՞նչ է իրենից իրականում ներկայացնում թարգմանչաց դպրոցը, արդյո՞ք զինված ահաբեկչական խմբավորում չի գործել այդ անվան տակ:
Համոզված եմ, որ եթե մեր ակադեմիական պատմաբանները առավոտից իրիկուն սրճախմությանը զարկ չտան, այլ զբաղվեն իրենց բուն պարտականությունների կատարմամբ, ապա մենք կունենանք նաև այն հարցի պատասխանը, թե որքանով են վերոհիշյալ կազմակերպության անդամները փոխկապակցված դաշնակցական «Դրո» ահաբեկչական խմբի հետ, ինչ բարոյահոգեբանական աղերսներ են առկա նրանց միջև, և ինչպիսի հանձնարարականներով են ժամանակների հեռավորությունից շաղկապվում այդ երկու հանցավոր տարրերի ազգայնամոլական նկրտումները: Բոլոր նրանք, ի թիվս նաև պատմաբանները, ովքեր իմացել և չեն հայտնել այդ հանցագործ կապերի մասին, նույնպես կենթարկվեն պատասխանատվության:
Կասկածներ կան, որ դատախազության անփույթ գործունեության կամ կանխամտածված թողտվության պատճառով հանցախմբի անդամներից մի քանիսը, իբր քրիստոնեական քարոզչության նպատակով, ծպտյալ մեկնել են հյուսիսային երկրներ Եփրատի և Տիգրիսի ծովահենների առագաստանավերով, ապաստան գտել ռազմատենչ և արնախում վիկինգների մոտ, որոնց հանրակրթական դպրոցներում տարրական դասարաններից մտցված է ռազմահայրենասիրական ուսուցում, և միացել տեղի հակապետական պառակտիչ շարժանը՝ ընդդեմ միացյալ թագավորության տարածքային ամբողջականության և այլն, և այլն: Բոլոր մեղավորները անխտիր պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բոլորի վզից բռնելու և կոխելու եմ ծակերը: Ոչ ոք հույս չունենա, թե կպլստա ու անպատիժ կմնա: Օրենքի առաջ բոլորը հավասար են։
Արա, էդ ո՞նց եղավ, որ այր մի Մաշտոց անուն, 15-20 դար առաջ մի հատ պերեմիշկա է տվել ու մինչև հիմա էդ մատորը աշխատում է: Հասկացանք, բայց հո հավերժական շարժիչ չի՞, տասնհինգ դար, ջոկու՞մ եք, էդ հոսանքի լարումը չի հանգում, երբ մեր թայդաշ ցեղերն անհետ կորել անցել են չար մշուշի պես։ Ականատեսներից մեկը բանավոր հարցաքննության ժամանակ հաստատել է, որ մաշտոց նշանակում է վիշապ: Հի՜, հի՜, հի՛… Հիմա հասկացա՞ք, թե որտեղ է թաղված շան գլուխը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները, թե ուր են տանում ճամփաները: Հաստատ, ո՛չ Հռոմ, ոչ էլ՝ Բինգյոլ:
Իսկ արդարադատությունը պետք է անաչառ ու անկողմնակալ լինի այս չարիքի հանդեպ: Ես դրանց քոքը կկտրեմ: Դուք չունեք ինքնուրույն գործելու կամք: Վենդետա չի լինելու, բայց ես անձամբ խարակիրի կանեմ բոլորին: ՈՒրիշ հնար չկա: Սա է մեր նախորդ սերունդների և կառավարությունների մեզ թողած ժառանգությունը, որը մենք պարտավոր ենք արմատախիլ անել. այս հին աշխարհը կփոխենք մենք ու տեղը նորը կշինենք: Բավ է կոմիտասներ ու թումանյաններ, Անդրանիկ ու Նժդեհ, ավանդույթներ ու տարազներ, երգ ու պար, ազգային կերակրատեսակներ, չէ մի՝ Մոնթե, ու նման անհեթեթություններ պարեցնեք ու թմբկահարեք ձեր այդ քառակուսի մտածողությամբ: Ինտերնացիոնալը աշխարհի մերը լացացրեց, լացացնում է և պետք է լացացնի…
Ամենաթողության հետևանքը. արդարադատությունն ու դատական համակարգը հիվանդ են և առողջացման, ստույգ՝ վիրահատական միջամտության լուրջ կարիք ունեն: Ոչ ոք հույսեր թող չփայփայի, թե խույս է տալու:
Նաշա ռաշա, վաշա մամաշա: Ինձ զեկուցել են, որ էդ քրեածին, քրեական մշակույթ պարունակող երգերը հիմնականում պատվիրում են դատախազներն ու մենթերը՝ մուռկա-նյուռկա, ցենտրալ ու Ռոստով՝ պապա, Օդեսա՝ մամա, արգելեք դրանց կատարումը ռեստորաններում: Էդպես են ուրանում հորն ու մորը, էլ հայրենիքի մասին խոսք չեմ գտնում ասելու: Տուգանեք դրանց, փակեք էդ երգողներին մի քանի սուտկա, որ ականջներին օղ անեն, ու էդ շուֆուտինսկիների ու ուսպենսկայաների ոտը կտրեք իմ երկրից՝ իրենց գողական և քրեական ենթամշակույթի քարոզչությամբ։ Թե չէ, ես անձամբ ստիպված կլինեմ ջարդել դրանց ոտները:
Թարս ոտքիս վրա էի արթնացել: Լույսը թիկունքիցս էր ճառագում մութ փողոցում: Ես միայնակ հետևում էի իմ ստվերին և աչքիս առաջ նրա կորությունները սրվում, դառնում էին պաղ ու ահասարսուռ դաշույններ, կացիններ և յաթաղաններ ու թրատում-չրթում ճանապարհին հանդիպող բոլոր թակարդներն ու խոչուխութերը, ականջներիս ստվերը կոտոշների նման ցցվել ու սատանայավարի վերուվար էր լինում ամեն մի քայլափոխիս: Քիչ անց դարձյալ ստվերս կերպարանափոխվում, վերադառնում էր նախկին տեսքին: Իմ առջևից աջ ու ձախ, խելակորույս ցատկոտելով իմ ստվերն առաջնորդում էր ինձ, հանց ուրվական, որ շրջում է ինձանից անկախ ու անբաժան, հետո տեղափոխվում էր հետ, ինքն էր ինձ հետապնդում, հետո պտտվում էր շուրջս խելակորույս արագությամբ, դանդաղում, արագացնում, ասես ցանկանում էր հոգուս հետ խաղալ, խենթացնել ինձ…
Ես հայտնաբերեցի, որ ապրում եմ մեկ այլ, երևակայան աշխարհում, որը գոյություն չուներ այլոց համար, ու դա ստվերների աշխարհն էր, որտեղ ես ավելի ճանաչելի ու հարազատ, ավելի ազատ ու թափանցիկ էի, մինչդեռ հաճախ նույնիսկ ինքս ինձ ու իմ մեջ բույն դրած ոմն էակի լավ չէի ճանաչում: Իսկ այստեղ, իրավիճակի փոփոխության արդյունքում, ես ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում, որ կարող է ազատություն տալ իր ցանկություններին և կրքերին, անկաշկանդ ինքնադրսևորվել սրտի ուզածի չափ։ Դա իմ վաղեմի երազանքն էր, որը ճակատագրի ուղտի նման չոքել էր իմ առաջ և աղերսում էր հեծնել իրեն, փարվել երկսայր սապատին ու սլանալ մոլորակի բոլոր անկյուններով, ուր խելքիս փչեր։ Միայն թե արհեստական խոչընդոտներ չառաջացնեին գյոռնափշտիկները, որ հաճախ անսպասելի ցցվում էին առջևս, իսկ թիկնազորս չէր էլ տեսնում ու նկատում: Ասում եմ, բռնեք դրան, հարցնում են՝ ու՞մ: Արա, բայց դուք լրի՛վ քոռ եք: Ոնց որ անցյալ անգամ, երբ էն չարագույժ երազից հետո որոշեցի գնալ մեր գյուղ՝ տատիս տեսության: Ճանապարհին, ավտոշարասյան մեջտեղակենտրոնական իմ դիրքից նկատեցի գյուղի եզրին կասկածելի ինչ-որ փաթեթ ձեռքին կանգնած մի անծանոթի, որը հաստատ մերոնցից չէր: Ճիշտն ասած, մի պահ մտքովս լավ բան չանցավ, լարվեցի, մինչև սլացանք կողքով, բարեբախտաբար էդ մարդը շշով ջուր ածեց ավտոյիս հետևից, իբրև թե՝ բարի երթ քեզ, իմ սիրելի ու պանծալի առաջնորդ: Հետո պարզեցի, որ ինֆորմացիոն արտահոսքի պատճառով իմացել է իմ վոյաժի մասին, երկար ճանապարհ է կտրել անցել, որ ուխտավորի նման կատարի իր նվիրական պարտքը երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ լիգիտիմ ընտրված ղեկավարի հանդեպ: Հետագայում առցանց ընկերացանք այդ երախտագետ քաղաքացու հետ: Ասում եմ.
- Բա խի՞ էիր էդ լայնեզր գլխարկը դրել, ոնց որ լուսահոգի Արա Վահունին լինեիր…
Պատասխանում է, թե՝
-Ռանչպար մարդ եմ, ամաչում էի տնական փնթի շորերով ընդառաջ գամ: Մեր գեղի ուսուցչի շլյապեն էի մի քանի ժամով փոխ առել: Ասի քաղաքավարի տեսք ունենամ, անհարմար է։
Իսկ էս բեմուրազ ախրաննիկներս իսկի չտեսան էլ էդ ամոթխած ու պատկառելի մարդու տվայտանքները: Թիկնազորի պետին ասում եմ, բա որ դրա ձեռքին ոչ թե ջուր, այլ մոլոտովյան շիշ կամ նռնակ լիներ, ի՞նչ էինք անելու: Էրեխեքս էլ հետս: Հարցով է պատասխանում, թե ու՞մ նկատի ունես, շեֆ: Ասում եմ, էն գյուղացուն, որ կանգնած էր գյուղի պռնկին: Պատասխանում է, թե՝ մարդ չկար կանգնած: Սուխոյ ատկազ: Քյո՛ռ ես, ալ շան տղի էշ, թե՞ ինձ գժի տեղ ես դրել: Իմ ներքին ձայնն ավելի հավաստի է, քան ձեր արբանյակային հեռադիտակները: Չեմ ուզում հուշտ անեմ, բայց թիկնազորի պետին էլ եմ փոխելու, քիթն ամեն տեղ խոթում է, փոխանակ իր պաշտոնական պարտականությունների կատարմամբ զբաղվի: Շպիոնի նման ուզում է ամեն բան իմանալ: Հասկանում եմ՝ ուզում է բիզնեսների տեր դառնալ, ուզում է, որ գնումների մրցույթներում իր միջնորդությամբ հաղթող ճանաչվեն մտերիմ-մերձավորների կազմակերպությունները, նախկինների նման, առիթն օգտագործելով, դառնա փայատեր: Բայց շան նման վախենում է ինձնից: Գիտի, որ կարոտկի տվի՝ դուգայիս չի դիմանալու: Կարծում է՝ չգիտեմ իր հետին մտքերը: Այտա, ձեր ցերեկով անցածը ես գիշերով եմ անցել, իսկ դուք ուզում եք ձեր ղամմազ հալով սատանի մայլում քյանդրբազությամբ զբաղվել: Առանց իմ դաբրոյի ոչնչի չեք հասնելու: Էլի մի օղ՝ համապատասխան ականջի համար…
Քիչ էր մնում ինձ ասի, թե սուտ ես խոսում, մենք ձեր գյուղ ե՞րբ ենք գնացել, որ… Բայց, անկեղծ, ով որ ինձ էնպիսի սուտ ասի, որ հավատամ, թագավորությանս կեսն իրեն կտամ: Վախեցավ: Կարկամեց ու լռեց:
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ