Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայ կինեմատոգրաֆիայի ամոթն ու խայտառակությունը

Հայ կինեմատոգրաֆիայի  ամոթն ու խայտառակությունը
22.10.2013 | 11:25

(սկիզբը՝ այստեղ)

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ
(Ցեղակրոնությո՞ւն, թե՞ ֆաշիզմ)

Ցեղակրոնությունը` ըստ Նժդեհի («Ինքնակենսագրություն», Ազգային անվտանգության արխիվ). «Հայը Հայաստանից դուրս ենթակա է վատասերումի (ձուլումի): Չարիքի դեմ պայքարել հնարավոր է միայն ցեղային արժեքների, առաքինությանց և սրբությունների խոր ճանաչումով ու վերապրումով - մի բան, որ հիմնավորեցի, անվանելով Ցեղակրոնություն: Դրա նպատակն էր անհայրենիք հայությանը հոգևոր և անտուն-անտիրությունից փրկելով, դարձնել հայրենատեր: Դա հայրենատիրական շարժում է, որի մեջ վերանորոգվելով միայն պիտի միանան հայության բոլոր հատվածները: Ցեղակրոնությունը ոչ մի ընդհանուր բան չունի և չէր կարող ունենալ օտար վարդապետությունների հետ, քանզի այն նախ և առաջ բարեփոխիչ շարժում-վերածնունդ է, որ հնարավոր է միայն սեփական, այլ ոչ փոխառված արժեքներով: Մեր մտավորականության դեղնախտով տառապող մասը վատաբանեց Ցեղակրոնությունը` այն անվանելով հիտլերականության ցնորք (գտնվեցին նույնիսկ ստամտավորականներ, որոնք անվանեցին Ցեղակրոնությունը ցեխակրոնություն)»:
Իսկ այժմ դիտենք (քննարկենք) ֆիլմում ներկայացված ցեղակրոնությանը վերաբերող մասը` ներկայացված փաստերը դնելով մեկ հարթության վրա:
. Սկզբնամասում պատերազմից հրաժարվող գյուղացին, որը թուրքին էլ մարդ է համարում, Նժդեհի հորդորով, ոգևորվելով, մասնակցում է պատերազմին և զոհվում:
. Թուրքի գլուխը սրով թռցնելը:
. Նժդեհի համագումարի ելույթը, որտեղ Դևեջյանը քննադատում է ցեղակրոնությունը` համարելով երիտասարդներին ապակողմնորոշող հանգամանք:
. Դևեջյանը Հայաստանի ՊԱԿ-ի փոխնախարար գյումրեցի Աղեկյանին տված ցուցմունքում ցեղակրոնությունն անվանում է ֆաշիզմ, իսկ Աղեկյանն էլ, իր հերթին, ներկա գտնվող գրագիր Հովսեփյանին հրահանգում է բարձրագոչ. «Գրի` ֆաշիստ»: Իսկ ինչո՞ւ է Նժդեհին տրված մոտ 400 հարցից ընտրված (շեշտում եմ) հատկապես 2 հարց` բոլշևիկներին Տաթևի վանքից դեպի ձոր ստահոդ շպրտումը և ներկայացված փաստերի հիման վրա առաջ քաշված Ցեղակրոնությունը որպես ֆաշիզմ որակելու հարցը: Այս փաստն ապացուցում է, որ միջազգային այն մութ ուժերը, որոնք հովանավորել են «Գարեգին Նժդեհ» ֆիլմը 7 միլիոն դոլարով, խիստ անհանգստացած են Նժդեհի հայրենապաշտ կերպարով: Քանի որ իրենք ընտրել են հակաբնական ճանապարհ (կոսմոպոլիտիզմ, գլոբալիզացիա), պետք է անհապաղ, խորամանկորեն (իբր մեծարում, փառաբանում են Նժդեհին) ջարդել ազգային գաղափարախոսությունը` նժդեհյան Ցեղակրոնությունը, հենց Նժդեհի միջոցով. «Սեպը սեպով հանել, ապա երկուսն էլ դեն նետել»: Սա էլ բավական չէ, վերոնշյալ ուժերը նույնիսկ հանդգնում են վախեցնել Հայ ազգին համագումարում Նժդեհի ունեցած ելույթով: Մենք փոքր ազգ ենք, շրջապատված ամբարիշտ հարևաններով և այլն, իբր ասում է Նժդեհը: Այս փաստը Նժդեհի գաղափարախոսության վարկաբեկման բարձրագույն փորձն է: Այդ Նժդե՞հն է ասել, թե հայը փոքր ազգ է:
Իսկ թե ինչ է ասել Նժդեհը ազգի մասին, քիչ հետո: Իսկ այժմ, որպեսզի հայտնի լինի այդ տխրահռչակ բառակապակցության աղբյուրը, մեջբերենք Նժդեհի «Դաշնակցության պատմական ծագումնաբանությունը և բնութագրությունը» հոդվածը, որին նա անդրադարձել է 1947-ի հունվարին` գտնվելով Երևանի ՊԱԿ-ի ներքին բանտում (տպագրված է Գ. Նժդեհ, «Հատընտիր» գրքում, թարգմանված Վաչե Հովսեփյանի «Գ. Նժդեհ և ՊԱԿ» գրքից, էջ 260, 10-րդ կետ):
«Մեր ժողովրդի դժբախտության պատճառը, ինչպես պատմական անցյալում, այնպես էլ նոր ժամանակներում համարվում է անհաղթահարելի անհատապաշտությունը, որը պայմանավորված է մեր պատմությամբ, աշխարհագրական դիրքով, դարավոր ստրկությամբ: Այդ հոգեգիծը մասնավորապես այնպիսի փոքր ժողովրդին, ինչպիսին մենք ենք, դարձնում է չարիքի աղբյուր` վերածելով անհատին անարխիստի` բառիս ամենաբացասական իմաստով»: Ցավով պիտի նշեմ, որ ֆիլմի հեղինակները, չըմբռնելով ժողովրդի և ազգի տարբերությունը, անթույլատրելի սխալ են գործում փոքր ժողովրդի հանդեպ` այն հնչեցնելով փարիզյան համագումարի ամբիոնից, այն էլ՝ Նժդեհի շուրթերով, թե մենք փոքր ազգ ենք: Այդ փաստը ինձ իրավունք է տալիս մի փոքր շեղվելու նյութից և տալու պարզաբանում, միայն այն բանի համար, որ ապագա սերունդները կարողանան տարբերել թացը չորից, լինեն չափազանց զգույշ` արևմտյան, նաև ոչ արևմտյան ուժերի հյուսած սարդոստայնը չընկնելու համար: Նժդեհը իր «Ցեղակրոնությունը իբրև հաղթանակի զորույթ» աշխատության մեջ գրում է. «Ժողովուրդը այսօրն է, Ցեղը`հավիտենական Հայն է, երեկ, այսօր և վաղը»: Լինել Ցեղակրոն` նշանակում է ջերմաջերմ պաշտամունք ունենալ դեպի մեր նախահայրերի փառահեղ անցյալը և ունենալ ստեղծագործ հավատ դեպի մեր ազգի մեծ ապագան: Ցեղը կրելով իր մեջ` նա բազմիցս իր դիմում-նամակներում, բարձրագույն ատյաններում (օրինակ` Վորոշիլովին գրած նամակում) արժևորում է հայ ազգի անուրանալի ավանդը մարդկության քաղաքակրթության զարգացման ճանապարհին` հիշեցնելով մեր նախահայրերի անգերազանցելի մարդկայնության ու բարձր ասպետական ոգու մասին: Հայի մեծությունը որակի մեջ է և ոչ քանակի: Այս տեսակետից խիստ անհրաժեշտ եմ համարում մեջբերել հետևյալ ասույթը, գրված «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքում (1927 թ., Սալոնիկ, էջ 62, 63 ), որը պատասխանն է բոլոր նրանց, ովքեր կփորձեն որակել հային որպես փոքր ազգ: Իհարկե, մենք Չինաստան չենք, բայց լսենք Նժդեհին.
-Չկան «մեծ» ու «փոքր» ազգեր: Կան հավասար իրավունքներով անդամներ մարդկության ընտանիքի: Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» և «փոքր» անունները: Ճշմարիտ մեծություն չէ թվային գերազանցությունը: Փոքրիկ Հելլադան կիշխեր անծայրածիր պարսից թագավորության վրա: Այսօր էլ երկարամազ Չինաստանը չի համարվում ազգերից մեծագույնը: Եթե կարմիր լաթը պաշտող (իմա՝ արևմտյան լաթը նույնպես) սակավաթիվ հայերի համար (Քեշիշյան, Մանարյան) գուցե և թրքությունը «մեծ ազգ» է, որին պիտի ծառայի «փոքրիկ» հայությունը, մեզ համար, սակայն, Անիի փլատակների մեջ ավելի մեծություն կա, քան թուրք ցեղի խուժական հոգու մեջ:
Արդեն ակնհայտ է, որ Ցեղակրոնությունը ֆաշիզմ չէ, իսկ թե ինչո՞ւ այդպես համարեցին կամ որակեցին, ո՞ւմ էր դա ձեռնտու, այլ թեմա է: Սակայն մեկ բան պարզ է, որ, հիմնվելով վերոհիշյալ փաստերի վրա, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում Ցեղակրոնության «ջարդը» շարունակվում է: Դա նշանակում է պայքար հայրենասերների դեմ: Իսկ անհայրենասեր ժողովուրդը, ըստ Նժդեհի, եթե ոչ այսօր, վաղը կմնա անհայրենիք:
Ահա թե ինչու Նժդեհի փառապանծ կերպարը որպես հայրենիքի նվիրյալ հերոս ներկայացնելու համար նրա խառնվածքին ու գործունեությանը քաջածանոթ մարդիկ էին պետք, ոչ թե վերոհիշյալ թյուրիմացությունները: Սրանց, նաև ընդհանուր անլրջության պատճառով հենց ինքներս մեծ վնաս հասցրինք մեր ապագա սերունդներին: Պարզ չէ՞, որ Նժդեհի հայրենապաշտական գաղափարները զուտ ինքնապաշտպանական, ինքնապահպանման ու ինքնահզորացման բնույթ ունեն, ինչը ֆիլմում ներկայացվում և ընկալվում է որպես ֆաշիզմ: Այնինչ մենք պարտավոր ենք վերանորոգվել` նժդեհյան գաղափարները քարոզելով և արմատավորելով ներազգային բոլոր ոլորտներում, այդ թվում` դպրոցներում, բուհերում… Իսկ ինչ վերաբերում է դաշնակցության համագումարում Նժդեհի ելույթի՝ Դևեջյանի քննադատությանը, այն պարզապես չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ այն տեղի է ունեցել 1923-ին Վիեննայի խորհրդաժողովի փոքր նիստում, ոչ թե 1932 թ. Փարիզի ընդհանուր ժողովում, երբ դաշնակցությունը տրոհված էր երկու մասի` բյուրոյականների (Դրո, Դևեջյան, Ռ. Տեր-Մինասյան, ովքեր Անգլիայի դրդմամբ վարում էին թուրքամետ քաղաքականություն, համարելով, որ պետք է հաշտվել թուրքի հետ) և Նժդեհի, Քաջազնունու, Արարատյանի և նրանց կողմնակիցների միջև, որոնք համոզված էին, որ թուրքը մնում է թուրք, և նրա հետ հաշտվելը նոր աղետի կբերի հայությանը: Այդ իսկ պատճառով ֆիլմում սխալ է ներկայացվել այդ հատվածը: 1932 թ. Փարիզի ընդհանուր ժողովում քննարկվում էր Նժդեհին ԱՄՆ գործուղելու և ցեղակրոն խմբեր ստեղծելու հարցը: Սակայն դաշնակցության թուրքամետ հատվածը ԱՄՆ-ում 1933-ի դեկտեմբերի 24-ին կազմակերպեց արքեպիսկոպոս Դուրյանի սպանությունը և դա վերագրեց Նժդեհին, ով դրա հետ ոչ մի առնչություն չուներ: Նժդեհը ստիպված էր դադարեցնել իր փառահեղ ցեղակրոն գործունեությունը և 1934-ին վերադառնալ Բուլղարիա: Այս դավադրության մասին ՊԱԿ-ում կատարված հարցաքննության ժամանակ որպես մեղադրյալ կոնկրետ նշվում է Ռուբեն Տեր-Մինասյանի անունը: 1923 թ. Վիեննայի խորհրդաժողովում քննարկվել է Նժդեհի կուսակցության վերականգնման հարցը, որը «սառեցվել» է և քննարկվել Կահիրեի Ընդհանուր ժողովում ¥համագումար¤, որը կայացել է 1924-ի նոյեմբերից մինչև 1925-ի հունվար։ Չնայած Դևեջյանի բուռն քննադատություններին, ֆիլմում, իբր ցեղակրոնության համար, այնուամենայնիվ, Նժդեհը լիովին վերականգնվել է որպես դաշնակցության լիարժեք անդամ։ Դրանից հետո Նժդեհը մինչև 1935 թ. արհամարհել ու չի բարևել Դևեջյանին, ինը խոստովանում է ինքը` Դևեջյանը, իր ցուցմունքում (ԱԱ արխիվ): Այնպես որ, Դևեջյանը 1932-ին չէր կարող ելույթ ունենալ Փարիզի ընդհանուր ժողովում և քննադատել Նժդեհին: Ֆիլմի հիշյալ մասը կատարյալ խառնաշփոթ է, փաստերի աղավաղում: Ցեղակրոնության դևեջյանական քննադատություն 1932-ին տեղի չի ունեցել, ինչպես ցուցադրվում է ֆիլմում:
Ցույց տալ թուրքի գլուխը սրով թռցնելը ոչ պատերազմական իրավիճակում և դրանից հետո հնչեցնել վերոհիշյալ դևեջյանական գոյություն չունեցող մեղադրանքը, դրանից բխող Աղեկյանի դատապարտելի տոնով հրահանգը` «Գրի` ֆաշիստ», արդյո՞ք Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնելու փորձ չէ՝ հայրենասեր և հերոս ներկայացնելու քողի տակ:
Ինչ խոսք, այս ամենը ֆիլմի պատասխանատուներին հաջողվել է, քանի որ ժողովրդին դուր է եկել այն, քանի որ չափազանց հեշտ է ազդել Նժդեհից ու նժդեհյան ցեղակրոն գաղափարախոսությունից անտեղյակ ժողովրդի հոգեբանության վրա կեղծ, հնարովի ու քողարկված վտանգներով լի դրվագների օգնությամբ: Ֆիլմի սկզբում, ինչպես նշեցինք, պատերազմից գյուղացու հրաժարվելը, Նժդեհի հորդորները և պատերազմում զոհվելը մեկ գծով նայելու դեպքում հասկացվում է այսպես. «Հայեր, ձեզ խելոք պահեք: Ոչ մի Նժդեհ, ոչ էլ ազգային գաղափարախոսություն. չկա ազգ, չկա հայրենիք: Պիտի ծառայենք մարդկությանը»: Կարծես ազգը խանգարում է մարդկությանը: Եվ այս է հիմնական մտավախությունը, որ առայսօր մեր կրթության և գիտության նախարարությունը չի էլ քննարկում նժդեհյան Ազգային ցեղակրոն գաղափարախոսությունը կրթական ծրագրերի մեջ մտցնելու խնդիրը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
Դեպի Արևմուտք` Եվրոպա կամ այլուր վազող երիտասարդություն: Ասածիս վրա իր կնիքը դրեց «Գարեգին Նժդեհ» անփառունակ ֆիլմը` գաղափարական առումով:


Բագրատ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ