Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հայ կինեմատոգրաֆիայի ամոթն ու խայտառակությունը

Հայ կինեմատոգրաֆիայի  ամոթն ու խայտառակությունը
18.10.2013 | 12:07

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում սուր պայքար է մղվում հայրենասիրության դեմ: Պայքարն այսօր հասել է իր գագաթնակետին: Սա կատարվում է մշակույթը քայքայելով, տնտեսության լճացմամբ, ժողովրդին արտագաղթի մղելով:
Սակայն Հայաստանում դեռ ապրում է հայրենյաց պաշտպան Նժդեհի ոգին և շարունակում է արմատ գցել երիտասարդության մեջ: Եվ մենք իրավունք չունենք թուլության դիրքերից որոշելու այն հողի ճակատագիրը, որ ձեռք է բերվել մերօրյա նժդեհների արյան գնով: Ասվածի տեսանկյունից էլ անդրադառնանք «Գարեգին Նժդեհ» ֆիլմին։
Մինչ բուն նյութին անցնելը փաստեմ. մասնագիտությամբ ֆուտբոլիստ եմ, դարպասապահ: 1988-ից ուսումնասիրում եմ Նժդեհի կյանքն ու ստեղծագործությունները: 90-ականներին եղել եմ Ազգային անվտանգության արխիվում և ծանոթացել Նժդեհի հարցաքննության նյութերին: Ֆիլմի մասին լռելը համարում եմ հավասարազոր դավաճանության:

ՊԱՏՄԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ
ա) Պողոս Տեր-Դավթյանի մասնակցությունը Ղարաքիլիսայի հերոսամարտին:
Պողոս Տեր-Դավթյանը զոհվել է 1920-ին՝ Սիսիանի (հին անունը` Ղարաքիլիսա) Դարաբաս գյուղի ինքնապաշտպանության ժամանակ: Ֆիլմի սկզբնամասում էկրանին գրվում է 1918 թ., Լոռի, Դարպաս: Այս երևույթը չի՞ հաստատում, որ ֆիլմի համար ընտրված պատահական մարդիկ շփոթել են, ժողովրդական լեզվով ասած` փոխս են գցել Սիսիանը Լոռու հետ: Պողոս Տեր-Դավթյանը ոչ մի կապ չունի Ղարաքիլիսայի հերոսամարտի հետ: Ցավալի է, որ նա զբաղեցրել է Ղարաքիլիսայի հերոսամարտի հերոս, ղարաբաղցի Գուրգեն Տեր-Մովսիսյանի տեղը, ով մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին` հայկական կամավորական գնդերի կազմում, բազմիցս վիրավորվել է, արժանացել բազմաթիվ բարձրագույն պարգևների: 1918-ին Սարդարապատում և Բաշ Ապարանում հայերը ջախջախիչ հաղթանակներ են տանում, սակայն մյուս ճակատում թուրքերը Կարաբեքիրի գլխավորությամբ գրավում են Ալեքսանդրապոլը: Դեպի Ղարաքիլիսա փախած Կարաբեքիրին աղ ու հացով դիմավորած ալեքսանդրապոլցիները պարտվողական քարոզներով առաջարկում էին չկռվել ու սուր դնել Կարաբեքիրի ոտքերի տակ, որ իրենց թույլ տան վերադառնալ Ալեքսանդրապոլ: Այս խայտառակության դեմ ըմբոստանում է Գուրգեն Տեր-Մովսիսյանը` Դիլիջան նահանջած հայկական զորքի ներկայությամբ ասելով, որ ինքը թուրքի ոտքերի առաջ սուր չի նետի և, Նժդեհի հայտնի ելույթից հետո, վերցնելով թնդանոթը, նետվում է մարտադաշտ` իր հետևից տանելով հուսալքված ժողովրդին: Ղարաքիլիսայի հերոսամարտը ճակատագրական նշանակություն ունեցավ Սարդարապատի և հատկապես Ապարանի համար, քանի որ հաղթանակող ապարանցիների համար Ղարաքիլիսայի պարտությամբ կբացվեր Ապարանի թիկունքը, և թուրքերը մեջքից խփելով և՛ Ապարանին, և՛ Սարդարապատին` կմտնեին Երևան: Գուրգեն Տեր-Մովսիսյանը Ղարաքիլիսայում կանգնած է եղել Նժդեհի կողքին և հերոսաբար զոհվել է Մայմեխ սարի բարձունքներում` թուրքերի հետ սվինամարտի ժամանակ: Հ. Բաղրամյանը իր հուշերում Գուրգեն Տեր-Մովսեսովին անվանել է անզուգական հերոս: Թաղված է Դիլիջանում, և չի պահպանվել ոչ մի նկար` ի տարբերություն Պողոս Տեր-Դավթյանի, ում բախտը բերեց այն առումով, որ, չմասնակցելով այս պատերազմին, դառնում է ֆիլմի հերոս: Այո, այս ֆիլմում Նժդեհ չկա: Ֆիլմի հերոսը Պողոս Տեր-Դավթյանն է, և ճիշտ կլիներ ֆիլմն անվանել նրա անունով: Սրա հետ կապված ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը:
բ) Նժդեհին և Դևեջյանին բանտարկյալի կարգավիճակով Երևանը ցույց տալու մասին:
Վաչե Հովսեփյանն իր «Գարեգին Նժդեհ և ՊԱԿ» (Վաչե Մեսրոպիչը եղել է ՊԱԿ-ի աշխատակից (կապավոր), ով պահել է կապը Նժդեհի և նախարարի միջև) գրքում (էջ 41) նշում է, որ 1952-ին ՊԱԿ-ի աշխատակիցը կալանավոր Նժդեհին մեքենայով շրջելով` ցույց է տվել Երևանը: Որ այդ ժամանակ Նժդեհը չեկիստների ներկայությամբ հող է վերցրել, համբուրել և հուզվել է և այլն, իրականությանը չեն համապատասխանում (ի դեպ, այս ամենն ասվում է Կոնստանտին Աբովյանի շուրթերով, որը Նժդեհի և նախարարի կապը պահողն էր Վաչե Հովսեփյանից առաջ): Շատ լավ, համարենք, որ դա փաստ է, բայց նշեմ, որ այն տեղի է ունեցել, ոչ թե 1952-ին, այլ 1953-ին, Ստալինի մահից հետո:
գ) Ցավոք, ֆիլմում տեղ գտած Նժդեհի հանդիպումը թոռան հետ, որ բավական հուզումնալից ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա, բացարձակ կապ չունի ճշմարտության հետ: Իրականությանը չի համապատասխանում նաև ֆիլմի այն մասը, երբ Նժդեհին տանում են Ստալինի արձանի մոտ, ուր նա, լաց լինելով չեկիստների առջև, համբուրում է հողը (Վաչե Հովսեփյան, «Գարեգին Նժդեհ և ՊԱԿ», էջ 61):
1953-ի օգոստոսին ԽՍՀՄ ՆԳՆ բանտային վարչության պետը ՀԽՍՀ ՆԳՆ-ին հասցեագրել է նամակ հետևյալ բովանդակությամբ. «Խորհրդային ներքին գործերի բանտում է գտնվում բանտարկյալ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը, ով դատապարտված է 58-4, 58-6, 58-11 ՌՍՖՍՀ հոդվածներով` 25 տարվա բանտային կալանքի: Գոյություն ունեցող կանոնակարգի համաձայն` կալանավորը իրավունք ունի նամակագրային կապ հաստատելու հարազատների հետ, բայց հարազատների հասցեները չունի: Գ. Տեր-Հարությունյանը իր դիմումում հայտնում է, որ Հայաստանի ՆԳՆ-ում գիտեն իր եղբոր` Լևոնի, և դստեր` Լիլիթի հասցեները: ՈՒղարկում եմ բանտարկյալ Գ. Տեր-Հարությունյանի դիմումը և խնդրում տալ դրական պատասխան»: Այս դիմումը Նժդեհը գրել է 1953-ի ամռանը, Վլադիմիրի բանտի բանտապետ Կուզնեցովին, քանի որ զզվել ու հիասթափվել էր հայ չեկիստներից` մասնավորապես Մելքումովներից ու Մելքումյաններից, որոնք ավելի վատը դուրս եկան, քան Պուտինցովները ու Շիշկովները: Այժմ կարդանք Երևանի ՊԱԿ-ի պատասխանը Վլադիմիրի բանտապետին (Վաչե Հովսեփյան, «Գարեգին Նժդեհ և ՊԱԿ», էջ 62). «Պատասխանելով Ձեր նամակին` կապված բանտարկյալ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանի դիմումի հետ, տեղեկացնում ենք, որ այս պարագայում բացահայտել Տեր-Հարությունյանի կալանավորված և բանտարկված լինելը ցանկալի չէ` ելնելով «օպերատիվ մտածելակերպից», առավել ևս, որ նա գաղտնի է ձերբակալվել և դուրս բերվել Բուլղարիայից: ԽՍՀՄ-ից դաշնակների հետ իր փախուստից հետո ոչ մի հարազատի հետ կապ չի ունեցել` ոչ եղբոր, ոչ դստեր: Ըստ երևույթին ներկա պահին նա նպատակ ունի ոչ թե ֆինանսական օգնություն ստանալու, այլ նրանց միջոցով իմաց տալու իր բանտարկված լինելու մասին»: Ի դեպ, նամակում չկա պատասխանողի ազգանունը, սակայն Վ. Հովսեփյանն իր գրքում ակնարկում է, որ Մոսկվայի վերադասի բոլոր պատասխանները տալիս էր ՊԱԿ-ի փոխնախարար Աղեկյանը: Այս առթիվ, որպես հայ մարդ, ամաչում եմ հատկապես Հովսեփյանի դիպուկ ու ճշմարիտ գնահատականից (էջ 62): Ռուս մարդը (խոսքը Վլադիմիրի բանտի բանտապետ Կուզնեցովի մասին է) ցուցաբերում է ավելի շատ հայասիրություն, քան գյումրեցի Աղեկյանը: Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է Նժդեհը հանդիպում իր թոռանը, ինչը շատ ազդեցիկ ձևով ներկայացված է կինոնկարում, երբ, իր պնդմամբ, Երևանից Նժդեհին տեղափոխում են Վլադիմիրի բանտ, որտեղից և բողոք է ներկայացնում, որ բոլորովին կապ չունի իր հարազատների հետ: Ավելացնեմ, որ 1954 թ. փետրվարի 26-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահ Վորոշիլովին դիմում գրելուց հետո Նժդեհին թույլատրվեց կապ հաստատել հարազատների հետ նույն թվականի ապրիլի 23-ից հետո: Նա նամակներ էր գրում հիմնականում Տաշքենդից: Եղբորը գրած նամակներից երևում է, որ Նժդեհը չգիտի` մայրը ո՞ղջ է, թե՞ ոչ, ու գրում է` եթե մայրս ողջ է` համբուրիր ճակատը, եթե ոչ` համբույր շիրիմին: ՈՒրեմն, կասկած չի կարող լինել, որ եթե Նժդեհին հնարավորություն տրվեր, ապա նա առաջին հերթին հանդիպում կխնդրեր մոր հետ:
Ֆիլմում խոսք չկա Նժդեհի մոր մասին, ով 22 տարի աչքը պահեց որդու ճանապարհին և այդպես էլ չարժանացավ նրա տեսությանը և իր մահկանացուն կնքեց 1938-ին: Խոսք չկա նաև եղբոր համար տառապանքից թափառական դարձած եղբոր` Լևոնի մասին:
դ) Բացի հարազատներին տեսնելու այս հեքիաթից` հօդս է ցնդում նաև կինոնկարի վերջաբանը, ուր Նժդեհը չեկիստների առջև հող է համբուրում ու հուզվում, քանի որ, ինչպես նշում է Դևեջյանը իր «Բանտարկյալի մը հուշերը» գրքում (Արմեն Սևան ծածկանունով, 1970 թ., Արգենտինա, էջ 116). «Զինքը (նկատի ունի Նժդեհին) ինքնաշարժով մը տարած էին ցույց տալու Երևանը, կատարված շինարարությունը, զանազան տեսարժան վայրեր, մինչ Էջմիածին: Ի՞նչ տպավորություն, հարցուցի ընկերոջս:
-Տպավորությունը դրական էր, հին Երևանը կերպարանափոխված էր և դարձած անճանաչելի:
Եվ, իհարկե, ամբողջ պտույտի ընթացքին, ինքնաշարժի մեջ մնացած էր»: Այսինքն` Նժդեհին չեկիստները պահում են ավտոմեքենայի մեջ ողջ պտույտի ժամանակ: Դևեջյանի այս գրածին կարելի է հավատալ, քանի որ Նժդեհի դեմ դավեր նյութող անձնավորությունը, ով իր «բարի ծառայությունների» համար ազատվեց կալանքից ու 1955-ի օգոստոսին մեկնեց Արգենտինա, ով նույն տեղում չի մոռանում ներկայացնել իրենց երկխոսությունը Ստալինի արձանի մոտ, կներկայացներ նաև դա: Երևանից Վլադիմիր տեղափոխվելիս Նժդեհը Հայաստանից հող էր վերցրել, ինչի մասին գրում է ռուս Շուլժենկոն 1951 թ., ով բանտախցում Նժդեհի հարևանն էր: Նա նույնիսկ բանաստեղծություն ունի Նժդեհին նվիրված, որը գտնվում է ԱԱ արխիվում: Խուզարկության ժամանակ հսկիչները Նժդեհից առգրավել են այդ մի բուռ հողը, և այդ ժամանակ Նժդեհը, իրոք, երեխայի պես լաց է եղել: Կինոնկարը փայլուն վերջաբան կունենար, եթե ներկայացվեր Վլադիմիրի բանտի այս դեպքը, ոչ թե սուտ, անհիմն ու հնարածին դեպքեր և արդարացվեր որպես գեղարվեստական կինոնկար, որը, Նժդեհի բառերով ասած, հայրենիքին ավելի օգտակար կլիներ, եթե բնավ նկարված չլիներ:
ե) Ոչ տեղին ընտրված դերասանուհիներ` Չուլպան Խամատովա և Ֆրիդա Յորկ: Նժդեհի կանանց` համապատասխանաբար Էփիմեի և Գոհար Մելիք-Դադայանի դերերում խաղացող հրաշալի դերասանուհիներին չի հաջողվել ներկայացնել հայ կնոջ կերպարը, նրան հատուկ շարժ ու ձևը: Նրանց, մասնավորապես Խամատովային, հաճելի կլիներ տեսնել մի ֆիլմում, ուր նա կխաղար մեծահարուստ կամ ազնվական կնոջ դեր, բայց ոչ Նժդեհի կնոջ` Էփիմեի դերը, որտեղ չի երևում հայ կնոջը հատուկ տխուր աչքերի արտահայտությունը, երբ ձերբակալում են Նժդեհին: Մենք` հայերս, ունենք փայլուն դերասանուհիներ, որոնց վստահելով այդ դերը` ֆիլմը ճիշտ կընկալվեր, նրանց խաղը ավելի բնական կլիներ: Այս դերերում նախընտրելի կլիներ տեսնել սովորական հայուհիների (ոչ դերասանուհի), մանավանդ դրանք այնպիսի դերեր են, որ ամենևին էլ արհեստավարժ դերասանուհու խաղի կարիք չունեն: Իսկ Նժդեհի որդուն` Վրեժին ներկայացնող կարմիր, ժանգոտ մազերով, սկանդինավյան արտաքին ունեցող երեխային եթե համարենք դերասան, ապա սա ևս հաստատում է այն միտքը, որ կինոնկարի պատասխանատուները զուրկ են կամ հեռու են ազգայինի զգացողությունից: Հասկանալ կարելի է Հրաչ Քեշիշյանին և Քրիստ Մանարյանին, որոնք 7 միլիոն եվրոն կարողացել են մսխել և ստեղծել մի անարժեք ֆիլմ, որը պիտի «գնահատվեր» նախ իրենց տերերի կողմից, այնուհետև եվրոպական հանդիսատեսի կողմից, ինչը բիզնեսի տեսակետից ընդունելի է:


Բագրատ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ. Գ.- Ընթերցողներին իրազեկում ենք, որ Բագրատ Ստեփանյանի այս հրապարակումը կտպագրվի շարունակաբար «Իրատես de facto»-ի առաջիկա 2 համարներում։

Դիտվել է՝ 5254

Մեկնաբանություններ