Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 4. Ամուր հիմքի ստեղծումը

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 4. Ամուր հիմքի ստեղծումը
12.10.2016 | 12:42

(սկիզբը` այստեղ)


Ֆինանսական ճգնաժամը ի հայտ բերեց առավել կայուն տնտեսություն ստեղծելու սուր անհրաժեշտությունը, տնտեսություն, որը հաստատուն աճում է և չի տանում դեպի պահուստների վատնում հանուն այսօրվա կարիքների բավարարման: Որևէ կասկած չպիտի լինի, որ ազատ շուկան ծաղկում է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն կանոններ, որ նրան պաշտպանում են համակարգային սխալներից ու բարեխիղճ մրցակցության պայմաններ են ստեղծում: Հետճգնաժամային բարեփոխումները ՈՒոլլ Սթրիթում բարձրացրին մեր ֆինանսական համակարգի կայունությունը և երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու կարողությունը՝ այդ թվում մեծացրին կապիտալի հոսքը ամերիկյան բանկեր, նվազեցրին կախումը կարճաժամկետ ֆինանսավորումից, ապահովեցին վերահսկողության ուժեղացումը ամբողջ շարք հաստատությունների ու շուկաների վրա: Ամերիկյան ֆինանսական խոշոր հաստատություններն այլևս չեն ստանում այն արտոնյալ ֆինանսավորումը, որ առաջ էին ստանում, դա ապացուցում է, որ շուկայում ավելի շատ են հասկանում, որ իրենք այլևս «չափազանց մեծ չեն, որ սնանկանան»:

Մենք ստեղծեցինք իր տեսակի մեջ առաջին վերահսկող կառույցը (Ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության բյուրո) ֆինանսական հաստատություններին պատասխանատվության ենթարկելու համար, այդ պատճառով նրանց հաճախորդները ստանում են վարկեր, որ կարող են ավանսով մարել՝ հստակ պայմաններով: Բայց նույնիսկ այդ բոլոր ձեռքբերումներով առաջվա պես թույլ օղակ են մնում ստվերային բանկային համակարգի հատվածները, բացի այդ՝ մինչև հիմա չի անցկացվել բնակշինարարության ֆինանսավորման համակարգի բարեփոխումը: Դա պետք է փաստարկ լինի հօգուտ աշխատանքի շարունակման արդեն արվածի հիման վրա, այլ ոչ թե արվածը քանդելու: Նրանք, որ պետք է հանդես գան ի պաշտպանություն հետագա բարեփոխումների, չափազանց հաճախ ուշադրություն չեն դարձնում այն առաջընթացին, որին հասել ենք, այլ դատապարտում են համակարգն ամբողջությամբ: Ամերիկացիները պետք է քննարկեն՝ ինչպես այդ կանոններին ավելի լավ հենվել, բայց հերքեն, որ այդ առաջընթացը մեզ դարձնում է նվազ, այլ ոչ թե առավել խոցելի:
Բացի այդ՝ Ամերիկան պետք է ավելի լավ նախապատրաստվի բացասական երևույթներին՝ նախքան նրանց տեղի ունենալը: Այսօրվա ցածր տոկոսադրույքների պարագայում ֆիսկալ քաղաքականությունը պետք է մեծ դեր խաղա ապագա ճգնաժամային դրսևորումների դեմ պայքարում, ֆինանսավարկային քաղաքականությունը չպետք է կրի մեր տնտեսության կայունության ամբողջ բեռը: Ցավոք, լավ էկոնոմիկային կարող է խանգարել վատ քաղաքականությունը: Ճգնաժամից վերականգնման գործընթացում իմ վարչակազմը վարել է շատ ավելի նշանակալից ֆիսկալ էքսպանսիա, քան շատերը գնահատել են՝ 2009- 2012-ին տասնյակից շատ օրինագծերի ներմուծումով հաջողվեց ապահովել 1,4 տրիլիոն դոլարի ֆինանսական աջակցություն:

Բայց Կոնգրեսից յուրաքանչյուր լրացուցիչ գումար «նվաճելու», ողջամտությունից բխող ամեն մի քայլ պաշտպանելու համար ծովածավալ էներգիա էր պահանջվում: Որոշ դեպքերում ես չկարողացա ստանալ լրացուցիչ ֆինանսավորումը, որի համար դիմում էի, Կոնգրեսը նախապես պահանջում էր տնտեսության զարգացմանը հատկացվող միջոցների կոշտ խնայողություն՝ սպառնալով պատմական դեֆոլտով: Իմ ժառանգորդները չպետք է պարտավորված լինեն պայքարել անհրաժեշտության դեպքում անհապաղ միջոցների կիրառման համար: Հակառակը՝ ճգնաժամի պատճառով տնտեսությանը և մյուսներից ավելի տուժած ընտանիքներին հատկացվող օգնությունը՝ ինչպես գործազրկության ապահովագրումը, պետք է մեխանիկորեն մեծացվի: Որպեսզի անհրաժեշտության դեպքում տնտեսության աջակցությունը մեծացվի և կատարվեն մեր երկարաժամկետ պարտավորությունները քաղաքացիների առաջ, կարևոր է պաշտպանել ֆինանսական կարգապահությունը բարենպաստ ժամանակներում: Երկարաժամկետ ֆինանսական խնդիրների լուծման մեջ՝ առանց զարգացման մեջ ներդրումներին վնասելու ու ներուժը կրճատելու, կարող է օգնել սուբսիդիաների աճի զսպումը՝ ելնելով Մատչելի բուժօգնության մասին օրենքի հաջող կիրառումից առողջապահության ծախսերի կրճատման հարցերում և հարկային արտոնությունների կրճատումից հասարակության առավել բարեկեցիկ խավերի համար:

Վերջապես, կայուն տնտեսական աճի համար անհրաժեշտ է լուծել գլոբալ տաքացման խնդիրը: Վերջին հինգ տարիներին տնտեսական աճի և արտանետումների միջև փոխզիջման գաղափարը անհետացավ: ԱՄՆ-ը արտանետումները էներգետիկ հատվածի ձեռնարկություններում կրճատեց 6 %-ով, թեպետ մեր տնտեսությունն աճել է 11 %-ով: ԱՄՆ-ի հաջողությունն այդ հարցում նպաստեց Փարիզում կլիմայի հարցով պատմական համաձայնագրի ստորագրմանը, որը մոլորակի պահպանման առավելագույն հնարավորություններ է ապահովում ապագա սերունդների համար:
The Economist, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. «Ցավոք, լավ էկոնոմիկային կարող է խանգարել վատ քաղաքականությունը»՝ աֆորիզմ է, չէ՞, կամ՝ «Ֆինանսական ճգնաժամը ի հայտ բերեց առավել կայուն տնտեսություն ստեղծելու սուր անհրաժեշտությունը, տնտեսություն, որը հաստատուն աճում է և չի տանում դեպի պահուստների վատնում հանուն այսօրվա կարիքների բավարարման»: Նաև՝ «Որևէ կասկած չպիտի լինի, որ ազատ շուկան ծաղկում է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունեն կանոններ, որ նրան պաշտպանում են համակարգային սխալներից ու բարեխիղճ մրցակցության պայմաններ են ստեղծում»: Ինչքան հեշտ ու ինչքան դժվար է ԱՄՆ նախագահ լինելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

(շարունակելի)

Դիտվել է՝ 1413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ