«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

1. Ինչո՞վ են ապրում կաթոլիկներն ամբողջ աշխարհում

1. Ինչո՞վ են ապրում կաթոլիկներն ամբողջ աշխարհում
01.03.2016 | 11:23

Քրիստոնյա լինել նշանակում է բարիք գործել

Քրիստոնեությունը կոնկրետ է, արտահայտվում է բարի գործերով՝ ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ փոխանցում է Radio Vaticana-ն: Մեկնաբանելով ավետարանական «խոսելու» և «անելու» տարբերությունը՝ պապը հղում է արել Հիսուսին, որ բացահայտել է փարիսեցիների երեսպաշտությունը, երբ իրենց աշակերտներին ու այլոց հրավիրում էին հետևել իրենց սովորեցրածին, բայց իրենց չպահել այնպես, ինչպես իրենք: Բավարար չէ «մեծ կաթոլիկ» կոչվել, պետք է քեզ այդպես պահես՝ ասել է պապը: Հավատը առանց գործերի նա անվանել է գայթակղություն: «Տիրոջ գթասրտությունն ընդառաջ է գնում նրանց, ովքեր համարձակվում են իր հետ բանավիճել, բայց բանավիճել ճշմարտության մասին, ինչ անելու և ինչ չանելու: Քրիստոնյա լինել նշանակում է գործել՝ Աստծո կամքը կատարել»՝ ասել է պապը և հիշեցրել, որ Տերը հենց այդ մասին է հարցնելու վերջին օրը: Հարցնելու է՝ ի՞նչ ենք արել սովածի, ծարավի, կալանավորի, օտարի համար:

Ռոհանիին պետք է խորհրդարան, որ համագործակցում է, այլ ոչ թե խանգարում
Կաթոլիկ մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իրանի Մեջլիսի և Փորձագետների խորհրդի ընտրությունները: Իրանի քրիստոնյա ասորիները և կրոնական մյուս համայնքների ներկայացուցիչները կարծում են, որ ընտրություններին մասնակցելը «ազգային պարտք» է և «կարևոր նշան», որ քրիստոնյաները Իրանի ժողովրդի անբաժանելի մասն են՝ ասել է Իրանի խորհրդարանում ասորիների պատգամավոր Ջոնաթան Բետկոլիան՝ հաղորդում է Agenzia Fides-ը: Քրիստոնեական փոքրամասնություններին (75 հազար հայեր, 20 հազար ասորիներ և խալդեր) Մեջլիսում երեք տեղ է հատկացվում (երկուսը` հայերին, մեկը ՝ասորիներին): Մեկական տեղ հատկացվում է հրեական համայնքին (25 հազար) և զրադաշտականներին: Բարեփոխիչ թեկնածուների մեծ մասին ընտրություններից առաջ ընտրացուցակներից հանելուց հետո ապագա խորհրդարանում նրանք հազիվ թե կարողանան արագացնել բարեփոխումները, բայց նախագահ Ռոհանին հույս ունի թուլացնել Ահմադինեժադի ուլտրապահպանողականների դիմադրությունը՝ Terrasanta.net-ին (Միլան) տված հարցազրույցում ասել է Միլանի Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարանի աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Ռիկարդո Ռադաելին: Նա կարծում է, որ Ռոհանին բարեփոխիչ է, սակայն նրա օրակարգը բոլորին հասկանալի է: Նախագահն ավելի շուտ կենտրոնամետ է ու պրագմատիկ, բաց՝ «քաղաքացիական հասարակության կարիքների» առաջ, որ ավելի ու ավելի է նյարդայնանում տնտեսական ճգնաժամից, կոռուպցիայից, մշտական հետապնդումներից: Ռոհանին փորձում է բարելավել քաղաքական համակարգը, որպեսզի կրճատի տարածությունը վարչակարգի ու ժողովրդի միջև: Բայց չափազանց շատ են անհայտ փոփոխականները՝ ներքին ճգնաժամերը, արտաքին սպառնալիքները, տարածաշրջանային լարվածությունը: Դեպի առավել բաց ու չափավոր Իրան ճանապարհին չափազանց շատ խորամանկ որոգայթներ են լարված: Մեջլիսի քվեարկությունից առավել կարևոր է Փորձագետների խորհրդի ընտրությունը, որն ընտրում է երկրի ապագա բարձրագույն ղեկավարին և վերահսկում է նախագահի գործունեությունը՝ նկատում է AsiaNews (Հռոմ): Ռահբար Ալի Համենեին հիվանդ է, նա 76 տարեկան է: Ո՞վ է նրան հաջորդելու: Քաղաքական խորհուրդը իբրև նախնական գրաքննիչ, որ թույլատրում կամ արգելում է թեկնածուներին առաջադրվել Փորձագետների խորհրդում, 6 հազար թեկնածուի 12 հազարից մերժել է: Մերժվածների մեծ մասը բարեփոխիչներն են: Չափավորականները Թեհրանում կհավաքեն ձայների 40 %, երկրի մնացած մասերում պահպանողականները առավել ու առավել են ուժեղանում: Ռոհանին շեշտը դնում է միջուկային համաձայնագրի հաջողության վրա, բայց պահպանողականները Համենեիի գլխավորությամբ վերահսկում են լրատվամիջոցները, քարոզիչներին, բանակը և Իսլամական հեղափոխութան պահնորդների կորպուսին: Ընտրություններից հետո իրանցիների համար գերակայություն է ազգային տնտեսության վերականգնումը՝ արձանագրում է La Croix-ը (Փարիզ): Գանձարանը դատարկ է, երիտասարդության գործազրկությունը 10- 25 %: Նախագահին պետք է խորհրդարան, որ համագործակցում է, այլ ոչ թե խանգարում, ինչպես անցած երեք տարիներին:

Եվրոպացիները մոռացել են՝ ինչ է պետք խաղաղ ապրելու համար
Միջազգային կաթոլիկ Pax Christi շարժումը հայտարարել է, որ Եվրոպան կարիք ունի ԱՄՆ-ից անկախ խաղաղարար քաղաքականության՝ տեղեկացնում է KATHPRESS-ը (Վիեննա): Շարժումը խիստ քննադատել է Վաշինգտոնին ու եվրոպական դաշնակիցներին Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու համար: Pax Christi-ին կարծում է, որ եվրոպացիները մոռացել են՝ ինչ է պետք խաղաղ ապրելու համար: 1991-ին, 1998-ին, 2003-ին շինծու պատրվակներով ավերեցին Իրաքը և ԵՄ-ն աջակցում էր: Ապակայունացման հետևանք դարձավ ԴԱԻՇ-ը: 2011-ին Ֆրանսիան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ քաոսի մեջ սուզեց Լիբիան՝ հարուցելով «հրդեհներ», որ ազգային սահմաններ չեն ճանաչում: Ինչո՞ւ եվրոպական երկրները և ԵՄ ինստիտուտները դեմ դուրս չեն գալիս մեր անվտանգության ոլորտում հիմնարար շահերի խախտումներին, ո՞րն է զանգվածային քաղաքական ձախողման պատճառը՝ հարցնում է շարժումը: KATHPRESS-ը ուշադրություն է հրավիրում Երուսաղեմի Լատինական պատրիարքության եպիսկոպոս ՈՒիլյան Շոմալիի ելույթի վրա, որ մեղադրում էր ԱՄՆ-ին մերձավորարևելյան կոնֆլիկտների լուծման անհետևողական ռազմավարության մեջ: Մի կողմից, ընդգծում է եպիսկոպոսը, Վաշինգտոնը Իսրայելին կոչ է անում բանակցություններ վարել պաղեստինցիների հետ, մյուս կողմից իր մշտական վետոյով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խոչընդոտում է երկու պետությունների հայեցակարգին:

Մերձավոր Արևելքում միջուկազերծ գոտու ստեղծումը հնարավոր է
National Catholic Reporter (Կանզաս Սիտի, ԱՄՆ) քննարկում է Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի հարցը: Իսրայելը չկարողացավ կանխել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, և Իսրայելի ղեկավարները տագնապում են, որ արաբական աշխարհում սկսվելու է միջուկային զենքի մրցավազք: Վերջին նախազգուշացումը տվել է պաշտպանության նախարար Մոշե Յալոնը: Սակայն Թեհրանի նկատմամբ թշնամանքն ավելի խոր է, քան անկախ միջուկային զինանոցի ստեղծման վախը: Իսրայելն Իրանը դիտարկում է իբրև էքզիստենցիալ սպառնալիք իր հյուսիսային և հյուսիս-արևելյան սահմաններին: Սաուդյան Արաբիայի և սուննի մյուս պետությունների համար Իրանը կրոնական սպառնալիք է ներկայացնում: Մերձավոր Արևելքում միջուկային սպառազինությունների մրցավազքը, որ, անկասկած, կվերաբերի և Եգիպտոսին, Թուրքիային ու Ալժիրին, աղետ կդառնա տարածաշրջանի համար, որ արդեն իսկ ցնցումների մեջ է, քաոսի, ու վերապրում է պատերազմի հետևանքները: Սակայն անցյալ տարի մայիսին Նյու Յորքում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործողության հարցերով հրավիրված կոնֆերանսում մերձավորարևելյան միջուկազերծ գոտու ստեղծման պայմանավորվածությունն արգելափակեց ԱՄՆ-ը: Վետոյի ենթադրյալ պատճառը Իսրայելի հետ մինչ այդ ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններ չանցկացնելն էր: Բայց, որքան էլ տարօրինակ է, Մերձավոր Արևելքում միջուկային տաբուն խախտել է հենց Իսրայելը 1950-ին: Գրող Արի Շավիտան հաստատում է, որ 65 տարվա համեմատական անվտանգությունից հետո «Մերձավոր Արևելքում Իսրայելի միջուկային հեգեմոնիան մոտենում է ավարտին, վաղ թե ուշ մոնոպոլիան խախտվելու է», որը իսրայելցիների կյանքը մղձավանջի կվերածի: Միևնույն ժամանակ National Catholic Reporterը կարծում է, որ Մերձավոր Արևելքում միջուկազերծ գոտու ստեղծումը հնարավոր է, թեպետ ծանր աշխատանք է և ԱՄՆ-ից ու մյուս միջուկային տերություններից պահանջում է ուշադիր հետևել Իրանի միջուկային համաձայնագրի կատարմանը: Բայց Իսրայելը պիտի հաշտվի, որ տարածաշրջանում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծումը ներառելու է և իրեն:


Հ.Գ. Կաթոլիկ աշխարհը, ինչպես տեսնում եք, նույն հոգսերն ու տագնապներն ունի, ինչ մյուսները: Եվ քաղաքականությունը, ավելի ստույգ՝ աշխարհաքաղաքականությունը, հավասարապես տարածվում է թե կաթոլիկների, թե ուղղափառների, թե շիաների, թե սուննիների վրա: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատահական չէր ասում, որ Աստված մեկն է, հավատացյալներն են տարբեր անուններ տալիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

(շարունակությունը՝ այստեղ)

Դիտվել է՝ 1677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ