Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Բարեգործական» խաբեություն

«Բարեգործական» խաբեություն
18.06.2019 | 01:39

Նախորդ հրապարակմամբ («Իրատես», թիվ 25) ես փորձել էի ցույց տալ, որ «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի մշակած տեխնոլոգիայի և մեքենայի ներդրմամբ արտերկիր «փախչող» 8 մլրդ խմ մակերևութային ջրով այսօր արդեն չնչին ծախսումներով կարելի է լուծել ոռոգման ջրի մշտական պակասի վերացման, համայնքներում ստորգետնյա խմելու ջրի աղբյուրները վերաբացելու, երաշտը, ջրհեղեղները, հողատարման (հումուսատարման) երևույթները, տարածքային հրդեհները կանխելու, արոտների և խոտհարքների բերքատվությունը բազմապատկելու խնդիրները` ակնկալելով միլիարդ դոլարի հասնող օգուտ: Նշել էի, որ արտադրական պայմաններում փորձարկված, ՀՀ հեղինակային իրավունքով ամրագրված այդ մեքենայով կարելի է նույնիսկ անջրդի, անապատի վերածված տարածքներից նշանակալի քանակությամբ խոտ հավաքել, մի տարվա հաշվով հանրապետությունը հարստացնելով 100 մլն դոլարով: Շեշտել էի, որ այդ ամենին կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում, առկա գյուղտեխնիկայի չնչին ձևափոխումներով կամ Ռուսաստանից ներկրված հանգույցներով նոր սարքեր հավաքելով: Փաստարկել էի, որ խնդրով շահագրգիռ 5 նախարարությունները (գյուղատնտեսության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, ընդերքի), համատեղ արձանագրությամբ անցյալ տարի որոշեցին փորձնական որևէ ծրագրով ներդնել մեր առաջարկությունը և 2 մլն դրամի աջակցություն խնդրեցին գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ու մերժում ստացան: Այս տարի Հանրային խորհրդի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովները «բարձր» գնահատեցին այդ աշխատանքը և գյուղնախարարությանը խնդրեցին «փորձնական որևէ ծրագրով» այն իրացնել:
Գյուղնախարար Գեղամ Գևորգյանի պաշտոնական պատասխանը ուղղակի ցնցող է. «…ֆինանսավորվում են միայն նպատակային ծրագրերը»: Այսինքն, վերը նշվածները, որոնք ոլորտի զարգացման կենսական, առանցքային խնդիրներն են, պարոն նախարարի համար ունեն զրոյական նշանակություն, և եթե գյուղացին վաղը դրանց չլուծված լինելու պատճառով փողոց դուրս գա, կազմալուծի երկրի բնականոն կյանքը, նախարարին ամենևին չի հետաքրքրում, որովհետև ինքը որոշել է, որ մեր առաջարկությունները նպատակային չեն: Իսկ 5 նախարարությունների, հանրային խորհրդի պրոֆիլային 2 հանձնաժողովների կարծիքները, համաշխարհային բանկի խորհրդական պարոն Դևիսի հանձնարարակա՞նը: Իր նախարարության պաշտոնյաների բազմիցս ինձ ուղարկված պատասխան-նամակները տեխնոլոգիայի և մեքենայի խիստ անհրաժեշտության մասի՞ն:


Ապշել կարելի է. գիտահետազոտական մի ամբողջ բաժին, որը, պետության պատվերով, նրա տված աշխատավարձերով լուծել է իր առջև դրված խնդիրը, այն փորձարկել, ստացել հանրապետությունում օրենքի ուժ ունեցող ՀՀ հեղինակային իրավունքի հավաստագիր, վերը նշված իրողությունների առկայությամբ էլ չի կարողանում հաղթահարել մի մարդու կամայականությունները. կուզեմ, քեզ փող կտամ (25 մլն դրամ հենց այնպես, առանց վերադարձնելու պայմանի, ինչպես դա արվեց երկրում հայտնի ղեկավարներից մեկի չիր ու չամիչի բիզնեսը ընդլայնելու համար), չեմ ուզի, չեմ տա, ինչը տեղի ունեցավ գործարարներից մեկի հետ, որը ոռոգման ջրի և անասնակերի պակասի պատճառով տարիների չարչարանքով ստեղծված կաթնապրանքային ֆերման սնանկացումից փրկելու համար փորձեց Թուրքիայից ներկրված սարքավորումներով, ջրի նվազագույն ծախսով, լուծել գարուց հիդրոպոնիկ եղանակով շուրջ կլոր տարին կանաչ կեր ունենալու խնդիրը, ինչը խնդիր է նաև մեր բազմաթիվ ֆերմերների համար: Դե մեր ծրագրի մասին խոսելն էլ ավելորդ է. ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, եթե պապս էլ հորս ձեռը բռնած գա, «… չեմ տա նույնիսկ էդ 2 միլիոն դրամը…», որովհետև «ծրագրի ղեկավարը համարձակվում է հրապարակայնորեն ինձ քննադատել …»: Դժվար չէ հասկանալ թե որն է նախարարի իրական նպատակը, ու երևի այդ հարցի պարզաբանումները փնտրենք նաև «Իրատես»-ի այս տարվա փետրվարի թիվ 14 համարում տպագրված հոդվածում նախարարին ուղղված իմ 9 հարցադրումներում, որոնցից մեկում խնդրել էի պարզաբանել թե ինչի վրա է ծախսվել արոտների բարելավմանը միտված 60 մլն դոլար վարկային ծրագիրը: Մի փոքր ավելի հետաքրքրասերներին խորհուրդ կտայի կարդալ «Գյուղնախարարության ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի» («Իրատես», թիվ 11, 2017 թ.) հոդվածը, որտեղ փորձել էի բացահայտել նշված գումարի փոշիացման մեխանիկան: Երկու հոդված` մեկը մինչհեղափոխական, մյուսը` հետհեղափոխական: Փորձեք համադրել և հասկանալ. գյուղատնտեսության ոլորտում մենք առա՞ջ ենք շարժվում, կոոռուպցիան վերացե՞լ է, թե՞… Քիչ տեղեկացվածները ինձ կարող են մեղադրել. մարդը նոր է նշանակվել նախարար, թողեք աշխատի: Հավելեմ, որ նոր նշանակվածը 10 տարուց ավելի ղեկավարել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի գյուղատնտեսության ծրագրերը, «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը», եղել է ավելին, քան նախարարը, որովհետև ինքն է տնօրինել ոլորտին հատկացված վարկային ահռելի գումարները:
Ամփոփեմ. չնչին ծախսումներով արագ հարստանալու, նախորդ հոդվածում շարադրված` 8 մլրդ խմ մակերևութային, արտերկիր փախչող ջուրը երկրի շահերին մաքսիմալ ծառայեցնելու փորձարկված մեր առաջարկությունները, որոնց ներդրումից ակնկալվում է միլիարդ դոլարի հասնող օգուտ, առայժմ չեն իրացվում, և չկա կառավարող համակարգի հոդաբաշխ բացատրությունը` ԻՆՉՈՒ՞: Հարգելի պարոն վարչապետ, ես և ինձ նման հազարավոր քաղաքացիներ հիացած էինք Ձեր անձնական հատկանիշներով, Դուք կարողացաք բեկում մտցնել մեր տաղտուկ առօրյայում, հույս ներշնչել վաղվա օրվա նկատմամբ, ինչը, ցավոք, աստիճանաբար մարում է, որովհետև այդպիսին է առօրյայի, իրատեսության տրամաբանությունը:


Անցնենք առաջ. չնչին ծախսումներով արագ հարստանալու ռեսուրսների շարքում նախորդ հոդվածում նշել էի 1 մլն հեկտարից ավելի արոտները և խոտհարքները, որոնք տալիս էին հանրապետության ամենաէժան կաթի ու մսի պահանջարկի 70 տոկոսից ավելին և արդեն երկար ժամանակ անկում են ապրում, պաշտոնական տվյալներով օգտագործվում են կիսով չափ: Այսօր, կարծեք, խնդիրը լուծվում է. պետության նշանակալի աջակցությամբ (արված ծախսերի գրեթե 70 տոկոսի փոխհատուցմամբ) կառուցվելու են տարբեր չափի «խելացի էկոգոմեր», գյուղացիներին հարմար գներով վաճառվելու են տեղական աճեցման տոհմային երինջներ, ինչը ծրագրի ղեկավարների կարծիքով կխթանի արոտների օգտագործումը, երկրում կավելանա էժան, որակյալ կաթի ու մսի արտադրությունը, ու մենք բոլորս, գյուղացիների հետ, կհարստանանք, կապրենք բարեկեցիկ:
Այս ծրագիրը, տավարաբուծության զարգացման նախորդ ծրագրից (որը տապալվեց` զգալի վնաս հասցնելով թե՛ պետությանը, թե՛ շահառու գյուղացիներին` նրանցից շատերի գործերը վարկը չմարելու համար դեռ դատարաններում են), տարբերվում է միայն անասնաշենքեր կառուցելով, արտերկրից ներկրվող տոհմային երինջները տեղականով փոխարինելով: Ըստ էության, ստացվում է, որ նախորդ ծրագրի տապալման հիմնական պատճառը համապատասխան անասնագոմերի պակասն էր:


Բայց այդպե՞ս է արդյոք: Իհարկե ոչ: Ժամանակակից զոոտեխնիկական պահանջներին համապատասխան անասնաշենքեր ունենալը կարևոր է: Բայց առավել կարևոր է էժան, որակյալ անասնակերի կայուն բազա ունենալը, որը շուկայում մրցունակ, ցածր ինքնարժեքով կաթի ու մսի իրացումից մեծ շահույթ ակնկալելու, հարստանալու նախապայմանն է: Բոլորս էլ հասկանում ենք, որ «խելացի էկոգոմերը» կարող են վերածվել էկոանեկդոտների, անիմաստ ծախսերի, եթե նրանցում պահվող տավարը ապահովված չէ համապատասխան որակի և քանակի էժան անասնակերով: ՈՒրեմն առաջարկվող ծրագիրը պետք է սկսվի հենց այս խնդիրների վերլուծության և լուծման շարադրանքով: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, ծրագրի ղեկավարները համոզված են, որ նոր գոմերի կառուցումը կխթանի արոտների օգտագործումը։ Այսինքն, կառուցենք գոմերը, հետո թող գյուղացին մտածի արոտները օգտագործելու, անասնակեր հայթայթելու մասին: Ստացվում է մոտավորապես այնպես, ինչպես 90-ականների սկզբում` «հարգելի գյուղացի, սեփականության իրավունքով քեզ հող ենք տալիս, նրա հետ վարվիր այնպես, ինչպես ինքդ ես ցանկանում ...»: Անցած 30 տարիները վկայում են, որ գյուղացին այդպես էլ չկարղացավ իրողություն դարձնել իր ցանկությունը: ՈՒ դա հատկապես վերաբերում է տավարաբուծության ոլորտում զբաղվածներին. մեծ է մտավախությունը, որ նորակառույց գոմի ավարտը նշելուց, տոհմային երինջներ գնելուց հետո գյուղացին կկարողանա նշանակալի չափի շահույթ ունենալ, փակել վարկերը, չհայտնվել դատարանում, որովհետև չի կարողանում ստեղծել կերի կայուն բազա ու ինքն այնքան էլ մեղավոր չէ, որ արոտներում նորմալ կեր չկա, ու չգիտի նաև` ինքն ի՞նչ պետք է անի, եթե երաշտը կրկնվի:


Այս վտանգները բավականին իրական են, ռիսկային, և առանց դրանք լուծելու գոմաշինություն սկսելը հերթական ավանտյուրան է: Իսկ դա իրոք ավանտյուրա է, որովհետև մենք փաստորեն արոտ չունենք. գյուղնախարարության տվյալներով 1 մլն հա արոտի 60 տոկոսը կիսաանապատ է` մացառուտներ, թունավոր բույսեր, դրանց բերքատվությունը նորմատիվից ցածր է 2 -3 անգամ, հողում առկա սննդանյութերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում և այլն) մոտավորապես 70 տոկոսը օգտագործում են չուտվող բույսերը, գյուղամերձ` առավել օգտագործվող արոտները վերածվել են անապատի, այնտեղ այլևս խոտ չի աճում: Իսկ երաշտների դեպքում, որոնք, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, ավելի հաճախ են կրկնվելու, գյուղացին ուղղակի անզոր է. ելքը թանկարժեք երինջների հարկադրական մորթն է: Ո՞վ պետք է փոխհատուցի վնասները: Դարձյալ գյուղացի՞ն: Բայց չէ՞ որ լուծումները կան, որոնց իրագործմանը հանցագործ անտարբերությամբ, համառորեն խոչնդոտում են գյուղնախարարությունում:
Չգիտես` խնդա՞ս, թե՞ լաս. գյուղնախարարությունը ինքն է հրապարակել վերը նշված թվերը ու, ինչպես հիմա եմ հասկանում, որպեսզի հիմնավորեր արոտների բարելավմանը միտված 60 մլն դոլարի վարկային ծրագրի անհրաժեշտությունը: Հիմա, երբ գումարը ստացվել է, այն ծախսվել է, բայց արոտը չի բարելավվել, ոլորտի ղեկավարները գյուղացուն ուղղորդում են արոտները «նվաճելու»` որպես խայծ օգտագործելով գրեթե կես գնով գյուղացու համար կառուցվելիք գոմերը:


Այս «բարեգործական» խաբեությունը անշուշտ կբացահայտվի, բայց մի քանի տարի հետո, երբ գյուղացին գլխիկոր կկանգնի դատարանում, գոմի ու երինջի վարկը չմարելու համար (իսկ վարկը չի մարվում, որովհետև արոտում կեր չկա, իր գնած ցեղական կովն էլ առանց դրա կաթ չի տալիս, փող չի գալիս), իսկ հայցվորը` ծրագրի ղեկավարը, հանգիստ կպատասխանի` լավ, ես ի՞նչ անեմ, եթե գյուղացին չի կարողանում արոտը օգտագործել: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես նախորդ ծրագրում` գյուղացուն ցույց են տալիս Եվրոպայից բերված ցեղական երինջի անձնագիրը` 5000 լիտր կաթնատվություն, բայց չեն ասում, որ այդքան կաթ կստանաս, եթե կենդանուն տաս այսքան քանակությամբ, այս-այս տեսակների, այսպիսի որակի անասնակեր: Իսկ դա մեր այսօրվա իրողություններում առայժմ գրեթե անիրագործելի խնդիր է: Նկատեմ միայն, որ այսօրվա պահանջներով կովի կերաբաժինը պետք է գնահատվի և համալրվի 20-ից ավելի ցուցանիշներով:


Այսքանը` անորոշությունների, թյուրիմացությունների, խաբեությունների մասին: Իսկ այժմ անդրադառնամ բուն խնդրին` ինչպե՞ս պրակտիկորեն աննշան ծախսումներով վերականգնել այդ արոտները, մի քանի անգամ ավելացնել էժան, որակյալ անասնակերի արտադրությունը, ինչը նոր կառուցվող գոմերի ներդրմամբ կտա սպասվելիք արդյունքը, էականորեն կավելանա գյուղացու շահույթը, ժամանակին կփակվեն վարկերը, կնվազեն կաթնամսամթերքի սպառողական գները, և բոլորս կզգանք ստեղծարար աշխատանքով ապրելու բերկրանքը:
Այդ ամենին հասնելու համար արոտներում և խոտհարքներում պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները. խոտածածկույթը չվնասելով փխրեցնել նրա արմատային համակարգի հողազանգվածը, փխրեցված հողաշերտը պարարտացնել, խոտածածկույթի որակական կազմը փոխել` ավելի արդյունավետ սերմերով ենթացանքս կատարելով:
Նշված աշխատանքները կատարվում են արդեն ծանոթ մեքենայի մի անցումով, 2-3 տարին մեկ անգամ, ցանկալի է աշնանը` անձրևի և ձյան տեղումներից առաջ:


Մի փոքր ավելի մանրամասն անդրադառնամ կատարվող աշխատանքների անհրաժեշտությանը: ՈՒսումնասիրությունների համաձայն մացառուտները, չուտվող բույսերը, հողաթմբերը այսօր զբաղեցնում են արոտների 60-70 տոկոսը, և այս թիվը ավելանալու միտում ունի նշված բույսերի սերմերի ինքնատարածման պատճառով: Հասկանալի է, որ եթե դրանց տարածումը չկասեցվի, մոտակա հեռանկարում «արոտ» բառն էլ կմոռացվի: Դրանց առկայությունը վտանգավոր է նաև տարածքային հրդեհների բռնկումների առումով: Մինչդեռ մանրացված և հնարավորինս հավասարաչափ հողին փռված այդ զանգվածը աստիճանաբար փտելով հողը կհարստացնի հումուսով: Այս գործողությունը, հողաթմբերի մանրացման, հարթեցման հետ նպաստավոր պայմաններ կստեղծի արոտի բազմաֆունկցիոնալ մեքենայի և խոտահավաք մեքենաների աշխատանքի համար: Մեքենայի տեխնիկական ցուցանիշներն են. արտադրողականությունը` 0,4 հա/ժամ, ընդգրկման լայնությունը` 1,5 մ, բանվորական արագությունը` 3-7 կմ/ժամ, սպասարկող անձնակազմը` տրակտորիստ:
Արոտի բազմաֆունցիոնալ մեքենայի հիմնական ցուցանիշներն են. արտադրողականությունը` 1,2 հա/ժամ, մեկ ժամվա աշխատանքի մաքուր շահույթը` 100 ԱՄՆ դոլար (հա), մեքենայի մոտավոր գինը` 12000-15000 ԱՄՆ դոլար, հետգնման ժամկետը` 1 տարուց պակաս, սպասարկման տիրույթը` 3 համայնք: Հիմնական նպատակը` արոտների անջրդի պայմաններում որքան կարելի է շատ, որակյալ, էժան խոտ աճեցնել: Հարակից նպատակների` ջրհեղեղների, տարածքային հրդեհների, հողատարման երևույթների կասեցման, խմելու ջրի համայնքային, ստորգետնյա աղբյուրների վերաբացման մեքենայի հնարավորություններին ընթերցողը կարող է ծանոթանալ «Իրատեսի» թիվ 72, 2017 թ. և թիվ 25, 2019 թ. հոդվածներից:


Հիմնական նպատակի իրացման հիմնական նախապայմանը ոռոգման ջրի առկայությունն է, որը, ավանդական բնորոշմամբ, արոտներում բացակայում է: Բայց հենց այդ արոտներից է սկսվում անձրևաձնհալ ջրերի հոսքը, «ոռոգման ջուրը», որը մի շարք պատճառներով այսօր չի նպաստում խոտի աճին: Էական պատճառն այն է, որ ջուրը չի ներծծվում հողում, որովհետև հողը պնդացել է, ինչպես գյուղացին է ասում, հողը «նստել» է, նրանում վերացել են բույսի արմատներին ջուր և սնունդ հասցնող օդաջրային ծակոտիները, խողովակները: Հողի պնդանալը բնաարտադրական գործոնների արդյունք է` ձյան, ջրի, տեխնիկայի, տավարի կշիռ: Միայն վերջինիս առկայությունից արոտի 1 սմ քառակուսու վրա 10 կգ ուժ է ազդում: Հետևությունը մեկն է` հողը պարբերաբար պետք է փխրեցնել: Բայց ձեզ ոչ ոք թույլ չի տա, որ խոտածածկույթը փխրեցնեք, մանրացնեք: Ելքը միակն է` փխրեցրեք խոտածածկույթի արմատային հողազանգվածը, ինչը հաջողությամբ իրագործում է առաջարկվող մեքենան: ՈՒ անձրևաձնհալ ջուրը, երբ էլ այն առաջանա, բացված ճեղքերով կհագեցնի փխրեցված հողը, այն կունենա խոնավության որոշակի պաշար և այնքան էլ աղետալի չի լինի երաշտը: Երևի արժե շեշտել, որ ամենաերաշտ տարիներին էլ մենք ունենում ենք անձրևաձնհալ ջրերի որոշակի քանակ, որը անարգել փախչում է արտերկիր, մինչդեռ կլանվելով մայր հողում, արոտում, խոտհարքում` կթեթևացնի գյուղացու հոգսը: Խոտի առատ բերք ունենալու հաջորդ նախապայմանը փխրեցված հողազանգվածը պարարտացնելն է: Գաղտնիք չէ, որ օգտագործված խոտի հետ հողում պակասում են նաև սննդանյութերը` ազոտը, կալիումը, ֆոսֆորը և այլն, և որ դրանք պարբերաբար պետք է լրացնել: Գիտահետազոտական ինստիտուտում, հետագայում նաև դաշտային փորձարկումներով ագրոէկոլոգ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ Հարությունյանը փաստեց, որ ամենաարդյունավետ, այդ թվում նաև գնի առումով, պարարտանյութը, մեր ինստիտուտում, թռչնաղբի հենքի վրա արտադրված, գրանուլացված օրգանական պարարտանյութն է:
Խնդրի լուծման 3-րդ նախապայմանը որակյալ սերմերով ենթացանքս կատարելն է: Հավելեմ, որ նշված բոլոր 3 գործողություններն էլ կատարվում են մեքենայի մի անցումով:
ՈՒզում եմ խնդրել արոտներ, խոտհարքներ ունեցող համայնքների մեր ղեկավարներին, ձեռներեց ֆերմերներին, մարզպետներին` եկեք համագործակցենք, գուցե այս ձևաչափում է առաջ շարժվելու իրական ուղին:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 5443

Մեկնաբանություններ