Հարգելի պարոն վարչապետ. հանրապետությունը գրեթե ամեն տարի «ցնցող», առայսօր պրակտիկորեն լուծում չունեցող ջրի հիմնախնդիրը էականորեն կլուծվի, եթե Դուք կարողանաք լուծել համակարգի ներկայացուցիչների՝ գյուղատնտեսության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ջրպետկոմի, «Գյուղատնտեսության զարգացման հիմանդրամի» ղեկավարների պատասխանատվության զգացողության խնդիրները: Նշված գերատեսչությունները 15.01.2018 թ. համատեղ արձանագրությամբ որոշեցին շահառուներին ցուցադրել գիտատեխնիկական մեր նորույթով (փորձարկվել է Լոռվա արոտներում) հանրապետությունից արտերկիր «փախչող» 8 մլրդ խորանարդ մետր ջուրը տեղական կարիքների համար օգտագործելու հնարավորությունները, ճշտել առաջարկվող մեքենայի պահանջարկը, կազմակերպել դրանց հավաքն ու իրացումը (նաև առկա տեխնիկայի ձևափոխումը), որով և էականորեն կլուծվի ոռոգման, խմելու ջրի և հարակից (երաշտ, տարածքային հեղեղներ, ջրհեղեղներ, հողատարման, անապատացման երևույթներ, կերահանդակների բերքատվության բազմակի աճ) խնդիրները: Սակայն այդ ամենը իրագործելու համար անհրաժեշտ 2 մլն դրամը նշված կառույցները չկարողացան հավաքել (կառավարություն ուղարկված հաշվարկի համաձայն՝ առաջարկվող տեխնոլոգիան ներդնելիս հենց առաջին տարում, միայն խոտի բերքի աճից երկիրը կունենար 100 մլն դոլարի մաքուր շահույթ), ու հիմա ինձ առաջարկում են վարկ վերցնել, սեփական նախաձեռնությամբ լուծել խնդիրը, ակնկալելով նաև, որ կառավարությունը իրենց այդ հարցում չի աջակցում:
Մի՞թե դա այդպես է:
Մի քանի ամիս հետո գյուղատնտեսական տարին է, ու ամենայն հավանականությամբ մենք նորից ականատես կլինենք ջրի խնդրով պայմանավորված՝ հասարակության հուզումներին. ջուր չկա, բերքը չի հասունանում, նրա մի մասը աճեցվում է մարդու առողջությանը վնասող կոյուղաջրերով, կերահանդակներում հաճախակի երաշտ է, որը նաև տարածքային հրդեհների պատճառն է, շուկայում գյուղմթերքների գների «թռիչքն» է, համայքներում անհանգիստ են նաև խմելու ջրի պակասի առումով՝ ցամաքում են խմելու ջրի ստորգետնյա աղբյուրները, որովհետև հողը պնդացել է (այն կերահանդակներում երբևէ չի փխրեցվում) ու մակերևութային ջրերը չեն ներծծվում:
ՈՒ նորից կդիմենք Սևանին. կաղմկենք, կկազմակերպենք լսումներ ու քննարկումներ, բայց թույլ կտանք, որ խնդրի լուծման հիմական միջոցը՝ 8 մլրդ խմ ջուրը, որ 4 անգամ ավելի է ոռոգման ջրի մեր այսօրվա պահանջարկից, «փախչի» արտերկիր՝ ավերելով շրջապատը, իր հետ տանելով նաև մեր հողերի հումուսը:
Ցավոք, բնությունը մոտակա հեռանկարում նույնպես լավ բան չի խոստանում. բնապահպանության նախարարի հավաստմամբ՝ ոռոգման ջրի պահանջարկն առաջիկայում ավելանալու է, բնապահպաններն ընդգծում են այդ ջրի պակասելու հավանականությունը. շրջապատի ջերմային ֆոնը ուժգնանալու է, տեղումները նվազելու են: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոռոգման ջրի խնդիրը Սևանի հաշվին լուծելը ճակատագրական է. լիճն արդեն ինքն է SOS հնչեցնում. նա «ծաղկում է»` սկզբնավորելով ճահճացումը:
Ջրի խնդրի այսօրվա տագնապալի վիճակը և ոչ մի լավ բան չխոստացող հեռանկարը հուշում են, որ մենք մեր զբաղեցրած տարածքում արդեն մոտ ապագայում գոյատևելու խնդիր կունենանք, եթե չկարողանանք օգտագործել մեզնից սկիզբ առնող և արտերկիր «փախչող» մակերևութային 8 մլրդ խմ ահռելի ջրազանգվածը:
Ջրամբարներ կառուցելով այդ ջրաքանակը օգտագործելու հարցադրումը վիճարկելի է, որովհետև ա) պահանջվում է ավելի քան 15 մլրդ դոլար, որը մենք չունենք և առաջիկայում էլ դժվար թե ունենանք, բ) ռիսկային է սեյսմիկ անվտանգության և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջուր կուտակելու առումով՝ արդեն մի քանի տարի մեր ջրամբարները կիսալեցուն են: Հավելեմ նաև, որ դրանցում կուտակված ջրի զգալի մասը՝ գրեթե կեսը, գոլորշանում է, կորչում հիմնատակից:
Հիմնախնդրի լուծման ջրպետկոմի այսօրվա առաջարկությունը՝ Արարատյան հարթավայում 24 խորքային հորեր բացելով մեղմել ոռոգման ջրի խնդիրը, իրավիճակային է, քիչ համոզող, որովհետև այդ նույն կառույցի ջանքերով, մի քանի տարի առաջ, ինչ որ հիմնավորմամբ, այդ հորերը փակվեցին, ու հիմա, մի քանի տարի անց, մեկ այլ հիմնավորմամբ փորձում են դրանք վերաբացել, ստեղծել նորերը: Խնդրի այդօրինակ լուծումը նաև ռիսկային է, որովհետև ավելի կիջնի հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը, ինչը, բնապահպանների հավաստմամբ, նպաստելու է արդեն առկա անապատացման երևույթների հետագա աճին: «Հում» վիճակում է նաև այդ նույն կառույցի` Սև ջուր գետի մակարդակի բարձրացմամբ Արարատյան հարթավայրում ոռոգման ջրի խնդիրը լուծելու առաջարկությունը. դա կտևի 10, թե ավելի տարի, հայտնի չէ, հայտնի չէ նաև դրա իրացման մոտավոր արժեքը:
Այսպիսով, 8 մլրդ խմ մակերևութային ջրի օգտագործման առայժմ միակ արդյունավետ տարբերակը մեր առաջարկությունն է, որը թույլ է տալիս հողում ջրակլանիչ ճեղքեր առաջացնելով, հողի ենթաշերտը փխրեցնելով ներառել այդ ջրաքանակը, մեծացնել հողի խոնավությունը, բացառել երաշտը, տարածքային հրդեհները, ջրի ավելցուկն ուղղորդելով խմելու ջրի ցամաքած աղբյուրները վերաբացելուն, կասեցնել ջրհեղեղները և հողատարման երևույթները: Հասկանալի է, որ խոնավ հողը ոռոգման ջրի մեծ քանակ չի պահանջի, և արդյունավետ օգտագործելով առկա ջրամբարները, որոնք բավարարում են պահանջարկի (2 մլրդ խմ) կեսից մի փոքր ավելին, կլուծենք նաև ոռոգման ջրի խնդիրը: Այս ամենը իրացնելու համար անհրաժեշտ է ձևափոխել հանրապետությունում առկա շարքացանները (պահպանելով նրանց նախնական ֆունկցիան) կամ կազմակերպել մեր մեքենայի հավաքը Ռուսաստանից ներկրված հանգույցներով: Մեքենայի մեկ ժամվա աշխատանքի մաքուր շահույթը 100 դոլար է, նրա մոտավոր արժեքը՝ 12000-15000 դոլար, հետգնման ժամկետը՝ մեկ տարուց էլ պակաս, ծախսը, մեկ հեկտարի հաշվով, 8528 դրամ, ժամային արտադրողականությունը՝ 1,2 հա: Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես 70 տոկոսը առաջարկվող տեխնոլոգիայով կարելի է մշակել՝ ունենալով 300 մեքենա: Լոռվա արոտներում կատարված արտադրական փորձարկումները ցույց տվեցին, որ մշակված տեղամասերում անձրևաձնհալ ջուրը ամբողջությամբ ներծծվել էր հողում, այն մերն է, այլևս չի «փախչի», կկասեցվեն երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները: Փորձերը ցույց տվեցին, որ մշակված տեղամասում խոտի բերքի աճը 50 տոկոս էր, պարարտացված տեղամասում՝ 250-300:
Այս ամենը շահառուներին ցույց տալու համար նշված 6 կառույցները պետք է ներդնեին 2 մլն դրամ, որն այդպես էլ չգտան, և այս ծրագիրը, դեռ կյանք չմտած, մահացավ:
Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր միջամտությունը և աջակցությունը:
Հարգանքներով՝
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Ծրագրի ղեկավար,
տեխ. գիտ. թեկնածու
Հ. Գ. 1. Նամակս պատրաստ էր խմբագրություն ուղարկելու, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթից տեղեկացա, որ 2 մլն դրամ չունեցող «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» տնօրենը 25 միլիոն դրամաշնորհ է տրամադրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հոր անունով գրանցված «Իրիգեյթս» ընկերությանը, գյուղատնտեսական բիզնեսով զբաղվելու համար և ինքն էլ դարձել է նախարար: Ոչինչ նոր չէ այս լուսնի տակ՝ ես քեզ՝ փող, դու ինձ՝ պաշտոն: Իսկ թե ինչի վրա է ծախսել ու ծախսում 60 միլիոն դոլար վարկային գումարը այդ հիմնադրամը, երբ գյուղատնտեսությունում հետընթացն ակնհայտ է, երբ 1 կգ տավարի մսի գինը հասել է աստղաբաշխական թվի, երբ կաթ արտադրողը, ի նշան բողոքի, իր արտադրանքը շաղ է տալիս Հանրապետության հրապարակում, երբ այս գումարի իրացման արդյունքում հարապետության քարտեզից ջնջվում են առավել պահանջարկ ունեցող գյուղամերձ արոտները, և գուղացին ստիպված լքում է իր փոքրիկ հայրենիքը՝ գյուղը, և այլն և այլն, ցանկության դեպքում կարելի է ծանոթանալ «Իրատեսի» հետևյալ հրապարակումներից. «Գյուղնախի ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի» (թիվ 11, 2017), «Ով ականջ ունի թող լսի» (թիվ 72, 2017), «Ի՞նչ է սա, բանականության կորուստ, ծրագրված թալան, թե ազգադավություն» (թիվ 33, 2018) և «2 միլիոն դրամ ամեն տարի երկրին հասցվող միլիոնավոր դոլարների վնասը կանխելու համար» (թիվ 66, 2018):
Այս տխուր պատմության մեջ կան նաև լուսավոր մարդիկ, որոնց կուզեի հայտնել իմ երախտիքը. դա առաջին հերթին նախկին կառավարության այն ներկայացուցիչն է, որի անունը գյուղնախում համառորեն հրաժարվում են ինձ ասել, որը՝ ծանոթանալով խնդրին, հանձնարարեց վերը նշված 5 կառույցների ղեկավարներին քննարկել և լուծում տալ, դրանք 15.01.2018 թ. ծրագիրը ներդնելու արձանագրության տակ ստորագրած, նշված կառույցների ներկայացուցիչներն են. Արթուր Բաղդասարյան, Դավիդ Մեջլումյան, Կարեն Դաղբաշյան, Լևոն Ազիզյան, Արմինե Սիմոնյան, Օրի Ավետիսյան, դա այն երիտասարդն է, որը տեղեկացված լինելով խնդրի քաշքշուկներին` ականջիս շշնջաց. «Պարոն Խոյեցյան, ես անհարմար եմ զգում այս ամենից», դա համաշխարհային բանկի գյուղատնտեսական հարցերով պատասխանատու այն հարգարժան տիկինն է, որը կազմակերպեց իմ հանդիպումը ՀԲ-ի ծրագրերի խորհրդատուի հետ, և, վերջապես, դա հենց ինքը խորհրդատուն է՝ պարոն Դևիսը, որը հանձնարարեց ֆինանսավորել ծրագրի իրականացումը: Դա նաև նախկին կառավարության գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն է, որը պատվի խնդիր էր համարում ծրագիրն ավարտին հասցնելը ու երևի հենց դրա համար էլ զրկվեց պաշտոնից: Դա նաև ներկայիս փոխնախարարն է, ծրագրի մշտական ջատագովը, այդ թվում՝ պաշտոնական գրություններով, որը, սակայն, այսօր փնտրում է ոսկի միջինը: