Ալֆան և օմեգան
14.04.2020 | 00:24
Բայց շուխուռ չենք անում: Կամ էս կողմ, կամ էն, միջինը չկա: Պարտությունը մահ է: Ընկերովի մահը մեզ համար անընդունելի եզրույթ է՝ թուրքին պատուհասած լեռնային հարսանիք կդառնա: Այնպես որ՝ ոչ ոք թող չփորձի իր ղուրբանատեղից բարձր թռչել, դա էլ կկտրեմ, դրա տիրոջ վիզն էլ… Էսքա՛նը: Ես չեմ թաքցնում, մեր շարքերում նկատում եմ անլիարժեքությամբ բարդույթավորման որոշակի դրսևորումներ, որոնք արտահայտվում են սեփական պատկերացումների և իրականության հակասությունների անհամապատասխանությամբ: Էնպես անվերապահ ու ինքնավստահ եք, ոնց որ Սողոմոն իմաստունը լինեք: Բայց զուրկ եք տարրական հոտառությունից: Էն առաջին տիեզերագնաց լայկան ու ոչ միայն, նաև իր բոլոր ցեղակիցները տասը հազար անգամ ավելի սուր հոտառություն ունեն, քան մարդը: Դրա համար Բույանին հեծնած սահմանապահը միշտ իրենից անբաժան էր պահում սերիալի գլխավոր հերոս օվչարկա Ջուլբասին՝ հավատարմության ու նվիրվածության բառիս բուն իմաստով խորհրդանիշ: Սատանան դեռ գլուխը բնից չհանած շունն անմիջապես հոտով հայտնաբերում էր նրան: Հետո չասեք, թե նախապես չեմ զգուշացրել: Բոլորս նույն նավի վրա ենք, առագաստները պարզած՝ կլողանք համաշխարհային ջրերում, կգոյատևենք, խարիսխ կգցենք մի ծովախորշում թե կընկղմվենք օվկիանոսի հատակը, կախված է մեզանից, մի՛միայն մեզանից, և հույսներս պետք է դնենք մեր սեփական ուժերի վրա: Վե՛րջ: ՈՒ առանց ինձ հետ համաձայնեցնելու այսուհետև ոչ մի ինտերվյու, ելույթ, ձեզուգլխու հայտարարություններ չլսեմ, որոնք կարծես մրցակցում են իրենց հիմար դատողություններով և հակասում մեկը մյուսին, իսկ ամբողջության մեջ՝ մեր ընդհանուր քաղաքական գծին: Ականջներիդ օղերի շարանը երկարացրեք. ես ու մեր բորդը (բարձր դուռը) ինքնագլուխ չենք, որ ինչ ուզենանք ասենք-խոսենք: Սա Աշոտ Ղազարյանի հեղինակային հումորի երեկոն չէ: Նույնիսկ ժողովրդահաճո արտահայտությունների մեջ արդեն չափավորեք ձեր խոսքը: Ես կոնկրետ հանձնարարականներ ունեմ ու, մասնագետների կազմած ժամանակացույցի համաձայն, պատասխանատվություն եմ կրում դրանք կյանքի կոչելու համար, ու չեմ պատրաստվում ամեն անգամ ավելը ձեռքս առնել ու մաքրել ձեր հետևից ցփնած հռետորական աղբը: Մշակվել է ճանապարհային քարտեզ, համաձայն որի ես պարտավոր եմ հաշվետու լինել իմ վերադասին և, Աստված մի արասցե, եթե այդ ընթացքում ձեր ազատության ավելորդ նկրտումների պատճառով օրակարգից շեղումներ արձանագրվեն:
Ազատությունն ինքնին հարաբերական հասկացություն է, անգամ համանախագահներն ու անկախ դիտորդներն ազատ չեն, էլ ու՞ր մնաց՝ դուք, որ նավից հայտնվել եք պարահանդեսում: Ձեր անպատասխանատու պահվածքն ու փողոցային պանյատները հարվածում են թավշյա հեղափոխության վարկանիշին: Հետևությունները թողնում եմ ձեզ և կառույցների ղեկավարներին: Էշը կերել ենք, պոչում չենք խռովելու: Մեր նվաճումները ջուրը չենք գցելու: Դա ինքնասպանություն է: Մենք հաղթանակել ենք երիտասարդական ավյունով ու եռանդով: Ժխտել ենք անցյալն ու նրա դերակատարներին, մերժել ենք ավագներին, մասնագետներին, փորձառուներին, ժխտել ենք կեղծ կարծրատիպերն ու արժեհամակարգերը, բացառել արմատացած սրբությունները, հավատալիքներն ու սիմվոլները, բացառել ֆիզիկական և հոգևոր սահմանները: Մենք նոր դարաշրջան ենք բացել հնոտիքի մեջ թաղված հասարակության համար: Ով շեղվեց այդ ուղուց, դավաճան է…
Մենք վերացրել ենք գաղջ մթնոլորտը՝ հասարակական միջավայրը ներարկելով վրձնի վարպետաց ներկապնակի բոլոր գույներով և նրբերանգներով, մաեստրոյաց հնչյունային բազմաձայն ելևէջումներով ու լավագույն դանսինգների պարային սեթևեթանքներով: Այսինքն, սա նաև մշակութային խորք ունեցող հեղափոխություն է, որը կրում է մեզանից յուրաքանչյուրն իր ներսում բնականորեն՝ առանց բյուջետային ներբեռնումներ և ֆինանսավորումներ ակնկալելու:
Բանակցությունների ընթացքում, որոնք ըստ էության ձևական բնույթ են կրում, քանզի նախապես ամեն ինչ կանխորոշված է, և խանգարող հանգամանք են միայն ազգայնամոլական տարրերը, որոնց չեզոքացնելու ուղղությամբ այժմ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ծրագրում մի շարք գաղտնի միջազգային կազմակերպություններ և իրենց գործնական քայլերի մասին թափանցիկորեն կիրազեկեն անձամբ իմ աշխատակազմին, հակառակորդ կողմը նենգ հնարքներ է գործադրում, անընդհատ փորձում մեզանից, մեր հայրենական հարստություններից մի բան թռցնել, նույնիսկ իմ թանկարժեք գրչի նկատմամբ ոտնձգություններ կատարեցին գրպանահատները:
Վերջ, մինչ այս եղած բոլոր բանակցությունները հայտարարում եմ անվավեր, էս ռաունդը հաշիվ չէր, հայտնաբերվեցին բացահայտ ջեբկիրության ախտանշաններ: Մեկ ուրիշ անգամ, մեկ այլ վայրում զրոյից կսկսենք: Սա մամուլում և ԶԼՄներում մեկնաբանվեց հայտնի բանաձևով, թե ամենաբարձր գոռացողն է սովորաբար գողը: Այ, էս հիմար ու անիմաստ առակներից, առածներից ու ասույթներից պետք է ձերբազատվենք, որոնք կաշկանդում և կաղապարում են անհատի ազատ մտածողության թովչանքը, իսկ դրանցով առաջնորդվողների հերթը դեռ կգա: Շշին եմ նստեցնելու, եղունգները քյալփաթինով եմ հանելու, աչքերի տեղը ածուխից լինզաներ եմ տեղադրելու: Իմ աչքից ոչինչ չի վրիպում: Դրանց նմաններն են քայքայել երկիրը, թալանել, լցրել իրենց դանայան ծակ ու անտակ գրպանները: Գնացեք, տեսեք, թե ով է կերել երկրի հացը, խմել գինին: Կգնաք ու կտեսնեք, որ նախկին ոչ լիգիտիմ իշխանություններն են կերել հացը, խմել գինին, ավելի քան քսան տարի հացն ու գինին, տեր կենդանին են խաղարկել: Հաց չկա՝ գաթա ու փախլավա կերեք, այ տղա… Բազմիցս ասել ու հիմա կրկնում եմ, ականջներիդ օղերի համրանքը մտահան չանեք, արա, ձեռնաքարշություն մի արեք, թարգեք էդ աչքածակությունն ու ձեռներիցդ ցած դրեք թաղային հեղինակության ու մանրավաճառ-ջեբկիրի ցուպը, քիչ լափեք՝ օրենքով: Աշխատավարձերի բարձրացում, պարգևավճարներ, գործուղումներ, օգնություններ, հավելավճարներ, օրինականացված լիքը օժանդակ միջոցներ ունենք, այ չտես գյորմամիշներ: Կշտանալ չկա՞: Շեյմ օն յու (ամոթ ձեզ)… Էդ էլ ե՞ք քիչ համարում: Էլ ի՞նչ ակնկալիք ունեք էս աշխարհից, կրակ ու բոց եք ուզու՞մ Աստծուց, կուզեիք, չէ՞, որ Թիֆլիս քաղաքը մերը լիներ, մի հատ շռնդալից խինկալի փարթի կազմակերպեինք, ի նշան ժողովուրդների բարեկամության և ի հիշատակ համաժողովրդական կինտոյական շարժման, որ զիմզիմովական օլիգարխներին հաջողվեց խոցել թռիչքային երկնամետ սլացքի ժամանակ…
Հանգի՛ստ, հանգի՛ստ, ընկեր տանկիստ: Էդ էլ ա՞ իմ պրոբլեմը: Ես լիքը կարևոր հարցեր ունեմ լուծելու, հիմա դրա վա՞խտն է… Հե՜յ, պողոսներ, ականջ արեք փողոցային գործիչին, սիրուն ծտեր, ջահել ցլեր, լուրջ չեք նայում ձեր գործին: Ինչու՞, որովհետև բանի պետք չեք, ես սխալվեցի ձեր ընտրության հարցում, ոչ մեկդ թև ու թիկունք չեք, անմնացորդ նվիրված չեք մեր պայքարին: Շատ շուտ վարժվեցիք ձրիակերությանը: Ծուլացել եք: Քյասար, Զանգ կախող չեք: Ալե դու՝ ալե՞ն տանի, Լիլո դու՝ Լիլոն կարճ է, Մխո դու՝ Մխո՞ն կախե, Անո դու՝ էդ էլ խի՞ղճ է, Արո դու՝ ես ծխած եմ, Լենա դու՝ ես տկար եմ, Զորո դու՝ ասենք տարա, բա որ Ջորջը գա ինձ վրա՞: Գալոն, Զանին թող մեկից, բռնեն Ջորջի քամակից: Հի՜, հի՜, հի՝… Հիմա կհարցնեք, ի՞նչ է խոսում չոր գանգը, լավ է դու տար էդ զանգը: Իսկ ներողություն, ձեզ թվում է մինչև հիմա դուք եք զանգ կախե՞լ, դուք եք տարե՞լ էդ զանգը: Բայց կներեք, դուք չարաչար սխալվում եք…
Հիմա զբաղված եմ մեր ավագ ընկերոջ օրհնությամբ բանկում դրված էն ոսկու սալիկի հայտնաբերման գործով, որ գաղտնորեն վաճառվեց անցյալի մշուշում քողարկված մեծարգո վարչապետի ձեռամբ ու գանձարանում մնացին սին փշրանքներ մանրավաճառի քսակի չափով, որից շատ ավելին ամբարեցին մեր մանկաբարձներից և որբավաճառականներից ոմանք, զոր օրը ցերեկով երեխաներ ծախեցին օտարերկրյա բարերարներին: Հըբը՛, չես ուզե՞ երթաս քեզ հասանելիք մեկուսացման վայրը, օտացդ մեռնիմ, օղուլ, թե՞ վախնաս կը տեղի արդար դատավորներից…
Մեր գյուղից վեր մինչ էսօր պահպանվել են սպիտակ ներկով քողարկված էն սգավոր շենքի պատերը, որի վրա խոշոր տառերով պաստառ էր փակցված՝ «Կեցցե հեղափոխությունը», «Լենինը միշտ մեզ հետ է» կարգախոսներով: Կարգախոսի պաստառի պատառիկները, որպես պատմամշակութային ժառանգության մասունքներ, համառորեն պահպանում է հաստատության շրջանավարտներից ինչ-որ մեկը, բայց, այ, շենքի բնակիչներն են բացակայում, նրանք հիմա դարձել են մեծամեծ մարդիկ, զբաղեցրել բարձր պաշտոններ: Մի քանիսին ինձ մոտ եմ աշխատանքի վերցրել: Հաճախ ենք հաճույքով հիշում այն տհաճ ու դժնդակ ժամանակները, որ մեծ զրկանքների գնով, միասին հաղթահարեցինք: Կյանքի հրամայական էր, տոկունության փորձություն: Հանձնարարել եմ վերացնել ավերակները և ոչ մի հետք չթողնել, որ կհիշեցնի մեր տխրահռչակ անցյալի մասին: Խոստացել եմ մեծ պարգևավճար, որ իսկի երազում չէին կարող երևակայել: Կպարգևատրեմ նաև բոլոր նրանց, ովքեր հերոսական անգործություն կցուցաբերեն և դանդաղ մահվան կդատապարտեն իրենց վստահված գործերը: Կարող են նաև արագացնել այդ գործընթացները, որին ի պատասխան կարժանանան առավել բարձր գնահատանքի: Մեր պարտքն ու պարտականությունն է կործանել և ոչնչացնել այն ամենը, ինչ անցյալի մնացուկ է մեր իրականության մեջ և կարող է ապակողմնորոշել հասարակությանը։
Էլի շեֆն է զանգահարում.
- Էլ ինձ չզանգես, շեֆ: Քո հեռախոսահամարը գցում եմ սև ցուցակ, այսինքն, աղբարկղ: Հիմա ես արդեն աշխատում եմ չմիջնորդավորված: Էնպես արա, ոտքի տակ չընկնես, գլուխդ էլ չուտես, քանի որ ով-ով, բայց դու շատ լավ գիտես, թե կարևոր տեղեկատվության տիրապետող ավելորդության համար ամենից հարմար նստավայրը որտեղ է: Ժամանակին դու քո գործի մեծ վարպետն ես եղել: Կրկնում եմ՝ ժա-մա-նա-կին: Իսկ ժամանակը սրընթաց ճախրանքի թռչուն է: Նորերն են եկել, ավելի հմուտ և արհեստավարժ: Սերնդափոխություն է: Այնպես որ, ճիշտ կանես, հանգիստ վեր ընկնես տեղդ ու այլևս կենդանության նշաններ ցույց չտաս: Արխային եղիր: Ծրագիրը պատրաստված համալրում է ստացել և բարեհաջող ընթացքի մեջ է: Կատարածդ աշխատանքների համար քեզ շնորհակալություն են ուղարկել և հորդորել անվրդով անցնելու վաստակած հանգստի:
Հանգչիր խաղաղությամբ, վարպետաց վարպետ, իմ թրքահպատակ ուսուցիչ Օստապ Իբրահիմովիչ… Դու այլևս օգտագործված անպետք ջնջոց ես ժամանակակից կոլեգաներիդ համեմատությամբ:
Հարգելի երդվյալ ատենակալներ, նիստը շարունակվում է: Այսուհետ այն նախագահելու եմ անձամբ ես:
Եվս մեկ օղ, որպես հիշեցում անբարենպաստ մտքեր փայփայող ծառայամիտ կռվազաններին: Միևնույն է, ոչ մի կեղծիք չեմ հանդուրժելու ոչ մեկի, առավել ևս հների, նաև իմ համակիրների կողմից, բաց և ըմբռնելի եմ լինելու բոլորի համար, ինչպես մատադորը ցլի առջև: Եվ հիմա ասում եմ` Էսկամիլիո, նախընտրում եմ հրաժարվել իմ մասնակցությունից ձեր հրահրած ցլամարտին: Բայց եթե դուք հատեք կարմիր գիծը, ես ձեր կյանքի համար օրինաչափ կդարձնեմ սևը: Պարզապես անտեսում և արհամարհում եմ բազմաթիվ շնագայլերի վայրահաչոցները: Այնպես որ, չփորձեք ինձ վախեցնել ինտրիգներով, եթե կուզեք, ես նման երևույթներից ոչ թե թուլանում կամ խուսափում, այլ ընդհակառակը, ավելի լիցքավորվում եմ, և չի բացառվում, որ այդ ժամանակ դիմեմ ամենաարտառոց և անսպասելի քայլերի:
Արյան հոտ եմ առնում, ով մեզ հետ չէ՝ դավաճան է, ժողովրդի թշնամի, պետական հանցագործ: Պարտադիր չէ զենքի կիրառմամբ վնասազերծել ներքին ընդդիմությանը: Գործուն և արդյունավետ միջոցներ են խոսքը, արհամարհական վերաբերմունքը և տարբեր միջոցներով ստորացման գործիքակազմը: Պապ թագավորին սպանողների կերած կաթը…՝ հոռոմները սպանեցին մեր թագավորին, մա՛հ հոռոմներին: Մեզ ինչու՞ չպիտի սիրի և ընդունի մեր ժողովուրդը. ոչ մարդ ենք սպանել, ոչ ուրիշի ունեցվածք ենք խլել, ոչ բյուջեի փողերն ենք ցփնել խաղատներում հիմար-հիմար դուրս տալիս, երբ բարձրախոսին են մոտենում, տուֆտում են, ինչ խելքներին փչի: Ասենք, խելք որտեղից դրանց, եթե առկա է կարևորը՝ դուխն ու նվիրումը: Ոչ մեկի ու ոչնչի առաջ կանգ չեն առնի: Հաղթողներին չեն դատում… Նյուրնբերգ եմ սարքելու գլխներիդ… Սա պետություն է, ոչ թե պիոներական կամ համակենտրոնացման ճամբար: Սաղիդ պոլին եմ մխելու: Կողմնորոշվեք՝ կամ ժաննա դը Արկն եք կամ Մայր Թերեզան:
Մնացածը հընթացս կսովորեն, փորձառություն ձեռք կբերեն, ինքս անձամբ դրանցից մի քանիսին տյունինգ կանեի, շնորհքի կբերեի: Բայց ժամանակս չի ներում: Օ tempora, o mores, Օ՜ Զանգեզուր, օ Կյորես… Սիրում եմ ձեզ և խոնարհվում բոլորիդ առաջ:
Մենք էլ առաջ անցնենք: Մենք նոր հորիզոններ ունենք նվաճելու, նոր հեղափոխություններ են մեզ կանչում դեպի բոսոր ապագա… Արա, էս հրաշք երեխեքն են մեր ապագան, ու ով կփորձի քար նետել նրանց բոստանը ու իր խրտվիլակները տնկեցնել էնտեղ, քոքից կտրելու ու արմատախիլ եմ անելու: Այ սամադուռներ, էդ ու՞մ վրա եք սուր ճոճում, էս անմեղ արարածների՞: Իմ շվաքից հուշտ են լինում նույնիսկ Ալի բաբայի քառասուն ավազակները՝ շարքայինից մինչև սպա: Դուք ո՞վ դառաք: Սրանք էնքան մաքուր են, որ իսկի խելքը գլխին մի գիրք սկզբից մինչև վերջ չեն կարդացել: Երևի վերջին գիրքը «Չարի վերջն» է եղել և դրանով չարի սկիզբը դրել: Էն էլ զոռով, մի կերպ, ամառային արձակուրդների ամբողջ ընթացքում, որպես պարտադիր ընթերցանություն ծնողներն են կարդացել բայուշկիից առաջ: Այ դու կկու, հիմար կկու, քանի՞ փոքրիկ ձագ ունես դու… հի՜, հի՛, հի՛… Վայ, հարամզադեք: Արիվեդերչի, սինյոր ունա սինյորա: Էնպես որ էս երեխեքին հանգիստ թողեք, պարոնայք ընդդիմադիրներ, թողեք աշխատեն, մարդիկ սխալների վրա են սովորում: Մի՛ խանգարեք: Միևնույն է, ձեր երգը երգված է, անցյալին վերադարձ չկա: Նօ: Յոխ: Նիխտ: Նետ (Ոչ): Նոր հայրենիք ենք ստեղծում, զրոյից, հեչից, թքելով անցյալի հոգեվարքային տվայտանքների վրա: Դա զդռաստվույետ նեպոբեդիմայա նաշա ստրանա (Կեցցե մեր անպարտելի երկիրը): Ֆըշտե՞յն, բռատվա, (հասկացա՞ք, եղբայրներ) եգնյատա-եբնյատա (հայհոյանք, որը չի թարգմանվում) … Դե, փը՛շտ, բոլորդ: Ալամեզո՛ն… Ես ձեր հոգեհացի սեղանապետն եմ լինելու, ձեր ողորմաթասը սիրով ըմպելու եմ ցմրուր: Կոնդի եկեղեցում պատարագ եմ մատուցելու՝ ի հիշատակ ավանդական արժեքների և ի փառս համաշխարհայնացման, հրավիրելու եմ աշխարհի բոլոր ամենա-ամենա լրատվամիջոցներին՝ Սի Էն Էն-ից մինչև Բի Բի Սի, Նյու Յորք Թայմսից մինչև Ազատություն ռադիոկայան, որ աշխարհն իմանա՝ գաստրոլյոր շուները սատկան, արդարությունը հաղթանակեց, ու մեր պոետներն այլևս երբեք դառնացած չեն թքելու մարդկային արդարության ճակատին: Էհ, ինչ ասեմ՝ Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ, որոնք ոսկի ցանեցին, որ բոզությունը հնձեն…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ