Ալֆան և օմեգան
24.03.2020 | 01:13
Մենք նաև հանում ենք որոշ նեղազգային կրթական ծրագրերի պարտադիր լինելու պայմանը, որի շնորհիվ կարճ ժամանակ անց հայտնի կդառնան նրանք, ովքեր իրենց հայեցողությամբ կնախընտրեն այդ առարկաները սերտել հանրակրթական դպրոցներում և բուհերում: Այսինքն, կտարանջատվեն այդ չարչրկված սևերն ու սպիտակները: Էն, որ Աբդուլ Համիդ օղլին ու Իվան Վորոնցովը հայկական դպրոցները փակում ու եկեղեցու ունեցվածքը բռնագրավում էին, խի՞ դասադուլ ու նստացույց չէիք անում, խի՞ չէիք բողոքում, երբ Լեոնիդ Իլյիչի սուսլիկը սահմանադրությունից հանում էր ազգային լեզուները: Մկան ծակն էիք մտել, թե չէ սիբիրներում ծառահատում էիք կատարելու՝ հնգամյակը մեկ տարում գերակատարելով կամ, Սարդարապատի հերոսների նման, սաֆարովական գենը կրող ղասաբի կացնահունձքի ենթարկվելու Երևանի ուղղիչ տան բանտում: Թե՞ վախենում էիք խմբապետական հովվերգությունից, որ կարմիրբանակայինների տասներկուերորդ շարասյունը կկրկնի իրենց պապերի սխրանքը՝ Իջևանով Հայոց օջախ կմտնի ու Ջուլֆայով դուրս կգա, սամասուդ կանի սաղիդ: Այդտեղով թուրքն էր անցել, չորս կողմը սուգ էր ու ավեր, բռնաբարություններ ու մորթված անդամահատ դիակներ: Ականջը կանչի ֆրանսացի ռահվիրայի: Անտառ մտնողը հետը ցախ չի տանի: Չնայած սրանք էն քաղաքակիրթ թուրքերը չէին, սրանց մեջ նստած էր էն մյուս՝ շեկ թուրքը, որը մոնղոլ-թաթարական սերմից էր ծլարձակել ու իրենց ճանապարհին հանդիպած կանանց քոռ ու փուչ չէին անում՝ ցրցամ է, որ տալիս էին: Ով դիմադրեց՝ գնաց ի վերին Երուսաղեմ, ով չէ՝ ինն ամիս հետո սեխաձև գլուխներով դիմակավորված դավադիրներ լույս աշխարհ բերեց: Զարմանալի չէ, Մուսթաֆա Քեմալին էլ Հակոբ Դիլանչարը Աթաթուրք օծեց, որպես թուրքիո հայր, ու սովորեցրեց դույզն ինչ քաղաքակրթվել: Հի՜, հի՛, հի՛, քաղաքական դիակներ…
Ցեցն ընկավ ինքնապաշտպանության գաղթական խմբապետների և իշխանությունը բռնազավթած ռսացած սպաների միջև: Սրանք օսլայած տղերք էին.. ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛, ո՛չ զենք էին տեսել, ո՛չ կռիվ՝ մերկ աղջիկներ էին միայն տեսել դրանք... Եվ դրանք ահա, այդ լակոտները, որոնց Շավարշը կարող էր տանել բաղանիք, ուզում էին, որ խմբապետները իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք։ ՈՒզում էին տիրանալ երկրին, բանակին, հաստատել ռսացած մի իշխանություն, բայց ո՞նց կռանար նա դրանց տակին. կնի՞կ էր ինքը, թե՞ կատու... Եվ դարձյալ դիվանագիտական փորձառության պակաս, դարձյալ փառասիրություն ու պաշտոնակռիվ՝ իգդիրցի խմբապետ Դրոն, որ եղել էր հերոս, անվախ տեռորիստ, ուզում էր դառնալ ռազմական մինիստր։ Դե, որ մինիստր դառավ, կարող էր բոլորին տալ գետնովը։ Կարող էր հավաքել իգդիրցիներին, բռնոտել բոլորին, զինաթափել, սպանել, ջանդակները շներին քցել: Այ էս պահը քեֆս բերում է, շատ եմ սիրում էդ հատվածը: Հիմիկվա նման չէր, որ ասլան-ղափլան կտրեն, խորոզանալով, որ աքսորավայր չունենք, որ մենք մարդասեր ու ժողովրդավար ենք, թե՞ իմ ժողովրդավարությունն ու բարությունը թուլություն, ձեզ էլ անպատժելի ու անձեռնմխելի եք կարծում:
«Ախր, դու լավ չգիտես, թվարկածդ բոլոր դեպքերում եղել է դիմադրություն, եղել են ընդվզումներ, բողոքներ, որոնց արդյունքում հաջողություններ են արձանագրվել», - դարձյալ այդ չարամիտ ու դավադիր ներքին ձայնս է:
«ՈՒրեմն, լավ լսիր: Ինձ ամենևին հետաքրքիր չէ քո կարծիքը, առավել ևս, թե ինչ է եղել, ով է բողոքել և այլն: Ինձ հետաքրքիր է, որ դու վերջապես տեղդ և դերդ ճանաչես և հասկանաս, որ ես արտաքին ձայնն եմ, իսկ դու, ընդամենը, ներքին: Եվ վերջ»:
Մեր դասականների կերտած մի շարք գեղարվեստական պատկերների անմիջական տպավորության տակ, բանակցային գործընթացների անտրակտային ժամերին, սոնետների պսակ եմ երկնել: «Ահա երկիրն իմ ոտքի տակ, ես մեն մենակ վերևում»: Չէ, ի՛նչ Պուշկին, Պուշկինն ու Լերմոնտովը ղալաթ են արել, գլուխները պատով են տվել… Սա մեր ազգային կլասիկան է: Ես եմ հեղինակը: Ես ճանապարհորդություն դեպի Էրզրումի վախտով ոչ խելապակասին եմ հանդիպել, ոչ նրա հեղինակի դին՝ Պուշկինսկի պերեվալի գլխին: Ես էդտեղ չեմ եղել: Լավ, որ ոչական նմանություններ եք տեսնում, կարող եմ դրանցից մեկին համահեղինակ վերցնել: Թեկուզ երկուսին: Թող չնեղանան նրանց վելիկոռուսական շովինիզմի աղ կերած գոռոզամիտ հոգիները: Ի՞նչ կապ ունի իմ գրածը Պյոտր Առաջինի արաբի մռթով էդ դուրս ընկած գանգրահեր ալկաշի հետ, որ եսիմ Կազբեկի քյալլի որ աուլում, սպիտակ տենդի խումհարի թե ատխադնյակի ու զապոյի մեջ, զառանցանքներ է դուրս տվել ու ընդամենը Կովկասն է շաղոտ-շողոտ աչքերին երևացել, ինքն էլ՝ մեն մենակ վերևում, իսկ ես՝ ալամ աշխարհը ոտնատակիս, Ադամի նման թզատերև զարդարանքով ու եգիպտական սիրամարգի փետրավոր կեպկայով, ամպերի միջից հանց հրեշտակ նայում էի մոլորակին ու գլխումս քնարական-փիլիսոփայական երազանքներն իրար հերթ չէին տալիս, իջնում ու իջնում էին զգույշ երազներ, շոյող անուշ երազներ, իղձեր անվերջ անմեկին, տագնապ ու տենչ մոլեգին, հավատ ուժի մեծության, փառքի, կամքի գոյության, շռինդ, թնդյուն, հպարտանք, իմաստության բյուր պատրանք, շարունակությունը չեմ հիշում… Իսկ ամպի տակից ջուր էր գալիս, պաղ ու զուլալ ջրեր, որ գալիս էին փրփրում ու անց կենում: ՈՒ էն պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ, ձեռքին սափոր կար, ջուրն էր անուշիկ… Էն ու՞մ յարն էր նստած լալիս հոնգուր-հոնգուր էն սարում: Ինձ էր կանչում: Իսկ իմ ուշքն ու միտքը տիեզերքի առաստաղից ու հորիզոնից անդին էր: Երկնային տիրոջն էի փնտրում, ուզում էի հետը մի երկու բառ փոխանակել, հարցուփորձ անել, հարցազրույց վերցնել մեր թերթի համար, թե ռազմավարական ու մարտավարական ինչ ծրագրեր ունի, էս աշխարհի արմագեդոնի մասին ի՞նչ կարծիքի է, վերջապես սրա վերջը ի՞նչ է լինելու: ՈՒ պարունակից պարունակ էի տեղափոխվում, իսկ նա, խոսքը մեկ արած, խուսափում էր տետատետ հանդիպումից: Երևի ընդդիմությունը ականջին կաթեցրել էր իմ դեմ: Հանդիպումն այդպես էլ չկայացավ, չնայած, ֆուտբոլային դիվանագիտության լեզվով ասած՝ գնդակը նրա դաշտում էր:
Այտա, թե խի՞ ես էդքան ուշ ծնվեցի, թե խի՞ էս փառքին ուշ տիրացա, որ էս եղած- չեղածը սեփականաշնորհեի, մեզնով անեի, պրծներ գնար: Ոչ դարդ, ոչ գլխացավանք: Ժողովուրդը ինձ ճիշտ կհասկանար ու կգնահատեր՝ երկիրը վստահելի ու ամուր ձեռքերում է: Ձկնարաններ ու էլեկտրակայաններ կկառուցեի, հանքերը կշահագործեի, ոչ թե անհեռատես արքաների նման որպես զապաս կթաքցնեի նեղ օրվա համար: Աշխատատեղեր կստեղծեի, ոսկին ու ադամանդը շաղ կտայի նանարիս ոտքերի տակ ու կասեի՝ «հերիք տխրես ու տանջվես, վայելիր, կյանքս, էս ամենը քոնն է, քո հիմնադրամադրության տակ, կեր, խմիր, քեֆ արա, գյոզալ ջան, աշխարհքս ու՞մն ի մնացի, վուր ինձնից ու քիզնից լավին մնա, կշտացիր վերջապես, ժուկով-ժամանակովի պառավը հո չե՞ս»:
Լավ հիշեցի: Անհրաժեշտ է, որ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները շուտափույթ վերծանեն էդ անհասկանալի «ժուկով-ժամանակովը», որ բնավ աղերսներ չունի մեր հեքիաթի «լինում է չի լինումի» ու «կար-չկարի» հետ, պարզել, թե ինչ հաղորդագրություն է պարունակում՝ մեր հյուսիսային ռազմավարական դաշնակցի կողմից ժողովրդական դիվանագիտության ուղիներով առաքված այդ հաղորդագրությունը…
Մի բան հաստատ էն չի… Աղջիկ ջան, չլինի՞ թե մոռացել ես ձեր գեղի ծակ տաշտակը ու ոսկե ձկնիկից տիեզերական արքայություն ես պահանջում. չեմ ուզում սուտի-մուտի մի երկրի առաջին տիկին լինել, տիեզերական փառք եմ ցանկանում, ուզում եմ մոլորակի լավագույն տիկին ճանաչվել՝ Միսս Տիեզերք: Բավարարվիր վերջապես, երեխեքի դաստիարակությամբ զբաղվիր, ճաշ եփելն ու փոշի մաքրելն էլ ես թարգել, լվացք անելն ես մոռացել, ու չանթեն ոտներդ գցած օրը մի սամալյոտի հետ վայրէջք ես կատարում: Մոռացե՞լ ես, որ մի երկրում, որտեղ հացի փշրանքները սեղանի վրայից բռով հավաքող և ուտող չքավորներ կան, միլիոնատեր լինելը, էն էլ ֆունտ ստեռլինգով, խոցելի է: Մե քիչ կամաց գնա, գոզա՛լ, որ ոտներս քարին դեմ չառնի, ու անխաթար տեղ հասնենք: Լավ, լավ, կներես, օքե՜յ: Արա, դե, առյուծը առյուծ է, ու հեչ կապ չունի էգ ու որձը՝ ձեռքից ամեն բան գալիս է: Ճիշտ որ՝ կնիկը կարող է փալաս ամուսնուն թագավոր դարձնել, թագավորին՝ չուլ: Ի՛նչ Տիգրան մեծ ու փոքր: Չէ, Տիկո, դու իհարկե մեծ ես, սաղ հարևաններիդ կըզըցրել ես, ծովից ծով սահմաններ գծել ու հետագա սերունդներին, դրանք պահպանելու համար, գցել կրակը: Բայց լավ իմացիր, ես քեզանից ավելի մեծ ու հզոր եմ: Դու դրսում առյուծ, ներսում՝ անմխիթար ու անհույս, քաշված էիր: Քաղաքական հասարակական, էլ չեմ ասում, ընտանեկան դժբախտ գործիչ ես: Կաթիլ-կաթիլ, գդալ-գդալ հավաքած-ստեղծածդ հետնորդներդ շերեփով դուրս տվեցին: Իսկ ես անհաղթ ու անպարտ եմ՝ և՛ դուրսը, և՛ ներսը: Տնեցիներս ու ժողովուրդս հուր հավիտյան ինձ երախտապարտ ու պարտական են, միշտ շնորհակալություն են հայտնում: Երեխեքս ասում են.
- Պապ ջան, դու ոնց որ ծերունի Խոտաբջի ջինը լինես, որ շշից դուրս է եկել հզոր ու ամենազոր, ու հրաշքներ է գործում: Հլա մի տես, թե ի՜նչ էինք, ի՛նչ դարձանք:
- Ճիշտ ես, բալես: Երբեմն ես էլ մեր հաջողություններից խելապատառ եմ լինում՝ շարքային շահից դարձել ենք շահ Աբասը: Լավ է, չէ՞, ինչ ուզում՝ անում ենք: Ինչ ասեմ, միանգամայն մարդկային է՝ մեկ հեծվորն է թամբի վրա, մեկ էլ թամբը՝ հեծվորի: Կարևորը թամբին ամուր նստելն ու սանձերը ձեռքիդ պինդ պահելն է: Աշխարհի բանն է, էդպես եկել է, էդպես էլ գնալու է: Ինչը որ սխալներին, բացթողումներին և վրիպումներին է վերաբերում, ապա ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ, ով սխալ, որն է վատ, որը լավ էս կյանքում: Ես սիրում եմ աչքերդ խորունկ և խոսքերդ հպարտ…
Բայց մտքումս ասում եմ, վայելե՛ք, երեխեք ջան, քանի կա, հետո ի՜նչ իմանաս, գլխներիս ինչ կգա: Էս աշխարհը սրիկաներով ու չարությամբ է լցված, չորս բոլորը սատանաներ են վխտում: Ձեր քյարը էս է մնալու: Թե չէ, մի չար միտք են արտահայտել ժամանակին, որ հիմա սառեցված է, թե վարար առուն շուտ է կտրվում: Ի՜նչ իմանաս սատանի խաղերը, մեկ էլ տեսար ռեստարտ եղավ: Աստված հեռու պահի տնից-տեղից… Կնկանս մասին՝ էլ չասեմ: Գլուխը լրիվ կորցրել է: Խոստացել եմ մի կղզի նվիրել, չար աչքից, շառ ու փորձանքից հեռու: Քաղաքի գլխավոր ճարտարապետը պարտավորվել է մուտքի կամարի վրա աշխարհի ամենամեծ նալը տեղադրել: Ամեն օր հարցնում է՝ հը՛, նորություն չկա՞: Ասում եմ՝ մի փոքր էլ համբերիր, Աստված առաջ: Ի՛նչ է, էն կորսիկացի ֆրանսիացու չափ էլ չկա՞մ, թե դրա Մարիսյան իմ կնկանից լավն էր: Նապոլեոն մենք խմորեղենին ենք ասում ու մի բերան հափ անում: Առաջ կար, հիմա չկա…
Իմ քանքարավոր ընկերներ, երբ ունեի փայլուն մետաղ բավական, ինձ ասում էիք, «չկա մարդ քեզի նման», ձեր ձեռքով կազմում էիք ճոխ սեղան. ո՞ր անկյունն ե՛ք մտել, եկեք, որտե՞ղ եք, կոշիկերս էիք լիզում ու լպստում… Մի-մի հատ թաթալոշ կերա՞ք վզակոթներիդ: Ձեզ տերթոդիկներ են պետք, ոչ թե կիրթ այրեր: Հեփի բըրթ դեյ թու յու (ծնունդդ շնորհավոր), միսթր Ջոն, արի կեր իմ լահմաջոն: Մեր ախպոր քեֆը լավ էր, քանզի երկինքը ամպել էր և երեսը բաց քնել էր ծմակում՝ խախտելով բնապահպանական կանոնները: Այդ տեղը, որտեղ պառկել էր, այն տունը, որ կառուցել էր, այն օդը, որ շնչել էր, այդ ամենը բնապահպանության դեմ էր: Բնակավայրերը հարամում են բնությունը, նրա անմեղ կուսականությունը: Կվերացնենք, կվերականգնենք պատմական տեսքն ու բովանդակությունը: Ինքնաքննադատաբար նշեմ, որ ես էլ, որ ծնվել եմ, նույնպես խախտել եմ բնապահպանության կարգուկանոնը, որովհետև ավելորդ տեղը թթվածին եմ մաշում, բնապահպանական վնաս պատճառելով հասարակությանը, նպաստելով օզոնային շերտի պատռվածքի լայնացմանը: Թեև, անկեղծ ասած, այժմ նեղն եմ ընկել, մտահոգվելով, որ ում սրի տակով ասես՝ չանցա, ինչպես իմ բազմաչարչար ժողովուրդը հազարամյակների ընթացքում՝ բյուզանդացի ու պարսիկ, մոնղոլ-թաթար, սելջուկ-թուրք ու ռուս, որոնք եկել ու անցել են չար մշուշի պես, բայց վատթարը եղել և մնում է ներքին տականքը: Դավաճանություն, նախանձ, թալան ու խաչագողություն, մի խոսքով կոռուպցիան՝ իր ամբողջ բազմազանությամբ սեփական ժողովրդի նկատմամբ: Եվ զսպանակվող հանրությունը համբերությամբ հուսացել է նրանց դարձի գալուն, բայց ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է բացվում: Ժողովուրդը գիտակցել է, որ վերջ-առաջ ինքն է տապալելու դրանց, բայց տոկացել ու չի պատկերացրել, թե ինչպես կարող է սուր բարձրացնել յուրայինների վրա և պաշտպանել իր իրավունքները, ինքն իրեն հարց է տվել, թե ինչու պետք է մեկն ի պապանց պարոնորդի, մեկն ի հարանց մուրող լինի, մեկին հազար ձի ու ջորի, մեկին ոչ ուլ մի, ոչ մաքի… Մինչդեռ դանայան անտակ տակառները շարունակել են դամոկլյան սրի նման կախված մնալ երկրի գլխին ու ահաբեկել, հարստահարել ժողովրդին, իսկ երբ հերթը հասել է հայրենիքի պաշտպանությանը, ապավինել են շարքային, հասարակ մարդու անձնվիրությանը, քանզի տերերը հաճախ անկարող, անհայրենիք, տգետ ու ծախու դրածոներ են եղել, եղել են օտարի կամակատարը՝ ընդունակ ոչ թե արարելու, այլ միայն քանդելու երկիրն ու կեղեքելու ժողովրդին: Ավելի մեծ չարիք են դարձել յուրայինի դիմակով թշնամիները, որոնց ագահությունն ու անմիաբանությունը շարունակ սպառնացել է երկրի անվտանգությանը: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես, դուք հողմերի պես կկորչեք վայրագ, և իսկապես միշտ որպես փյունիկ հառնել ենք մոխիրներից՝ գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Օրեր են, կմթնեն, անց կկենան: էս է որ կա, էս էլ կանցնի հանց երազում, թասդ բեր: Սրանք էլ կանցնեն, կգնան, մենք կապրենք հավիտյան: Այնպես որ, արիացեք, տոկացեք, դիմացեք: Հավատացեք, մեր նոր հայրենիքը ձևավորվելու է ի վրեժ և ի հատուցում անցյալի բոլոր զրկանքների, այն խորհրդանշում է ոչ թե վերածնունդ, այլ բառացիորեն միանգամայն նոր ծնունդ՝ իր ուրույն արժեհամակարգով մտածողությամբ, հոգեբանությամբ և գիտակցությամբ:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ