ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում  փուչ դուրս եկան. ինչո՞ւ
07.06.2016 | 09:31

(սկիզբը` այստեղ)

Այս փոքրիկ ընդմիջումից հետո վերադառնանք ու տեսնենք, թե մեր Լեոնիդ Իլյիչն ինչպես էր կարողանում նստել երկու աթոռների վրա ու շարունակել իր պայքարը Խորհրդային Միության կյանքի տարբեր ճակատներում: Բացի իր երկու պաշտոններից, Բրեժնևը դարձավ թիվ մեկ կենդանի կոմունիստը ու փորձեց Խորհրդային Միությունը տանել իր հետևից դեպի զարգացում, դեպի նոր, ավելի սոցիալիստական հասարակարգ, որը տեսանելի ապագայում պետք է դառնար աշխարհի ամենաամենաամենա զարգացած սոցիալիզմի երկիր:

Բայց իրականության մեջ ստացվեց ճիշտ հակառակը: Խորհրդային երկրի տնտեսությունը նա տարավ դեպի խոր լճացում ու ճահճացում: Կուսակցության համագումարներից մեկում ղեկավարներից մեկն այդպես էլ արտահայտվեց. «Լեոնիդ Իլյիչը մեր առաջնորդն է, մեր իսկական Իվան Սուսանինն է»: Նա կա՛մ չէր հասկացել Իվան Սուսանինի իրական դերը (որը լեհական շլյախտայի ջոկատը միտումնավոր ուղեկցեց դեպի անանցանելի ճահճոտ անտառները, դեպի մահ, ինչի համար սպանվեց լեհ զավթիչների կողմից), կա՛մ էլ շատ հեռատես մարդ էր և հասկացել էր, թե իրականում Բրեժնևն ուր է տանում խորհրդային ժողովրդին: Մտահոգված երկրի ճակատագրով ու իրեն շատ միամիտ մարդու տեղ դնելով, նա կարողացավ հնարամտորեն շրջանցել բրեժնևյան գրաքննությունը:

(Այդ գրաքննությունը հատուկ երանգներ ուներ, նախ, ելույթները պետք է գրվեին այնպես, որ Բրեժնևի համար դժվար արտասանվող բառեր չլինեին, որոնք նրան մշտապես գցում էին անհարմար ու անեկդոտային իրավիճակների մեջ: Հետո այդ ելույթները պետք է անցնեին քաղաքական ու գաղափարական խստագույն մաղերով, չէր կարելի թույլ տալ, որ Բրեժնևի ելույթների մեջ տեղ գտնեին այնպիսի դրույթներ, որոնք անգամ տեսականորեն հակասեին ԽՄԿԿ պաշտոնական գաղափարախոսությանը: Դրա համար ԽՄԿԿ գլխավոր գաղափարախոս Միխայիլ Սուսլովը հատուկ խորհուրդ էր ստեղծել, որի կազմի մեջ ընդգրկվում էին բոլոր հանրապետությունների ճանաչված քաղաքական գործիչներն ու գիտնականները: Այդ խորհուրդների մշտական մասնակիցն էր դառնում իմ դասախոսը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր Ռոբերտ Վարդանովը, ով մեծ հումորով էր ներկայացնում քաղբյուրոյական կյանքն ու նիստուկացը, նաև ղեկավարների տգիտության աստիճանը):

Նա մի զգուշավոր մեսիջ հղեց խորհրդային հասարակությանը, թե, ի վերջո, ինչ է սպասում Սովետական Միությանը, եթե Լեոնիդ Իլյիչը շարունակի այդպես ի միջի այլոց ղեկավարել կուսակցությունն ու կառավարել երկիրը: Նրա խոսքերը մարգարեական դուրս եկան: Բրեժնևն այնպիսի խոր ճահճի մեջ ընկղմեց Սովետական Միությունը, որից դուրս գալն այլևս հնարավոր չեղավ: Մեծագույն սխալ թույլ կտանք, եթե խորհրդային երկրի տնտեսական անհաջողությունները կապենք միայն Բրեժնևի ու քաղբյուրոյի մյուս անդամների գործունեության հետ՝ ամեն ինչ բարդելով այդ խղճուկ ծերակույտի վրա:

Սովետական բարձր ղեկավարությունն իր հիմնական իրավունքները հանձնել էր երիտասարդ օգնականներին, որոնք էլ, փաստացի, ղեկավարում էին երկրի ներքին կյանքը, ներքին ու արտաքին քաղաքականությունը ու, որ շատ կարևոր է, կադրային քաղաքականությունը: Այդ տեսակետից առավել ակտիվ էին Բրեժնևի օգնականները՝ Բլատով-Ալեքսանդրով զույգի գլխավորությամբ, որոնց կոմունիստական, գաղափարական կամ այլ հայեցակարգային հակումների վերաբերյալ որևէ ինֆորմացիա չկար, բացի այն, որ նրանք Բրեժնևի փեսայի՝ Չուրբանովի ընկերներից էին: Ցանկացած քայլ, որ կատարվում էր Բլատով-Ալեքսանդրով զույգի նախաձեռնությամբ, միայն ու միայն դժգոհության էր արժանանում խորհրդային ժողովրդի ու հատկապես մտավորականության շրջանում, որովհետև դրանք մեռելածին գաղափարներ էին, դուրս էին երկրի տնտեսության զարգացման տրամաբանությունից և, ի վերջո, վերածվում էին միայն երկրի ներքին ու արտաքին գործերը փչացնող, տնտեսությունը քայքայող նախաձեռնությունների: Չեմ բացառում, որ իրենց բոլոր գործողությունները նրանք կարող էին նախօրոք համաձայնեցնել արտաքին ուժերի հետ՝ դառնալով արտաքին ազդեցության առաջին գործակալները Կրեմլում:


1980 թվականի աշնանը առիթ էր ներկայացել հանդիպելու Չուրբանովի հետ Աբովյանի «Սիրիուս» գործարանում: ՀԿԿ կենտկոմից մեզ հրահանգ էր իջեցվել՝ ժամը 15.00-ին ընկեր Չուրբանովը գալու է գործարան, նրան պետք է ընդունել ամենաբարձր մակարդակով, ավելի բարձր, քան եթե Բրեժնևին ընդունելիս լինեինք: Մենք լավ նախապատրաստվեցինք ու շատ երկար սպասեցինք, բանվորներին պարտադրեցինք մնալ արտաժամյա աշխատանքի, որ ընկեր Չուրբանովը գա ու տեսնի, թե ինչ հարվածային աշխատանք են կատարում Հայաստանի աշխատավորները, օր ու գիշեր աշխատում են ու մտածում միայն պետական պլանները կատարելու ու գերակատարելու մասին: Իսկ Չուրբանովը չկար ու չկար, նա այդպես էլ գործարան չայցելեց, ժամանակը չէր ներել, Աբովյանի մոտով անցել ու միանգամից Սևան էր գնացել, այնտեղ՝ «Աղթամար» ռեստորանում շատ կարևոր խորհրդակցություն էր ընթանալու, որտեղ Չուրբանովի մասնակցությունը կարևոր էր և ուներ առանցքային նշանակություն: Հետագայում իմացանք, որ Սևանում տեղի էր ունեցել հերթական համամիութենական գողական «սխոդկան», որի դռները, բնականաբար, փակ էին նույնիսկ պաշտոնապես ընդունող կողմ հանդիսացող Հայաստանի իշխանությունների առջև:

«Սխոդկայի» աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, «կոնսպիրացիայի» հարցերն ամբողջությամբ դրված էին ՀԿԿ կենտկոմի վրա, բայց «սխոդկային» մասնակցելու հրավեր մեր ղեկավարներից ոչ ոք չէր ստացել, գաղտնի որոշումները նրանցից գաղտնի էին պահվել: Նման հանդիպումներում անչափ կարևոր հարցեր էին քննարկվում, կառավարական «գյադա-գյուդեքի» տեղը չէր, բայց, քանի որ հանդիպումը տեղի էր ունենում Հայաստանի տարածքում, ՀՀ բարձրագույն իշխանությունները, կենտկոմը, ԿԳԲ-ն, ներքին գործերի նախարարությունը ամեն ինչ արել էին, որպեսզի հնարավոր լիներ ապահովել այդ պատասխանատու միջոցառման կոնսպիրատիվությունն ու անփորձանք ավարտը: Մի կողմից` խորհրդային պետական պաշտոնական պրոպագանդան անընդհատ խորհրդային քաղաքացու ականջը լցնում էր զարգացած սոցիալիզմի, արդարության, կոմունիստական շաբաթօրյակների, հայրենասիրության, պրոլետարական ինտերնացիոնալիզմի, հումանիզմի ու այլ գեղեցիկ գաղափարներով, մյուս կողմից, Խորհրդային Միության բոլոր գործերը, բազմազգ խորհրդային ժողովրդի ճակատագրին վերաբերող բոլոր ստրատեգիական հարցերը լուծում էին Բրեժնևի մերձավորներն ու նրանց մտերիմները՝ ինտերնացիոնալ գողական «սխոդկաներում»: Ստացվում է, որ ԽՍՀՄ վերջին տարիներին, մինչև Գորբաչովի հանդես գալը, պետական կարևոր որոշումները կայացել են ոչ թե ԽՄԿԿ քաղբյուրոյի, պլենումների, ԽՄԿԿ համագումարների կամ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի ժամանակ, ինչին մենք միամտաբար, կասկածանքով ու պարտադրանքով, բայց, ամեն դեպքում, հիմնականում հավատում էինք, այլ գողական «սխոդկաներում»:

Ովքեր, աշխատանքի բերումով, իրազեկ էին Խորհրդային Միությունում առկա ռեալ իրավիճակին, ստիպված էին լռել ու հաշտվել սեփական ճակատագրի հետ, թաքուն կատակելով, թե «не имей 100 рублей, а имей 100 друзей» ժողովրդական ասացվածքն էլ է կորցրել իր իմաստը՝ տեղը զիջելով ավելի արդիական «не имей 100 друзей, а женись как Чурбанов» իմաստուն խորհրդին: Հիմա արդեն դժվար չէ բացատրել, թե իրականում մարդկային ի՞նչ կերպար էր թաքնված Չուրբանովի դիմակի տակ, ում թև էր տալիս Լեոնիդ Իլյիչի սիրելի դուստր Գալինա Լեոնիդովնան: Այսօր Գալինա Բրեժնևան հետխորհրդային հանրությանը ներկայացվում է ալկաշ-բոմժի կերպարով, բայց դա այդպես չէ: Բրեժնևի ժամանակ պետական կարևորության շատ ու շատ հարցեր վճռվում էին հենց Գալինա Լեոնիդովնայի թելադրանքով, ով, իր հերթին, հաշվի էր առնում իր սիրեկանների ստվար բանակի կարծիքը, խորհուրդներն ու հանձնարարականները: Թե ովքե՞ր էին այդ մտերիմները, դժվար էր իմանալ, իսկ գենսեկ հայրիկը, պետական կարևոր գործերը թողած, զբաղված էր առավել «կենսական» հարցերի լուծմամբ, հարցեր, որոնք կարող էին մտահոգել միայն ծեր ոչնչություններին: Օրինակ, Բրեժնևը շատ էր ուզում իմանալ, թե աշխարհի առաջնորդներն ինչպիսի՞ հիվանդություններով են տառապել ու ի՞նչ հանգամանքներում են կնքել իրենց մահկանացուն: Նրա հանձնարարությամբ այդ «կարևոր խնդիրը» դրվեց Խորհրդային Միության գիտական տարբեր կազմակերպությունների առջև՝ «գաղտնի» գրիֆի տակ: Պետք էր ամենայն լրջությամբ ու խորությամբ ուսումնասիրել ու պարզել, թե հին աշխարհից մինչև մեր օրերը փարավոնները, թագավորները, կայսրերը, ցարերը, պրեզիդենտներն ու աշխարհի տարբեր երկրների մյուս առաջին դեմքերը ո՞ր տարիքում, ինչո՞ւ և ինչպե՞ս են մահացել: Գուցե նա անմահության գաղտնի՞քն էր փորձում պարզել, փնտրել ու գտնել այն, թե չէ այնքան էլ լավ չի ստացվում. ճակատագրի բերմամբ գենսեկի բարձր պաշտոնը իրեն տրված է հավերժ օգտագործման համար, իսկ կյանքը հավերժ չէ, ժամանակային սահմանափակումներ կան, մի հրաժեշտ է պետք տալ, խոսելն էլ է արդեն դժվարությամբ տրվում: Բրեժնևն անկեղծորեն զարմացել էր, որ, օրինակ, Եգիպտոսի նախագահ Նասերի երիկամների մեջ քար էր հայտնաբերվել, ինչն էլ դարձել էր նրա մահվան պատճառը: Բրեժնևի ու քաղբյուրոյի մյուս կարկառուն դեմքերի մերձավորները, մի կողմ թողած կոմունիստական գաղափարախոսությունն ու կոմունիստական պոստուլատների տրցակը, իրենց վրա էին վերցրել Խորհրդային Միությունը կառավարելու հանձնառությունը՝ ղեկավարվելով միայն անձնական ու խմբակային շահերով: Այդ ազդեցությունը հաճախ այնքան անսպասելի խորքերից էր ի հայտ գալիս ու հայտածվում, որ միայն զարմանալ կարելի էր:

Իմ հաջորդ պատմության մանրակրկիտ վերլուծությունը հնարավորություն կտա հասկանալու Խորհրդային Միության անխուսափելի վախճանի հիմնական պատճառներից մեկը. ԽՄԿԿ քաղբյուրոն քայլեր էր ձեռնարկել բարձրացնելու ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետությունը՝ նրա պարտավորությունների մեջ մտցնելով նաև լայն սպառման առարկաների արտադրության խնդիրը: Հաշվարկները, առաջին հայացքից, կարելի էր շատ ճիշտ համարել: Նշված ոլորտը ըստ պահանջի ֆինանսավորվում էր պետական բյուջեի հաշվին, այնտեղ էին կենտրոնացած խորհրդային լավագույն մասնագետները, տեխնիկան ու տեխնոլոգիաները, որոնք կարողանում են բարձր մակարդակով լուծել ցանկացած բարդության տեխնիկական խնդիրներ, հաջողություններ գրանցել տիեզերագնացության, ատոմային էներգետիկայի ու մյուս կարևոր բնագավառներում, բայց խորհրդային ժողովուրդը սկսել է դժգոհել կենցաղային տեխնիկայի, առաջին անհրաժեշտության առարկաների ու նույնիսկ սննդի պակասից: Ինչպե՞ս լուծել այդ խնդիրները և նվազեցնել սոցիալական լարվածությունը երկրում, դե իհարկե, դրանք դնելով ռազմարդյունաբերական ոլորտի ուսերին. եթե կարողանում են հրաշքներ գործել ու շատ հարցերում առաջ անցնել Ամերիկայից, ի՞նչ պրոբլեմ կլինի այդ հասարակ խնդիրները լուծելու հարցում՝ սա Գալինայի հորդորն է եղել իր գենսեկ հորը: Որոշվեց ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրի գործարաններին ու ինստիտուտներին պարտադրել, իրենց գործերին զուգահեռ, լուծել նաև «շիրպոտրեբային» խնդիրներ: Նման որոշումով ԽՄԿԿ քաղբյուրոն, բացի երկրի քաղաքական կառավարման պարտականությունից, իր վրա էր վերցնում նաև արդյունաբերական ու տեխնիկական քաղաքականության պատասխանատվությունը՝ նոր իմաստ ու գաղափարական նոր լիցք հաղորդելով ոլորտին, որն առանց այդ էլ արդեն շնչահեղձ էր լինում Ամերիկայի հետ տարվող անհավասար, տևական մրցակցությունից: Քաղբյուրոն իր վրա էր վերցրել տեխնիկական ավելի ճիշտ քաղաքականություն մշակելու և վարելու առաքելությունը՝ հույսը դնելով Գալինա Բրեժնևայի ռացիոնալ առաջարկությունների իրականացման վրա. այսուհետ ռազմարդյունաբերական ձեռնարկությունները պետք է զբաղվեին լայն սպառման ապրանքների արտադրության հարցերով, ունենային իրենց օժանդակ տնտեսությունները, պարբերաբար մասնակցեին կոլխոզների ու սովխոզների աշխատանքներին, բավական է նստել լաբորատորիաներում ու դատարկաբանությամբ զբաղվել: Մոսկվայի մեր ինստիտուտում ամեն շաբաթ կամ կոլխոզի, կամ շաբաթօրյակի օր էր հայտարարվում:

Մերձմոսկովյան կոլխոզներում աշխատելու պատվին ես էլ եմ արժանացել. բավականին հետաքրքիր էր: Բանվոր, գիտնական, ակադեմիկոս, թե սկսնակ լաբորանտ պարտավոր էին իրենց ժամանակի հաշվին մասնակցել, ձրի աշխատել ու կատարել այդ կարևոր կուսակցական հանձնարարությունը` առանց մտածելու դրանից բխող հետևանքների մասին: Կոլխոզներում աշխատանքները կրում էին խիստ ձևական բնույթ ու ծայրաստիճան անարդյունավետ էին: Իմ առաջին «կոլխոզի» ժամանակ հանձնարարված էր զբաղվել կարտոֆիլի բերքահավաքով, տրակտորը վարելով անցնում էր մի քանի կիլոմետրանոց մարգերը, հետևից սկսվում էր բերքահավաքը, ինչը շատ անսովոր էր գյուղի կյանքին ծանոթ ինձ նման երիտասարդի համար. հավաքվում էին միայն հողի երեսին հայտնված կարտոֆիլի պալարները, մյուսները դիտավորյալ, ավելի ճիշտ կլինի ասել, թշնամաբար տրորում ու առաջ էին անցնում: Ես այդպես աշխատել չգիտեի, սովոր չէի, մատներով քանդում ու հանում էի բոլոր պալարները՝ միևնույն տարածքից կարողանալով մոտ երկու անգամ ավելի բերք հավաքել, բայց ինձ զգուշացրին, որ, եթե այդպես շարունակեմ, մինչև երեկո պլանը չեմ կարողանա կատարել: Այստեղ պլան կատարելը շատ կարևոր էր, հատուկ տեղեկանք էր տրվում՝ ինստիտուտի պարտկոմին ներկայացնելու համար, հակառակ պարագայում խիստ նկատողությունը, կազմակերպչական միջոցառումներով, գրված պատրաստ էր պահվում, պլանը չափվում էր ոչ թե հավաքված բերքով, այլ անցած կիլոմետրաժով: Դպրոցական տարիներին Սպիտակում մենք մասնակցում էինք շաքարի ճակնդեղի բերքահավաքին, որտեղ դպրոցականների աշխատանքը գնահատվում էր հավաքված ու մաքրված ճակնդեղի քանակով, պլան կատարելու համար հատուկ նորմա կար: Մոսկվայում դա ուրիշ ձևով էր կատարվում, ինչը, իմ կարծիքով, մարդկանց բողոքի արտահայտման յուրատեսակ ցուցադրում էր, բողոք՝ ուղղված քաղբյուրոյի ընդունած հակապետական, հակաժողովրդական որոշումների դեմ, որը չնայած իր ոչ կազմակերպված լինելու փաստին, կրում էր մասսայական բնույթ: Ես հաջորդ հրապարակումներում մանրամասն կանդրադառնամ խորհրդային ռազմարդյունաբերության քայքայման բրեժնևյան շիրպոտրեբային տեխնոլոգիաների առանձնահատկություններին, որոնց պատճառով միանգամից հետին պլան մղվեցին խորհրդային արդյունաբերության առաջատար գործարաններն ու գիտահետազոտական ինստիտուտները՝ հետզհետե իրենց տեղը զիջելով հետնապահ ձեռնարկություններին, որոնք ճիշտ ժամանակին ընկալեցին բրեժնևյան տնտեսական քաղաքականության «քաղցր» կողմերը ու դարձան ռազմական արդյունաբերության մեջ ստվերային տնտեսության հիմնադիր-նորարարներ:

Հատկանշանական է, որ բրեժնևյան չափանիշները հաշվի առնելով, ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության առաջին լավագույն կոլեկտիվը ճանաչվեց ու համամիութենական պատվո տախտակի վրա իր տեղը գտավ Ֆրունզեի (Բիշքեկի) կվարցե ռեզոնատորների գործարանը, որը ստեղծել էր իր հզոր օժանդակ տնտեսությունը ու նախարարության բոլոր ձեռնարկություններից առաջ էր անցել իր պահած ոչխարների քանակով, այդ գործարանի ոչխարի հոտը ամենամեծն էր նախարարությունում: Շատ լավ էր ստացվում՝ էլեկտրոնային արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, վակուումային հիգիենայի պայմաններում աշխատող կոլեկտիվներ ու դրանց կողքին՝ ոչխարաբուծություն, մեղվաբուծություն, անասնապահություն ու բրեժնևյան ընտանիքի առաջ քաշած այլ նորամուծություններ: Դժվար էր պատկերացնել Սերգեյ Կորոլյովի համակարգի ինստիտուտների ու գործարանների վիճակը, որոնք ոչխար, ձի կամ ուղտ պահելու հնարավորություն չունեին, որոնք անընդհատ միայն ճռռում էին ՌԱՀ-ի որոշումներով կատարվող պետական ու ռազմական կարևոր առաջադրանքների տակ՝ վստահ լինելով, սակայն, որ ի վերջո պատժվելու են շիրպոտրեբի պլանները չկատարելու, կուսակցության ու կառավարության կարևորագույն որոշումները կյանքի չկոչելու համար: Որոշ տնօրենների, ամեն դեպքում, հաջողվում էր հնարամիտ լուծումներ գտնել՝ ֆերմա-ֆիլիալներ բացելով՝ հիմնականում Ադրբեջանում ու միջինասիական հանրապետություններում: Ռազմարդյունաբերության ձեռնարկությունների համար այս վիճակը ծանր էր, առաջին հերթին, բարոյահոգեբանական առումով, բոլորը հասկանում էին, որ Խորհրդային Միության տնտեսական վիճակը այնքան է վատացել, որ իշխանությունները ստիպված են ձեռքները փրփուրներին գցել՝ ռազմարդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտը դարձնելով հետամնաց գյուղատնտեսության ու ստվերային տնտեսության օրրան դարձած քաղաքացիական արդյունաբերության բուքսիրը՝ հաշվի չառնելով այն պարզ ճշմարտությունը, որ մեկ շենը լավ է, քան տասը ավերը: Ռազմարդյունաբերության ոլորտում այս ամենը տեսնում էին՝ ընդունելով, որ երկրի տնտեսությունը արյունաքամ է լինում Ամերիկայի հետ շարունակվող սառը պատերազմի հետևանքով, որ կոմունիստական կուսակցության վարած ընդհանուր տնտեսական քաղաքականությունը կամաց-կամաց վերածվում է տեխնիկական տնայնավարության քաղաքականության, բայց լռում էին՝ ընդունելով որ այս ամենը երկար շարունակվել չի կարող, կարող է ժամանակավոր բնույթ կրել, որ երկրում իրականացվում է պարենային ծրագիր, պետք է համբերել ու սպասել, թե վերջն ինչ է լինելու՝ սո՞վ, թե՞ զարգացած սոցիալիզմ, թե՞ երկուսը միասին: Եթե ընկեր Բրեժնևը համոզված էր, որ «экономика должна быть экономной», ապա խորհրդային շարքային քաղաքացիները այդ խորաթափանց գաղափարը թարգմանում էին այսպես. «Бедные ножки, тощаете (մաշում եք) мою попу»: Ստալինի ու Խրուշչովի թողած ժառանգությունը Բրեժնևը կարողացավ հաջողությամբ մաշել ու փչացնել: Մարդիկ հասկանում էին, որ կուսակցության պարենային ծրագիրը, ԽՄԿԿ-ի առաջադրած մյուս ծրագրերի նման, սուտ է դուրս գալու ու դառնալու է հերթական անեկդոտների թեմա: Հարց «հայկական ռադիոյին». «Что такое ящерица?». պատասխան. «Ящерица это крокодил, переживший продовольственную программу СССР»: Բայց, նույնիսկ ռազմարդյունաբերական կայացած համալիրի պոտենցիալի հաշվին բնակչության պարենային ապահովման ու սոցիալական հրատապ խնդիրների լուծման ծրագրերը չէին կարող հաջողության հասնել, որովհետև հակասում էին տնտեսագիտական հանրահայտ կանոններին ու մարդկային առողջ բանականությանը, հենված էին Բրեժնևի անբարոյական աղջկա ու նրա շրջապատի մակերեսային որոշումների տրամաբանության վրա: Դրությունը ավելի սրվեց մարշալ Բաբաջանյանի սպանությունից հետո: Ես նկատի ունեմ այն հաշվեհարդարը, որ «կամակոր» հայ մարշալի նկատմամբ տեսավ Գալինա Բրեժնևան՝ ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներ Սուսլովի, ՈՒստինովի, Ալիևի մեղսակցությամբ: Վտանգը շատ հեռվից զգալու կանացի հոտառության ու պոտենցիալ հակառակորդների նկատմամբ անմիջապես հաշվեհարդար տեսնելու հակվածությամբ, Գալինա Բրեժնևան մեծ ավանդ ունեցավ իր հոր դիրքերը մինչև մահ անսասան պահելու գործում: Օրեր առաջ Ավանում բացվեց հայ ժողովրդի արժանավոր զավակ, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը, ում մահը, ըստ նրա կենսագիրների, անսպասելի ու առեղծվածային էր:

Բաբաջանյանի մահվան հարցում ես առեղծվածային ոչինչ չեմ տեսել, դա վաղուց սպասվող, ծրագրված սպանություն էր, որի մոտիվացիան ամենայն մանրամասնությամբ կներկայացնեմ հաջորդ անգամ, բայց, մինչ այդ, մեկ առաջարկ ունեմ: Ես դիմում եմ շատ խելացի միջազգայնագետ Սիրանույշ Սահակյանին, ով իր վրա է վերցրել միջազգային դատարաններում Հունգարիա-Ադրբեջան գործարքը բացահայտելու խնդիրը՝ կապված Ռամիլ Սաֆարովի գործի հետ: Իր հայցադիմումում Սիրանույշը շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ սպանվողը հայ է եղել, ինչի պատճառով է այդպիսի հակաիրավական, հակամարդկային գործարք կնքվել երկու կառավարությունների միջև, ու մարդասպանին ազատ են արձակել: Այս հարցում օգտակար կլինի պարզել նաև Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյան-Համազասպ Բաբաջանյան ազգային պատկանելության շահարկման հնարավոր տարբերակը: Հնարավոր բան չէ, որ Ադրբեջանը իր բանակցությունների առանցքում չդներ 1956 թվականին Բուդապեշտի ապստամբությունը ճնշող խորհրդային զորքերի հրամանատար Բաբաջանյանի հայ լինելու հանգամանքը:


Հ.Գ. Այս նյութի վրա աշխատելու ժամանակ շատ կարևոր լուր ստացվեց Գերմանիայից. Գերմանիայի պառլամենտը հաստատեց Հայոց ցեղասպանության փաստը և ընդունեց սեփական երկրի մեղսակցությունը: Միջազգային հանրությունը կամաց-կամաց, բայց հաստատակամորեն հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնելու համար, իսկ ի՞նչ ընդառաջ քայլեր ենք կատարում մենք, մեր հանրությունն այդ ուղղությամբ, ի՞նչ է հիմա մեզ պետք անել, որպեսզի ձեռքից բաց չթողնենք շատ կարևոր պատմական պահը: Համոզված եմ, որ այսօր մենք մի շատ կարևոր խնդիր ունենք լուծելու՝ պետք է աշխատել ու մեր տնտեսությունը ոտքի հանել այնպիսի շուքով ու հնարամտությամբ, որ ողջ աշխարհը տեսնի, զարմանա ու գնահատի մեր կատարածը: Այդ հնարավորությունը մեզ կարող է տալ Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի իմ առաջարկած ծրագիրը: Եթե այդ ծրագիրը շատերի կողմից ընկալվում է որպես, ընդամենը, արևից էլեկտրական կամ ջերմային էներգիա ստանալու շարքային գաղափար, ապա ես կարող եմ ապացուցել, որ դա այդպես չէ: Հելիոֆիկացնելով Հայաստանն ու Ղարաբաղը, դառնալով աշխարհի առաջին հելիոֆիկացված երկիրը, ունենալով առաջին քրիստոնեական երկիր լինելու միջազգային համբավը, մենք լուրջ քաղաքական դիվիդենդներ կստանանք միջազգային հանրության առաջ, ավելի վստահաբար կկարողանանք առաջ տանել Հայ դատի խնդիրները:

Տնտեսական ու սոցիալական բնույթի սպասվող ձեռքբերումների մասին այս հարցում խոսելն անգամ ավելորդ է, դրանք ակնհայտ են: Հայանպաստ միջազգային զարգացումների ֆոնին մենք տեսնում ենք նաև, թե ինչ աններելի սխալներ են շարունակում գործել մեր որոշ զինվորական ու պետական գործիչներ. կաշառքներ են վերցնում, գեներալներ են ձերբակալվում այն դեպքում, երբ ազգը կարիք ունի միավորվելու ազգային գաղափարների, հայոց հզոր տնտեսություն ու անսասան բանակ ունենալու հրամայականի շուրջ: Տնտեսության թալանի շարունակվող քաղաքականությունն ուղղակի դավաճանություն է մեր պետության կենսական շահերի, հայ ժողովրդի ու հայ դատի նկատմամբ: Այսօր ալան-թալանի, գողության, կաշառակերության, դղյակաշինության ժամանակը չէ, որքան թալանել եք, բավական է, եկել է թալանածը երկրի տնտեսության մեջ ներգրավելու ու ներդնելու ժամանակը:


(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ