Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում  փուչ դուրս եկան. ինչո՞ւ
03.06.2016 | 01:57

(սկիզբը` այստեղ)

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ


Ո՞վ էր Մոսկովը: Այստեղ մենք պետք է մի փոքր շեղվենք բուն թեմայից ու խոսենք ռուսական սպայական պատվի մասին: Ինձ մշտապես հետաքրքրել է, թե իսկապես ով է Մոսկովը, որտեղի՞ց է այդ անունը հայտնվել Հայաստանում, որը շատ է տարածված, հատկապես Շիրակի դաշտավայրի գյուղերում: Այս հարցը ես մի անգամ տվեցի իմ ընկերոջը՝ գեներալ Սամվել Մոսկովի Սաֆարյանին:
-Մոսկովը Կարսի կայազորի ռուս հրամանատարն էր, որն ինքնասպան եղավ, բայց չհամաձայնեց Կարսի բերդն ու Կարսը թուրքերին հանձնելու բոլշևիկյան որոշման հետ: Նրա հիշատակը վառ պահելու և մոռացության չտալու համար, հետագայում, Մոսկովի հավատարիմ հայ զինվորները սկսեցին իրենց առաջնեկ զավակներին կոչել նրա անունով: Ցարական բանակի սպայի պատիվը երբեք թույլ չէր տա դավաճանել իր զինվորական երդմանն ու իրեն վստահված բերդն ու քաղաքը հանձնել թշնամիներին, դա կարող էր տեղի ունենալ միայն սեփական դիակի վրայով:


Ղարաբաղում այդպես հերոսաբար, մինչև ի մահ կռվեցին մեր հերոս տղաները, ովքեր պաշտպանում էին իրենց վստահված դիրքերը՝ մեր հայրենիքի սահմանները: Վստահության չարաշահումը դավաճանություն է: Լավ կլիներ, որ մեր հայ չինովնիկները, որոնց ժամանակին ամբողջովին վստահված էին Հայաստանի հանրային, տնտեսական ու քաղաքական համակարգի կառավարման պատիվն ու ողջ պատասխանատվությունը, Մոսկովի ու մեր նահատակ հայ զինվորների նման պարտքի և պատվի զգացում ունենային, ազնիվ գտնվեին ու իրենց անձնական բարգավաճ կյանքը Հայաստանի տնտեսական դիակի վրա չկառուցեին: Բարոյականության հարցադրումներով Սադամ Հուսեյնի նման մարդկանց մասին խոսելն արդեն ավելորդ է: Թե ինչ ստացվեց Իրաքում նրանից հետո, հայտնի է բոլորիս. արդյունքում առաջացավ իսլամական մի պետություն՝ Դաիշ անունով (դաիշ՝ արաբերենից թարգմանաբար նշանակում է ավանակ): Իսլամական պետությունում դաիշ-ահաբեկիչների թվաքանակը այնքան շատ է, որ Ամերիկան, Ֆրանսիան՝ իրենց օդային հարվածներով, Ռուսաստանը՝ իր ռազմատիեզերական ուժերով մինչ օրս չեն կարողանում դրանց վերջը տալ, նրանց մի մասն էլ ապրիլյան պատերազմի ժամանակ եկել էր Ադրբեջան՝ կռվելու մեր դեմ:


Օտար դաիշների խնդիրները լուծելուց առաջ, մենք պետք է կարողանանք մեր սեփական դաիշների հարցերը պարզել ու պարզաբանել, մեզանում նրանք կան, նրանց թիվը շատ է հատկապես մեր պառլամենտում, ավելի շատ, քան աշխարհի բոլոր պառլամենտներում միասին վերցրած: Այս հարցում մենք մրցակիցներ չունենք: ՀՀ ԱԺ դաիշներին ի ցույց դնելու ու ցուցադրելու միջոցով կարելի է նույնիսկ բիզնես կազմակերպել և լավ գումար վաստակել, ինչպես առաջարկվում էր Եվգենի Պետրոսյանի հայտնի հումորում. ռուսական քաղաքներից մեկում հայտարարություն է տարածվում առ այն, որ քաղաքային պուրակում կազմակերպվելու է ավանակների եզակի ցուցահանդես, լինելու է ընդամենը մեկ ներկայացում, տոմսերը վաճառվում են: Քաղաքի բնակիչները մեկ մարդու նման նետվում են տոմսեր գնելու, որ բաց չթողնեն այդ բացառիկ միջոցառումը, դառնան միջոցառման կենդանի մասնակիցը։ Գալիս են նշված հասցեով, շրջում են պուրակում, շրջում, ավանակները չեն երևում: Սկսում են տարակուսել, միմյանց ուշադրությամբ նայել, հետազոտել ու մեկ-մեկով հետաքրքրվել, թե ո՞ւր են, վերջապես, խոստացած ավանակները: Եթե դաիշների այդպիսի ցուցահանդես-միջոցառում կազմակերպվի ՀՀ քաղաքական դաշտում, կասկածից վեր է՝ համաշխարհային մասշտաբների հետաքրքրություն կլինի. մեծաթիվ զբոսաշրջիկներ կժամանեն Երևան՝ տեսնելու, թե ինչպես են մեր դաիշներն «աշխատում», մենք, հնարավորություն կստանանք լուծելու մեր տնտեսական խնդիրները՝ տուրիստական հոսքերի կտրուկ աճի, պետական բյուջեի ավելացման, «Արմավիան» ոտքի հանելու միջոցով, հնարավոր կլինի վերջապես փակել 5 միլիարդ դոլարի հասած Հայաստանի արտաքին պարտքը: Իսկ արտասահմանյան հինգաստղանի հյուրանոցների նկուղային հարկերում օթևանող ու դրա խնայողությունների հաշվին «Marlboro» ծխող մեր հարգելի պատգամավորին՝ Բագրատյան Հրանտին, մի թախանձագին խնդրանք ունեմ. թող այսուհետ երբեք նման ատոմային կատակներ չանի, թե չէ, մեկ էլ տեսար Ջոն Քերին գրպանից հանի աղով լցված մի սրվակ ու, հղում կատարելով Հրանտ Բագրատյանին, մայրենի լեզվով հայտարարի, թե մենք ատոմային զենք ունենք: Դրանից հետո միջազգային տարբեր հարթակներում Բագրատյանի ատոմային անհաջող կատակը կարող է լուրջ ընդունվել ու տարաբնույթ քննարկումների առարկա դառնալ: Ստամբուլում դա արդեն քննարկվել է: Տեղին է ասված. մի հիմար քարը գլորեց ձորը, հազար խելոք հավաքվեց՝ չկարողացավ հանել: Զուտ բագրատյանական-հհշական-վարչապետական կատակները միայն ատոմային թեմաներով չեն սահմանափակվում, դրանցից շատերը մենք լսել, բայց լավ չենք ընկալել, խնդրեմ, դրանցից մի քանիսը հիշատակենք՝ ընտրողաբար:
Բագրատյանական կատակ թիվ 2. «Խորհրդային Միությունը թալանում է Հայաստանը, մենք հանգիստ կարող ենք ապրել մեր «Ջերմուկի» ու մոլիբդենի հաշվին»: Վերջը ի՞նչ եղավ, պարոն Բագրատյան, բազմաչարչար հայ ժողովուրդը կարողացա՞վ ապրել «Ջերմուկի» ու մոլիբդենի հաշվին: Եթե հնարավոր է նման բան, ուրեմն մարդիկ ինչո՞ւ են այսքան խեղճ ու աղքատ, ինչո՞ւ են զանգվածաբար լքել ու լքում իրենց հայրենիքը՝ գաղթական դառնում: Ձեր ու Ձեր գործընկերների մասին խոսք չկա, դուք կարողացաք ապրել ու բարգավաճել նաև առանց «Ջերմուկի» ու «օֆշորային» մոլիբդենի՝ մեթոդաբար ու հաստատապես քայքայելով ու քանդելով երկրի տնտեսությունը, տրամաբանական ավարտին հասցնելով համազգային ունեցվածքի նպատակային թալանը: Համոզված եմ, ձեր կատարածը վճարովի աշխատանք էր: Ես նկատի չունեմ այն գրոշները, որոնք Հայաստան էին մտնում թանկարժեք հաստոցներն ու սարքավորումները լոմի գնով՝ մետաղի ջարդոնի անվան տակ, վաճառելուց հետո:

Ձեզ ու Ձեր զինակից իշխանավորներին վճարել էին արտասահմանից՝ Հյուսիսից, թե Արևմուտքից, դեռևս պարզ չէ, բայց այն, որ այդ վճարումները դեռևս գալիս են, պարզ ձևով կարդացվում է ձեր չար կատակների տողատակերում: Ես դա ընկալում եմ որպես մեր երկրի տնտեսական անհուսալի իրավիճակի ստեղծման առաջին հիմնական պատճառը: Ձեզ նման գրագետ մարդը, հաշվի առնելով Ձեր ճկուն միտքը, աշխատասիրությունն ու մասնագիտական բարձր կարողությունները, չէր կարող հենց այնպես վերցնել ու Հայաստանի գիտատար և զարգացած ռազմական արդյունաբերության վերջը տալ, դա կարող էր արվել միայն դրսի ուժերի պատվերով՝ ի վնաս մեր ազգային շահերի:


Բագրատյանական կատակ թիվ 3. «Մի՛ խոչընդոտեք, թող հաստոցները դուրս տանեն, խորհրդային հաստոցները մեզ պետք չեն, դրանք մետրական սիստեմի են, դրանց փոխարեն մենք կբերենք ամերիկյան լավագույն հաստոցները, որոնք դյույմական (դյույմ կամ մատնաչափ, 2,54 սմ) են»: Հարց պարոն Բագրատյանին.
-Ի՞նչ եղավ խորհրդային մետրական սիստեմի հաստոցներից հետո, դրանք փոխարինվեցի՞ն ամերիկյան դյույմային սիստեմի հաստոցներով, թե՞ վրա հասան անկանխատեսելի միջազգային ճգնաժամերն ու հանգամանքները խանգարեցին Ձեր ծրագրերի իրականացմանը:
Իհարկե, չփոխարինեցիք։ Ձեր ծրագրերում նման բաներ չկային, խոսք էր, ասվում էր: Ձեզնից հետո Հայաստանում մեծ խնդիրներ են առաջացել, մեկ հաստոց, մեկ խառատ գտնելու համար մեր երկրում ճրագով ենք ման գալիս: Հիշեցնեմ ժողովրդական հայտնի պատգամը՝ սկզբից ձին են առնում, հետո նոր մսուրքը կապում: Դուք առուն դեռ չտեսած, սկսեցիք թռչել ու թռչկոտել ուրախությունից. ի՞նչ տեխնիկա, ի՞նչ հարստություն էր մնացել Խորհրդային Միությունից մեր գործարաններում և ինստիտուտներում, հավատալու բան չէր: Այդ դուք միանգամից թռաք գահին ու ամեն ինչ ձերը հայտարարեցիք, մեր ժողովուրդը, ղարաբաղյան էյֆորիայի և ստեղծված անհասկանալի իրավիճակներում չկարողացավ նկատել իրողությունն ու համապատասխան ձևով արձագանքել: Այդ առասպելական հարստությունը ստեղծելու համար ինձ նման մարդիկ տասնյակ տարիներ էին աշխատել:


Տեղին է Ձեզ հիշեցնել իմ ելույթը 1994 թվականի ձմռանը՝ Ձեր իսկ կազմակերպած Հայաստանի տնօրենների խորհրդակցության ժամանակ, երբ Դուք քննարկման էիք դրել Հայաստանում հարկային ու վարկային նոր բարեփոխումների Ձեր համապարփակ ծրագրի նախագիծը, որը տնօրենների հետ քննարկելուց հետո պետք է մտներ Ազգային ժողով: Դուք շատ էիք զայրացել, որ տնօրեններն ընդհանրապես ցանկություն չունեցան ելույթներ ունենալու և պաշտպանելու ձեր նախագծերը, որովհետև նրանք հիմնականում իրենց գործը լավ հասկացող, ՀՀՇ-ական ղեկավարների կաշին դաբախանից ճանաչող, խորհրդային ժամանակների տնօրեններ էին: Նրանց ելույթները Ձեզ պետք չէին, պետք էր, որ իրենց «դաբրոներով» ու հոժար կամքով Ձեր տնտեսական հանցագործ ծրագրերի մեղսակիցները դառնային։ Այդպես չեղավ:
-Ի՞նչ է, այսքան գործ ենք արել, ձեզնից ոչ մեկի դուրը չեկա՞վ,- հետաքրքրվեցիք ու միաժամանակ նախատեցիք Հայաստանի վաստակաշատ տնօրեններին, որոնց մեջ էին Կարեն Դեմիրճյանը, ուրիշները, այդ թվում՝ ես: Ձեր ներկայացրած ծրագիրը իմ դուրն էլ չեկավ, ու ես որոշեցի ելույթ ունենալ, հայտնել իմ կարծիքն ու մտահոգությունները: Իմ ելույթի բովանդակությունն այսպիսին էր.
-Շատ լավ եք արել, որ հարկային ու վարկային նոր դաշտեր եք ստեղծել, բայց, ասացեք խնդրեմ, քանի՞ կիլոգրամ երկաթ եք Ձեր կյանքում Հայաստան բերել, որ այդպես ջոմարդ-ջոմարդ, շան մսի գնով տալիս եք պարսիկներին: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ կառավարությունը մի որոշում կայացներ, որով մեր գործարանների ու ինստիտուտների լաբորատոր սարքավորումները տրամադրվեին մեր ինժեներներին, իսկ հաստոցները՝ բանվորներին՝ աշխատավարձերի գոյացած պարտքերի դիմաց, մենք կունենանք հարյուր հազարավոր լաբորատորիաներ ու արտադրություններ, կդառնանք հզոր տնտեսություն ունեցող անպարտելի երկիր: Պատերազմի ու այն ժամանակ երկրում ստեղծված ծանր տնտեսական դրության պարագայում սա էր միակ ճիշտ ճանապարհը, որը թույլ կտար պահպանել մեր երկրի արդյունաբերական պոտենցիալը, հատկապես, ռազմաարդյունաբերության ոլորտում:
Իմ առաջարկությունը Դուք լսեցիք, բայց չընդունեցիք.
-Ո՞նց կլինի, դա պետության ունեցվածքն է:


Իսկ ի՞նչ եղավ հետո պետության այդ ունեցվածքը, ո՞ւր մնացին ու ո՞ւր գնացին պետությանը պատկանող հաստոցներն ու սարքավորումները, որոնք մեզ շատ պետք էին երեկ, այսօր ու ապագայում: Միայն Ղարաբաղում հարյուր մարդ կորցնելուց հետո են Հայաստանում սկսել խոսել արդյունաբերության ու ռազմարդյունաբերության խնդիրների մասին, կարծում եմ, որ շատ ենք ուշացել ու, հիմնականում, ձեր պատճառով: Քոչարյանի ու Սարգսյանի տնտեսական անհաջողությունները ընդամենը ձեր կողմից դիտավորությամբ իրականացված կործանարար տնտեսական ու տեխնիկական քաղաքանության ուղղակի հետևանքներն են: Աստծո առաջ մենք մեղք գործած կլինենք, եթե դրանք սխալներ անվանենք: Դրանք գիտակցված, դրսերում ծրագրված ու կազմակերպված քայլեր էին, որոնք կատարվեցին Ձեր կառավարության ձեռքերով, որպեսզի ոչ ոք չկարողանա հասկանալ, դիմադրել, դեմ գնալ ու չխոչընդոտել այդ տնավեր ու բնավեր ծրագրերին: Փառք ու պատիվ մեր բանվորներին, որոնք, Ղարաբաղում կռվող մեր քաջարի զավակների նման հերոսական կռիվ տվեցին ու կարողացան որոշ գործիքներ, հաստոցներ ու սարքավորումներ, ամեն դեպքում, փրկել։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս:
Ի տարբերություն հայ չինովնիկության, մեր բանվորները մտածող, հայրենասեր ու շատ պատվարժան մարդիկ են եղել ու մնում են այդպիսին նույնիսկ հայրենիքից հեռու, նրանք հայրենիքի գործիքն ու հայրենիքի ապագան չեն ծախում, սոված կմնան, բայց չեն ծախի ու ծախվի: Տեսնելով, որ իրենց գործարաններում աշխատող հաստոցներն ու սարքավորումները դառնում են առուծախի առարկա, մասսայաբար վաճառքի են հանվում՝ հիմնականում Իրանի ուղղությամբ, հասկանալով, որ անկախ Հայաստանի իշխանությունները կազմակերպված ձևով զարկ են տալիս արդյունաբերական պոտենցիալի ոչնչացմանը, մեր բանվորները սկսեցին իրենց չկազմակերպված դիմադրողական շարժումը: Ինչպե՞ս ու ի՞նչ ձևերով ու հնարքներով էր դա արվում: Բանվորները նկատել էին, որ, մինչև առք ու վաճառքի գործարքների հարցերով գնային համաձայնության գալն ու պայմանագրերի կնքումը, իրանցի մասնագետները, պարտադիր կարգով, ստուգում էին հաստոցների աշխատանքային վիճակը։ Հաստոցները պետք էր միացնել ու մեկ փորձնական աշխատանք կատարել, որից հետո սկսում էին սակարկությունները տնօրենների հետ, ավելի ճիշտ կլինի ասել, իշխանությունների ներդրած տնօրենների հետ: Խորհրդային ժամանակների տնօրենի ձեռքը երբեք չէր գնա, որ իր աշխատող տեխնիկան գործարանից դուրս գա, վաճառվի, այն էլ օտարներին: Խորհրդային կոփվածություն ունեցող տնօրեններին դուք հասցրել էիք փոխարինել երդվյալ գիշատիչներով:

Դրածո տնօրենները ձեր հրամանները կատարում էին հաճույքով, անձնական մեծ շահագրգռությամբ, որովհետև այդտեղ փող կար, կարելի էր վաճառել ու վաճառվել, նրանց պատկերացումներով դա էր իրենց ծառայողական պարտականությունը, ինչը և համարվում էր նորմալ աշխատանքային մթնոլորտ: Ստանալով օտար գնորդների հերթական այցելության լուրը, բանվորներն անմիջապես անջատում էին ապահովիչները կամ հաստոցների վրայից հանում ու պահում էին կարևոր մասերը՝ հաստոցների համար ստեղծելով ոչ աշխատանքային վիճակ: Նման հաստոցները պարսիկները չէին գնում: Հետագայում այդ «չաշխատող» հաստոցները ձեռք էին բերում նույն բանվորները ու գործարկում էին իրենց սեփական փոքրիկ ցեխերում՝ ինչպես ես էի առաջարկել: Ասեմ, որ այդ հաստոցները ոչ միայն մնացին Հայաստանում, այլև խնամվում, յուղվում ու աչքի լույսի պես են պահպանվում ու շարունակում են ծառայել մեր գիտության ու տեխնիկայի զարգացման գործին, այդ թվում՝ իմ հելիոֆիկացիայի ծրագրի կայացմանը:


Բագրատյանական կատակ թիվ 4. «Հոսանքը մենք պետք է տանք այն հիմնարկներին, որոնց աշխատանքը ամենակարևորն է»: Սա ուղղակի սառը ցնցուղ էր ծանր դրության մեջ հայտնված հայկական գործարանների ու ինստիտուտների տնօրենների գլխին: Խորհրդային պլանային տնտեսությունն այլևս չէր աշխատում, պատվերները գնալով պակասում էին, նախկին կոոպերացիոն կապերը չեղյալ էին հայտարարվել, մեզ մտցրել էին ազատ շուկայական հարաբերությունների մեջ ու, խնդրեմ, տեսեք ու հասկացեք հայկական շուկայական հարաբերությունների առանձնահատկությունները, դրանց առաջին արձագանքը, առաջին հուժկու հարվածը մեր գործարաններին ու ինստիտուտներին. երկրի վարչապետը պետք է նստի ու, իր հայեցողությամբ, որոշի, թե սուր դեֆիցիտի պայմաններում ո՞ր ձեռնարկությանը ու ի՞նչ պայմաններով է պետք տալ էլեկտրական էներգիան: Դա էլ էր դառնում ուղղակի բիզնեսի առարկա: Անսպասելիորեն վրա հասած ճգնաժամի պայմաններում Հայաստանի իշխանությունները ոչինչ չունեին ասելու և առաջարկելու իրենց երկրի արդյունաբերական ու գյուղատնտեսական օբյեկտներին, ոչ մի ծրագիր, ոչ մի դիրքորոշում, բոլորը բերանները ջուր առած սպասում էին՝ չգիտես ինչի: Մեզ մնացել էր միայն մեկ տարբերակ. փրկվել՝ ով ինչպես կարող է, անհրաժեշտ էր վերապրոֆիլավորվել արտադրությունները, գիշեր-ցերեկ աշխատել, որպեսզի կարճ ժամանակահատվածում, առանց ֆինանսավորման, առանց կոնկրետ պատվերների, մթության մեջ կարողանայինք նոր արտադրատեսակներ ստեղծել, ինչի համար, առաջին հերթին, հոսանք էր պետք և, խնդրեմ, տնտեսագետ-վարչապետն իր կաբինետից պետք է որոշի, թե ո՛ւմ և ի՛նչ քանակի հոսանք է մտադիր տալու: Ո՞րն էր այստեղ շուկայական հարաբերությունների տնտեսագիտական տրամաբանությունը, ի՞նչ կործանիչ սահմանափակումներ է կառավարությունը դնում իր տնտեսավարող սուբյեկտների առաջ: Այստեղ ես զգացի, որ Հայաստանի կառավարությունը միտումնավոր ձևով վարում է մեր գործարանների աշխատանքների կազմալուծման քաղաքականություն, որի պարագայում բոլորը անպայման կաթվածահար կլինեն ու կփակվեն, դա այն մեխանիզմն էր, որի կիրառման շնորհիվ հնարավոր եղավ քայքայել ու քանդել մեր հայկական արդյունաբերությունը, մեր գործարանները, ինչն իր հերթին ճանապարհ հարթեց եղած տեխնիկան ու տեխնոլոգիաները վաճառքի հանելու համար:


Այս ձևով էր ուրվագծվում հետխորհրդային Հայաստանի տնտեսության հեռանկարը, սա էր պետական դավաճան իշխանությունների հետաքրքրությունների շրջանակը, սա էր ԽՍՀՄ-ը քանդող բրիգադների հիմնական պահանջը՝ առայսօր մեր տնտեսության ներկայիս թշվառ վիճակի համար Գորբաչովին մեղադրել պետք չէ: Հետաքրքիր էր, թե առաջնահերթության կարգով, վարչապետն ում է թույլ տալու էլեկտրական էներգիա տրամադրել, որի՞ աշխատանքն էր, ըստ վարչապետի, ավելի կարևորը: Կասկած չկար, որ դրանք լինելու էին միայն իշխանության հասած մարդկանց, յուրայիններին ու բարեկամներին պատկանող անկելանոցները: Իմ ղեկավարած «Էլեկտրոնստանդարտին», հաստատապես, հոսանք չէր տրվելու, ես յուրային չէի, մի օր էլ դիտավորյալ այնպիսի բարձր լարում տվեցին, որից հետո մեր հաստոցների մեծ մասը շարքից դուրս եկավ:


Վնասների հատուցման պահանջով դիմեցի դատախազություն, իբրև տեսեք` շուկայական հարաբերությունների պայմաններում էլցանցը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ինչի պատճառով մեր ինստիտուտին նյութական վնաս է պատճառվել, պետք է հատուցվի: Դիմումս անպատասխան մնաց, այնտեղ էլ էին ՀՀՇ-ականները հասցրել դիրքավորվել ու, ինչպես հետագայում պարզվեց, վերևից հրահանգ էր իջեցվել: Բագրատյանին լոյալ ձեռնարկություններում հոսանքի հետ կապված խնդիրներ չէին առաջանում, մշտապես ապահովված էին էլեկտրական էներգիայով: Դրանցից մեկի հետ ես առիթ եմ ունեցել ծանոթանալու: Դա մի փոքրիկ գրասենյակ էր՝ նախկին Մարքսի փողոցի վրա, որը զբաղվում էր ձվի արտադրությամբ, հավատալու բան չէ, բայց այդպես էր: Այնտեղ աշխատում էր կանանց մի փոքրիկ խումբ, որը հայկական արտադրության հավի ձու էր ստեղծում՝ խորամանկ տեխնոլոգիական շղթա կիրառելու միջոցով: Հավի ձվերը ստանում էին Իրանից. ենթադրում եմ` բարտերային պայմանագրերի հիման վրա: Աշխատանքի բնույթը այսպիսին էր: Պետք էր ացետոնով մաքրել ձվերի վրա եղած պարսկական գրությունները, տեղը խփել հայկական թռչնաբուծական ֆաբրիկայի կնիքը: Հեշտության համար ձուն ուղղակի թաթախում էին ացետոնի մեջ: Ես երբևիցե չեմ տեսել կամ լսել, որ սննդի արտադրության մեջ ացետոն օգտագործվի, բայց ձվի այս «արտադրությունում»... դա զուտ նորանկախ հայկական տեխնոլոգիա էր:


Հատկանշական է, որ իրենց ստեղծած ձվերը բանվորները չէին օգտագործում, նույնիսկ, ընդմիջման ժամանակ, որովհետև բերված ձվերը հին էին, ուտելու պիտանի չէին, բայց կնիքների մասին խոսք չկար, շատ թարմ էին: Եթե այդ տարիներին ձեր գնած ձվերի մեջ հայտնաբերել եք արաբական գրառությամբ ձվեր, ապա զարմանալ պետք չէր, դրանք տեղական էին, համենայն դեպս, փաստաթղթերով ու կնիքի մասով:


Բագրատյանական կատակ թիվ 5. «Բա իմ հաշիվն ի՞նչ է լինելու»: 1996 թվականին այս խոսքերը կառավարությունում լսելուց հետո ՀՀ կառավարական շենքից խցանի պես դուրս թռավ ֆրանսիացի գործարար Րաֆֆի Ալեքսանյանը, որը ցանկանում էր ստանալ ՀՀ կառավարության համաձայնությունը՝ Հայաստանում որսորդական դանակների ու պարագաների արտադրությունը կազմակերպելու համար (հիմա այն դարձած կլիներ ռազմական տեխնիկայի արտադրության ֆրանսիական գործարան)։ Բացվելու էր շուրջ հարյուր աշխատատեղ, իսկ սովորեցնող վարպետները, տեխնիկան և հումքը Ֆրանսիայից էին բերելու, պատրաստի արտադրանքը առաքվելու էր Եվրոպա և Ամերիկա:
-Ես այսպիսի նպաստավոր գործ կառաջարկեմ, շահույթ ալ չեմ ուզեր, ինձմեն փող կուզեն, սա ի՞նչ երկիր է:


Այս գործարանի պատմությունը սկսվել էր Փարիզից, պատմում էր Րաֆֆին, Փարիզի ռեստորաններից մեկում կազմակերպվել էր ֆրանսիացի գործարարների մի մեծ հանդիպում՝ Ռուսաստանի վարչապետ Իվան Սիլաևի հետ, որը խնդրում էր, որ ֆրանսիացիները ներդրումներ կատարեն Կրասնոդարի երկրամասում: Հանդիպմանը ներկա էին նաև տասը հայ գործարարներ, որոնք հավաքվել էին մեկ առանձին սեղանի շուրջ:
-Եթե ներդնելու խնդիր է, եկեք Րաֆֆուն ուղարկենք Հայաստան, տեսնենք` ինչ կա-չկա, ու հետո մայր հայրենիքում մեր ներդրումները կատարենք,- առաջարկել էր խոշոր գործարար Ջրբաշյանը:


Րաֆֆին եկավ ու տեսավ, թե ինչ կա Հայաստանում: Երբ այսօր մեր նախագահը համառորեն ներդրումներ է փնտրում արտասահմաններում, ես Րաֆֆու այս պատմությունն եմ միշտ հիշում, թե ի՞նչ չկա Հայաստանում: Նույն թվականին՝ կառավարության մեղքով չստացվեց նաև Հայաստանում հարավկորեական ֆիրմային հեռուստացույցների արտադրություն կազմակերպելու գործը: Ամեն ինչ պատրաստ էր, որ Աբովյանի «Հաշվիչ» գործարանի տարածքում սկսվեր հեռուստացույցների համատեղ արտադրությունը, դրա համար կորեացիներին պետք էր ստանալ ՀՀ կառավարության համաձայնությունը, ինչը չկարողացանք ապահովել: Այդ հարցում կառավարության ներկայացուցիչ, հետագայում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մոտեցումը այսպիսին էր.
-Դա մեզ պե՞տք է որ:
Որսորդական դանակների արտադրությունը մեզ պետք չէ, ֆիրմային հեռուստացույցների արտադրությունը մեզ պետք չէ, արևային տեխնիկայի արտադրությունը մեզ պետք չէ, ակադեմիկոս Հերունու գործերը մեզ պետք չեն, Վահան Համազասպյանի գործերը մեզ պետք չեն, մեզ ոչինչ պետք չէ, բա մեզ ի՞նչ է պետք, հարգելի չինովնիկներ ու անկախ երկրի կառավարիչներ, մի կոնկրետ բան ասեք, հասկանանք, թե ձեր մտքում, փողից բացի, էլ ի՞նչ կա, թե չէ անտեղի տեղը շտապում ու շտապում ենք, արդյունք չկա, իսկ դուք հարստանում ու հարստանում եք, արդյունքներ ունեք, որոնք տանում ու օֆշորներում եք պահում, ներդրումներ կատարում։ Մինչև ե՞րբ։ Մինչև ե՞րբ պետք է մեր երկիրը թույլ ու տկար մնա, մեր մարդիկ սահմանում զոհվեն, մի՞թե այսքանից հետո ձեզ կարելի է քրիստոնյա հայ համարել, ամոթ է, ուշքի եկեք:


Բագրատյանական կատակ թիվ 6: «Իշխանություն տվեք ինձ ու երկրի տնտեսության զարգացման բոլոր հարցերը կլուծեմ», «Հայելու առաջ», 22 մայիսի, 2016 թվական: Իր վարչապետությունից 20 տարի անց Բագրատյանը նորից իշխանություն է ուզում՝ խոստանալով, որ այս անգամ ամեն ինչ կկարգավորի, ես համաձայն եմ ու կոչ եմ անում, որ հայ ժողովուրդը սատար կանգնի նախկին վարչապետի այս նոր գաղափարին, բայց մեկ պայմանով: Թող սկզբից Հրանտ Բագրատյանը տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի, Վարդան Բոստանջյանի, Թաթուլ Մանասերյանի ու, ընդհանրապես, մեր տնտեսագիտական հանրության դատին ներկայացնի Հայաստանի տնտեսության զարգացման իր հայեցակարգը (ես նկատի չունեմ նախագահական ընտրությունների համար գրված նյութը, որը 100 հարց էր պարունակում, բայց 100 գրոշ չարժեր), ստանա նրանց դրական գրախոսությունը, ու մենք կսկսենք միասին աշխատել: Իմ նախկին սիրելի վարչապետին ասեմ, որ բագրատյանական տնտեսական ծրագրերին ես չընտելացա, դրանք մի կողմ թողեցի, կամավոր հեռացա իմ պաշտոնից, սեփական ուժերով, խելքով ու սեփական հայեցակարգով աշխատեցի մի կարևոր ծրագրի վրա, որը մեր հանրությանը հայտնի է որպես երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագիր: Այդ ծրագիրը 6 տարի առաջ պետք է քննարկման դրվեր Վարդան Այվազյանի հանձնաժողովի նիստում, չդրվեց, չքննարկվեց:

Ծրագրի իրականացման համար ինձ պաշտոն, ներդրում կամ այլ պայման ու Ձեր նախապայմաններին նման այլ նախապայմաններ պետք չեն, պետք է չշարունակեն մեզ խանգարել այնպես, ինչպես Ձեր ժամանակ էր արվում: Ես իշխանություն չեմ ուզում, ես ունեմ մեկ այլ պայման. տվեք ինձ հնարավորություն (մի՛ խանգարեք, հակաարևային օրենքներով մի՛ խլացրեք) հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը: Բերեմ հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման տեսական-տնտեսական ու քաղաքական հաշվարկային տվյալները. սպասվող համաշխարհային շուկայի ծավալները՝ 8 տրիլիոն դոլար (այս թիվը լավ պատկերացնելու համար ասեմ, որ այն 1600 անգամ գերազանցում է Հայաստանի արտաքին պետական պարտքը։ Հիշենք նաև, որ Հայաստանի ողջ ընդերքի հարստությունը գնահատված է 4 տրիլիոն դոլարի սահմաններում, որ այդ հարստությունից օգտվելու համար մարդիկ ստիպված են լինելու բնության հերն անիծել, իրենցից հետո թունավոր պոչամբարներ թողնել և այլն: Ընդերքի հարստությունը կարելի է թողնել մեր հաջորդ սերունդներին, աշխարհը միայն իշխանավորներինը չէ, ու զբաղվել արևի անսպառ էներգիայի հարցերով (բարեկիրթ ու գործարար աշխարհը մեր արածը կգնահատի), աշխատատեղերի թիվը՝ 800 հազար մարդ, արտադրվելիք գումարային արևային ջերմային էներգիայի քանակը հավասարազոր կլինի Մեծամորի կարգի հինգ առանձին ԱԷԿ-ների տված ընդհանուր էներգիային, Հայաստանի ու Ղարաբաղի էներգետիկ անվտանգության ու էներգետիկ կենսունակության աստիճանի բազմապատկում, տարեկան 0,7 միլիարդ դոլարի էներգիայի խնայողություն, գյուղմթերքների վերամշակող արտադրությունների կազմակերպում Հայաստանում, Իրանում և սփյուռքում, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացում և այլն, և այլն, էլ ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ: Ամենակարևորը՝ մեր տեխնիկայի ներդրումը թույլ կտա բարձրացնել մեր տարածքների պաշտպանությունը այնպես, որ գիշեր, թե ցերեկ օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարողանա առանց թույլտվության անցնել մեր տարածքներով: Սա իրական ծրագիր է, որը պետք է արվի, բայց չի արվում, որովհետև մեր գիտնականների առաջ բոլոր ճանապարհները փակ են պահվում Բագրատյանի վարչապետության օրերից:

Այս հոդվածաշարի միջոցով ես, ամեն դեպքում, փորձում եմ աշխուժացնել մեր տնտեսական կյանքը, հասկանալ մեր հարազատ ԽՍՀՄ-ի փլուզման իրական պատճառներն ու գտնել Հայաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարման բանալին: ՈՒրախ կլինենք, որ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը միանա մեր թիմին, վարչապետ Հրանտ Բագրատյանը մեր գործի համար պիտանի չէ, միայն խանգարելու է: Տեղական հոգսերով լի այս փոքրիկ լիրիկական շեղումից հետո մենք կվերադառնանք մեր սիրելի Լեոնիդ Իլյիչի հիմարություններին, բայց դա կլինի հաջորդ համարում:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների
հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ