ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները  իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
31.05.2016 | 08:33

(սկիզբը` այստեղ)

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ՎԱԽԿՈՏ ՈՒ ԿԱՍԿԱԾԱՄԻՏ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ

Բրեժնևը փորձեց թարմություն մտցնել կուսակցության մեջ՝ նոր անդամներ հավաքագրելով ու հրաժարվելով այն սկզբունքային կոմունիստներից, ովքեր դեմ էին իր քաղաքական կուրսին: Խորհրդային Միությունում այդպիսիները շատ էին, նրանք կային նաև ՍՄԿԿ քաղբյուրոյում: Նրանցից մեկը Բելոռուսիայի կենտկոմի առաջին քարտուղար Պյոտր Մաշերովն էր, որից Բրեժնևն ազատվեց մահափորձ կազմակերպելու միջոցով. խճուղու վրա Մաշերովի մեքենան «պատահաբար» բախվեց տրակտորի հետ: Խորհրդային մարդիկ այդ լուրն ընդունցին խիստ կասկածանքով, որը ցույց տվեց, որ պատահարների տեխնոլոգիան չի կարող մասսայական բնույթ կրել, իսկ անցանկալի կոմունիստներից ազատվելու ստալինյան ռեպրեսիվ միջոցներն իրենց արդեն սպառել էին, խորհրդային քաղաքացիները ամեն ինչ տեսնում, հասկանում ու հրապարակայնորեն քննադատում էին կուսակցական իշխանությունների դավադիր քայլերը: Պետք էր գտնել անցանկալի մարդկանցից ազատվելու, ասպարեզից նրանց դուրս մղելու նոր, անարյուն ձևեր: Կուսակցական տոմսերը փոխելը շատ հարմար միջոց էր նման խնդիրները լուծելու համար: Նոր տիպի կուսակցական տոմսի առաջին համարը տրամադրվեց Վլադիմիր Իլիչ Լենինին՝ հետմահու, իսկ երկրորդ համարը՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին՝ անձամբ՝ որպես Խորհրդային Միության առաջին կարևորության կոմունիստի ու Լենինի ամենաարժանավոր հետևորդի: Արժանավորը՝ արժանավոր, բայց նա չուներ հզոր իմպերիաները գլխավորող լիդերներին (Ստալին, Չերչիլ, Ռուզվելտ, Նապոլեոն, Հիտլեր, Պետրոս Առաջին, Պուտին) հատուկ որակական ու կամային հատկանիշները:


Կուսակցական բարեփոխումների նախաձեռնողները կյանքում շատ վախկոտ ու կասկածամիտ մարդիկ էին: Հիշում եմ իմ առաջին հանդիպումը կուսակցական բարեփոխումների հեղինակ, կուսակցության գլխավոր իդեոլոգ, Բրեժնևի «գորշ կարդինալ» Միխայիլ Սուսլովի հետ՝ նրա մերձմոսկովյան ամառանոցում: Ես այնտեղ էի գնացել նրա փեսայի ու իմ ասպիրանտ-ընկերոջ՝ Անատոլի Իսակովի հրավերով, միասին պետք է մեր գիտական թեմաները քննարկեինք: Թեյի շուրջ զրուցում էինք, երբ նա վերադարձավ զբոսանքից, ներս մտավ, տեսավ ինձ ու դիմեց դստերը.
-Ո՞վ է նա:
Ես ոտքի կանգնեցի, որ ներկայանամ, Սուսլովը մի պահ տեղում քարացավ, հայացքը մռայլվեց, շրջվեց ու գնաց:
-Մի՛ անհանգստացեք, նա միշտ այդպիսին է,- ինձ հանգստացրեց Մայան:


ՍՄԿԿ գլխավոր իդեոլոգը, Բրեժնևի նման, շատ զգուշավոր, ուղղակի կասկածամիտ, իր ստվերից վախեցող անձնավորություն էր: Նման մարդիկ ունակ չէին երկիրն առաջ տանելու: Բրեժնևի ու նրա թիմակիցների համար գերխնդիր էր դարձել երկրի ներքին կայունության ապահովումը ո՛չ ձախ, ո՛չ աջ: Ինչը լավ միջավայր էր ստեղծել տարբեր կարգի միջակությունների գործունեության համար, որոնք կարողացան կամաց-կամաց կյանքի բոլոր բնագավառներից դուրս մղել կարող ուժերին՝ երկրում ստեղծելով, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած, իսկական գաղջ մթնոլորտ, որը աշխատավոր մարդկանց մղում էր դեպի պասսիվություն՝ հույսով, որ մի օր մի բան կփոխվի, այդպես երկար շարունակվել չի կարող:
-Ո՞վ է ասում, թե Իլյիչը չկա, ահա՛ մեր Իլյիչը, նա կենդանի է, նա մեր կողքին է,- կուսակցության համագումարներից մեկում քծնանքով հայտարարում էր Ալիև Ավագը՝ Հեյդարը:
Բայց մարդիկ բոլորովին այլ կարծիք ունեին Բրեժնևի մասին: Հայտնի է այսպիսի մի պատմություն. կոմունիստներից մեկը, կուսակցական ժողովի ժամանակ, կարծիք է հայտնում, թե Բրեժնևը հիմար է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, գործից ու կուսակցությունից անմիջապես հեռացնում ու դատի են տալիս, դատապարտում են 17 տարվա ազատազրկման, որից 2 տարին՝ խուլիգանության, 15 տարին՝ պետական գաղտնիքը բացահայտելու համար: Բայց Բրեժնևն այդքան էլ հիմար չէր, նա ուղղակի ծայրաստիճան ինքնահավան ու անձնական ամբիցիաներով տառապող անձնավորություն էր, որ այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե ինչ ծանր ու պատասխանատու գործի է ինքն անցել, որ դարձել է հզոր գերտերության լիդեր, որ այդ գերտերությունն ունի բազում անհետաձգելի խնդիրներ, որոնց լուծման համար մեծ կամք, խելք ու համարձակություն է պետք ունենալ, որը նա չուներ: Նա ասպարեզ էր իջել բախտի բերմամբ՝ հիմնականում զվարճանալու, վայելելու ու տարատեսակ մեդալներ ստանալու համար՝ հույս ունենալով, որ երկրում ամեն ինչ կարգին կլինի, ամեն բան իր հունով կընթանա, որ Խորհրդային Միությունը մի օր անպայման կհասնի զարգացած սոցիալիզմին, ու բոլոր քաղաքացիները գոհ կլինեն իրենց կյանքից: Կարծիքներ կան, որ աֆղանական պատերազմն սկսելու պատճառներից մեկն այն էր, որ Բրեժնևին անհրաժեշտ էր մեկ պատերազմում ինքնուրույն հաղթանակ տանել, որի հիման վրա հնարավոր կլիներ նրան շնորհել գեներալիսիմուսի բարձր կոչում: Բոլոր իմաստաշատ ու անիմաստ կոչումները նա արդեն ստացել էր՝ հերոսի հինգ աստղ (Ժուկովն ու Պոկրիշկինը չորս ունեին), Հաղթանակի շքանշան (մինչև Բրեժնևը ունեին միայն Իոսիֆ Ստալինն ու Գեորգի Ժուկովը), իսկ գեներալիսիմուսի կոչումը նա դեռևս չուներ, չէր ստացել: Իր ստացած բոլոր կոչումները միասին վերցրած ոչինչ էին գեներալիսիմուսի համեմատ, որն աշխարհում ստացել էին միայն Սուվորովը, որի տատը հայ էր, Ստալինը, որի հայրը հայ էր, Չան Կայ Շին, Ֆրանկոն ու Սալազարը: Եթե նրան հաջողվեր հաղթանակ տանել աֆղանական պատերազմում, ապա նրան անպայման կշնորհվեր նաև գեներալիսիմուսի հազվագյուտ կոչումը: Այդ վարկածի մասին 1972-ին ես իմացել եմ Մոսկվայում՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալից։ Ճիշտ է, մի քիչ խմած վիճակում էր այդ մասին պատմում, այնուամենայնիվ, որոշ տրամաբանություն այստեղ կարելի էր տեսնել: Աֆղանստանում Բրեժնևը չկարողացավ տոնել իր հաղթանակը, դա տեղի չունեցավ՝ ամերիկացիները խանգարեցին: Բրեժնևի հիմար լինելու վարկածն այնքան էլ մեծ պետական գաղտնիք չէր, բայց քանի որ խոսեցինք հիմարների մասին, արժե այդ առիթով հիշել նաև Հայաստանի որոշ քաղաքական դեմքերի՝ մերօրյա հերոսների:


Ինձ շատ չզարմացրեց, բայց մտահոգեց տնտեսագիտության դոկտոր, ՀՀ նախկին վարչապետ ու ՀՀ ԱԺ ներկայիս պատգամավոր Հրանտ Բագրատյանի արտահայտած հետևյալ միտքը՝ այո՛, Հայաստանում ատոմային զենք կա: Ո՞րն էր այս հայտարարության բուն նպատակը, ի՞նչ էր դրանով նա փորձում ասել, ապացուցել ու հասկացնել, անձամբ հասկանո՞ւմ էր արդյոք նա, թե ի՛նչ ատոմային ռումբ է իր հայտարարությամբ նա դնում Հայաստանի արտաքին քաղաքականության պլատֆորմի տակ ու միջազգային ի՛նչ պատժամիջոցների են ենթարկվում նման արկածասեր երկրները, որոնք, ընդհանրապես, փորձում են մտածել ատոմային զենք ունենալու մասին: Մի՞թե սա մեր չփլաղ ջանին կատու շալակել տալ չէ, որքա՞ն կարելի է համբերել ու հանդուրժել մեր խելոքների տեղին-անտեղի ելույթները: Մայիսի 22-ին, արդեն «Հայելու» առաջ, Հրանտ Բագրատյանը՝ հարցին՝ ադրբեջանցիները կարո՞ղ են նորից հարձակվել Ղարաբաղի վրա, տվեց այսպիսի հաստատողական պատասխան.
-Կարող են, հիմար կլինեն, եթե չհարձակվեն:


Սա ի՞նչ է, Բագրատյանը փորձում է ադրբեջանցիներին թասիբի՞ գցել, որ նոր հարձակումներ սկսվեն մեր դիրքերի ուղղությամբ, որ ի՞նչ լինի: Ո՞Ւմ ջրաղացին էր նա ջուր լցնում։ Նման դեպքերում ավելի տեղին կլինի ասել, թե ո՞ւմ պատվերն էր կատարում, մեզ պարզ դարձավ մի քանի օր հետո, երբ Իլհամ Ալիևը՝ Ստամբուլում կայացած ՄԱԿ-ի մեծ գագաթնաժողովում, ելույթ ունեցավ ու մեզ՝ հայերիս մեղադրեց... միջուկային զենք ստեղծելու և Ղարաբաղում ագրեսիվ գործողություններ նախաձեռնելու մեջ: Հաջորդ օրն այդ նույն ստամբուլյան գագաթնաժողովում, ելույթ ունեցավ մեր արտգործնախարարի տեղակալը, որը, փաստորեն, ստիպված էր հերքել Հրանտ Բագրատյանի հայտարարությունն ու ապացուցել, որ հայերս ուղտ չենք: Ալիևի միջուկային մեղադրանքը ամբողջովին հիմնված էր Հրանտ Բագրատյանի հայտարարության վրա, որն ուներ ընդամենը շաբաթվա վաղեմություն:


Պետք է ընդունել, որ նման հայտարարությունները երբեք պատահաբար չեն արվում ու, սովորաբար, առատորեն վարձատրվում են շահագրգիռ կողմերի գրպաններից, տվյալ դեպքում՝ Ալիևի գրպանից ըստ «ծառայություն ծառայության» դիմաց գողական հարգված սկզբունքի: Որո՞նք են Ալիևի ու Բագրատյանի ընդհանրությունները միջուկային զենքի հարցում: Ալիևը ևս այնքան տգետ չէ, որ հենց այնպես, առանց բավարար հիմքեր ու փաստարկներ ունենալու իրեն թույլ տար միջազգային հեղինակավոր համաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ու հարյուրից ավելի երկրների բարձրաստիճան ղեկավարների ներկայությամբ, այդպիսի պատասխանատու հայտարարություն անել՝ գոյություն չունեցող հայկական միջուկային զենքի վերաբերյալ: Դրա համար նրան կոնկրետ փաստեր ու հիմնավորումներ էին պետք, որոնք նա ճիշտ ժամանակին ստացավ Երևանից, անձամբ Բագրատյանից: Ալիևը բոլոր հիմքերն ուներ այդ հայտարարության վրա հենվելու, որովհետև Բագրատյանը պատահական մարդ չէր, այլ պատկառելի քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ գործող պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու, դոկտոր-պրոֆեսոր: Ալիևի կողմնակիցների լսարանի համար դա բավականին ծանրակշիռ փաստարկ էր: Նման «պիտանի» հայտարարությունները պետք է որ վճարվեն միջազգային գրանտներով կամ շահագրգիռ երկրների, տվյալ դեպքում, Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից:

Այստեղ Ալիևի մտահոգության առարկան ամենևին էլ ատոմային զենքը չէր, նրա նպատակներն ավելի հեռահար են: Համաշխարհային հանրության համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ատոմային զենք ստեղծելու համար, որպես սկզբնաղբյուր կարող է ծառայել միայն Մեծամորի ատոմակայանը, որը, դատելով Ալիևի ելույթի տրամաբանությունից, պետք է անմիջապես փակել տալ՝ միջազգային հանրության պահանջով ու գերտերությունների պարտադրանքով: Ոչ ավելի, ոչ պակաս: Փակել Մեծամորի ատոմակայանը նշանակում է ծանր հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը, որը հազիվ է շնչում, բայց զարգացման միտում ունի։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր տնտեսության վերակենդանացման խնդիրը խիստ օրակարգային ու հրամայական է դարձել: Ալիևը երբևիցե չի էլ թաքցրել Հայաստանի ու Ղարաբաղի հարցերում որդեգրած իր ստրատեգիական պլանները:


-Ես հո հիմար չե՞մ, որ պատերազմեմ, ես կսպասեմ այնքան ժամանակ, մինչև հայերն իրենք ստիպված լինեն հանձնելու Ղարաբաղը, պետք է սպասել, որ Հայաստանի տնտեսությունը վերջնականապես քայքայվի, այն երկար չի կարող դիմանալ, մարդիկ երկրից հեռանում են, տնտեսությունն անընդհատ անկում է ապրում, ամեն ինչ կստացվի առանց պատերազմի,- այս միտքը Ալիևը բազմիցս է արտահայտել իր կուլուարային զրույցների ընթացքում:
Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը ամենևին էլ Ալիևի նախաձեռնությունը չէր, դա քայլ էր, որը նա կատարեց դրսի ուժերի պարտադրանքով ու ներքին ուժերը համախմբելու նպատակով: Այդ լոկալ պատերազմում մեր պատանի զինվորներից ու քաջարի սպայակազմից նա լավ դասեր ստացավ ու հասկացավ, որ պատերազմն առայժմ տարբերակ չէ իր համար, այսուհետ պետք է զբաղվել Հայաստանի ներքին կյանքի ապակայունացման, տնտեսության քայքայման հարցերով: Այս տեսանկյունից Բագրատյանը իսկական ձեռքբերում էր Ալիևի համար, նրա հարազատ եղբայրը: Բագրատյանի նման հայտարարությունները պետք է լուրջ հետաքննության առարկա դառնան մեր ազգային անվտանգության ծառայությունում, այլապես դրանց պոչը չի երևում: Այստեղ ես ինձ թույլ կտամ երկու համեստ խորհուրդ տալ Հրանտ Բագրատյանին ու մեր քաղաքական էլիտային, ընդհանրապես: Հարգելիներս, դուք մտել եք կրկես ու բռնել եք կրկեսի կեսը՝ մյուս կեսը թողնելով իշխանական թևի հանճարեղ անճարներին: Միկրոֆոնների առաջ խոսում ու խոսում եք, մեր ժողովրդի ուշադրությունը անընդհատ շեղում եք երկրի կարևոր գործերից, բավական է, թողեք քաղաքական ասպարեզն ու հեռացեք, երկրում կան ձեզնից ավելի խելացի ու գործունյա մարդիկ, նրանց ասպարեզ է պետք տալ, Հայաստանը ձեզ համար կրկես-ներկայացում չէ: Խոսելուց առաջ մտածեք, թե ինչ եք ասում, մի ասեք այն, ինչը մտածում եք, թշնամիները ձեր խոսքերն իրենց համար մատի փաթաթան են դարձնում ու մեր ժողովրդի և զինվորների քթերից բերում:


Ես մի կարևոր առաջարկություն ունեմ անելու. պետք է օրենքով պարտադրել, որ իրենց վարկաբեկած, երկիրը այս աստիճանի թշվառության հասցրած քաղաքական գործիչները թողնեն ու հեռանան քաղաքական ասպարեզից՝ տեղը զիջելով այն երիտասարդ զինվորներին ու սպաներին, որոնք ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար պաշտպանեցին մեր հայրենիքի սահմանները: Ավելի լավ կլիներ, որ Բագրատյանը, որպես պատկառելի տնտեսագետ, զբաղվեր իր գիտությամբ ու գիտականորեն բացատրեր, թե ի՛նչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների արդյունքում էր, որ խորհրդային ժամանակներում կայացած մեր երկիրը, իր վարչապետության օրվանից սկսած, հայտնվեց այսպիսի խոր տնտեսական ճգնաժամի ու պատերազմի մեջ, ու որն է լինելու այդ ծանրագույն ճգնաժամը հաղթահարելու օպտիմալ ճանապարհը: Մի՞թե մեր անթիվ, անհամար տնտեսագետների համար մեր տնտեսական խնդիրների վերլուծությունը պակաս հետաքրքիր է, թե՞ դրանք այնքան անհասկանալի ու անըմբռնելի են, որ ստիպված են լինում տարբեր անբարոյական զրույցներ վարել՝ ոչ տնտեսական թեմաներով: Բավական է, 25 տարի դիմացել ենք, էլ չենք ուզում, չենք ուզում վտանգել մեր քաղաքացիների, մեր երեխաների ու զինվորների կյանքը՝ հանուն մի քանի կույտիկ քաղաքական գործիչների շահադիտական նպատակների: Ի վերջո, քանի՞ հայի գլուխ պետք է թուրքերը կտրեն, որ մենք, վերջապես, խելքի գանք, հասկանանք մեր անելանելի դրությունն ու համապատասխան հակաքայլեր գտնենք: Մի՞թե Բագրատյանը չի հիշում, թե ինչ եղավ Իրաքի հետ, երբ Սադամ Հուսեյնը կեսլուրջ, կեսկատակ, բայց, ամեն դեպքում, դրսի ուժերի «խորհրդով» որոշեց ահ ու սարսափ տարածել իր թշնամիների մեջ՝ հայտարարելով, որ իր երկրում ատոմային զենք կա: Նրա կարճ խելքով այդ բլեֆը թույլ կտար վախեցնել իր ներքին ու արտաքին թշնամիներին, կախման ու սարսափի մեջ պահել նրանց, թեև ինչ-որ տեղ նա ճիշտ դուրս եկավ, հենց այդպես էլ ստացվեց, Իրաքի թշնամիները միանգամից վախեցան: Ամենից շատ վախեցավ Ամերիկան: Ամերիկան այնքան էր վախեցել, որ Ջորջ Բուշը ստիպված եղավ անմիջապես հարձակում սկսել Իրաքի դեմ ու չեզոքացնել Իրաքի ղեկավարին, որպեսզի իր քաղաքացիները կարողանան գիշերները հանգիստ քնել, վախի ու սարսափի մեջ չապրեն: Կատակասեր Սադամ Հուսեյնը նաև շատ վախկոտ ու մորթապաշտ գտնվեց, կաշին փրկելու հույսով նա իր մարմինը ջրհորի մեջ էր թաքցրել, մինչև ե՞րբ ու ի՞նչ հույսով, չգիտեմ, միևնույն է՝ գտան, դուրս բերեցին ու կախեցին, նա իր մեջ բավարար ուժ չգտավ անգամ ինքնասպան լինելու, որը, նման պարագաներում, պատշաճ է պետական ու քաղաքական գործիչներին:
Նման դեպքերը պատմության մեջ շատ են: Այդպես վարվեց Կլեոպատրան՝ Եգիպտոսում, Հիտլերը՝ Գերմանիայում, Սալվադոր Ալիենդեն՝ Չիլիում, Մոսկովը՝ Կարսում, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Երևանում և այլն:
Ինձ թող ներեն մեր ընթերցողները, ցուցակում թյուրիմացաբար հայտնվել է նաև անկախ Հայաստանի առաջին նախագահի անունը, որը, իշխանությունը հանձնելուց հետո, ինքնասպան չեղավ: Նա այդ պատվից հրաժարվեց ոչ թե նրա համար, որ պատվարժան մարդ չէր, այլ նրա համար, որ նման քայլի դիմում են սկզբունքային, գաղափարի, արժանապատվության, պարտքի զգացումի, հավատարմության կատեգորիաներով ղեկավարվող գործիչները։ Իսկ նա այդպիսին չէր: ԼՏՊ-ի կերպարի մեջ այս կատեգորիաները արժեք չեն ունեցել՝ թեկուզ և այն պատճառով, որ նա չընտրված (1996-ին), ինքնակոչ նախագահ էր, որը, սակայն, կարողացավ իր թիմակիցների հետ պատմական կարճ ժամանակահատվածում իրեն վստահված երկրի տնտեսությունը լիովին ավերել ու մսխել: Այս ամենը կարող ենք ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք ու նրա կողմից հերոսական քայլեր կատարելու սպասելիքներ չունենանք, պետք է հաշտվել այն մտքի հետ, որ նա ողջ և առողջ է, իրենից գոհ, միտինգների ժամանակ նորանոր մտքեր է արտահայտում, գրքեր է գրում, ապրիլյան պատերազմից հետո նույնիսկ Ղարաբաղ է այցելում, ասել է՝ արած-չարածի համար պատասխան տալ կամ ներողություն խնդրել չի պատրաստվում: Դա ներելի է, նա Լևոն Տեր-Պետրոսյանն է, Հայաստանի առաջին ու ամենաանհաջող նախագահը և վերջ։
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների
հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ