Ալֆան և օմեգան
17.03.2020 | 00:44
Պատերազմի կուսակցություն է, բա ի՛նչ է: Հիշում ենք և պահանջում, որը թարգմանաբար նշանակում է՝ հիշաչար ենք և վրեժխնդիր: Էս չե՞ք: Արա, գետինը պատռվեր ու սաղդ մեջը լցվեիք ձեր հիշողություններով, արժեհամակարգերով ու ադաթներով, էլ չեմ ասում ազգային գաղափարախոսության ու սոցիալական արդարության մասին… Խելքի եկեք, էս ո՞ր դարն է: Թողեք հանգիստ ու բարիդրացիաբարո ապրենք մեր քաղաքակիրթ հարևանների հետ… Խմբապետական անհարկի մոտեցումներով ու ազգայնամոլական անզիջում կեցվածքով ու՞ր ենք գնալու: Նույնիսկ դրանց կուսակցական ընկեր, ավազանի անունը՝ Դրո, որ թագավոր էր, սպանեց իր տղերքից երկուսին, որովհետև այդ տղերքը հարբած՝ թքել էին մեկի երեսին։ Կառքից իջեցրել էին ու դեմքին թքել, հետո դուրս էր եկել, որ մինիստր է… Դե, տղերքը հարբած են եղել, հարբածին էլ ի՛նչ մինիստր։ Թքել էին դեմքին ու նստել նրա կառքը, մինիստրի կառքը, վա՛յ, հարամզադեք. Բայց հո չկործանվե՞ց աշխարքը... Մինիստրը աշխա՞րք էր ազատել...
Մեր օրերում նման դրսևորում կտեսնե՞ք, երբ մեր հանդուրժողականության թավշյա հեղափոխությունը բարության և սիրո հունդեր է ցանում ամենուր, ինչպես նույն Դրոն ինքնադրսևորվեց, երբ գերիների ձեռքը կրակն էր ընկել և դրանց համար ոչ սնունդ ուներ, ոչ տանիք: Շարեց մի հազար հոգու էն հերոսական փսլնքոտներից ու անկյուն կանգնեցրեց: Հարցրեց.
- Բիճո, ո՞ր աչքով էիք նշան բռնում իմ խաղաղ բնակչության վրա:
Բոլորը վախից դողդողացող ցուցամատերը տարան դեպի իրենց աջ աչքը, ու ռազմական մինիստրը հրամայեց.
- Լավ է կույր աչո՛ք, քան կույր մտո՛ք: Հանեք դրանց աջ աչքերը ու ռադ արեք, թող գնան իրենց տները… -հետո սպառնալի ավելացրեց,- էլի կանե՞ք չարություն:
- Չէ՛, չէ՛, փաշա ջան,- վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ…
- Դե՛, հայդե՜, և այլևս չհամարձակվեք խախտել մեր երկրի սահմանները, հայդե՛, ի շրջանս յուր:
Այդպես, միաչքանի մի հազար հոգի այդուհետև աշխարհին նայեց կիսով չափ՝ տեսավ միայն մինչև հասանելիք տնամերձի սահմանագիծը՝ չուր ավարտը յուրյանց ընծայված երկրորդ կյանքի, որ նրանց ընծայեց նորին գերազանցություն Դրոն:
Շնորհակալ ենք Ձեր մեծահոգության և մարդասիրական վերաբերմունքի համար, պարո՛ն նախարար:
Վերջ նախավերջին մասի, և ոչ ոք չգիտի, թե որտե՞ղ և ինչպե՞ս կայցելի իրեն իր վերջին մասը, եթե կռվում ես, ջարդում ես ու նահանջում, իբր թե խաղաղության ժամանակ գերադասելի է հանուն սեփական բարօրության պարտվելը, հետո պատերազմում զոհվել: ՈՒ՞ր ես, արի՛, հուրի փերի, խաղաղության ի՛մ աղավնի, ի՛մ սիրելի Քուռկիկ Ջալալի: Գոնե հուշիր, թե ով եմ ես, ով ես դու, ով է նա… Չգիտեմ:
Սրանց նմանները մեր օրերի սուտի վարդանմամիկոնյաններ են կերտել՝ հերոսների կերպարով, իբր թե մահապարտ հայրենապաշտներ են… Իրականում, բառիս բուն իմաստով մարդասպաններ են: Կապ չունի՝ թշնամուն են խոցել, թե յուրայինին՝ մարդ են սպանել, մա՛րդ, որն ամենաբարձր արժեքն ու ամենաթանկ կապիտալն է, թալանչիներ ու յոթը մոր ծիծ կերած աղանդավոր գործակալներ, որոնք փառք են մուրում ու ատում դասալիքներին, որոնք դեմ են զենքով իրենց տուն ու տեղը, օջախն ու հայրենիքը պաշտպանելուն… Օրինակ, իմ գործընկերներից մեկը արյուն տեսնելիս ուշագնաց է լինում և ընկնում ցնցումների մեջ: Սրան ի՞նչ կասեք: Պատերազմի բոլոր հերոսները, առանց բացառության, խաղաղ օրերի սաբոտաժնիկներ են, հակահերոսներ, քյալլեն թափած կանտուժեննիկներ: Միթոմ հենց ինքը, դրանց կարկառուն ներկայացուցիչն ի՛նչ էր՝ շատ դարեր առաջ հին Հայաստանում Վարդան Մամիկոնյան անվամբ մի սպարապետ էր կենում: Իսկ նա ո՞վ էր, որ սրբացրել, դարեր շարունակ գլխներիս են նստեցրել: Հիմա թևքերս քշտեմ, լայվ մտնեմ ու ժողովրդիս ներկայացնեմ նրա իրական կերպարը: Ոնց որ միստր Պիտկինը՝ թշնամու թիկունքում: Դետեկտիվ կինո, որ երբեք Ադոյան Մարտունը չի ցուցադրի յուր «Մոսկվա» կինոթատրոնում, մինչև չնկարահանեն: Պատմություն մի շարքային արկածախնդիր փորձառու լրտեսի մասին, որին Ճենաց աշխարհից ուղարկել էին մեր տարածաշրջան՝ երկու դրկից բարեկամ ժողովուրդների միջև թշնամություն ու կռիվ հրահրելու հանձնարարությամբ: Արդյունքում, Տղմուտ գետի ափին, մի խումբ ալկոհոլ օգտագործած փղեր առաջնագծում վրաերթի ենթարկեցին նոր զորակոչված մատղաշ զինվորներին և աշխարհազորայիններին, ինքն էլ հիվանդանոցի ճանապարհին ստացած կայուն ծանր վնասվածքներից, շտապ օգնության բժշկի ձեռքերի մեջ, կնքեց յուր մահ իմացյալ անմահությունը: Հա, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում: Բա հետո՞… Ի՛նչ շահեց: Ախր, ասողին լսող է պետք: էն խեղճ Վասակը քանի անգամ խնդրեց, աղաչեց ու պաղատեց, ոտներն ընկավ, թե՝ այ բալամ, փեշիդ քարը թափիր, հանձնվիր, կրոնափոխվիր, թեկուզ ազգափոխվիր, ախր ուրիշ մարդ չեն, մեր հարևաններն են, արևելքի ամենաժողովրդավար, ամենաբարի ու մարդասեր ազգը: էս քորփա ըրեխեքին էդ անիրավ աշխարհքը մի գցիլ: Չէին ուզում, լալիս էին մայրերը, բայց պատերազմի հրձիգ Վարդանը չհամաձայնվեց, երկու ոտքը մի ոտնաման խոթեց, համառորեն կողի ընկավ՝ դրանով իսկ դառնալով բարոյական հաղթանակների պատմական կնքահայր և պարտիզանական երկարամյա կռիվների սաբաբ՝ հետմահու:
Մի պայծառ առավոտ էր, մի տխուր լուսընկա պարզկա գիշեր, հովիվները սարերում, աշխարհի դարդ ու ցավից հեռու, խաղաղ քշում էին յորղա էշեր, իսկ Ավարայրի դաշտավայրում՝ լուսապայծառ առավոտներից մեկն էր: Ձմեռային արեգակն ավելի ջերմ ու հաճելի էր, քան ամառվա կիզիչ արևը: Այդ պատմական օրը հավերժորեն վառ կմնա համայն մարդկության հիշողության մեջ: Համ իրա գլուխը կերավ, համ էն խեղճ ու անմեղ էրեխեքի՝ լրիվ իզուր, նահախ տեղը, առ ոչինչ: Միայն երկնային տիրոջն է հայտնի, թե քանի ու քանի դիվանագետ, աշխարհի չեմպիոն ու ճատրակի վարպետ կորցրինք: Վայ թե նա էլ չտիրապետի էդ համրանքին… Կյանքիցդ ձեռ էիր քաշե՞լ՝ էն ղշլաղցի Նիկոլոս Դումանի նման, մոտալուտ մահվանից խուսափելու համար, տղամարդավարի հանեիր պիսդալետն ու դնեիր ձերդ պայծառափայլության ճաճանչափայլ ճակատին: Նրա նման բղավեիր՝ «մա՛հ կամ ազատությո՛ւն», ու ամբողջ աբոյմեն դատարկեիր դատարկ գլխիդ մեջ: Թե չէ քանի՜-քանիսն այդ օրը տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ, որն ազդեց նաև մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տրամադրության վրա, և ճարահատյալ հետևեց նրանց օրինակին, ու նրա նման քանի՜-քանիսը… Սերմնացանները զինվոր դարձան և այլևս չվերադարձան… Լրիվ՝ իզուր: Անշնորքներն իսկի մի սև թուղթ էլ չուղարկեցին հարազատներին, և արդեն տասնհինգ դարից ավելի նրանց աչքը սառչում է ճամփին նայելով:
Էս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու: Հետաքննությունը կպարզի, որ իրեն զորավար ինքնահռչակած այդ անձնավորությունը, խախտելով սահմանադրական կարգը, սադրել է մասսայական անկարգություններ և սպանություններ, պատճառ հանդիսացել բազմաթիվ զոհերի: Դատաբժշկական փորձաքննության է ուղարկված սպանված փղերից մի քանիսի ԴՆԹ-ն՝ պարզելու նրանց ծագումնաբանությունը, հանցանքի պահին արյան բաղադրության մեջ առկա ալկոհոլի չափը, փղերի պատկանելությունը, ալկոհոլի թորման և օգտագործման վայրը և այլն: Քննության ընթացքում պարզվել է, որ Իրանի իսլամակամ հանրապետությունում ալկոհոլի օգտագործումը խստիվ արգելված է, հետևաբար, անհրաժեշտ է մանրամասնորեն վերհանել հանցագործության ամբողջական պատկերը՝ փոխկապակցված հանցակից անձանցով հանդերձ: Սա դարիս մեծագույն քրեական բացահայտումը կդառնա, բայց առայժմ, նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ՝ հիմք ընդունելով անմեղության կանխավարկածը, որը կհաստատվի միայն դատարանի վճռով: Թեկուզ սպանվողների իրավահաջորդները եվրադատարան դիմեն, միևնույն է, չեմ ընդունելու ոչ մի կեղծ արդարադատություն, քանի դեռ ես ողջ եմ: Իսկ փոխհատուցման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ինչևէ:
Հիմա էլ սրանց թողնենք պատմության աղբանոցում ու գանք մեր օրերը: Վերջերս, անունը չտամ, բոլորդ ճանաչում եք, մի լկտի բարերար ինձ ճամպրուկով փող էր ուղարկել: Մեկ մտածեցի՝ կարո՞ղ է սրանք ուզում են ինձ կաշառել, մերժեմ, հետ ուղարկեմ, հետո բռնեմ ու սնանկացնեմ, մի բան էլ՝ հրապարակեմ էդ փաստը և խայտառակեմ աշխարհով մեկ, իմ վարկանիշն էլ շեշտակի բարձրանա, բայց հետո, երբ ռոմանտիկաս նահանջեց ու տեղը զիջեց իրապաշտությանը, մտածեցի՝ այ մարդ, մեր ժողովուրդը հազար ու մի կարիք ունի, հրեն՝ հարևանիս երեխեն էս տարի առաջին դասարան է գնալու՝ հագնելու մի նորմալ բան չունի, էլ չասեմ՝ դպրոցական պայուսակ, գրենական պիտույքներ, ընկերս վարկով լվացքի մեքենա է առել, էն երեխեն ավտո է ուզում, ղումարբազ աներձագս խրվել է պարտքերի մեջ, դաչեքը ռեմոնտի կարիք ունեն… Էս ֆոնին, ինձ ի՞նչ, թե ով է բարերարը՝ գող ու ավազակ, թե արկածախնդիր ինչ-որ դիշովկա, կարևորը, որ ներդրում է անում մեր ժողովրդական տնտեսության մեջ, ու չմերժեցի, և հիմա բարձրաձայնում եմ այդ մասին, որ հետո դեղին մամուլը գրի կամ էդ ներդրողը ստեղ-ընդեղ գլխիցը դուրս բլթացնի, ժողովուրդ ջան, դուք հպարտորեն և համարձակ մերժեք բոլոր բամբասանքները և տիրապետեք ճշմարտությանը, որը մեկն է: Էս էլ սենց:
Անցնենք առաջ: Կրկնում եմ, որքան էլ ծանր լինի, մտերիմ հարազատս անգամ, հանցագործի տեղը բանտն է: Խնդրեմ, վառ օրինակ, հորքուրիս տղեն, որ երկար տարիներ մեր գեղում համայնքապետ է աշխատել: Սկսեմ սրա բարոյական, ես կասեի, անբարոյական նկարագրից: Չեմ հիշում քանի տարեկան էր, բայց բարձր դասարանների աշակերտ, էն տարիքը, որ արյունը գլխին տված՝ ոչ հորքուր են ճանաչում, ոչ մորքուր: Էս այլանդակը իր սեռական մկրտությունը ստացավ ընտանի կենդանիների վրա: Եսիմ ինչ գրականություն էր կարդացել, եսիմ ում խորհրդով, որ Ռուստիկոն սատանային դժոխք պիտի քշի, իրեն երևակայել էր որպես մոլեռանդ մի որձակ, էլի անտեր մնացած սատանայի մատը խառն էր, խելքը թռցրած ընկել էր մեր Մաշա էծի հետևից, բայց վերջինս դիմադրել ու էնպիսի մկկոց էր արձակել, որ մեր գյադեն պրժևալսկու միասմբակ ձիու նման երկու ոտ էլ փոխ էր առել ու վարգել դեպի անտառ՝ վախից քիչ էր մնացել լեղին պատառ-պատառ լինի: Հաջորդը, բռնել էր հարևանի ղազի վզից ու բերել կոխել իրենց տան շորերի պահարանը: Ղազի լաչառ ղժղժոցի վրա տնեցիները ներս էին լցվել, մեր անմեղսունակ համբոն էլ, թե՝ ես կապ չունեմ, միամիտ մտա տուն, տեսնեմ գարդիրոբի դուռը բացել, ներս է մտել, քշո՛ արի, որ ռադ ըլնի գնա: Շուստրի տատս էր միայն գլխի էր ընկել, հասկացրել էր, թե այ ապուշ սատանի ճուտ, խելքդ անտերիդ ես տվել ու արնակոխ հայացքով ղժղժան ու լաչառ անասուններին ես վրա քշում, ի՛նչ գործ ունես դրանց հետ, հրեն՝ մեր Նաստյոնկա իշուհին՝ առատաձեռն, բարի, հեզ ու հնազանդ…
ՈՒ մի քանի ձախողումներից հետո, գոմի մեջ կայացավ մեր համբոյի դարակազմիկ սեռական մկրտությունը: Նաստյոնկան մեկ անգամ չէ, որ լուռ ու անձայն դիմացավ Համբոյի ոտնձգություններին, ենթարկվեց մարզագույքի նման: ՈՒ համը մնաց Համբոյի բերանը՝ սկսեց անշառ ազգականների վստահելի էգերից, անցավ հարևանների կնկտանց, հետո աչքը տնկեց անմարդ կնիկների ու հետագայում մարդատերերի վրա, ու պաշլո-պայեխալո (այդպես շարունակ)… Թամամ, Համբարձում Դեկամերոնիչ, իսկական բազմակի օլիմպիական չեմպիոն, Ներոնն ու Կալիգուլան սրա մոտ անմեղ արարածներ են: Ինքն իրեն համոզել էր, թե Թայիս Աթենացու զարմից է սերում: Թե որտեղի՞ց էր լսել էդ անունը, չգիտեմ, բայց հազար ու մի գիշերների Շահրիզադը սրան երանի կտար: Հա, մեկ էլ շուտ-շուտ տրոյական ինչ-որ ձիու անուն էր տալիս: Հետագայում նրա մեջ նաև բոնապարտիզմի նախանշաններ ի հայտ եկան, բայց դա մեր ցեղին միանգամայն բնորոշ ժառանգական, այլ ոչ ձեռքբերովի առաքինություն է: Մեր գեղացիք գիտեն, որ մի քիչ շաշ ենք, ժողովրդական հայերենով՝ ծուռ: Ինչ որ է: Հիմա, ոչ բարով իմ ազգական հորջորջվողի հանցավոր անցյալի մասին:
Գրոշներով սեփականաշնորհեց գյուղի համայնքապետարանի և դպրոցի շենքերը, պայմանագիր կնքեց ինքն իր հետ ու վարձով տրամադրեց համայնքին, գեղի շրջակայքի անտառը կտրտեց ու ծախեց կահույքագործներին, իբր թե աղքատներին ու պատերազմի մասնակիցների ընտանիքներին վառելափայտի օգնություն է բաժանել: Բա մարդ էնքան դուխով ու միաժամանակ ապուշ կլինի՞, որ իր անձնական հաշվի համարը տա գյուղացիներին, թե էլեկտրացանցի համարն է, փողերը էդտեղ փոխանցեք… Վերևից եկան, գյուղի էլեկտրականությունը անջատեցին, բռնվեց, բայց լավ պրծավ, փողն առան ու բաց թողեցին: Նույնը ոռոգման ջրի հարցում: Վերջերս էլ մի բարեգործի էր գցել, իբր թե գազիֆիկացրել է գյուղը, ու ինձ ասում է, թե՝ «Ապեր, որ դրան էն անտառումը սատկեցնեմ, թաղեմ, ո՞վ տի իմանա»: Այ տա, անտառ ես թողե՞լ, որ ոչ մի օքմին չտենա, բա որ հարազատները հետևից գան: Մի խոսքով, պատուհաս: Հիմա ես սրա հետ ինչպե՞ս վարվեմ:
Ասել եմ՝ փախիր, ձեռքս չընկնես: ՈՒր ուզում ես՝ չքվի՛ր, թեկուզ իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը, մինչև էդ հովանավորի զահլեն գնա բողոքելուց: Էդքան կարող եմ ինձ թույլ տալ, ոչ ավելին: Թե չէ՝ շրջապատս, հարազատ բարեկամական միջավայրս շատ մեծ է: Մեկին որ զիջեցի՝ քավոր-սանիկական մի ամբողջ արշավանք կսկսվի, որ դեմն առնել չի լինի՝ հեղեղի պես ինձ էլ կքշի, կտանի ու կկորցնի: Գիտեմ, որոշ բայղուշներ կփորձեն մեղադրել ինձ, բայց սա ամենևին կոռուպցիոն երևույթ չէ, եթե դիտարկենք մարդասիրության տեսանկյունից: Սա նույնիսկ համաներումից առավել է՝ մարդուն կործանումից փրկելու հումանիտար շրջանակներում… Հա, հարազատ ախպերս էլ լինի, պատասխան է տալու: Ոչ մի ներում-բեկում: Հիմա պատգամավորական անձեռնմխելիություն ունի ու իրա համար սուսուփուս վեր ընկած է՝ կյանքի գնով պատրաստ կռիվ տալու ինձ համար, որ մազս անգամ չպակասի՝ հանուն ժողովրդի ու մեր պայծառ ապագայի:
Դեռ լիքը գործ ունենք ավգյան ախոռները մաքրելու, դեզինֆեկցիա անելու ուղղությամբ: Ամեն օր, որ սանիտարական շաբաթօրյակ հայտարարեմ, էլի կեղտը կա ու կա, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, կերել են ու թափել, ուտում են ու թափում, և այդ ամենը շարունակվում է, որպես անցյալի մնացուկ ու հիմա էլ ամենուրեք զիբիլ է կուտակվում, դժբախտաբար: Այդ ամենը մենք առաջ ենք տանելու, հաղթահարելու ենք համաժողովրդական միասնական գերագույն ճիգերի գործադրմամբ՝ հեղափոխական առաջնահերթությունների կարգ ու կանոնով: Պատրաստ եմ նաև այդ հարցով համաժողովրդական հանրաքվե կազմակերպելու: Ֆիզիկական աղբահանությունից մինչև հոգեմտավոր ախտազերծում, տնտեսական, զբոսաշրջայինից մինչև բնապահպանական հեղափոխություն, ոլորտ առ ոլորտ: Կյանքի ենք կոչելու մեր բոլոր խոստումները: Չի ձախողվելու իմ ոչ մի ծրագիր, թե չէ ինքս իմ ձեռքով թաթիկներս կկտրեմ, ինձ բզիկ-բզիկ կանեմ ու ջանդակս թափառական շների առաջ կգցեմ…
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ