ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մասիս քաղաքում նոր նվագներ են հնչում

Մասիս քաղաքում նոր նվագներ են հնչում
08.04.2016 | 00:31

ՍԱՇԻԿԻ «РОЗЫГЫШ»-Ը


Մասիս քաղաքի ոչ այնքան բարեկիրթ անցուդարձին անդրադարձել ենք մի քանի անգամ («Իրատես», «Ասպատակությունը` Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակում 01.03.2016 թ., «Ну и семейка!», 18.03.2016 թ., «Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին», 22.03.2016 թ.), հուսալով, որ քաղաքային իշխանությունը, քաղաքապետ Սաշա Հակոբյանի գլխավորությամբ, կարգ ու կանոն կհաստատի այս քաղաքում։ Քաղաքապետ պարոն Հակոբյանը կապ հաստատեց խմբագրության հետ, ցանկանալով հանդես գալ պատասխան նյութով, թերևս նաև` հերքմամբ։ Հասկանալի է, մենք պետք է հանդիպեինք նրա հետ, ուշի ուշով լսեինք նրա պատճառաբանություններն ու փաստարկները և դրանք կուսական մաքրությամբ ներկայացնեինք մեր ընթերցողներին։ Ցավոք, պայմանավորված օրը, այսինքն` ապրիլի 1-ին, Մասիսի քաղաքապետը չներկայացավ հանդիպման (հավանաբար, նա ապրիլմեկյան կատակ էր արել` ռուսի ասածով` розыгрыш, իսկ մենք լուրջ էինք ընդունել։ Ցավալի է։ Սակայն ասենք, որ այսօր էլ պատրաստ ենք նրա ներկայացրած նյութը հրապարակելու։ Իսկ մինչ այդ զարմանալի բաներ կատարվեցին Մասիս քաղաքում, որը և ներկայացնում ենք, հուսալով, որ այս պատվարժան քաղաքի իշխանությունը վերջապես դարձի կգա։ Հուսանք և սպասենք հավատով։
Լճի (կամ լողավազանի) ափին այս օրերին բուռն թափով շարունակվում է մեծածավալ շինարարությունը։ Մեր հուսալի աղբյուրը, սակայն, ձեռքը անհույս թափահարեց, քանզի Մասիսի փոխոստիկանապետ Զոհրաբ Թազայանն ավարտին է հասցնում լճափնյա եռահարկ շենքի կառուցումը։ Տիար Զոհրաբն ապրում է իր սեփական տանը, և կեցցե՛ նա, զի շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, թե ներկա որևէ փոխոստիկանապետ ապրում է երկսենյականոց բնակարանում։ Ցավոք, տիար Թազայանի անձնական ավտոտնակը փակել է մուտքը դեպի գլխավոր փողոց։ Սակայն վերադառնանք մեզ արդեն հարազատ դարձած լճակ-լողավազանը։ Հիշո՞ւմ եք, քաղաքապետ տիար Սաշայի եղբորորդին` Կարապետ Հակոբյանը, մի քանի օր առաջ հարձակվել էր լճակի և քաղաքի արժանապատվության համար կենաց-մահու պայքարի ելած Օլգա Սարգսյանի վրա։ Հարձակումը կրկնվում է մի քանի օր անց, երբ Կարապետի գրոհին թիկունք է կանգնում նրա եղբայր, քրեակատարողական համակարգի հիմնարկներից մեկում ծառայող Մկրտիչ Հակոբյանը։ Առաջին գրոհից հետո տիար Սաշայի աննկուն եղբորորդիները շարունակում են լճափնյա տարածքի կառուցապատումը, նվաճելով նաև քաղաքային նախկին կանգառի տարածքը։ Տիկին Օլգան սա չի հանդուրժում և եղբայրներից պահանջում է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, որոնք կհիմնավորեին, որ Հակոբյան եղբայրները լույսի պես արդար են նախ` օրենքի, այնուհետև Մասիս քաղաքի բնակիչների առջև և հանգիստ խղճով կարող են Հանրապետության հրապարակը վերածել տնամերձի։ Բայց Հակոբյան եղբայրները ժամանակ չունեն արդարանալու, ամռան շունչն է խուտուտ տալիս նրանց ռունգերը, շուտով ջուրը կծփա լճում և կծաղկի նրանց հերթական բիզնես-ոտնձգությունը։ Մի խոսքով, նախկինում օպերատիվ աշխատանք կատարած Մկրտիչ Հակոբյանն իր մասնագիտական փորձն ու հմտությունը գործադրում է Օլգա Սարգսյանի վրա։ Ի դեպ, տիկին Օլգան բազմիցս գրավոր դիմել է քաղաքապետին, վերոնշյալ կառուցապատումների օրինականության մասին պատասխան ստանալու ակնկալիքով։ Պատասխան չիք։ Բայց լավ կլինի, որ հարգարժան Սաշա Հակոբյանը բազմակետերը փոխարինի վերջակետով։ Այսինքն, ավարտի այս քաղաքային թոհուբոհը և փաստաթղթերով հիմնավորի, որ Օլգա Սարգսյանի, Ջուլիետա Ավագյանի և շատ այլ մասիսաբնակների զայրույթն անտեղի է, և որ Հակոբյանները, ինչպես նաև Զոհրաբ Թազայանը, անշուշտ, նաև նրա շատ այլ թիմակիցներ զօր ու գիշեր մաքառում են վասն Մասիս քաղաքի շենացման։ Իսկ որոշ «հակահեղափոխական տիկնայք» նրանց հաղթական ամենագնացի անիվների տակ անընդհատ ականներ են տեղադրում։ Հնարավո՞ր է նման սխրանք ակնկալել։

Մի խոսքով, Օլգա Սարգսյանն ու Ջուլիետա Ավագյանը դիմել են ՀՀ ՀՔԾ-ին, բայց քանի որ ՀՔԾ-ն զբաղվում է միայն մայրաքաղաքային ապօրինությունների կանխարգելմամբ, տիկնանց բողոքն ուղղել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն։ Սակայն այս խմորը, ինչպես երևում է, դեռ շատ ջուր է վերցնելու, զի երկու կողմերն էլ անկոտրում համառություն են հանդես բերում, և նրանց ջուրը մի առվով էլ երբեք չի հոսելու։ Ըստ էության, պետք էլ չէ, որ հոսի, ուղղակի պետք է, որ Արարատի մարզպետը և ՀՀ տարածքային կառավարման նախարարը լուսարձակի տակ վերցնեն նշյալ բազմաչարչար դիմակայությունը։ Սակայն շատ չհեռանանք Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակից։ Ընդամենը այցելենք Մասիսի թիվ 1 մանկապարտեզ, ուր արժանահիշատակ դեպքեր արձանագրվեցին։ Անդրադառնանք։

ԶԱՎԵՇՏԱԽԱՂ
Մարտի 17-ին քաղաքապետարանի «Հրաշալի յոթնյակը», այսինքն` 7 ծառայողից կազմված խումբը, գրոհում է թիվ 1 մանկապարտեզի վրա, քաղաքապետարանի իրավաբան Լուսինե Աստաբացյանի և վերջինիս «զինընկեր» Գնել Ապինյանի առաջնորդությամբ։ Գնելը նախկինում զինվորական կոմիսար է եղել Արթիկ քաղաքում, այսօր Մասիս քաղաքում անհայտ ծառայություն է իրականացնում։ Այստեղ մասնակի տեղեկացնենք, որ մարտի 16-ին Հակոբյան եղբայրները վճռական ծեծկռտուք սարքեցին Օլգա Սարգսյանի հանդեպ։ Հաջորդ օրը քաղաքապետարանի «հատուկջոկատայինները» ներխուժեցին թիվ 1 մանկապարտեզ, որի տնօրեն Աննա Սարգսյանը քաղաքապետի աչքի փուշ Օլգա Սարգսյանի դուստրն է։ Բայց եկեք այստեղ հետին մտքեր չփնտրենք։ ՈՒղղակի Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի վերոնշյալ յոթնյակը զարմանալի ձևով է արձագանքում սեփական քաղաքի բնակիչների քաղաքացիական արժանապատվության դրսևորումներին, և Հանրապետության հրապարակ սրարշավելու, նաև Հակոբյան եղբայրների խուլիգանական արարքները արգելափակելու հնարամիտ եղանակ է գտել և գործընթացը սկսել է թիվ 1 մանկապարտեզից։ Այսպիսով, առավոտ կանուխ յոթնյակը մանկապարտեզում հայտնվելով, նախ, ստուգումներ է իրականացնում` պարզելու համար, թե քանի երեխա է գտնվում տվյալ պահին մանկապարտեզում։ Ի դեպ, յոթնյակի կազմում գտնվող քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Ռուբիկ Աթանեսյանը զարմանալի կրավորական կեցվածք ուներ։ Համոզվելով, որ մանկապարտեզում ննջող մանուկների թվաքանակը համապատասխանում է մատյաններում գրանցվածների քանակին, յոթնյակը հեռանում է։ Աննա Սարգսյանը այցելում է տիար Սաշիկին և փորձում պարզել, թե ինչու է հարգարժան քաղաքապետը Օլգա Սարգսյանի և Հակոբյան ընտանիքի միջև ծագած հակամարտությունը հանգուցալուծում քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող մանկական կրթօջախում։ Հասկանալի է, որ քաղաքապետը վեր է կանգնում Օլգա Սարգսյան և Ջուլիետա Ավագյան-Սաշա Հակոբյան և Հակոբյանների ընտանիք հակամարտությունից (սա, անշուշտ, պատիվ է բերում հարգարժան քաղաքապետին) և հորդորում է Աննա Սարգսյանին վերադառնալ աշխատավայր ու հանգիստ խղճով շարունակել կրթել ու գուրգուրել Մասիս քաղաքի ապագա բնակիչներին։ Աննան անվրդով վերադառնում է իր գործին, մոռանալով քաղաքապետարանի «ահաբեկչական յոթնյակի» գրոհի մասին, այն համարելով չար երազ, որը պետք էր պատմել Հանրապետության հրապարակի լճակ-ջրավազանի ափին կանգնելով, որպեսզի չարը խափանվի։ Ցավոք, լճակ-լողավազանում ջուր վաղուց չկա, ափերն էլ շինվում ու հարդարվում են։ Սկսվում է մի նոր հակամարտություն` Մասիսի քաղաքապետարան-թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյան։ Քաղաքապետը, նախ, անցնում է հոգեբանական գրոհի, սարսափազդու գրություններ է ուղարկում մանկապարտեզի տնօրենին, պահանջելով գրավոր բացատրություն տալ, թե որ խմբում քանի երեխա է ընդգրկված։ Ակներևաբար, տիար քաղաքապետին լուրեր էին հասել, որ թիվ 1 մանկապարտեզում երեխաների խիստ պակաս է արձանագրվել և անհապաղ անհրաժեշտ է.
ա) աշխատանքից ազատել տնօրենին և
բ) մանկապարտեզը լուծարել, այն հայտարարել գերակա հանրային շահ (վասն Մասիս քաղաքի հնազանդ բնակչության, լճակ-լողավազանի ափամերձ տարածքների առևտրաշահ շինվածքների և քաղաքապետարանի գրոհիչ-ահաբեկիչ յոթնյակի նյութական ու բարոյական բարգավաճման)։
Աննա Սարգսյանը պաշտոնական ազդու գրությամբ պատասխանում է յուր վերադասին, որ ամեն բան բանականի և բարոյականի սահմաններում է, երեխաներն ակտիվ հաճախում են մանկապարտեզ, նրանց թշիկները ալ կարմիր են, տեղները տաք են, փորները` կուշտ։ Այս բացատրությունը քաղաքապետարանի աշխատակազմի և քաղաքապետ տիար Սաշայի վրա ներգործում է ինչպես կարմիր պաստառը մեքսիկական կորիդայի ցլի վրա։ Հակահարվածը չի ուշանում։ Մարտի 31-ի առավոտյան ահաբեկիչ յոթնյակը, Լուսինե Աստաբացյանի խմբապետությամբ, նախ անկասելի գրոհով նվաճում է մանկապարտեզի մուտքը, այնուհետև ճանապարհ է հարթում դեպի հետաքննիչ գործունեություն։ Ոչ ավելի, բայց ոչ էլ պակաս հարգարժան իրավաբանը քանդում է մանկապարտեզի սենյակներից մեկի դարակները, երբ դաստիարակչուհին սենյակում չէր։ Աննան միջամտում է, փորձում է կանխել վերոնշյալ ոտնձգությունը։ Պարզվում է, որ իրավաբանը սևագրերն է փնտրում, որպեսզի պարզի, թե քանի երեխա է այդ օրը գրանցվել և քանիսն է տեղում հայտնաբերվել։ Խախտումներ այս անգամ ևս չեն հայտնաբերվում։ Աննան այս ամենի մասին տեղեկացնում է մանկապարտեզի հովանավոր և Մասիսի գլխավոր այլախոհ Օլգա Սարգսյանին։ Տիկին Օլգան, հասկանալի է, շտապ հասնում է մանկապարտեզ` թիկունք կանգնելու իր հովանավորյալ հաստատությանն ու սեփական դստերը։ Օլգա Սարգսյանի ներկայությունը շշմեցուցիչ ազդեցություն է գործում Լուսինե Աստաբացյանի վրա, և վերջինս, պատային վիճակում հայտնվելով, ահազանգում է ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները օպերատիվ արձագանքում են ահազանգին և նույնքան էլ օպերատիվ զարմանում, թե ինչի համար է քաղաքապետարանի իրավաբանը իրենց հրավիրել մանկապարտեզ։ Ոստիկանները, հանցակազմ չհայտնաբերելով, բնականաբար, լքում են մարտի դաշտը։ Սակայն Լուսինեն նոր մարտական գործողություն է իրականացնում, անսպասելի խլում է տնօրենի ձեռքում գտնվող ինչ-ինչ փաստաթղթեր, նետվում է դեպի մանկապարտեզի սաների համար նախատեսված գողտրիկ արտաքնոցը, փակվում է այնտեղ և սկսում է ուշի ուշով ուսումնասիրել այդ թղթերը։ Զավեշտախաղը, ինչ եք կարծում, այսքանով ավարտվե՞ց։ Բնավ։ Թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարգսյանը, մարդասիրությունից դրդված, թողնում է քաղաքապետարանի իրավաբան Լուսինե Աստաբացյանին հանգիստ խղճով և բավականին գայթակղիչ պայմաններում ուսումնասիրել և հայտնաբերել մանկապարտեզի գործունեության ինչ-ինչ մութ էջեր։ Ցավոք, ոչինչ էլ չի հաջողվում հայտնաբերել։ Աննան, Լուսինեին մաղթելով տքնաջան աշխատանքի պտուղների վայելում, դուրս է գալիս բակ, որտեղ հանդիպում է Լուսինեի թիկնազորի նորագիրներին` քաղաքապետարանի տնտեսվարին և գերեզմանատան տնօրենին։ Տնտեսվարն ու տնօրենը ի պատասխան Աննայի հարցի, թե ինչ առաքելությամբ են ժամանել թիվ 1 մանկապարտեզ, ամոթխած խոստովանում են, որ իրենց հրահանգել է քաղաքապետ տիար Սաշան։

Հուսանք, որ Մասիս քաղաքում կրքերը վերջապես կհանդարտվեն, արգո քաղաքապետը կգտնվի յուր պաշտոնական բարձրության վրա, այսինքն` կսաստի եղբորորդիներին, հետն էլ կհրահանգի Լուսինե Աստաբացյանին անմիջապես ազատել թիվ 1 մանկապարտեզի թիվ 4 արտաքնոցը, և կապամոնտաժի Հանրապետության հրապարակը բռնազավթած ապօրինի (թեկուզ և շինարարական թույլտվություն ունեցող) կառույցները, նաև ավելի նպաստավոր վայրում կտեղակայի փոխոստիկանապետ Զոհրաբ Թազայանի ավտոտնակը և այս ամենի մասին կտեղեկացնի «Իրատեսին»։ Մեծ սիրով կանդրադառնանք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ