ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ну и семейка!

Ну и семейка!
18.03.2016 | 10:33

«Ասպատակությունը Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակում» («Իրատես», թիվ 13) հոդվածը ներկայացնում էր Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի սխրագործություններն իրեն վստահված քաղաքի կենտրոնական հրապարակում։ Պարտաճանաչ հարկատու, գործարար ՕԼԳԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ և վաստակաշատ մանկավարժ ՋՈՒԼԻԵՏԱ ԱՎԱԳՅԱՆԸ Սաշա Հակոբյանի և նրա վարձկանների դեմ պայքարի առաջամարտիկներն են, նրանց թև ու թիկունք է Մասիսի բնակչությունը։ Միայն թե առայժմ բնակիչները պայքարում են քաղաքային իշխանության ասպատակությունների դեմ... հեռակա կարգով։ Մի խոսքով, տեսնենք, թե ինչեր են կատարվել Մասիսում մի քանի օր առաջ։

Ի դեպ, նյութի վերնագրում «ասպատակություն» բառը դնելով նկատի էինք ունեցել քաղաքապետի և այլոց նվաճողական գրոհների թափը, զի ասպատակը ձիավոր հրոսակախմբի անդամն է, ձիավոր հրոսակը։ Չափազանցություն կա՞ վերոնշյալում։ Բնավ, քանզի օրեր առաջ, ավելի ճիշտ մարտի 15-ին, ժամը 11.00-ին Սաշա Հակոբյանի եղբորորդին` Կարո Հակոբյանը, Հանրապետության հրապարակում հարձակվում է տիկին Օլգա Սարգսյանի վրա, կենսաբանական հիշոցներ է արձակում, սպառնալիքներ է տեղում, մի խոսքով` ակնհայտ հակահասարակական վարք է դրսևորում։ Մեր նախորդ հրապարակումը ներկայացրել էր խնդիրը` քաղաքապետ Սաշան բռնազավթել է հրապարակում գտնվող լճակի ափերը և լայնածավալ շինարարություն է իրականացնում։

Լճակը Մասիս քաղաքի բնակիչների միակ հանգստի գոտին է, նրանց սփոփանքը` հատկապես կիզիչ ամռան ամիսներին։ Կարո Հակոբյանը մարտի 15-ին վերսկսում է ձմռան ամիսներին ընդհատված շինարարական աշխատանքները, այն է` լճի շրջափակումը բետոնյա անհեթեթություններով։ Տիկին Օլգան ընդդիմանում է, ինչից էլ Կարո Գրիշայի Հակոբյանը կատաղում է։ Մնացածը ձեզ հայտնի է։ Բայց ձեզ, անկասկած, անհայտ են մի քանի ուշագրավ դրվագներ Հակոբյան «պատվարժան» ընտանիքի ոչ վաղ անցյալից։ Այսպես, 2012-ի նոյեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալում են ծաղկի առևտրով զբաղվող մի բնասեր հայորդու` Գրիշա Հակոբյանին` մեղադրելով վերջինիս թմրանյութերի առուծախի մեջ։ Պիտերի (ինչպես սիրում են իրենց հյուսիսային մայրաքաղաքն անվանել ռուսները) հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ էր պատրաստել, որում մեր անբախտ և ծաղկասեր հայրենակցին պիտակավորել էր որպես նարկոբարոնի։ Եթե չենք սխալվում, հարգարժան տիար Գրիշան ազատազրկվել է 25 տարի ժամկետով։ Ի դեպ, ձերբակալության պահին նրա ծաղկի սրահում հատուկջոկատայինները հայտնաբերել են 57,5 կգ թմրանյութ։
Ի դեպ, Գրիշան Սաշայի հարազատ եղբայրն է։

Այս տխուր և ոչ այնքան պատվաբեր պատմությունը ուշագրավ ձևով է անդրադարձել քաղաքապետ Սաշայի վրա։ Նա մասնավորապես 2014-ի մայիսի 15-ին իրականացված աճուրդում 100 լոտ հողատարածքից 92 լոտը աճուրդի է դնում կադաստրային արժեքի 50 տոկոսով։ Զարմանալի անկեղծությամբ տիար Սաշան ինքն իրեն է նշանակում ա) աճուրդի կազմակերպիչ և բ) աճուրդավար։ Այստեղ որևէ հակահանրային երևույթ չփնտրենք, քաղաքապետ Սաշան քրոնիկ անվստահություն է տածում Մասիս քաղաքի բնակիչների նկատմամբ, համոզված, որ եթե նրանցից որևէ մեկը հողակտոր ձեռք բերի սահմանամերձ այս քաղաքում, իսկույն դրանք կվերավաճառի թշնամական կողմին` ա) թուրքերին, բ) ազերբայջանցիներին։ Աճուրդը կայացավ պետականության բարձր զգացողության ներքո, զի հաղթեցին և հողակտորները հայրենիքում ամուր պահեցին Սաշա քաղաքապետի որդի Հովհաննես Հակոբյանը (4 հողակտորի տերը), քաղաքապետի եղբայր Միշա Հակոբյանը (2 հողակտորի տերը), քաղաքապետի մյուս որդին և Օլգա Սարգսյանին պատուհասած Կարո Հակոբյանը, ով Մասիս քաղաքում աճուրդում շահել և աչքի լույսի պես պահպանել է ևս 4 հողակտոր։ Աճուրդը, կռահեցիք, ուներ հույժ ռազմավարական նշանակություն և գտնվում էր ա) թուրքական և բ) ազերբայջանական հատուկ ծառայությունների սևեռուն ուշադրության ներքո։ Անգամ պատմում են, որ օսմանլու վարչապետ Դավութօղլուն աչք ուներ մասիսյան հողակտորների վրա և միջնորդավորված փորձում էր մասնակցել աճուրդին ու գրավյալ տարածքի վերածել այս մայրաքաղաքամերձ հանգրվանը։ Ախորժակիդ թթու սալոր, ապուշի մեկը, մի՞թե Սաշա քաղաքապետը թույլ կտար նման ելուզակություն։ Եվ նա փակ աճուրդ է անցկացնում։ Կեցցեք, Սաշա, Միշա, Հովհաննես և Կարապետ։ Կեցցեք, և ծաղկեցրեք Մասիս քաղաքը, որպես տնամերձ։ Ի դեպ, ինչո՞ւ տիար Սաշան ծաղիկների առք ու վաճառքով չի զբաղվում։

Բայց ժամանակն է վերադառնալու դեպքի վայր` Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակ։ Կարո Հակոբյանի հայհոյախառն ասպատակությունը կանխելու նպատակով Օլգա Սարգսյանը զանգահարում է 1-02 հեռախոսահամարին։ Նշյալ ահազանգին բավականին օպերատիվ է արձագանքում Մասիս քաղաքի ոստիկանությունը` դեպքի վայր հասնելով 1 ժամ անց։ Մասիսի ոստիկանությունը տեղակայված է, ի՞նչ եք կարծում, Լոռվա մարզո՞ւմ, ամենևին, այն գտնվում է Մասիսի Հանրապետության հրապարակից ուղիղ 113 մետր հեռավորության վրա (ինքս եմ չափել ոտնաչափով, եթե մի քանի սանտիմետր սխալվել եմ, ներող եղեք, խիստ հուզմունքից էր)։ Ի դեպ, Մասիս քաղաքի նորանշանակ ոստիկանապետն է փոխգնդապետ տիար Արտակ Ղազարյանը։ Ըստ չար լեզուների բանսարկության, տիար Արտակն է հրապարակամերձ եռահարկ կցակառույցի իրական սեփականատերը։ Ի դեպ, Կարո Հակոբյանի հրապարակային սխրանքը վավերացված է Մասիս քաղաքի ոստիկանությունում և մարզային դատախազությունում։
Մի խոսքով, զարմանալի դեպքեր են կատարվում սահմանամերձ Մասիս քաղաքում, որը գտնվում է Արարատի մարզի մարզպետարանից կես ժամվա հեռավորության վրա։ Գուցե մարզպետարանի պատասխանատուները բարեհաճե՞ն ժամանել քաղաք Մասիս և տեղում փորձեն թացն ու չորը միմյանցից զատել։ Գուցե վերոնշյալ գործերի համար արգո քաղաքապետ Սաշիկն արժանի է պետական պարգևի՞։ Մի խոսքով, այս ամենը պետք է արժանանա իշխանությունների և կառավարության ուշադրությանը։

Հ. Գ. Գրիշա Հակոբյանի պետերբուրգյան արկածների մանրամասները՝ տեսանյութում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Տեսանյութ

Մասիսի քաղաքապետի վաստակած գումարները
Դիտվել է՝ 7732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ