Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

Դատողություններ Ղարաբաղի  և Նախիջևանի հարցի շուրջ
21.11.2014 | 11:28

(սկիզբը)

Հենց 18 թվից անգլիացիները, մուսաֆաթիստները համառորեն Նախիջևանն ու Ղարարաբաղը գցում էին Ադրբեջանի սիստեմի մեջ: Նրանք ստեղծեցին մի պահի ասած «պատմական տրադիցիա», հոգեբանության և վաղեմության նման մի բան, որի վրա պնդելով` ամրացրին այն կարծիքը, որ այս երկրամասերը Ադրբեջանինը պիտի լինեն և մնան Ադրբեջանի սիստեմի մեջ: Դրան ավելացրին նաև վախը և լռությունը այս հարցերը շարժողների դեմ:
Լենինականում և Ախալքալաքում երևաց այն խաբեբայությունը, որով Քեմալական Թյուրքիան վարում էր սովետների հանդեպ իր վարքագիծը: Չեկիստ (անունը մոռացել եմ) գրում է հուշեր իր` Լենինականում եղած ժամանակի, դեպքերի մասին (գտնել նրան): Պատերազմի մեջ երևաց, թե ինչ բարեկամ է Թյուրքիան մեզ համար. նույնը և ներկայում:
Անգլոթյուրքական ագրեսիան այժմ արտահայտվում է իդեոլոգիական «< >» մեթոդով: Թյուրքիան ուզում է նոր քեմալական ներկայացում տալ, երբ մենք հաղթենք Ամերիկային: Թյուրքիայի մի նոր վտանգման ժամանակ Ն. Հիքմեթը, Մ. Իբրահիմովը պրոբլեմներ են: Հիշենք. 22(?), Բաքվի թյուրք «բոլշևիկները», 20-ի վերջերում «բոլշևիկ» սպաների արշավանքը Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Թյուրքիա` «պրոպագանդ» անելու, որոնք լավ «պրոպագանդ» արին Ղարաբաղում…
(Թյուրքիայի «կոնստիտուցիոնալ» օրիենտացիան, վիճակը է մշտական պայքար Ռուսաստանի դեմ):
Նոր ֆակտորներ Սովետական Հայաստանում` գաղութահայությունը և նոր հայրենազրկությունը: Հարկավոր է զրկել դաշնակցությանն այս հարցին մասնակցելու հնարավորությունից, որով և կարող է սնվել նա: Սա մեր Սովետական Սոցիալիստական Միության ներքին հարցն է, որ ոչ ոքի չենք զիջի: Սովետական հայրենասիրությունը ամենահաստատ և կազմակերպիչ ուժն է մեր պետության: Ահա դրան էին խփում… նացիոնալիզմի զրպարտանքով։
Նկատելի է, որ Թիֆլիսը ճնշեց և խեղդեց բոլշևիկների ելույթներն ու ապստամբության փորձը, իսկ Բաքուն` չկարողացավ: (Թիֆլիսը` մենշևիկները, Բաքուն` մուսաֆաթիստները):
«Կարողանալու», «չկարողանալու» փաստերը ես դնում եմ խիստ կարևորությամբ: Դա ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար 1918-20 թվերին և խիստ կարևորություն է ներկայացնում նաև այժմ… քանի որ բոլշևիզմի ներկայությունն ու բացակայությունը Անդրկովկասում ունեցավ և ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար: Դա ուներ և ունի նշանակություն Անդրկովկասի մնացած երկու ժողովուրդների համար ևս: Դա ճիշտ է՝ միայն որոշակի սահմաններում, մինչդեռ հայ ժողովրդի համար` բացառիկ, վերին աստիճանի արտակարգ: Ամենևին մտադիր չլինելով տենդենցիոզ ու անճիշտ գաղափար կազմել տալ վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների` դեպի բոլշևիզմը տածած համակրանքի հարցում` ես հարուցում եմ ժողովուրդների օրիենտացիայի ուժի կարողության հարցը: Որքա՞ն կարող էին և կարողացան ադրբեջանական և վրացական ժողովուրդները պահել բոլշևիզմը Անդրկովկասում, երբ ռուսական զորքն ամբողջովին անցավ Կովկասյան լեռնաշղթայի այն կողմը:
Ես նայում եմ մերկ փաստին: Նրանք չկարողացան, թեև, ասենք, կամեցան (այսինքն` նրանց մեջ եղած բոլշևիկները և բոլշևիկացած տարրերը):
Հայ ժողովուրդը միայն կամեցավ և որոշ չափով կարողացավ: Կարողացավ` Բաքվում: Բաքվում կազմելով զգալի ուժ` կարողացավ, ռուս (թուլացած) բոլշևիկների և ադրբեջանական (նույնպես թույլ) բոլշևիկների գլուխ անցած, պաշտպանել Բաքուն տաճիկների հարձակումից վեց ամիս: Բաքվի այս բռունցքը` կոմունարների (այստեղ ձեռագիրն ընդհատվում է- Կ. Ռ.):

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
(արվել են ընդհանուր շարադրանքից դուրս, առանձին թերթիկների վրա - Կ. Ռ.)

Վասակը անկախությունը, ազատությունը և < > ուզում է իր համար, ինքն է անկախը:

Հայերի վիճակը արտակարգ է և բացառիկ: Այդ արտակարգությունը ստեղծել են նրա թշնամիները: Հայերն էլ, ի վերջո, նպաստել են դրան:

Այդ հայերն են. ի՞նչ օգնություն կարող են ցույց տալ մեզ մեր երկու հարևանները նեղ օրում, երբ ռուսական զորամասերը քաշվեն ռազմական անելանելիության հետևանքով: 1) Փոքր նահանջի ժամանակ` ապաստարան. 2) Մեծ նահանջի ժամանակ, տաճիկ զորքի առաջխաղացման ժամանակ
Այս (այստեղ ձեռագիրն ընդհատվում է- Կ. Ռ.):

Հայաստանի պոտենցիալը, ֆակտորները, նշանակության առանձնահատկությունը:
Բաքվում վարկաբեկեցին սովետական իշխանությունը, պրոֆանացիայի ենթարկեցին բոլոր քաղաքական, տնտեսական արժեքները:
Մի՛ դիմեք ռուսներին, նրանք ձեզ ոչինչ չեն տա, բացի ձեզ զոհի նացիա դարձնելուց:

1) Անդրկովկասի, ավելի ճիշտ` Կովկասի սովետական սոցիալիստական գործին մեծ հարված է տրված Բերիայի և Բագիրովի դավաճանական գործունեությամբ:
2) Ոչ թե Հայաստանի պաշտպանություն (ծիծաղելի կլինի տանել միայն Հայաստանի պաշտպանություն), այլ` Փոքր Կովկասի, այլ` Անդրկովկասի, և ապա` Կովկասի պաշտպանություն, Բաքվինն էլ:
Հարց. Ամբողջ Կովկասը պետք է կանգնի Բաքվի պաշտպանության համար:
3) Մենք երկու անգամ ռուսներին բերինք (օժանդակեցինք) Անդրկովկաս.
ա) Պյոտր 1-ինին և բ) բոլշևիկներին` Բաքու: Այսուհետև պետք է երրորդ անգամ բերենք ռուսական գաղափարը (օրիենտացիան), որ թուլացել է:
-Մեզ առանձնացրին և իրենք էլ մեզնից առանձնացան: Ապա թե ոչ` ինչո՞ւ Ղարաբաղի և Հայաստանի միջև խցկեցին «Քուրդիստանը»: Ինչո՞ւ Գանձակի և Սևանի միջև խցկեցին նորաշեն ադրբեջանական գյուղերը: Ինչո՞ւ խրեցին «երզնկյանական» սեպը Արփաչայի ակունքների ուղղությամբ:
-Ինչո՞ւ չէին նպաստում ռուսական օրիենտացիայի ուժեղացմանը և դեմոնստրատիվ արտահայտում այդ, որ Թյուրքիան փակի իր ախորժակը: Մուսաֆաթն ու մենշևիզմը թյուրքական օրիենտացիա ունեն, ինչպես նաև դաշնակները: Բայց Հայաստանի մեջ թյուրքական օրիենտացիա չկա: Մեզ առանձնացրին` մի կերպ, իրենք առանձնացան` մի այլ կերպ. և առաջին իսկ օրից. Զանգեզուրի, Ղարաբաղի, Սևանի, Լենինականի և Արաքսի սահմանագծերը:
Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի և ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի և ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռիփսիմեն, Մաշտոցը, Կարսը), և մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:
Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ:
Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը և այլն որակվել են որպես նացիոնալիզմ:
Ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար ևս գոյություն ունի կարծես. հայերի դեպքում նացիոնալիզմ է: Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել են նացիոնալիզմ:


Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ


Հրապարակման պատրաստեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ