Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

Դատողություններ Ղարաբաղի  և Նախիջևանի հարցի շուրջ
18.11.2014 | 11:52

(սկիզբը)

Չնկատված է մնացել մի շատ կարևոր փաստ. Բաքվի հետ միասին Ղարաբաղի հայ ժողովուրդը ևս ռուսական օրիենտացիա ուներ: Փաստ է, որ նրանք չկամեցան միանալ դաշնակցական Հայաստանին, որի օրիենտացիան անգլո-ամերիկյան էր: Այնպես որ, վերոհիշյալ երկու փաստը պետք է գնահատել հետևյալ կերպ. Բաքվի հետ միաժամանակ ռուսական օրիենտացիա է ունեցել նաև Ղարաբաղը. նա անգնահատելի ծառայություն է մատուցել Բաքվին և ռուսական գաղափարին. նախ` կռվելով տաճիկների դեմ իր լեռներում, և երկրորդ` չի միացել դաշնակցական ավանտյուրային և հարել է ռուսների գործին, որով և չի թուլացրել ռուսական գործը Անդրկովկասում, այլ ուժ է տվել (поддержка): Եվ սրանից հետո պետք է այլևս ասել` Բաքու-Ղարաբաղի դիմադրություն: Կավելացնեի նաև` Զանգեզուրի:
Ծանոթություն. Ահա թե ինչ նշանակություն ուներ և ունի Ղարաբաղը տաճիկ զորահրամանատարության աչքում: Ղարաբաղը եղել և մնում է իբրև աչքի փուշ Տաճկաստանի համար: Դեռ Անդրկովկասի դռների մոտ դեպի Բաքու արշավանքը ծրագրող տաճիկ հրամանատարությունը ճիշտ հասկացավ ու բարձր գնահատեց Ղարաբաղի այդ ռազմաքաղաքական նշանակությունը: (Փոքրկովկասյան լեռնաշղթայի միջնաբերդ, կռվող (հայ) ժողովուրդ` ռուսական հին օրիենտացիայի ստեղծողը և հավատարիմ պահողը): Ալեքպոլի դաշնակցությամբ Ղարաբաղը հանվեց Հայաստանից և կցվեց Ադրբեջանին: Քեմալական Թյուրքիան դիմադրեց 22 (?)-ին Նարիմանովի «առաջարկին» Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին:
Ինչո՞ւ չվերադարձնել Հայաստանին: Ինչո՞ւ հանձնել Ադրբեջանին: Ի՞նչ ապագա նպատակների համար: Ինչո՞ւ էր և է հոգում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի ձեռքում: Ինչո՞ւ է վստահում նրան…
Հարցեր, հարցեր և հարցեր, որոնց պատասխանը շատ պարզ է նրանց համար, ովքեր չեն վախենում տրամաբանությունից:
Իմիջիայլոց, տաճիկները նոր չէ, որ մեծապես գնահատում են Ղարաբաղը: Նրանք շատ են արշավել Ղարաբաղ և շատ են «կերել» նրանից: Ղարաբաղը Զանգեզուրի թիկունքն է տաճիկների համար. Զանգեզուրի, որի դռները չկարողացան կոտրել տաճիկները ո՛չ պատմության մեջ, ո՛չ 18 թվին, Զանգեզուրի, որին կարող են տիրել` թիկունքից հարվածով:
Ո՞վ պիտի հարվածի… Նա մի հարվածող ունի, հնարավոր մի ագրեսոր. դա Տաճկաստանն է:
Մի հանգամանք ևս պետք է նշել և ընդգծել: Տաճկական կառավարությունը բնաջնջեց իր պետության մեջ ապրող հայությանը: Եթե իր «պատիժը» վերագրում էր իրեն հպատակ հայերին, ապա ինչո՞ւ կոտորեց Ախալքալաքի, Լենինականի, Շիրակի, Փամբակի, Բաքվի հայությանը: Ինչո՞ւ է մտադրվել բնաջնջել նաև Անդրկովկասում: Ի՞նչ պլան էր Անդրկովկասի հայերի բնաջնջումը, որ ծրագրեց Վեհիբ փաշան` 1918-ի գարնանը:
Թյուրքերը հարձակվեցին Անդրկովկասի վրա: Ծրագիրն էր` տիրել այն մինչև Բաքու-Դերբենտ և իրենց ենթարկել Անդրկովկասի ժողովուրդներին: Նրանք հարվածի օբյեկտ ընտրեցին հայ ժողովրդին, որի բնաջնջումը սկսված էր Թյուրքիայում և ծրագրվում էր ավարտել Անդրկովկասում: Հարվածը տրվեց Հայաստանի գծով` Լենինական-Կիրովական-Դիլիջան-Աղստաֆա: Թյուրքերին դիմադրեց (ուրեմն) հայ ժողովուրդը: Նրան օգնության չհասան մենշևիկները և մուսաֆաթը, և հայ ժողովուրդը սրանց, հասկանալիորեն, չի մեղադրում: Քանի որ հայ ժողովրդի թշնամիների մեջ էին և՛ մենշևիզմը, և՛ մուսաֆաթը: Սրանք բարեկամ չէին նաև դաշնակցության, որ անշուշտ, չի նշանակում, թե դաշնակցությունը հայ ժողովրդի բարեկամն էր:
Ղարաբաղը և Նախիջևանը տաճկական ռազմաքաղաքական պլան է կամ էր: Ով պաշտպանում է Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում թողնելու ստատուսը, նա գիտակցաբար, թե անգիտակցաբար պաշտպանում է այդ պլանը:
Այդ երկրամասերը Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ քայլեր եղել են (Նարիմանովը և ուրիշները), բայց վերջը հարցը ճնշվել է և լքվել: Ի՞նչն է եղել դրա արգումենտը. երևի` «վիրավորանք» հասցնելը Ադրբեջանի ժողովրդին: Հարց: Ի՞նչ է նշանակում այդ «վիրավորանքը» սովետական սոցիալիստական պետությունների սիստեմում` Միությունում, եթե ճիշտ է, որ նա գնում է դեպի կոմունիզմ, և եթե ճիշտ է, որ այս կոմունիզմը պոլիտիկա չէ, մանյովր չէ, «ագիտացիա» չէ, պրոֆանացիա չէ, այլ ճշմարիտ մարքս-լենինյան ուսմունքի և քաղաքական պլանի արդյունք, և սա` անկեղծ, անվերապահ, աներկմիտ և ազնիվ:
Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե Աջարիան միացրած է Վրաստանին: Ի՞նչ վիրավորանք վրացիների համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը միանան Հայաստանին: Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե պարսկական Ադրբեջանը միացվեր Ադրբեջանին: Ի՞նչ վիրավորանք կլինի Ադրբեջանի համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը վերադարձվեն Հայաստանին: Նրանց ինչի՞ն են պետք Ղարաբաղը և Նախիջևանը:
Եվ ի՞նչ են ներկայացնում Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում. երիտասարդությունը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ իր մայրենի լեզվով. ուրեմն և չի կարող Ադրբեջանում մասնակցել որակյալ աշխատանքի` իր իսկ բուն մարզում: Ղարաբաղի ժողովուրդը մնում է կիսակիրթ. գյուղացին հետ է մնում: Նա պետք է ադրբեջանականանա, որ կարողանա ապրել և զարգանալ: ՈՒրեմն ասիմիլիացիա՜… և այն էլ ինչպիսի՜…
Ղարաբաղը և Նախիջևանը Թյուրքիայի ագրեսիայի սիմվոլներն են Արևելքի նկատմամբ. նրա պլացդարմը: Պաշտպանո՞ւմ է Ադրբեջանը այդ պլանը: Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ վիրավորանք, եթե բանակցության ժամանակ հաշվի չառնվի այդ հին պլանը:
Թերևս հարկ կա սահմանավորելո՞ւ հայերի պահանջը: Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել: Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց սահմանավորման: Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսաֆաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանգարում են նրանց` իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում:
Ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր Ղարաբաղի, Նախիջևանի և Հայաստանի միացումից. այսինքն` ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր ռուսական օրիենտացիայի համար Անդրկովկասում: Չէ՞ որ այն ժամանակ, երբ ռուս զորքերը հեռացան Անդրկովկասից (1918 թ.), Բաքուն, Ղարաբաղը և Նախիջևանը (ժողովուրդը) պաշտպանեցին ռուսական օրիենտացիան, որով և մեծապես օգնեցին ռուսական ռևոլյուցիային (բոլշևիկներին, «ռուսներին»): Եվ եթե այն ժամանակ, այն պայմաններում դա կարողացան, ուրեմն որքա՛ն կարող են ներկա պայմաններում, երբ Անդրկովկասում ավելի ուժեղացել է հայ, վրացի և ադրբեջանցի բուն ժողովուրդների համակրանքը դեպի ռուս ժողովուրդը:
1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում` Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:
Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ Միության շահագրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն: (Ռուսական օրիենտացիա, տաճկական թշնամություն: Կարելի է ավելացնել` վրացական և ադրբեջանական թշնամություն):
Իհարկե, առանձին ուսումնասիրության հարց է, թե իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը` ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե՞ դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան): Սա կարևոր է, բայց ավելի կարևորն այն է, թե որքա՞ն վճռական դեր կարող է խաղալ դրանցից այս կամ այն խավը: Անդրկովկասը ռազմաքաղաքական «աքացիների» վայր է: Անդրկովկասն անգլո-տաճկական քաղաքական և ռազմական ագրեսիայի վայր է: Անդրկովկասը մի անգամ` 1918-ին, բաժանվել է Ռուսաստանից: Անդրկովկասում երեք քաղաքական բուրժուական կուսակցություններ` մենշևիկյան, մուսաֆաթական և դաշնակցական, Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի (Եվրոպայի) օրիենտացիա են ունեցել: Անդրկովկասում երեք ժողովուրդներ քաղաքական (տարբեր թեև) հաշիվներ են ունեցել Տաճկաստանի (իմա` Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի) հետ: Կապեր և կոնֆլիկտներ են առաջացել Տաճկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի հետ: Հայերը կռիվներ են վարել տաճիկների դեմ: Վրացիները և ադրբեջանցիները կապեր են հաստատել Տաճկաստանի հետ: Այնպես որ, «կուսական» վայր չէ Անդրկովկասը, անգամ` Կովկասը:
Սրա հիման վրա կարող ենք դեռ ավելի առաջ գնալ մեր անալիզի մեջ: Այսինքն` փաստ է, որ վերջին հարյուր տարվա մեջ միայն հայերն են, որ տաճիկների դեմ կռվել են` Զեյթունից, Սասունից, Էրզրումից սկսած, մինչև Բաքու: Իսկ 17-րդ դարից սկսած` հատուկ կռիվներ են ունեցել հայերը տաճիկների դեմ Զանգեզուրում և Ղարաբաղում: Եթե պատմությունը հանգիստ թողնե՞նք` իբրև «վաղեմություն», որ կարելի է «մոռանալ», իբրև մի «տեսական» ֆակտոր` նոր, կենդանի հարաբերությունների ֆակտորի դիմաց և, ուրեմն, անարժեք կատեգորիաներ` 1915-ի Հայկական Ջարդը, Աքսորը, կռիվները` Էրզրումից մինչև Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա և ապա Ղարաբաղ, Բաքվի պատերի տակ վեց ամիս տևող կռիվները: Այս ամենը հայտածելով այն ֆակտորի կողքին, որ ո՛չ վրացիները և ո՛չ ադրբեջանցիները տաճիկների հետ այս հարյուր տարվա ընթացքում ընդհարում չեն ունեցել, ավելացնենք և այն ֆակտորը, որ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդներից միայն հայերն են, որ ռուսական նախկին կայսրության մեջ ապրում էին երկու պետության մեջ, իսկ վրացիները և ադրբեջանցիները` միայն մի պետության մեջ, որ միայն հայերն էին, որ տաճիկների հետ արյան պատմություն ունեին, իսկ վրացի և ադրբեջանցի ազնվականությունը՝ բարեկամական կապեր: Այս բոլորը բացահայտ ցույց են տալիս, որ Անդրկովկասի ժողովուրդները` իրար կողքի, Տաճկաստանի դեմ կանգնած են հիմնավորապես տարբեր դիրքավորման մեջ: Նրանց կենդանի պատմությունը իրար վերաբերմամբ հակառակ ուղղություն է ունեցել մինչև 1920-21 թիվը: Այս թվերին Անդրկովկասը մտավ այս րոպեի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության սիստեմի մեջ, որով և երեք ժողովուրդներն իրենց պատմությամբ մտան այնպիսի մի բոլորովին նոր վիճակի մեջ, որ պետք է վերջանային այդ երեքի պատմությունները:
Վերջացա՞ն, թե՞ շարունակվեցին:
Դաշնակցության ձեռքը Րաֆֆի և Պատկանյան տալը եղավ Բաքվից` Ամիրխանյանի ձեռքով: Հարությունյանի ղեկավարության ժամանակ մեզ հարվածել են մեր ձեռքով: Հետո մենք ևս անգիտակցաբար հարվածել ենք ինքներս մեզ (դժգոհ մասսա մեր դեմ` Ղարաբաղը, Նախիջևանը, Ախալքալաքը)` գցելով այս դժգոհ մասսան դաշնակցության ձեռքը: Տնտեսական հարվածները ավելի խորացրին այս վտանգավոր դժգոհությունը:

(շարունակելի)


Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հրապարակման պատրաստեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ